Գլխավոր տեղեկություն
Номер
N 160-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.02.2023-23.09.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.02.2023
Дата вступления в силу
10.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2023 թվականի N 160-Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼԻՍ ԵՎ (ԿԱՄ) ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԻՍ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ և 63-րդ հոդվածի 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալիս և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել պատվովճարի առավելագույն չափը՝ 5000000 դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 9-ի N 160-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկության դեպքում նրանց պայմանագրային զինվորական ծառայության ընդունելու, պայմանագիր կնքելու և պայմանագրային ծառայության կազմակերպման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դեպքում այդ զինծառայողների վրա տարածվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) և այլ օրենքներով պայմանագրային զինծառայողների համար սահմանված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները:

 

2. ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

3. Շարքային կամ սպայական կազմի պարտադիր զինծառայողը (այսուհետ՝ նաև պարտադիր զինծառայող) պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու դեպքում կարող է մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանված ժամկետի ավարտը, բայց ոչ շուտ, քան պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալը, իր ծառայության վայրի զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարին (պետին) ներկայացնել զեկուցագիր՝ համաձայն Ձևի:

4. Պարտադիր զինծառայողի զեկուցագիրը զորամասում (զինվորական կառավարման մարմնում) մուտք լինելու օրվանից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է պարտադիր զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայության ընդունելու և նրա հետ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի կնքում՝ օրենքի 31-րդ, 32-րդ և 35-րդ հոդվածներով սահմանված կարգով:

5. Պարտադիր զինծառայողը պայմանագրային զինվորական ծառայության ընդունվում է, և նրա հետ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքվում է, եթե՝

1) պարտադիր զինծառայողի նկատմամբ չի իրականացվում քրեական հետապնդում, կամ նա չունի չմարված դատվածություն.

2) շարքային կազմի, իսկ զեկուցագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ունենալու դեպքում՝ կրտսեր ենթասպայական կազմի պարտադիր զինծառայողը մարտական պատրաստության հիմնական առարկաներից ունի միայն դրական արդյունքներ.

3) պարտադիր զինծառայողն ունի նշանակման ենթակա՝ զինվորական պաշտոնին համապատասխանող զինվորական հաշվառման մասնագիտություն.

4) սպայական կազմի պարտադիր զինծառայողի դեպքում սպան համապատասխանում է նշանակման ենթակա զինվորական պաշտոնի անձնագրի պահանջներին.

5) պարտադիր զինծառայողը համաձայնություն է տվել նշանակվելու իրեն առաջարկված զինվորական պաշտոնին:

6. Սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետի ընթացքում պարտադիր զինծառայողի զեկուցագիրը մերժելու դեպքում պարտադիր զինծառայողին այդ մասին տեղեկացվում է օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով:

 

Ձև

 

ՀՀ ՊՆ_________________զորամասի հրամանատար

________________________________________ -ին՝

նույն զորամասի ______________________________

(զբաղեցրած պաշտոնը, զինվորական

 

____________________________________________

կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_________________________________________ -ից

 

Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Ես՝

__________________________________________________________________________________________

(պարտադիր զինծառայողի զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

20   թվականի _____________ «    »-ին զորակոչվել եմ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ցանկություն ունեմ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ՀՀ զինված ուժերում:

Խնդրում եմ ինձ օրենքով սահմանված կարգով ընդունել պայմանագրային զինվորական ծառայության և ինձ հետ կնքել պայմանագիր՝ օրենքով սահմանված ժամկետով:

 

(պարտադիր զինծառայողի ստորագրությունը, անվան սկզբնատառը և ազգանունը)

 

«    » _____________ 20    թվական

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 9-ի N 160-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼԻՍ ԵՎ (ԿԱՄ) ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԻՍ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալիս և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Յուրաքանչյուր տարվա համար պատվովճար հաշվարկելու ենթակա պայմանագրային զինծառայողներին անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բյուջետային հայտի հիման վրա:

3. Պատվովճարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է պատվովճար ստացող պայմանագրային զինծառայողի բանկային հաշվին: Պայմանագրային զինծառայողը կարող է ազատ տնօրինել փոխանցված պատվովճարի գումարը:

4. Պայմանագրային զինծառայողին կնքված պայմանագրի ժամկետը լրանալիս պատվովճարը հաշվարկվում է սահմանված առավելագույն չափով, իսկ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճարը հաշվարկվում է սահմանված առավելագույն չափը 60 ամիսների վրա բաժանելու և ստացված մեկ ամսվա գումարը մինչև պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու ամիսը ներառյալ ծառայած ամիսների թվի վրա բազմապատկելու արդյունքում ստացված չափով:

5. Հաշվարկված պատվովճարի գումարը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պայմանագրային զինծառայողի բանկային հաշվին է փոխանցվում ոչ ուշ, քան պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական: