Գլխավոր տեղեկություն
Номер
N 984-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.09.09/58(1147) Հոդ.828
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.08.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.09.2015
Дата вступления в силу
19.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


31 օգոստոսի 2015 թվականի N 984-Ն

 

ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 958-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 10.11.22 N 1740-Ն)

 

Ի կատարումն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) բնաիրային օգնության տրամադրման կարգը, պայմանները և չափորոշիչները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) սննդի կազմակերպման ծառայության մատուցման աջակցության քարտի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։

(1-ին կետը խմբ. 10.11.22 N 1740-Ն)

1.1. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի IV գլխով սահմանված սննդի կազմակերպման ծառայությունների մատուցումն իրականացվում է սույն որոշման N 2 հավելվածով սահմանված աջակցության քարտի տրամադրման միջոցով, որով տրամադրվող գումարի չափը հաշվարկվում է հիմք ընդունելով սույն որոշման N 1 հավելվածի 16-րդ և 30-րդ կետերի չափորոշիչները՝ 1 շահառուի համար՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի շրջանակում։

(1.1-ին կետը լրաց. 10.11.22 N 1740-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Բնաիրային օգնության տրամադրման կարգը սահմանելու մասին» N 958-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 2
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 31-ի N 984-Ն որոշման

(գլխագիրը փոփ. 10.11.22 N 1740-Ն)

 

ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 10.11.22 N 1740-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների (այսուհետ՝ տարածքային կենտրոն) միջոցով միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից որպես մարդասիրական օգնություն կամ բարեգործություն հատկացված բնաիրային օգնության (այսուհետ` բնաիրային օգնություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

2. Սույն իրավական ակտի դրույթները չեն տարածվում այլ իրավական ակտերով կարգավորվող բնաիրային օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա:

3. Բնաիրային օգնությունը տրամադրվում է անձին (ընտանիքին, այլ սոցիալական խմբի)` հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու (կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու և (կամ) հաղթահարելու) նպատակով:

4. Բնաիրային օգնությունը տրամադրվում է սննդի կազմակերպման, հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, հատուկ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով:

5. Տարածքային կենտրոնը՝

1) բնաիրային օգնության տրամադրման ժամանակ համագործակցում է աջակցող ցանցի հետ.

2) սոցիալական դեպքի վարման շրջանակներում անձին ուղղորդում է աջակցող ցանցի համապատասխան մասնակցի մոտ` վերջինիս կողմից իրականացվող բնաիրային օգնության տրամադրման ծրագրում ընդգրկման նպատակով՝ բացառությամբ սննդի կազմակերպման ծառայության մատուցման.

2.1) սոցիալական դեպքի վարման շրջանակներում սննդի կազմակերպում հայցող անձին ուղեգրում է (տրամադրում է ուղեգիր կամ աջակցության քարտ՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի համաձայն) սույն հավելվածի 14-րդ կետում նշված կազմակերպություն` ծառայություն մատուցելու նպատակով.

3) կարող է նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ստանալ և բաշխել բնաիրային օգնություն:

(5-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն, լրաց. 10.11.22 N 1740-Ն)

6. Յուրաքանչյուր բնաիրային օգնության՝ բացառությամբ սննդի կազմակերպման ծառայության ձևի, տրամադրման համար հաստատվում է բնաիրային օգնության ծրագիր` գործընթացն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ՝ բացառությամբ սույն իրավական ակտի 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի: Սննդի կազմակերպման ծառայությունը (տաք ճաշ` առաջին և երկրորդ կերակրատեսակով, կամ չոր մթերաբաժնի ձևով) իրականացվում է ճաշարանների կողմից։

(6-րդ կետը լրաց. 10.11.22 N 1740-Ն)

 

II. ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

7. Բնաիրային օգնության ծրագիրը (այսուհետ` ծրագիր) պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները`

1) ծրագրի անվանումը և նպատակները.

2) բնաիրային օգնություն հատկացրած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը (համաձայնությամբ).

3) ծրագրի իրականացման մյուս մասնակից և պատասխանատու կազմակերպությունների անվանումները.

4) ծրագրի իրականացման վայրը (մարզ, համայնք, բնակավայր).

5) մեկ բաժին բնաիրային օգնության նկարագիրը (տեսականին, չափի միավորը, մեկ չափաբաժնի պարունակությունը և այլն).

6) բնաիրային օգնության ծրագրի ընդհանուր ծավալը (չափաբաժինների թիվը).

7) շահառուների թիվը և տրամադրման հիմքը.

8) ծրագրի իրականացման ժամկետները` սկիզբը և ավարտը:

8. Ծրագիրը հաստատում է՝

1) սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ծրագիրն իրականացնելիս` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը` բնաիրային օգնություն հատկացրած կազմակերպության լիազոր ներկայացուցչի կամ ֆիզիկական անձի հետ (համաձայնությամբ) համատեղ.

2) տարածքային կառավարման մարմնի և Երևանի քաղաքապետարանի հետ (համաձայնությամբ) ծրագիրն իրականացնելիս` Հայաստանի Հանրապետության մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը կամ Հայաստանի Հանրապետության մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը` բնաիրային օգնություն հատկացրած կազմակերպության լիազոր ներկայացուցչի կամ ֆիզիկական անձի հետ (համաձայնությամբ) համատեղ:

9. Սույն իրավական ակտի 8-րդ կետով նախատեսված համապատասխան մարմինը հաստատում է բնաիրային օգնության տեղափոխման, բեռնաթափման, պահեստավորման, պահպանման և բաշխման աշխատանքների իրականացման կարգը և սահմանում պատասխանատուներին:

10. Ծրագրի շահառուների հիմնական ցուցակով բաշխման աշխատանքների ավարտից հետո տարածքային կենտրոնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում` սույն իրավական ակտի 8-րդ կետով նախատեսված համապատասխան մարմին է ներկայացնում ծրագրի իրականացման մասին ամփոփ հաշվետվություն, որը պարունակում է տեղեկատվություն բնաիրային օգնության` ստացված, բաշխված և չբաշխված (մնացորդային) քանակների մասին, ինչպես նաև` բնաիրային օգնություն չստացած շահառուների ցուցակը:

(10-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)  

11. Ծրագրի ավարտից հետո չբաշխված բնաիրային օգնության տրամադրման համար շահառուների ցուցակը կազմվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված խորհրդի առաջարկությամբ` տարածքային կենտրոնի կողմից` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(11-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

III. ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Տարածքային կենտրոնը, ծրագրի իրականացման մյուս մասնակից կազմակերպությունները բնաիրային օգնության ծրագրի իրականացումից առնվազն տասն օր առաջ զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում են բնակչությանը` նշելով ծրագրի իրականացման ժամկետները, դիմելու կարգը և շահառուների շրջանակը:

(12-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

13. Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք բնաիրային օգնությունը տրամադրում են՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան:

 

IV. ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

(գլուխը լրաց. 10.11.22 N 1740-Ն)

 

14. Հայաստանի Հանրապետությունում գործող ճաշարանները (այսուհետ՝ կազմակերպություններ) սննդի կազմակերպման ծառայություն (այսուհետ՝ ծառայություն) մատուցում են՝

1) «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջներին և 7-րդ հոդվածով սահմանված սկզբունքներին համապատասխան, բացառապես տվյալ գործունեությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշմամբ լիազորված պետական մարմնի կողմից հավաստագրված լինելու դեպքում.

2) անվճար, օրական մեկ անգամ՝ ժամը 12։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, շաբաթական հինգ օր հաճախականությամբ։

15. Ծառայության շահառու կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող, քաղաքացիություն չունեցող, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող, ապաստան հայցող կամ որոշակի բնակության վայր և հաշվառում չունեցող այն տարեց, հաշմանդամություն ունեցող կամ սոցիալապես անապահով այլ անձինք, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված են և ունեն անապահովության 0-ից բարձր միավոր։

16. Կազմակերպության կողմից մատուցվող միակ ծառայությունը շահառուների համար սննդի կազմակերպումն է՝ սնունդ պատրաստելն ու սննդով ապահովելը, որի համար անհրաժեշտ են հետևյալ մասնագետները՝ 50 շահառուի հաշվարկով՝

1) կազմակերպիչ՝ 1,0 հաստիքային միավոր.

2) խոհարար` 1,0 հաստիքային միավոր.

3) մատուցող` 1,0 հաստիքային միավոր.

4) հավաքարար՝ 1,0 հաստիքային միավոր։

17. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված կազմակերպությունները ծառայություն մատուցում են սույն հավելվածի 24-րդ կետում նշված ուղեգրի կամ աջակցության քարտի հիման վրա՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքին, սույն հավելվածին և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։

18. Ծառայություն մատուցելու համար հիմք են հանդիսանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձի դիմումը, ինչպես նաև որոշակի բնակության վայր և հաշվառում ունենալու պարագայում՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալը և հետևյալ փաստաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթուղթը, սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը.

2) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող ժամանակավոր կամ մշտական կացության քարտը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ ճամփորդական փաստաթուղթը.

3) որոշակի բնակության վայր և հաշվառում չունեցող անձանց պարագայում՝ տարածքային կենտրոնի եզրակացությունը, եթե առկա չեն սույն կետի 1-ին և (կամ) 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը։

19. Ծառայություն հայցող անձն անձամբ, կամ անկողնային խնամքի կարիք, հենաշարժողական խնդիրներ ունենալու դեպքում՝ իր ներկայացուցիչը (գրավոր լիազորագրի առկայությամբ՝ առանց նոտարական վավերացման), կամ դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված լինելու դեպքում՝ իր խնամակալը գրավոր դիմումը ներկայացնում են տարածքային կենտրոն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորված պետական մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված կազմակերպությունից ծառայություն ստանալու համար։

20. Տարածքային կենտրոնը չի կարող անձից պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններում:

21. Ծառայություն հայցող անձի դիմումն ստանալուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կատարում է տնային այցելություն՝ տվյալ անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման նպատակով, որի արդյունքում կազմված արձանագրությունը՝ տվյալ անձին ծառայությունը տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին իր եզրակացության հետ միասին ներկայացնում է տարածքային կենտրոնի տնօրենին։

22. Տարածքային կենտրոնի տնօրենը, ուսումնասիրելով սոցիալական աշխատողի եզրակացությունը և սույն հավելվածի 18-րդ կետում նշված փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում` անձին ծառայությունը տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին, և ներկայացնում է միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ ՄՍԾ)։

23. ՄՍԾ-ն, տարածքային կենտրոնից ստացած որոշումների և կից փաստաթղթերի հիման վրա իրականացնում է հայցող անձանց հաշվառում՝ ըստ դիմումները ՄՍԾ ստացման ժամկետի, որից հետո, կազմակերպություններից ստանալով տեղեկություն՝ ազատ տեղերի առկայության վերաբերյալ, այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնում է հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող անձին ծառայություն տրամադրելու վերաբերյալ որոշում կայացրած տարածքային կենտրոն՝ տվյալ անձին ուղեգրելու համար, միաժամանակ տեղեկացնելով նաև կազմակերպությանը։

24. Տարածքային կենտրոնը, ՄՍԾ-ից ստանալով սույն հավելվածի 23-րդ կետում նշված տեղեկությունը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում անձին ուղեգրում է (տրամադրում է ուղեգիր կամ աջակցության քարտ՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի համաձայն)՝ համապատասխան կազմակերպություն։

25. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող և (կամ) լիազորված պետական մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված կազմակերպությունը ծառայություն մատուցում է՝ ձևակերպելով նրա ընդգրկումը համապատասխան շահառուների ցուցակում՝ տվյալ կազմակերպության ղեկավարի հրամանով:

26. Կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված պատասխանատու աշխատակիցը վարում է ծառայություն ստացողների գրանցամատյան, որը հավաստվում է շահառուների ամենօրյա ստորագրությամբ։

27. Ծառայության մատուցումը դադարեցվում է`

1) անձի գրավոր դիմումի հիման վրա.

2) անձի՝ բուժհաստատություն ընդունվելու կամ խնամքի որևէ ծառայության շահառու դառնալու դեպքում՝ բացառությամբ տնային պայմաններում խնամք ստացող այն շահառուների, որոնք ունեն անկողնային խնամքի կարիք, ինչպես նաև հատուկ (մասնագիտացված) ցերեկային կենտրոններում խնամք ստացող շահառուների.

3) անձի՝ ծառայությունից մեկ տարվա ընթացքում 30 օրացուցային օր չօգտվելու դեպքում.

4) ալկոհոլ կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած վիճակում անձի կազմակերպություն այցելելու կամ դրանք կազմակերպությունում օգտագործելու կամ կազմակերպության այլ կանոնները մեկ տարվա ընթացքում երկու անգամից ավելի խախտելու դեպքում.

5) շահառուի մահվան դեպքում.

6) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։

28. Ծառայության մատուցման դադարեցումը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի հրամանով։

29. Շահառուների համար ծառայություն մատուցելիս՝ յուրաքանչյուր օրվա ճաշացանկը կազմելու ժամանակ ընտրվում է անհրաժեշտ տեսակի և քանակի սննդամթերք՝ շաբաթվա կտրվածքով պահպանելով օրական միջին չափաբաժինը՝

 

NN

ը/կ

Սննդամթերքի անվանումը

Էներգետիկ արժեքը 100 գրամում (կկալ)

Օրական միջին չափաբաժինը (գրամներով)

1.

Հացամթերք

250

220

2.

Հատիկաընդեղեն

250

40

3.

Մակարոնեղեն

160

10

4.

Կարտոֆիլ

77

100

5.

Սոխ

40

20

6.

Բանջարեղեն և այլ կանաչեղեն

45

180

7.

Մսամթերք

240

100

8.

Կաթնամթերք

215

100

9.

Համեմունքներ

3

20

10.

Ձեթ

884

10

11.

Մրգեր

50

100:

 

30. Կազմակերպություններն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով լիազորված պետական մարմնին են ներկայացնում ձևին համապատասխան ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ։

31. ՄՍԾ-ն վարում է ծառայություն ստացող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգ։

32. Սույն հավելվածով նախատեսված դեպքերում ՄՍԾ-ի և լիազորված պետական մարմնի միջև տեղեկության փոխանակումը և փաստաթղթերի առաքումն իրականացվում է գրավոր եղանակով՝ փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու միջոցով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ առցանց եղանակով՝ սոցիալական աջակցության բնագավառի տեղեկատվական շտեմարանների միջոցով, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։

33. Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի (մատուցվող ծառայությունների) մշտադիտարկման և գնահատման կարգը և մեթոդաբանությունը հաստատված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի օգոստոսի 3-ի N 100-Ա/1 հրամանով։

34. Ծառայության մշտադիտարկումը պետք է ուղղված լինի սույն հավելվածով նախատեսված միջոցառումների արդյունավետության գնահատմանը, դրանց իրականացման ընթացքում ծագած խնդիրների հստակեցմանը և լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացմանը։

35. Ծառայության իրականացման գնահատումը պետք է հիմնվի մի քանի աղբյուրների՝ մշտադիտարկման քանակական և որակական ցուցանիշների, այլընտրանքային հետազոտությունների, պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծության, սույն հավելվածի 30-րդ կետում նշված հաշվետվությունների և կատարված ուսումնասիրությունների վրա, որոնց դրական արդյունքները հետագայում պետք է օգտագործվեն տվյալ ծառայության շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունավետության բարձրացման և հետագա զարգացումների ապահովման համար։

(հավելվածը փոփ. 25.03.21 N 396-Ն, փոփ., լրաց. 10.11.22 N 1740-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

օգոստոսի 31-ի N 984-Ն որոշման

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ

 

ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ N ______

 

1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը ___________________________________

                                                (առկայության դեպքում)

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _______________________________________

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու պարագայում՝

1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները _____________________________________

                                                          (անվանումը, սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

2) սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային
ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը _______________________

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չլինելու պարագայում՝

1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները _____________________________________

2) ժամանակավոր կամ մշտական կացության քարտը _______________________________

3) ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը ______________________________

5. Փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝

1) ճամփորդական փաստաթուղթը _______________________________________________

6. Աջակցության քարտով տրամադրվող գումարի չափը _____________________________

7. Տրամադրման ամսաթիվը _______ _____________ 20__ թ.

8. Աջակցության քարտը տրամադրողի անունը, ազգանունը _________________________

 

Ուժի մեջ է մինչև ________ _______________ 20__ թ.

_______________________________________________________________________________

(հավելվածը լրաց. 10.11.22 N 1740-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.11.2022, N 1740-Ն 01.01.2023, N 984-Ն
25.03.2021, N 396-Ն 01.04.2021, N 984-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան