Գլխավոր տեղեկություն
Номер
N 449-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.04.25/34(1392).1 Հոդ.606.5
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.04.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
16.04.2018
Дата вступления в силу
26.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2018 թվականի N 449-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 26.01.23 N 102-Ն)

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի, 13-րդ կետի և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 26.01.23 N 102-Ն)

1. Սահմանել, որ՝

1) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 10-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է (այսուհետ՝ ծառայություն).

2) ծառայությունը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված միջազգային կազմակերպությունների (այսուհետ՝ միջազգային կազմակերպություն) վարձու աշխատողների համար գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ներկայացնում է համապատասխան տեղեկատվությունն այդ կազմակերպությունից ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.

3) (ենթակետն ուժը կորցրել է 26.01.23 N 102-Ն)

4) օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված գրանցման հայտում՝

ա. որպես անձի բնակության վայրի հասցե նշվում է բնակչության պետական ռեգիստրում անձի հաշվառման հասցեն,

բ. որպես անձի մասնագիտություն նշվում է «այլ»,

գ. որպես անձի աշխատաժամանակի ռեժիմ նշվում է «նորմալ տևողություն».

5) օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված անձնավորված հաշվարկում՝

ա. որպես փաստացի աշխատած ժամեր նշվում է «0»,

բ. որպես հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա (ստացված) եկամտի գումար լրացվում է միջազգային կազմակերպությունից ստացված տեղեկատվության մեջ նշված համապատասխան գումարը` վերահաշվարկված դրամի այն փոխարժեքով, որով իրականացվել է այդ գումարից հաշվարկված կենսաթոշակային և սոցիալական վճարների գումարների փոխարկումը.

6) միջազգային կազմակերպությունների կատարած կենսաթոշակային և սոցիալական վճարների գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված միասնական հաշվին՝ վճարման հանձնարարականում նշելով այն հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ՝ ՀՎՀՀ), որը հատկացվել է ծառայությանը տվյալ միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար գրանցման հայտ և անձնավորված հաշվարկ ներկայացնելու համար․

7) (ենթակետն ուժը կորցրել է 26.01.23 N 102-Ն)

(1-ին կետը փոփ., խմբ. 26.01.23 N 102-Ն) 

2. (կետն ուժը կորցրել է 26.01.23 N 102-Ն)

3. Ծառայության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության դատարանի հետ փոխհամաձայնեցնել՝

ա. օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված գրանցման հայտը և անձնավորված հաշվարկները ներկայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը միջազգային կազմակերպությունների կողմից ծառայությանը տրամադրելու ձևաչափը, տրամադրվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը,

բ. միջազգային կազմակերպությունների կողմից ծառայությանը տրամադրված տեղեկատվության մեջ անճշտությունների առկայության դեպքում (այդ թվում՝ տեղեկատվության և փաստացի փոխանցված գումարների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում) դրանք միջազգային կազմակերպությունների հետ ճշտելու ընթացակարգերը,

գ. տեղեկատվությունը սահմանված ժամկետներում չստանալու կամ կենսաթոշակային կամ սոցիալական վճարները փոխհամաձայնեցված ժամկետներում չկատարելու դեպքում դրա մասին միջազգային կազմակերպություններին տեղեկացնելու ընթացակարգերը,

դ. կենսաթոշակային և սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտների ցանկը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջները,

ե. միջազգային կազմակերպությունների վարձու աշխատող՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարող կամ սոցիալական վճար կատարելը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած անձանց վերաբերյալ տեղեկատվությունն այդ կազմակերպություններին տրամադրելու ընթացակարգերը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 26.01.23 N 102-Ն)

3) միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար առաջին անգամ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը՝

ա․ ներկայացնելու հիմքեր առաջանալու դեպքում համագործակցել միջազգային կազմակերպության համապատասխան ստորաբաժանման հետ և փոխհամաձայնեցնել սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվության փոխանակման ձևաչափերն ու ընթացակարգերը՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային պայմանագրի նորմերը,

բ․ ներկայացնելու համար դիմել Պետական եկամուտների կոմիտե՝ տվյալ միջազգային կազմակերպությանը որպես գործատու հաշվառելու նպատակով, ծառայությանը համապատասխան հաշվառման համար, մուտքի անուն և գաղտնաբառ հատկացնելու համար։

(3-րդ կետը փոփ., լրաց. 26.01.23 N 102-Ն)

4. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝

1) հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 32 հավելվածի 44-րդ կետը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում, որպես գործատու, ծառայությանը հատկացնել համապատասխան հաշվառման համարներ, մուտքի անուններ և գաղտնաբառեր՝ հնարավորություն տալով ծառայությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության դատարանի աշխատողների համար ներկայացնել օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված գրանցման հայտը և անձնավորված հաշվարկները.

1.1) սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դիմումը ծառայությունից ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանը հատկացնել հաշվառման համար, մուտքի անուն և գաղտնաբառ․

2) օրենքով սահմանված տեղեկատվական բազայում ծառայությանը հասանելի դարձնել միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար կատարված կենսաթոշակային վճարի և սոցիալական վճարի ապառքների (ժամկետանց պարտավորությունների) վերաբերյալ տեղեկատվությունը։

(4-րդ կետը փոփ., լրաց. 26.01.23 N 102-Ն)

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին և հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մշակել կենսաթոշակային և սոցիալական վճարները միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու ընթացակարգը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան


2018 թ. ապրիլի 16
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.01.2023, N 102-Ն 27.01.2023, N 449-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան