Գլխավոր տեղեկություն
Номер
N 78-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 20.01.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.01.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.01.2023
Дата вступления в силу
21.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2023 թվականի N 78-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ, 33-րդ հոդվածի 9-րդ, 9.1-ին, 35-րդ հոդվածի 15-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝

1) նախաբանում «և 48-րդ հոդվածների» բառերը փոխարինել «, 48-րդ հոդվածների և 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի» բառերով.

2) 1-ին կետի 3-րդ ենթակետում «ինչպես նաև» բառերը փոխարինել «2023 թվականի հունվարի 1-ից՝ հարկադիր կատարողների զինվորական կենսաթոշակները և» բառերով.

3) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-րդ ենթակետով՝

«18) 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակը վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը հաշվարկելու կանոնները, կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները՝ համաձայն N 18 հավելվածի:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.2-րդ կետով՝

«2.2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը փոխանցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համակարգի կենսաթոշակառուների կենսաթոշակի գործերը:»։

2. Որոշման N 1 հավելվածում`

1) 14.5-րդ կետում «(առանց ենթակա կազմակերպությունների)» բառերը փոխարինել «, դրանց ենթակա դպրոցներում, գրադարաններում, բնակշահագործման (բնակարանային շահագործման) գրասենյակներում (տեղամասերում, տնտեսություններում)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.6-րդ կետով՝

«14.6. 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, եթե անձն աշխատել է (զբաղեցրել է պաշտոն) քաղաքացիական ավիացիայի գործարաններում և կազմակերպություններում, ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման NN 6, 7 հավելվածներում նշված կազմակերպություններում՝ անկախ այդ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնից կամ կատարած աշխատանքից։».

3) 15.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15.4. Աշխատանքային ստաժում հաշվառվում է 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի՝ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ մասնակից հանդիսացող պետության տարածքում մինչև 2017 թվականի հունվարի 1-ն աշխատանքային գործունեության ժամանակահատվածը:».

4) 15.5-րդ կետում «այն ժամանակահատվածը, որի համար, ըստ բազայի տվյալների, ապահովադիրը կատարել է սոցիալական վճարներ» բառերը փոխարինել «ժամանակահատվածը, բայց ոչ ավելի, քան բազայում առկա տեղեկատվությամբ սոցիալական վճար կատարած վերջին ամսաթիվը» բառերով.

5) 19.4-րդ կետը և 40-րդ կետի 1-ին ենթակետը «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով.

6) 34-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«34. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանած անձին կենսաթոշակ է նշանակվում և վճարվում՝

1) Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կենսաթոշակ չվճարելու) ամսվա 1-ից, եթե անձը Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կենսաթոշակ չվճարելու) ամսվանից հաշված՝ 6 ամսվա ընթացքում և կենսաթոշակ նշանակելու համար դիմել է հաշվառման օրվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում․

2) դիմելու օրվանից, եթե անձը Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կենսաթոշակ չվճարելու) ամսվանից հաշված՝ 6 ամսվա ընթացքում և կենսաթոշակ նշանակելու համար դիմել է հաշվառման օրվանից 3 ամիս հետո․

3) հաշվառման օրվանից, եթե անձը Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կենսաթոշակ չվճարելու) ամսվանից հաշված՝ 6 ամիս հետո և կենսաթոշակ նշանակելու համար դիմել է հաշվառման օրվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում․

4) դիմելու օրվանից, եթե անձը Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կենսաթոշակ չվճարելու) ամսվանից հաշված՝ 6 ամիս հետո և կենսաթոշակ նշանակելու համար դիմել է հաշվառման օրվանից 3 ամիս հետո։».

7) 45-րդ կետի 4-րդ ենթակետում «հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու և անձին հաշմանդամ չճանաչելու մասին» բառերը փոխարինել «վերադասության կարգով կամ վերափորձաքննությամբ անձին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու մասին» բառերով.

8) 46-րդ կետի 4-րդ ենթակետում «հասցեով հաշվառումից և մեկամսյա ժամկետում չի հաշվառվել» բառերը փոխարինել «հասցեի հաշվառումից» բառերով.

9) 47-րդ կետը «զինվորական ծառայության,» բառերից հետո լրացնել «բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերի,» բառերով, իսկ «քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի ծառայողի (քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնի), հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի,» բառերով.

10) 52.5-րդ կետում՝

ա. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «այդ» բառը փոխարինել «մահվան պետական գրանցման» բառերով.

11) 64.2-րդ և 68-րդ կետերում «մահվանից» բառերը փոխարինել «մահվան պետական գրանցումից» բառերով։

3. Որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը «պատճառով» բառից հետո լրացնել «կամ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ռեաբիլիտացնող հիմքերից որևէ մեկով» բառերով։

4. Որոշման N 10 հավելվածի՝

1) 5-րդ կետի 4-րդ ենթակետը «աշխատանքային գրքույկը» բառերից հետո լրացնել «եթե առկա չէ աշխատանքային գրքույկի՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից տեսաներածված տարբերակը, նոտարական կարգով հաստատված՝ աշխատանքային գրքույկի կրկնօրինակը կամ դրա քաղվածքը,» բառերով.

2) 19.1-ին կետի 3-րդ ենթակետը «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով.

3) 21-րդ կետի 1-ին ենթակետը «զինծառայողին» բառից հետո լրացնել «մահացած կամ» բառերով.

4) 28-րդ կետի 3-րդ ենթակետը «մահվան վկայականը» բառերից հետո լրացնել «(եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալներով անձի մահվան պետական գրանցումն առկա չէ):» բառերով։

5. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 18 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 19-ի N 78-Ն որոշման

 

«Հավելված N 18

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրին (այսուհետ՝ համաձայնագիր) համապատասխան՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը հաշվարկելու կանոնները, կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները։

2. Համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են՝ համաձայնագրով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» 2019 թվականի դեկտեմբերի 20-ի համաձայնագրի նորմերի կիրառման հարցերով փոխգործակցության կարգի մասին» N 122 որոշմամբ (այսուհետ՝ կարգ), «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` օրենք), այլ իրավական ակտերով և սույն հավելվածով։

3. Սույն հավելվածի իմաստով աշխատավորի (ընտանիքի անդամի), կենսաթոշակային կուտակումների ժառանգի (իրավահաջորդի), մահվան պատճառով աշխատավորի (ընտանիքի անդամի) կողմից չստացված կենսաթոշակի ստացմանը հավակնող անձի (այսուհետ՝ բոլորը միասին՝ շահառու) ներկայացուցիչը՝

1) օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակի (այսուհետ՝ հայկական կենսաթոշակ) հավակնող անձի դեպքում՝ հայկական կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ստանալու համար օրենքով գրավոր դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձն է.

2) համաձայնագրի անդամ պետության կենսաթոշակին հավակնող անձի դեպքում՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ շահառուի շահերը ներկայացնող անձը։

4. Սույն հավելվածում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են համաձայնագրով սահմանված իմաստներով։

5. Համաձայնագրին համապատասխան՝ հայկական կենսաթոշակի նշանակումը (վերահաշվարկումը) և վճարումն ապահովում, կենսաթոշակի էլեկտրոնային գործը (փաստաթղթերը) հաշվառում և վարում է, համաձայնագրի անդամ պետության կենսաթոշակի նշանակման և վճարման դիմումները հաշվառում է, համաձայնագրի անդամ պետության կենսաթոշակի վճարումը Հայաստանի Հանրապետությունում ապահովում է, համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումը կազմակերպում (իրականացնում) է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ սույն հավելվածով սահմանված կարգով:

6. Համաձայնագրի նորմերի իրականացման նպատակով՝ անդամ պետությունների իրավասու մարմինների հետ ծառայությունը համագործակցում է կարգին համապատասխան:

7. Նշված փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ կենսաթոշակների նշանակման և վճարման համար անհրաժեշտ տեղեկությունների, ինչպես նաև համաձայնագրի կիրառման համար նշանակություն ունեցող այլ տեղեկությունների փոխանակման միջոցով ընդհանուր գործընթացների իրականացման շրջանակներում: Նախքան ինտեգրված համակարգի օգտագործմանն անցնելը՝ սույն կետում նշված փոխգործակցությունն իրականացվում է թղթային տեսքով՝ կարգի 3-րդ կետով սահմանված ֆորմուլյարները (այսուհետ՝ Ֆորմուլյարներ), ինչպես նաև կենսաթոշակի նշանակման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը փոխանակելու միջոցով։

8. Համաձայնագրի շրջանակներում իրավասու մարմինների միջև փաստաթղթերի առաքման ժամկետը չի ներառվում հայկական կենսաթոշակի իրավունքի իրացման նպատակով տարածքային կենտրոն ներկայացված կամ ստացված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը (այսուհետ՝ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյար) ուսումնասիրելու և համապատասխան որոշում ընդունելու՝ օրենքով սահմանված ժամկետների մեջ։ Ընդ որում՝ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը (փաստաթղթերը) ներկայացնելու օր է համարվում դրանք ծառայություն մուտքագրելու օրը։

9. Համաձայնագրին համապատասխան՝ շահառուն կամ նրա ներկայացուցիչը կարգի 1-ին հավելվածով հաստատված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

10. Ֆորմուլյարներում լրացվում են դրանց ուղարկման նպատակներին (կատարված բժշկական հետազություններին) համապատասխանող և կենսաթոշակի նշանակման ու վճարման ապահովման համար անհրաժեշտ դաշտերը։ Ֆորմուլյարները լրացվում են ռուսերեն.

1) «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը՝ շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից.

2) «Բժշկական հետազոտության մասին» ֆորմուլյարը՝ այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության կողմից, որտեղ շահառուն սահմանված կարգով գրանցված է.

3) «Բժշկական հետազոտության մասին» ֆորմուլյարին կից ներկայացվող բժշկական փաստաթղթերը՝ այն բժշկական կազմակերպության կողմից, որն իրականացրել է բժշկական հետազությունը.

4) կարգի 2-րդ, 4-9-րդ հավելվածներով հաստատված ֆորմուլյարները՝ ծառայության կողմից։

 

2. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

11. Համաձայնագրին համապատասխան՝ շահառուի կենսաթոշակի իրավունքն իրացվում է միջազգային պայմանագրերի կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի (այսուհետ` ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան) միջոցով: ԵՏՄ կենսաթոշակների շտեմարանը ձևավորում և վարում է ծառայությունը՝ հայերեն, իսկ անդամ պետության իրավասու մարմինների հետ փոխանակվող տեղեկատվությունը՝ ռուսերեն:

12. ԵՏՄ կենսաթոշակների շտեմարանը ներառում է՝

1) հայկական կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, մահվան պատճառով չստացված կենսաթոշակը ստանալու համար դիմելու դեպքում՝ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված տվյալները, իսկ եթե հայկական կենսաթոշակի իրավունքը որոշվելու է համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով՝ նաև անդամ պետության տարածքում ձեռք բերված ստաժի վերաբերյալ տվյալները.

2) հայկական կենսաթոշակից բացի՝ համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված այլ անդամ պետության կենսաթոշակի այսուհետ՝ անդամ պետության կենսաթոշակ) իրավունքի իրացման համար դիմում ներկայացված լինելու դեպքում՝ շահառուի և նրա ներկայացուցչի (եթե դիմումը շահառուն չի ներկայացրել) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, անձի նույնականացման համար անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ անձնական (անհատական) համարը (հաշիվը), Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ստաժի վերաբերյալ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված տվյալները, եթե դրանք ուղարկվել են անդամ պետության իրավասու մարմնին՝ աշխատավորի ստաժը համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով հաշվարկելիս հիմք ընդունելու համար.

3) շահառուի կամ նրա ներկայացուցչի ներկայացրած «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարի, անդամ պետության իրավասու մարմնից ստացված, անդամ պետության իրավասու մարմնին ուղարկած Ֆորմուլյարների, դրանց կից փաստաթղթերի լուսապատճենները:

13. Տարածքային կենտրոնի՝ փաստաթղթեր ընդունող աշխատակիցը՝

1) շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից տարածքային կենտրոն ներկայացված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը, անդամ պետության իրավասու մարմնից ստացված Ֆորմուլյարները, դրանց կից փաստաթղթերը տեսաներածում (սկանավորում) է և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան.

2) համեմատում է շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից տարածքային կենտրոն ներկայացված փաստաթղթերի և դրանց հիման վրա լրացված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյար ներմուծված տեղեկատվությունը և դրանց համընկնելու դեպքում իր ստորագրությամբ և տարածքային կենտրոնի կնիքով (առկայության դեպքում) հաստատում է «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյար ներմուծված տեղեկատվության ամբողջականությունը և ճշտությունը:

14. Հայկական կենսաթոշակ նշանակելու դեպքում կազմվում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ, որում պահվում են շահառուի կամ նրա ներկայացուցչի ներկայացրած կամ անդամ պետության իրավասու մարմնին ուղարկված կամ անդամ պետության իրավասու մարմնից ստացված Ֆորմուլյարները, դրանց կից փաստաթղթերի (տեղեկությունների, տվյալների) լուսապատճենները։

15. Մինչև էլեկտրոնային ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան ձևավորելը և վարելը կազմվում է կենսաթոշակի թղթային գործ, որում կարվում են սույն հավելվածի 14-րդ կետում նշված Ֆորմուլյարների և փաստաթղթերի (տեղեկությունների, տվյալների) լուսապատճենները։

16. Էլեկտրոնային ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան ձևավորելուց հետո ծառայությունը տեսաներածում (սկանավորում) է կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները և դրանք, ինչպես նաև համապատասխան տվյալները մուտքագրում է ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան:

 

3. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼԸ

 

17. Ծառայությունը հայկական կենսաթոշակ նշանակում է համաձայնագրի անդամ պետության այն քաղաքացուն, որի համար 2021 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվում կամ ձևավորվել են կենսաթոշակային իրավունքներ (աշխատողը 2021 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք է բերել առնվազն 1 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ), աշխատողի (ընտանիքի անդամի) բնակության վայրը համաձայնագրի որևէ անդամ պետություն է և

1) Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատողի ձեռք բերած աշխատանքային ստաժը (այսուհետ՝ հայկական ստաժ) բավարար է հայկական կենսաթոշակ նշանակելու համար, սակայն բնակության վայրը անդամ պետություն է կամ

2) աշխատողի հայկական ստաժը բավարար չէ հայկական կենսաթոշակ նշանակելու համար, սակայն անդամ պետության տարածքում ձեռք բերված ստաժի հաշվառմամբ անձը ձեռք է բերում հայկական կենսաթոշակի իրավունք:

18. Այն դեպքում, երբ հայկական կենսաթոշակի իրավունքը պետք է որոշվի համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարում լրացվում է նաև անդամ պետության տարածքում աշխատողի աշխատանքային ստաժի մասին տեղեկատվությունը՝ ըստ անհրաժեշտության կցելով մինչ կենսաթոշակային իրավունքների հաշվառման մասով տեղեկատվական համակարգերը շահագործման մեջ դնելն ընկած ժամանակահատվածում այդ անդամ պետության տարածքում աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերը։

19. Շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը և փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները), անդամ պետության իրավասու մարմնից ստացված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը և փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները) մուտքագրելու (ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան ներառելու) օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) նշանակել հայկական կենսաթոշակ.

2) նշանակել հայկական կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.

3) մերժել հայկական կենսաթոշակ նշանակելը.

4) մերժել հայկական կենսաթոշակ նշանակելը և տեղեկացնել ստաժը համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով հաշվարկելու համար անդամ պետության իրավասու մարմնին աշխատանքային ստաժի վերաբերյալ հարցում կատարած լինելու մասին.

5) մերժել հայկական կենսաթոշակ նշանակելը և տեղեկացնել հայկական կենսաթոշակ նշանակելու համար անդամ պետության իրավասու մարմնից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար հարցում կատարած լինելու մասին:

20. Սույն հավելվածի 19-րդ կետում նշված որոշումներն ընդունվում են ներկայացված կամ ստացված Ֆորմուլյարների, փաստաթղթերի (տեղեկությունների, տվյալների), պետական մարմինների, այդ թվում՝ ծառայության կողմից վարվող բազաներում (շտեմարաններում), այդ թվում՝ ԵՏՄ կենսաթոշակների շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա։

21. Ծառայությունն ընդունում է սույն հավելվածի 19-րդ կետի՝

1) 1-ին ենթակետում նշված որոշումը, եթե ներկայացված կամ ստացված փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները) և առկա տեղեկատվությունը բավարար են անձին հայկական կենսաթոշակ նշանակելու համար.

2) 2-րդ ենթակետում նշված որոշումը, եթե ներկայացված կամ ստացված փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները) և առկա տեղեկատվությունը բավարար են անձին հայկական կենսաթոշակ նշանակելու համար, սակայն առկա է հայկական ստաժում չհաշվառված ժամանակահատված.

3) 3-րդ ենթակետում նշված որոշումը, եթե անձը չունի հայկական կենսաթոշակի իրավունք (չի բավարարում օրենքով կենսաթոշակի իրավունք տվող պայմաններին) կամ անձն ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք կամ անձը հաշվառված չէ համաձայնագրի որևէ անդամ պետությունում.

4) 4-րդ ենթակետում նշված որոշումը, եթե ներկայացված կամ ստացված փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները), առկա տեղեկատվությունը բավարար չեն անձին հայկական կենսաթոշակ նշանակելու համար, սակայն հայկական կենսաթոշակի իրավունքը համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով որոշելու համար առկա է անդամ պետության տարածքում աշխատելու մասին տեղեկատվություն, որը հաստատված չէ այդ անդամ պետության իրավասու մարմնի կողմից, այդ թվում՝ եթե «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարին կից՝ կարգի 4-րդ հավելվածով հաստատված «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյարը (այսուհետ՝ «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյար) անդամ պետության իրավասու մարմնի կողմից չի ուղարկվել կամ ուղարկվել է ոչ ամբողջական տեղեկատվությամբ.

5) 5-րդ ենթակետում նշված որոշումը, եթե ներկայացված կամ ստացված փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները) և առկա տեղեկատվությունը բավարար չեն անձին հայկական կենսաթոշակ նշանակելու համար, սակայն անհրաժեշտ է անդամ պետության իրավասու մարմնից ստանալ տեղեկատվություն, որն առկա չէ ներկայացված կամ ստացված փաստաթղթերում (տեղեկություններում, տվյալներում), այդ թվում, եթե «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարին կից՝ կարգի 2-րդ հավելվածով հաստատված «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյարը (այսուհետ՝ «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյար) անդամ պետության իրավասու մարմնի կողմից չի ուղարկվել կամ ուղարկվել է ոչ ամբողջական տեղեկատվությամբ:

22. Ընդունված որոշման մասին, որոշումն ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը կարգի 5-րդ հավելվածով հաստատված՝ «Ընդունված որոշման մասին ծանուցում» ֆորմուլյարը (այսուհետ՝ «Ընդունված որոշման մասին ծանուցում» ֆորմուլյար), իսկ հաշմանդամության կենսաթոշակի դեպքում՝ նաև աշխատողի հաշմանդամության խմբի, ժամկետի և պատճառի (աշխատանքային գործունեության ունակության սահմանափակման աստիճանի) սահմանման կամ սահմանման մերժման վերաբերյալ ընդունված որոշումն ուղարկում է՝

1) շահառուին կամ նրա ներկայացուցչին («Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարում նշված էլեկտրոնային փոստի հասցեին), եթե որոշումն ընդունվել է նրանց ներկայացրած «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարի հիման վրա.

2) անդամ պետության իրավասու մարմնին, եթե որոշումն ընդունվել է նրանից ստացված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարի հիման վրա։

23. Հայկական կենսաթոշակ նշանակվում է ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` անձի հաշվառման հասցեի մասին տվյալների (ճշտում է ծառայությունը` ինքնաշխատ եղանակով) կամ անդամ պետությունում բնակության վայրի հասցեի՝ անկախ անդամ պետության կողմից կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքից՝ հիմք ընդունելով «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը լրացնելու (դիմելու) օրը և օրենքի 34-րդ հոդվածով սահմանված ժամկետները:

24. Այլ անդամ պետության կողմից կենսաթոշակ նշանակելը և վճարելը, բնակության վայրը այլ անդամ պետության տարածքում գտնվելը կամ այդ անդամ պետությունում հաշվառվելը (այդ թվում՝ այլ անդամ պետության տարածքի բնակության վայրի հասցեով բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելը) հիմք չեն հայկական կենսաթոշակ նշանակելը մերժելու համար:

25. Եթե ծառայությունն ընդունում է սույն հավելվածի 19-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված որոշումը, ապա սույն հավելվածի 19-րդ կետում նշված ժամկետում ծառայությունը հարցում է ուղարկում այն անդամ պետության իրավասու մարմին, որի տարածքում աշխատողը ձեռք է բերել աշխատանքային ստաժ կամ որն ըստ առկա փաստաթղթերի (տեղեկատվության, տվյալների) կարող է տիրապետել հայկական կենսաթոշակ նշանակելու համար օրենսդրությամբ պահանջվող տեղեկատվությանը: Այս դեպքում ծառայությունն ուղարկում է՝

1) կարգի 6-րդ հավելվածով հաստատված «Հարցում» ֆորմուլյարը (այսուհետ՝ «Հարցում» ֆորմուլյար).

2) ըստ անհրաժեշտության՝ շահառուի կամ նրա ներկայացուցչի ներկայացրած փաստաթղթերի, այդ թվում՝ մինչ կենսաթոշակային իրավունքների հաշվառման մասով տեղեկատվական համակարգերը շահագործման մեջ դնելն ընկած ժամանակահատվածում անդամ պետության տարածքում աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերի լուսապատճենները։

26. Աշխատավորի՝ իր տարածքում աշխատանքային ստաժի մասին հարցում ստացած անդամ պետության իրավասու մարմինն աշխատանքային ստաժն իր պետության օրենսդրությանը համապատասխան հաստատելու կամ ստաժի հաստատման անհնարինության մասին տեղեկացնում է կարգի 4-րդ հավելվածով հաստատված՝ «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյարն ուղարկելու միջոցով։

27. Տեղեկատվություն տրամադրելու համար «Հարցում» ֆորմուլյարը ստացած անդամ պետության իրավասու մարմինը ծառայությանը տեղեկատվությունը տրամադրում է կարգի 2-րդ հավելվածով հաստատված «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյարը (այսուհետ՝ «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյար) ուղարկելու միջոցով։

28. Եթե աշխատանքային ստաժը հաստատելու կամ տեղեկատվություն տրամադրելու նպատակով տեղեկություններ, փաստաթղթեր ձեռք բերելու համար պահանջվում է լրացուցիչ միջոցառումների անցկացում, այդ մասին և «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյարի կամ «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյար ուղարկելու պլանավորվող ժամկետների մասին ծառայությունը տեղեկանում է անդամ պետության իրավասու մարմնից։

29. Եթե ծառայությունն ընդունում է սույն հավելվածի 19-րդ կետի 4-րդ կամ 5-րդ ենթակետերում նշված որոշումներից մեկը և սույն հավելվածի 25-րդ կետում նշված հարցմանն ի պատասխան անդամ պետության իրավասու մարմնից ստացված սպառիչ տեղեկատվությունը բավարար է հայկական կենսաթոշակի իրավունքը որոշելու համար, ապա հայկական կենսաթոշակ նշանակելու (նշանակելը մերժելու) որոշումն ընդունվում է՝ հիմք ընդունելով «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը լրացնելու (դիմելու) օրը և օրենքի 34-րդ հոդվածով սահմանված՝ կենսաթոշակ նշանակելու ժամկետները։

30. Հայկական կենսաթոշակի իրավունքը համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով որոշելիս հայկական կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում անդամ պետության տարածքում ձեռքբերված՝ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ գործունեության ժամանակահատվածները հաշվի չեն առնվում:

31. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակը ծառայությունը նշանակում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտի (որոշման) քաղվածքի հիման վրա։

32. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անդամ պետության իրավասու մարմնից ստացած՝ «Բժշկական հետազոտության մասին» ֆորմուլյարը և բժշկական փաստաթղթերի լուսապատճենները ծառայությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր, իսկ էլեկտրոնային ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան ձևավորելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով ուղարկում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմին:

33. Շահառուի կամ նրա ներկայացուցչի ներկայացրած կամ անդամ պետության իրավասու մարմնից ստացված՝ «Բժշկական հետազոտության մասին» ֆորմուլյարի և բժշկական փաստաթղթերի լուսապատճենների հիման վրա բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում աշխատողի հաշմանդամության խմբի, ժամկետի և պատճառի (աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանի) սահմանման (սահմանման մերժման) մասին իր ընդունած վարչական ակտի (որոշման) քաղվածքը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր, իսկ էլեկտրոնային ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան ձևավորելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով ուղարկում է ծառայություն:

34. Անձին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտի քաղվածքի հիման վրա հաշմադամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու (կենսաթոշակ նշանակելը մերժելու) վերաբերյալ իր որոշումը «Ընդունված որոշման մասին ծանուցում» ֆորմուլյարի միջոցով և աշխատողի հաշմանդամության խմբի, ժամկետի և պատճառի (աշխատանքային գործունեության ունակության սահմանափակման աստիճանի) սահմանման (սահմանման մերժման) մասին որոշումը ծառայությունն ուղարկում է՝

1) շահառուին կամ նրա ներկայացուցչին («Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարում նշված էլեկտրոնային փոստի հասցեին), եթե որոշումն ընդունվել է նրանց ներկայացրած «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարի հիման վրա.

2) անդամ պետության իրավասու մարմնին, եթե որոշումն ընդունվել է նրանից ստացված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարի հիման վրա:

35. Աշխատավորին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշում ընդունելու համար լրացուցիչ բժշկական փաստաթղթերի պահանջի առաջացման դեպքում այդ մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը գրավոր, իսկ էլեկտրոնային ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան ձևավորելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է ծառայությանը՝ նշելով ստացման ենթակա լրացուցիչ բժշկական փաստաթղթերի (բժշկական հետազոտությունների) ցանկը: Ծառայությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ստացման ենթակա լրացուցիչ բժշկական փաստաթղթերի (բժշկական հետազոտությունների) ցանկն ուղարկում է «Բժշկական հետազոտության մասին» ֆորմուլյարն ուղարկած անդամ պետության իրավասու մարմին:

36. Լրացուցիչ բժշկական փաստաթղթերն անդամ պետության իրավասու մարմնից ստանալուց հետո՝ ծառայությունը սույն հավելվածի 33-րդ կետով սահմանված կարգով դրանք ուղարկում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմին։ Վերջինս սույն հավելվածի 35-րդ կետով սահմանված կարգով իր ընդունած որոշման մասին տեղեկացնում է ծառայությանը։

37. Արտոնյալ պայմաններով, մասնակի, երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս անդամ պետության տարածքում որոշակի մասնագիտությամբ կամ աշխատանքային որոշակի պայմաններով և կազմակերպություններում աշխատած ժամանակահատվածը (աշխատանքային ստաժը) արտոնյալ պայմաններով, մասնակի, երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժին չի գումարվում, սակայն հաշվի է առնվում ընդհանուր ստաժում։

38. Անդամ պետության իրավասու մարմնի կամ հաստատության (կազմակերպության) կողմից լրացվող ֆորմուլյարներում առկա տեղեկատվությունն ընդունվում է առանց լրացուցիչ փաստաթղթային հաստատման։

39. Մինչև 1992 թվականի մարտի 13-ն ընկած ժամանակահատվածի համար անդամ պետությունում տրված աշխատանքային ստաժի և (կամ) աշխատավարձի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերն ընդունվում են առանց հաստատումների, եթե դրանք լրացված կամ տրված են այն կարգին համապատասխան, որը գործել է դրանք լրացնելու կամ տալու օրվա դրությամբ:

40. Եթե մինչև 1992 թվականի մարտի 13-ն ընկած ժամանակահատվածի համար անդամ պետությունում տրված աշխատանքային ստաժի և (կամ) աշխատավարձի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը լրացված կամ տրված են դրանք լրացնելու կամ տալու օրվա դրությամբ գործող կարգի խախտմամբ, ապա ստաժը հաստատելու համար անդամ պետության իրավասու մարմնին ուղարկվում է հարցում՝ առանց «Հարցում» ֆորմուլյար ուղարկելու կամ «Հարցում» ֆորմուլյար ուղարկելու միջոցով։

41. 1992 թվականի մարտի 13-ից հետո ընկած ժամանակահատվածի համար անդամ պետությունում տրված աշխատանքային ստաժի և (կամ) աշխատավարձի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը (անդամ պետության տարածքում աշխատանքային ստաժը) հաստատելու համար սույն հավելվածի 40-րդ կետում նշված կարգով հարցում է կատարվում այդ անդամ պետության իրավասու մարմնին։

42. Սույն հավելվածի 40-րդ և 41-րդ կետերում նշված հարցմանը անդամ պետության իրավասու մարմինը պատասխանում է «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյար ուղարկելու միջոցով կամ առանց «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյար ուղարկելու՝ փոխանցելով իր տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, այդ թվում՝ կազմակերպություններից (հաստատություններից) ստացված տեղեկատվությունը (գործատուի տեղեկանքներ, արխիվի տված տեղեկանքներ և այլն)։

43. Սույն հավելվածի 40-րդ և 41-րդ կետերում նշված՝ անդամ պետության իրավասու մարմնից ստացված հարցմանը ծառայությունը պատասխանում է առանց ֆորմուլյար ուղարկելու (ուղարկելով արխիվային փաստաթղթեր) կամ ֆորմուլյար ուղարկելու միջոցով։ Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ստաժը հաստատվում է՝

1) արխիվային տեղեկանքներ կամ արխիվային տվյալներ (տեղեկություններ) պարունակող այլ փաստաթղթերով (այսուհետ՝ արխիվային փաստաթուղթ), ապա ուղարկվում են այդ փաստաթղթերը.

2) պետական մարմինների, այդ թվում՝ ծառայության, կողմից վարվող բազաների, ԵՏՄ կենսաթոշակների շտեմարանի տվյալներով, ապա պատասխանում է իր համար նախընտրելի եղանակով՝ «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյար ուղարկելու միջոցով կամ առանց «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյար ուղարկելու՝ անհրաժեշտության դեպքում կցելով արխիվային փաստաթղթերը։

44. 2021 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում աշխատանքային ստաժը հաստատելու մասին հարցումներն ուղարկվում են «Հարցում» ֆորմուլյարի միջոցով, պատասխանները տրվում են «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյար ուղարկելու միջոցով։

45. Անդամ պետության իրավասու մարմինից փաստաթղթերը (տեղեկությունները, տվյալները) ռուսերենից տարբեր՝ այլ լեզվով ստացվելու դեպքում այդ մասին և փաստաթուղթը հայերեն կամ ռուսերեն թարգմանությամբ՝ նոտարական վավերացմամբ ներկայացնելու անհրաժեշտության մասին ծառայությունը տեղեկացնում է շահառուին կամ նրա ներկայացուցչին՝ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով։

46. Սույն հավելվածի 45-րդ կետում նշված փաստաթղթերը կարող են հաշվի առնվել կենսաթոշակի իրավունքը որոշելիս, եթե շահառուն կամ նրա ներկայացուցիչը ծառայություն է ներկայացրել դրանց՝ նոտարական կարգով վավերացված թարգմանությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են:

47. Եթե «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացրել է կամ անդամ պետության իրավասու մարմինն ուղարկել է հայկական կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, մահվան պատճառով չստացված կենսաթոշակը ստանալու համար, ապա ծառայությունը համապատասխան որոշումն ընդունում է սույն հավելվածի 19-րդ կետում նշված ժամկետում և այդ մասին տեղեկացնում է սույն հավելվածի 22-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով։

48. Հայկական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, կենսաթոշակի վճարումը դադարեցվում և վերսկսվում է օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառում ունենալու պահանջի փոխարեն կիրառելով համաձայնագրի որևէ անդամ պետությունում հաշվառում ունենալու պահանջը։ Համաձայնագրի որևէ անդամ պետությունում հաշվառում ունենալու մասին տեղեկատվությունը ծառայությունը ճշտում է՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներով, անդամ պետության դեպքում՝ «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյարն ուղարկելու միջոցով։

49. Հայկական կենսաթոշակի ավելի վճարված գումարներ հայտնաբերելու դեպքում այդ գումարները ծառայությունը հաշվարկում և հետ է գանձում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնում, բռնագանձում) օրենքով սահմանված կարգով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելի վճարված գումարները գանձելու (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու, բռնագանձելու) անհնարինության դեպքում ծառայությունն ուղարկում է «Կենսաթոշակի ավելի վճարված գումարի պահման մասին» ֆորմուլյարն այն անդամ պետության իրավասու մարմին, որը համաձայնագրի շրջանակներում կենսաթոշակ է վճարում՝ իր կողմից վճարվող կենսաթոշակից պահում իրականացնելու համար։ Այս դեպքում այդ անդամ պետության իրավասու մարմնի հետ փոխգործակցությունն իրականացվում է կարգով սահմանված կարգով։

50. Եթե նախորդ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարով ներկայացված կամ ստացված տվյալների փոփոխության մասին ծանուցելու համար շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացրել է կամ անդամ պետության իրավասու մարմինն ուղարկել է նոր «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյար, ապա ծանուցումն ընդունվում է ի տնօրինություն, իսկ դրա հիման վրա որևէ գործողություն կատարելու դեպքում այդ մասին տեղեկացնում է սույն հավելվածի 22-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով։

51. Հայկական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի կամ նրա ներկայացուցչի՝ կենսաթոշակի իրավունքին առնչվող տեղեկատվություն, այդ թվում՝ «Հարցում» ֆորմուլյարում նշված, ստանալու պահանջ առաջանալու դեպքում ծառայությունը «Հարցում» ֆորմուլյարի միջոցով հարցում է ուղարկում այն անդամ պետության իրավասու մարմին, որը կարող է տիրապետել այդ տեղեկատվությանը։ Պատասխանը ստացվում է «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյարի միջոցով։

52. Անդամ պետության կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուի կամ նրա ներկայացուցչի՝ կենսաթոշակի իրավունքին առնչվող տեղեկատվություն ի հայտ գալու (հայտնաբերելու) դեպքում ծառայությունը «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյարի միջոցով այդ մասին տեղեկացնում է այն պետության իրավասու մարմնին, որը վճարում է կենսաթոշակ։

53. Անդամ պետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու (բնակության վայրը փոխելու) հիմքով հայկական կենսաթոշակը վերահաշվարկվում է նախկին բնակության վայրի պետությունում բնակության վայրը փոխելու հիմքով այդ պետությունում կենսաթոշակը վերահաշվարկելու կամ հայկական կենսաթոշակն այդ պետությունում չվճարելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում։ Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է դիմելու օրվանից։

 

4. ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՀԱՍՏԱՏԵԼԸ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՐՑՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

54. Եթե անձը տարածքային կենտրոն դիմել է միաժամանակ մի քանի անդամ պետությունների կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար, լրացվում է մեկ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյար:

55. «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարում լրացվում է աշխատավորի՝ այն անդամ պետության տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի մասին տեղեկատվությունը, որի կենսաթոշակին հավակնում է շահառուն կամ որի տարածքում ձեռք բերված ստաժը պետք է հաշվառվի կենսաթոշակի իրավունքը համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով որոշելիս։ Այս դեպքում, ըստ անհրաժեշտության, կցվում են մինչ կենսաթոշակային իրավունքների հաշվառման մասով տեղեկատվական համակարգերը շահագործման մեջ դնելն ընկած ժամանակահատվածում այդ անդամ պետության տարածքում աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերը։

56. «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարին կից ներկայացվում են այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որի կենսաթոշակին հավակնում է շահառուն։

57. Շահառուի կամ նրա ներկայացուցչի տարածքային կենտրոն ներկայացրած «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը և փաստաթղթերը գրանցելու (ԵՏՄ կենսաթոշակների շտեմարան ներառելու_ օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը անդամ պետության իրավասու մարմին, որի կենսաթոշակին հավակնում է շահառուն, ուղարկում է՝

1) տարածքային կենտրոնի աշխատակցի կողմից սույն հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը և ներկայացված փաստաթղթերի լուսապատճենները կամ կարգով նախատեսված դեպքերում՝ բնօրինակ փաստաթղթերը.

2) «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյարը (այն դեպքում, երբ ուղարկելու օրվա դրությամբ ծառայությունը տիրապետում է այլ անդամ պետության իրավասու մարմնին տրամադրման ենթակա տեղեկատվության).

3) «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյարը (ուղարկելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատավորի ձեռք բերած և հաստատված աշխատանքային ստաժի մասով, եթե այն անհրաժեշտ է տրամադրել անդամ պետության իրավասու մարմնին՝ վերջինիս կողմից համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով շահառուի կենսաթոշակի իրավունքը որոշելու համար).

4) «Բժշկական հետազոտության մասին» ֆորմուլյարը և բժշկական փաստաթղթերի լուսապատճենները (հաշմանդամության կենսաթոշակի համար դիմելու դեպքում)։

58. Եթե «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացրել է անդամ պետության նշանակած կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու (վերականգնելու), մահվան պատճառով չստացված կենսաթոշակը ստանալու համար, ապա «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարը և կից փաստաթղթերի լուսապատճենները, իսկ կարգով նախատեսված դեպքերում՝ բնօրինակ փաստաթղթերը, 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունն ուղարկում է այդ անդամ պետության իրավասու մարմին։

59. Կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող՝ իր ընդունած որոշման մասին անդամ պետության իրավասու մարմինը ծառայությանը տեղեկացնում է «Ընդունված որոշման մասին ծանուցում» ֆորմուլյարը, իսկ հաշմանդամության կենսաթոշակի դեպքում՝ նաև աշխատողի հաշմանդամության խմբի, ժամկետի և պատճառի (աշխատանքային գործության ունակության սահմանափակման աստիճանի) սահմանման կամ սահմանման մերժման վերաբերյալ ընդունված որոշումն ուղարկելու միջոցով:

60. Անդամ պետության իրավասու մարմնից ստանալու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում «Ընդունված որոշման մասին ծանուցում» ֆորմուլյարը, իսկ հաշմանդամության կենսաթոշակի դեպքում՝ նաև աշխատողի հաշմանդամության խմբի, ժամկետի և պատճառի (աշխատանքային գործունեության ունակության սահմանափակման աստիճանի) սահմանման կամ սահմանման մերժման վերաբերյալ ընդունված որոշումը ծառայությունն ուղարկում է շահառուի կամ նրա ներկայացուցչի էլեկտրոնային փոստին։

61. Աշխատանքային ստաժը հաստատելու համար «Հարցում» ֆորմուլյարը և փաստաթղթերն անդամ պետության իրավասու մարմնից ստանալու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը ֆորմուլյարն ուղարկած անդամ պետության իրավասու մարմնին «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյարն ուղարկելու միջոցով տեղեկացնում է՝

1) աշխատանքային ստաժը հաստատելու մասին (եթե Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժը հաստատվել է օրենսդրությամբ սահմանված կարգով).

2) ստաժի հաստատման անհնարինության մասին.

3) աշխատանքային ստաժի հաստատման համար լրացուցիչ միջոցառումների անցկացման (արխիվային փաստաթղթերի, տեղեկությունների ձեռք բերման) անհրաժետության մասին՝ սպառիչ տեղեկատվություն պարունակող «Աշխատանքային ստաժի մասին» ֆորմուլյար ուղարկելու պլանավորվող ժամկետների նշմամբ։

62. Տեղեկատվություն տրամադրելու համար «Հարցում» ֆորմուլյարը և փաստաթղթերն անդամ պետության իրավասու մարմնից ստանալու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը ֆորմուլյարն ուղարկած անդամ պետության իրավասու մարմնին «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյար ուղարկելու միջոցով՝

1) տրամադրում է պահանջվող տեղեկատվությունը.

2) տեղեկացնում է տեղեկատության տրամադրման անհնարինության մասին (համապատասխան նշումը կատարում է ֆորմուլյարի 15-րդ կետում).

3) տեղեկացնում է տեղեկատության տրամադրման համար լրացուցիչ միջոցառումների անցկացման (արխիվային փաստաթղթերի, տեղեկությունների ձեռք բերման) անհրաժետության մասին՝ սպառիչ տեղեկատվություն պարունակող «Տեղեկատվական թերթիկ» ֆորմուլյար ուղարկելու պլանավորվող ժամկետների նշմամբ (համապատասխան նշումը կատարում է ֆորմուլյարի 15-րդ կետում)։

63. Եթե իր ուղարկած «Բժշկական հետազոտության մասին» ֆորմուլյարին և բժշկական փաստաթղթերի լուսապատճեններին ի պատասխան անդամ պետության իրավասու մարմնից ծառայությունն ստանում է աշխատավորի հաշմանդամության սահմանման մասին որոշումն ընդունելու համար լրացուցիչ բժշկական փաստաթղթեր տրամադրելու պահանջ, ապա ծառայությունն այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է աշխատողին՝ նրա էլեկտրոնային փոստին ուղարկած հաղորդագրության միջոցով։

64. Շահառուի կամ նրա ներկայացուցչի ներկայացրած լրացուցիչ բժշկական փաստաթղթերի լուսապատճենները 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունն ուղարկում է անդամ պետության իրավասու մարմնին։

 

5. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

65. Հայկական կենսաթոշակը ծառայությունը հաշվարկում է դրամով և վճարում է՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում (կենսաթոշակը նշանակված է ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` անձի հաշվառման հասցեի)՝ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափով՝ ԽՍՀՄ-ի, մինչև 2022 թվականը՝ Հայաստանի Հանրապետության և մինչև 2017 թվականի հունվարի 1-ը՝ անդամ պետության տարածքներում ձեռք բերած ստաժի (ներառյալ նշված ժամանակահատվածներում համապատախսան պետությունների տարածքներում օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ այլ գործունեության ժամանակահատվածների) համար․

2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (կենսաթոշակը նշանակված է ըստ անդամ պետության բնակության վայրի հասցեի)՝ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով 2021 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ձեռք բերված հայկական ստաժի հաշվարկված՝ կենսաթոշակի աշխատանքային մասի չափով:

66. Համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակը վճարվում է նախորդ եռամսյակի համար՝ մինչև այդ եռամսյակին հաջորդող եռամսյակի երրորդ ամսվա 1-ը:

67. Հայաստանի Հանրապետության տարածքում հայկական կենսաթոշակը, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով (հաշվի առնելով օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը)։

68. Անդամ պետությունից ստացված կենսաթոշակը, չվճարված կենսաթոշակի գումարը Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվում (վճարվում) է դրամով, կանխիկ կամ անկանխիկ եղանակով (հաշվի առնելով օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը)՝ հայկական կենսաթոշակը վճարելու՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

69. Հայաստանի Հանրապետության տարածքում կենսաթոշակը վճարվում է՝

1) անկանխիկ եղանակով բանկի միջոցով՝ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարի 10-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկի բանկային հաշվին փոխանցելու միջոցով․

2) կանխիկ եղանակով՝ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով։

70. Հայկական կենսաթոշակը, չվճարված կենսաթոշակի գումարը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարվում է կենսաթոշակառուի բնակության վայրի անդամ պետության իրավասու մարմնի միջոցով, որը կենսաթոշակն առաքում է այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դրամական միավորով:

71. Անդամ պետության իրավասու մարմնից «Կենսաթոշակի ավելի վճարված գումարի պահման մասին» ֆորմուլյարը ստանալու դեպքում ծառայությունը քննարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայկական կենսաթոշակից պահումներ կատարելու հարցը։ Ընդունած որոշման մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում «Ընդունված որոշման մասին ծանուցում» ֆորմուլյարն ուղարկվում է «Կենսաթոշակի ավելի վճարված գումարի պահման մասին» ֆորմուլյար ուղարկած անդամ պետության իրավասու մարմնին։»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան