ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/10261/05/172022 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/10261/05/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան Հ. Բեդևյան Լ. Հակոբյան Ք. Մկոյան
2022 թվականի սեպտեմբերի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.12.2020 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Գլոբալափարալ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի, Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի՝ Կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության 30.12.2016 թվականի թիվ 1010826 ստուգման ակտը մասնակի, Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 07.03.2017 թվականի թիվ 11/1 որոշումն ամբողջությամբ և ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի 29․06.2017 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության 30.12.2016 թվականի թիվ 1010826 ստուգման ակտը, ամբողջությամբ անվավեր ճանաչել Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 07.03.2017 թվականի թիվ 11/1 որոշումը և ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի 29․06․2017 թվականի որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 22.08.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2020 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.08.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության կողմից ստուգման ընթացքում ներկայացվել է համաձայնագրի պատճենը և դրա թարգմանությունը։ Ինչ վերաբերում է համաձայնագրի բնօրինակին, ապա Ընկերության ներկայացուցիչները և՛ ստուգման ժամանակ, և՛ գանգատարկման ժամանակ խնդրել են ժամանակ տրամադրել` համաձայնագրի բնօրինակը ներկայացնելու համար։ Երկու դեպքում էլ օրենսդրության սահմաններում Ընկերությանը տրամադրվել է այդ ժամանակը, սակայն` ապարդյուն։ Ակնհայտ փաստ է, որ համաձայնագրի բնօրինակը չի ներկայացվել ո՛չ գանգատարկման հանձնաժողովին, և ո՛չ էլ դատարան: Մինչդեռ պարտքի վճարման ժամկետը երկարաձգելու մասին համաձայնագրին, որը կնքվել է երկու ընկերությունների միջև, վարչական մարմինը կարող էր իրազեկ դառնալ միայն Ընկերության միջոցով։
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությունը կաշկանդված չէր իր կողմից ձեռնարկելու համապատասխան միջոցներ` այդ նույն փաստաթուղթն ստուգման ընթացքում ձեռք բերելու և ստուգող պաշտոնատար անձանց հանձնելու համար, ինչի հետևանքով այդ փաստաթուղթը վարչական վարույթի ընթացքում չի հետազոտվել:
Սույն գործի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտի կողմից դրսևորվել է անբարեխիղճ վերաբերմունք, որի դեպքում դրա բացասական հետևանքները պետք է կրի տնտեսավարող սուբյեկտը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման վարույթի ընթացքում պարտականություններ են դրված ոչ միայն ստուգում իրականացնող անձի, այլ նաև տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի վրա: Մասնավորապես` վերջինս պարտավոր է ստուգում իրականացնող անձի համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այդ թվում` իր բացակայության ժամանակ ապահովել փոխարինող պաշտոնատար անձի միջոցով ստուգման ժամկետի կասեցման կամ երկարացման հրամանին ծանոթանալն ու այն ստանալը: Առանց նշված պահանջի պատշաճ կատարման՝ ստուգում իրականացնող անձը չի կարող ապահովել սկսված ստուգումն ավարտին հասցնելու պահանջը, որի դեպքում դրա բացասական հետևանքները պետք է կրի տնտեսավարող սուբյեկտը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.12.2020 թվականի որոշումը, և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Կոմիտեի նախագահի 20.07.2016 թվականի թիվ 1010826 հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել ստուգում` 15 անընդմեջ աշխատանքային օր տևողությամբ: Ստուգումը փաստացի սկսվել է 15.08.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 91-92):
2) Կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության գլխավոր հարկային տեսուչներ Վարազդատ Ասատրյանի, Աղասի Մարգարյանի, Վահե Մկրտչյանի, Հայկ Հակոբյանի, ավագ հարկային տեսուչներ Արթուր Ազիբեկյանի, Քաջիկ Ստեփանյանի կողմից 15.08.2016 թվականից մինչև 21.12.2016 թվականը Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, արդյունքում՝ 30.12.2016 թվականին կազմվել է թիվ 1010826 ստուգման ակտը, որի 1-ին կետի համաձայն՝ Կոմիտեի համակարգչային բազայում առկա, Ընկերության կողմից ներկայացված սկզբնական փաստաթղթերի և հարկային մարմին ստուգվող ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում արտացոլված տվյալների համադրումից պարզվել է, որ Ընկերությունը համախառն եկամուտը պակաս է ցույց տվել 7․957․198 ՀՀ դրամ: Ընկերությունը համախառն եկամտից նվազեցվող ծախսերի մեջ չի ներառել փոխառության դիմաց հաշվարկված տոկոսները գումարով 5․101․131 ՀՀ դրամ: Ընկերությունը խախտել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի, 2-րդ կետի ա) ենթակետի, ինչպես նաև 10-րդ հոդվածի 2-րդ կետի է) ենթակետի պահանջները: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի կիրառմամբ հաշվարկվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, ինչպես նաև նույն հոդվածի, 23-րդ և 25-րդ հոդվածների կիրառմամբ հաշվարկվել են տույժեր և տուգանքներ: Արձանագրվել է նաև, որ Ընկերությունը չի վճարել «Al Waheedah Equipment General Trading FZCO», «Kafkas-Tur LTD», «Light Power Contracting Est.» և «Costra Advertising LLC» կազմակերպություններից 2012 թվականի մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով մատակարարված ապրանքների դիմաց վճարման ենթակա գումարները, համապատասխանաբար 136.800.407 դրամ, 26.117.247 դրամ, 24.936.277 դրամ և 39.731.723 դրամ, ընդամենը՝ 227.585.654 դրամ, իսկ «Аl Waheedah Equipment General Trading FZCO» կազմակերպությունից 17.11.2012 թվականից մինչև 29.11.2012 թվականն ընկած ժամանակահատվածում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով մատակարարված ապրանքների դիմաց վճարման ենթակա գումարները՝ 63.424.363 դրամ: Նշված գումարները, համաձայն ՀՀ կառավարության 13.12.2002 թվականի թիվ 2052-ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 21-րդ կետերի, համարվել են կետանցված, իսկ անհուսալի՝ 2013 թվականին՝ 227.585.654 դրամ և 2014 թվականին՝ 63.424.363 դրամ, սակայն Ընկերությունը դրանք չի դիտել անհուսալի և չի ներառել այդպիսին դառնալու հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտում, որով խախտել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի ժե) ենթակետի և ՀՀ կառավարության 13.12.2002 թվականի թիվ 2052-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ և 22-րդ կետերի պահանջները: Միաժամանակ, Ընկերությունը համախառն եկամտից նվազեցվող ծախսերի մեջ չի ներառել փոխառության դիմաց հաշվարկված տոկոսները 2013 թվականին՝ 20.572.763 դրամ, 2014 թվականին՝ 34.837.266 դրամ և 2015 թվականին՝ 42.621.121 դրամ, իսկ 2013 թվականի համար ՀՏ ներկայացված շահութահարկի հաշվարկում համախառն եկամուտը ավել է ցույց տրվել 65.633.353 դրամ: Արդյունքում, Ընկերությունը հարկվող շահույթը պակաս է ցույց տվել 2013 թվականին՝ 141.379.538 դրամ, 2014 թվականին՝ 28.587097 դրամ, իսկ 2015 թվականին այն ավել է ցույց տվել 42.621.121 դրամ, որի հետևանքով պակաս շահութահարկ է հաշվարկվել 2013 թվականին՝ 28.275.908 դրամ, 2014 թվականին՝ 5.717.419 դրամ, իսկ 2015 թվականին այն ավել է հաշվարկվել 8.524.224 դրամ, որը ենթակա է պակասեցման: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի կիրառմամբ հաշվարկվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, ինչպես նաև նույն օրենքի 23-րդ և 25-րդ հոդվածների կիրառմամբ հաշվարկվել են տույժեր և տուգանքներ (հատոր 1-ին, գ.թ. 36-42).
3) Կոմիտեի նախագահը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով Կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության ստուգումների 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Ասատրյանի և մյուսների 26.08.2016 թվականի զեկուցագիրը, 30.08.2016 թվականի «Կոմիտեի նախագահի 20.07.2016 թվականի թիվ 1010826 հանձնարարագրով անցկացվող ստուգման ժամկետը երկարաձգելու և ստուգումը կասեցնելու մասին» թիվ Ս-1398-Ա հրամանով որոշել է Կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունում հաշվառված Ընկերությունում Կոմիտեի նախագահի 20.07.2016 թվականի թիվ 1010826 հանձնարարագրով իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության՝ 1. ստուգման ժամկետը երկարաձգել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օրով, 2. ստուգումը կասեցնել 2016 թվականի սեպտեմբերի 01-ից՝ 30 աշխատանքային օրով:
Նշված հրամանը «Հայփոստ» ՓԲԸ փոստային ծառայությանն է հանձնվել 01.09.2016 թվականին՝ առաքման համար, առաքանու համարն է՝ 67, կոդը՝ RR223681072AM: Ըստ «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի արտատպվածքի՝ թիվ RR223681072AM կոդով առաքանին հասցեատիրոջն է հանձնվել 12.10.2016 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 41, 45, 51).
4) «ԱԼ Վահիդա Իքուիփմենթ Ջեներալ Թրեյդինգ» ազատ տնտեսական գոտու ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավարն ի պատասխան Դատարանի 05.02.2019 թվականի հարցման հայտնել է հետևյալը. «ԱԼ Վահիդա Իքուիփմենթ Ջեներալ Թրեյդինգ» ազատ տնտեսական գոտու ընկերությունը և «Գլոբալափարալ» ՓԲԸ-ն 01.10.2012 թվականին կնքել են «Ապրանքների մատակարարման» պայմանագիր: 12.03.2013 թվականին «ԱԼ Վահիդա Իքուիփմենթ Ջեներալ Թրեյդինգ» ազատ տնտեսական գոտու ընկերությունը և «Գլոբալափարալ» ՓԲԸ-ն կնքել են փոփոխության պայմանագիր: «Գլոբալափարալ» ՓԲԸ-ն 27.03.2019 թվականի դրությամբ պարտք չունի: Գրությանը կից ներկայացվել է նաև 01.10.2012 թվականի «Ապրանքների մատակարարման պայմանագիր», որը կնքվել է «Գլոբալափարալ» ՓԲԸ-ի և «ԱԼ Վահիդա Իքուիփմենթ Ջեներալ Թրեյդինգ» ազատ տնտեսական գոտու ընկերության միջև, ինչպես նաև 12.06.2013 թվականի «Համաձայնագրի փոփոխման» պայմանագրի կրկնօրինակը, որի համաձայն՝ «Համաձայնագրի փոփոխումը» կնքվել է «Գլոբալափարալ» ՓԲԸ-ի և «ԱԼ Վահիդա Իքուիփմենթ Ջեներալ Թրեյդինգ» ազատ տնտեսական գոտու ընկերության միջև, ըստ որի՝ կողմերը կնքել են 01.10.2012 թվականի պայմանագրի փոփոխման նույն Համաձայնագրի փոփոխումը նաև հետևյալ կերպ՝ «Գնված ապրանքների բոլոր վճարները պետք է լինեն ըստ ժամկետի և վճարվեն վաճառողին մինչև 31․05․2017 թվականը բոլոր այն ապրանքների համար, որոնք առաքվել են մինչև նշված ժամկետները վաճառողին նշված վայրում կամ գնման պատվերի հաստատման կամ վաճառողի կողմից նշված այլ պայմաններում» (հատոր 4-րդ, գ.թ. 14-34).
5) Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովը 07.03.2017 թվականի թիվ 11/1 որոշմամբ մերժել է Կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության 30.12.2016 թվականի թիվ 1010826 ակտի դեմ Ընկերության գանգատը՝ այն թողնելով անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 46-55).
6) Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը 29.06.2017 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության 12.05.2017 թվականի վարչական բողոքը՝ Կոմիտեի hարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 07.03.2017 թվականի թիվ 11/1 որոշումը վերացնելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 57-88):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը, սակայն, հերքվում է ստորև ներկայացվող պատճառաբանություններով.
- Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ստուգման ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին՝ միաժամանակ վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
- Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև պատճենի տեսքով ներկայացված ապացույցի արժանահավատության հարցին՝ հավաստիության կանխավարկածի շրջանակներում։
Այսպես․ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի ՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:
Նույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենքով:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն uկuելուց առաջ համապատաuխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) uտուգում իրականացնելու մաuին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ, ի թիվս այլնի, նշվում են նաև uտուգման ժամկետը, uտուգման իրավական հիմքերը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, (...): Վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին (...):
Նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տնտեuավարող uուբյեկտի մոտ մեկ uտուգման ժամկետը կարող է uահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային oր` յուրաքանչյուր տարվա համար: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ` համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով, նույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ` մինչև 75 անընդմեջ աշխատանքային օր: Դրա մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին: Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա ստուգում իրականացնելու մասին հրաման տվող պաշտոնատար անձի հրամանով ստուգման ընթացքը կասեցվում է մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով, իսկ օտարերկրյա պետություններ հարցումներ կատարելու դեպքում` հարցման պատասխանը ստանալուց հետո ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով: Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ` 90 աշխատանքային օրը (չհաշված կասեցման ժամկետը):
Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի համադրված վերլուծությանը, արձանագրել է, որ տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի արժանահավատությունը և օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը պարզելու համար Կոմիտեն կարող է իրականացնել ստուգում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներով սահմանված ընթացակարգերի, այդ թվում՝ ստուգման ժամկետների պահպանմամբ՝ ապահովելով նաև տնտեuավարող uուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելու օրենսդրական պահանջի կատարումը: Այսինքն՝ ստուգումն uկuելուց առաջ համապատաuխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) պետք է հրապարակի uտուգում իրականացնելու մաuին հրաման կամ հանձնարարագիր, որտեղ, ի թիվս այլնի, պետք է նշում կատարի նաև uտուգման ժամկետի, uտուգման իրավական հիմքերի վերաբերյալ: Այնուհետև ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ (եթե բացակայում են այս կանոնից շեղվելու օրենքով նախատեսված դեպքերը) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք պարտավոր են հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը հանձնել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, իսկ վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ընդ որում, ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը, ուստիև տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումներ անարգել մուտք գործելու, ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ պահանջելու և վերցնելու և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ լիազորությունները ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնելու միայն այդ օրվանից սկսած: Միևնույն ժամանակ ստուգումների ընթացքին չխոչընդոտելու, ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները կատարելու, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով փաստաթղթերը, տվյալները ներկայացնելու, դրանց լուսապատճենները, կրկնօրինակները և այլ տեղեկություններ տրամադրելու, ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված ստուգվող սուբյեկտի պարտականությունները նույնպես ծագում են ստուգումը փաստացի սկսելու օրվանից: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանվել են նաև ստուգման ժամկետը երկարաձգելու կամ կասեցնելու դեպքերն ու կարգը, համաձայն որի՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր: Միևնույն ժամանակ ստուգման ընթացքը կարող է կասեցվել, եթե առկա է լինում հետևյալ հիմքերից որևէ մեկը.
1. առաջացել է ստուգման ընթացքում առանձին տեղեկություններ ճշտելու անհրաժեշտություն,
2. ստուգմանն առնչվող փաստաթղթերն առգրավվել են հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի հիման վրա,
3. տեղի է ունեցել տարերային աղետ,
4. տեղի է ունեցել ստուգումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանք:
Ընդ որում, ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ, իսկ ստուգման ընթացքի կասեցումը կարող է իրականացվել միայն ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ մտնելու կանոն, համաձայն որի՝ ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով uտուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունների միաuնական կարգավորումը, այդ թվում՝ ստուգման վարույթի տևողության, դրա երկարաձգման և կասեցման հետ կապված կանոնների սահմանումը միտված է իրավական որոշակիության սկզբունքի պահպանմանը: Նշված կանոնների միջոցով, փաստորեն, տնտեսավարող սուբյեկտին տրվել է ստուգման համար սահմանված ժամկետների ավարտից հետո վարչական մարմնի կողմից իր գործունեությանն այլևս չմիջամտելու երաշխիք: Ուստի վարչական մարմինը պարտավոր է պահպանել ստուգման հետ կապված վարչական վարույթի ժամկետները, իսկ դրանց երկարաձգումն ու կասեցումը` իրականացնել բացառապես օրենքի պահանջների պահպանմամբ:
Արդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք պարտավոր են ստուգումն իրականացնել ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետում, սակայն ստուգման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգման ընթացքը կասեցնելու օրենքով նախատեսված հիմքեր առաջանալու դեպքում վերջիններս պետք է գրավոր հիմնավորում կամ գրավոր զեկուցագիր ներկայացնեն համապատասխան պետական մարմնի ղեկավարին (փոխարինող պաշտոնատար անձին), որն էլ պետք է ընդունի ստուգման ժամկետը երկարաձգելու կամ ստուգման ընթացքը կասեցնելու մասին համապատասխան անհատական իրավական ակտ: Ընդ որում, ստուգման ժամկետը երկարաձգելու կամ ստուգման ընթացքը կասեցնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) ընդունած հրամանի կամ հանձնարարագրի մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը՝ դրանից բխող իրավական հետևանքներն առաջացնելու, մասնավորապես ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտի ուժի մեջ մտնելն ապահովելու համար (տե'ս, «Արայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների Կոմիտեի թիվ ՎԴ/11476/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից: Այլ կերպ ասած՝ քանի դեռ ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը չի տեղեկացվել ստուգման ժամկետը երկարաձգող կամ ստուգման ընթացքը կասեցնող համապատասխան անհատական իրավական ակտի մասին, ապա չեն կարող վրա հասնել այդ ակտով սահմանված իրավական հետևանքները, այն է՝ ստուգման ժամկետը չի կարող համարվել երկարաձգված կամ ստուգման ընթացքը չի կարող համարվել կասեցված:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմնի պարտականությունն է հետևել, որ ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտը պատշաճ կերպով և ժամանակին ուղարկվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին՝ այդպիսով ապահովելով նախաձեռնվող գործողության՝ ստուգման ժամկետի երկարաձգման կամ կասեցման, պատշաճ իրականացումը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի նախագահի 20.07.2016 թվականի թիվ 1010826 հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել ստուգում` 15 անընդմեջ աշխատանքային օր տևողությամբ: Ստուգումը փաստացի սկսվել է 15.08.2016 թվականին:
Կոմիտեի նախագահը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով Կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության ստուգումների 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Ասատրյանի և մյուսների 26.08.2016 թվականի զեկուցագիրը, 30.08.2016 թվականի «Կոմիտեի նախագահի 20.07.2016 թվականի թիվ 1010826 հանձնարարագրով անցկացվող ստուգման ժամկետը երկարաձգելու և ստուգումը կասեցնելու մասին» թիվ Ս-1398-Ա հրամանով որոշել է Կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունում հաշվառված Ընկերությունում Կոմիտեի նախագահի 20.07.2016 թվականի թիվ 1010826 հանձնարարագրով իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության՝
1. ստուգման ժամկետը երկարաձգել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օրով,
2. ստուգումը կասեցնել 2016 թվականի սեպտեմբերի 01-ից 30 աշխատանքային օրով:
Նշված հրամանը «Հայփոստ» ՓԲԸ փոստային ծառայությանն է հանձնվել 01.09.2016 թվականին՝ առաքման համար, առաքանու համարն է՝ 67, կոդը՝ RR223681072AM: Ըստ «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի արտատպվածքի՝ թիվ RR223681072AM կոդով առաքանին հասցեատիրոջն է հանձնվել 12.10.2016 թվականին:
30.12.2016 թվականին կազմվել է թիվ 1010826 ստուգման ակտը, որի 1-ին կետի համաձայն՝ Կոմիտեի համակարգչային բազայում առկա, Ընկերության կողմից ներկայացված սկզբնական փաստաթղթերի և հարկային մարմին ստուգվող ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում արտացոլված տվյալների համադրումից պարզվել է, որ Ընկերությունը համախառն եկամուտը պակաս է ցույց տվել: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի կիրառմամբ հաշվարկվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, ինչպես նաև նույն օրենքի 23-րդ և 25-րդ հոդվածների կիրառմամբ հաշվարկվել են տույժեր և տուգանքներ։
Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովը 07.03.2017 թվականի թիվ 11/1 որոշմամբ մերժել է Ընկերության գանգատը Կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության 30.12.2016 թվականի թիվ 1010826 ակտի դեմ՝ այն թողնելով անփոփոխ։
Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը 29․06.2017 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության 12.05.2017 թվականի վարչական բողոքը՝ Կոմիտեի hարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 07.03.2017 թվականի թիվ 11/1 որոշումը վերացնելու վերաբերյալ։
Ընկերությունը դիմել է դատարան և պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության 30.12.2016 թվականի թիվ 1010826 ստուգման ակտը, ամբողջությամբ անվավեր ճանաչել Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 07.03.2017 թվականի թիվ 11/1 որոշումը և ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի 29.06.2017 թվականի որոշումը:
Դատարանը 22․08․2019 թվականի վճռով Ընկերության հայցն ամբողջությամբ բավարարել է, իսկ Վերաքննիչ դատարանը 10․12․2020 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է և վճիռը թողել է անփոփոխ՝ ըստ էության հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ստուգումն իրականացնելիս վարչական մարմինը խախտել է ստուգման ժամկետը և ստուգողական գործողություններն իրականացրել է ու Ընկերությանը լրացուցիչ հարկային պարտավորություններ է առաջադրել ստուգման ժամկետի ավարտից հետո:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով ստուգումը փաստացի սկսվել է 15.08.2016 թվականին և տևել է 15 անընդմեջ աշխատանքային օր: Այսինքն՝ ստուգման վերջին օրը 02.09.2016 թվականն է: Ստուգման ժամկետը երկարաձգելու և կասեցնելու վերաբերյալ հրամանը կայացվել է 30.08.2016 թվականին և հասցեատիրոջն է հանձնվել 12.10.2016 թվականին: Այսինքն՝ նշվածը հիմք է տալիս փաստելու, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության ուժով վերը նշված հրամանն ուժի մեջ է մտել միայն 13.10.2016 թվականին: Մինչդեռ 13.10.2016 թվականին ստուգման ժամկետն արդեն իսկ ավարտված է եղել և չէր կարող կասեցվել կամ երկարաձգվել, քանի որ ստուգման ժամկետի վերջին օրը հանդիսացել է 02.09.2016 թվականը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի նախագահի կողմից ստուգման ժամկետի կասեցման ու երկարաձգման հրամանն ուժի մեջ է մտել Ընկերության մոտ իրականացվող ստուգման համար սահմանված ժամկետի ավարտից հետո: Ասվածն էլ իր հերթին ենթադրում է, որ սույն գործով վիճարկվող ստուգման ակտն ընդունվել է այդ վարչական ակտի ընդունման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ խախտելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը: Այլ կերպ ասած՝ Կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունը, ստուգման 15 աշխատանքային օրվա ժամկետի ավարտից հետո իրավունք չունենալով միջամտել Ընկերության գործունեությանը, խախտել է այդ պահից սկսած տնտեսվարող սուբյեկտի գործունեությանն այլևս չմիջամտելու երաշխավորված կանոնը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 30.12.2016 թվականի թիվ 1010826 ստուգման ակտն ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ 15 աշխատանքային օրվա ժամկետի խախտմամբ, և ենթակա է անվավեր ճանաչման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, ինչն իրավացիորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեև վերոնշյալն արդեն իսկ բավարար է սույն գործով վիճարկվող ստուգման ակտն անվավեր ճանաչելու համար, այդուհանդերձ հարկ է անդրադառնալ նաև սույն գործում առկա Համաձայնագրի պատճենի վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին։
Այսպես․ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով: Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար: Անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված տվյալների, տեղեկությունների հավաստիության վերաբերյալ սկզբունքից ելնելով` քանի դեռ նշված տվյալներն ու տեղեկությունները` դրանք հիմնավորելու նպատակով ներկայացված ապացույցները, չեն հերքվել ծանրակշիռ, յուրաքանչյուր ապացույցին համարժեք հակառակ ապացույցով` չեն կարող դիտարկվել ոչ արժանահավատ։ Հետևաբար վարչական մարմինը պետք է հստակ հիմնավորի, թե ինչու դրանք արժանահավատ չեն, և ինչու է առավելությունը տրվում մեկ այլ ապացույցի:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում հավաստիության կանխավարկածի սկզբունքից բխում է, որ սույն գործով վարչական մարմինն էր պարտավոր ապացուցել, որ Ընկերության և Ազատ տնտեսական գոտու ընկերության միջև կնքված համաձայնագրի պատճենն այս կամ այն պատճառով չի կարող համարվել թույլատրելի ապացույց: Իսկ ինչ վերաբերում է սոսկ այն փաստին, որ Ընկերությունը չի կարողացել ներկայացնել Համաձայնագրի բնօրինակը, ապա հարկ է նկատի ունենալ, որ կողմի վրա պետք է դրվի ապացուցման այնպիսի բեռ, որն օբյեկտիվորեն հնարավոր լինի իրականացնել։ Հետևաբար, եթե Ընկերությունը կորցրել է համաձայնագրի բնօրինակը, իսկ մյուս կողմը, ըստ գործի փաստական հանգամանքների, հրաժարվել է ուղարկել իր բնօրինակը, սակայն ինչպես Ընկերությանը, այնպես էլ Դատարանին ուղարկված գրություններով ընդունել է համաձայնագրի կնքման ու գոյության փաստը, ապա ակնհայտ է, որ Ընկերությունը, ըստ էության, կատարել է իր վրա դրված ապացուցման պարտականությունը և ապացուցել է Համաձայնագրի գոյության, և ըստ այդմ, պարտավորությունների մարման ժամկետի երկարաձգման փաստը։ Իսկ Դատարանն էլ, իր հերթին, կատարել է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքից բխող իր պարտականությունը՝ համապատասխան հարցում ուղարկելով «ԱԼ Վահիդա Իքուիփմենթ Ջեներալ Թրեյդինգ» ազատ տնտեսական գոտու ընկերությանը:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն մասով ևս վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր չէ և ենթակա է մերժման:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը և Վերաքննիչ դատարանը, համապատասխանաբար բավարարելով հայցն ու անփոփոխ թողնելով վճիռը, կայացրել են պատճառաբանված և հիմնավորված դատական ակտեր։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական սխալ թույլ տալու մասին վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։ Նշվածը բավարար հիմք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.12.2020 թվականի որոշումը թողնել անփոփոխ:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան Հ. Բեդևյան Լ. Հակոբյան Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: