ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1984-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 4 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված և «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր ք. թիվ 2 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08112017-04-0032 վկայական), 1811.5 քառ. մետր մակերեսով շենքը (նախկին դպրոց), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.804 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 80 700 000 դրամ.
2) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, շենքշինություններին հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 40 830 000 դրամ.
3) հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 23 215 500 դրամ.
4) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 80 700 000 դրամ.
5) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 4 035 000 դրամ, որն աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Աճուրդի չհաղթող մասնակցին (մասնակիցներին) նախավճարը վերադարձվում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.
6) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 223 380 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ.
7) որ աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում։
3. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ գրանցված ընկերության օգտագործման իրավունքը դադարեցնելու համար.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում.
4) սույն որոշման 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով։
5. Սահմանել, որ գնորդը վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, աճուրդում առաջարկված գինը, նվազեցված վճարման ենթակա հողամասի շուկայական արժեքի չափով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ առաջարկվող գնի մեջ հաշվարկված հողամասի շուկայական արժեքը՝ համապատասխան գանձապետական հաշվին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|