Գլխավոր տեղեկություն
Номер
N 66-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
02.02.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
02.02.2023
Дата вступления в силу
03.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 66-Ա

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող` 136,945,476 դրամ ընդհանուր արժողությամբ «Երեխաների կարճաժամկետ ապաստանում և ճգնաժամային միջամտություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի նոյեմբերի 22-ին կնքված՝ N 4222226 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 013.08.13.0948 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Էյ-ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2022 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված՝ N Ե-1118 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում` 121,476 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում (հաշվառման քարտ՝ N 7-14-56) նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի («Վեոն Արմենիա» ՓԲԸ) հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2009 թվականի հունիսի 12-ին կնքված՝ N 114371430 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 96,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 27-ին կնքված՝ N 023/27/112012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված՝ N 3425591 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 80,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Թամարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03500525) 2016 թվականի նոյեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կամ գնված ապրանքների մատակարարում` 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02226764) 2016 թվականի ապրիլի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրվող քաղցրավենիքի և հրուշակեղենի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Էվրի դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2019 թվականի հունիսի 26-ին կնքված՝ N J494-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի մատակարարում` 340,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02588296) 2022 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված՝ N TLS002/11-20/YVN նամակ-համաձայնագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում` 408,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00433357) 2022 թվականի նոյեմբերի 22-ին կնքված՝ N 39 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում` 560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «Դոքս Քոմպյուտր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04718853) 2015 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի կամ այլ ապրանքների մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «Լատտե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01257241) 2019 թվականի նոյեմբերի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում մանկական հագուստի, տնտեսական ապրանքների մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «Էյչ Էյ Գրուպ» ՍՊԸ-ի («Չիմեգ» ՍՊԸ) հետ (ՀՎՀՀ՝ 01848326) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կամ գնված ապրանքների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2022 թվականի նոյեմբերի 18-ին կնքված՝ N 18/11/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

17) «Ջի Ընդ Էյ Մոթորս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01323194) 2022 թվականի նոյեմբերի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

18) «Էյ-Էմ-Էյչ աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02246786) 2022 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված՝ N ՀԾ/06/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում՝ ամսական 380,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

 

02.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 66-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը ենթակա ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տարածքային ինքնակառավարման մարմինների և այլ կառույցների կողմից ուղղորդվող, «ԹԵԺ ԳԻԾ» ծառայության ահազանգերի, ինչպես նաև ծնողների, խնամակալների դիմումների, և երեխայի անձամբ դիմելու պարագայում բռնության ենթարկված, անապաստան, լքված, կրթությունից և այլ հանրային ծառայություններից դուրս մնացած, ինչպես նաև այլ տրավմատիկ տարաբնույթ իրադարձությունների, մասնավորապես, Արցախի պատերազմից և COVID-19-ից տուժած և ընտանեկան հանգամանքների պատճառով վարքային և հոգեհուզական խնդիրներ ունեցող երեխաների, ընտանիքների, ծնողների, խնամող և խնամողի փոխարինող հանդիսացողների, խնամատար ծնողների համար ճգնաժամի միջամտության ծառայությունների մատուցում և երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների կարողությունների զարգացում։

Ճգնաժամի միջամտությունը իրականացվում է երեք ճանապարհով`

1) Ներկենտրոնային՝ Երեխաների պաշտպանության կենտրոնում այդ երեխաների ժամանակավոր ապաստանում, խնդիրների հնարավոր կարգավորում՝ ինտենսիվ բազմամասնագիտական աջակցության միջոցով, ինչը թույլ կտա երեխային անվտանգ ձևով վերամիավորել ընտանիքի հետ կամ դրա անհնարինության դեպքում տեղավորել խնամքի այլընտրանքային տարբերակներում։ Ծրագիրը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից տեղափոխված երեխաների համար։ Ծրագիրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության աջակցությամբ օգնում է նաև արտերկրում ժամանակավորապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ վերը նշված իրավիճակներում հայտնվելու հիմքով միջպետական համաձայնագրերի շրջանակներում Հայաստան տեղափոխվող երեխաներին, ինչպես նաև հայազգի կամ օտարազգի՝ առանց ուղեկցման կամ ուղեկցողից առանձնացված և Հայաստան տեղահանված երեխաներին։

2) Ճգնաժամի միջամտություն առանց ապաստանման՝ այն երեխաների համար, ովքեր տուժել են մեկանգամյա կամ բազմակի տրավմաներից, սակայն ունեն ընտանեկան կայուն կապեր և իրենք են այցելում կենտրոն՝ ծառայություններ ստանալու նպատակով (խորհրդատվական և թերապևտիկ աջակցություն՝ ցերեկային հիմունքներով)։

3) Արտակենտրոնային (մոբիլ ծառայություններ)՝ ստացված ահազանգերի առնչությամբ սոցիալ- հոգեբանական աջակցության տրամադրում դժվար իրավիճակում հայտնված երեխաներին` անմիջապես նրանց ընտանիքում և կոնկրետ համայնքում։ Արտակենտրոնային ծառայությունները մատուցվում են հետևյալ ծրագրերի շրջանակներում՝ «Ընտանեկան միջավայր և համայնքահեն ծառայություններ Հայաստանի երեխաների համար»՝ Շիրակի, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում, «Աջակցություն տեղահանված երեխաներին»՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, «Աղքատության հաղթահարումը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում»՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում, «Աջակցություն տեղահանված ընտանիքներին»՝ Սիսիանի տարածաշրջանում։

Ի լրումն երեխաներին/ծնողներին մատուցվող ճգնաժամային միջամտության ծառայությունների, կենտրոնը մատուցում է նաև կարողությունների զարգացման ծառայություններ երեխաների պաշտ-

պանությամբ զբաղվող մասնագետներին։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պար-

տադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ, Նյու Յորքի գրասենյակ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 630 Երկրորդ պողոտա,

Նյու-Յորք, Նյու-Յորք 10016)։

4.

Ծրագիրը կատարողը

«Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ.

Երևան, Կ. Ուլնեցու փողոց, թիվ 64, ՀՎՀՀ՝ 01009295

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը և Արցախի Հանրապետության

տարածքը։

Բնագավառը` սոցիալական։

6.

Ծրագրի բյուջեն

136,945,476 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Բարձր սոցիալական ռիսկի ներքո գտնվող` անապաստան, խնամազուրկ, լքված, բռնությունների զոհ, կրթությունից դուրս մնացած, օրենքի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող (հակաիրավական և հակահասարակական վարքագիծ դրսևորած), վարքային խնդիրներ ունեցող երեխաները և նրանց ընտանիքները, ինչպես նաև Արցախից տեղափոխված երեխաները և նրանց ընտանիքները, որոնք արագ միջամտության և աջակցության կարիք ունեն և կենտրոն են ուղղորդվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության (գործող պայմանագրի համաձայն), լիազորված նախարարության՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրող նամակով, ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության մարզային բաժինների, Միասնական սոցիալական ծառայության, դեպք վարողների, համայնքային սոցիալական աշխատողների ահազանգով, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ծնողների կողմից, ինչպես նաև իրենց՝ երեխաների ահազանգով:

Շահառուների թիվը.

Ներկենտրոնային ծառայությունների շրջանակներում կսպասարկվեն մոտ 300 երեխա և առնվազն 500 ծնող/խնամող կամ խնամողի փոխարինող, ինչպես նաև խնամատարության տրված 100 երեխա և 200 խնամատար ծնող:

Արտակենտրոնային ծառայությունների շրջանակներում ծառայությունից կօգտվեն մոտ 2500 երեխա և ավելի քան 2000 ծնող/խնամող, մոտ 200 մասնագետ:

Կենտրոնի ծրագրերում ընդգրկված երեխաները/ընտանիքները կստանան իրենց կարիքներին համապատասխան` ԵՊԿՀ-ի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները:

Ակնկալվում է, որ տարվա ընթացքում ծառայություններ կստանան մինչև 6000 (շահառու երեխա, ծնող,

խնամող և խնամողի փոխարինող հանդիսացող, խնամատար ծնող, մասնագետ):

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի հունվարի 10-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների

նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական

միջոցառումների ծավալը

Կյանքի դժվարին վիճակում գտնվող և հրատապ միջամտության կարիք ունեցող երեխաների սոցիալական,

հոգեբանական, բժշկական, սոցիալ-մանկավարժական և մասնագիտական այլ աջակցության, խնամքի և

