ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 18945/10
Գրիգոր ՈՍԿԵՐՉՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2021 թվականի դեկտեմբերի 14-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Թիմ Այքը [Tim Eicke]՝ Նախագահ,
Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova]՝ դատավորներ,
և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով 2010 թվականի մարտի 18-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
հաշվի առնելով պատասխանող Կառավարության կողմից 2020 թվականի օգոստոսի 11-ին ներկայացված հայտարարությունը, որով Դատարանից խնդրել է գանգատը հանել քննվող գործերի ցուցակից, և դիմումատուի պատասխանն այդ հայտարարությանը,
հաշվի առնելով դիմումատուի կնոջ գրությունը, որով Դատարանին տեղեկացրել է դիմումատուի մահվան և նրա կողմից ներկայացված գանգատով վարույթն իր կողմից շարունակելու ցանկության մասին,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուն՝ պրն Գրիգոր Ոսկերչյանը, ազգությամբ հայ, ծնվել է 1956 թվականին և մահվան օրվա դրությամբ բնակվել է Երևանում: Նրան դատարանում ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Մ. Շուշանյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը:
Դիմումատուն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերի, 10-րդ և 18-րդ հոդվածների համաձայն բողոքել է իր քրեական հետապնդման և դատապարտման վերաբերյալ:
Գանգատի այս մասն ուղարկվել է Կառավարություն:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Դիմումատուն, որը քաղաքական ընդդիմության անդամ է և մեղավոր է ճանաչվել քաղաքական քարոզարշավի ժամանակ իր ելույթներով կառավարության բռնի տապալում և սահմանադրական կարգի բռնի փոփոխություն հրահրելու մեջ, բողոք է ներկայացրել այն մասին, որ իր դատապարտմամբ խախտվել է ազատ արտահայտվելու իր իրավունքը: Նա բողոքել է նաև, որ՝ ա) իրեն ներկայացված մեղադրանքը գործը քննող դատարանի կողմից վերջին պահին վերաձևակերպվելու հետևանքով խախտվել է իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի ու պատճառի մասին տեղեկացված լինելու և իր պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալու իր իրավունքը, և բ) իրեն զրկել են իր դեմ ցուցմունք տվող վկաներին հարցաքննելու հնարավորությունից։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերի և 10-րդ հոդվածի վրա:
Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուն մահացել է 2021 թվականի ապրիլի 11-ին՝ այն նույն ժամանակահատվածում, երբ գործը դեռևս քննվում էր Դատարանում: Դիմումատուի կինը՝ տկն Մարինե Հարությունյանը՝ դիմումատուի ժառանգը, 2021 թվականի սեպտեմբերի 1-ի գրությամբ Դատարանին տեղեկացրել է, որ ցանկանում է շարունակել ամուսնու կողմից ներկայացված գանգատով վարույթը: Կառավարությունը չի առարկել այդ պահանջի դեմ։ Դատարանը նախկինում հաստատել է, որ մերձավոր ազգականը, ընտանիքի անդամը կամ ժառանգն սկզբունքորեն կարող է շարունակել գանգատով վարույթը դիմումատուի մահից հետո՝ պայմանով, որ նա բավարար չափով շահագրգռված է տվյալ գործում (տե՛ս Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania [GC]], թիվ 47848/08, § 97, ՄԻԵԴ 2014, և Ղավալյանն ընդդեմ Հայաստանի [Ghavalyan v. Armenia], թիվ 50423/08, §§ 56-60, 2020 թվականի հոկտեմբերի 22): Այն չի տեսնում իր հաստատված նախադեպային իրավունքից շեղվելու որևէ պատճառ և պատրաստ է հաստատել, որ դիմումատուի կինն ունի իրավաչափ շահ՝ շարունակելու ի սկզբանե պրն Գրիգոր Ոսկերչյանի կողմից ներկայացված գանգատով վարույթը։ Նպատակահարմարության տեսանկյունից Դատարանը սույն որոշման մեջ կշարունակի որպես դիմումատու համարել պրն Ոսկերչյանին:
Գործը բարեկամական կարգավորման ճանապարհով լուծելու փորձերը ձախողելուց հետո Կառավարությունը 2020 թվականի օգոստոսի 11-ի գրությամբ Դատարանին տեղեկացրել է, որ գանգատի այս մասով բարձրացված խնդրի լուծման նպատակով առաջարկում է միակողմանի հայտարարություն անել: Նրանք այնուհետև Դատարանից խնդրել են գանգատը հանել քննվող գործերի ցուցակից՝ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի։
Հայտարարության բովանդակությունը հետևյալն է.
«Ես՝ պրն Եղիշե Կիրակոսյանս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչս, սույնով հայտարարում եմ, որ Հայաստանի իշխանության մարմիններն ընդունում են, որ տվյալ գործում տեղի է ունեցել դիմումատուի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով, 6-րդ հոդվածի 3 կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով և 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում:
Կառավարությունը, ընդունելով դիմումատուի իրավունքների խախտման փաստը, առաջարկում է դիմումատու Գրիգոր Ոսկերչյանին վճարել 12 150 եվրո (տասներկու հազար հարյուր հիսուն եվրո)՝ որպես նրա կողմից կրած ցանկացած և բոլոր վնասների, ինչպես նաև ծախսերի և ծախքերի հատուցում։
Վերոնշյալ գումարն ազատված կլինի գանձման ենթակա ցանկացած հարկից և կփոխարկվի ՀՀ դրամով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որը ենթակա է վճարման գործը քննվող գործերի ցանկից հանելու վերաբերյալ Դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցումն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում: Այս գումարը նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, վճարել այդ գումարի նկատմամբ հաշվարկված պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ: Վճարումը համարվում է գործի վերջնական լուծում:
Ուստի Կառավարությունը, հաշվի առնելով Դատարանի նախադեպային իրավունքից բխող չափորոշիչներն այն մասին, թե երբ է նպատակահարմար 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան և Կառավարության կողմից արված միակողմանի հայտարարության հիման վրա որոշում կայացնել գանգատը գործերի ցուցակից հանելու վերաբերյալ, նույնիսկ եթե դիմումատուն ցանկանում է, որ գործի քննությունը շարունակվի, նշում է, որ սույն հայտարարությունը Դատարանի կողմից կարող է ընդունվել որպես «որևէ այլ պատճառ»՝ Դատարանի կողմից քննվող գործերի ցուցակից գործը հանելը հիմնավորելու համար, ինչպես նշված է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում, և առաջարկում է Դատարանին սույն գործը հանել քննվող գործերի ցուցակից»։
2020 թվականի հոկտեմբերի 1-ի գրությամբ դիմումատուն նշել է, որ իրեն չեն բավարարում միակողմանի հայտարարության պայմաններն այն հիմքով, որ Կառավարությունը չի ընդունել Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտումը։
Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 37-րդ հոդվածով սահմանվում է, որ Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված եզրակացություններից որևէ մեկին։ 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով Դատարանին մասնավորապես իրավունք է վերապահվում գործը հանել քննվող գործերի ցուցակից, եթե՝
«Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ»։
Այն վերահաստատում է նաև, որ որոշ հանգամանքներում Դատարանը կարող է գանգատը հանել գործերի ցուցակից՝ 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ պատասխանող Կառավարության կողմից միակողմանի հայտարարության հիման վրա, նույնիսկ եթե դիմումատուն ցանկություն է հայտնում, որ գործի քննությունը շարունակվի։
Այդ նպատակով Դատարանը հայտարարությունն ուսումնասիրել է իր նախադեպային իրավունքից, մասնավորապես՝ Թահսին Ակարի [Tahsin Acar] գործով վճռից բխող սկզբունքների լույսի ներքո (Թահսին Ակարն ընդդեմ Թուրքիայի (նախնական առարկություններ) [ՄՊ] [Tahsin Acar v. Turkey (preliminary objections) [GC]], թիվ 26307/95, §§ 75-77, ՄԻԵԴ 2003-VI, նաև «Վազա» ՍՊԸ-ն ընդդեմ Լեհաստանի (որոշում) [WAZA Sp. Z o.o. v. Poland (dec.)], թիվ 11602/02, 2007 թվականի հունիսի 26, Սուլվինսկան ընդդեմ Լեհաստանի (որոշում) [Sulwińska v. Poland (dec.)], թիվ 28953/03, 2007 թվականի սեպտեմբերի 18), և Դե Թոմասսոնն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [De Tommaso v. Italy [GC]], թիվ 43395/09, § 133, 2017 թվականի փետրվարի 23, գանգատի մի մասը գործերի ցուցակից հանելու խնդրանքի վերաբերյալ):
Դատարանը մի շարք գործերով ձևավորել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով և 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման վերաբերյալ բողոքների մասով իր գործելակերպը (տե՛ս, օրինակ, Պելիսիեն և Սասին ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Pélissier and Sassi v.France [GC]], թիվ 25444/94, §§ 51-54, ՄԻԵԴ 1999-II, Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Schatschaschwili v. Germany [GC]], թիվ 9154/10, §§ 110 - 131, ՄԻԵԴ 2015, և Սյուրեկն ընդդեմ Թուրքիայի (թիվ 1) [ՄՊ] [Sürek v. Turkey (no. 1) [GC]], թիվ 26682/95, §§ 58 և 61, ՄԻԵԴ 1999- IV):
Հաշվի առնելով Կառավարության հայտարարության մեջ բերված փաստարկների բնույթը, ինչպես նաև առաջարկվող փոխհատուցման գումարը, որը համապատասխանում է նմանատիպ գործերով շնորհված գումարի չափին, Դատարանը համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ (37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետ):
Բացի այդ, հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները և մասնավորապես այս հարցի վերաբերյալ գոյություն ունեցող հստակ և ծավալուն նախադեպային իրավունքը՝ Դատարանը համոզված է, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանք դրսևորելու պարտավորությունը, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով, չի պահանջում շարունակել գանգատի քննությունը (37-րդ հոդվածի 1-ին կետ՝ վերջում):
Եվ վերջապես, Դատարանն ընդգծում է, որ եթե Կառավարությունը չպահպանի իր միակողմանի հայտարարության պայմանները, գանգատը կարող է վերստին ընդգրկվել գործերի ցուցակում՝ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 2-րդ կետի (Յոսիպովիչն ընդդեմ Սերբիայի (որոշում) [Josipović v. Serbia (dec.)], թիվ 18369/07, 2008 թվականի մարտի 4)։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է գործը քննվող գործերի ցուցակից հանել այն մասով, որով դա վերաբերում է վերոնշյալ բողոքներին։
Հիմնվելով Կոնվենցիայի 18-րդ հոդվածի վրա՝ դիմումատուն բողոքել է նաև, որ ինքը դարձել է քաղաքական հետապնդման զոհ, և իր դատապարտման հիմքում դրվել են կեղծ մեղադրանքներ։
Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր ապացույցները, և այնքանով, որքանով այդ պնդումների քննությունը գտնվում են իր իրավազորության ներքո, Դատարանը չի գտնում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքների և ազատությունների խախտման որևէ դեպք:
Հետևաբար գանգատի այդ մասն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Նկատի է առնում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերի և 10-րդ հոդվածի մասով պատասխանող Կառավարության հայտարարության պայմանները, ինչպես նաև դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու եղանակները.
Որոշում է գանգատը հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի:
Հայտարարում է գանգատի մնացած մասն անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի հունվարի 20-ին:
Իլզե Ֆրայվըրթ |
Թիմ Այքը |
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|