Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-61
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.01.2004-01.01.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.06.23/14(112)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.06.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.06.2000
Дата вступления в силу
01.07.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2000 թվականի հունիսի 5-ին

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է պարզեցված հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափը, հաշվարկման և վճարման կարգը:

 

Հոդված 2. Պարզեցված հարկի հասկացությունը

 

1. Պարզեցված հարկը օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում ձեռնարկատիրական գործունեության համար պետական բյուջե վճարվող` ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հարկ է:

2. Առևտրային կազմակերպությունների համար պարզեցված հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին:

3. Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար պարզեցված հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) եկամտահարկին:

(2-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-284, լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն)

 

Հոդված 3. Հարկային արտոնությունների կասեցումը

 

Պարզեցված հարկ վճարողների համար սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են ԱԱՀ-ի և շահութահարկի (եկամտահարկի) գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հարկվող շահույթը կամ եկամուտը որոշելիս հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները և ԱԱՀ վճարող համարվելու համար օրենքով սահմանված չափը:

 

Հոդված 4. Պարզեցված հարկ վճարողները

 

1. Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հայտարարագիր ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները բավարարող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների:

2. Պարզեցված հարկ վճարողներ կարող են համարվել անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 50 մլն դրամը: Սույն կետում նշված սահմանափակումը չի տարածվում նոտարական գործունեության վրա:

3. Պարզեցված հարկ վճարողներ չեն կարող համարվել`

ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձինք` գործունեության այդ մասով.

բ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները.

գ) անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնց համար ավելացված արժեքի հարկը վճարված չի եղել ներմուծման պահին` գերազանցում է մեկ մլն դրամը.

դ) տվյալ տարվա հունվարի 1-ին 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը) ունեցող անձինք.

ե) բանկերը, գրավատները, վարկային կամ ապահովագրական կազմակերպությունները, ներդրումային հիմնադրամները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, իրավունքի, հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառի գործունեություն, առևտրային գործունեության և կառավարման հարցերով խորհրդատվություն իրականացնողները (բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների).

զ) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ.

է) գյուղատնտեսական արտադրանք արտադրողները:

4. Անկախ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) պետական գրանցում ստանալու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք պետական գրանցման օրվանից մեկամսյա ժամկետում (բայց ոչ ուշ, քան պետական գրանցման եռամսյակի վերջին օրը) իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետով նախատեսված գրավոր հայտարարագիրը:

41. Անկախ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի պաշտոնում նշանակված անձինք (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչև նոտարի պաշտոնում նշանակվելու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ` նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-131, փոփ., խմբ., լրաց. 14.12.01 ՀՕ-284, փոփ., լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն, փոփ., լրաց., խմբ. 11.12.02 ՀՕ-483-Ն, լրաց., փոփ. 25.12.03 ՀՕ-61-Ն)

 

Հոդված 5. Պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիր ներկայացնելը

 

1. Սույն օրենքի 4 հոդվածով սահմանված պայմաններին բավարարող պարզեցված հարկ վճարողներն այդպիսիք համարվելու համար իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով հայտարարագիր: Այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով:

2. Տվյալ տարում հարկ վճարող համարվելու համար հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում հունվարի 1-ից 25-ը ներառյալ:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-284)

(5-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-284, լրաց. 25.12.03 ՀՕ-61-Ն)

 

Հոդված 6. Հարկի գործողության դադարումը

 

1. Պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե նա`

ա) գրավոր դիմում է ներկայացրել իր հաշվառման վայրի հարկային մարմին` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգի անցնելու վերաբերյալ.

բ) պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում թույլ է տվել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին վերաբերող` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1707, 1708, 1709 կամ 17012 հոդվածների մեկից ավելի խախտման դեպքեր.

գ) գերազանցում է սույն օրենքի 4 հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետում նշված` ժամկետանց հարկային պարտավորությունների սահմանաչափը.

դ) իրականացնում է սույն օրենքի 4 հոդվածի 3-րդ կետի «բ» կամ «ե» ենթակետերով նախատեսված գործունեություն (բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների).

ե) եռամսյակի ընթացքում իր կողմից Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց համար ավելացված արժեքի հարկը վճարված չի եղել ներմուծման պահին` գերազանցում է 250 հազար դրամը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին նշված ենթակետերով սահմանված փաստը տեղի ունենալու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ից, իսկ «դ» և «ե» ենթակետերում նշված դեպքերում` դրանցում նշված փաստը տեղի ունենալու պահից:

(6-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-131, լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-61-Ն)

 

Հոդված 7. Հարկվող օբյեկտը

 

1. Հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պարզեցված հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը:

Վարձակալության և փոխառության գործարքներ իրականացնելու դեպքում պարզեցված հարկ վճարող հանդիսացող վարձատուի և փոխատուի իրացման շրջանառություն է համարվում այդ գործարքների համար նախատեսված հատուցումը` վարձավճարները և տոկոսները: Իրացման շրջանառությունը ներառում է նաև ռոյալթիները:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-284)

(7-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-284, լրաց. 11.12.02 ՀՕ-483-Ն)

 

Հոդված 8. Հարկի դրույքաչափերը և հաշվարկումը

 

1. Ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով հարկը հաշվարկվում է իրացման շրջանառության նկատմամբ 3.5 տոկոս դրույքաչափով, իսկ վարձակալության դեպքում` իրացման շրջանառության նկատմամբ 10 տոկոս դրույքաչափով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում չնշված գործունեության մասով պարզեցված հարկ վճարողները ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկում են իրացման շրջանառության նկատմամբ հետևյալ դրույքաչափերով`

ա) մինչև 30 մլն դրամ գումարի նկատմամբ` 7 տոկոս.

բ) 30 մլն դրամը գերազանցող գումարի նկատմամբ` 12 տոկոս.

գ) նոտարական գործունեության մասով` 20 տոկոս:

3. Հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:

4. Հարկ վճարողները պարզեցված հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով սույն օրենքի 9 հոդվածով սահմանված դրույթները:

5. Հարկի ընդհանուր գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոս:

(8-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-131, փոփ. 14.12.01 ՀՕ-284, լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն, խմբ., փոփ. 11.12.02 ՀՕ-483-Ն)

 

Հոդված 9. Պարզեցված հարկի գումարի նվազեցումը

 

1. Բացառությամբ խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնողների, հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված պարզեցված հարկի գումարը նվազեցվում է տվյալ ժամանակաշրջանում ձեռք բերված` գործունեության իրականացումն ապահովելու նպատակով ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատանքի վարձատրության համար կատարված` փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` անուղղակի հարկերը)` 5 տոկոսը կազմող գումարի չափով:

2. Եթե սույն հոդվածի համաձայն նվազեցումներից հետո պարզեցված հարկի գումարը տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար կազմում է իրացման շրջանառության 3,5 տոկոսից պակաս, ապա պարզեցված հարկը վճարվում է 3.5 տոկոս դրույքաչափով, իսկ հարկի գումարի չնվազեցված մասը նվազեցվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված հարկի գումարից:

(9-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-284, 11.12.02 ՀՕ-483-Ն)

 

Հոդված 10. Համախառն եկամտի և ծախսերի հաշվառման եղանակը

 

Հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով (հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է համապատասխանաբար ելնելով իր կողմից եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից):

 

Հոդված 11. Հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները

 

Պարզեցված հարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հարկի հաշվարկը:

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար պարզեցված հարկի ներկայացված հաշվարկներում հարկ վճարողի կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում հարկ վճարողը կարող է իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված ձևով ճշգրտված հաշվարկներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

(11-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-284)

 

Հոդված 12. Պարզեցված հարկի վճարման կարգը և ժամկետները

 

1. Պարզեցված հարկ վճարողները հարկի գումարը պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:

2. Հարկ վճարողներն այդ գործունեության մասով շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարներ չեն կատարում:

 

Հոդված 13. Պարզեցված հարկ վճարողների կողմից այլ հարկերի վճարումը

 

1. Պարզեցված հարկ վճարողների համար պահպանվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում գույքահարկի, հողի հարկի վճարման, աշխատավարձին և դրան հավասարեցված եկամուտներից հարկերի հաշվարկման, գանձման և վճարման (այդ թվում` որպես հարկային գործակալ), մաքսային սահմանում գանձվող ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում այլ պարտադիր վճարների հաշվարկման և վճարման կարգը:

2. Պարզեցված հարկ վճարողները ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարած (ինչպես նաև ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում վճարած) ԱԱՀ-ի գումարները միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման արժեքին (ծախսերին):

3. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով պարզեցված հարկ վճարողներն ազատվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:

Նոտարները կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին իրենց մատուցած ծառայությունների դիմաց ստացած եկամուտների մասով ազատվում են աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից:

Նոտարների վրա, իրենց գործունեությունն ապահովելու նպատակով ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասով, տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով սահմանված դրույթները:

4. Բացառությամբ սույն օրենքի 15 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի, անհատ ձեռնարկատեր պարզեցված հարկ վճարողները հարկային մարմիններին «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն եկամտահարկի հայտարարագրում չեն ներառում հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում այդ հարկով հարկված` ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտները, ինչպես նաև դրանց ստացման հետ կապված ծախսերը:

5. Հարկ վճարողները իրենց կողմից որպես գործատու և վարձու աշխատողների համար որպես գործակալ վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով վճարում են հաստատագրված վճար` յուրաքանչյուր վարձու աշխատողի (անհատ ձեռնարկատիրոջ) համար ամսական 6 հազար դրամի չափով, որը փոխարինում է նրանց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների համար օրենքով սահմանված կարգով և չափով վճարվող վճարներին:

(13-րդ հոդվածը լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն)

 

Հոդված 14. Պարզեցված հարկ վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը

 

1. Պարզեցված հարկ վճարողներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Պարզեցված հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում), այդ թվում` նաև հայտարարագրի ներկայացման համար սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամանակահատվածում:

(14-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-284)

 

Հոդված 15. Հարկման ընդհանուր կարգից պարզեցված հարկով հարկման և պարզեցված հարկով հարկումից հարկման ընդհանուր կարգին անցումը

 

1. Պարզեցված հարկ վճարող դարձած անձինք որպես այդպիսիք դառնալու պահին նախորդող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, ինչպես նաև մաքսային մարմիններին վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի գումարների մնացորդը միացնում են ծախսերին:

2. ԱԱՀ-ով հարկման ընդհանուր կարգի անցնելու պահից իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից չեն հաշվանցվում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

3. Պարզեցված հարկման կարգից սույն հարկման ընդհանուր կարգին անցնելիս հարկ վճարողները շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարները հաշվարկում են շահութահարկի (եկամտահարկի) և (կամ) պարզեցված հարկի գումարում ներառված շահութահարկի (եկամտահարկի)` սույն օրենքի 8 հոդվածով որոշվող համամասնությամբ որոշվող հարկի գումարի հիման վրա` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

4. Սույն օրենքի 6 հոդվածի 2-րդ կետի համաձայն պարզեցված հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում հարկ վճարողները շահութահարկը (եկամտահարկը), այդ թվում` կանխավճարները և ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

5. Եթե անձը տվյալ տարվա մի մասի ընթացքում համարվել է պարզեցված հարկ վճարող, ապա հարկման ընդհանուր կարգին անցնելիս շահութահարկի (եկամտահարկի) դրույքաչափը որոշվում է տվյալ տարում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում հաշվարկված հարկի գումարի կազմում շահութահարկի (եկամտահարկի) սույն օրենքի 8 հոդվածով որոշվող համամասնությամբ որոշվող հարկի գումարին համապատասխանող հաշվարկային շահույթի (եկամտի)` «Շահութահարկի մասին» կամ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված սանդղակներով:

6. Հարկ վճարողը նախորդ տարիների ընթացքում ստացած վնասը կարող է նվազեցնել պարզեցված հարկով հարկման դադարեցման պահից (հարկման ընդհանուր կարգին անցնելուց) հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից: Պարզեցված հարկով հարկման ժամանակաշրջանում ստացած վնասը ենթակա չէ նվազեցման:

7. Պարզեցված հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս ստացվող եկամուտներից չեն նվազեցվում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում հարկ վճարողների ձեռք բերած ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատանքի վարձատրության համար կատարած` փաստաթղթերով հիմնավորված այն ծախսերը, որոնց համար սույն օրենքի 9 հոդվածի համաձայն իրականացվել է հարկի գումարի նվազեցում:

8. Պարզեցված հարկ վճարողները վարում են եկամուտների և ծախսերի հաշվառում, ինչպես նաև հարկային օրենսդրությանն առնչվող գրանցումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

9. Պարզեցված հարկ վճարողները սույն օրենքով սահմանված հաշվառումից բացի կարող են հարկման նպատակով այլ հաշվառում չվարել:

(15-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-131, 14.12.01 ՀՕ-284)

 

Հոդված 16. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքը խախտելու համար հարկ վճարողները պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

2. Պարզեցված հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում կատարելու դեպքում տվյալ եռամսյակի համար հարկը վճարելու ժամկետում բյուջե են վճարում հաշվարկային փաստաթղթերում առանձին նշված ԱԱՀ-ի գումարը, առանց այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար մատակարարներին վճարած ԱԱՀ-ի գումարների նվազեցման:

3. Պարզեցված հարկ վճարողները սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետով նախատեսվող հայտարարագրի մեջ սույն օրենքի 4 հոդվածի`

ա) 2-րդ կետով նախատեսվող սահմանաչափի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափը գերազանցող մասի 20 տոկոսի չափով.

բ) 3-րդ կետի «բ» և «ե» ենթակետերով նախատեսվող գործունեություն չիրականացնելու վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` 100 հազար դրամի չափով,

գ) 3-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված` մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ներմուծված և չիրացված ապրանքների վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափի նկատմամբ ներմուծման փաստացի ծավալը գերազանցող մասի 50 տոկոսի չափով:

31. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումները թույլ տված հարկ վճարողները պարզեցված հարկ վճարող համարվելու համար օրենքով սահմանված այլ պահանջները բավարարելու դեպքում շարունակում են մնալ պարզեցված հարկ վճարող` մինչև տվյալ տարվա վերջը:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-483-Ն)

5. Հարկվող օբյեկտը (իրացման շրջանառությունը) թաքցնելու կամ պակաս ցույց տալու կամ փաստաթղթերով հիմնավորված ծախսերն ավել ցույց տալու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված պարզեցված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:

(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.12.02 ՀՕ-483-Ն, լրաց., խմբ. 25.12.03 ՀՕ-61-Ն)

 

Հոդված 17. Օրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, իսկ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներին վերաբերող մասով` նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ:

 

Հոդված 18. Անցումային դրույթներ

 

(18-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-284)

 

Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
19 հունիսի 2000 թ.
ՀՕ-61