օգնության կազմակերպում` Ապաստանման, Թեժ գիծ, Արտակենտրոնային, Խնամատարության ծառա-

յությունների միջոցով: Այդ երեխաներից առավել բարձր ռիսկի ներքո և կյանքի ու զարգացման համար

վտանգավոր պայմաններում գտնվողները ժամանակավորապես ապաստանվում են կենտրոնում և

ստանում 7/24 հոգածություն, խնամք, պաշտպանություն, սոցիալ-հոգեբանական, առողջապահական, իրա-

վական ծառայություններ, իսկ բարձր ռիսկի ներքո, սակայն պաշտպանության այլ՝ ընտանեկան կամ

համայնքային հնարավորություններ ունեցող երեխաներն աջակցություն են ստանում անմիջապես իրենց

համայնքում և ընտանիքում:

Աջակցությունը ներառում է աշխատանք երեք մակարդակներում՝ անհատականացված աշխատանք երե-

խայի հետ, ընտանեկան թերապիա՝ ընտանիքի անդամների հետ, համայնքային աշխատանք՝ սոցիալական

միջավայրի հետ։ Հոլիստիկ մոտեցմամբ այս աշխատանքը ներառում է երեխայի/ընտանիքի իրավիճակի

բազմամասնագիտական գնահատում, անհատական աշխատանքի պլանի ստեղծում, միջամտության

պլանի ստեղծում և իրագործում, մոնիթորինգ և վերանայումներ՝ ըստ անհրաժեշտության։

Ծառայությունները մատուցվելու են երեք մոտեցմամբ` ա) անմիջապես կենտրոնում` 24-ժամյա ապաս-

տանման, բ) կենտրոնում՝ առանց ապաստանման, գ) արտագնա` անմիջապես երեխայի ընտանիքում:

Ներկենտրոնային ծրագրի շահառու երեխաներն ստանում են ծառայությունների ամբողջ փաթեթը` խնամք

(հիգիենա, սնունդ), սոցիալ-հոգեբանական աջակցություն, առողջապահական (տեղում կամ ստացիոնար

բուժ. հաստատությունում), կրթական, մշակութային, մասնագիտական կողմնորոշման աջակցություն,

թերապևտիկ ծառայություններ` հաղթահարելու բռնարարքների, լքումների և այլ վնասող վերաբերմունքի

պատճառով առաջ եկած տրավմաները: Ճգնաժամային միջամտության շրջանակներում ծառայությունների

մատուցումը տևում է միջինը մեկ ամիս, անհրաժեշտության դեպքում` խնդրի յուրահատկություններից և

երեխայի/ընտանիքի կարիքներից ելնելով, մինչև 6 ամիս և ավելի՝ համապատասխան հիմնավորմամբ։

Արտակենտրոնային ծառայությունների միջոցով երեխան/ընտանիքն սպասարկվում են տեղում, իրենց

ընտանիքում և համայնքում, մասնագետներն իրենց աշխատանքն իրականացնում են անմիջապես

երեխայի ընտանիքում: Այս դեպքում երեխան ստանում է իր կարիքներին համապատասխան, բոլոր վերը

հիշատակված ծառայությունները, բացի ապաստանումից և խնամքի ծառայություններից: Մասնագետները

տեղում համախմբում են բոլոր այն կառույցներին և ծառայություններին, որոնք առնչվում են տվյալ ընտանիքի հետ, կազմակերպում դեպքերի քննարկումներ` օգնելու երեխային/ընտանիքին` հաղթահարելու ստեղծված ռիսկային իրավիճակը: Սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով երեխաների ծնողների հետ կապ է պահպանվում 3-6 ամիս տևողությամբ` հեռախոսային կամ թերապևտիկ ու տեղեկատվական հանդիպումների միջոցով:

Երեխաները կենտրոն են ուղղորդվում Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերից, առանց տարածքային սահմանափակումների:

Ծախսերը ներառում են երեխաների խնամքի, հիգիենայի, սննդի, հագուստի, տուն այցերի, երեխաների տեղափոխման (ներառյալ արտադասարանային, հոբիների զարգացման, լրացուցիչ հմտությունների զարգացման, լրացուցիչ հմտությունների ուսուցման), առողջապահական, կրթական, օրվա զբաղվածության կազմակերպման, արտակենտրոնային մշակութային և արտադասարանային միջոցառումների կազմակերպման, շենքի պահպանության, կոմունալ-կենցաղային և այլ տնտեսական, ինչպես նաև խնամող, մասնագիտական, ադմինիստրատիվ և սպասարկող անձնակազմի աշխատավարձերն ու սահմանված հարկերը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 2023 թվականի համար կազմելու է 136,945,476 դրամ, որը ըստ եռամսյակների բաշխվելու է հետևյալ կերպ. առաջին եռամսյակ` 34,236,369 դրամ, երկրորդ եռամսյակ` 34,236,369 դրամ, երրորդ եռամսյակ` 34,236,369 դրամ և չորրորդ եռամսյակ` 34,236,369 դրամ:

Գումարը բաշխվելու է ըստ հետևյալ ծառայությունների և աշխատանքների՝

1. Սննդի ձեռքբերում՝ 11,000,000 դրամ,

2. Բժշկական սպասարկում/դեղորայքի, մանկական հագուստի, տնտեսական ապրանքների ու պարագաների ձեռքբերում՝ 6,000,000 դրամ,

3. Կոմունալ ծախսեր՝ 8,821,476 դրամ,

4. Հաշվապահական և աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 5,528,000 դրամ,

5. Շահառուների սպասարկմանն անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների, վառելիքի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ու ընթացիկ վերանորոգման ծառայությունների ձեռքբերում` 3,500,000 դրամ,

6. Գրասենյակային պիտույքների, համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և պարագաների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ,

7. Շահառուների հետ տարվող խնամքի և սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացում (մասնագետների աշխատավարձ)՝ 82,400,000 դրամ,

8. Վարչական աշխատակազմի աշխատավարձ` 11,650,000 դրամ,

9. Մասնագիտական աշխատակազմի վերապատրաստման ծախսեր՝ 3,670,000 դրամ,

10. Հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն՝ 876,000 դրամ, 11․ Շենքի պահպանման/սպասարկման ծախսեր՝ 2,500,000 դրամ։

 

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 10-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում։

Բոլոր վերոնշյալ ծախսերը կատարվելու են «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի շահառու երեխաների համար:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. էլեկտրական էներգիայի ծառայությունների ձեռքբերում՝ 3,500,000 դրամ,

2. բնական գազի ծառայությունների ձեռքբերում՝ 4,000,000 դրամ,

3. գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 121,476 դրամ,

4. ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում` 1 200 000 դրամ,

5. հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում` 176,000 դրամ,

6. էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում` 700,000 դրամ,

7. սննդի և շշալցված ջրերի ձեռքբերում` 11,000,000 դրամ,

8. հաշվապահական հաշվառման ծառայությունների ձեռքբերում`4,968,000 դրամ,

9. աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 560,000 դրամ,

10. գրասենյակային պիտույքների, համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և պարագաների ձեռքբերում` 1,000,000 դրամ,

11. բժշկական սպասարկում/դեղորայքի, մանկական հագուստի, տնտեսական ապրանքների ու պարագաների ձեռքբերում` 6,000,000 դրամ,

12. տրանսպորտային ծառայությունների և վառելիքի ձեռքբերում (բենզին, դիզել)` 1,500,000 դրամ,

13. ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ու ընթացիկ վերանորոգման ծառայությունների ձեռքբերում` 2,000,000 դրամ,

14. մասնագիտական աշխատակազմի վերապատրաստման ծախսեր՝ 3,670,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը կկազմեն 21,554,000 դրամ կամ ծրագրի ընդհանուր արժողության 15,7 %-ը:

Կազմակերպչական ծախսեր՝

1. կապի ծառայություններ՝ 876,000 դրամ,

2. հաշվապահական և աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 5,528,000 դրամ,

3. գրասենյակային պիտույքների, համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և պարագաների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ,

4. շենքի պահպանման/սպասարկման ծախսեր՝ 2,500,000 դրամ,

5. վարչական աշխատակազմի աշխատավարձ՝ 11,650,000 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կառույցների, կազմակերպություների հետ

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, երեխաների իրավունքների պաշտպանության մարզային բաժիններ, Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ, համայնքային խնամակալության հանձնաժողովներ, միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ և այլն:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ

վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունն իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի Նյու Յորքի և հայաստանյան գրասենյակների, «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի խորհրդի կողմից։ Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացնի տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

02.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան