ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 535-Ա
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 20-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Ստեղծել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով):
2. Հաստատել՝
1) միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ՝
1) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.
2) միջգերատեսչական հանձնաժողովը տարվա ընթացքում իր կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 20-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 535-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 20.01.23 N 54-Ա)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ - հանձնաժողովի նախագահ
ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Հայկական Կարմիր խաչի ընկերության սոցիալ-առողջապահական բաժնի պետ (համաձայնությամբ)
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի շահերի պաշտպան (համաձայնությամբ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)։
(հավելվածը խմբ. 20.01.23 N 54-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
24.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 535-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի ստեղծման նպատակն է աջակցել տարեցների կյանքի որակի բարձրացմանը և նրանց համար արժանապատիվ կենսապայմաններ ապահովելուն ուղղված գործողությունների իրականացմանը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
1) տարեցներին մատուցվող առողջապահական և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը, համայնքահեն ծառայությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացմանն աջակցելը.
2) համայնքում՝ տարեցների ներառման, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում նրանց մասնակցայնության խթանմանը և հասարակության մեջ նրանց դերի ու վաստակի գնահատմանն ուղղված աշխատանքների իրականացմանն աջակցելը.
3) ցկյանս կրթության, զբաղվածության, մշակութային կյանքին մասնակցության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին աջակցելը.
4) տարեցների իրավունքների և շահերի պաշտպանությանը նպաստելը.
5) տարեցների շրջանում սեփական իրավունքների մասին իրազեկության բարձրացմանը նպաստելը:
4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում և վերը նշված խնդիրների լուծման նպատակով`
1) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պետական լիազոր մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին տարեցներին առնչվող ցանկացած հարց քննարկելու և լուծում տալու համար.
2) քննարկում է տարեցներին առնչվող` հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առկա խնդիրները ու ներկայացնում դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ.
3) քննարկում է ոլորտի խնդիրները կանոնակարգող օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու կամ նոր իրավական ակտերի նախագծեր մշակելու վերաբերյալ հարցեր, արդեն մշակված և շրջանառության մեջ գտնվող իրավական ակտերի նախագծեր և դրանց վերաբերյալ ներկայացնում առաջարկություններ.
4) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ։
6. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից:
7. Հանձնաժողովի անդամների թվի առնվազն 50%-ը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են:
8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով:
9. Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ:
10. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:
11. Հանձնաժողովի նիստերը գումարվում են տարին առնվազն 3 անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար, ինչպես նաև էլեկտրոնային հարցման եղանակով։
12. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
13. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, նախագահի հանձնարարությամբ, հանձնաժողովի անդամներից որևէ մեկը: Հանձնաժողովի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստն սկսվելուց 7 օր առաջ:
14. Հանձնաժողովն ընդունում է որոշում` հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացվող նյութերի հիման վրա: Հանձնաժողովի ընդունած որոշումների մասին կազմվում է արձանագրություն:
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
16. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների հատուկ գրավոր կարծիքները կցվում են արձանագրությանը:
17. Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
18. Նիստի արձանագրությունը հանձնաժողովի անդամներին է ուղարկվում նիստից ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:
19. Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ և նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել հանձնաժողովի անդամ չհանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
20. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.
2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը.
3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը.
4) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված գրությունները.
5) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.
6) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
21. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում է հանձնաժողովի անդամներին.
2) հանձնաժողովի անդամներին իրազեկում է հանձնաժողովի նիստերի օրվա, տեղի և ժամի մասին.
3) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, ստորագրում հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.
4) նիստերի որոշումները և արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է հանձնաժողովի անդամներին:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
22. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.
2) հարցեր և առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը, անհրաժեշտության դեպքում՝ առաջարկում է հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել.
3) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի գործունեության և նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) hանձնաժողովի ընդունած որոշմանը համաձայն չլինելու դեպքում՝ ներկայացնում է հատուկ գրավոր կարծիք.
5) ծանոթանում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.
6) կատարում է հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարականները:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
24.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |