Գլխավոր տեղեկություն
Номер
N 112-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.01.23-2023.02.05 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.01.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2023
Дата вступления в силу
27.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2023 թվականի N 112-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» N 914-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման հավելվածի 16-րդ և 30-րդ կետերում «սոցիալական ապահովության պետական ծառայությունը» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայությունը» բառերով.

2) որոշման հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ IV գլխով՝

 

«IV. ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՊԻՏԱԼԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԵՂՄԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

31. Սույն գլխով սահմանվում է պատճառված վնասի փոխհատուցման համար պատասխանատու իրավաբանական անձի (այսուհետ՝ կազմակերպություն կամ պատասխանատու կազմակերպություն) լուծարման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում՝ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում մահանալու դեպքում՝ վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձին վնասի փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից տրամադրելու կարգը:

32. Սույն գլխի շրջանակներում փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն անձինք, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղում կամ մասնագիտական հիվանդություն ստացել են մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշումն ուժի մեջ մտնելը՝ չստանալով կամ մասնակի ստանալով աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության վնասի փոխհատուցումը, կազմակերպության լուծարման արդյունքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պատճառով։

33. Սույն գլխի շրջանակներում վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նաև մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշումն ուժի մեջ մտնելն աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում մահացած անձի՝

1) խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք, եթե կազմակերպության լուծարման արդյունքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պատճառով չեն ստացել (կամ ստանում) կամ մասնակի են ստացել կրած վնասի փոխհատուցումը.

2) մահվանից հետո ծնված նրա երեխան, եթե կազմակերպության լուծարման արդյունքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պատճառով չի ստացել (կամ ստանում) կամ մասնակի է ստացել կրած վնասի փոխհատուցումը.

3) ծնողը, ամուսինը կամ ընտանիքի անդամը (եթե կազմակերպության լուծարման արդյունքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պատճառով չի ստացել (կամ ստանում) կամ մասնակի է ստացել կրած վնասի փոխհատուցումը)` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է մահացածի խնամքի ներքո գտնվող նրա տասնչորս տարեկան չդարձած կամ թեկուզև նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների կամ քույրերի խնամքով.

4) խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո հինգ տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք, եթե կազմակերպության լուծարման արդյունքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պատճառով չեն ստացել (կամ ստանում) կամ մասնակի են ստացել կրած վնասի փոխհատուցումը:

34. Սույն գլխի 33-րդ կետում նշված դեպքերում վնասի փոխհատուցումը վճարվում է`

1) անչափահասներին` մինչև տասնութ տարեկան դառնալը.

2) տասնութ տարեկանից բարձր տարիքի սովորողներին` մինչև ցերեկային ուսուցման ձևով ուսումնական հաստատություններում ուսման ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քսաներեք տարեկան դառնալը.

3) հիսունհինգ տարեկանը լրացած կանանց և վաթսուն տարեկանը լրացած տղամարդկանց` ցմահ.

4) հաշմանդամություն ունեցող անձանց` հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար.

5) ծնողին, ամուսնուն կամ ընտանիքի այլ անդամին, որն զբաղված է մահացածի խնամքի տակ գտնվող նրա երեխաների, թոռների, եղբայրների կամ քույրերի խնամքով` մինչև վերջիններիս տասնչորս տարեկան դառնալը (բացառությամբ այն դեպքում, երբ տասնչորս տարեկանը լրացած երեխան, թոռը, եղբայրը կամ քույրը բժշկական մարմինների եզրակացությամբ առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեն):

35. Եթե անձը սույն գլխի 33-րդ կետով միաժամանակ հանդիսանում է մեկից ավելի ենթակետերով սահմանված վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձ, ապա վնասի փոխհատուցումը վճարվում է սույն գլխի 34-րդ կետի այն ենթակետով, որը վնասի փոխհատուցման ավելի երկար ժամկետ է նախատեսում։

36. Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում մահանալու դեպքում՝ վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձին տրամադրվող վնասի փոխհատուցման (այսուհետ՝ վնասի փոխհատուցում) չափը որոշվում է աշխատողի` մինչև աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը ստացած միջին ամսական աշխատավարձից ելնելով` մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան տոկոսաչափով (տրված` բժշկասոցիալական փորձաքննական որոշմամբ), իսկ տուժողի մահվան դեպքում՝ վնասի փոխհատուցման չափը սահմանվում է մահացածի միջին աշխատավարձի չափով, հանած նրա խնամքի տակ գտնված, աշխատունակ անձանց բաժնեմասերը:

37. Պետական բյուջեի միջոցների հաշվին վնասի փոխհատուցում ստանալու իրավունքը ծագում է կազմակերպության պետական ռեգիստրում լուծարումը գրանցելու պահից։

38. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման չափը հաշվարկելու համար հիմք է ընդունվում կայուն աշխատունակության կորստի առաջացման ամսին նախորդող 12 օրացուցային ամիսների միջին ամսական աշխատավարձը։

39. Սույն գլխի 38-րդ կետով նախատեսված միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս՝ այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը հիվանդության, պարապուրդի, երեխայի խնամքի կամ այլ հարգելի պատճառներով ընդհանրապես կամ մասնակիորեն չի աշխատել, հանվում են հաշվարկից։ Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա միջին աշխատավարձը հաշվարկվում է տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով (հանվում են այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը հիվանդության, պարապուրդի, երեխայի խնամքի կամ այլ հարգելի պատճառներով ընդհանրապես կամ մասնակիորեն չի աշխատել)։

40. Եթե վնասի փոխհատուցման համար դիմելու պահին չեն պահպանվել տուժողի այն ժամանակաշրջանի փաստացի աշխատավարձի վերաբերյալ փաստաթղթերը, որից պետք է հաշվարկվեր վնասի փոխհատուցման չափը, կամ սույն գլխի 39-րդ կետով սահմանված դեպքում՝ միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկելու համար սույն գլխի 38-րդ կետով սահմանված կայուն աշխատունակության կորստի առաջացման ամսին նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում աշխատողը չի ունեցել սույն գլխի 39-րդ կետով սահմանված կարգով հաշվարկի համար հիմք հանդիսացող ամիս, ապա փոխհատուցման գումարը հաշվարկվում է տուժողի (տուժողի մահվան դեպքում՝ սույն գլխով վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի) դիմելու պահին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից ելնելով:

41. Վնասի փոխհատուցման չափի որոշման համար հիմք ընդունվող աշխատավարձի մեջ են մտնում աշխատանքի վարձատրության բոլոր այն տեսակները, որոնց նկատմամբ հաշվարկվել ու կատարվել են եկամտային հարկի վճարներ (պետական սոցիալական ապահովագրության վճարներ):

42. Վնասի փոխհատուցման չափը (բացառությամբ տուժողի մահվան դեպքում) չի կարող պակաս լինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոս գումարի և դրա նկատմամբ հաշվարկված աշխատողի աշխատունակության կորստի աստիճանով հաշվարկված գումարի հանրագումարից:

43. Տուժողի մահվան դեպքում՝ վնասի փոխհատուցման չափի հաշվարկման համար հիմք հանդիսացող՝ մահացածի միջին աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից։ Այն դեպքում, երբ վնասի փոխհատուցման չափի հաշվարկման համար հիմք հանդիսացող՝ մահացածի միջին աշխատավարձի չափը ցածր է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից՝ մահացածի միջին աշխատավարձի փոխարեն հիմք է ընդունվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը։

44. Վնասի փոխհատուցում ստանալու համար անձն անձամբ կամ դրա անհնարինության դեպքում վերջինիս կողմից լիազորված անձի միջոցով գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ նաև՝ Միասնական սոցիալական ծառայություն) ցանկացած տարածքային կենտրոն:

45. Դիմումում նշվում են վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (ըստ առկայության), բնակության կամ հաշվառման վայրը և հիմնավորում վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունենալու վերաբերյալ:

46. Դիմումին կից ներկայացվում են անձնագրի կամ նույնականացման քարտի, հանրային ծառայությունների համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի, աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության մասին ակտի, պատասխանատու կազմակերպությունում՝ աշխատողի սույն գլխի 38-րդ կետում նշված միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերի, աշխատունակության կորստի աստիճանը հաստատող բժշկասոցիալական փորձաքննական որոշման բնօրինակները, ինչպես նաև պատասխանատու կազմակերպության կողմից քաղաքացուն վճարված վնասի հատուցման վերաբերյալ փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում), վնասի հատուցման կամ փոխհատուցման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (առկայության դեպքում): Սույն գլխի 33-րդ կետով նախատեսված դեպքում՝ դիմումին կից ներկայացվում է նաև աշխատողի մահը հաստատող համապատասխան փաստաթղթի բնօրինակը, բացառությամբ, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալներով անձի մահվան պետական գրանցումն առկա է, և մահացածի ու դիմում ներկայացնող անձի՝ սույն գլխի 33-րդ կետի ենթակետերից որևէ մեկով սահմանված ազգակցական կապը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև սույն գլխի 33-րդ կետով սահմանված փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց առկայության վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով նաև մահացածի համար փոխհատուցման ենթակա գումարը մեկ անձի կողմից ստանալու մասին սույն գլխի 33-րդ կետով սահմանված փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց կողմից ստորագրված համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը։ Ընդ որում, գումարը բաժանվում է փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց միջև, եթե չկա նախատեսված գումարը մեկ անձի կողմից ստանալու մասին համաձայնություն:

47. Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնն անձի՝ սույն գլխի 44-րդ կետով սահմանված դիմումը և սույն գլխի 46-րդ կետով ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է`

1) ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը (ըստ անհրաժեշտության, կարող է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունն ստուգել՝ փաստաթղթերը տված մարմիններին, կազմակերպություններին հարցումներ կատարելու կամ օրենքով սահմանված այլ միջոցներով).

2) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվելու ժամանակահատվածը.

3) կազմակերպության լուծարված լինելու փաստը.

4) կազմակերպության լուծարման դեպքում վնասի փոխհատուցման գումարները կապիտալացված չլինելու կամ կապիտալացված միջոցների անբավարարության հանգամանքը.

5) սույն գլխի 33-րդ կետով սահմանված փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող այլ անձանց առկայության վերաբերյալ տեղեկատվությունը:

48. Սույն գլխի 46-րդ կետում նշված փաստաթղթերում կամ 47-րդ կետում նշված տեղեկատվության մեջ սխալների կամ վրիպակների դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ անհրաժեշտ են լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր, սխալները կամ վրիպակները ենթակա են ճշգրտման, կամ փաստաթղթերը ենթակա են լրացման սույն գլխի 44-րդ կետով սահմանված դիմումը ներկայացնելու ամսաթվից հետո 30 օրվա ընթացքում։

49. Վնասի փոխհատուցում ստանալու դիմումը մերժվում է, եթե՝

1) աշխատողն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղում կամ մասնագիտական հիվանդություն է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

2) պետական միասնական գրանցամատյանում բացակայում են կազմակերպության լուծարման վերաբերյալ տվյալներ.

3) կազմակերպության լուծարման արդյունքում վնասի փոխհատուցման գումարները կապիտալացվել են բավարար չափով և վճարվել կամ շարունակվում են վճարվել դիմումատուին:

50. Վնասի փոխհատուցումը կատարում է Միասնական սոցիալական ծառայությունը` յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսի 15-ը:»:

2. Սահմանել, որ՝

1) պատճառված վնասի փոխհատուցման համար պատասխանատու իրավաբանական անձի լուծարման պահից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար սույն որոշմամբ նախատեսված վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ձեռք բերած անձանց փոխհատուցման համար հասանելիք գումարները վճարվում են միանվագ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված կարգով անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով, իսկ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածի համար՝ պարբերական վճարումների եղանակով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով.

2) վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ձեռք բերած անձանց փոխհատուցման համար հասանելիք գումարների միանվագ վճարումներն իրականացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2023 թվական: