ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 մարտի 2000 թվականի, ՀՕ-41, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի կամ կազմակերպության անվանումով, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունով:
2. Գրանցված ապրանքային նշանի համար տրվում է ապրանքային նշանի գրանցման վկայագիր (այսուհետ` ապրանքային նշանի վկայագիր): Ապրանքային նշանի վկայագիրը տրվում է այն անձին, ում անունով գրանցված է ապրանքային նշանը (այսուհետ` ապրանքային նշանի սեփականատեր):»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետը «հավատարմատարի» բառից հետո լրացնել «կամ ներկայացուցչի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է հայտի անհրաժեշտ և սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը: Հայտը սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում` ուղղված կամ պակաս փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ` կիրառելով սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դրույթները:
Հայտը սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում լիազոր մարմինը սահմանում է հայտի ներկայացման թվականը և որոշում է կայացնում հայտը քննարկման ընդունելու մասին:
3. Հայտի ներկայացման թվականը լիազոր մարմինը սահմանում է հետևյալ տվյալների և տարրերի ստացման թվականով`
1) դիմում, որից ակնհայտորեն կամ ենթադրաբար հետևում է, որ խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցում.
2) նշում, որը հնարավորություն է տալիս անհատականացնել հայտատուին.
3) նշում, որը հնարավորություն է տալիս կապվել հայտատուի կամ նրա արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի հետ, այդպիսին լինելու դեպքում.
4) այն ապրանքային նշանի բավարար հստակ պատկերը, որի գրանցումը խնդրարկվում է.
5) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար խնդրարկվում է գրանցումը.
6) հայտ ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Եթե նշված տվյալներն ու տարրերը ստացվել են ոչ միաժամանակ, ապա լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է դրանցից վերջինի ստացման թվականով:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում «որպես ապրանքային նշան գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին» բառերը փոխարինել «որպես ապրանքային նշան հայտում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար գրանցելու կամ դրա գրանցումը մերժելու մասին» բառերով:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում 1.1-րդ կետից հանել «պետությունների պաշտոնական անվանումներ» բառերը:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «դ» ենթակետից հանել «անունով գրանցված» բառերը.
2) 1-ին կետի «զ» ենթակետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ կետի «գ» ենթակետում «ստեղծագործությունների» բառը փոխարինել «ստեղծագործությունները, դրանց» բառերով.
4) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով`
«ե) մարդկանց դիմանկարները` առանց նրանց կամ նրանց ժառանգների համաձայնության:».
5) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Ապրանքային նշանի սեփականատերն իր անվան (անվանման) փոփոխման, ապրանքների ցանկի կրճատման մասին տեղեկացնում է լիազոր մարմնին: Ապրանքային նշանի սեփականատերը կարող է լիազոր մարմնին տեղեկացնել նաև առանց ապրանքային նշանի էությունը փոփոխելու նրա առանձին ոչ էական տարրերի (սեփականատիրոջ անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրը, ապրանքի չափերը, ծավալը, քանակը, բաղադրամասերի պարունակությունը բնորոշող նշումների) փոփոխման մասին:»:
Հոդված 8. Օրենքի 21.1-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն` տվյալ անձի ապրանքային նշանը որոշակի ապրանքների համար ճանաչվում է հանրահայտ, եթե այդ ապրանքների նկատմամբ լայնածավալ օգտագործման արդյունքում հանրահայտ ճանաչելու մասին դիմումում նշված թվականի դրությամբ հասարակության համապատասխան շրջանակի համար դարձել է լավ հայտնի` որպես նշված ապրանքների տարբերակման (անհատականացման) միջոց։»:
Հոդված 9. Օրենքի 21.2-րդ հոդվածում`
1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Ցանկ մտցվում են հանրահայտ ճանաչված ապրանքային նշանը, դրա սեփականատիրոջ անունը (անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրը, հանրահայտ ճանաչելու թվականը, ինչպես նաև այն ապրանքները, որոնց համար հանրահայտ է ճանաչվել տվյալ նշանը:»:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.3-րդ հոդվածով`
«Հոդված 21.3. |
Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանության ծավալը |
1. Հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին տրամադրվում է սույն օրենքով ապրանքային նշանի համար նախատեսված իրավական պահպանություն։
2. Հանրահայտ ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է անժամկետ:
3. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը տարածվում է նաև սույն օրենքի 21.1-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ապրանքներին ոչ նույնատիպ ապրանքների նկատմամբ, եթե այլ անձի կողմից տվյալ ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը դրանց նկատմամբ փոխադարձ կապ է ենթադրում այդ ապրանքների և հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև` նկատի ունենալով, որ այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ շահերին։
4. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հանրահայտ ապրանքային նշանի սեփականատերն իրավունք ունի դիմելու դատարան` իր նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրումն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու հայցով, եթե իր նշանն ունի տվյալ ապրանքային նշանի առաջնության թվականից ավելի վաղ հանրահայտ ճանաչման թվական: Այս դեպքում դիմումին նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքային նշանի անընդհատ օգտագործումը թողարկվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների նկատմամբ հիմք է ծառայում դիմումի մերժման համար:
5. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հանրահայտ ապրանքային նշանի սեփականատերն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով երրորդ անձանց արգելելու իր նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման և սույն հոդվածի 4-րդ կետում նշված առաջնությամբ գրանցված ապրանքային նշանի օգտագործումը, եթե տվյալ նշանն օգտագործվել է ոչ ավելի, քան երեք տարի, ինչպես նաև չգրանցված ապրանքային նշանի օգտագործումը:»:
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) 4-րդ կետի «3 տարվա» բառերը փոխարինել «5 տարվա» բառերով, իսկ «անընդհատորեն (ընդհանրապես) չի օգտագործվել» բառերը` «ընդհանրապես չի օգտագործվել կամ օգտագործվել է ոչ ողջամիտ ծավալներով» բառերով.
2) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) ամբողջովին կամ մասնակիորեն` իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրամադրվել է սույն օրենքի 11 հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ կամ ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրման մասին տեղեկությունների պաշտոնական հրապարակման օրվանից 5 տարվա ընթացքում, եթե իրավական պահպանությունը տրամադրվել է սույն օրենքի 12 հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ.».
2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|