ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին
ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հրապարակային ծանուցման` ինտերնետով իրականացման կարգն ու պայմանները:
Հոդված 2. | Հրապարակային ծանուցումը պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով |
Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաև www.lraber.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ` կայք):
Հոդված 3. | Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարումը |
Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարման և տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մրցույթի հաղթող ճանաչված անձի կողմից (այսուհետ` կայքը վարող անձ): Որպես պատվիրատու հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Հոդված 4. | Հայտարարությունը ներկայացնելը |
1. Հայտարարություն տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը հայտարարության տեքստը էլեկտրոնային կրիչով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված էլեկտրոնային ֆորմատով, ներկայացնում է պետական ռեգիստր:
2. Հայտարարությունը պետք է ներկայացնի այն հրապարակելու լիազորություն ունեցող անձը կամ նրա լիազորած անձը: Հայտարարության բովանդակության համար պատասխանատու է այն ներկայացնող անձը:
3. Հայտարարության ընդունման և կայքը վարող անձին փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Հոդված 5. | Կայքում հայտարարությունը տեղադրելը |
1. Կայքը վարող անձը հայտարարությունը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է հայտարարության տեքստը կայքում:
2. Կայքում հայտարարությունների տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Հոդված 6. | Կայքից տեղեկատվություն ստանալը |
1. Կայքում տեղադրված հայտարարությանը անձը կարող է ծանոթանալ առանցքային բառերի ներմուծմամբ կայքում որոնում իրականացնելու միջոցով:
2. Կայքում տեղադրված հայտարարություններն անձը կարող է ստանալ նաև էլեկտրոնային փոստով` կայքում անվճար բաժանորդագրվելու միջոցով:
3. Կայքում տեղեկատվության արխիվացման ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|