Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1675
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
26.12.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2022
Дата вступления в силу
26.12.2022

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

26 դեկտեմբերի 2022 թ.

 

ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ) 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Գայանե Մանուկյանի ներկայացուցիչներ՝ Ա. Ղազարյանի, Կ. Տոնոյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, նույն բաժնի գլխավոր մասնագետ Է. Մնացականյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 40-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը (այսուհետ` նաև Օրենսգիրք) ուժի մեջ է մտել 1970 թվականի հունվարի 1-ից, ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին:

Օրենսգրքի «Ամուսնությունը դադարելու ժամանակը» վերտառությամբ 40-րդ հոդվածը սահմանում է.

«Ամուսնությունը դադարած է համարվում ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվելու պահից»:

Գործի քննության առիթը Գայանե Մանուկյանի (այսուհետ՝ նաև Դիմող)՝ 2021 թվականի հունիսի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Սահմանադրական դատարանի 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-171 աշխատակարգային որոշմամբ «Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 33 և 40-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության:

Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի ՍԴԱՈ-256 աշխատակարգային որոշմամբ նշված գործի վարույթը կասեցվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ ապացույցներ պահանջելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Սահմանադրական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՍԴԱՈ-204 աշխատակարգային որոշմամբ սույն գործի վարույթը վերսկսվել է։

Սահմանադրական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-211 աշխատակարգային որոշմամբ «Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 33 և 40-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 33-րդ հոդվածի մասով, կարճվել է:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, Դատական դեպարտամենտից ստացված թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործի նյութերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով հայցվոր Գայանե Նազարյանը վարչական դատարան է դիմել ընդդեմ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք` Դիմողի, Արտյոմ Սարգսյանի, Հասմիկ Աբրահամյանի` Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի 16/1 շենքի 17 բնակարանի հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Դիմողի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու և նույն գույքի նկատմամբ իր ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:

Հայցադիմումը վարույթ է ընդունվել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու պահանջի մասով, իսկ մյուս` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասով վարույթ ընդունելը մերժվել է: Վարչական դատարանը գտել էր, որ Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշմամբ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի 16/1 շենքի 17-րդ բնակարանն անհատույց մասնավորեցվել է Արտյոմ Սարգսյանի անվամբ՝ ընտանիքի երեք անձով՝ որպես վերջիններիս ընդհանուր համատեղ սեփականություն՝ չբացահայտելով, թե ով է որոշման մեջ հիշատակվող Արտյոմ Սարգսյանի կինը։ Ըստ վարչական դատարանի՝ որոշման մեջ բացակայել են այն անհատականացնող տվյալները, որոնց հիմքով հնարավոր կլիներ պարզել, թե նշված որոշմամբ Արտյոմ Սարգսյանից բացի ում անվամբ է սեփականաշնորհվել հիշյալ հասցեի անշարժ գույքը։ Վարչական դատարանը հատկանշական է համարել, որ բնակարանի անհատույց մասնավորեցման մասին որոշման կայացման պահին գրանցված է եղել Արտյոմ Սարգսյանի և հայցվոր Գայանե Նազարյանի ամուսնությունը, իսկ նույն ժամանակ առաջինը գտնվել է փաստական ամուսնական կապի մեջ Դիմողի հետ, և հիշյալ որոշման կայացման համար հիմք հանդիսացած՝ Արտյոմ Սարգսյանի ներկայացրած դիմումում վերջինս որպես իր կին նշել է Դիմողին։ Հանգելով նրան, որ Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշումից պարզ չի եղել, թե այն որոշակիորեն ում է հասցեագրված՝ հայցվոր Գայանե Նազարյանին, թե Դիմողին, վարչական դատարանը եզրակացրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի «գ» կետի ուժով պետական գրանցման համար հիմք հանդիսացած մասով հիշյալ որոշումը հանդիսանում է առ ոչինչ վարչական ակտ, որի հիման վրա Դիմողի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը պետք է մերժվեր տվյալ պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 43-րդ հոդվածի հիմքով։

Եզրակացնելով, որ Դիմողի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի պահանջների խախտմամբ, վարչական դատարանը գտել է, որ այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի հիմքով անվավեր վարչական ակտ է, և 2018 թվականի օգոստոսի 10-ի վճռով հայցը բավարարել է և «Անվավեր ճանաչել Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի 16/1 շենքի 17 բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումը»։

Դիմողը վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ վարչական դատարանը 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ բավարարել է՝ վճիռը բեկանել, իսկ գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության: Վերաքննիչ վարչական դատարանը գտել էր, որ 2002 թվականի նոյեմբերի 6-ին Դիմողի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև դրա հիմքում ընկած վարչական ակտի` Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշման իրավաչափությանն անդրադառնալիս վարչական դատարանը կիրառել էր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը՝ անտեսելով, որ նշյալ վարչական ակտերի ընդունման պահին այն ուժի մեջ չի եղել՝ արձանագրելով Վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, քանի որ վարչական դատարանը վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշելիս, դուրս էր եկել վիճարկվող վարչական ակտի և դրա հիմքում ընկած վարչական ակտի ընդունման պահի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումների շրջանակից:

Վերաքննիչ վարչական դատարանը Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշման կապակցությամբ արձանագրել էր, որ դրա ընդունման հիմքում դրվել են Երևանի քաղաքապետի 2000 թվականի հունիսի 5-ի «Արտյոմ Սարգսյանի ընտանիքի բնակարանային հարցի մասին» թիվ 651 որոշումը, Երևանի քաղաքապետարանի 2002 թվականի օգոստոսի 21-ի թիվ 001214 օրդերում, Արտյոմ Սարգսյանի 2002 թվականի հոկտեմբերի 9-ի՝ Երևանի քաղաքապետին հասցեագրված «Բնակ. տարածության սեփականաշնորհման մասին» դիմումում զետեղված տվյալները։ Փաստելով, որ օրդերում որպես Արտյոմ Սարգսյանի կին նշված է Դիմողը, Արտյոմ Սարգսյանի 2002 թվականի հոկտեմբերի 9-ի հիշյալ դիմումում որպես վերջինիս կին նշված է Դիմողը, նաև այն, որ գործի նյութերում առկա է 2002 թվականի հոկտեմբերի 9-ի համաձայնագիրը, որով Հասմիկ Աբրահամյանը և Դիմողը տվել են իրենց համաձայնությունը բնակարանն Արտյոմ Սարգսյանի անվամբ սեփականաշնորհվելու համար՝ վերաքննիչ վարչական դատարանը գտել էր, որ թեև խնդրո առարկա իրավունքի պետական գրանցման հիմքում դրված իրավահաստատող փաստաթղթում չեն հստակեցվել Արտյոմ Սարգսյանի ընտանիքի անդամները (ինքը, մայրը, կինը), սակայն նշյալ որոշման կայացման հիմքում ընկած փաստաթղթերից հստակ բացահայտվում է սեփականաշնորհման սուբյեկտների կազմը` «1. Սարգսյան Արտյոմ՝ ինքը, 2. Աբրահամյան Հասմիկ՝ մայրը, 3. Մանուկյան Գայանե՝ կինը»:

Վերաքննիչ վարչական դատարանը եզրահանգել էր, որ ձեռքի տակ ունենալով վերոնշյալ փաստաթղթերը, որոնցում հստակ նշվել էր ընտանիքի կազմը` Արտյոմ Սարգսյանը, Հասմիկ Աբրահամյանը և Դիմողը, հնարավոր էր նույնականացնել Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշման մեջ ընդգրկված հասցեատերերին։

Վերաքննիչ վարչական դատարանի որոշման դեմ հայցվոր Գայանե Նազարյանը ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ բավարարել էր՝ վերաքննիչ վարչական դատարանի 2019 թվականի հունիսի 14-ի որոշումը բեկանել և օրինական ուժ էր տվել վարչական դատարանի 2018 թվականի օգոստոսի 10-ի վճռին` Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանություններով: Նույն որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումների մասով Վճռաբեկ դատարանը նշել էր, որ հայցվոր Գայանե Նազարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված էր Վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ վերաքննիչ վարչական դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի և Վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ին կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից հաստատվել էր, որ.

1) Երևանի քաղաքապետարանի ՔԿԱԳ Շենգավիթ տարածքային բաժնի պետի 2017 թվականի հոկտեմբերի 26-ի «Ամուսնության ակտի գրանցման մասին» տեղեկանքի համաձայն՝ Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի ամուսնության ակտի գրանցումը կատարվել է ՔԿԱԳ Շենգավիթ տարածքային բաժնում 1978 թվականի հուլիսի 15-ին, իսկ ամուսնությունը լուծվել է 2006 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ՔԿԱԳ Աջափնյակի և Դավթաշենի տարածքային բաժնում:

2) Երևանի քաղաքապետարանի կողմից Արտյոմ Սարգսյանին տրվել է 2002 թվականի օգոստոսի 21-ի թիվ 001214 օրդերը Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 տան մուտքի 6-րդ հարկի 2 սենյականոց 39,0 քմ բնակելի, 67,2 քմ ընդհանուր մակերեսով 17-րդ բնակարանն իր երեք անձից բաղկացած ընտանիքով զբաղեցնելու համար: Նշված օրդերը միակ փաստաթուղթն է, որն իրավունք է տալիս զբաղեցնելու հիշյալ բնակելի մակերեսը: Տվյալ օրդերում որպես Արտյոմ Սարգսյանի կին նշված է 1963 թվականին ծնված Դիմողը:

3) Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշման համաձայն՝ «Արտյոմ Սարգսյանը խնդրել է սահմանված կարգով սեփականաշնորհել Հր. Քոչարի փողոցի հ. 16/1 շենքի հ. 17 երկուսենյականոց բնակարանը: Նշված բնակարանն Ա. Սարգսյանին հատկացվել է Երևանի քաղաքապետի 05.06.2000թ. հ. 651 որոշմամբ և ձևակերպվել է օրդեր (հ. 001214)»: Ղեկավարվելով «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» օրենքով` որոշվել է թույլատրել Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ (երկուսենյականոց) բնակարանի անհատույց մասնավորեցումն Արտյոմ Սարգսյանի անվամբ` ընտանիքի երեք անձով (ինքը, մայրը, կինը)` որպես ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականություն:

4) Արտյոմ Սարգսյանը 2002 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետին հասցեագրված «Բնակ. տարածության սեփականաշնորհման մասին» դիմումով հայտնել է, որ քննարկվող բնակելի տարածությունում վարձակալի հետ միասին բնակելի մակերեսի իրավունքով բնակվում են` մայրը` Հասմիկ Աբրահամյանը, կինը` 1963 թվականին ծնված Դիմողը: Դիմողի համաձայնությամբ է բնակարանն Արտյոմ Սարգսյանի անվամբ սեփականացվել:

5) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2002 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 446470 վկայականի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-33 մատյանի 199 համարի տակ Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշման հիման վրա գրանցվել է Արտյոմ Սարգսյանի, Հասմիկ Աբրահամյանի և Դիմողի սեփականության իրավունքը` Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի 16/1 շենքի 17-րդ (65,4քմ մակերեսով) բնակարանի նկատմամբ:

6) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 2726588 վկայականի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-114 մատյանի 097 համարի տակ Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշման հիման վրա գրանցվել է Արտյոմ Սարգսյանի, Հասմիկ Աբրահամյանի և Դիմողի սեփականության իրավունքը` Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ (66,9քմ մակերեսով) բնակարանի (համատեղ սեփականություն), ինչպես նաև որոշակի մակերեսով հողամասի (բաժնային սեփականություն) նկատմամբ:

7) Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով իր որոշման պատճառաբանական մասում նշել է.

«Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հիմքում պետք է ընկած լինեն այդ գույքի նկատմամբ համապատասխան իրավունքները, սահմանափակումները, ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող անհրաժեշտ և բավարար փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում միայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կարող է լինել իրավաչափ։

(…)

Փաստորեն, Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիմքում ընկած` մասնավորեցման գործընթացում Գայանե Մանուկյանն է ներկայացվել որպես Արտյոմ Սարգսյանի կին։ Հատկանշական է, որ Գայանե Մանուկյանի` Արտյոմ Սարգսյանի կինը լինելու վերաբերյալ նշում պարունակում է նաև թիվ 001214 օրդերը, որի մասին նշում է կատարված Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ։ Ավելին, հենց Գայանե Մանուկյանն է տվել իր համաձայնությունը բնակարանը Արտյոմ Սարգսյանի անվամբ սեփականացվելու վերաբերյալ։

Մյուս կողմից` Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման ընդունման ժամանակ, ըստ գործում առկա` Երևանի քաղաքապետարանի ՔԿԱԳ Շենգավիթ տարածքային բաժնի պետի 26.10.2017 թվականի «Ամուսնության ակտի գրանցման մասին» տեղեկանքի, գրանցված է եղել Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի ամուսնությունը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա` «կինը» նշումը հնարավորություն չի տալիս միանշանակ կերպով նույնականացնել դրա հասցեատիրոջը, քանի որ մի կողմից այդ որոշման մեջ առկա չեն այլ նույնականացնող տվյալներ, մյուս կողմից` գործում առկա են հակասական տվյալներ, քանի որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիմքում ընկած` մասնավորեցման գործընթացում և թիվ 001214 օրդերում որպես Արտյոմ Սարգսյանի կին ներկայացվել է Գայանե Մանուկյանը, ով էլ տվել է իր համաձայնությունը բնակարանն Արտյոմ Սարգսյանի անվամբ սեփականացվելու վերաբերյալ, մինչդեռ այդ որոշման ընդունման ժամանակ Արտյոմ Սարգսյանի հետ օրինական ամուսնության մեջ է գտնվել ոչ թե Գայանե Մանուկյանը, այլ` Գայանե Նազարյանը։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ինչպես Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման, այնպես էլ սույն գործում առկա մյուս նյութերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր չէ միանշանակ կերպով պնդել, որ այդ որոշման մեջ առկա «կինը» նշումը վերաբերում է հենց Գայանե Մանուկյանին, այն է` պարզ չէ, թե Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումն այդ մասով ում է ուղղված:

(…)

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա ձևակերպումից տվյալ դեպքում պարզ չէ, թե դրա հասցեատերն իսկապես Գայանե Մանուկյանն է, թե` ոչ, հետևաբար նշված փաստաթղթի հիման վրա Գայանե Մանուկյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցումն իրավաչափ չէ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման` Գայանե Մանուկյանին ուղղված լինելու հանգամանքը միանշանակ չլինելն ինքնին ոչ իրավաչափ է դարձնում սույն գործով վիճարկվող պետական գրանցումը` հանգեցնելով հայցի բավարարմանը (…)»:

8) Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը և նույն պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը, թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմանը կից հրապարակել են իրենց հատուկ կարծիքը, որում, ի թիվս մեծամասնության դիրքորոշման հետ անհամաձայնության հիմք ծառայած իրավական այլ փաստարկների, մասնավորապես, վարչական գործով իրավական շահագրգռվածության հարցի վերաբերյալ, նշել են, որ.

«Ամբողջ վերոգրյալի արդյունքում եզրահանգում ենք, որ նման պայմաններում խնդրահարույց է դառնում նաև Գայանե Նազարյանի, սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ՝ «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը, քանի որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վերջինս «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի իմաստով բնակարանի սեփականաշնորհման ժամանակ կարող էր հանդիսանալ սեփականաշնորհման սուբյեկտ և հավակնել Հր. Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի թիվ 17 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուն:

(…)

ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած վերը նշված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գտնում ենք, որ Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի միջև գրանցված ամուսնության փաստն ինքնին բավարար չէ Գայանե Մանուկյանի անվամբ Հր. Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի թիվ 17 բնակարանի նկատմամբ կատարված գրանցումը վերացնելու պահանջով հայցվորի՝ «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը հաստատված համարելու համար: Ավելին, Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա «կինը» գրառումը ևս չի կարող հիմք հանդիսանալ Գայանե Նազարյանի՝ սույն գործով «շահագրգիռ անձ» լինելը փաստելու համար, ուստի նշված հարցի պարզումը ևս տվյալ դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու համար անհրաժեշտ նախապայման է:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ սույն գործով ըստ էության ճիշտ դատական ակտ կայացնելու համար պարտադիր կերպով պետք է պարզվեն հետևյալ հարցերը.

ա) Գայանե Մանուկյանի անվամբ Հր. Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի թիվ 17 բնակարանի նկատմամբ կատարված կոնկրետ որ՝ Առաջին, թե Երկրորդ գրանցումն է տվյալ դեպքում հանդիսանում վիճարկման առարկա,

բ) արդյո՞ք Գայանե Նազարյանը հանդիսանում է սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու իրական շահ ունեցող սուբյեկտ՝ «շահագրգիռ անձ»»:

 

2. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը հայտնել է, որ Երևան քաղաքի Լենինյան շրջանի ժողովրդական դատարանի 1987 թվականի մայիսի 6-ի վճռով Արտյոմ Սարգսյանին թույլատրվել է ամուսնալուծվել Գայանե Նազարյանից. վճիռն օրինական ուժի մեջ է մտել 1987 թվականի մայիսի 21-ին, սակայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում այն գրանցվել է 2006 թվականի դեկտեմբերի 15-ին: Իր հերթին, Դիմողը և Արտյոմ Սարգսյանը 2000-2008 թվականներին գտնվել են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ:

Դիմողը նշել է, որ իր հետ համատեղ կյանքի ընթացքում` 2002 թվականին Արտյոմ Սարգսյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որով հայտնել է, որ ինքը, կինը` Դիմողը, և մայրը` Հասմիկ Աբրահամյանը, միասին բնակվում են Երևան քաղաքի Հր. Քոչարի փողոցի հ. 16/1 շենքի հ. 17 երկու սենյականոց բնակարանում, առկա է վերջիններիս գրավոր համաձայնությունը բնակարանի սեփականաշնորհման վերաբերյալ, և խնդրել է բնակարանը սեփականաշնորհել իրենց անվամբ: Դիմողը հաջորդիվ նշել է նաև, որ Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշմամբ դիմումը բավարարվել է. որոշման ընդունման հիմք է հանդիսացել նաև 2002 թվականի օգոստոսի 21-ին տրված թիվ 001214 օրդերը, համաձայն որի` նշված հասցեում գտնվող բնակարանը զբաղեցնելու իրավունք ունեն երեք անձինք` Արտյոմ Սարգսյանը, Հասմիկ Աբրահամյանը և ինքը՝ Դիմողը:

Ըստ Դիմողի` Վճռաբեկ դատարանը գործով որոշում կայացնելիս Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի ամուսնալուծության պահն է համարել ոչ թե ամուսնալուծության մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելը, այլ այդ վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում համապատասխան գրանցման կատարումը:

Դիմողի պնդմամբ Օրենսգրքի 33 և 40-րդ հոդվածների հակասականությունն իրավական որոշակիության խնդիրներ է առաջացրել իրավակիրառ պրակտիկայում. մի կողմից առկա է լինում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որի համաձայն ամուսնությունը լուծված է, և, հետևաբար պետք է ողջամտորեն ակնկալել, որ այդ պահից դադարել է իրավահարաբերությունը, իսկ մյուս կողմից ամուսնությունը դադարած է համարվում գրանցվելու պահից:

Դիմողը նշում է, որ ամուսինների իրավունքները և պարտականությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում համապատասխան գրանցումը կատարելուց հետո միայն դադարած համարելու դեպքում կստացվի, որ դատարանի օրինական ուժի մետ մտած վճիռը ստորադասվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից կատարված պետական գրանցմանը:

Դիմողը գտնում է, որ ամուսնությունը լուծելու դեպքում անձինք դադարում են լինել ամուսիններ, և դադարում է նրանց՝ որպես ամուսիններ, բոլոր իրավունքներն ու պարտականությունները, իսկ Օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված ամուսնության դադարումը պետական մարմնի կողմից ամուսնալուծությունը հաշվառելուն ուղղված գործընթաց է, որի նպատակն ամուսնալուծությունը պետական գրանցման ակտով ամրագրելն է: Հակառակ դեպքում, ըստ Դիմողի, Օրենսգրքի 40-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, քանի որ իմաստազրկում է դատական պաշտպանությունը:

Դիմողը գտել է նաև, որ ամուսնությունը՝ որպես երևույթ, և դրա պետական գրանցումը չի կարելի նույնականացնել: Առաջինն ինքնավար հասկացություն է, իսկ դրա առկայությունը որոշվում է բովանդակային իմաստով, մինչդեռ ամուսնության գրանցումն ընթացակարգ է, որի նպատակն է ամուսնության իրավունքը, ինչպես նաև այլոց իրավունքները և հասարակական կարգը պաշտպանելը:

Վիճարկվող դրույթները, ըստ Դիմողի, բավարար չափով որոշակի չեն, հնարավորություն չեն տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին, քանի որ հստակ չէ, թե որ պահից են դադարում ամուսինների միջև իրավահարաբերությունները:

Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 33 և 40-րդ հոդվածները չեն բավարարում իրավական որոշակիության, հստակության և կանխատեսելիության չափանիշները, իսկ դրանց իրավակիրառ պրակտիկայի կողմից հաղորդած բովանդակությունը հանգեցրել է Դիմողի սեփականության իրավունքի խախտման, քանի որ նորմերի մեկնաբանման արդյունքում Դիմողը զրկվել է իր սեփականությունից:

 

3. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ՝ նաև Պատասխանողը) նշում է, որ Օրենսգրքի 40-րդ հոդվածը նախատեսում է ամուսնության դադարման պահը։ Ըստ Պատասխանողի` օրենսդիրն օգտագործում է «ամուսնության լուծում» և «ամուսնության դադարում» եզրույթները` նպատակ ունենալով ավելի մատչելի դարձնել ինչպես դատական կարգով ամուսնալուծության հետ կապված իրավակարգավորումները, այնպես էլ հստակեցնել, թե ամուսնալուծությունից հետո ո՞ր պահին է ամուսնությունը համարվում դադարած։

Պատասխանողը նշում է, որ դատարանի կողմից ամուսնության լուծմամբ դեռևս ամուսինների իրավունքները և պարտականությունները չեն կարող համարվել դադարած. դատարանի վճիռը պետք է գրանցում ստանա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում` դադարեցնելով ամուսնությունը։

Պատասխանողը գտնում է, որ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում հնարավոր չէ ողջամտորեն ակնկալել, որ այդ պահից իրավահարաբերությունը դադարել է, քանի որ Օրենսգրքում առկա է հստակ դրույթ, որով սահմանվում է ամուսնության դադարման պահը, և միայն այդ ընթացակարգի ամբողջական պահպանումն է հանգեցնում ամուսնության դադարմանը։ Պատասխանողը նշում է նաև, որ ամուսնալուծությունը միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում հաշվառելու պահից այն դադարած համարելը որևէ կերպ չի կարող դատարանի վճռի ստորադասման պատճառ հանդիսանալ, քանի որ դատարանի կողմից կայացված վճիռն այն իրավական հիմքն է, որով ամուսինները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում կարող են դադարեցնել ամուսնությունը։

Ամփոփելով իր դիրքորոշումները` Պատասխանողը եզրահանգում է, որ Օրենսգրքի 33 և 40-րդ հոդվածները կարգավորում են ամուսինների ամուսնալուծության գործընթացը, և յուրաքանչյուրն ունի իր իրավակարգավորող դերն ու նշանակությունը։

Միաժամանակ, ըստ Պատասխանողի` Դիմողն օրենքի համապատասխան նորմերի սահմանադրականությունը վիճարկում է ոչ թե նորմի և Սահմանադրության միջև ենթադրյալ հակասության համատեքստում, այլ նրա ներկայացրած պնդումներն ուղղված են վիճարկվող նորմի` դատարանների տված մեկնաբանությանը։ Նշվում է, որ Դիմողը, ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց, իրականում առաջ է քաշում իրավանորմի կիրառման իրավաչափության հարց:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող նորմի և դրա կիրառման պրակտիկայի սահմանադրականությունը գնահատելու նպատակով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

4.1. արդյո՞ք վիճարկվող նորմի՝ իրավակիրառ պրակտիկայում ստացած մեկնաբանությունը Դիմողի գործով հանգեցրել է Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված նրա սեփականության իրավունքին միջամտության,

4.2. նախորդ հարցին դրական պատասխանելու դեպքում արդյո՞ք վիճարկվող նորմի՝ իրավակիրառ պրակտիկայում ստացած մեկնաբանությամբ միջամտությունը համապատասխանում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասին։

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սույն սահմանադրական վեճի լուծման նպատակով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում առաջնահերթությամբ անդրադառնալ Դիմողի կողմից վիճարկվող նորմի՝ Դիմողի նկատմամբ կիրառման հանգամանքներին։

 Սահմանադրական դատարանն այս կապակցությամբ վերահաստատում է 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ իր արտահայտած դիրքորոշումն առ այն, որ հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով, և հետևաբար, «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի սույն որոշմամբ նկարագրված մեկնաբանությամբ կիրառումը:

Դիմողի նկատմամբ սույն գործով վիճարկվող նորմը կիրառվել է երկու առումներով.

1. Նախ, վիճարկվող նորմի մեկնաբանության և կիրառման արդյունքում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Դիմողի անվան և ծննդյան տարեթվի հետ մեկտեղ նշված «կինը» բառը որպես գրանցված ամուսնության մեջ գտնվող «ամուսին» հասկացության փոխարինող, եզրահանգել է, որ բնակարանի անհատույց մասնավորեցման մասին որոշման մեջ նշված «կինը» հասցեատիրոջը նույնականացնել հնարավոր չէ, ինչն էլ հանգեցրել է մասնավորեցված բնակարանի նկատմամբ Դիմողի ունեցած ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելուն, և

2. Երկրորդ, Դիմողի՝ մասնավորեցված բնակարանի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելուն ուղղված վարչական դատավարությունն սկսվել է հայցվորի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, քանի որ վարչական դատարանում և Վճռաբեկ դատարանում դրա քննության ընթացքում գործել է հայցվորի՝ վարչական դատավարությունում «շահագրգիռ անձ» հանդիսանալու շարունակական և անփոփոխ կանխավարկածը։

Անդրադառնալով Դիմողի նկատմամբ վիճարկվող նորմի կիրառման վերը նշված առաջին դրսևորմանը՝ Սահմանադրական դատարանը նկատում է, որ թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով Վճռաբեկ դատարանը քննության առարկա էր դարձրել այն հանգամանքը, թե «արդյոք տվյալ դեպքում պարզ է, թե ով է Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ նշված՝ Արտյոմ Սարգսյանի կինը»։ Այս հարցադրման առնչությամբ Վճռաբեկ դատարանը գտել էր, որ թեև բնակելի տարածության օրդերում, ինչպես նաև բնակարանի անհատույց մասնավորեցման գործընթացին վերաբերող փաստաթղթերում որպես Ա. Սարգսյանի «կին» հիշատակվում է Դիմողը, սակայն հաշվի առնելով, որ բնակարանն անհատույց մասնավորեցնելու մասին Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշումը կայացնելիս գրանցված է եղել Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի ամուսնությունը՝ հնարավոր չէր միանշանակ պնդել, որ հիշյալ որոշման վեջ որպես հասցեատեր նշված «կինը» նույնանում է հենց Դիմողի հետ։ Միաժամանակ, Դիմողի սեփականության իրավունքի դադարեցմանն ուղղված վարչական գործի վերջնարդյունքը չի հանգեցրել նաև նույն գործով Գայանե Նազարյանի ենթադրաբար խախտված որևէ իրավունքի կամ ազատության վերականգնման, քանի որ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «տվյալ դեպքում Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա` «կինը» նշումը հնարավորություն չի տալիս միանշանակ կերպով նույնականացնել դրա հասցեատիրոջը, քանի որ մի կողմից այդ որոշման մեջ առկա չեն այլ նույնականացնող տվյալներ, մյուս կողմից` գործում առկա են հակասական տվյալներ (…)»:

Թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով Վճռաբեկ դատարանի որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ թեև վիճարկվող նորմին ձևական առումով վկայակոչում չի կատարվել, սակայն բնակարանն անհատույց մասնավորեցնելու մասին Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշմամբ «կինը» նշման առնչությամբ համապատասխան հասցեատիրոջը որոշակիացնելու հարցում Վճռաբեկ դատարանը վերաբերելի է համարել մասնավորեցման պահին գործող Օրենսգրքի 40-րդ հոդվածը, և դրա կիրառմամբ կասկածի տակ է դրվել Դիմողի սեփականության իրավունքի ծագումը, և այդ հիմքով վերացվել վերջինիս անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ հանգեցնելով հիշյալ բնակարանի նկատմամբ Դիմողի ունեցած ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի դադարեցման։

Արդյունքում՝ Դիմողի գործով վիճարկվող նորմի կիրառմամբ ստացած մեկնաբանությամբ հանգելով Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշման հասցեատիրոջը (Արտյոմ Սարգսյանի կնոջ մասով) նույնականացնելու անհնարինության մասին եզրակացության՝ Վճռաբեկ դատարանն օրինական ուժ է տվել գործով վարչական դատարանի վճռին, որով անվավեր է ճանաչվել Դիմողի՝ բնակարանի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Դիմողի նկատմամբ վիճարկվող նորմի կիրառման երկրորդ դրսևորման արդյունքում Գայանե Նազարյանի ներկայացրած վիճարկման հայցի հիման վրա թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործի՝ Վճռաբեկ դատարանում քննության ընթացքում թեպետ դատարանը հանգել էր Դիմողին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևանի քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի 16/1 շենքի 17-րդ բնակարանն անհատույց մասնավորեցնելու մասին որոշման մեջ նշված հասցեատիրոջը (Արտյոմ Սարգսյանի կնոջ մասով) նույնականացնելու անհնարինության մասին եզրակացության, այդուհանդերձ դատական վարույթը շարունակվել է վիճարկվող նորմի կիրառման հետևանքով ձևավորված՝ հայցվոր Գայանե Նազարյանի՝ վարչական դատավարությունում «շահագրգիռ անձ» հանդիսանալու մասին կանխավարկածով, որը պայմանավորված է նրանով, որ խնդրո առարկա գույքի մասնավորեցման պահին գործող և սույն գործով վիճարկվող նորմի մեկնաբանության և կիրառման իմաստով Արտյոմ Սարգսյանի հետ գրանցված է եղել հայցվորի ամուսնությունը։

Արդյունքում՝ վիճարկվող նորմի՝ Դիմողի նկատմամբ կիրառման վերը շարադրված երկու դրսևորումները հիմք են հանդիսացել Դիմողի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելով Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ նրա ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը սահմանափակելու համար։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը սույն գործի քննությամբ սույն որոշման 4-րդ կետում շարադրված հարցադրումներին անդրադառնում է միայն վիճարկվող նորմի՝ Դիմողի նկատմամբ կիրառման վերը շարադրված երկու դրսևորումներում ստացած մեկնաբանության սահմանադրականության ստուգման շրջանակում։

5.2. Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Անդրադառնալով սեփականության իրավունքի սահմանափակման խնդրին՝ Սահմանադրական դատարանն իր՝ 2017 թվականի հունվարի 31-ի ՍԴՈ-1340 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն, ըստ որի` այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, այդ սահմանափակումը պետք է համապատասխանի որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքներին և չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները: Միաժամանակ, նույն որոշման մեջ Սահմանադրական դատարանը կարևորել է հիշատակված պայմանների առկայությունը՝ իրավունքն իրավաչափ սահմանափակելու համար ( տե՛ս նաև 2018 թվականի նոյեմբերի 27-ի ՍԴՈ-1436 որոշումը):

Այս առնչությամբ անձի սեփականության իրավունքին միջամտությունը՝ այն սահմանափակելու ձևով, Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի հետ կարող է համատեղելի լինել, ի թիվս սեփականության սահմանափակման այլ պայմանների առկայության, բացառապես նույն դրույթով նախատեսված երկու սահմանադրական նպատակներից առնվազն մեկը հետապնդելու շրջանակներում՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ Դիմողի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքին միջամտությունը հանգեցրել է սեփականության իրավունքի սահմանափակման ամենախիստ աստիճանին՝ սեփականությունից զրկելուն դատարանի կողմից՝ վարչական դատավարության շրջանակներում վիճարկման հայցի բավարարման արդյունքում։

Հաշվի առնելով Դիմողին վերաբերող վարչական գործի հարուցման հիմքը և գործի բնույթը՝ նման դատավարության նպատակը համընկնում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված «այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության» սահմանադրական նպատակին։ Ի թիվս այլ դատավարական գործիքների՝ հիշյալ սահմանադրական նպատակի բավարարմանն է ուղղված նաև վիճարկման հայցի ինստիտուտը։

Վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։ Նման հայց հարուցելու համար պարտադիր պայման է հայցվորի՝ «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը՝ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, համաձայն որի՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

Անդրադառնալով «շահագրգիռ անձ» հասկացությանը՝ Սահմանադրական դատարանը 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ նշել է, որ «Համաձայն ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի՝ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները: Սահմանադրական այս դրույթի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր՝ դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգռվածություն: Սահմանադրական այս դրույթին համահունչ (…) վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է՝ անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են:

Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս հասկացությունը և պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգռվածություն»:

Անդրադառնալով դատարան դիմելու իրավունքին՝ Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 7-ի ՍԴՈ-906 որոշմամբ նշել է, որ «Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին մասով ամրագրված դրույթների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի՝ 04.04.2008 թվականի ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումները՝ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համահունչ ՀՀ օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլոց, ներառում է անմիջականորեն դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են։

(…)

Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածները, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը չեն բացառում այլ անձանց կողմից ուրիշի խախտված իրավունքների պաշտպանության նկատառումներով դատարան դիմելու հնարավորությունը։

(…)

(…) Բոլոր դեպքերում, ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ։ Բացառիկ կանոն է ուրիշի խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքը, որի իրացման դեպքերի և կարգի սահմանումը բացառապես օրենսդիր մարմնի իրավասության հարց է։

(…)

Վարչական դատավարությունում այլոց իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իրավունքի („Actio popularis“) առնչությամբ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ որպես կանոն, եվրոպական երկրներում այս ինստիտուտն իր դասական իմաստով և լրիվ ծավալով կիրառում չունի։ Միաժամանակ, սահմանադրական դատարանը նման ուսումնասիրության արդյունքներով արձանագրում է, որ մի շարք երկրներում վարչական գործերով հայց ներկայացնելու իրավասության հիմնական չափանիշ է հանդիսանում «իրավական շահագրգռվածությունը»»։

Անդրադառնալով վարչական դատավարությունում «շահագրգիռ անձ» հասկացությանը և դրա կարգավիճակի որոշակիացման խնդրին՝ Վճռաբեկ դատարանն առանձին գործերով նշել է, մասնավորապես, հետևյալը.

1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները» (Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/7304/05/14 վարչական գործով 2022 թվականի հունվարի 21-ի որոշում):

2. «Սահմանադրությամբ և Կոնվենցիայով («Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիա, նշումը Սահմանադրական դատարանինն է) նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ, որոնք խախտվել են կամ կարող են խախտվել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ անձանց՝ իրենց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք տրամադրելով հանդերձ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, վերջիններիս համար, սակայն, չի ընձեռում հանրության շահերը պաշտպանելու հնարավորություն, այն է` չի թույլատրում անձանց իրականացնել վարչական մարմինների վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության իրավաչափության օբյեկտիվ վերահսկողություն: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայց ներկայացնելու համար, պետք է առկա լինի ոչ միայն վարչական մարմինների ոչ իրավաչափ որոշում, գործողություն կամ անգործություն, այլև նշված ոչ իրավաչափ որոշման, գործողության կամ անգործության արդյունքում անձանց սուբյեկտիվ իրավունքների խախտում կամ խախտման առաջացման վտանգ:

Այսինքն՝ վարչական արդարադատություն, բացառությամբ նույն օրենսգրքով սահմանված դեպքերի, կարող է հայցել միայն այն անձը, ով հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, կամ այլ կերպ ասած՝ այն անձը, ում սուբյեկտիվ իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել:

Վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական արդարադատություն հայցող անձանց կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերից յուրաքանչյուրով պետք է պարզվի` արդյոք հայցվորը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքն՝ «շահագրգիռ անձ», քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած՝ դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը» (Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով 2015 թվականի նոյեմբերի 27-ի որոշում):

3. «Վարչական ակտը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, եթե հաստատվի հետևյալ երկու վավերապայմանների միաժամանակյա առկայությունը.

1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,

2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

Այսինքն՝ դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են» (Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով 2013 թվականի ապրիլի 6-ի որոշում):

5.3. Սահմանադրական դատարանը, վերը նշված իրավական կարգավորումները և Սահմանադրական դատարանի դիրքորոշումները կիրառելով Օրենսգրքի վիճարկվող 40-րդ հոդվածի՝ իրավակիրառ պրակտիկայում ստացած մեկնաբանության սահմանադրականությունը ստուգելիս, հարկ է համարում արձանագրել, որ Դիմողի նկատմամբ վիճարկվող նորմի կիրառման վերը նկարագրված առաջին դրսևորումը, այսինքն՝ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ իրավունքներ նախատեսող փաստաթղթերում (օրդեր, թիվ 1818-Ա որոշում) նշված «կինը» հասկացությունը որպես «ամուսին» հասկացությանը համարժեք ընդունելը՝ հայցվոր Գայանե Նազարյանի՝ Արտյոմ Սարգսյանի հետ ամուսնությունը գրանցված լինելու փաստի և Դիմողի անվան կողքին «կինը» նշված լինելու պայմաններում, ըստ Վճռաբեկ դատարանի, բնակարանն անհատույց մասնավորեցնելու մասին որոշման հասցեատիրոջ նույնականացման անորոշություն է ստեղծել։ Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «տվյալ դեպքում Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա` «կինը» նշումը հնարավորություն չի տալիս միանշանակ կերպով նույնականացնել դրա հասցեատիրոջը, քանի որ մի կողմից այդ որոշման մեջ առկա չեն այլ նույնականացնող տվյալներ, մյուս կողմից` գործում առկա են հակասական տվյալներ, քանի որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիմքում ընկած` մասնավորեցման գործընթացում և թիվ 001214 օրդերում որպես Արտյոմ Սարգսյանի կին ներկայացվել է Գայանե Մանուկյանը, ով էլ տվել է իր համաձայնությունը բնակարանն Արտյոմ Սարգսյանի անվամբ սեփականացվելու վերաբերյալ, մինչդեռ այդ որոշման ընդունման ժամանակ Արտյոմ Սարգսյանի հետ օրինական ամուսնության մեջ է գտնվել ոչ թե Գայանե Մանուկյանը, այլ` Գայանե Նազարյանը։ Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ինչպես Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման, այնպես էլ սույն գործում առկա մյուս նյութերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր չէ միանշանակ կերպով պնդել, որ այդ որոշման մեջ առկա «կինը» նշումը վերաբերում է հենց Գայանե Մանուկյանին, այն է` պարզ չէ, թե Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումն այդ մասով ում է ուղղված»:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը նկատում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող նորմի կիրառման նպատակը եղել է փաստի գնահատումը, ինչը համապատասխան դատարանի, սույն դեպքում՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունների տիրույթում է։ Սահմանադրական դատարանն իրավասու չէ կոնկրետ գործով փաստերի գնահատման հարցում փոխարինել համապատասխան, սույն դեպքում՝ Վճռաբեկ դատարանին։ Այս պատճառով Սահմանադրական դատարանի խնդիրը չէ պարզել, թե իրականում որքանով է անհնար եղել Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշման հասցեատիրոջ նույնականացումը, և թե պետական բնակարանային ֆոնդի մասնավորեցման իրավահարաբերությունների շահառուի նույնականացման փաստի գնահատման համար վիճարկվող նորմը որքանով է վերաբերելի եղել։ Փոխարենը, սույն սահմանադրական վեճի շրջանակում փաստական հանգամանքներին անդրադառնալիս Սահմանադրական դատարանն ամբողջ ծավալով հիմք է ընդունում փաստերին՝ Վճռաբեկ դատարանի կողմից տրված գնահատականը՝ վիճարկվող նորմի սահմանադրականության ստուգումն իրականացնելով բացառապես Վճռաբեկ դատարանի կողմից հաստատված փաստերի սահմաններում։

Այս մոտեցման շրջանակներում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի 16/1 շենքի 17-րդ բնակարանն անհատույց մասնավորեցնելու մասին որոշման մեջ «կինը» նշման առկայությամբ և վիճարկվող դրույթի կիրառմամբ դրա հասցեատիրոջ նույնականացման անհնարինության հաստատումը որոշիչ նշանակություն ունի վիճարկվող նորմի կիրառման երկրորդ դրսևորման համար։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տեղ գտած «տվյալ դեպքում Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա` «կինը» նշումը հնարավորություն չի տալիս միանշանակ կերպով նույնականացնել դրա հասցեատիրոջը» գնահատականը, ինչպես նաև նույն որոշմամբ արձանագրված՝ վերը նշված իրավահաստատող փաստաթղթի հասցեատիրոջ նույնականացման անհնարինության մասին եզրահանգումները («Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա ձևակերպումից տվյալ դեպքում պարզ չէ, թե դրա հասցեատերն իսկապես Գայանե Մանուկյանն է, թե` ոչ», ինչպես նաև՝ «Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման, այնպես էլ սույն գործում առկա մյուս նյութերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր չէ միանշանակ կերպով պնդել, որ այդ որոշման մեջ առկա «կինը» նշումը վերաբերում է հենց Գայանե Մանուկյանին, այն է` պարզ չէ, թե Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումն այդ մասով ում է ուղղված») ուղղակի և որոշիչ ազդեցություն ունեն ոչ միայն Դիմողի իրավունքի պետական գրանցման իրավաչափության, այլ նաև Դիմողի գործով հայցվորի՝ «շահագրգիռ անձի» կարգավիճակ ունենալու համար։ Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի վերը նշված եզրահանգումները վերաբերում են ոչ միայն Դիմողի՝ Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշման հասցեատերը լինելու անորոշությանը, այլև նույն որոշմամբ առհասարակ որևէ այլ անձի՝ որպես դրա հասցեատեր (բացի Արտյոմ Սարգսյանից և Հասմիկ Աբրահամյանից) նույնականացման հնարավորությանը։

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը նկատում է, որ Դիմողի սեփականության իրավունքի պետական գրանցման անվավերության պահանջ պարունակող հայցադիմումը քննության է ընդունվել վիճարկվող նորմի այնպիսի մեկնաբանության կիրառմամբ, որ Դիմողի գործով հայցվորը՝ Գայանե Նազարյանը, Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշման կայացման պահին Արտյոմ Սարգսյանի հետ գրանցված ամուսնության մեջ գտնվելու փաստի ուժով ունեցել է վարչական դատավարության օրենսդրության իմաստով «շահագրգիռ անձի» կարգավիճակ՝ հիշյալ փաստաթղթերում «կինը» նշման փաստի բերումով։ Վիճարկվող իրավանորմի սույն գործով ստացած մեկնաբանությամբ կիրառումը թույլ է տվել Գայանե Նազարյանին դիտարկել որպես «շահագրգիռ անձ». մի հանգամանք, որն առանցքային նախապայման է վարչական դատավարության շրջանակում Դիմողի սեփականության իրավունքի սահմանափակմանն ուղղված վարույթի հարուցման համար, քանի որ առանց դրա վարույթն անհնար կլիներ, իսկ վարույթի հետագա փուլերում հայցվորի՝ վարչական դատավարության իմաստով «շահագրգիռ անձի» կարգավիճակ չունենալու բացահայտումը պետք է բացառեր Դիմողի վիճարկվող գույքային իրավունքին միջամտությունը։

Ձեռնպահ մնալով Դիմողի վարչական գործով դատարանների կողմից անձանց դատավարական կարգավիճակի որոշմանն ուղղված լիազորությունների իրականացման վերաբերյալ գնահատականից՝ Սահմանադրական դատարանը, այդուհանդերձ, արձանագրում է, որ այս հարցն ունի կիրառված նորմի մեկնաբանության սահմանադրականության ստուգման համար կարևոր նշանակություն, քանի որ այն որոշիչ գործոն է անձի սեփականության՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակման սահմանադրական նպատակի նույնականացման համար։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիճարկվող նորմի ստացած մեկնաբանության արդյունքում Դիմողի սեփականության իրավունքի սահմանափակմանը հանգեցրած միջամտությանը վերաբերող վարչական դատավարությունում հայցվորի՝ «շահագրգիռ անձի» կարգավիճակի հարցին։

Դիմողի նկատմամբ հարուցված վարչական գործը, ի սկզբանե հարուցված լինելով վիճարկվող նորմի մեկնաբանության և կիրառման արդյունքում հայցվորի «շահագրգիռ անձ» լինելու կանխավարկածի հիման վրա, նպատակ է հետապնդել՝ ապահովելու վերջինիս ենթադրյալ խախտված իրավունքի վերականգնումը վարչական արդարադատության միջոցով։

Ավելին, Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել այն իրողությունը, որ Հայցվորի կողմից վերաքննիչ վարչական դատարանի 2019 թվականի հունիսի 14-ի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 9-ին վարույթ էր ընդունել Վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ վերաքննիչ վարչական դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի և Վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել էր արդարադատության բուն էությունը։

Եվ թեպետ Վճռաբեկ դատարանի որոշմամբ դադարեցվել է Դիմողի սեփականության իրավունքը հիշյալ բնակարանի նկատմամբ, Վճռաբեկ դատարանի կողմից բնակարանի մասնավորեցման հարաբերություններում իրավահաստատող փաստաթղթերի հասցեատիրոջ նույնականացման անհնարինության գնահատականը, միաժամանակ, բացառել էր նաև (Արտյոմ Սարգսյանից և Հասմիկ Աբրահամյանից բացի) որևէ այլ անձի՝ այդ թվում նաև՝ Դիմողի գործով հայցվորի իրավունքի ճանաչումը մասնավորեցված բնակարանի նկատմամբ։ Արդյունքում՝ վիճարկվող նորմի՝ Դիմողի գործով ստացված մեկնաբանությամբ ձևավորված կանխավարկածի բերումով «շահագրգիռ անձի» ենթադրաբար խախտված իրավունքի վերականգնմանն ուղղված վարույթի հետևանքային ազդեցությունը եղել է (1) Դիմողին իր սեփականության իրավունքից զրկելու միջոցով դրա սահմանափակումը և (2) վիճարկվող գույքի նկատմամբ որևէ այլ անձի սեփականության իրավունքը ծագելու համար Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշմամբ նշված հասցեատիրոջ, այդ թվում՝ հայցվորի հետ, նույնականացման անհնարինությունը։

Նկարագրված իրավական հետևանքին հանգեցրած վարչական դատավարությունը չի հետապնդել Դիմողի գործով հայցվորից բացի որևէ այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակ ևս, քանի որ Դիմողի գործով ներգրավված մյուս երկու համասեփականատերերը՝ Արտյոմ Սարգսյանը և Հասմիկ Աբրահամյանը նման դատավարական պահանջներ առհասարակ չէին ներկայացրել։ Ավելին, վերջիններս առհասարակ չէին էլ բողոքարկել վերաքննիչ վարչական դատարանի 2019 թվականի հունիսի 14-ի որոշումը Վճռաբեկ դատարան։

Այսինքն՝ սեփականությունից զրկելու եղանակով անձի սեփականության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի համարվել Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանադրական նպատակներից «այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության» հետ, եթե այն չի հետապնդում որևէ անձի իրավունքի կամ ազատության պաշտպանության նպատակ, ինչը և Դիմողի գործով ձևավորված իրավիճակն է՝ ենթադրաբար խախտված իրավունքը կրողի նույնականացման անհնարինության պատճառով։ Միաժամանակ, Սահմանադրական դատարանը չի տեսնում սույն գործում նաև որևէ հանգամանք, որը նրան հիմք կտար եզրահանգելու, որ Դիմողի սեփականության իրավունքի սահմանափակումը հետապնդել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով «հանրության շահերի պաշտպանության» սահմանադրական նպատակին ուղղված իրավական գործընթաց։

Այսինքն՝ Դիմողի գործով վիճարկվող նորմի կիրառումը հանգեցրել է նույն գործով հայցվորի՝ որպես Դիմողի բնակարանի մասնավորեցման պահին Արտյոմ Սարգսյանի գրանցված ամուսնու, «շահագրգիռ անձ» լինելու անվիճարկելի կանխավարկածին, որն անփոփոխ շարունակել էր գործել նույնիսկ այն պայմաններում, երբ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր Դիմողի սեփականության իրավունքի սահմանափակմանը հանգեցրած վարույթի շրջանակներում իրավական շահագրգռվածություն ունեցող անձի նույնականացման օբյեկտիվ անհնարինությունը։ Արդյունքում՝ Դիմողի գործով վիճարկվող նորմի կիրառմամբ դրան տրված մեկնաբանությունը հնարավորություն է ընձեռում սեփականության իրավունքի այնպիսի սահմանափակման, որը համատեղելի չէ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որևէ սահմանադրական նպատակի հետ, քանի որ այն հավասարապես չի հետապնդել ո΄չ որևէ անձի հիմնական իրավունքի կամ ազատության, ո΄չ էլ՝ հանրության շահերի պաշտպանության նպատակ, քանզի Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի ուժը կորցրած օրենսգրքի 40-րդ հոդվածը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 40-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ամուսնու կարգավիճակն ինքնին վարչական դատավարությունում հայցվորի համար «շահագրգիռ անձի» անփոփոխ կարգավիճակ չի երաշխավորում, եթե գործի փաստական հանգամանքները կամ կիրառելի իրավունքը բացառում է նման կարգավիճակը։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 40-րդ հոդվածը Դիմողի նկատմամբ կիրառվել է այն մեկնաբանությամբ, որ նրա գործով հայցվորի՝ ամուսնու կարգավիճակը բոլոր դեպքերում երաշխավորել է վերջինիս՝ շահագրգիռ անձ դիտարկվելը՝ անկախ նրանից, թե գործի փաստական հանգամանքները կամ կիրառելի իրավունքը դա բացառել են, թե՝ ոչ: Հետևաբար՝ Դիմողի գործով Օրենսգրքի 40-րդ հոդվածը վերջինիս նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 40-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ամուսնու կարգավիճակը վարչական դատավարությունում հայցվորի համար ինքնին «շահագրգիռ անձի» անփոփոխ կարգավիճակ չի երաշխավորում, եթե գործի փաստական հանգամանքները կամ կիրառելի իրավունքը բացառում է այն։

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է օրենքով սահմանված կարգով վերանայման:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

26 դեկտեմբերի 2022 թվականի

ՍԴՈ-1675

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի «ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1675 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2022 թվականի դեկտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 40-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, ՍԴՈ-1675 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) եզրահանգել է՝

«1. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 40-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ամուսնու կարգավիճակը վարչական դատավարությունում հայցվորի համար ինքնին «շահագրգիռ անձի» անփոփոխ կարգավիճակ չի երաշխավորում, եթե գործի փաստական հանգամանքները կամ կիրառելի իրավունքը բացառում է այն»:

Կարևորելով Սահմանադրական դատարանի կողմից արված վերլուծությունները և եզրահանգումները՝ այնուամենայնիվ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը՝ ստորև ներկայացնում եմ հատուկ կարծիք հիշյալ Որոշման վերաբերյալ:

1. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) ուժի մեջ է մտել 1970 թվականի հունվարի 1-ին, ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին:

Օրենսգրքի՝ «Ամուսնությունը դադարելու ժամանակը» վերտառությամբ 40-րդ հոդվածը սահմանում է.

«Ամուսնությունը դադարած է համարվում ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվելու պահից»:

Ըստ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի՝ դիմողը Օրենսգրքի 40-րդ հոդվածը վիճարկում է երկու հիմքերով.

առաջին՝ դիմողի կարծիքով Օրենսգրքի 40-րդ հոդվածը չի բավարարում իրավական որոշակիության պահանջը: Մասնավորապես՝ դիմողը նշում է, որ «Օրենսգրքի 33 և 40-րդ հոդվածների հակասականությունն իրավական որոշակիության խնդիրներ է առաջացրել իրավակիրառ պրակտիկայում. մի կողմից առկա է լինում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որի համաձայն՝ ամուսնությունը լուծված է, հետևաբար՝ պետք է ողջամտորեն ակնկալել, որ այդ պահից դադարել է իրավահարաբերությունը, իսկ մյուս կողմից ամուսնությունը դադարած է համարվում գրանցվելու պահից» (26.12.2022 թ. ՍԴՈ-1675 որոշում, էջ 11),

երկրորդ՝ «Դիմողը նշում է, որ ամուսինների իրավունքները և պարտականությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում համապատասխան գրանցումը կատարելուց հետո միայն դադարած համարելու դեպքում կստացվի, որ դատարանի օրինական ուժի մետ մտած վճիռը ստորադասվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից կատարված պետական գրանցմանը» (26.12.2022 թ. ՍԴՈ-1675 որոշում, էջ 11):

Առաջին հիմքի առնչությամբ հարկ է նշել, որ իրավական որոշակիության հարցերով Սահմանադրական դատարանն արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ, մասնավորապես՝ նշել է, որ «Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (13.05.2008 թ. ՍԴՈ-753):

Այդ առումով Օրենսգրքի 40-րդ հոդվածում իմպերատիվ կերպով սահմանված դրույթը, համաձայն որի՝ ամուսնությունը դադարած է համարվում ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվելու պահից, բավականաչափ հստակ է և թույլ է տալիս անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը, միաժամանակ, հնարավորություն է տալիս կանխատեսել այն հետևանքները, որ կարող է առաջացնել տվյալ գործողությունը:

Հարկ է նշել նաև, որ դիմողը չի վկայակոչել որևէ դատական ակտ, որով վերոհիշյալ դրույթը մեկնաբանվել է այլ բովանդակությամբ:

Ինչ վերաբերում է երկրորդ հիմքին, ապա անհրաժեշտ է նշել, որ դիմողը չի ներկայացրել համապատասխան հիմնավորումներ այն մասին, որ ամուսնալուծության վերաբերյալ դատական ակտի առկայության պայմաններում ամուսնալուծությունը միայն պետական գրանցման պահից դադարած համարվելը հակասում է Սահմանադրության որևէ դրույթի: Չհիմնավորելով վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը՝ դիմողը նշում է, որ Օրենսգրքի 40-րդ հոդվածը «հակասում է Սահմանադրությանը, քանի որ իմաստազրկում է դատական պաշտպանությունը»:

Մինչդեռ, իրավական համակարգում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ դատական ակտով հաստատված իրավունքն ուժի մեջ է մտնում պետական գրանցման պահից: Դրանով որևէ կերպ չեն նսեմացվում դատական ակտերի դերը և նշանակությունը, ինչպես նաև այդ ակտերի պարտադիր լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից՝ հարկ է նշել, որ դիմումն ակնհայտ անհիմն է, և գործի վարույթն ենթակա էր կարճման, իսկ որոշման եզրափակիչ մասում «շահագրգիռ անձի» կարգավիճակին վերաբերող դրույթներն ուղղակիորեն կապ չունեն վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման հետ:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԴԱՏԱՎՈՐ

Ա. Թունյան


29 դեկտեմբերի 2022 թվականի

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2023 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի «ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ) 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1675 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը` ներկայացնում եմ հատուկ կարծիք՝ Սահմանադրական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 40-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1675 որոշման (այսուհետ նաև՝ ՍԴՈ-1675 որոշում) վերաբերյալ:

1. Սահմանադրական նորմերով սահմանվում են ինչպես արդարադատություն իրականացնող սուբյեկտային կազմը՝ սահմանադրական մարմինները, այնպես էլ վերջիններիս սահմանադրական առաքելության սահմանադրաիրավական հիմքերը և շրջանակները (Սահմանադրության 162-163-րդ, 167-172-րդ հոդվածներ, 175-րդ հոդվածի 2-րդ մաս)։

Մասնավորապես՝ Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանը որոշումներ և եզրակացություններ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ (63-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Այլ կերպ՝ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի առարկայից դուրս, թեկուզ և վիճարկվող ակտի/դրույթի հետ առերևույթ, ենթադրյալ փոխկապակցված, սակայն դիմողի կողմից չվիճարկված այլ նորմատիվ իրավական ակտի և դրա դրույթի սահմանադրականության հարց Սահմանադրական դատարանն իրավասու չէ իր նախաձեռնությամբ ստուգելու, գնահատելու, առավել ևս այդ հարցով կայացնելու համապատասխան որոշում՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ձևով։

Վերահաստատում և միաժամանակ ընդգծում եմ նաև Սահմանադրական դատարանի որոշումների վերաբերյալ ներկայացված հատուկ կարծիքներում քանիցս նշված իմ այն դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարանն իր վերոնշյալ սահմանադրական առաքելության իրականացման առումով, սահմանադրաիրավական հիմքերի շրջանակում, չունի ինքնասահմանափակման լիազորություն, որը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև սահմանադրական արդարադատության իրականացումից հրաժարման, ինչպես նաև չի կարող իրեն վերագրել այնպիսի լիազորություններ, որոնք Սահմանադրությամբ սահմանված չեն։ Վերջինիս ինչպես ուղղակի, այնպես անուղղակի ցանկացած դրսևորում ստեղծում է հակասահմանադրական իրավիճակ:

Այսպես՝ Սահմանադրական դատարանն իրավունք չունի «գայթակղվելու» այլ դատարանների դատական ակտերի օրինականության և իրավաչափության ստուգմամբ, կոնկրետ գործի փաստական հանգամանքների վերլուծությամբ կամ դրանց վերաբերյալ դատական ակտերում արտահայտված դիրքորոշումների «վերծանմամբ» և սեփական լիազորություններից դուրս զուգորդվող գնահատականներ տալով։ Հակառակը եռաստիճան դատական համակարգում չորրորդ ատյանի դեր «ստանձնելն է», ինչը չունի սահմանադրական հիմք։

Սահմանադրական դատարանի որոշումները պետք է կայացվեն օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության արդյունքում, հիմնված լինեն վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական պատշաճ վերլուծության վրա, զերծ լինեն, մասնավորապես՝ ներքին հակասություններից, երկիմաստ ու խեղաթյուրող դիրքորոշումներից։ Պակաս կարևոր չէ, որ Սահմանադրական դատարանի որոշումներն անհարկի ծանրաբեռնված չլինեն ընդհանրական և կրկնվող դատողություններով, ոչ վերաբերելի դիրքորոշումներով (այդ թվում՝ այլ դատարանի դատական ակտերում ամրագրված համանման դիրքորոշումների սոսկ վերարտադրմամբ)։

Սահմանադրական դատարանի ձևավորած իրավակիրառ պրակտիկան պետք է լինի միասնական։ Այդ պրակտիկայի փոփոխությունն ընկալելի, ընդունելի և իրավաչափ է, եթե այն արդյունք է սահմանադրական փոփոխությունների իրացման կամ գործող Սահմանադրության նորմերի այնպիսի վերաիմաստավորման, երբ Սահմանադրական դատարանի կողմից հիմնավորվում է իր պրակտիկայի փոփոխությունը։ Հակառակը կարող է հանգեցնել Սահմանադրական դատարանի օբյեկտիվ գործունեության ողջամիտ կասկածների և նրա նկատմամբ հանրային վստահության անկման։

Սահմանադրական դատարանը, գործի հանգամանքների ի պաշտոնե պարզման սկզբունքի արդյունավետ իրացման շրջանակներում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված, ներառյալ՝ գործի վարույթը կասեցնելու և այն վերսկսելու գործիքակազմերը պետք է կիրառի սահմանադրական օրենքով սահմանված այդ ինստիտուտների էությանը և կարգավորումներին համապատասխան, որով, նախևառաջ, կապահովվի Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի արդյունավետ՝ սահմանված կարգով և ժամկետներում իրացումը՝ չստեղծելով այդ իրավունքի խաթարման և արգելափակման վտանգներ։

2. Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով սույն գործով Սահմանադրական դատարանի մոտեցումներն ու եզրահանգումները՝ ՍԴՈ-1675 որոշումը հիմնավոր, հետևաբար՝ ընդունելի չեմ համարում։ Այսպես.

ա) սույն գործի քննության առիթ հանդիսացող դիմումով դիմող Գայանե Մանուկյանը (այսուհետ՝ նաև Դիմող) խնդրել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31, 35, 60, 61, 63, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 33-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայի կողմից տրված իմաստը՝ հաղորդած բովանդակությամբ հանդերձ, համաձայն որի՝ ամուսինների, որպես ամուսիններ, իրավունքները և պարտականությունները չեն դադարում ամուսնությունը լուծելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից, և/կամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31, 35, 60, 61, 63, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 40-րդ հոդվածը, այնքանով, որքանով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված ամուսնությունը և ամուսինների, որպես ամուսիններ, իրավունքները և պարտականությունները դադարած է համարում միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվելու պահից»:

Դիմողը, մասնավորապես, նշել է, որ հիշյալ հոդվածները չեն համապատասխանում իրավական որոշակիության, հստակության և կանխատեսելիության չափանիշներին, որից ելնելով էլ անհստակ է, թե ո՞ր պահից են ամուսնական իրավահարաբերությունները համարվում դադարած՝ ամուսնալուծության վերաբերյալ համապատասխան դատական ակտի ուժի մեջ մտնելո՞ւ, թե՞ ամուսնալուծությունը պետական գրանցման ակտով ամրագրվելու պահից։ Ըստ դիմողի՝ նշված նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված բովանդակությունը հանգեցրել է իր սեփականության իրավունքի խախտման, քանի որ նորմերի մեկնաբանման արդյունքում զրկվել է իր սեփականությունից (առավել մանրամասն տես՝ ՍԴՈ-1675 որոշման «Դիմողի դիրքորոշումները» բաժնում)։

Սահմանադրական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-211 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը մասամբ՝ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 33-րդ հոդվածի մասով, կարճվել է։

Գործով վիճարկվող դրույթի՝ 40-րդ հոդվածի մասով, թեև գործի վարույթը չի կարճվել, սակայն գործի քննության առիթ հանդիսացող դիմումով նշված իրավական նորմը, այդ թվում՝ բարձրացված իրավական հարցադրումների համատեքստում, Սահմանադրական դատարանի կողմից չի ենթարկվել վերլուծության և, ըստ այդմ՝ չի բացահայտվել այդ դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այդ առումով վերջնարդյունքում, ըստ էության, չի գնահատվել դրա սահմանադրականության հարցը:

Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանը պետք է գործեր քննության առիթ հանդիսացող դիմումով բարձրացված սահմանադրաիրավական հարցի շրջանակներում, Սահմանադրության վերաբերելի՝ տվյալ դեպքում Սահմանադրության 35-րդ հոդվածի համատեքստում, բացահայտեր վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ արձանագրելով, որ ամուսնության ազատությունը բովանդակային առումով ներառում է նաև ամուսնալուծության ազատությունը, որից հետո անդրադառնար վիճարկվող դրույթին այն համատեքստում, թե արդյո՞ք դրանում առկա են Սահմանադրության 35-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող սահմանափակումներ, անդրադառնար վիճարկվող դրույթով սահմանված՝ ամուսնալուծության իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերին և ընթացակարգերին, ինչպես նաև օրենսդրական կարգավորումների արդյունավետության ապահովման առումով դրանք գնահատեր Սահմանադրության 75-րդ հոդվածի տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը գործադիր իշխանության մարմնի կողմից «հաստատելու» ընթացակարգի սահմանադրականությունը: Վերոհիշյալ հարցերին անդրադառնալուց հետո միայն, ինչը ՍԴՈ-1675 որոշմամբ չի կատարվել, եթե Սահմանադրական դատարանը գտներ, որ վիճարկվող դրույթն ինքնին համապատասխանում է Սահմանադրությանը, ապա պետք է վերլուծեր, բացահայտեր և գնահատեր վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը։

Փոխարենը, Սահմանադրական դատարանն անդրադարձել է վիճարկվող նորմի ստացած մեկնաբանության արդյունքում Դիմողի սեփականության իրավունքի սահմանափակմանը հանգեցրած միջամտությանը վերաբերող վարչական դատավարությունում հայցվորի՝ «շահագրգիռ անձի» կարգավիճակի հարցին, քանի որ, ըստ Սահմանադրական դատարանի, նշված հարցն ունի կիրառված նորմի մեկնաբանության սահմանադրականության ստուգման համար կարևոր նշանակություն, այն որոշիչ գործոն է անձի սեփականության՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակման սահմանադրական նպատակի նույնականացման համար։

Նշված վերլուծությունը կառուցվել է՝ նաև հղում կատարելով Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին և դրա շուրջ ձևավորված դատական պրակտիկային:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 7-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։ Եվ ինչպես արդեն վերը նշվել է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը որոշումներ և եզրակացություններ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ որևէ նորմատիվ իրավական ակտի uահմանադրականությունը որոշելիu Սահմանադրական դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների uահմանադրականությունը։ Հավաuտիանալով վիճարկվող դրույթների հետ փոխկապակցված տվյալ նորմատիվ իրավական ակտի այլ դրույթների՝ Uահմանադրությանը հակաuելու հարցում՝ Սահմանադրական դատարանը կարող է Uահմանադրությանը հակաuող և անվավեր ճանաչել նաև այդ դրույթները։

Այսպիսով, Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1675 որոշմամբ որպես գործի շրջանակներում պարզման հանգամանք սահմանադրականության գնահատման այնպիսի սահման է առանձնացրել, որի վերաբերյալ ոչ միայն սույն գործի քննության առիթ հանդիսացող դիմումով չի բարձրացվել առանձին հարց, այլև առհասարակ չի հանդիսանում սույն գործով վիճարկվող դրույթի՝ 40-րդ հոդվածի կարգավորման առարկան կամ համակարգային առումով փոխկապակցված չէ դրա հետ։

ՍԴՈ-1675 որոշմամբ, ըստ էության, վիճարկվող հոդվածի սահմանադրականության հարցը որոշելիս, որպես էական նշանակություն ունեցող հանգամանք, վերլուծության է ենթարկվել վարչական դատավարությունում հայցվորի՝ «շահագրգիռ անձի» կարգավիճակի հարցը, որը գտնվում է այլ նորմատիվ իրավական ակտի՝ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի կարգավորման տիրույթում։

Չնայած նշվածին, որոշման եզրափակիչ մասում գնահատվել է ոչ թե Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի, այլ վիճարկվող դրույթի՝ Օրենսգրքի 40-րդ հոդվածի սահմանադրականությունը, որի կարգավորման առարկա է դիտարկվել Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով կարգավորվող «շահագրգիռ անձի» կարգավիճակի հարցը։

Մասնավորապես՝ համապատասխան վերլուծությունների արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 40-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ամուսնու կարգավիճակն ինքնին վարչական դատավարությունում հայցվորի համար «շահագրգիռ անձի» անփոփոխ կարգավիճակ չի երաշխավորում, եթե գործի փաստական հանգամանքները կամ կիրառելի իրավունքը բացառում է նման կարգավիճակը։

Փաստացի, Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1675 որոշմամբ դուրս է եկել վեճի առարկայի և իր լիազորությունների շրջանակից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը չի իրականացրել սույն գործով վիճարկվող դրույթի՝ 40-րդ հոդվածի սահմանադրաիրավական վերլուծություն, առաջանում է նաև խզում ՍԴՈ-1675 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի միջև։ Թեև վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական վերլուծությունն ակներև կդարձներ, որ ՍԴՈ-1675 որոշման եզրափակիչ մասում ամրագրված մեկնաբանությունն աղերս չունի վիճարկվող դրույթի բովանդակության հետ։

Վիճարկվող նորմի բովանդակության չբացահայտման համատեքստում հատկանշական են Սահմանադրական դատարանի կողմից առաջ քաշված իրավական հարցադրումները և դրանց հաջորդող վերլուծության ընթացքը, որոնք վերաբերում են ոչ թե համապատասխան նորմի սահմանադրականության հարցին, այլ բացառապես դրանց՝ իրավակիրառ պրակտիկայում ստացած մեկնաբանության սահմանադրականության հարցին, ինչը ևս խնդրահարույց է:

Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանն անդրադարձել է երկու հարցադրման. «արդյո՞ք վիճարկվող նորմի՝ իրավակիրառ պրակտիկայում ստացած մեկնաբանությունը Դիմողի գործով հանգեցրել է Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված նրա սեփականության իրավունքին միջամտության» և «նախորդ հարցին դրական պատասխանելու դեպքում արդյո՞ք վիճարկվող նորմի՝ իրավակիրառ պրակտիկայում ստացած մեկնաբանությամբ միջամտությունը համապատասխանում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասին»։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմից բխում է, որ Սահմանադրական դատարանի կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության գնահատումը ինքնուրույն և առանձին գործառույթ չէ, իրականացվում է այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը, նախևառաջ, վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական վերլուծության արդյունքում բացահայտելով այդ դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, գնահատում է այդ դրույթի սահմանադրականության հարցը: Ավելին՝ այն դեպքում, երբ վիճարկվող դրույթը Սահմանադրական դատարանը կգնահատի որպես Սահմանադրությանը հակասող, ապա այդ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի պարզումը և գնահատումը կդառնան առարկայազուրկ:

Ըստ այդմ՝ վիճարկվող դրույթի սահմանադրականության պարզումը և գնահատումը կրում են պարտադիր բնույթ, որի հետ փոխկապակցված է ձևավորված իրավակիրառ պրակտիկայի գնահատումը, ուստիև Սահմանադրական դատարանի կողմից կոպիտ սխալ է հարցադրում կատարել և վերլուծություն կատարելիս սեփական լիազորությունները սահմանափակելը միայն վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատման առումով:

Միևնույն ժամանակ, ինքնասահմանափակվելով վիճարկվող դրույթի՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատման հարցադրմամբ և վերլուծությամբ, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1675 որոշման մեջ չի ամրագրել իր իսկ կողմից բարձրացված հարցադրման պատասխանը՝ «արդյո՞ք վիճարկվող նորմի՝ իրավակիրառ պրակտիկայում ստացած մեկնաբանությամբ միջամտությունը համապատասխանում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասին», թե՝ ոչ։ Սահմանադրական դատարանն, ըստ էության, գնահատել է դրույթի կիրառման իրավաչափության հարցը, կրկին դուրս գալով իր լիազորությունների շրջանակից:

բ) Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1675 որոշման պատճառաբանական մասի 5.1-ին կետում նշել է, որ «անհրաժեշտ է համարում առաջնահերթությամբ անդրադառնալ Դիմողի կողմից վիճարկվող նորմի՝ Դիմողի նկատմամբ կիրառման հանգամանքներին» և կատարել է ծավալուն անդրադարձ։ Այս առումով, սակայն, հարկ է նշել, որ վիճարկվող դրույթի կիրառված լինելու հանգամանքներին Սահմանադրական դատարանի ըստ էության որոշմամբ անդրադառնալն անընդունելի է, քանի որ ծանրաբեռնում է որոշումը անհարկի դատողություններով, որոնք ստեղծում են տպավորություն, թե Սահմանադրական դատարանն ապացուցում է, որ տվյալ գործն ընդունել է քննության, քանի որ դիմումի ընդունելիության նախապայմանները պահպանված են եղել,

գ) Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1675 որոշման պատճառաբանական մասի 5.1-ին կետում ամրագրել է հետևյալ դիրքորոշումը. «Արդյունքում՝ վիճարկվող նորմի՝ Դիմողի նկատմամբ կիրառման վերը շարադրված երկու դրսևորումները հիմք են հանդիսացել Դիմողի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելով Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ նրա ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը սահմանափակելու համար։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը սույն գործի քննությամբ սույն որոշման 4-րդ կետում շարադրված հարցադրումներին անդրադառնում է միայն վիճարկվող նորմի՝ Դիմողի նկատմամբ կիրառման վերը շարադրված երկու դրսևորումներում ստացած մեկնաբանության սահմանադրականության ստուգման շրջանակում»։ Հիշյալ դիրքորոշմամբ, ըստ էության, Սահմանադրական դատարանի պրակտիկայում ներմուծվել է անհայտ և անհասկանալի՝ սահմանադրականության ստուգման նոր շրջանակ («…Դիմողի նկատմամբ կիրառման … դրսևորումներում ստացած մեկնաբանության սահմանադրականության ստուգման շրջանակ…»), որն իր ոչ հստակ, անորոշ շարադրանքով տեղիք է տալիս միայն տարակուսանքի, տարաբնույթ ընկալման և չի կարող հավակնել դիտարկվելու որպես Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշում, քանզի չունի սահմանադրաիրավական հիմք,

դ) ՍԴՈ-1675 որոշման մեջ գերակշռում են այն մոտեցումները, որ Սահմանադրական դատարանը «նկատել» (հենց Սահմանադրական դատարանի ձևակերպումն է), վկայակոչել, վերլուծել և գնահատել է, մասնավորապես, թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ ամրագրված այն դիրքորոշումները, որոնք առավելապես պարունակում են փաստական հանգամանքների վերլուծություն, փաստերի գնահատումներ և դրանց հետ կապված օրենսդրական մեկնաբանություններ։ Մասնավորապես՝ ՍԴՈ-1675 որոշման պատճառաբանական մասի 5.3-րդ կետի 2-րդ պարբերությունում Սահմանադրական դատարանը նշել է. «Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը նկատում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող նորմի կիրառման նպատակը եղել է փաստի գնահատումը, ինչը համապատասխան դատարանի, սույն դեպքում՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունների տիրույթում է։ (…) սույն սահմանադրական վեճի շրջանակում փաստական հանգամանքներին անդրադառնալիս Սահմանադրական դատարանն ամբողջ ծավալով հիմք է ընդունում փաստերին՝ Վճռաբեկ դատարանի կողմից տրված գնահատականը՝ վիճարկվող նորմի սահմանադրականության ստուգումն իրականացնելով բացառապես Վճռաբեկ դատարանի կողմից հաստատված փաստերի սահմաններում»։ Նախ՝ հարկ է նշել, որ նման մոտեցումը բնութագրական չէ Սահմանադրական դատարանի որոշումների համար, սակայն անընդունելի է, որ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ ամրագրված այդ դիրքորոշումները հիմք ընդունելով կամ ընդունելի համարելով՝ Սահմանադրական դատարանը, ըստ էության, վերագրում է իրեն։ Այլ է հարցը, երբ այդ դիրքորոշումները վերաբերում են Սահմանադրության մեկնաբանությանը, սակայն անգամ այդ դեպքում Սահմանադրական դատարանը ոչ թե պետք է հիմք ընդունի դրանք, այլ պետք է տա իր վերջնական պարտադիր մեկնաբանությունը։ Սա է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու բուն առաքելությունը, այլ ոչ թե Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերարտադրումը՝ այս կամ այն խմբագրումներով։ Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իրավասու չէ վերագնահատելու որևէ այլ դատարանի՝ կոնկրետ գործով կայացված դատական ակտի հիմքում դրված փաստերը, նաև այն պատճառով, որ իրավասու չէ այլ դատարանում քննված գործի վերստին քննություն իրականացնելու։ Նշվածներն աղերս չունեն դատարանի վերջնական ակտով անձի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության ստուգման հետ, դուրս են սահմանադրական արդարադատության իրականացման գործառույթի շրջանակից։ Այս համատեքստում կրկին ընդգծման ենթակա է, որ Սահմանադրական դատարանի կողմից եռաստիճան դատական համակարգում չորրորդ ատյանի դեր «ստանձնելը» չունի սահմանադրական հիմք,

ե) Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1675 որոշման պատճառաբանական մասի 5.3-րդ կետի 11-րդ պարբերությունում սահմանել է. «Այսինքն՝ Դիմողի գործով վիճարկվող նորմի կիրառումը հանգեցրել է նույն գործով հայցվորի՝ որպես Դիմողի բնակարանի մասնավորեցման պահին Արտյոմ Սարգսյանի գրանցված ամուսնու, «շահագրգիռ անձ» լինելու անվիճարկելի կանխավարկածին, որն անփոփոխ շարունակել էր գործել նույնիսկ այն պայմաններում, երբ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր Դիմողի սեփականության իրավունքի սահմանափակմանը հանգեցրած վարույթի շրջանակներում իրավական շահագրգռվածություն ունեցող անձի նույնականացման օբյեկտիվ անհնարինությունը։ Արդյունքում՝ Դիմողի գործով վիճարկվող նորմի կիրառմամբ դրան տրված մեկնաբանությունը հնարավորություն է ընձեռում սեփականության իրավունքի այնպիսի սահմանափակման, որը համատեղելի չէ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որևէ սահմանադրական նպատակի հետ, քանի որ այն հավասարապես չի հետապնդել ո΄չ որևէ անձի հիմնական իրավունքի կամ ազատության, ո΄չ էլ՝ հանրության շահերի պաշտպանության նպատակ, քանզի Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի ուժը կորցրած օրենսգրքի 40-րդ հոդվածը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»։

Նախ՝ վերը նշված գնահատականը Սահմանադրական դատարանի խնդիրը չէ։ Երկրորդ՝ անգամ եթե այն տեսականորեն լիներ Սահմանադրական դատարանի խնդիրը, ապա կստացվեր, որ ամբողջ սեփականաշնորհումը իրավաչափ չի եղել, քանի որ ՍԴՈ-1675 որոշման մեջ նշված գործով կանանցից որևէ մեկը, եթե չի առարկել, պետք է լիներ համասեփականատեր, առավել ևս, եթե համաձայնություն էր տվել բնակարանը ամուսնու անունով «սեփականացնելու» վերաբերյալ: Վճռաբեկ դատարանի ոչ հստակ դիրքորոշումներին Սահմանադրական դատարանի կողմից երկրորդելը կհանգեցնի տվյալ գործով վկայակոչված երկու կանանց սեփականության հիմնական իրավունքի խախտման, սեփականազրկման, որով, ըստ էության, բնակարանը, հակառակ սեփականաշնորհման համակարգային տրամաբանության, կունենա երեքի փոխարեն ընդամենը երկու սեփականատեր:

3. Անդրադառնալով սույն գործի քննության հիմք հանդիսացող դիմումին, հարկ է նշել, որ այն չի համապատասխանում անհատական դիմումին ներկայացվող պահանջին, մասնավորապես՝ հիմնավորված չէ, թե դիմումատուի սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ պատճառահետևանքային կապ է առկա դիմողի սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև, որպիսի պայմաններում գործի վարույթը ենթակա էր կարճման:

Մասնավորապես, նշելով, որ ամուսինների իրավունքները և պարտականությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում համապատասխան գրանցումը կատարելուց հետո միայն դադարած համարելու դեպքում օրինական ուժի մետ մտած վճիռը ստորադասվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից կատարված պետական գրանցմանը, Դիմողը չի ներկայացրել պատշաճ հիմնավորումներ նորմի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 40-րդ հոդվածը որոշակիության տեսանկյունից չի առաջացնում նորմի սահմանադրականության խնդիր, և անգամ տառացի մեկնաբանությունից հստակ է նորմի բովանդակությունը, այն է՝ դատական ակտը որևէ իրավական հետևանք չի առաջացնում ամուսինների և երրորդ անձանց համար այնքան ժամանակ, քանի դեռ այդ ակտի հիման վրա ամուսնալուծությունը չի գրանցվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ թեև կառուցակարգը հետապնդում է Սահմանադրությամբ կանխորոշված նպատակներ, և համապատասխան դատական ակտը գրանցման ներկայացնելը չի համարվում անհամաչափ բեռ ամուսինների համար իրավունքների պատշաճ իրացման համատեքստում, այնուամենայնիվ, կարգավորմամբ ամուսինները չունեն ժամանակային սահմանափակում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո այն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններ ներկայացնելու համար։

Գործնականում ստացվում է, որ պետության իրավակարգում առկա է ամուսինների ամուսնալուծության մասին դատական ակտ, սակայն այն որևէ հետևանք չի առաջացնում (ինչը կարող է տևել տարիներ): Նշվածը բարդություններ կարող է առաջացնել ինչպես ամուսինների, այդպես էլ՝ այլ անձանց իրավունքների պատշաճ իրացման առումով:

Տեսականորեն նշվածը կարող էր նպատակ ունենալ որոշակի ժամանակ ևս տալ ամուսիններին հաշտվելու համար: Սակայն հաշվի առնելով դատական կարգով ամուսնալուծության պարագայում հաշտվելու համար ամուսիններին ժամանակ տրամադրելու դատարանների իրավասությունը՝ նման նպատակը դառնում է առարկայազուրկ և ոչ լեգիտիմ։

Ուստի՝ գտնում եմ, որ նման կարգավորումը արդյունավետ համարվել չի կարող և Սահմանադրության 75-րդ հոդվածի տեսանկյունից խնդրահարույց է։

Այդ կարգավորումների խնդրահարույց լինելու մասին նաև անուղղակիորեն վկայում են գործող կարգավորումները, որոնք ամրագրված են 2004 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 18-րդ հոդվածում, համաձայն որի՝ «1. Ամուսնությունը, որը լուծվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում, համարվում է դադարած ամուսնալուծության պետական գրանցման պահից: 2. Ամուսնությունը, որը լուծվում է դատական կարգով, համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:Դատարանն ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին»:

4. Հարկ եմ համարում անդրադառնալ նաև ՍԴՈ-1675 որոշմամբ գործի վարույթը կասեցնելու և այն վերսկսելու հիմնահարցերին։

Գտնում եմ, որ սույն գործի վարույթը կասեցնելու և այն վերսկսելու գործիքակազմերը չեն կիրառվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքին համապատասխան։

Գործի քննության առիթ հանդիսացող Գայանե Մանուկյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հունիսի 25-ին։

Սահմանադրական դատարանի 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-171 աշխատակարգային որոշմամբ «Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 33 և 40-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության, դատաքննությունը սկսելու ժամկետ սահմանվել՝ 2021 թվականի սեպտեմբերի 23-ը՝ ժամը 11.00-ն:

Սահմանադրական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 22-ի ՍԴԱՈ-196 աշխատակարգային որոշմամբ, ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ գործի քննության ժամկետը երկարաձգվել, գործի դատաքննությունը հետաձգվել է և դատաքննությունը նշանակվել է 2021 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 11.00-ին:

Սահմանադրական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴԱՈ-238 աշխատակարգային որոշմամբ կրկին՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ գործի դատաքննությունը հետաձգվել է և դատաքննությունը նշանակվել է 2021 թվականի դեկտեմբերի 21-ին` ժամը 11.00-ին:

2021 թվականի դեկտեմբերի 14-ի ՍԴԱՈ-256 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել է հետևյալ հիմնավորմամբ. «Հաշվի առնելով գործով զեկուցող՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանի առաջարկությունն առ այն, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես՝ անհրաժեշտ է սույն գործով պահանջել լրացուցիչ ապացույցներ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կասեցման»։

2021 թվականի դեկտեմբերի 17-ին սույն գործով զեկուցող՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանի կողմից դատական դեպարտամենտ է ներկայացվել գրություն, որով դատավորը խնդրել է տրամադրել Օրենսգրքի 33 և 40-րդ հոդվածների իրավակիրառ պրակտիկայում ունեցած նշանակությունը սահմանող վերաբերելի մեկնաբանություններ պարունակող դատական ակտերն այն հարցի վերաբերյալ, թե ո՞ր պահից են դադարած համարվում ամուսնական հարաբերությունները նախկին ամուսինների միջև:

2022 թվականի հունվարի 24-ի պատասխան գրությամբ դատական դեպարտամենտի ղեկավարը հայտնել է, որ դատական դեպարտամենտին պատվիրակված լիազորությունների շրջանակներում բարձրացված հարցադրումների վերաբերյալ որևէ վիճակագրություն կամ հաշվառում չի վարվում, և սպառիչ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ: Այդուհանդերձ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 33 և 40-րդ հոդվածների՝ իրավակիրառ պրակտիկայում ունեցած նշանակությունը սահմանող վերաբերելի մեկնաբանությունները պարունակող 5 դատական ակտերի համարներն ու պատճենները:

2022 թվականի դեկտեմբերի 8-ին գործով զեկուցող՝ Սահմանադրական դատարանի դատավոր Գրիգորյանի կողմից ներկայացվել է հաղորդում՝ սույն գործի վարույթի վերսկսման հարցը Սահմանադրական դատարանի առաջիկա աշխատակարգային նիստի օրակարգ ներառելու մասին՝ այն հիմնավորմամբ, որ դատական դեպարտամենտի գրության մեջ առկա տեղեկությունները ուսումնասիրվել են, և վերացել է գործի վարույթը կասեցնելու հիմքը։

Սահմանադրական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի

ՍԴԱՈ-204 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է հետևյալ հիմնավորմամբ. «Սահմանադրական դատարանն ստացել է վերոհիշյալ գործով պահանջված լրացուցիչ ապացույցները և դրանց ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ «Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 33 և 40-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու հիմքերը վերացել են»:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումների հիման վրա գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիu հետո: Uահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամuով։

Գտնում եմ, որ այս գործի քննության առիթ հանդիսացող դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանն, ըստ էության, որոշումն ընդունել է ոչ թե օրենքով սահմանված առավելագույն՝ 6-ամսյա ժամկետում, այլ շուրջ 1 տարի 6 ամիս հետո, քանի որ տվյալ գործի քննության ժամկետը, ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից, երկարաձգվել է, դատաքննությունը երկու անգամ հետաձգվել է, այնուհետև գործի վարույթը օրենքով սահմանված առավելագույն՝ 6-ամսյա ժամկետի լրանալուն մոտ կասեցվել է՝ լրացուցիչ ապացույցներ ստանալու հիմքով: Հայցվող տեղեկատվությունը ստացվել է գործի վարույթը կասեցնելուց գրեթե մեկ ամիս հետո, սակայն գործի վարույթը վերսկսելու առաջարկությունը գործով զեկուցող դատավորը Սահմանադրական դատարան ներկայացրել է այդ տեղեկատվությունն ստանալուց գրեթե մեկ տարի հետո, որից հետո միայն գործի վարույթը վերսկսվել է, և նշանակվել դատաքննություն, որի արդյունքում 2022 թվականի դեկտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը կայացրել է ՍԴՈ-1675 որոշումը։

Վերոհիշյալ իրավիճակը, սակայն, Սահմանադրական դատարանի պրակտիկայում միակը չէ։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սահմանադրական դատարանը 2020 թվականի հունիսի 22-ից հետո կասեցրել է 17 գործերի վարույթներ, ինչն աննախադեպ է Սահմանադրական դատարանի 26-ամյա գործունեության ընթացքում: Սահմանադրական դատարանը հիշյալ 17 գործերից 2 գործ քննության է ընդունել Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի դիմումների, 3 գործ՝ Կառավարության դիմումների (միջազգային պայմանագրերի մասով), 2 գործ՝ դատարանների դիմումների և 10 գործ՝ անհատական դիմումների հիման վրա։

Ի դեպ, անհատական դիմումների հիման վրա քննության ընդունված թվով 2 գործով Սահմանադրական դատարանը կայացրել է վարույթը կրկնակի կասեցնելու վերաբերյալ որոշումներ, այսինքն՝ գործի վարույթը կասեցրել է, այնուհետև գործի վարույթը վերսկսվել և հետո կրկին կասեցվել է (տես՝ Սահմանադրական դատարանի 19.01.2021թ. ՍԴԱՈ-11, 14.01.2022թ. ՍԴԱՈ-7 և ՍԴԱՈ-8, 31.05.2022թ. ՍԴԱՈ-95, 22.11.2022թ. ՍԴԱՈ-188, 02.12.2022թ.

ՍԴԱՈ-201 աշխատակարգային որոշումները)։ Արդյունքում՝ 1 գործի վարույթը կասեցված է 2021 թվականի հունվարի 19-ից, մյուսը՝ 2022 թվականի մայիսի 31-ից։

Անհատական դիմումների հիման վրա քննության ընդունված թվով 2 այլ գործերի վարույթը նույնպես դեռևս կասեցված է, ինչպես նաև դեռևս կասեցված է Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի դիմումների հիման վրա քննության ընդունված 2 գործերի վարույթ (տես՝ Սահմանադրական դատարանի 26.04.2022թ. ՍԴԱՈ-77, 14.06.2022թ. ՍԴԱՈ-107, 08.07.2022թ. ՍԴԱՈ-115, 08.11.2022թ. ՍԴԱՈ-177 աշխատակարգային որոշումները)։

Մեկ ուշագրավ տվյալ ևս. անհատական դիմումների հիման վրա քննության ընդունված 3 գործերի և դատարանի դիմումի հիման վրա քննության ընդունված 1 գործի վարույթը վերսկսելուց հետո (3 գործով՝ նույն օրը, իսկ 1 գործով՝ 7 օր հետո) տվյալ գործերի վարույթները Սահմանադրական դատարանը կարճել է (տես՝ Սահմանադրական դատարանի 10.03.2021 թ. ՍԴԱՈ-48 և ՍԴԱՈ-49, 15.02.2022 թ. ՍԴԱՈ-32 և ՍԴԱՈ-33, 07.06.2022թ. ՍԴԱՈ-104, 14.06.2022թ. ՍԴԱՈ-106, 13.12.2022թ. ՍԴԱՈ-205 և ՍԴԱՈ-206 աշխատակարգային որոշումները)։

Գործի վարույթը կասեցնելու և այն վերսկսելու հետ կապված հարաբերությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի, մասնավորապես, 56-րդ հոդվածով և 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով։ Գործի վարույթը վերսկսելու առումով, մասնավորապես, հիշյալ օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմքերը վերանալուց հետո: Մինչև կասեցման հիմքերը վերանալը գործի վարույթը վերսկսվում է Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ:

Նախ, հարկ եմ համարում նշել, որ այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի կողմից գործի վարույթը կասեցնելը հանգեցնում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով, Սահմանադրական դատարանի աշխատակարգով և Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներով սահմանված դատավարական ժամկետների ընթացքի կասեցման («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մաս), Սահմանադրական դատարանը հիշյալ գործիքակազմը պետք է կիրառի ոչ թե դատավորների «հարմարավետությունը» ապահովելու կամ նրանց դանդաղկոտությունը քողարկելու, այլ գործի քննության օբյեկտիվ խնդիրները հաղթահարելու կամ նմանատիպ այլ պատճառներով: Դա անհրաժեշտ է, նախևառաջ, սահմանված կարգով և ժամկետներում Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի արդյունավետ իրացման, Սահմանադրական դատարանի կողմից իր սահմանադրական առաքելության արդյունավետ իրականացման, գործի հանգամանքների ի պաշտոնե պարզման սկզբունքի արդյունավետ կենսագործման նպատակներով՝ չստեղծելով և բացառելով Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի խաթարման և արգելափակման վտանգներ։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանվում են դատավարական կոնկրետ ժամկետներ, այդ թվում՝ առավելագույն ժամկետներ, որոնք Սահմանադրական դատարանի սոսկ հայեցողությամբ չեն կարող փոփոխվել: Բացառություն է կազմում միայն գործի վարույթի կասեցման դեպքում դատավարական ժամկետների կասեցման դեպքը, այն էլ՝ օրենքով սահմանված կարգավորումների շրջանակում։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի, մասնավորապես, 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը, եթե այլ մարմիններից կամ անձանցից անհրաժեշտ է ապացույցներ պահանջել։

Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածով, մասնավորապես, սահմանվում է, որ «Սահմանադրական դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ՝ նաև գործով զեկուցող դատավորը Սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ իրավասու են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր, փորձաքննություններ, բացառությամբ իրավունքի հարցերով փորձաքննությունների, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից` նրանց տրամադրության տակ գտնվող նյութեր» (1-ին մաս)։

Այսինքն՝ եթե գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար առկա է, մասնավորապես, փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր պահանջելու անհրաժեշտություն, ապա օրենքով սահմանված դատավարական ժամկետների շրջանակում Սահմանադրական դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ՝ նաև գործով զեկուցող դատավորը Սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ իրավասու են պահանջելու դրանք՝ առանց գործի վարույթը կասեցնելու։

Բացի նշվածից, գտնում եմ (այս մասին բազմիցս բարձրաձայնել եմ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստերում), որ գործով զեկուցող դատավորը գործի վարույթը կասեցնելուց հետո ոչ թե իր հայեցողությամբ պետք է որոշի, մասնավորապես, ե՞րբ և ի՞նչ նյութեր է պահանջելու, և ընդհանրապես, պահանջելո՞ւ է, թե՞ ոչ կամ իր հայեցողությամբ գնահատի, որ գործի վարույթը կասեցնելու հիմքերը վերացել են և առաջարկի գործի վարույթը վերսկսել, այլ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցնելու հիմնավորումները պետք է լինեն պատշաճ, իսկ հիմքերը՝ կոնկրետ շարադրված, այլ ոչ թե ընդհանրական ձևակերպված։ Գործի վարույթ կասեցնելու ինստիտուտի «չարաշահմամբ», դրա էության խեղաթյուրմամբ, ըստ էության, աղճատվում է սահմանադրական արդարադատության էությունը, վտանգվում դրա արդյունավետությունը, վերջնարդյունքում՝ Սահմանադրության գերակայության ապահովումը։ Գործի վարույթը կասեցնելու պատճառաբանվածությունը և դրա հիմքերի կոնկրետ շարադրումը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտին և, ինչու ոչ՝ ողջ հանրությանը նաև տեսանելի են դարձնում սահմանադրական արդարադատության իրականացման ընթացքը, ինչը նաև կանխում է Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտի կողմից Սահմանադրական դատարանի գործունեության, նրա կողմից դատավարական ժամկետները ձգձգելու, սուբյեկտիվ հայեցողություն դրսևորելու, Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքն արգելափակելու, խաթարելու վերաբերյալ դժգոհություններն ու քննադատությունները։

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԴԱՏԱՎՈՐ

Հ. Թովմասյան


5 հունվարի 2023 թ.

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2023 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ) 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՍԴՈ-1675 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 40-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2022 թվականի դեկտեմբերի 26-ի ՍԴՈ-1675 որոշմամբ (հրապարակվել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին) որոշել է.

«1. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 40-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ամուսնու կարգավիճակը վարչական դատավարությունում հայցվորի համար ինքնին «շահագրգիռ անձի» անփոփոխ կարգավիճակ չի երաշխավորում, եթե գործի փաստական հանգամանքները կամ կիրառելի իրավունքը բացառում է այն (…)»:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի ՍԴՈ-1675 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ իմ հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է մասնակցել քվեարկությանը և քվեարկել կողմ կամ դեմ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը։ Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-4-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցերով որոշում կամ եզրակացություն ընդունելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորը կարող է ներկայացնել հատուկ կարծիք որոշման կամ եզրակացության ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որն անհապաղ հրապարակվում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև հրապարակվում է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով և Սահմանադրական դատարանի տեղեկագրում:

Վերոգրյալ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։

Հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ օրենքով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով պայմանավորված՝ ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։

 

1. Հայաստանի Հանրապետությունում 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում ներդրվեց անհատական սահմանադրական դիմումի (գանգատի) ինստիտուտը, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար ապահովեց սահմանադրական արդարադատության անմիջական հասանելիություն։ Նշված ինստիտուտը Սահմանադրությունում տեղ գտավ նաև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Միաժամանակ ներկայումս Սահմանադրական դատարան դիմում (գանգատ) ներկայացնելու իրավունքի իրականացման և դրա հիման վրա գործի քննության կանոնները սահմանված են Սահմանադրությամբ (168-րդ և 169-րդ հոդվածներ) և դրա հիման վրա ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Հետևաբար վերոնշյալ իրավունքն անձի կողմից չի կարող իրականացվել ցանկացած միջոցի և ընթացակարգի ընտրությամբ, այլ այն կարող է իրականացվել բացառապես Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված կարգավորումների շրջանակում։

Այսպես՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Վերոգրյալից հետևում է, որ անհատական սահմանադրական դիմումով անձը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է կոնկրետ գործով դատարանի վերջնական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարց, և դիմումի առարկան ուրվագծում է այն սահմանները, որոնք պետք է պահպանի Սահմանադրական դատարանը նման դիմումի հիման վրա գործը քննելիս։ Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդված), ուստի չպետք է դուրս գա դիմումի առարկայի շրջանակից։ Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը, իմ գնահատմամբ, իրավասու չէ դիմողի փոխարեն բարձրացնել և անհատական դիմումի հիման վրա գործի շրջանակում քննարկման առարկա դարձնել այնպիսի հարց, որը դիմողի կողմից չի ներկայացվել։

Միաժամանակ ելնելով Սահմանադրական դատարանի՝ որպես Սահմանադրության գերակայությունն ապահովող մարմնի լիազորությունների սահմանադրաիրավական բովանդակությունից՝ հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարանի որոշումների կառուցվածքային և բովանդակային առանձնահատկություններին։

Սահմանադրական դատարանը 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, որպես կանոն, բովանդակում են տվյալ գործի լուծման հիմքում դրված իրավական այնպիսի չափորոշիչներ, որոնք վերաբերում են.

- ՀՀ Սահմանադրության նորմերի, միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների, օրենքների, ինչպես նաև օրենսդրության այլ ակտերի (ՀՀ Սահմ. 100-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր) սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը, դրանց սահմանադրական արժեբանությունից բխող ընկալմանն ու կիրառմանը, մարդու սահմանադրական իրավունքների անմիջական գործողության երաշխավորմանը, այդ ամենի արդյունքում՝ վիճարկվող նորմի (իրավական ակտի) սահմանադրականությունը գնահատելուն,

- իրավակիրառական (այդ թվում՝ արդարադատական) պրակտիկան գնահատելուն և այդ պրակտիկայում ՀՀ Սահմանադրության նորմերը, օրենքները և իրավական այլ ակտերն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան կիրառելու անհրաժեշտությանը,

- սահմանադրաիրավական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանն ու փաստերին գնահատական տալուն» (2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշում)։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի որոշումը պետք է բովանդակի ոչ միայն որոշման ձևակերպումը (օրինակ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերի դեպքում՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ եզրահանգումը և այլն), այլև դատարանի ընդունած որոշումը հիմնավորող իրավական դիրքորոշումները, այդ թվում՝ այն փաստարկները, որոնք հաստատում կամ հերքում են կողմերի պնդումները։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանի որոշման կառուցվածքային մաս կազմող պատճառաբանական և եզրափակիչ մասերը սերտորեն փոխկապված են՝ ապահովելով Սահմանադրական դատարանի որոշման համանման ընկալումն իր համակարգային ամբողջականության մեջ։

Իմ գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասը պետք է բովանդակի Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը` Սահմանադրության համապատասխան նորմի մեկնաբանության և տվյալ գործով վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրական բովանդակության բացահայտման համատեքստում, իսկ վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կատարած եզրահանգումը պետք է անմիջականորեն բխի Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում ներկայացված վերլուծություններից և արտահայտված դիրքորոշումներից։

 

2. Տվյալ դեպքում Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով դիմողը խնդրել է Սահմանադրության 31-րդ, 35-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին, այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 40-րդ հոդվածն «այնքանով, որքանով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված ամուսնությունը և ամուսինների՝ որպես ամուսիններ, իրավունքները և պարտականությունները դադարած է համարում միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվելու պահից»։

Վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը նշել է հետևյալը.

- Օրենսգրքի 33-րդ և 40-րդ հոդվածների հակասականությունն իրավական որոշակիության խնդիրներ է առաջացրել իրավակիրառ պրակտիկայում։ Մի կողմից առկա է լինում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որի համաձայն ամուսնությունը լուծված է, իսկ մյուս կողմից ամուսնությունը դադարած է համարվում գրանցվելու պահից.

- վիճարկվող դրույթը բավարար չափով որոշակի չէ, հնարավորություն չի տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին, քանի որ հստակ չէ, թե որ պահից են դադարում ամուսինների միջև իրավահարաբերությունները.

- իրավակիրառ պրակտիկայում առկա են վիճարկվող դրույթի տարաբնույթ մեկնաբանություններ, մասնավորապես, թիվ ԳԴ4/0356/02/09 գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ արտահայտվել է իրավական դիրքորոշում առ այն, որ ամուսնությունը դադարած է համարվում ամուսնալուծության մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից, իսկ թիվ ՎԴ/12439/05/17 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտվել է հակասական դիրքորոշում, համաձայն որի՝ ամուսնությունը դադարած է համարվում ամուսնալուծության մասին վճիռը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվելու պահից.

- իրավակիրառ պրակտիկայի կողմից վիճարկվող դրույթին հաղորդված բովանդակությունը հանգեցնում է սեփականության իրավունքի խախտման։

Փաստորեն, Սահմանադրական դատարանում գործի քննության առիթ հանդիսացած դիմումով դիմողը բարձրացնում է վիճարկվող դրույթում իրավական անորոշության խնդիր, որը դրսևորվում է նրանում, որ պարզ չէ, թե որ պահից են դադարում ամուսինների միջև իրավահարաբերությունները՝ դատարանի՝ ամուսնալուծության վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, թե՞ ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվելու պահից, ինչն էլ, ըստ դիմողի, հանգեցնում է նաև սեփականության իրավունքի խախտման։

Մինչդեռ իմ գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանը քննարկման առարկա է դարձրել ոչ թե դիմումով բարձրացված հարցը, այլ այնպիսի հարց, որի վերաբերյալ նշում դիմումը չի պարունակում։ Այսպես՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1675 որոշումը կառուցված է բացառապես վարչական դատավարությունում «շահագրգիռ անձ» հասկացության քննարկման վրա, որը ոչ թե վիճարկվող դրույթի կարգավորման տիրույթում է գտնվում, այլ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանը, ըստ էության, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համապատասխան դրույթին (ընդ որում, հիմնականում ընդամենը վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներ), որոշման եզրափակիչ մասում եզրահանգում է կատարել Օրենսգրքի 40-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։ Ընդ որում, Սահմանադրական դատարանի որոշումը չի պարունակում որևէ իրավական դիրքորոշում՝ վիճարկվող դրույթի՝ Օրենսգրքի 40-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության և Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հարցի վերաբերյալ, ուստի պարզ չէ, թե Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը չբացահայտելու արդյունքում ինչի հիման վրա է եկել եզրահանգման վիճարկվող դրույթի սահմանադրականության վերաբերյալ։

Այսինքն՝ Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասից կարելի է եզրակացնել, որ Սահմանադրական դատարանը կարևորություն է տվել սույն գործի քննության առարկա չհանդիսացող, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով կարգավորվող հարցին՝ պատճառաբանական մասում քննարկելով «շահագրգիռ անձ» հասկացությունը։ Հետևաբար Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1675 որոշումից պարզ չէ, թե որն է Օրենսգրքի 40-րդ հոդվածին Սահմանադրական դատարանի տված մեկնաբանության և Սահմանադրության 60-րդ հոդվածի կապը, այսինքն՝ ինչի հիման վրա է Սահմանադրական դատարանը եկել այն եզրահանգման, որ Օրենսգրքի 40-րդ հոդվածն ունի այն սահմանադրաիրավական բովանդակությունը, համաձայն որի՝ ամուսնու կարգավիճակը վարչական դատավարությունում հայցվորի համար ինքնին «շահագրգիռ անձի» անփոփոխ կարգավիճակ չի երաշխավորում, եթե գործի փաստական հանգամանքները կամ կիրառելի իրավունքը բացառում է այն, այն դեպքում, երբ որոշմամբ, ըստ էության, անդրադարձ չի կատարվում վիճարկվող դրույթին և դիմողի կողմից բարձրացված հարցին։

Բացի այդ, հարկ եմ համարում նշել, որ թեև Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասը չի բովանդակում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի վերաբերյալ որևէ եզրահանգում, այդուհանդերձ, հաշվի առնելով նշված դրույթի՝ Սահմանադրական դատարանի որոշման առանցքում լինելու հանգամանքը՝ կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը քողարկված ձևով վերաբերում է հենց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածին։

Միաժամանակ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումների բովանդակությանը՝ կարծում եմ, որ նորմի նման՝ սահմանադրական կարգավորումների հետ չկապված, դրանցից կտրված մեկնաբանում կատարելով՝ Սահմանադրական դատարանը տվյալ դեպքում ստանձնել է մասնագիտացված՝ վարչական դատարանի գործառույթ, ինչի իրավասությունը Սահմանադրական դատարանը չունի: Իմ կարծիքով՝ Սահմանադրական դատարանի կողմից նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման հիմքում պետք է ընկած լինեն սահմանադրական կարգավորումներ և դրանց վերաբերյալ վերլուծություններ (որոնցից կբխի նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը), որպիսիք տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1675 որոշման մեջ առկա չեն։

Միաժամանակ հարկ եմ համարում անդրադառնալ նաև Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի վերլուծությանը վիճարկվող իրավանորմի հետ համակարգային առումով փոխկապակցված լինելու հարցի տեսանկյունից։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա» վերտառությամբ 69-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են նույն օրենքի 68-րդ հոդվածի 7-20-րդ մասերի կանոնները:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ որևէ նորմատիվ իրավական ակտի uահմանադրականությունը որոշելիu Սահմանադրական դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների uահմանադրականությունը։ Հավաuտիանալով վիճարկվող դրույթների հետ փոխկապակցված տվյալ նորմատիվ իրավական ակտի այլ դրույթների՝ Uահմանադրությանը հակաuելու մեջ՝ Սահմանադրական դատարանը կարող է Uահմանադրությանը հակաuող և անվավեր ճանաչել նաև այդ դրույթները։

Միաժամանակ նույն օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նշվում է, որ Uահմանադրական դատարանի որոշումը կամ եզրակացությունը, կախված գործի բնույթից, ի թիվս այլնի, պարունակում է նաև որոշման կամ եզրակացության ձևակերպումը՝ նույն oրենքով նախատեuված դեպքերում նշելով նաև անվավեր ճանաչված իրավական ակտի կամ դրա դրույթների հետ փոխկապակցված այլ դրույթների անվավերության մաuին։

Վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ վիճարկվող դրույթի uահմանադրականությունը որոշելիu Սահմանադրական դատարանի կողմից պարզման ենթակա կարող է լինել բացառապես տվյալ նորմատիվ իրավական ակտի այլ դրույթների uահմանադրականությունը, որոնք համակարգային առումով փոխկապակցված են այդ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթների հետ։

Փաստորեն, տվյալ դեպքում Սահմանադրական դատարանն իրավասու չէր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածին անդրադառնալ նույնիսկ վիճարկվող դրույթի՝ Օրենսգրքի 40-րդ հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցվածության հիմքով, քանի որ նշված դրույթը ներառված է ոչ թե Օրենսգրքում, այլ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում։

 

3. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ոչ թե ամբողջական, այլ՝ նորմատիվ սահմանադրական գանգատի ինստիտուտը, ինչը, մասնավորապես, ենթադրում է, որ թեև սահմանադրական գանգատը կապված է կոնկրետ գործի հետ, սակայն այն կարող է միայն վերաբերել դատական ակտի հիմքում ընկած նորմատիվ իրավական ակտի, և ոչ թե դատական ակտի սահմանադրականությանը։ Հետևաբար անձը չի կարող Սահմանադրական դատարանի առջև բարձրացնել, իսկ վերջինս էլ իրավասու չէ անդրադառնալ նորմատիվ իրավական ակտի կիրառման իրավաչափության հարցին1։

Վերոգրյալով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանում ենթակա չեն քննության նաև անհատական այն դիմումները, որոնք կապված են ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են դրանց կիրառման իրավաչափության հարցին, նույնիսկ եթե դիմողը Սահմանադրական դատարանին ըստ ձևի ներկայացնում է վիճարկվող դրույթները՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու խնդրանք2։ Ընդ որում, Սահմանադրական դատարանն իր հերթին կրում է պարտականություն՝ չանդրադառնալու վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարցին։

Նման պայմաններում Սահմանադրական դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման դեպքում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ՝ դառնալով Վճռաբեկ դատարանի վերադաս՝ չորրորդ դատական ատյան, ինչը ոչ միայն չի բխում Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում ներառված դատարանների գործառույթների տարանջատումը։

Տվյալ դեպքում ՍԴՈ-1675 որոշմամբ «(…) Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համար[ել] անդրադառնալ վիճարկվող նորմի ստացած մեկնաբանության արդյունքում Դիմողի սեփականության իրավունքի սահմանափակմանը հանգեցրած միջամտությանը վերաբերող վարչական դատավարությունում հայցվորի՝ «շահագրգիռ անձի» կարգավիճակի հարցին»։ Մինչդեռ կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը, անհատական դիմումի հիման վրա գործի շրջանակում իրավասու է անդրադառնալ բացառապես նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցին, իսկ այն հարցի քննարկումը, թե արդյոք կոնկրետ գործով հայցվորը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իմաստով շահագրգիռ անձ է, թե՝ ոչ, եռաստիճան դատական համակարգի իրավասությունների տիրույթում է։

Հետևաբար, սույն գործով կայացված որոշմամբ Սահմանադրական դատարանը, շեղվելով դիմումի շրջանակից, ըստ էության քննարկման առարկա է դարձրել Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման իրավաչափության հարցը, որպիսի լիազորությամբ օժտված չէ (ընդ որում, սույն դիրքորոշումը ներկայացնում եմ անկախ Վճռաբեկ դատարանի կողմից սույն դիմումի հիմքում դրված վարչական գործով արտահայտված իրավական դիրքորոշումների և վեճին տրված լուծման առնչությամբ իմ դիրքորոշման)։

4. Միաժամանակ անդրադառնալով սույն գործով ներկայացված դիմումին՝ գտնում եմ, որ սույն գործի վարույթը՝ Օրենսգրքի 40-րդ հոդվածի մասով ևս3, ենթակա էր կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր։ Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում, իսկ նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում՝ հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողը բարձրացնում է Օրենսգրքի 40-րդ հոդվածի սահմանադրականության հարց՝ նշելով, որ հստակ չէ, թե որ պահից են դադարում ամուսինների միջև իրավահարաբերությունները։ Մինչդեռ Օրենսգրքի՝ «Ամուսնությունը դադարելու ժամանակը» վերտառությամբ 40-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում էր, որ ամուսնությունը դադարած է համարվում ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվելու պահից:

Նման պայմաններում գտնում եմ, որ վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող իրավադրույթի և դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, հետևաբար գործի վարույթը՝ Օրենսգրքի 40-րդ հոդվածի մասով ևս, ենթակա էր կարճման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով:

 

5. Ամփոփելով սույն հատուկ կարծիքում ներկայացված դիրքորոշումները՝ կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1675 որոշման պատճառաբանությունները, ըստ էության, չեն վերաբերում անհատական դիմումով վիճարկվող դրույթին, ավելին, դիմողի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի սահմանադրականության հարց բարձրացված չլինելու պայմաններում Սահմանադրական դատարանը, դուրս գալով դիմումի շրջանակից, ըստ էության անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով «շահագրգիռ անձ» հասկացությանը, որն անհատական դիմումով վիճարկվող դրույթի կարգավորման առարկայից դուրս է, և ներառված է ոչ թե Օրենսգրքում, այլ՝ մեկ այլ իրավական ակտում։ Ավելին, Սահմանադրական դատարանը, ըստ էության, քննարկել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի կիրառման իրավաչափության հարցը՝ գնահատական տալով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման իրավաչափությանը, որպիսի իրավասություն Սահմանադրական դատարանին տրված չէ։

Միաժամանակ գտնում եմ, որ սույն գործը չէր կարող քննության ընդունվել և ըստ էության որոշում կայացվել, քանի որ դիմումը՝ Օրենսգրքի 40-րդ հոդվածի մասով, ակնհայտ անհիմն էր, ուստի սույն գործի վարույթը ենթակա էր կարճման նաև այդ դրույթի մասով։

 

______________________

1 Առավել մանրամասն՝ տե՛ս, օրինակ, European Commission for Democracy through Law (Venice Commission), Revised report on individual access to constitutional justice, CDL-AD(2021)001, 22.02.2021:

2 Տե՛ս, օրինակ, Սահմանադրական դատարանի 22.11.2011 թվականի ՍԴՈ-998, 19.05.2015 թվականի ՍԴՈ-1205, 11.04.2017 թվականի ՍԴՈ-1361 որոշումները, 17.03.2009 թվականի ՍԴԱՈ-21, 22.02.2019 թվականի ՍԴԱՈ-17 աշխատակարգային որոշումները։

3 Սահմանադրական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-211 աշխատակարգային որոշմամբ «Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա՝ Օրենսգրքի 33 և 40-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասնակի՝ Օրենսգրքի 33-րդ հոդվածի մասով, կարճվել է։

 

ԴԱՏԱՎՈՐ`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ


5 հունվարի 2023 թ.

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2023 թվական: