ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի մարտի 20-ին
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հոկտեմբերի 1994 թվականի, ՀՕ-121) 21-րդ հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների՝ շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով շինարարություն, ինչպես նաև փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները դրանք իրականացնելու ընթացքում պարտավոր են`
ա) պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ և արտաքուստ վերանորոգվող շենքերը և շինությունները ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով.
բ) շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը լվանալ.
գ) ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, սորուն նյութերը և շինարարական աղբը տեղափոխել փոշու համար անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով.
դ) օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը, բացառությամբ վերանորոգվող և վերակառուցվող փողոցների, օրվա ընթացքում պարբերաբար ջրել` բացառելով կեղտաջրերի թափանցումը շինարարական հրապարակի սահմաններից դուրս.
ե) հղկման աշխատանքներ իրականացնելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ.
զ) սորուն նյութերը (ավազ, գաջ, ցեմենտ) պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով.
է) շինարարական աղբը տեղափոխել դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղով:
Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|