Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-106
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.1998-23.11.1999)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1994/11
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
14.06.1994
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
14.06.1994
Дата вступления в силу
16.08.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 


Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
 կողմից «25» մայիսի 1994 թ. Հ.Ն-1062-I

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Բռնադատված է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում նախկին ԽՍՀՄ-ի տարածքում քաղաքական շարժառիթներով`

ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաև 2061 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և հետագայում արդարացվել է.

բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.

գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.

դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.

ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:

(1-ին հոդվածը փոփ. 19.05.98 ՀՕ-223)


Հոդված 2. Բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների պահանջով պետական լրատվության միջոցները պարտավոր են 10-օրյա ժամկետում տալ համապատասխան հաղորդում, որում պետք է նշվեն բռնադատվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, մինչև բռնադատվելը զբաղմունքի տեսակը, բռնադատող մարմինը, բռնադատվելու ժամկետները, մեղադրանքը, սահմանված պատիժը, ազատ արձակելու և արդարացման որոշումը և ժամկետները:


Հոդված 3. Հայկական ԽՍՀ քաղաքացիությունից զրկված և ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բռնադատվածի քաղաքացիությունը վերականգնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքով սահմանված կարգով:


Հոդված 4. Բռնադատվածի զինվորական, գիտական և այլ կոչումներն ու աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետևանքով, վերականգնվում են համապատասխան իրավասու մարմնի կողմից` բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների դիմումի հիման վրա:


Հոդված 5. Բռնադատվածի (սկսած 14 տարեկանից) ազատազրկման, աքսորի կամ արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաև նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու ժամկետները մտցվում են տարիքային արտոնյալ պայմաններով կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժի մեջ` եռակի չափով:

Բռնադատվելու հետևանքով անաշխատունակ դարձած անձը ապահովվում է աշխատանքային կենսաթոշակով` անկախ աշխատանքային ստաժից:


Հոդված 6. Հայաստանի Հանրապետությունում բռնադատված և բնակտարածությունը կորցրած բռնադատվածին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում իր նախկին բնակության վայրում, սեփականության իրավունքով, տրամադրվում է սահմանված չափի հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար` այդ նպատակով նրան հատկացնելով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:

(6-րդ հոդվածը փոփ. 19.05.98 ՀՕ-223)


Հոդված 7. Բռնադատվածն ազատվում է Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձից:

Բնակարանների անվճար սեփականաշնորհման համար սահմանված երկամյա ժամկետը չի տարածվում բռնադատվածների վրա:


Հոդված 8. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ընթացքում Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացին ունի մեկ հավելյալ սերտիֆիկատի իրավունք:


Հոդված 9. (հոդվածն ուժը կորցրել է 29.12.98 ՀՕ-268)


Հոդված 10. (հոդվածն ուժը կորցրել է 29.12.98 ՀՕ-268)


Հոդված 11. Բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց տրվում է միանվագ դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկ չափով:


Հոդված 12. Մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են սույն օրենքի 6 և 7 հոդվածներով նախատեսված արտոնություններից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

14 հունիսի 1994

ՀՕ-106