ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2079-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «դ» ենթակետով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» N 532 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ և 7-րդ ենթակետերում ու 7-րդ կետում ուսումնական զենքին և ռազմամթերքին վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում «Զենքի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիդեկտեմբերի 29-ի N 2079-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) սովորողների նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Նախազորակոչային պատրաստությունն իրականացվում է ուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու և նրանց մոտ հետևյալ ունակություններն ու տեղեկատվությունն ապահովելու նպատակով՝
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործունեության վերաբերյալ պատկերացումների ձևավորում.
2) ազգային բանակում ծառայելու գիտակցության ձևավորում.
3) զորամասերի զինվորական անձնակազմի կյանքին և կենցաղին, զենքին ու զինվորական տեխնիկային ծանոթացում.
4) տեսական և գործնական պարապմունքների միջոցով շարային ու կրակային պատրաստության կարողությունների ձևավորում.
5) ֆիզիկապես և բարոյապես առողջ, դիմացկուն և հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացու դաստիարակում.
6) ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը մասնակցելու և ռազմական կրթություն ստանալու կողմնորոշման ձևավորում.
7) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի հիմունքների յուրացում.
8) քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով գործելու, պաշտպանական կառույցներից և անհատական պաշտպանական միջոցներից օգտվելու, առաջին օգնություն ցուցաբերելու ունակությունների, արտակարգ իրավիճակներում գործելու հմտության և անհրաժեշտ վարվելակերպի ձևավորում:
II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
3. Ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստությունը կազմակերպվում և անցկացվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման, ինչպես նաև գործնական պարապմունքների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում կրակային պատրաստության իրականացման միջոցով:
4. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրային և ուսումնական նյութատեխնիկական բազան ընդգրկում է`
1) առարկայական դասագրքերը և ուսումնամեթոդական ձեռնարկները.
2) հատուկ կահավորված դասասենյակ, որն օգտագործվում է միայն «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման համար.
3) ուսումնական զենքն ու ռազմամթերքը, դրանք պահելու համար կահավորված զենքի պահպանման սենյակը.
4) մարտավարության, շարային պատրաստության և քաղաքացիական պաշտպանության պարապմունքների վայրերը.
5) ֆիզիկական կուլտուրայի, ուժային վարժությունների, ռազմամարզական միջոցառումների հրապարակները.
6) ժամապահի, օրապահի պարտականությունների գործնական պարապմունքների անցկացման կետերը.
7) ուսումնական զենքի մաքրման և յուղման, հրաձգության գործնական հնարքների կատարման մշակման տեղերը.
8) քաղաքացիական պաշտպանության ուսումնական գույքը, պաշտպանական անհատական միջոցները, ճառագայթային և քիմիական հետազոտությունների ուսումնական սարքերը.
9) ուսումնադիտողական ձեռնարկները, ուսուցման տեխնիկական միջոցները:
5. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական ծրագրերը՝ ըստ հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի, հաստատում է կրթության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարը: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական ծրագրերի նախագծերը կրթության բնագավառի պետական լիազոր մարմինը քննարկում է պաշտպանության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, ազգային անվտանգության, ոստիկանության բնագավառների պետական լիազոր մարմինների հետ:
6. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական ծրագիրը ներառում է առարկայական չափորոշիչները, տեսական և գործնական պարապմունքների ժամանակացույցը: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, տվյալ տարվա օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնական հաստատության տնօրենի հրամանով հաստատվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում կամ ռազմամարզական ճամբարային հավաքներում գործնական պարապմունքների ու կրակային պատրաստության իրականացման ժամանակացույցը, որի նախագիծն ուսումնական հաստատությունը կազմում է կրթության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ազգային անվտանգության, ոստիկանության բնագավառների պետական լիազոր մարմինների առաջարկությունների հիման վրա:
7. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման և գործնական պարապմունքների իրականացման նպատակով պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինն օրենքով սահմանված կարգով ուսումնական հաստատություններն ապահովում է ուսումնական զենքով և ռազմամթերքով, զինվորական գործին տիրապետելու համար անհրաժեշտ ուսումնադիտողական ձեռնարկներով ու ուսուցման տեխնիկական միջոցներով, իսկ արտակարգ իրավիճակների կրթության բնագավառի պետական լիազոր մարմինն ապահովում է քաղաքացիական պաշտպանության ուսումնական գույքի, պաշտպանական անհատական միջոցների, ճառագայթային և քիմիական հետազոտությունների ուսումնական սարքերի, քաղաքացիական պաշտպանության ոլորտին առնչվող անհրաժեշտ ուսումնադիտողական ձեռնարկների ու ուսուցման տեխնիկական միջոցների հատկացումը: Կրակային պատրաստությունն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների նախատեսված՝ սույն կարգի 6-րդ կետի համաձայն կազմված ժամանակացույցում նշված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան զորամասերում: Ոստիկանության բնագավառի պետական լիազոր մարմնի իրավասու ստորաբաժանումներն ուսումնական հաստատությունների հետ համաձայնեցված կարգով վերահսկողություն են իրականացնում ուսումնական հաստատություններում ուսումնական զենքի և ռազմամթերքի պահպանման նկատմամբ: Սույն կարգում «ուսումնական զենք» և «ռազմամթերք» հասկացությունները կիրառվում են «Զենքի շրջանառության մասին» օրենքով սահմանված իմաստով:
8. Ուսումնական հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումն իրականացնում է ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչը (այսուհետ՝ զինղեկ), որը պատասխանատու է սովորողների նախազորակոչային պատրաստության պատշաճ կազմակերպման և անցկացման, ուսումնական հաստատության ուսումնական նյութատեխնիկական բազայի ստեղծման և համալրվածության համար: Զինղեկն ապահովում է նաև ուսումնական հաստատությունում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման գործընթացը: Զինղեկի պաշտոնային պարտականությունների և որակավորման պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշմամբ: Զինղեկները նշանակվում են ուսուցչի նշանակման համար օրենքով սահմանված կարգով:
9. Սույն կարգի 5-րդ կետում նշված պետական մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում մեթոդական աջակցություն են ցուցաբերում զինղեկներին: Պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից զինղեկներին օրենքով սահմանված կարգով հատկացվում է զինվորական համազգեստ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
29.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|