ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2098-Լ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-446-29.11.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-446-29.11.2022-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.
1. Նախագծի 1-ին հոդվածի՝
1) 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ՝ «Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի՝» խմբագրությամբ: Առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ փոփոխությունները կատարվում են 2-րդ հոդվածի տարբեր կետերում: Միաժամանակ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը: Իսկ 3-րդ և 5-րդ պարբերություններից հանել «նույն հոդվածի» բառերը.
2) 2-րդ պարբերությունում «Պրոֆեսիոնալ սպորտ» հասկացությունը նպատակահարմար չէ փոխարինել «Պրոֆեսիոնալ մարզաձև» հասկացությամբ, քանի որ որպես այդպիսին պրոֆեսիոնալ մարզաձև հասկացություն գոյություն չունի: Գոյություն ունի պրոֆեսիոնալ սպորտ հասկացություն, որով կարող են զբաղվել տարբեր մարզաձևերի մարզիկները: Ըստ այդմ, առաջարկում ենք օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունը հանել.
3) 4-րդ պարբերությունում «Դոպինգի օգտագործումը» հասկացությունը նպատակահարմար չէ փոխարինել «Դոպինգ» հասկացությամբ, քանի որ խախտման դեպք է դոպինգի օգտագործումը, այլ ոչ թե դոպինգը: Առաջարկում ենք 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժե) Դոպինգի օգտագործում՝ համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված հակադոպինգային կանոնների մեկ կամ մի քանի խախտման դեպք».
4) 6-րդ պարբերությամբ կատարվող փոփոխությունն ընդունելի չէ: «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) ներկայիս կարգավորումն ավելի նպատակահարմար է, քանի որ Համաշխարհային հակադոպինգային գործակալության օրենսգրքից են բխում «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության դրույթները: Միաժամանակ, իրավական որոշակիության սկզբունքի պահանջները հաշվի առնելով, պարզաբանված չեն, թե նախագծում ինչ են ենթադրում թեստերի բաշխման պլանավորումը, գրանցված թեստավորման լողավազանի պահպանումը, այլ գործողությունների կատարումը և այլն.
5) չհամարակալված պարբերություններում և մյուս հոդվածներում «հետևյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «հետևյալ խմբագրությամբ» բառերով:
2. Նախագիծն անհրաժեշտ է խմբագրել՝ համաձայն առաջարկությունների 1-ին կետի՝ չկրկնելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ամբողջական անվանումը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:
3. Նախագծի 1-ին և 5-րդ հոդվածներում առկա չհամարակալված պարբերություններն անհրաժեշտ է համարակալել՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջների:
4. Նախագծի 2-րդ հոդվածի բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ հակադոպինգային կանոններ հաստատելու լիազորությունը նախատեսվում է վերապահել «Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գործող կարգավորմամբ դրանք հաստատելու լիազորությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին): Այս առումով, հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավակարգավորումներին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պահպանության և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:
Վերոգրյալ իրավական կարգավորումների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ «Հակադոպինգային կանոններ» հաստատելու լիազորությունը պետական ոչ առևտրային կազմակերպությանը վերապահելու մասին կարգավորումը խնդրահարույց է, քանի որ այն չի բխում վերոգրյալ իրավական ակտերի պահանջներից և հակասության մեջ է գտնվում սահմանադրական դրույթների հետ, մասնավորապես՝ Սահմանադրությամբ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն վերապահվել է միայն Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին, որպիսին պետական ոչ առևտրային կազմակերպությունները չեն հանդիսանում:
Բացի այդ, հարկ է նշել, որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով ևս պետական ոչ առևտրային կազմակերպություններին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն վերապահված չէ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվող կարգավորումն անհրաժեշտ է խմբագրել՝ համապատասխանեցնելով Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վերոնշյալ դրույթներին:
Հաշվի առնելով, որ Հակադոպինգային կանոնները հաստատում է Միջազգային հակադոպինգային կոմիտեն, առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածով ուժը կորցրած ճանաչել օրենքի 9-րդ հոդվածի ժ.7) կետը, իսկ 2-րդ հոդվածի 2-րդ մասը հանել նախագծից:
5. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ: Օրենքի ներկայիս կարգավորումն ավելի նպատակահարմար է, հաշվի առնելով, որ ՀԱՕԿ-ը չի իրականացնում մարզիկների թեստավորում և որակավորում: Համաձայն Համաշխարհային հակադոպինգային գործակալության օրենսգրքի 20.5-րդ հոդվածի՝ ՀԱՕԿ-ը չի կարող միջամտել Հակադոպինգային գործունեության իրականացմանը:
6. Նախագծի 4-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել և ապահովել բովանդակային համապատասխանությունը: Անհրաժեշտ է համապատասխանեցնել օրենքի 13-րդ հոդվածի մյուս կետերի շարադասությանը:
7. Նախագծի 5-րդ հոդվածի՝
1) «միշտ տեղեկացնելով» բառերը փոխարինել «մշտապես տեղեկացնելով» բառերով, «օգտվելու բժշկական սպասարկումից», «ստանալ բուժում» բառերը համապատասխանաբար փոխարինել «ստանալ բժշկական օգնություն և սպասարկում» բառերով, «բուժհաստատություններում» բառը փոխարինել «բժշկական կազմակերպություններում», «բժշկական դիսպանսեր» բառերը՝ «դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող հաստատություններ» բառերով: Առաջարկը պայմանավորված է առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտերում կիրառվող հասկացություններին համապատասխանությունն ապահովելու անհրաժեշտությամբ.
2) «1-ին մասի» բառերը փոխարինել «2-րդ մասի» բառերով: Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկների իրավունքները սահմանված են 5-րդ հոդվածի 2-րդ մասով:
8. Նախագծի 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսվում են պարտականություններ, մասնավորապես՝ հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները պարտավոր են տեղեկացնել բժշկական անձնակազմին արգելված նյութեր և արգելված մեթոդներ չօգտագործելու իրենց պարտավորության մասին, ինչպես նաև պատասխանատվություն ստանձնել՝ համոզվելու համար, որ ստացված ցանկացած բուժօգնություն չի խախտում հակադոպինգային քաղաքականությունը և համապատասխան կանոնները:
Հավաքական թիմի մարզիչները, մասնագետները և բժիշկները պետք է տեղյակ լինեն և համապատասխանեն սահմանված հակադոպինգային բոլոր քաղաքականություններին և համապատասխան կանոններին:
Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ վերոգրյալ կարգավորումներն անհրաժեշտ է որոշակիացնել և խմբագրել՝ հստակեցնելով, թե արդյոք սահմանված պահանջները չպահպանելը (պարտավորությունները չկատարելը) առաջացնելու է որոշակի իրավական հետևանքներ՝ հաշվի առնելով իրավական որոշակիության սկզբունքը: Միաժամանակ, նշված ձևակերպումներից անհրաժեշտ է հանել «ներառյալ Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպության հակադոպինգային կանոններով» բառերը, հաշվի առնելով, որ Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությունը չի կարող սահմանել այլ բան, ինչ սահմանված է Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով:
9. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Այս առումով հարկ է նշել, որ նախագծով նախատեսվում են կարգավորումներ, որոնց պահանջներին հասցեատերերը պետք է համապատասխանեցնեն իրենց վարքագիծը: Հետևաբար, անհրաժեշտություն կառաջանա նախատեսել ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, որոնց համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջն իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:
Հաշվի առնելով վերոգրյալը, օրենքի նախագծում անհրաժեշտ է սահմանել ուժի մեջ մտնելու ողջամիտ ժամկետ:
Նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) մի շարք հոդվածներում, մինչդեռ հիմնավորման մեջ բացակայում է կարգավորման համար ընտրված այս կամ այն եղանակի նպատակահարմարության մանրամասն հիմնավորումը:
Հիմնավորման ճիշտ կառուցվածքը և բովանդակությունն առանցքային նշանակություն ունեն, քանի որ հիմնավորման միջոցով նախագիծը մշակող պետական մարմինը պարզաբանում է իրավական ակտի ընդունման նպատակը, կարգավորման անհրաժեշտությունը, կարգավորման համար ընտրված եղանակի նպատակահարմարությունը, պարզաբանում է նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը, իրավական ակտի ընդունմամբ ակնկալվող արդյունքները:
Այս առումով հարկ է նշել, նաև որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(…) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ (…) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|