Գլխավոր տեղեկություն
Номер
N 457-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.04.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.04.2022
Дата вступления в силу
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 2022 թվականի N 457-Ն

 

ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 401-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 11-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քննչական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին» N 401-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 7-ի N 457-Ն որոշման

 

ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ քննչական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրն ու չափանիշները և դրանց օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով տեխնիկական միջոցներ են ցանկացած գործիքներ, սարքեր, համակարգեր, տարբեր տեսակի հարմարանքներ, որոնց միջոցով հնարավոր է հայտնաբերել, ամրագրել, վերցնել, հետազոտել գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունները, ամրագրել քննչական գործողությունների ընթացքը և արդյունքները:

 

II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Տեխնիկական միջոցներն օգտագործելիս՝ պահպանվում են օրինականության, հավաստիության, համաչափության և անվտանգության սկզբունքները։

4. Տեխնիկական միջոցների օգտագործումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, իսկ դրանց կիրառման արդյունքում ստացված նյութերը կարող են օգտագործվել դատավարական, հանցագործությունների բացահայտման կամ կանխման, խափանման նպատակներով (օրինականության սկզբունք):

5. Տեխնիկական միջոցների օգտագործման արդյունքում ստացված տվյալները պետք է լինեն ամբողջական և ճշգրիտ (հավաստիության սկզբունք):

6. Տեսաձայնագրումն իրականացվում է այնպես, որ դրա տեսադաշտը ճշգրտորեն ընդգրկի միայն այն պատկերները, որոնք համապատասխանում են դրա կիրառման նպատակին: Տեսադաշտում պարտադիր ընդգրկվում են քննչական գործողության բոլոր մասնակիցները՝ հնարավորինս բացառելով դրանում կողմնակի անձանց հայտնվելը (համաչափության սկզբունք):

7. Տեխնիկական միջոցներ կիրառողը պետք է գնահատի տեխնիկական միջոցների հնարավոր բացասական ազդեցությունը: Քննչական գործողությունների ընթացքում տեխնիկական միջոցների օգտագործումը չպետք է վտանգի մարդու կյանքը և առողջությունը (անվտանգության սկզբունք):

 

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

8. Տեխնիկական միջոցների տեսակը, քանակը և կետայնությունը (resolution) պետք է համապատասխանեն տեխնիկական միջոցի կիրառման նպատակին, վայրի, տարածքի ընդհանուր մակերեսին, սենյակի կառուցվածքին և այլ պայմանների:

9. Տեսաձայնագրում և լուսանկարահանում իրականացնող տեխնիկական միջոցը պետք է համապատասխանի առնվազն հետևյալ չափանիշներին՝

1) մատրիցայի կետայնություն՝ 18MP.

2) (ենթակետն ուժը կորցրել է 05.01.23 N 13-Ն)

3) լուսազգայնություն՝ ISO 100-3200.

4) լուսաուժ՝ 3.5-5.6.

5) էկրանի անկյունագիծ՝ 2.0.

6) տեսանկարահանման որակ՝ 1920x1080 պիքսել:

 (9-րդ կետը փոփ. 05.01.23 N 13-Ն)

10. Տեսաձայնագրումը և լուսանկարահանումն իրականացվում են գունավոր եղանակով` համապատասխանաբար տեսաձայնագրման և լուսանկարահանման հնարավորություն ունեցող թվային սարքով:

11. Թվային տեխնիկական սարքում ամրագրված ամսաթիվը և ժամը պետք է համապատասխանեն քննչական գործողության իրականացման իրական ամսաթվին և ժամին: Տեսաձայնագրման ֆայլից պետք է հնարավոր լինի պարզել տեսաձայնագրման իրականացման ժամը և օրը:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

12. Քննչական գործողություններ կատարելիս տեխնիկական միջոցներ կիրառելու դեպքում նախապես պետք է ստուգել տվյալ տեխնիկական միջոցի սարքինությունը, այդ թվում՝ մարտկոցի, հիշողության կրիչի և դրանում բավարար ծավալի առկայությունը:

13. Անհրաժեշտության դեպքում քննչական գործողությունն իրականացվում է երկու կամ ավելի տեխնիկական միջոցներով, ինչի մասին նշվում է քննչական գործողության արձանագրության մեջ:

14. Տեխնիկական միջոցների կիրառման ընդհատման տևողությունը և պատճառները նշվում են համապատասխան արձանագրության մեջ:

15. Եթե քննչական գործողությունն իրականացվելու է մեծ տարածություն ընդգրկող հատվածում կամ գործողության ընթացքում կատարվելու են տեղաշարժեր, ապա վարույթն իրականացնող մարմինը տեսաձայնագրող անձին նախօրոք տեղեկացնում է գործողության ընթացքում կատարվող տեղաշարժերի հաջորդականության մասին:

16. Ամրագրման արդյունքում ստացված տեսաձայնագրությունը, տեսագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները և այլ նյութերը պահպանվում են առանձին լազերային սկավառակների կամ այլ էլեկտրոնային կրիչների վրա, որոնք կցվում են արձանագրությանը:

 (հավելվածը փոփ. 05.01.23 N 13-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.01.2023, N 13-Ն 10.01.2023, N 457-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան