Գլխավոր տեղեկություն
Номер
N 536-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
14.12.2022
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
14.12.2022
Дата вступления в силу
01.04.2023

600.0536.14.12.22

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

14 դեկտեմբերի 2022 թվականի

N 536-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

14 դեկտեմբերի 2022 թ.

ք. Երևան

 

Հավելվածուղղ.

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի

 N 536-Ն որոշման

 

«Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի N 95-Ն որոշմամբ

 

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

Բնական գազԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները (այսուհետ՝ ԳՄՕԿ) կանոնակարգում են՝ Մատակարարի կողմից Բաժանորդին Բնական գազի մատակարարման (այսուհետ՝ գազամատակարարում), Գազամատակարարման ցանցին միացման, Գազամատակարարման ցանցի և Գազասպառման համակարգի վերակառուցման (փոփոխությունների) հետ կապված Մատակարարի և Բաժանորդի, Մատակարարի և Դիմող անձի փոխհարաբերությունները, ինչպես նաև Գազամատակարարման ցանցի հետ կապված այլ խնդիրներ:

2. ԳՄՕԿ-ում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) Առևտրային հաշվառքի սարք` առևտրային հաշվառման նպատակով հաշվառման քարտում ամրագրված Հաշվառքի սարք.

2) Առևտրային հաշվառքի սարքի խախտում` Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստված Առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների խափանումները կամ դրանց վնասվածքները, կամ Առևտրային հաշվառքի սարքի կնիքների բացակայությունը, կամ դրանց կեղծված կամ վնասված լինելը, կամ Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործությունները.

3) Բաժանորդ՝ Բնական գազի սպառման պահանջարկ ունեցող անձ, որը Պայմանագիր է կնքել Մատակարարի հետ կամ գտնվում է այդ գործընթացում.

4) Բնական գազ` բնական գազին ներկայացվող նորմատիվ պահանջներին համապատասխանող բնական գազ․

5) Բնակիչ-բաժանորդ՝ ֆիզիկական անձ հանդիսացող Բաժանորդ, որի ներտնային Գազասպառման համակարգը գտնվում է բազմաբնակարան շենքի բնակարանում կամ առանձնատանը.

6) Գազասպառման համակարգ` Սահմանազատման կետից հետո տեղադրված գազատարները, գազակարգավորիչ կետերը, գազօգտագործող տեղակայանքները, հսկման-չափման սարքավորումները, օդատար և ծխատար ուղիները, ներառյալ խողովակները, ու դրանց սարքավորումները.

7) Գազամատակարարման ցանց` Բնական գազի փոխադրման և բաշխման ցանցեր.

8) Գազի համակարգ` Գազամատակարարման ցանցի և Գազասպառման համակարգերի համալիր.

9) Գազամատակարարման ցանցի ընդլայնում` Միացման նպատակով Գազամատակարարման ցանցի գործող գազատարի շարունակումը, ճյուղավորումը (բնակչության դեպքում՝ 5.0 գծամետրը գերազանցող), թողունակության մեծացումը կամ գազակարգավորիչ նոր կետերի կառուցումը, կամ վերակառուցումը.

10) Գազամատակարարման ցանցին միացում (Միացում)՝ Գազամատակարարման ցանցին Գազասպառման համակարգի միացում կամ կատարված միացման փոփոխություն.

11) Դիմող անձ` անձ, որը դիմում է Միացման համար: Նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում Դիմող անձ է հանդիսանում կառուցապատողը.

12) Կենցաղային սպառում ունեցող բաժանորդ՝ Բաժանորդ, որը Բնական գազը սպառում է կենցաղային նպատակների համար.

13) Կազմակերպություն-բաժանորդ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև Բնակիչ-բաժանորդ չհանդիսացող՝ ոչ կենցաղային սպառում ունեցող ֆիզիկական անձ.

14) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

15) Հաշվառման կետ՝ Սահմանազատման կամ դրան մոտակա կետ, որում տեղադրված է Առևտրային հաշվառքի սարքը, իսկ ԳՄՕԿ-ով սահմանված դեպքերում Վերստուգիչ հաշվառքի սարքը․

16) Հաշվարկային ամիս՝ ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացույցային ամսվա առաջին օրվա ժամը 11:00-ին և ավարտվում է հաջորդ օրացույցային ամսվա առաջին օրվա ժամը 11:00-ին.

17) Հաշվառքի սարք՝ Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված և վկայագրված (կնքված) Բնական գազի ծախսի չափման միջոց՝ իր հաշվառման հանգույցով, որը կարող է կիրառվել առանձին կամ լրացուցիչ սարքերի հետ միասին.

18) Մատակարար` Բնական գազի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձ.

19) Միացման պայմանագիր` Մատակարարի և Դիմող անձի միջև Միացման համար ԳՄՕԿ-ի N 1 հավելվածի համաձայն կնքվող պայմանագիր.

20) Միացման վճար՝ Միացման համար Դիմող անձից գանձվող վճար.

21) Չափագիտական մարմին` «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն.

22) Պայմանագիր` Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան՝ Բնական գազի մատակարարման պայմանագիր.

23) Սահմանազատման կետ՝ Մատակարարի և Բաժանորդի հաշվեկշռային պատկանելիության տարանջատման կետը, իսկ բնակչության դեպքում՝ Առևտրային հաշվառքի սարքի ելքը (բկանցքը).

24) Վերստուգիչ հաշվառքի սարք` հաշվառման քարտում վերստուգիչ հաշվառման նպատակով ամրագրված Հաշվառքի սարք.

25) Տեխնիկական պայմաններ` Միացման համար անհրաժեշտ նախագծման պայմաններ, որոնք տրամադրվում են ըստ Գազասպառման համակարգի առավելագույն սպառման ծավալների` ելնելով Գազամատակարարման ցանցի թողունակության, գազամատակարարման հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և Դիմող անձի Միացման համար անհրաժեշտ` Գազամատակարարման ցանցի ընդլայնման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմաններից:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Մատակարարի և Բաժանորդի, Մատակարարի և Դիմող անձի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, Միացման պայմանագրով, Պայմանագրով և ԳՄՕԿ-ով:

4. Բնական գազի մատակարարումն իրականացվում է Պայմանագրի հիման վրա:

5. Միացման պայմանագիրը և Պայմանագիրը կնքվում են թղթային, իսկ Բաժանորդի կամ Դիմող անձի համաձայնության դեպքում` էլեկտրոնային եղանակով:

6. Այն դեպքերում, երբ Բաժանորդի Գազասպառման համակարգերը մեկից ավելի են (անկախ դրանց գտնվելու վայրից), Բաժանորդի և Մատակարարի միջև կարող է կնքվել մեկ միասնական Պայմանագիր կամ առանձին Պայմանագիր յուրաքանչյուր Գազասպառման համակարգի համար: Պայմանագիր մեկից ավելի Սահմանազատման կետերի համար կնքելու դեպքում արգելվում է՝

1) սահմանազատման կետերից մեկում ԳՄՕԿ-ի կետերի խախտման դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառել մյուս Սահմանազատման կետերի մասով.

2) hանձնաժողովի կողմից սահմանված Բնական գազի սակագինը կիրառել տարբեր Սահմանազատման կետերում սպառված Բնական գազի ամսական քանակները գումարելու միջոցով:

Սահմանազատման նոր կետ ավելացնելը կամ Բաժանորդի կողմից գործող Սահմանազատման կետերից որևէ մեկից հրաժարվելը հիմք չի կարող հանդիսանալ Պայմանագիրը լուծելու համար:

7. Չի թույլատրվում Բաժանորդներից, Դիմող անձանցից պահանջել կատարել վճարումներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն ԳՄՕԿ-ով, Պայմանագրով, Միացման Պայմանագրով կամ Հանձնաժողովի այլ իրավական ակտերով։

8. Մատակարարը պարտավոր է ապահովել Բաժանորդի գազամատակարարումը՝ ԳՄՕԿ-ի համաձայն:

9. Այլ անձի պատկանող Գազասպառման համակարգի միջոցով միացած Բաժանորդի պարագայում այլ անձի պատկանող Գազասպառման համակարգի՝ Մատակարարի կամքից անկախ պատճառներով ապահավաքակցման դեպքում Մատակարարը պատասխանատվություն չի կրում այդ ապահավաքակցման արդյունքում Բաժանորդի նկատմամբ ստանձնած ԳՄՕԿ-ով, Միացման պայմանագրով և Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման համար։

10. Մատակարարն իր պաշտոնական կայքում հրապարակում է գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի, տարածքային տեղամասերի և ծառայությունների հասցեները, հեռախոսահամարները, ինչպես նաև մասնաճյուղերի էլեկտրոնային փոստերի հասցեները։

11. Գազասպառման համակարգերի հավաքակցման, փորձարկման, գործարկման, գործող ցանցին միացման, գազամատակարարման ժամանակ վթարների (պատահարների) վերացման և նորոգման, տեխնիկական սպասարկման, Առևտրային և հսկիչ հաշվառքի սարքերի ցուցմունքների (ծախսերի) գրանցման, օպերատիվ տեղեկատվություն ստանալու, Առևտրային և հսկիչ հաշվառքի սարքերի (հանգույցներ) կնիքների առկայությունը կամ ամբողջականությունը ստուգելու աշխատանքների կատարման համար Մատակարարի լիազոր ներկայացուցիչները Պայմանագրի հիման վրա և դրանով սահմանված պայմաններով կարող են մուտք գործել համապատասխան տարածք միայն անձի լիազորությունները հավաստող լուսանկարով վկայականի ներկայացման դեպքում: Գազասպառման համակարգերում և ներշենքային տարածքում վթարի (պատահարի) դեպքում կամ Գազասպառման համակարգի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Բաժանորդը կամ այլ իրավասու անձը ապահովում է Մատակարարի ներկայացուցիչների շուրջօրյա մուտք: Բաժանորդի (օգտագործողի) Գազասպառման համակարգի տարածքում Մատակարարի ներկայացուցիչները պարտավոր են պահպանել Բաժանորդի ներքին կանոնակարգը:

12. ԳՄՕԿ-ով Բաժանորդի մասնակցությունը նախատեսող դեպքերում, երբ Բաժանորդին ներկայացնում է այլ անձ, վերջինիս լիազորությունները հաստատող փաստաթուղթը ներկայացվում է Մատակարարին:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

13. ԳՄՕԿ-ի շրջանակում՝ Մատակարարի և Բաժանորդի, Մատակարարի և Դիմող անձի միջև տեղեկությունների փոխանակումը, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումն իրականացվում է պատշաճ ձևով։

14. Տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ ձևով իրականացված, եթե դրանք հանձնվել են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (թղթակցությունը ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված փոստով (այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ), էլեկտրոնային փոստի (այդ թվում` Բաժանորդի կամ Դիմող անձի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցներով (այդ թվում` Բաժանորդի կամ Դիմող անձի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով), որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից թղթակցությունը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, եթե ԳՄՕԿ-ով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման այլ ձև նախատեսված չէ:

15. Բաժանորդը պարտավոր է Մատակարարին անհապաղ հայտնել իր հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի տվյալի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում տեղեկությունները փոխանակվում և փաստաթղթերն ուղարկվում են հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով, և հասցեատերը կրում է փոփոխության մասին չտեղեկացնելու անբարենպաստ հետևանքների ռիսկը։

16. Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց, կամ որևէ պատճառով պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված ուղարկողի կողմից http://www.azdarar.am հասցեում և իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը:

17. Մատակարարը, Բաժանորդը և Դիմող անձը պատասխանատվություն են կրում իրենց ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար։

18. Մատակարարի և Բաժանորդի, Մատակարարի և Դիմող անձի միջև փոխանակված տեղեկությունների ու փաստաթղթերի մեջ հայտնաբերված սխալները ենթակա են ուղղման հայտնաբերումից և փոխադարձ տեղեկացումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ ժամկետ ԳՄՕԿ-ով սահմանված չէ։

19. Մատակարարի և Բաժանորդի, Մատակարարի և Դիմող անձի միջև փոխանակված, ինչպես նաև վերջիններիս կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկությունները (փաստաթղթերը) հրապարակային են, եթե դրանք օրենքի համաձայն չեն համարվում գաղտնի։

20. ԳՄՕԿ-ի 18-րդ կետով սահմանված տեղեկությունները (փաստաթղթերը) կարող են հրապարակվել օրենքով սահմանված կարգով։ Հրապարակած կողմը պատասխանատվություն է կրում այդպիսի տեղեկությունների (փաստաթղթերի) հրապարակման վերաբերյալ օրենսդրության պահանջների խախտման համար։

21. ԳՄՕԿ-ով նախատեսված ցանկացած տեղեկություն կամ փաստաթուղթ պետք է պահպանվի առնվազն հինգ տարի ժամկետով, եթե տվյալ տեսակի տեղեկությունների, փաստաթղթերի պահպանության համար ԳՄՕԿ-ով կամ օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

22. Մատակարարը, Բաժանորդը և Դիմող անձը ԳՄՕԿ-ի դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում օրենքով, ԳՄՕԿ-ով, Միացման Պայմանագրով և Պայմանագրով սահմանված կարգով։

23. Մատակարարը, Բաժանորդը և Դիմող անձը ԳՄՕԿ-ով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի:

24. ԳՄՕԿ-ի իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում է) ԳՄՕԿ-ով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին՝

1) չի գտնվում պարտավորությունը խախտած կողմի վերահսկողության ներքո.

2) ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և գործադրել ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները կամ դեպքերը (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար:

25. ԳՄՕԿ-ի իմաստով, մասնավորապես, ֆորս մաժորային դեպքեր են՝

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտումը, գործադուլները, հասարակական անկարգությունները.

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումներ, զինված հակամարտությունները, արտաքին թշնամու գործողությունները կամ շրջափակումը, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունն այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ պարտավորությունը խախտած կողմը գործել է համաձայն օրենսդրության.

4) հանրապետություն գազի ներկրման ընդհատումները, եթե այդ ընդհատումները հետևանք չեն Մատակարարի գործողությունների:

26. Ֆորս մաժոր առաջանալու դեպքում ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը մյուս կողմին այդ մասին տեղեկացնում է ֆորս մաժորի մասին իրազեկվելու պահից կամ իր նկատմամբ ազդեցությունից տասը օրվա ընթացքում: Ծանուցում չիրականացրած կողմը կրում է չծանուցման հետ կապված բացասական հետևանքների ռիսկը:

27. ԳՄՕԿ-ի 25-րդ կետը չի սահմանափակում Մատակարարի, Բաժանորդի և Դիմող անձի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջները բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար:

28. Մատակարարի, Բաժանորդի և Դիմող անձի միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով:

29. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը։

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

ՄԻԱՑՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

30.Միացումն իրականացվում է սույն բաժնով սահմանված կարգով՝ Միացման պայմանագրով կամ Տեխնիկական պայմանների հիման վրա։

31. Գազասպառման համակարգը Գազամատակարարման ցանցին միացվում է Դիմող անձի դիմումի (այսուհետ՝ Դիմում) հիման վրա, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.

1) ֆիզիկական անձանց դեպքում` Դիմող անձի անունը, ազգանունը, օրենսդրությամբ սահմանված` անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը հաստատող՝ պետական միասնական գրանցամատյանից վերցրած համապատասխան քաղվածքի պատճենը, հարկ վճարողի հաշվառման համարը, գազամատակարարվող տարածքի տեղակայման վայրը, Դիմող անձի ծանուցման հասցեն, հեռախոսահամարը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումի ներկայացման ամսաթիվը, Դիմող անձի ստորագրությունը.

2) իրավաբանական անձի դեպքում` Դիմող անձի անվանումը, գտնվելու վայրը, ծանուցման հասցեն, ղեկավարի կամ ներկայացուցչի անունը, ազգանունը, կարգավիճակը հավաստող փաստաթուղթը, գազամատակարարվող տարածքի տեղակայման վայրը, հեռախոսահամարը, հարկ վճարողի հաշվառման համարը, Դիմումով ներկայացվող պահանջը, Դիմումի ներկայացման ամսաթիվը, Դիմող անձի ներկայացուցչի ստորագրությունը.

3) գազամատակարարվող տարածքի՝ հողամասի, շենքի, շինության նկատմամբ Դիմող անձի իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող (հավաստող) փաստաթղթեր, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հաստատող (հավաստող) փաստաթղթեր.

4) սպառման տեսակը (կենցաղային, ոչ կենցաղային).

5) շինության էսքիզը կամ տարածքի հատակագիծը.

6) գազասարքավորումների վերաբերյալ տեղեկատվություն (տեսակ, քանակ, իսկ ոչ կենցաղային սպառում ունեցող Դիմող անձանց դեպքում՝ նաև ջերմատեխնիկական ցուցանիշներ).

7) լիազորագիր, եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի միջոցով.

8) այլ անձի Գազասպառման համակարգի միջոցով Միացման դեպքում՝ այդ Գազասպառման համակարգի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը:

32. Այլ անձի Գազասպառման համակարգի միջոցով Միացում կարող է իրականացվել բացառապես Գազասպառման համակարգի սեփականատիրոջը պատկանող տարածքից դուրս գտնվող գազատարի հատվածից։ Ընդ որում, Գազասպառման համակարգի սեփականատիրոջ կողմից տրամադրված այդ համակարգի միջոցով Միացման համաձայնությունը չեղարկման ենթակա չէ՝ այդ թվում սեփականատիրոջ փոփոխման դեպքում։

33. Դիմումը Մատակարարին ներկայացվում է գրավոր՝ այդ թվում էլեկտրոնային եղանակով՝ այն ուղղելով Մատակարարի պաշտոնական կայքում տեղակայված էլեկտրոնային փոստի հասցեին:

34. Հանձնաժողովը Դիմող անձի և Մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով կարող է ընդունել Միացման վերաբերյալ անհատական որոշումներ՝ Մատակարարի կամ Դիմող անձի դիմումի (կից հիմնավորումներով) հիման վրա՝ վերջիններիս համաձայնության դեպքում։ Անհատական որոշումը չի կարող պարունակել խտրական մոտեցում նմանատիպ այլ դեպքերի համեմատությամբ։

35. Բնակավայրերի, փողոցների, թաղամասերի գազիֆիկացումն իրականացվում է Մատակարարի ներդրումային ծրագրի շրջանակում կամ համայնքի կողմից։ Համայնքի կողմից գազիֆիկացման պարագայում կառուցված գազատարի և Գազամատակարարման ցանցի ներմիացման աշխատանքները կատարվում են Մատակարարի վերահսկողությամբ և մասնակցությամբ, իսկ կառուցված Գազամատակարարման ցանցը հանդիսանում է համայնքի սեփականությունը, դրա շահագործման, սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները կատարվում են Մատակարարի կողմից՝ համայնքի հետ կնքված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի հիման վրա:

36.Բնակելի թաղամասերի, փողոցների, տարածքների կառուցապատման, առանձին շենքերի ու շինությունների վերակառուցման կամ այլ նախաձեռնության դեպքերում դրանցում գործող Գազի համակարգերի վերակառուցումը կատարվում է կառուցապատողի կամ նախաձեռնողի միջոցներով` Մատակարարի հետ համաձայնեցված նախագծով և նրա վերահսկողությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՄԻԱՑՈՒՄ ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

 

37. Սույն գլխով կարգավորվում են գազիֆիկացված բնակավայրերում, թաղամասերում, փողոցներում (այսուհետ՝ Գազիֆիկացված տարածք) գտնվող Դիմող անձանց Գազասպառման համակարգերի Միացման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ ավտոգազալիցքավորման ճնշակայանների կամ 100մ3 և ավելի ժամային սպառում ունեցող անձանց:

38.Գազիֆիկացված տարածքում Միացումն իրականացվում է Միացման պայմանագրով։ Միացմանն ուղղված աշխատանքներն իրականացնում է Մատակարարը, իսկ դրանց արդյունքում ստեղծված հիմնական միջոցները (գույքը) հանդիսանում են վերջինիս սեփականությունը։ Գազիֆիկացված տարածքում Միացման համար Դիմող անձը Մատակարարին վճարում է Միացման վճար։

39.Բնակչության դեպքում մինչև 5.0 գծամետր երկարությամբ գազատարի կառուցման դեպքում Միացման պայմանագիր չի կնքվում, և Մատակարարը Դիմումը ստանալուց հետո, եթե բացակայում են ԳՄՕԿ-ի 42-րդ կետով նախատեսված Դիմումի մերժման հիմքերը, 20 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է Միացումը՝ ԳՄՕԿ-ի 57-րդ կետով նախատեսված կարգով ծանուցելով Դիմող անձին, ինչից հետո վերջինիս հետ ԳՄՕԿ-ի 8-րդ գլխով սահմանված կարգով կարող է կնքվել Պայմանագիր։

40.Մատակարարը, Դիմումն ստանալուց հետո, եթե բացակայում են ԳՄՕԿ-ի 42-րդ կետով նախատեսված Դիմումի մերժման հիմքերը, ԳՄՕԿ-ի 41-րդ կետում սահմանված ժամկետներում`

1) մշակում է Տեխնիկական պայմանները.

2) հաշվարկում է Միացման վճարը.

3) Դիմող անձին է ներկայացնում միակողմանի կնքված Միացման պայմանագրի երկու օրինակ։

41. Դիմումն ստանալու օրվանից մինչև Դիմող անձին միակողմանի կնքված Միացման պայմանագիր ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել`

1) 15 աշխատանքային օրը, եթե Դիմող անձը կենցաղային սպառում ունեցող անձ է.

2) 20 աշխատանքային օրը, եթե Դիմող անձը ոչ կենցաղային սպառում ունեցող անձ է.

3) 30 աշխատանքային օրը, եթե Դիմող անձը նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ թաղամասի կառուցապատող է:

42. Դիմումի՝ ԳՄՕԿ-ին անհամապատասխանության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ Դիմող անձի Միացումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, Մատակարարը դիմումը ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում մերժում է այն՝ համապատասխան գրավոր հիմնավորումներով:

43. Դիմող անձը Մատակարարից միակողմանի կնքված Միացման պայմանագիրը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Միացման պայմանագրի մեկ օրինակը` կցելով Միացման պայմանագրում ամրագրված Միացման վճարի 80 տոկոսի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը, ինչը Մատակարարի կողմից ստանալուց հետո Միացման պայմանագիրը համարվում է կնքված։ Դիմող անձի կողմից Միացման պայմանագիրն ստանալու օրվանից 30 օրյա ժամկետում դրա ստորագրված օրինակն ու Միացման վճարի 80 տոկոսի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը Մատակարարին չներկայացվելու դեպքում Միացման պայմանագրի կնքման առաջարկությունը համարվում է չընդունված:

44. Դիմող անձը Միացման վճարի կամ դրա մի մասի վճարման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է գրավոր պահանջել Մատակարարից վերադարձնել այն։ Նշված ժամկետի ավարտից հետո վճարված գումարը Դիմող անձի պահանջի դեպքում վերադարձման ենթակա է միայն Միացման պայմանագրի համաձայն Միացման աշխատանքների կատարմանն ուղղված Մատակարարի կրած փաստացի ծախսերի հատուցման պայմանով՝ պահանջի պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն կետի համաձայն՝ վճարված գումարի վերադարձման դեպքում Մատակարարը լուծում է Միացման պայմանագիրը։

45. Միացման վճարի մեծությունն ընդունվում է հավասար Միացման աշխատանքների, ներառյալ դրա Տեխնիկական պայմանների մշակման, խոշորացված նախահաշվի կազմման, նախագծման, կառուցման և կարգաբերման, Գազամատակարարման ցանցի ընդլայնման, Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման համար աշխատանքների խոշորացված նախահաշվի արժեքին։

46. Միացման վճարը ենթակա է ճշգրտման՝ ելնելով Միացման աշխատանքների համար անհրաժեշտ փաստացի կատարված աշխատանքների արժեքից:

47. Ճշգրտված Միացման վճարի և վճարված գումարի դրական տարբերությունը Դիմող անձի կողմից ենթակա է վճարման մինչև Պայմանագրի կնքման նպատակով Մատակարարին դիմելը, իսկ բացասական տարբերությունը Մատակարարի կողմից ենթակա է վերադարձման Դիմող անձին՝ ԳՄՕԿ-ի 57-րդ կետում նշված ծանուցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

48. Գազիֆիկացված բազմաբնակարան շենքերում գտնվող տարածքների Միացման դեպքում Միացման պայմանագիր չի կնքվում և Միացման վճար չի գանձվում: Նշված պարագայում կողմերն առաջնորդվում են ԳՄՕԿ-ի 8-րդ գլխով սահմանված ընթացակարգերով։

49. Եթե Մատակարարը, ելնելով Գազամատակարարման ցանցի հետագա հեռանկարային զարգացման անհրաժեշտությունից, նախատեսում է կառուցել Դիմող անձի Միացման համար անհրաժեշտ հարաչափերը գերազանցող Գազամատակարարման ցանց, ապա այդ մասով Մատակարարի կողմից կատարվելիք ծախսերը Միացման վճարի հաշվարկում չեն ներառվում:

50.Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքում հրապարակել Միացման ծախսային հնարավոր բոլոր բաղադրիչների համար կիրառվող գները, որոնք կիրառելի են միայն Մատակարարի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո:

51. Պայմանագիր կնքելու օրվանից Մատակարարը Միացման վճարը ձևակերպում է որպես տվյալ Միացման կետում սպառվելիք Բնական գազի արժեքի դիմաց կանխավճար, որը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է տվյալ հասցեի Հաշվառման կետում (կետերում) Բաժանորդին (անկախ հետագայում Բաժանորդի փոփոխությունից) մատակարարված Բնական գազի արժեքից` Բաժանորդի կողմից տվյալ ամսում սպառված Բնական գազի արժեքի (առանց ԱԱՀ) հինգ տոկոսի չափով՝ մինչև դրա ամբողջական մարումը։

52. Նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի Միացման դեպքում Միացման վճարի գումարը հավասարաչափ բաշխվում է շենքի շահագործման հանձնման պահին առկա Միացման կետերի միջև և ձևակերպվում է յուրաքանչյուր Միացման կետի համար Պայմանագիր կնքած անձի համար տվյալ կետում սպառվելիք Բնական գազի արժեքի դիմաց կանխավճար:

53. Բազմաբնակարան շենքերի կամ թաղամասերի կառուցապատողների կողմից բնակարանները կամ բնակելի տներն այլ անձանց օտարելու դեպքում կառուցապատողների վճարած Միացման վճարի գումարը ձևակերպվում է բնակարանը կամ բնակելի տունը կառուցապատողից ձեռք բերած անձի հաշվին, եթե վերջինս օրենքով սահմանված կարգով կնքել է կառուցապատողի հետ Միացման վճարի համապատասխան մասի նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագիր, որի վերաբերյալ կառուցապատողը պայմանագիրը կնքելու պահից մեկամսյա ժամկետում պարտավոր է ծանուցել Մատակարարին՝ ներկայացնելով այդ պայմանագրի պատճենը:

54. Միացման վճարի արդյունքում ձևավորված կանխավճարն այլ եղանակով վերադարձման կամ փոխհատուցման ենթակա չէ, այդ թվում` նույն Բաժանորդի այլ Միացման կետում մատակարարված Բնական գազի արժեքից նվազեցման միջոցով:

55. Այն պարագայում, երբ կառուցվող Գազամատակարարման ցանցի ուղեգծի հաստատման և համապատասխան թույլտվությունների ստացման փուլում փոփոխվում են Միացման վճարի հաշվարկման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը կամ տեխնիկական հարաչափերը, որոնք հանգեցնում են Միացման պայմանագրով ամրագրված Միացման վճարի ավելի քան 20 տոկոսով ավելացման, Մատակարարը, այդ փոփոխությունների մասին տեղեկանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ԳՄՕԿ-ի 9-րդ գլխի համաձայն կազմում է Միացման պայմանագրում Միացման վճարի փոփոխության վերաբերյալ միակողմանի ստորագրված լրացուցիչ համաձայնագիր՝ 2 օրինակից և ներկայացնում Դիմող անձին։ Դիմող անձը լրացուցիչ համաձայնագիրն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստորագրված մեկ օրինակը վերադարձնում է Մատակարարին՝ կցելով Միացման վճարի ավելացած մասի 80 տոկոսի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը։ Առաջարկն ստանալու պահից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, Դիմող անձի կողմից ստորագրած համաձայնագրի և վճարումը հավաստող փաստաթղթի օրինակը Մատակարարի կողմից փաստացի չստանալու դեպքում վերջինս լուծում է Միացման պայմանագիրը, որի պարագայում Միացման վճարի արդեն իսկ վճարված մասը Միացման պայմանագիրը լուծվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է վերադարձման:

56. ԳՄՕԿ-ի 55-րդ կետով սահմանված կարգով Միացման պայմանագիրը համարվում է փոփոխված՝ Դիմող անձի կողմից նույն կետում նշված համաձայնագրի ստորագրված մեկ օրինակը և Միացման վճարի ավելացած մասի 80 տոկոսի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը Մատակարարի կողմից ստանալու պահից:

57. Մատակարարը Միացման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումից հետո այդ աշխատանքների ավարտի մասին ծանուցում է Դիմող անձին՝ ծանուցման մեջ նշելով Միացման աշխատանքների ավարտի ամսաթիվը, ինչպես նաև Պայմանագրի կնքման համար ԳՄՕԿ-ի համաձայն ակցեպտ և պահանջվող փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում, Միացման պայմանագրի կնքման, իսկ ԳՄՕԿ-ի 55-րդ կետի համաձայն Միացման պայմանագրի փոփոխման դեպքում դրա փոփոխման պահից մինչև սույն կետին համապատասխան ծանուցում ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել`

1) 30 աշխատանքային օրը, եթե Դիմող անձը կենցաղային սպառում ունեցող անձ է.

2) 90 աշխատանքային օրը, եթե Դիմող անձը ոչ կենցաղային սպառում ունեցող անձ է.

3) 120 աշխատանքային օրը, եթե Դիմող անձը նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ թաղամասի կառուցապատող է:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՄԻԱՑՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

 

58.Չգազիֆիկացված բնակավայրերում գտնվող Գազասպառման համակարգերը, կամ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս գտնվող Գազասպառման համակարգերը կամ ավտոգազալիցքավորման ճնշակայանների կամ 100մ3 և ավելի ժամային սպառում ունեցող Բաժանորդների Գազասպառման համակարգերը Գազամատակարարման ցանցին միացվում են Տեխնիկական պայմանների հիման վրա, իսկ Միացման աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծված հիմնական միջոցները (գույքը) հանդիսանում են Դիմող անձի սեփականությունը (այսուհետ՝ Տեխնիկական պայմաններով միացում):

59.Տեխնիկական պայմաններով միացման դեպքում Միացման աշխատանքներն իրականացվում են Դիմող անձի միջոցների հաշվին` օրենսդրության համաձայն համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից: Միացման աշխատանքները կատարվում են Մատակարարի հետ համաձայնեցված նախագծով` տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի ու կանոնների պահանջներին համապատասխան։

60. Դիմումի ներկայացումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարը տրամադրում է Տեխնիկական պայմանները կամ համապատասխան հիմնավորումներով գրավոր մերժում է դրանց տրամադրումը, եթե Դիմումը, այդ թվում՝ ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները չեն համապատասխանում ԳՄՕԿ-ի պահանջներին կամ Տեխնիկական պայմանների տրամադրումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին։

61. Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի։ Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը Մատակարարն իրավասու է երկարաձգել մեկ տարով՝ այդ մասին Դիմող անձի՝ մինչև Տեխնիկական պայմանների գործողության ժամկետի ավարտը ներկայացրած դիմումի հիման վրա: Տեխնիկական պայմանների երկարաձգման դիմումի մերժման դեպքում Մատակարարը ներկայացնում է մերժման պատճառները և հիմնավորումները։

62. Գազասպառման համակարգի առանձնահատկություններով պայմանավորված (չընդհատվող արտադրական ցիկլով աշխատող կազմակերպություններ, ջերմոցներ և այլն) և Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում Տեխնիկական պայմաններով կարող է առաջարկվել որոշակի ժամկետով այլընտրանքային վառելիքի պաշար ունենալու անհրաժեշտություն:

63.Տեխնիկական պայմաններով միացման դեպքում Գազասպառման համակարգի Միացման նախագիծը համաձայնեցվում է Մատակարարի հետ։ Մատակարարը ներկայացված նախագծի վերաբերյալ իր գրավոր դիրքորոշումը հայտնում է ոչ ուշ, քան նախագիծը ստանալուց հետո՝

1) 5-օրյա ժամկետում՝ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների դեպքում.

2) 10-օրյա ժամկետում` III ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների դեպքում.

3) 15-օրյա ժամկետում՝ IV ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների դեպքում:

64. Մատակարարը ԳՄՕԿ-ի 63-րդ կետի համաձայն իրեն ներկայացված նախագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում հայտնելու պարագայում ներկայացնում է համապատասխան հիմնավորումները։

65.Միացման աշխատանքները սույն գլխով նախատեսված ընթացակարգով ավարտելուց հետո Դիմող անձի հետ ԳՄՕԿ-ի 8-րդ գլխով սահմանված կարգով կարող է կնքվել Պայմանագիր։

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

 

66. Գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման (այդ թվում՝ առկա համակարգերի փոփոխության) աշխատանքներն իրականացվում են Դիմող անձի միջոցների հաշվին` օրենսդրության համաձայն համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից։

67. Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների դեպքում ԳՄՕԿ-ի 66-րդ կետում նշված աշխատանքներն իրականացվում են Մատակարարի հետ համաձայնեցված նախագծի հիման վրա, որին պետք է կցվի ծխաօդատար ուղիների պիտանելիության ակտը։

68. Մատակարարը, ԳՄՕԿ-ի 67-րդ կետի համաձայն իրեն համաձայնեցման ներկայացված նախագծի վերաբերյալ իր գրավոր դիրքորոշումը հայտնում է ոչ ուշ քան այն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Բացասական դիրքորոշման դեպքում ներկայացվում են նաև մերժման հիմքերը։

69. Գազասպառման համակարգերի Տեխնիկական պայմանները կարող են փոփոխվել միայն կողմերի փոխհամաձայնությամբ` հետևյալ պայմաններով.

1) Մատակարարի նախաձեռնությամբ Գազամատակարարման ցանցում կատարված փոփոխությունների հետևանքով Բաժանորդների Գազասպառման համակարգերում փոփոխությունների կատարման ծախսերը կատարում է Մատակարարը.

2) Բաժանորդի նախաձեռնությամբ Գազասպառման համակարգի, այդ թվում` Հաշվառման կամ Սահմանազատման կետի, ինժեներական կառույցների փոփոխությունների (վերատեղադրում, վերակառուցում, կարգաբերում և այլն), Հաշվառքի սարքերի վերահավաքակցման համար անհրաժեշտ ծախսերը կատարում է Բաժանորդը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ

 

70. Պայմանագիրը հրապարակային է, որը կնքվում է Բաժանորդի կողմից Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան ներկայացված ակցեպտի հիման վրա և ուժի մեջ է մտնում Մատակարարի կողմից ակցեպտը հաստատվելու պահից։

71. Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով՝ բացառությամբ ԳՄՕԿ-ով նախատեսված դեպքերի։

72. Ակցեպտը Մատակարարին ներկայացվում է գրավոր ձևով՝ թղթային փաստաթղթի տեսքով (ձեռագիր ստորագրությամբ), կամ էլեկտրոնային հաղորդակցության այնպիսի միջոցով, որը հնարավորություն է տալիս Մատակարարին հաստատելու դրա իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է Բաժանորդից, այդ թվում՝ Բաժանորդի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված տեսքով կամ Բաժանորդի կողմից նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեից՝ անկախ էլեկտրոնային թվային ստորագրության առկայությունից։

73. Ակցեպտին կից Բաժանորդի դեպքում ենթակա է ներկայացման՝

1) անձը հաստատող փաստաթղթի պատճեն՝ Բնակիչ-բաժանորդի դեպքում.

2) գազամատակարարվող տարածքի՝ շենքի, շինության նկատմամբ Բաժանորդի իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթուղթ, բացառությամբ ԳՄՕԿ-ի 76-րդ կետով նախատեսված դեպքի.

3) ճշգրտված Միացման վճարի և վճարված կանխավճարի տարբերության վճարումը հավաստող փաստաթուղթ՝ Միացման պայմանագրով միացած Բաժանորդի դեպքում.

4) օրենսդրությամբ սահմանված դեպքերում` արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականի կամ լիազորված մարմնի կողմից տրված Գազասպառման համակարգի գործարկման եզրակացության պատճենը.

5) բնակչության և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների առաջին անգամ Բաժանորդ դառնալու դեպքում՝ Գազասպառման համակարգի կառուցման ավարտը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր, որոնց ցանկը և ձևերը տեղակայված են Մատակարարի պաշտոնական կայքում։

74. Ակցեպտի վերադարձման՝ ԳՄՕԿ-ի 75-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում Մատակարարն ակցեպտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հաստատում է այն և Բաժանորդին տեղեկացնում Պայմանագիրը կնքված լինելու մասին:

75. Մատակարարը ԳՄՕԿ-ի 74-րդ կետով սահմանված ժամկետում համապատասխան գրավոր հիմնավորումներով վերադարձնում է ակցեպտը Բաժանորդին, եթե՝

1) ներկայացված ակցեպտը չի համապատասխանում Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին կամ ԳՄՕԿ-ի պահանջներին.

2) Բաժանորդին Բնական գազի մատակարարումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին.

3) Գազասպառման համակարգը կառուցված է քաղաքաշինական նորմերի և այլ իրավական ակտերի պահանջներին ոչ համապատասխան՝ բացառությամբ բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների.

4) բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների Գազասպառման համակարգը կառուցված է Մատակարարի հետ համաձայնեցված նախագծին ոչ համապատասխան։

76. Այն պարագայում, երբ գազամատակարարվող տարածքի՝ շենքի, շինության նկատմամբ իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող ստանալ պետական գրանցում, քանի դեռ կարգաբերման աշխատանքների համար Բնական գազ չի մատակարարվում, Պայմանագիրը կնքվում է այդ փաստաթղթի փոխարեն ներկայացնելով տարածքի շինարարության թույլտվության պատճենը և Գազասպառման համակարգում օգտագործվող հզորությունների հիման վրա Մատակարարի կողմից հաշվարկված՝ մեկ ամսվա Բնական գազի կանխավճարի վճարումը հավաստող փաստաթուղթը։ Պայմանագրի կնքման պահից մեկամսյա ժամկետում գազամատակարարվող տարածքի՝ շենքի, շինության նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում Պայմանագիրը լուծվում է։

77. Պայմանագրի կնքումից անմիջապես հետո Մատակարարը ԳՄՕԿ-ի 160-րդ կետին համապատասխան Բաժանորդի համար բացում և վարում է էլեկտրոնային հաշվառման քարտ՝ իր համարանիշով, վերջինիս տրամադրելով հաշվառման քարտի համարը և դրա տվյալներին հասանելիությունն ապահովող անձնական էջի մուտքանունը և ծածկագիրը։

78. Մատակարարը Պայմանագրի կնքումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Բաժանորդի կողմից ավելի ուշ ժամկետ չի նշվում, իրականացնում է ներմիացման աշխատանքները (անհրաժեշտության դեպքում) և ապահովում Բաժանորդին գազամատակարարմամբ (դրա հնարավորությամբ):

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

79. Կողմերի համաձայնությամբ Միացման պայմանագրում և Պայմանագրում, այդ թվում՝ ակցեպտում (այսուհետ՝ Պայմանագրեր) փոփոխություններ կարող են կատարվել գրավոր՝ պայմանով, որ չեն հակասի Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

80. Հանձնաժողովի կողմից Պայմանագրերի նոր օրինակելի ձևեր հաստատվելու կամ դրանցում փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում կնքված Պայմանագրերը Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից համարվում են նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված:

81. ԳՄՕԿ-ի 80-րդ կետի համաձայն Պայմանագրերի նոր օրինակելի ձևերի հաստատման կամ դրանցում կատարված փոփոխությունների մասին Մատակարարը ծանուցում է Բաժանորդներին և Դիմող անձանց՝ Հանձնաժողովի սահմանած կարգով և ժամկետում:

82. Պայմանագրերը լուծվում են՝

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Դիմող անձի (Բաժանորդի) կողմից միակողմանի` այդ մասին Մատակարարին տեղեկացնելու, ինչպես նաև մատակարարված Բնական գազի և մատուցված ծառայության դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) Մատակարարի կողմից միակողմանի՝

ա. բնակիչ Դիմող անձի (Բաժանորդի) մահվան, իրավաբանական անձ Դիմող անձի (Բաժանորդի) լուծարման դեպքում.

բ. Միացման պայմանագրի կնքման մերժման կամ ակցեպտի վերադարձման՝ ԳՄՕԿ-ով նախատեսված հիմքերի բացահայտման դեպքում.

գ. գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի դեպքում, եթե Դիմող անձը (Բաժանորդը) չունի ԳՄՕԿ-ով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ՝ Դիմող անձին (Բաժանորդին) նախապես տեղեկացնելու պայմանով, բացառությամբ ԳՄՕԿ-ի 84-րդ կետով նախատեսված դեպքի.

դ. ԳՄՕԿ-ի համաձայն կնքված ժամանակավոր Պայմանագրերի գործողության ժամկետի ավարտվելու դեպքում՝ այդ մասին Դիմող անձին (Բաժանորդին) նախապես տեղեկացնելու պայմանով.

ե. օրենքով, ԳՄՕԿ-ով, Պայմանագրերով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ այդ մասին Դիմող անձին (Բաժանորդին) նախապես տեղեկացնելու պայմանով:

83. Միացման պայմանագրի լուծման դեպքում Մատակարարը և Դիմող անձը իրականացնում են Միացման վճարի վերջնահաշվարկ՝ հաշվի առնելով փաստացի կատարված ծախսերը՝ բացառությամբ ԳՄՕԿ-ի 55-րդ կետով նախատեսված դեպքի։

84. Գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում ԳՄՕԿ-ի 82-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն Պայմանագրերի լուծման հարցը որոշվում է վեճն օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո։

85. Այն պարագայում, երբ գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճը ծագել է կամ դրա առկայության մասին Մատակարարը տեղեկացել է ԳՄՕԿ-ի 82-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն Պայմանագրերի լուծումից և նոր իրավատիրոջ հետ Պայմանագրերի կնքումից հետո, վեճի առկայության մասին Մատակարարի տեղեկանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում նոր կնքված Պայմանագրերի գործողությունը համարվում է կասեցված և նախկին Բաժանորդի հետ նախկին պայմաններով կնքված են համարվում ժամանակավոր Պայմանագրեր՝ մինչև վեճի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական լուծումը, ինչի վերաբերյալ նույն ժամկետում Մատակարարը տեղեկացնում է կողմերին։

86. Պայմանագրերի փոփոխումը կամ լուծումը կողմերին չի ազատում մինչ այդ դրանով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՓՈԽԱՐԻՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

87. Բնական գազի հաշվառմանը ներկայացվող պահանջները նպատակ ունեն ապահովել առևտրային հաշվառման ամբողջականությունը, անընդհատությունը, թափանցիկությունը և միասնականությունը։

88. Բնական գազի առևտրային հաշվառումն իրականացնում է Մատակարարը՝ ԳՄՕԿ-ով սահմանված կարգով։

89. Հաշվառքի սարքին ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՄՕԿ-ով և ոլորտը կարգավորող իրավական ակտերով։

90. Յուրաքանչյուր Հաշվառման կետ պետք է կահավորված լինի Հաշվառքի սարքով։

91. Բաժանորդը Մատակարարին տրամադրում է մուտքի իրավունք իր տարածք՝ Հաշվառքի սարքերի հետ կապված ԳՄՕԿ-ով սահմանված գործողությունների կատարման համար։ Մատակարարը Բաժանորդի տարածք մուտք գործելու համար վերջինիս պատշաճ տեղեկացնում է ոչ պակաս, քան 24 ժամ առաջ, բացառությամբ ԳՄՕԿ-ով սահմանված դեպքերի։ Մատակարարը Բաժանորդի հետ համաձայնեցնում է այդ գործողությունների կատարման ժամկետը: Բաժանորդի տարածք մուտք գործելու համար Մատակարարի ներկայացուցիչը Բաժանորդին ներկայացնում է իր լիազորությունները հավաստող լուսանկարով վկայականը: Բաժանորդի տարածքում Հաշվառքի սարքերի հետ կապված գործողությունները կատարվում են վերջինիս ներկայացուցչի մասնակցությամբ: Մուտքի կրկնակի անհիմն մերժման դեպքում Մատակարարն իրավունք ունի ԳՄՕԿ-ի համաձայն նախապես տեղեկացնելով Բաժանորդին՝ դադարեցնել (սահմանափակել) վերջինիս գազամատակարարումը։

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ, ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

 

92. Առևտրային հաշվառքի սարքը հնարավորության դեպքում տեղակայվում է անհատական արկղում կամ շինությունում, այնպես, որ ապահովի Հաշվառքի սարքի ցուցմունքի (գրանցված ծախսի) տեսանելիությունը: Նշված արկղը կամ շինության մուտքը ենթակա է կնքման Մատակարարի կողմից: Բաժանորդը ևս իրավունք ունի կնքել արկղը կամ շինության մուտքը։

93. Վերստուգիչ հաշվառքի սարքը կարող է տեղադրվել ինչպես Մատակարարի, այնպես էլ Բաժանորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի միջոցների հաշվին։ Մատակարարը Վերստուգիչ հաշվառքի սարքը կարող է տեղադրել Բաժանորդի Գազասպառման համակարգի հատվածում, եթե վերջինս համաձայն է, իսկ անհամաձայնության դեպքում՝ Գազամատակարարման ցանցի հատվածում: Կողմերից որևէ մեկը իրավունք չունի մերժել հաշվառման քարտում Վերստուգիչ հաշվառքի սարքի ամրագրումը: Վերստուգիչ հաշվառքի սարքի արկղը կարող է կնքվել ինչպես Մատակարարի, այնպես էլ Բաժանորդի կողմից։ Վերստուգիչ հաշվառքի սարքի վերանորոգման և ստուգաչափման ծախսերը իրականացվում է սեփականատիրոջ միջոցներով։

94. Հաշվառքի սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ նվազագույնի հասցվի դրանց մեխանիկական վնասվածքների կամ միջավայրի վնասակար ազդեցության հնարավորությունը և կողմնակի անձանց (արտաքին) միջամտության հնարավորությունը Հաշվառքի սարքի Միացման սխեմային և դրա աշխատանքին։

95. Առևտրային հաշվառքի սարքերի շահագործման ընթացքում դրանց ամբողջականության, պահպանման ծախսերը և պահպանման պատասխանատվությունը կրում է Բաժանորդը, եթե վերջինս բազմաբնակարան շենքում գտնվող Բաժանորդ չէ, Առևտրային հաշվառքի սարքը տեղակայված է Բաժանորդի սեփականությունը հանդիսացող կամ տնօրինվող տարածքներում և այդ մասին նշված է հաշվառման քարտում։

96. Բաժանորդի Գազասպառման համակարգում շահագործվող սարքավորումների և Առևտրային հաշվառքի սարքի համապատասխանության գնահատման նպատակով Մատակարարը իրավունք ունի Բաժանորդին նախապես, ոչ ուշ քան 2 օր առաջ պատշաճ ձևով ծանուցելով համատեղ իրականացնել ժամանակաչափման աշխատանքներ։

97. Ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի կողմից Բնական գազի սպառման պայմանների կամ ծախսային ռեժիմների փոփոխությամբ պայմանավորված Առևտրային հաշվառքի սարքերի տեսակի կամ տիպաչափի փոփոխության դեպքում Առևտրային հաշվառքի սարքը կարող է փոխարինվել ինչպես Բաժանորդի, այնպես էլ Մատակարարի նախաձեռնությամբ:

98. Ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի համար նախատեսված Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման ծախսերը կրում է Բաժանորդը: Կենցաղային սպառում ունեցող բաժանորդների համար նախատեսված Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման ծախսերը բոլոր դեպքերում կրում է Մատակարարը, բացառությամբ Բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչների, որի ձեռքբերման ծախսերը կրում է նախաձեռնող կողմը: Շահագործվող Առևտրային հաշվառքի սարքերի հետ համատեղելի էլեկտրոնային ճշտիչների տեսակների և արտադրող կազմակերպությունների ցանկը Մատակարարը հրապարակում է իր պաշտոնական կայքում։ Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման, փոխարինման, սպասարկման և նորոգման ծախսերը (բացառությամբ ԳՄՕԿ-ի 107-րդ կետով նախատեսված դեպքերի)՝ անկախ դրա պատկանելությունից կրում է Մատակարարը։

99. Կենցաղային սպառում ունեցող Բաժանորդը Առևտրային հաշվառքի սարքը էլեկտրոնային ճշտիչով համալրելու համար դիմում է ներկայացնում ինչպես Մատակարարին, այնպես էլ էլեկտրոնային ճշտիչ արտադրող կազմակերպություններից որևէ մեկին: Նշված կազմակերպությունը Բաժանորդի հետ Առևտրային հաշվառքի սարքը էլեկտրոնային ճշտիչով համալրելու պայմանագիր է կնքում և դիմում Մատակարարին ներկայացնելով պայմանագիրը համապատասխան Հաշվառքի սարք տրամադրելու համար: Էլեկտրոնային ճշտիչով համալրված Առևտրային հաշվառքի սարքը կազմակերպության կողմից Մատակարարին վերադարձնելուց հետո ոչ ուշ քան 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարը փոխարինում է Բաժանորդի Գազասպառման համակարգում տեղակայված Առևտրային հաշվառքի սարքը:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄ (ՓՈԽԱՐԻՆՈՒՄ)

 

100. Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափումը (փոխարինումը) կարող է իրականացվել ինչպես Բաժանորդի, այնպես էլ Մատակարարի նախաձեռնությամբ: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությունը փաստվում է Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափման արդյունքների վերաբերյալ փորձագիտական եզրակացության հիման վրա՝ Առևտրային հաշվառքի սարքի հերթական կամ արտահերթ ստուգաչափման արդյունքում:

101. Մատակարարը Առևտրային հաշվառքի սարքի հերթական ստուգաչափումն իրականացնում է՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում:

102. Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման (այդ թվում նորի տեղակայման) ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ պատշաճ ձևով ծանուցել Բաժանորդին: Մատակարարն իրավունք ունի Առևտրային հաշվառքի սարքն ապահավաքակցել առանց Բաժանորդին նախապես ծանուցելու, եթե հայտնաբերել է, որ Բաժանորդը Բնական գազը սպառում է Առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտմամբ: Նման դեպքում Մատակարարը Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման մասին Բաժանորդին պարտավոր է պատշաճ ձևով ծանուցել անմիջապես՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, և ներկայացնել Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման իր հիմնավորումները:

103. Բաժանորդն իրավունք ունի Մատակարարին նախապես տեղեկացնելու միջոցով պահանջել, որ Մատակարարը Առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ՝ դրա ստուգաչափումը (փոխարինումը) և ապահավաքակցումը իրականացնի իր ներկայությամբ՝ նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ քան Մատակարարի նշած ժամկետից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետում Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափմանը (փոխարինմանը) կամ ապահավաքակցմանը այդ մասին պատշաճ ձևով ծանուցված Բաժանորդի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են նրա բացակայությամբ:

104. Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման դեպքում Մատակարարը`

1) ԳՄՕԿ-ի 102-րդ կետով սահմանված կարգով տեղեկացնում է Բաժանորդին.

2) կազմում է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի (գրանցված ծախսի), դրա ամբողջականության կամ վնասված լինելու մասին արձանագրություն (ակտ), որը ստորագրում են Մատակարարը և Բաժանորդը: Արձանագրության (ակտի) որևէ դրույթին Բաժանորդի անհամաձայնության դեպքում այդ մասին արձանագրությունում (ակտում) կատարվում է համապատասխան նշում` նկարագրելով անհամաձայնության պատճառները: Արձանագրությունը (ակտը) կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար: Բաժանորդի չներկայանալու դեպքում Մատակարարը արձանագրությանը (ակտին) կցում է Բաժանորդին ծանուցելու մասին հաստատող փաստաթուղթը և արձանագրության (ակտի) մեջ կատարում համապատասխան նշում՝ Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը չներկայանալու մասին.

3) Առևտրային հաշվառքի սարքերի ստուգաչափման դեպքում Մատակարարը տեղակայում է իր սեփականությունը հանդիսացող այլ համարժեք Առևտրային հաշվառքի սարք, բացառությամբ RG տիպի Առևտրային հաշվառքի սարքերի, որի տվյալներն ամրագրվում են հաշվառման քարտում։ Այն դեպքում, երբ Առևտրային հաշվառքի սարքը հանդիսանում է Բաժանորդի սեփականությունը, ապա Մատակարարն իր սեփականությունը հանդիսացող համարժեք Առևտրային հաշվառքի սարքը տեղակայում է ժամանակավոր՝ մինչև Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափումը:

105. Հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը, իսկ Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 35 աշխատանքային օրվա ընթացքում՝ առձեռն կամ պատվիրված նամակով Բաժանորդին ներկայացնել հերթական կամ արտահերթ ստուգաչափման դեպքում Բաժանորդին մատակարարված Բնական գազի վերահաշվարկին առնչվող ամբողջ տեղեկատվությունը։

106. Մատակարարը պարտավոր է Բաժանորդից Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման վերաբերյալ գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահավաքակցել Առևտրային հաշվառքի սարքը՝ առնվազն 1 օր առաջ Բաժանորդին պատշաճ ձևով ծանուցելուց հետո:

107. Բաժանորդը երկու տարվա ընթացքում Մատակարարին մեկից ավելի անգամ Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում, երբ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ չի հաստատվել Առևտրային հաշվառքի սարքի խախտում, ինչպես նաև եթե ստուգաչափման արդյունքում վերահաշվարկ է կատարվում ԳՄՕԿ-ի 134-րդ կետի համաձայն, ապա Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված ծախսերը կրում է Բաժանորդը:

108. Սույն գլխում ամրագրված դրույթները չեն սահմանափակում Բաժանորդի իրավունքը՝ Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրելու Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման իրավունք ունեցող այլ կազմակերպությունների: Նման դեպքում Մատակարարը պարտավոր է ապահովել սույն կետով սահմանված Բաժանորդի իրավունքը, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

1) Մատակարարը Բաժանորդի գրավոր դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդի հետ համատեղ ապահավաքակցում, փաթեթավորում և կնքված տեսքով Բաժանորդին է հանձնում Առևտրային հաշվառքի սարքը՝ այն ժամանակավորապես փոխարինելով այլ՝ համարժեք Առևտրային հաշվառքի սարքով։ Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը Բաժանորդի չներկայանալու դեպքում Մատակարարը կազմում է Բաժանորդի չներկայանալու մասին արձանագրություն: Այդ դեպքում Առևտրային հաշվառքի սարքը չի ապահավաքակցվում.

2) Բաժանորդը ոչ ուշ, քան ապահավաքակցմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարին է վերադարձնում ստուգաչափված և Չափագիտական մարմնի կողմից վկայագրված (կնքված) Առևտրային հաշվառքի սարքը և դրա փորձաքննության արդյունքների մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացությունը, որը պետք է հաստատված լինի Չափագիտական մարմնի կողմից: Այն դեպքում, երբ ներկայացված փորձաքննական եզրակացությամբ փաստվել է Առևտրային հաշվառքի սարքի խախտում, Մատակարարը ԳՄՕԿ-ի 14-րդ գլխով սահմանված կարգով կատարում է վերահաշվարկ․

3) Սույն կետով նախատեսված դեպքում Մատակարարն իրավունք ունի ներկա գտնվել Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափմանը (փորձաքննությանը): Եթե Մատակարարը ցանկություն է հայտնել մասնակցել Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափմանը (փորձաքննությանը), Բաժանորդը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ Մատակարարին ԳՄՕԿ-ով նախատեսված ծանուցման պատշաճ ձևերից որևէ մեկով ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման (փորձաքննության) ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված Մատակարարի ստուգաչափմանը չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ.

4) այն դեպքում, երբ Բաժանորդը 20 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարին չի վերադարձնում Առևտրային հաշվառքի սարքը, ապա Մատակարարն իրավունք ունի Բաժանորդի նկատմամբ կիրառելու տույժ՝ վերջին մեկ տարվա ընթացքում առավելագույն ծախս ունեցած ամսվա Բնական գազի արժեքի կրկնապատիկի չափով, իսկ այդ ժամանակահատվածում ծախս չունենալու դեպքում՝ դրան նախորդող տարվա առավելագույն ծախս ունեցած ամսվա Բնական գազի արժեքի կրկնապատիկի չափով: Եթե Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքը նոր է տեղադրված և դեռ Հաշվարկային ամիսը չի լրացել, ապա Բաժանորդի նկատմամբ տույժը հաշվարկվում է Առևտրային հաշվառքի սարքի փոխարինմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա Բնական գազի արժեքի կրկնապատիկի չափով: Միևնույն ժամանակ, Մատակարարն իրավունք ունի Բաժանորդից պահանջելու հասցված վնասի փոխհատուցում՝ ներառյալ Առևտրային հաշվառքի սարքի արժեքի, վերջինիս ապահավաքակցման հետ կապված և այլ ծախսերը:

109. Առևտրային հաշվառքի սարքի փոխարինման դեպքում Մատակարարն իրավունք ունի դադարեցնել Կենցաղային սպառում ունեցող Բաժանորդների գազամատակարարումը ոչ ավելի, քան 2 ժամ տևողությամբ, իսկ ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի դեպքում՝ ոչ ավելի, քան 6 ժամ։

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

ԲԱԺԱՆՈՐԴԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ, ՎՃԱՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԲԱԺԱՆՈՐԴԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ

 

110. Բաժանորդներին Հաշվարկային ամսում մատակարարված Բնական գազի քանակը որոշվում է վերջինիս Առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքների (գրանցված ծախսի) տարբերության միջոցով՝ բերված հաշվարկային ամսվա ժամանակահատվածի: Բաժանորդներին մատակարարված Բնական գազի քանակը ճշգրտվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաներով՝ բացառությամբ Բնակիչ-բաժանորդների և այն Կենցաղային սպառում ունեցող Բաժանորդներին մատակարարված Բնական գազի քանակից, որոնց Առևտրային հաշվառքի սարքը համալրված չէ Բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով:

111. Եթե Առևտրային հաշվառքի սարքը տեղակայված է Սահմանազատման կետից դուրս՝ Գազասպառման համակարգի հատվածում, ապա Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված Բնական գազի քանակին գումարվում է դրա տեղակայման և Սահմանազատման կետերի միջև առաջացած Բնական գազի տեխնոլոգիական անխուսափելի և վթարային կորուստների մեծությունը: Եթե Առևտրային հաշվառքի սարքը տեղակայված է Սահմանազատման կետից դուրս՝ Գազամատակարարման ցանցի հատվածում, ապա Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված Բնական գազի քանակից նվազեցվում է դրա տեղակայման և Սահմանազատման կետերի միջև առաջացած Բնական գազի տեխնոլոգիական անխուսափելի և վթարային կորուստների մեծությունը: Տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը հաշվարկվում է Հանձնաժողովի հետ համաձայնեցված` Բնական գազի բաշխման ցանցերում տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկայի համաձայն:

112. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը (գրանցված ծախսը) գրանցում է Մատակարարը` տվյալ Հաշվարկային ամսվա վերջին չորս կամ հաջորդ ամսվա առաջին երկու օրվա ընթացքում: Մատակարարը պարտավոր է Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը (գրանցված ծախսը) գրանցել նրա ներկայացուցչի մասնակցությամբ, եթե վերջինս ներկայացրել է գրավոր պահանջ: Այդ դեպքում Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը (գրանցված ծախսը) գրանցել Բաժանորդի ներկայացուցչի հետ համատեղ՝ փոխհամաձայնեցված ժամկետում՝ տվյալ Հաշվարկային ամսվա վերջին չորս կամ հաջորդ ամսվա առաջին երկու օրվա ընթացքում: Մատակարարն իրավունք ունի Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը (գրանցված ծախսը) գրանցել առանց Բաժանորդի ներկայացուցչի, եթե պատշաճ ձևով տեղեկացվելուց հետո վերջինս չի ներկայացել Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի (գրանցված ծախսի) գրանցմանը:

113. 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող Բաժանորդների դեպքում Մատակարարը և Բաժանորդը (պատասխանատու անձը) Հաշվարկային ամսվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում են մատակարարված Բնական գազի քանակի մասին երկկողմ ակտ: Այն դեպքում, երբ Բաժանորդը (պատասխանատու անձը) չի մասնակցում Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի (գրանցված ծախսի) գրանցմանը և սույն կետում նշված ակտի կազմմանը, ապա Մատակարարը կարող է ակտը կազմել միակողմանի, որը հիմք է հաշվարկային (վճարման) փաստաթուղթ ներկայացնելու համար: Բաժանորդի գրավոր դիմումի դեպքում` մատակարարված Բնական գազի քանակի մասին երկկողմ ակտ կարող է չկազմվել:

114. Հաշվարկային ամսում, երբ Առևտրային հաշվառքի սարքն աշխատել է իր չափման տիրույթից (Qmin-Qmax) դուրս, Բաժանորդին մատակարարված Բնական գազի քանակությունը հաշվարկվում է՝ եթե չափումը կատարվել է չափման տիրույթի ստորին սահմանից (Qmin) ցածր և չափման տիրույթի վերին սահմանից (Qmax) բարձր, ապա ծախսն ընդունվում է Մատակարարի և Բաժանորդի փոխադարձ համաձայնությամբ ընդունված տոկոսին հավասար, որը ամրագրվում է Բաժանորդի էլեկտրոնային հաշվառման քարտում: Ճնշման անկման սկզբունքով աշխատող Առևտրային հաշվառքի սարքերի դեպքում նվազագույն` Qmin և առավելագույն` Qmax մեծությունները որոշվում են հաշվարկային եղանակով` համաձայն չափումների մեթոդիկաների: Այլ սկզբունքով աշխատող Առևտրային հաշվառքի սարքերի համար նվազագույն` Qmin և առավելագույն` Qmax մեծությունները որոշվում են Առևտրային հաշվառքի սարքի անձնագրային տվյալների հիման վրա՝ համաձայն համապատասխանության սերտիֆիկատի:

115. Մատակարարը պարտավոր է

1) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, ժամը 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում, հայտարարել նախորդ Հաշվարկային ամսում Բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) Բնական գազի քանակի և Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրելու օրը.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ն իր հետ Պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ Հաշվարկային ամսում Բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) գազի քանակի և արժեքի Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքի մասին:

116. Նախորդ Հաշվարկային ամսում մատակարարված Բնական գազի դիմաց Բաժանորդներին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում ապահովել հետևյալ տեղեկատվության առկայությունը՝ Բաժանորդի անունը, ազգանունը, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն, հաշվառման քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները և դրանց գրանցման օրերը, Հաշվարկային ամսում մատակարարված Բնական գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրերով), սակագինը և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), առկա կանխավճարի չափը, նախորդ տարվա նույն ամսում մատակարարված Բնական գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրերով) պարտքի մնացորդը Հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը:

117. Բաժանորդի գրավոր դիմումի դեպքում, դիմումը ստանալուն հաջորդող Հաշվարկային ամսվանից սկսած՝ Մատակարարը յուրաքանչյուր ամիս, ԳՄՕԿ-ի 115-րդ կետով սահմանված ժամկետում փոստով՝ գրավոր կամ էլեկտրոնային փոստով ծանուցում է նախորդ Հաշվարկային ամսում մատակարարված Բնական գազի քանակի և արժեքի, հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է Բաժանորդը, իսկ էլեկտրոնային փոստով` իրականացվում է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է հաշվարկային (վճարման) փաստաթղթում առանձին տողով։

118. Բաժանորդը մատակարարված (վերահաշվարկած) Բնական գազի և Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքը պարտավոր է վճարել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում Մատակարարի կողմից հաշվարկային (վճարման) փաստաթուղթ ներկայացնելուց կամ տեղեկացված լինելուց հետո 7 օրվա ընթացքում։

119. Պայմանագիրը մեկից ավելի Սահմանազատման կետերի համար կնքելու դեպքում՝

1) Մատակարարն իրավունք ունի կազմել և ներկայացնել մեկ միասնական վճարման փաստաթուղթ բոլոր Սահմանազատման կետերի համար, ներկայացնելով առանձին տեղեկատվություն յուրաքանչյուր Սահմանազատման կետում մատակարարված Բնական գազի քանակի և վճարման ենթակա գումարի մասին.

2) Բաժանորդն իրավունք ունի կատարել վճարում մեկ միասնական փաստաթղթի հիման վրա ներկայացնելով առանձին տեղեկատվություն յուրաքանչյուր Սահմանազատման կետում սպառված Բնական գազի քանակի և վճարված գումարի մասին:

120. Բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում՝ եթե վերջինս ներկայացրել է Մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց, ապա Մատակարարը չպետք է դադարեցնի Բաժանորդի գազամատակարարումը: Եթե Բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա Մատակարարն իրավունք ունի դադարեցնել նրա գազամատակարարումը` ԳՄՕԿ-ի 139-րդ կետով սահմանված կարգով նախազգուշացնելուց հետո:

121. Բաժանորդը մատակարարված (վերահաշվարկած) Բնական գազի և Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքի դիմաց հաշվարկային (վճարման) փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր դիմում է Մատակարարին սխալն ուղղելու պահանջով: Մատակարարը Բաժանորդի դիմումն ստանալու օրվանից` 5, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության դեպքում` 10 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է քննարկել Բաժանորդի դիմումը և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Բաժանորդին։

122. Մատակարարը հաշվարկային (վճարման) փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր տեղեկացնում է Բաժանորդին։

123. Եթե Մատակարարը հաստատում է հաշվարկային (վճարման) փաստաթղթում Բաժանորդի կողմից հայտնաբերած սխալի փաստը կամ սխալը հայտնաբերվում է իր կողմից, ապա ուղղումը հաշվի է առնվում ընթացիկ ամսվա համար ներկայացվելիք հաշվարկային (վճարման) փաստաթղթում։

124. Հաշվարկային (վճարման) փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում Մատակարարը չպետք է դադարեցնի Բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված Բնական գազի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է հիմնավորի իր կողմից սպառված Բնական գազի վիճարկվող մասի արժեքը՝ հիմնավորումները գրավոր ներկայացնելով Մատակարարին:

125. Մատակարարը Կազմակերպություն-բաժանորդների կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում իրավունք ունի խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում վերջին խախտման վերացմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարելու կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի Կազմակերպություն-բաժանորդների նախորդ տարում օգտագործած Բնական գազի ծախս ունեցած ամիսների միջին ամսական արժեքի 50 տոկոսը: Կազմակերպություն-բաժանորդների կողմից առաջին խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը երրորդ անգամ կրկնվելու դեպքում Մատակարարն իրավունք ունի վերջին խախտման վերացմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում պահանջել վճարելու կանխավճար կամ ներկայացնել Մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի վերջին խախտմանը նախորդող 12 ամիսների ընթացքում Կազմակերպություն-բաժանորդների սպառած Բնական գազի առավելագույն ծախս ունեցած ամսվա արժեքը:

126. Մատակարարը իրավունք ունի ավտոմոբիլային գազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) և նախորդ օրացույցային տարվա ընթացքում ավելի քան երկու Հաշվարկային ամիս 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի Գազասպառման համակարգի տեղակայման տարածքը վարձակալած կամ սեփականության իրավունքից տարբերվող իրավունքով օգտագործող ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի պահանջել հաշվարկային ամսվա ընթացքում վճարելու կանխավճար՝ արդեն իսկ մատակարարված Բնական գազի արժեքի չափով, սակայն ոչ ավելի հաճախ, քան 10 օրը մեկ անգամ:

127. Մատակարարն իրավունք չունի, բացառությամբ ԳՄՕԿ-ի 125-րդ և 126-րդ կետերում սահմանված դեպքերի, Բնական գազի մատակարարման համար Բաժանորդից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման այլ երաշխիքներ:

128. Մատակարարվող Բնական գազի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Հանձնաժողովի կողմից Բնական գազի սակագնի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետում: Հաշվարկային ամսում Բաժանորդին մատակարարված Բնական գազի դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված համապատասխան սակագնի և մատակարարված Բնական գազի քանակության արտադրյալով:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ

 

129. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է Բաժանորդին մատակարարված Բնական գազի քանակի և արժեքի վերահաշվարկ: Վերահաշվարկված Բնական գազի արժեքը որոշվում է վերահաշվարկված Բնական գազի քանակի ու վերահաշվարկման ժամանակահատվածում տվյալ Բաժանորդի սպառողական խմբին համապատասխան սակագնի արտադրյալով: Սույն կետը չի սահմանափակում Մատակարարի կամ Բաժանորդի իրավունքը` Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մյուս կողմից պահանջելու պատճառած վնասի հատուցում:

130. Մատակարարը պարտավոր է Բնական գազի արժեքի վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել Բաժանորդին՝ ԳՄՕԿ-ի 105-րդ կետի սահմանված ժամկետում: Եթե Բաժանորդը չի համաձայնում վերահաշվարկվի արդյունքին, ապա Մատակարարի կողմից Բնական գազի արժեքի վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդը Մատակարարին է ներկայացնում վերջինիս կատարած վերահաշվարկի հետ կապված իր գրավոր առարկությունները` համապատասխան հիմնավորումներով: Մատակարարը պարտավոր է Բաժանորդի գրավոր առարկություններն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկել դրանք և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Բաժանորդին՝ պարզաբանելով վերահաշվարկի արդյունքի վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարն իր կատարած վերահաշվարկում անճշտություններ հայտնաբերելու դեպքում պարտավոր է ճշգրտել վերահաշվարկված Բնական գազի արժեքը: Մատակարարը վերահաշվարկված (ճշգրտված) Բնական գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա համար Բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Մատակարարի և Բաժանորդի համատեղ քննարկումների արդյունքում տարաձայնությունների առկայության դեպքում Բաժանորդը վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա ընթացքում վճարման ենթակա Բնական գազի արժեքի հետ վճարում է վերահաշվարկված Բնական գազի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Այդ դեպքում Մատակարարն իրավունք չունի դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը` մինչև վեճը Հանձնաժողովում լուծելը: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը՝ վեճը լուծելու դատական կարգով: Վեճի վերջնական լուծումից հետո Մատակարարը վերահաշվարկված (վեճի արդյունքում որոշված) Բնական գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) վեճի լուծման ամսվա համար Բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Եթե Բաժանորդը սույն կետում սահմանված ժամկետում վերահաշվարկի արդյունքի մասին Մատակարարին գրավոր առարկություններ չի ներկայացնում, ապա Մատակարարը վերահաշվարկված Բնական գազի արժեքը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա ընթացքում Բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում:

131. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա է Վերստուգիչ հաշվառքի սարք, Բաժանորդին մատակարարված Բնական գազի քանակի վերահաշվարկը կատարվում է համաձայն Վերստուգիչ հաշվառքի սարքի ցուցմունքի` Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածի համար: Վերահաշվարկված Բնական գազի քանակն ընդունվում է հավասար Վերստուգիչ և Առևտրային հաշվառքի սարքերով հաշվառված Բնական գազի քանակի տարբերությանը: Եթե Մատակարարը և Բաժանորդը Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրը չեն գրանցել Վերստուգիչ հաշվառքի սարքի ցուցմունքը, Բաժանորդին մատակարարված Բնական գազի քանակի վերահաշվարկ չի իրականացվում:

132. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ Վերստուգիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ Առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել Առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ հնարավոր է եղել որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսով), ապա.

1) Կենցաղային սպառում ունեցող Բաժանորդների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

Վգք= ՆՄօծ

ԱՏօր1 Ս%

,

_____________

100

որտեղ`

Վգք-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված Բնական գազի քանակն է (խորանարդ մետր).

ՆՄօծ-ն Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա եղանակային նույն ժամանակաշրջանի (ձմեռ, գարուն, ամառ, աշուն)` ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսն է, իսկ եթե այդ ժամանակահատվածում Բաժանորդը ծախս չի ունեցել, ապա Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող ծախս ունեցած ամսվա միջին օրական ծախսն է.

ԱՏօր1-ը Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, (իսկ եթե այդ ժամկետը պակաս է 1 օրից, ապա՝ ժամերով) որը 40 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 40-ի` եթե խախտումը հայտնաբերվել է Մատակարարի կողմից, ինչը սակայն չի սահմանափակում Մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ և 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի` եթե Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսով) դրական է.

Ս%-ը Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված Առևտրային հաշվառքի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային մեծությունն է.

2) ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

Վգք = Մօծ

ԱՏօր2 Ս%

,

_________

100 ± Ս%

որտեղ`

ԱՏօր2-ը Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, (իսկ եթե այդ ժամկետը պակաս է 1 օրից, ապա՝ ժամերով) որը 30 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 30-ի, ինչը սակայն չի սահմանափակում Մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.

Մօծ-ն Բաժանորդի միջին օրական ծախսն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

Մօծ =

Հգք1

,

______

Տօր

որտեղ`

Հգք1-ն Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված Բնական գազի ծախսն է (խորանարդ մետր), իսկ եթե նշված ամսում ծախս չի գրանցվել, ապա ծախս ունեցած վերջին Հաշվարկային ամսում Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված Բնական գազի ծախսն է (խորանարդ մետր).

Տօր-ը Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, իսկ եթե նշված ժամանակահատվածում ծախս չի գրանցվել, ապա ծախս ունեցած վերջին Հաշվարկային ամսում ծախս ունեցած օրերի քանակը:

133. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ Վերստուգիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ Առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել Առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն հնարավոր չէ որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսով), կամ Առևտրային հաշվառքի սարքը ծախս չի գրանցում ապա`

1) եթե Առևտրային հաշվառքի սարքը համալրված չէ էլեկտրոնային ճշտիչով կամ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է էլեկտրոնային ճշտիչի կամ դրա առանձին դետալների աշխատանքի այնպիսի խափանումը, որի հետևանքով հնարավոր չէ արտածել սույն կետի «բ» ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վգք = ՆՄօծ  . ԱՏօր2 - Հգք2,

 

որտեղ՝

Հգք2 Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված Բնական գազի ծախսն է (խորանարդ մետր).

2) էլեկտրոնային ճշտիչով համալրված Առևտրային հաշվառքի սարքի դեպքում, եթե ճշտիչի հիշողությունից հնարավոր է արտածել սույն ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վգք  = ԱՏօր3  . ՄՕԾԷճ - Հգք3,

 

որտեղ՝

ԱՏօր3 Առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, (իսկ եթե այդ ժամկետը պակաս է 1 օրից, ապա՝ ժամերով) որը 40 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 40-ի.

ՄՕԾԷճ Առևտրային հաշվառքի սարքի խափանմանը նախորդող վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի խափանման օրն ընկած ժամանակահատվածում Բաժանորդի միջին օրական ծախսն է (խորանարդ մետր).

Հգք3 Առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված Բնական գազի ծախսն է (խորանարդ մետր), իսկ եթե Առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածը գերազանցում է 40 օրը, ապա Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվան նախորդող 40 օրերի ընթացքում Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված Բնական գազի ծախսն է (խորանարդ մետր)։ Վերահաշվարկի արդյունքում, երբ ստացվում է բացասական արժեք, ապա վճարման ենթակա գումարը ընդունվում է զրո:

134. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ Վերստուգիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ բացակայում են կամ կեղծված են, կամ վնասված են Առևտրային հաշվառքի սարքի կնիքները, կամ Առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել Առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով կամ բացակայությամբ, որոնք կարող էին պայմանավորված լինել միայն որևէ անձի ներգործությամբ և արձանագրված խախտումը կարող էր հանգեցնել Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատակարարված Բնական գազի քանակից պակաս քանակի գրանցման և Բաժանորդի ծախսած Բնական գազի քանակի սխալ հաշվառման, ապա՝

1) Կենցաղային սպառում ունեցող Բաժանորդների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վգք = ԱՏօր2 Ժմիջ 0.5Qmax - Հգք2 ,

 

որտեղ`

Ժմիջ Բաժանորդի ծախսի միջին օրական ժամերի քանակն է, որն ընդունվում է հավասար 8 ժամի.

Qmax տվյալ Առևտրային հաշվառքի սարքի ժամային առավելագույն անձնագրային թողունակությունն է.

2) ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վգք = ԱՏօր2 Ժէճ Գէճ 0.5Qmax - Հգք1 ,

 

որտեղ`

Ժէճ Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում Բաժանորդի ծախս ունեցած ժամերի միջին օրական քանակն է, որը որոշվում է Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի հիշողության մեջ արտացոլված տվյալների հիման վրա: Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի վնասման դեպքում Ժէճ մեծությունն ընդունվում է հավասար 12-ի.

Գէճ Առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում Բնական գազի ճնշումը և ջերմաստիճանը հաշվի առնող գործակիցն է, որը որոշվում է Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի հիշողության մեջ արտացոլված տվյալների հիման վրա: Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի բացակայության կամ վնասման դեպքում Գէճ մեծությունը որոշվում է հաշվարկային եղանակով՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաների համաձայն.

Եթե Մատակարարի կողմից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը, ԳՄՕԿ-ով սահմանված կարգով դադարեցված է եղել Բաժանորդի գազամատակարարումը, ապա սույն կանոնների 132, 133 և 134 կետերի համաձայն կատարվող վերահաշվարկներում որպես Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օր պետք է ընդունել գազամատակարարման դադարեցման օրը:

135. Եթե Առևտրային հաշվառքի սարքի խախտումն արտաքին միջամտության հետևանք է և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ արձանագրված խախտումը կարող էր հանգեցնել Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատակարարված Բնական գազի քանակից պակաս քանակի գրանցման, և դա Առևտրային հաշվառքի սարքի խախտման առաջին դեպքն է վերջին երկու տարիների ընթացքում, Մատակարարն իրավունք ունի Բաժանորդից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված Բնական գազի արժեքի չափով: Բաժանորդի կողմից Մատակարարի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում Մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա համար Բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Բաժանորդի կողմից Մատակարարի տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով: Մատակարարն իրավունք չունի տույժի չվճարման համար դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը մինչև վեճի վերջնական լուծումը: Նույն Բաժանորդի մոտ երկու տարվա ընթացքում Առևտրային հաշվառքի սարքի 1-ից ավելի խախտում հայտնաբերելու դեպքում, երբ Առևտրային հաշվառքի սարքի խախտումն արտաքին միջամտության հետևանք է և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ արձանագրված խախտումը կարող էր հանգեցնել Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատակարարված Բնական գազի քանակից պակաս քանակի գրանցման, ապա Մատակարարն իրավունք ունի վերահաշվարկված Բնական գազի արժեքի կրկնապատիկի չափով հաշվարկելու տույժ և այն հաշվի առնել վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա համար Բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Այդ դեպքում Մատակարարն իրավունք ունի դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը՝ հաշվարկած տույժը՝ ԳՄՕԿ-ի 118-րդ կետով սահմանված կարգով չվճարելու համար: Մատակարարի հաշվարկած տույժին չհամաձայնելու դեպքում Բաժանորդը վեճը լուծում է դատական կարգով:

136. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ փաստվել է, որ դա պայմանավորված է Մատակարարի գործողություններով, ապա Մատակարարը Բաժանորդին վճարում է տույժ` Հաշվարկային ամսվա համար ներկայացվելիք հաշվարկային (վճարման) փաստաթղթում ձևակերպելով կանխավճար վերահաշվարկված Բնական գազի արժեքի կրկնապատիկի չափով:

137. Բոլոր այն դեպքերում, երբ ԳՄՕԿ-ի 104-րդ կետի համաձայն Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրություն չի կազմվել, և Բաժանորդը չի համաձայնել Բնական գազի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին, Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով՝ մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով Բաժանորդի գազամատակարարումը։

 

Բ Ա Ժ Ի Ն  V

 

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ (ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ) ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

138. Մատակարարն իրավունք ունի դադարեցնել (սահմանափակել) Բաժանորդի գազամատակարարումը՝

1) ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում մատակարարված (վերահաշվարկված) Բնական գազի արժեքի, Բնակիչ-բաժանորդների և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների դեպքում՝ նաև Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության համար չվճարելու դեպքում.

2) ԳՄՕԿ-ի 186-րդ կետով սահմանված կարգով կնքված գազօգտագործող սարքավորման Բնական գազի մուտքային գծի փականի կնիքի բացակայության դեպքում.

3) եթե Բնակիչ-բաժանորդը կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունը մեկ տարուց ավելի Բնական գազ չի սպառել, և այդ ընթացքում վերջինիս Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չի իրականացվել.

4) Բնակիչ-բաժանորդի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման նպատակով Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը Բաժանորդի Գազասպառման համակարգի տեղակայման տարածք չապահովելու դեպքում.

5) Բնական գազի համակարգում պլանային աշխատանքների, վթարների (վթարային իրավիճակների) կամ Միացումների դեպքում.

6) Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման (փոխարինման} դեպքում.

7) ԳՄՕԿ-ի 91-րդ կետով սահմանված Հաշվառքի սարքի հետ կապված գործողությունների կատարման համար Բաժանորդի կողմից Մատակարարի ներկայացուցչին իր տարածք մուտքի իրավունք չտրամադրելու դեպքում,

8) օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով և Պայմանագրով սահմանված դեպքերում.

9) Բաժանորդի կողմից ԳՄՕԿ-ի 107-րդ կետով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում:

139. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում, Մատակարարն իրավունք ունի դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը՝ առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ և պաշտոնական կայքով կամ ԳՄՕԿ-ով նախատեսված ծանուցման պատշաճ ձևերից որևէ մեկով ծանուցելով Բաժանորդին։ Ծանուցումը հեռուստատեսությամբ կատարվում է հանրապետական սփռման առնվազն 1 հեռուստաընկերության միջոցով առնվազն 2-ական անգամ՝ 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում:

140. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 2-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված դեպքում Մատակարարն իրավունք ունի անմիջապես դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը։

141. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 3-րդ, 4-րդ և 9-րդ ենթակետերում նախատեսված դեպքերում, նախքան գազամատակարարման դադարեցումը, Մատակարարը պարտավոր է այդ մասին պատշաճ ձևով ծանուցել Բաժանորդին:

142. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ Մատակարարն իրավունք ունի դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 16-րդ գլխով սահմանված կարգով։

143. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում Մատակարարն իրավունք ունի դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը՝ ԳՄՕԿ-ի 102-րդ կետով սահմանված կարգով ծանուցելով Բաժանորդին։

144. Դադարեցված գազամատակարարումը Բաժանորդի կողմից ինքնակամ վերականգնելու դեպքում Մատակարարը իրավունք ունի դադարեցնելու գազամատակարարումը եռակցման միջոցով և գազամատակարարումը վերսկսելու դեպքում Մատակարարի կատարած ծախսը (որի խոշորացված նախահաշիվները տեղադրվում են Մատակարարի պաշտոնական կայքում) փոխհատուցում է Բաժանորդը:

145. Մատակարարը պարտավոր է դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը՝

1) Բաժանորդի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում.

2) ԳՄՕԿ-ի 179-րդ կետի 3-րդ ենթակետի և 186-րդ կետի համաձայն սահմանված կարգով կնքված գազօգտագործվող սարքավորման Բնական գազի մուտքային գծի փականի կնիքը Բաժանորդի կողմից ինքնակամ հանելու, կամ խցափակված գազօգտագործվող սարքավորման սնուցումը Բաժանորդի կողմից ինքնակամ վերականգնելու դեպքում, կամ նախագծային շեղումով գազօգտագործվող սարքավորում միացնելու դեպքում.

3) Գազասպառման համակարգում Բաժանորդի կողմից կատարված այնպիսի ինքնակամ փոփոխությունների դեպքում, որոնք Մատակարարի գնահատմամբ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին կամ գույքին.

4) Գազասպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե Բաժանորդը չունի ԳՄՕԿ-ով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ` նախապես տեղեկացնելով Բաժանորդին, բացառությամբ ԳՄՕԿ-ի 148-րդ կետով նախատեսված դեպքի.

5) Օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում։

146. ԳՄՕԿ-ի 145-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում՝ գազամատակարարման դադարեցումը Բաժանորդի նախընտրած եղանակով (կնքման կամ եռակցման միջոցով) կատարվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում, եթե դիմումում ավելի ուշ ժամկետ նշված չէ։

147. ԳՄՕԿ-ի 145-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում Մատակարարն անմիջապես դադարեցնում է Բաժանորդի գազամատակարարումը:

148. Գազասպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում 145-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն գազամատակարարման դադարեցման հարցը լուծվում է վեճը օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո: Այն պարագայում, երբ վեճը ծագել է կամ այդ մասին Մատակարարը տեղեկացել է ԳՄՕԿ-ի 145-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն գազամատակարարման դադարեցումից հետո, Մատակարարը գազամատակարարումը վերականգնում է վեճի մասին տեղեկանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում։

149. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Բաժանորդի գազամատակարարման դադարեցման դեպքում այն ենթակա է վերականգնման Մատակարարի կողմից ոչ ուշ, քան.

1) նույն օրը` մինչև ժամը 18:00-ն, եթե Բաժանորդը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը Մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին մինչև ժամը 14:00-ն, կամ Մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ Բաժանորդը կատարել է պարտքի վճարումը.

2) հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե Բաժանորդը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը Մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-ից հետո, կամ Մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ Բաժանորդը կատարել է պարտքի վճարումը.

3) պարտքի մարման մասին տեղեկանալու պահից հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ավել քան 24 ժամվա ընթացքում, եթե Բաժանորդը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը Մատակարարին է ներկայացրել ոչ աշխատանքային օրերին կամ Մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ Բաժանորդը կատարել է պարտքի վճարումը:

150. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով և 145-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում՝ Մատակարարը, գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ Բաժանորդի դիմումն ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում, կազմակերպում է Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցումը և իր հաշվին վերսկսում գազամատակարարումը:

151. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ Մատակարարը Բաժանորդի գազամատակարարումը վերականգնում է ԳՄՕԿ-ի 159-րդ կետով սահմանված ժամկետում։

152. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ Մատակարարը Բաժանորդի գազամատակարարումը վերականգնում է ԳՄՕԿ-ի 109-րդ կետով սահմանված ժամկետում։

153. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ Մատակարարը Բաժանորդի գազամատակարարումը վերականգնում է, երբ Բաժանորդը Մատակարարին իր տարածք մուտքի իրավունք է տրամադրում:

154. ԳՄՕԿ-ի 138-րդ կետի 9-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ Մատակարարը Բաժանորդի գազամատակարարումը վերականգնում է 36 ժամվա ընթացքում, երբ Բաժանորդը ԳՄՕԿ-ի 107-րդ կետի համաձայն վճարել է Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման հետ կապված ծախսերը և պատշաճ ձևով տեղեկացրել Մատակարարին:

155. ԳՄՕԿ-ի 145-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում Մատակարարը հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում վերականգնում է գազամատակարարումը՝ Բաժանորդի Գազասպառման համակարգը տեխնիկական և նորմատիվ իրավական ակտերի պահանջների համապատասխանեցվելուց հետո։

156. Այն դեպքում, երբ Բաժանորդի սեփականությունը հանդիսացող գազատարի միջոցով գազամատակարարում է ստանում այլ Բաժանորդ (կամ Բաժանորդներ), ապա Բաժանորդի սեփականությունը հանդիսացող գազատարի միջոցով գազամատակարարման դադարեցման դեպքում այլ Բաժանորդի (կամ Բաժանորդների) գազամատակարարումը նույնպես ընդհատվում է:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ԲԱԺԱՆՈՐԴԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՊԼԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԹԱՐՆԵՐԻ (ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ) ԴԵՊՔՈՒՄ

 

157. Մատակարարը պարտավոր է Բաժանորդների գազամատակարարման պլանային դադարեցումների և վերականգնման ժամկետների մասին իր պաշտոնական կայքում հրապարակել տեղեկատվություն դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ։ Մատակարարը պարտավոր է նաև գազամատակարարման դադարեցումից երկու օր առաջ հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով երկու անգամ՝ առաջինը` 18:00-ից 20:00-ն, իսկ երկրորդը` 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև Պայմանագրում բջջային հեռախոսահամարի առկայության և Բաժանորդի ցանկության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության միջոցով (SMS) Բաժանորդներին տեղեկացնել պլանային դադարեցումների և վերականգնման ժամկետների մասին: Մատակարարը Բաժանորդի գազամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին իր պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը պահպանում է վեց ամիս ժամկետով: Սույն կետով չի սահմանափակվում Մատակարարի իրավունքը` պլանային դադարեցումների և վերականգնման ժամկետների մասին Բաժանորդին լրացուցիչ իրազեկել նաև ԳՄՕԿ-ով նախատեսված ծանուցման այլ եղանակներով:

158. Մատակարարը պարտավոր է վթարային դադարեցման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին (եթե այն դեռ չի վերացվել) հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ԳՄՕԿ-ով նախատեսված ծանուցման այլ եղանակներով իրազեկել Բաժանորդներին:

159. Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր Բաժանորդի գազամատակարարման դադարեցումների թիվը և դադարեցման տևողությունը, ընդ որում, դադարեցումների թիվը օրացուցային տարվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, բացառությամբ ֆորս մաժորի և նոր Բաժանորդների Միացման դեպքերի, իսկ յուրաքանչյուր դադարեցման առավելագույն տևողությունը` 36 ժամը, բացառությամբ, եթե դադարեցումը ֆորս մաժորի հետևանք է, կամ եթե Գազամատակարարման ցանցի պլանավորված առանցքային հանգույցների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ են, որոնց իրականացումը և ժամկետները նախապես համաձայնեցված են եղել Հանձնաժողովի հետ: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) Բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է դադարեցվի Գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով: Ջերմային էլեկտրակայանների և տեխնոլոգիական անընդհատ ցիկլ ունեցող Բաժանորդների համար այդ ցուցանիշները կարող են սահմանվել Պայմանագրով` չգերազանցելով սույն կետում սահմանված արժեքները:

 

Բ Ա Ժ Ի Ն  VI

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԸ

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԸ

 

160. Յուրաքանչյուր Բաժանորդ պետք է ունենա հաշվառման քարտ, որը պարունակում է հետևյալը․

1) Բաժանորդի հետ կնքած Պայմանագիրը.

2) Հաշվառքի սարքի, դրա ապահավաքակցման, ստուգաչափման, փոխարինման, տեղակայման, Մատակարարի կողմից կատարված վերահաշվարկի վերաբերյալ տեղեկությունը.

3) Կազմակերպություն-բաժանորդի Հաշվառման և Սահմանազատման կետերի մասին տեղեկությունը.

4) Բաժանորդի Բնական գազի ամսական ծախսերի, վճարումների, Մատակարարի կողմից վճարված տույժերի, Բնակիչ-բաժանորդների և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների մասով նաև Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության դիմաց հաշվարկված գումարների և վճարումների վերաբերյալ տեղեկությունները:

161. Մատակարարը Բաժանորդի հաշվառման քարտում պարունակվող տեղեկությանը հասանելիությունն ապահովում է այդ Բաժանորդի հետ Պայմանագրի գործողության ողջ ընթացքում, այնուհետև այն արխիվացնում է և պահպանում՝ Պայմանագրի լուծման պահից առնվազն 10 տարի ժամկետով։

162. Բաժանորդի դիմելու դեպքում Մատակարարը վերջինիս տրամադրում է հաշվառման քարտում պարունակվող տեղեկությունների փաստաթղթային օրինակը, որի դեպքում փաստաթղթերի տպագրման արժեքը վճարում է Բաժանորդը։

163. Հաշվառման քարտում սխալի հայտնաբերման դեպքում Բաժանորդը և Մատակարարն առաջնորդվում են հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման վերաբերյալ ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգով։

164. Բաժանորդի պահանջով վերջինիս տրամադրվում է հաշվառման քարտ մուտքի իրավունք։

165. Մատակարարը պարտավոր է ունենալ հեռախոսակապ, որի միջոցով Բաժանորդին նախապես տեղեկացնելով հեռախոսազանգի ձայնագրման մասին՝ տրամադրում է տեղեկություն կամ պարզաբանում.

1) Պայմանագրի կնքման ընթացակարգի և անհրաժեշտ փաստաթղթերի.

2) գազամատակարարման դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների.

3) Բնական գազի մատակարարման քանակի, սակագնի և արժեքի, ինչպես նաև վճարման ժամկետների և դրանց խախտման հետևանքների.

4) Մատակարարի կամ Բաժանորդի կողմից տույժերի վճարման դեպքերի.

5) Բաժանորդների կողմից բողոքների և դիմումների ներկայացման և Մատակարարի կողմից դրանց պատասխանելու կարգի կամ.

6) իր կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված այլ հարցերի վերաբերյալ:

166. Մատակարարը պարտավոր է ունենալ մշտական գործող հեռախոսակապով շուրջօրյա վթարային-կարգավարական ծառայություն` վթարային կանչերը, դրանց արձագանքելու ժամանակը և կատարված աշխատանքները համապատասխան գրանցամատյաններում գրանցելու և վթարները վերացնելու համար: Վթարային-կարգավարական ծառայության հեռախոսահամարի մասին Մատակարարը պարտավոր է ոչ պակաս, քան տարին երկու անգամ տեղեկացնել զանգվածային լրատվամիջոցներով:

167. Մատակարարը գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերում, տարածքային տեղամասերում, ծառայություններում և պաշտոնական կայքում տեղադրում է Պայմանագրի օրինակելի ձևը, ինչպես նաև հասանելի է դարձնում ԳՄՕԿ-ի 165-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները։

168. Մատակարարը պարտավոր է գործարկել համակարգ, որը հնարավորություն կտա իր պաշտոնական կայքի միջոցով Բաժանորդից կամ Դիմող անձից ընդունել դիմում: Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքի միջոցով հնարավորություն ընձեռել Բաժանորդին՝ անվճար, էլեկտրոնային եղանակով ծանոթանալ ԳՄՕԿ-ի 115-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվությանը՝ առնվազն վերջին մեկ տարվա համար: Նշված համակարգը պետք է երաշխավորի Բաժանորդի անհատական տվյալների գաղտնիությունը: Մատակարարը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա հինգերորդ աշխատանքային օրը իր պաշտոնական կայքում հրապարակել նախորդ ամսում մատակարարված Բնական գազի ջերմատվության միջին ցուցանիշները` ըստ տասնօրյակների:

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ (ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ) ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼԸ

 

169. Մատակարարը Բաժանորդի կամ Դիմող անձի գրավոր դիմումին տալիս է գրավոր պատասխան, բանավոր դիմումին՝ բանավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին պատասխանը տրվում է էլեկտրոնային փոստի միջոցով՝ դիմումը ստանալուց հետո (բացառությամբ՝ բանավորի) 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե ԳՄՕԿ-ով այլ ժամկետ նախատեսված չէ: Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումից հետո անմիջապես կամ հնարավորինս սեղմ ժամկետում:

170. Մատակարարը պարտավոր է Բաժանորդի դիմումին տալ սպառիչ պատասխան։

 

Բ Ա Ժ Ի Ն  VII

 

ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ

 

171. Մատակարարը Բաժանորդին (Դիմող անձին) վճարում է տույժ՝

1) Գազամատակարարման դադարեցման և դրա վերականգնման՝ ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգերի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման համար.

2) Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և փոխարինման՝ ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման համար.

3) Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման՝ ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման համար.

4) Միացմանը և Պայմանագրերին առնչվող՝ ԳՄՕԿ-ով նախատեսված ընթացակարգերի և ժամկետների յուրաքանչյուր խախտման համար.

5) ԳՄՕԿ-ով սահմանված ծանուցումների (տեղեկացումների) և փաստաթղթերի հանձնման կարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման համար, եթե այն չի պարունակում սույն կետի այլ ենթակետերով սահմանված խախտման դեպք.

6) հաշվարկային (վճարման) փաստաթղթում Բաժանորդի փաստացի սպառած Բնական գազի քանակից ավել քանակ նշելու փաստի հաստատման համար.

7) հաշվարկային (վճարման) փաստաթղթում սխալի ուղղման՝ ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

8) սպառված Բնական գազի վերահաշվարկման՝ ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

9) Պայմանագրի կնքման, փոփոխման, լուծման ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

10) Բաժանորդի դիմում-բողոքին պատասխանելու համար ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար:

172. ԳՄՕԿ-ի 171-րդ կետով նախատեսված դեպքերում Մատակարարը վճարում է տույժ՝

1) Բաժանորդի դեպքում՝ սպառված Բնական գազի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը, իսկ Բաժանորդի՝ Բնական գազի սպառում չունենալու դեպքում՝ 2500 դրամի չափով.

2) Դիմող անձի դեպքում՝ 2500 դրամի չափով, բացառությամբ ԳՄՕԿ-ի 57-րդ կետի խախտման, որի դեպքում Մատակարարը Դիմող անձին վճարում է տույժ կետանցի յուրաքանչյուր օրվա համար Միացման վճարի 0,5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Միացման վճարի ընդհանուր գումարը։

173. Հաշվարկված տույժը Մատակարարը հաշվի է առնում՝

1) Բաժանորդի դեպքում՝ վերջինիս ընթացիկ ամսում ծախսած Բնական գազի համար ներկայացվելիք հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Հաշվարկված տույժը հաշվարկային (վճարման) փաստաթղթում նշվում է առանձին տողով և նվազեցվում է մատակարարված Բնական գազի արժեքից.

2) Դիմող անձի դեպքում՝ Պայմանագրի կնքմանը հաջորդող ամսում՝ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգով, իսկ բազմաբնակարան շենքի կառուցապատող կամ Բաժանորդ չդարձած Դիմող անձի դեպքում՝ մինչև խախտմանը հաջորդող ամսվա ավարտը՝ վերջինիս նախընտրած և օրենսդրությամբ սահմանված ձևով՝ կանխիկ կամ անկանխիկ փոխանցումով։

174. Մատակարարը սույն գլխում նշված խախտումների համար տույժ չի վճարում, եթե դրանք հետևանք են ֆորս մաժորի։

175. Բաժանորդի սպառած Բնական գազի միջին ամսական արժեքն ընդունվում է հավասար՝ սույն գլխում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին Բաժանորդի սպառած Բնական գազի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին, իսկ եթե այդ ժամանակահատվածում ծախս չի ունեցել, ապա խախտման հայտնաբերմանը նախորդող ծախս ունեցած Հաշվարկային ամսում սպառած Բնական գազի արժեքին:

 

Գ Լ ՈՒ Խ  20

 

ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

176. Մատակարարը պարտավոր է կատարել Բնակիչ-բաժանորդների և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման (այսուհետ՝ տեխնիկական սպասարկում) աշխատանքները՝ համաձայն տեխնիկական և նորմատիվ իրավական ակտերի պահանջների:

177. Տեխնիկական սպասարկման ծառայության մատուցումը ներառում է՝

1) գազատար խողովակների, փականների և գազօգտագործող սարքավորումների արտաքին զննումը, զոդակարերի, պարուրակային միացումների կիպության ստուգումը, իսկ Բնական գազի արտահոսքի առկայության դեպքում` դրա վերացումը.

2) գազօգտագործող սարքավորումների ծխատար խողովակների հավաքակցման, ծխատար ուղուն միացման, օդափոխության և այրման համար անհրաժեշտ օդաքանակի ներհոսքի համար նախատեսված բացվածքների զննումը, ծխաօդատար ուղիներում քարշի ստուգումը, որի բացակայության (խաթարված լինելու) դեպքում` ծխաօդատար ուղիների մաքրումը (ծխաօդատարի մաքրումն ընդգրկում է այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ է կատարել ծխաօդատարի քարշն ապահովելու համար, այն է` մաքրել ծխաօդատարը մեխանիկական եղանակով (ծանրոցի օգնությամբ), ինչպես նաև ցանկացած արգելքի վերացումը, բացառությամբ այն դեպքերի, որոնք կապված են ծխաօդատարի կառուցվածքային ամբողջականության խաթարման հետ).

3) ծխաօդատար ուղիների նորոգման, վերականգնման կամ վերակառուցման, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով նախատեսված աշխատանքները՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանվածի, իրականացվում են ծխաօդատար ուղիների սեփականատիրոջ միջոցների հաշվին.

4) գազօգտագործող սարքավորումների աշխատանքի ստուգումը` գործարկված վիճակում: Անհրաժեշտության դեպքում բաց այրման խցով գազօգտագործող սարքավորումների այրման պրոցեսի կարգավորումը.

5) Գազասպառման համակարգի անվտանգ օգտագործման վերաբերյալ սպասարկման պահին տարածքում ներկա գտնվող Բաժանորդի կամ նրա ներկայացուցիչների հրահանգավորումը.

6) այրվող գազերի ազդանշանային սարքերի և ինքնաշխատ վթարային անջատիչ կափույրի աշխատունակության ստուգումը:

178. Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման իրականացումը հավաստվում է Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ակտով: Ակտը կազմվում է երկու օրինակից՝ մեկական Մատակարարի և Բաժանորդի համար: Ակտը ստորագրում են Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչը և Բաժանորդը կամ նրա ներկայացուցիչը (տվյալ բնակության վայրում ապրող չափահաս քաղաքացի):

179. Մատակարարը պարտավոր է՝

1) տարեկան առնվազն 2 անգամ Բաժանորդին մատուցել տեխնիկական սպասարկման ծառայություն.

2) ԳՄՕԿ-ի 177-րդ կետով նշված Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցումն իրականացնել առնվազն մեկ անգամ` հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) և առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ), սակայն ոչ շուտ, քան 4 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ.

3) ստուգել գազօգտագործող սարքավորումների միացման համապատասխանությունը Գազասպառման համակարգի նախագծին և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Խախտումներ հայտնաբերելու դեպքում խցափակել գազօգտագործող սարքավորումները, կնքել և կազմել դրանց շահագործումն արգելող արձանագրություն.

4) Պատշաճ ձևով Բաժանորդին կամ նրա ներկայացուցչին տեղեկացնել տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամկետների մասին:

180. Տեխնիկական սպասարկման ծառայության վճարը սահմանում է Հանձնաժողովը, որի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ԳՄՕԿ-ի 13-րդ գլխով:

181. Մատակարարի կողմից Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն մատուցելու պարտավորությունը խախտելու դեպքում Բաժանորդը այդ մասով տեխնիկական սպասարկման ծառայության վճար չի վճարում:

182. Գազասպառման համակարգի յուրաքանչյուր տեխնիկական սպասարկման համար Բաժանորդը վճարում է Հանձնաժողովի կողմից սահմանված տարեկան վճարի 50 տոկոսը` Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության յուրաքանչյուր մատուցման ամսվան հաջորդող Հաշվարկային ամսում:

183. Մատակարարը տեխնիկական սպասարկման աշխատանքները կարող է կատարել անձամբ կամ պայմանագրով հանձնարարել Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափորոշիչներով ընտրված այլ սպասարկող անձի: Այդ դեպքում`

1) Բաժանորդի կողմից տեխնիկական սպասարկման պայմանների խախտման համար Բաժանորդի նկատմամբ պատասխանատվության կիրառման իրավունքը Մատակարարը չի փոխանցում սպասարկող անձին.

2) Մատակարարի և սպասարկող անձի փոխհարաբերությունները (այդ թվում` սպասարկող անձի պատասխանատվությունը) կանոնակարգվում են նրանց միջև կնքված պայմանագրով.

3) Բաժանորդի առջև Մատակարարի պատասխանատվությունը պայմանագրով չի փոխանցվում սպասարկող անձին:

184. Գազասպառման համակարգի անվտանգության ապահովման համար Մատակարարը պարտավոր է`

1) տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով անձամբ (կամ կարող է պայմանագրով հանձնարարել սպասարկող անձին) իրականացնել Գազասպառման համակարգի, այդ թվում` օդածխատար ուղիների ԳՄՕԿ-ի 177-րդ կետով սահմանված համալիր սպասարկում, Գազասպառման համակարգի վթարների օպերատիվ վերացում և վերականգնում.

2) Գազասպառման համակարգի թողարկումից առաջ և Պայմանագրով սահմանված պարբերականությամբ և ծավալներով հրահանգավորել բնակիչներին և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպություններին գազօգտագործող սարքավորման անվտանգ շահագործման վերաբերյալ, ինչպես նաև կատարել Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված տեխնիկական սպասարկման աշխատանքները.

3) հրապարակել հուշաթերթիկներ և անվճար տրամադրել Բաժանորդներին` գործընթացը կրկնելով առնվազն երեք տարին մեկ անգամ.

4) զանգվածային լրատվամիջոցներով տարին առնվազն երկու անգամ Բաժանորդներին իրազեկել գազի անվտանգ օգտագործման կանոնների մասին.

5) սպասարկող անձի առկայության դեպքում պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնել սպասարկող անձի կատարած աշխատանքների վերաբերյալ և արդյունքների մասին տեղեկացնել Հանձնաժողովին:

185. Բաժանորդը (Բնակիչ-բաժանորդ կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպություն) Գազասպառման համակարգ ներառող տարածքը այլ անձի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնելու, ինչպես նաև օտարելու դեպքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Մատակարարին՝ Պայմանագիրը լուծելու, վերջնահաշվարկ կատարելու և տարածքն օգտագործողին հրահանգավորելու համար։

186. Մատակարարը պարտավոր է Բաժանորդի (Բնակիչ-բաժանորդ կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպություն) դիմումի հիման վրա փակել և կնքել Գազամատակարարման ցանցին միացված, սակայն օգտագործման մեջ չգտնվող, ինչպես նաև բացակա գազօգտագործող սարքավորման Բնական գազի մուտքային գծի փականները և դրա վերաբերյալ կազմել համապատասխան ակտ: Բաժանորդի դիմումի համաձայն կնքված գազօգտագործող սարքավորումը համարվում է աշխատանքի մեջ չգտնվող: Բաժանորդն իրավունք չունի առանց Մատակարարին տեղյակ պահելու հանել վերջինիս կնիքները:

 

Բ Ա Ժ Ի Ն  VII

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  21

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

187. ԳՄՕԿ-ի 77-րդ կետը ուժի մեջ մտնում է 2024 թվականի ապրիլի 1-ից, իսկ մինչ այդ ԳՄՕԿ-ի 160-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը Մատակարարը վարում է թղթային տարբերակով:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի

հուլիսի 8-ի N 95-Ն որոշմամբ

հաստատված բնական գազի

մատակարարման և օգտագործման

կանոնների

 

ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ___

 

___________________

(կնքման վայրը)

______________ 20 թվական

 

Մատակարարը՝ _____________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

ի դեմս ______________________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում՝ լիազորագրի տվյալները)

որը գործում է ____________________________________________հիման վրա, մի կողմից,

 (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

և Դիմող անձը՝ _____________________________________________________________,

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում՝ լիազորագրի տվյալները)

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հաստատած` բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով (այսուհետ՝ ԳՄՕԿ), սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն Մատակարարը միացնում է Դիմող անձի ____________________________________________ հասցեում գտնվող նոր կառուցվող կամ վերակառուցվող ____________________________________________________ նշանակության

 (կենցաղային/ոչ կենցաղային)

գազասպառման համակարգը (այսուհետ՝ գազասպառման համակարգ) գազամատակարարման ցանցին (այսուհետ՝ Միացում), իսկ Դիմող անձը՝ վճարում է Միացման դիմաց:

 

2. ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԸ

 

2. Մատակարարը Միացումն ապահովում է սույն պայմանագրի կնքման պահից սկսած ________ աշխատանքային օրվա ընթացքում (որը չի կարող գերազանցել ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետը)։

3. Միացման աշխատանքների ավարտից հետո Մատակարարը ԳՄՕԿ-ով սահմանված կարգով ծանուցում է Դիմող անձին՝ ներկայացնելով Դիմող անձի գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման վճարի (այսուհետ՝ Միացման վճար) ճշգրտված մասի վերաբերյալ տեղեկատվությունը։

4. Միացման վճարը կազմում է ________________դրամ, որից կանխավճարը՝ __________ դրամ ներառյալ ԱԱՀ՝ համաձայն սույն պայմանագրի N1 հավելվածի:

5. Միացման վճարը ենթակա է ճշգրտման՝ ելնելով Միացման աշխատանքների համար անհրաժեշտ փաստացի կատարված աշխատանքների արժեքից:

6. Ճշգրտված Միացման վճարի և վճարված կանխավճարի դրական տարբերությունը Դիմող անձի կողմից ենթակա է վճարման մինչև գազամատակարարման պայմանագրի կնքման նպատակով Մատակարարին դիմելը, իսկ բացասական տարբերությունը Մատակարարի կողմից ենթակա է վերադարձման Դիմող անձին՝ սույն պայմանագրի 3-րդ կետում նշված ծանուցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ վերջինիս նախընտրած (կանխիկ կամ անկանխիկ) ձևով։

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» օրենքով, այլ օրենքներով, ԳՄՕԿ-ով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

8. Սույն պայմանագրի համաձայն Կողմերն ունեն այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են ԳՄՕԿ-ով։

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Կողմերը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում օրենքով, ԳՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:

10. Կողմը պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող դեպքերը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը, սահմանվում է ԳՄՕԿ-ով:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը:

12. Պայմանագիրը լուծվում է ԳՄՕԿ-ով նախատեսված դեպքերում և կարգով։

13. Հանձնաժողովի կողմից Միացման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից սույն պայմանագիրը համարվում է նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված։

14. Սույն պայմանագրում կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այդ թվում՝ ԳՄՕԿ-ով նախատեսված դեպքում, փոփոխություններ կարող են կատարվել գրավոր, պայմանով, որ չեն հակասում սույն պայմանագրին, ԳՄՕԿ-ին, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերին:

15. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

16. Սույն պայմանագրում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» օրենքով և ԳՄՕԿ-ով սահմանված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ սույն պայմանագրով:

17. Կողմերի միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով:

18. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը։

19. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար:

 

7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

20. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են.

1) միացման վճարի մասին N 1 հավելվածը։

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Մատակարար`

Գտնվելու վայրը՝

___________________________________

Հեռախոս __________________________

Էլ. փոստ ___________________________

ՀՎՀՀ______________________________

Միացման վճարի հ/հ

________________________________

Բանկ ______________________________

Գործունեության լիցենզիա N

___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

(առկայության դեպքում)

Դիմող անձ՝

______________________________________

Գտնվելու վայրը (բնակության վայրը) ՝

______________________________________

Ծանուցման հասցեն՝

______________________________________

Էլ. փոստ _____________________________

Հեռախոս_____________________________

ՀՎՀՀ (իրավաբանական անձի դեպքում

________________________________

Բանկ________________________________

Հ/հ__________________________________

__________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հավելված N 1

Միացման պայմանագրի

 

ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐ

 

Հ/Հ

Աշխատանքի
անվանումը

Չափի միավոր

Քանակը

Միավորի արժեքը
(հազար դրամ)

Ընդամենը
(հազար դրամ)

1

         

2

         

Ընդամենը

   

1. Միացման վճարի չափը կազմում է ----- դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), որից կանխավճարի չափն է ------- դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)։

2. Միացման վճարի չափը ենթակա է ճշգրտման՝ ԳՄՕԿ-ով և պայմանագրով սահմանված կարգով։

 

ՄԱՏԱԿԱՐԱՐ

——————————

ԴԻՄՈՂ ԱՆՁ

—————————— »:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան