Գլխավոր տեղեկություն
Номер
N 35-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.01.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 12.01.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.01.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.01.2023
Дата вступления в силу
13.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2023 թվականի N 35-Լ

 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-460-06.12.2022-ԱռՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 57-րդ կետն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«57) հսկիչ գնում՝ Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի կողմից խախտումները բացահայտելու նպատակով կատարված գնում։»։

2. Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է դրույթ առ այն, որ վերահսկողության նպատակը վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված փաստացի իրավիճակը պարզելն է, վերահսկողության ոլորտում անվտանգության և (կամ) օրենսդրության պահանջներն ապահովելը՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացվող ստուգումների, հսկիչ գնումների, ինչպես նաև վերահսկողության այլ ձևերի միջոցով:

Վերոգրյալի վերաբերյալ հարկ է նշել, որ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված են տեսչական մարմնի նպատակը և լիազորությունները, ընդ որում՝ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իր վերահսկողության ոլորտում անվտանգության և (կամ) օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է, որին համապատասխան` տեսչական մարմինն իրականացնում է օրենքով սահմանված լիազորությունները: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախագծի 2-րդ հոդվածով, ըստ էության, որևէ նոր կարգավորում չի սահմանվում, իսկ գործող օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասն իր մեջ արդեն իսկ ներառում է տեսչական մարմնի կողմից դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող բոլոր վերահսկողական գործառույթները (այդ թվում՝ և նախագծով շարադրվող հիմքերը)՝ կարծում ենք, որ նախագծի 2-րդ հոդվածի անհրաժեշտությունը բացակայում է, ուստի առաջարկում ենք այն առհասարակ հանել նախագծից:

3. Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է դրույթ առ այն, որ տեսչական մարմնի կողմից հսկիչ գնում իրականացվում է վերահսկողության ընթացքում, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև նախատեսվում են հիմքեր՝ հսկիչ գնում իրականացնելու համար, մասնավորապես՝ սահմանվում է, որ հսկիչ գնում իրականացվում է տեսչական մարմնի կողմից իրականացվող վարչական վարույթի կամ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումների ընթացքում առաջացած անհրաժեշտության հիման վրա, տեսչական մարմին ներկայացվող տեղեկատվության (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) հիման վրա, տեսչական մարմնի կողմից նախկինում իրականացված վերահսկողության արդյունքների տվյալների հիման վրա իրականացված վերլուծությունների արդյունքում, իսկ հսկիչ գնման արդյունքում տնտեսավարող սուբյեկտի մոտ բացահայտված խախտումները կարող են հիմք հանդիսանալ ստուգում իրականացնելու համար:

Վերոգրյալի վերաբերյալ հարկ է նշել, որ սահմանված ձևակերպումները բավականին լայն են և հնարավորություն են տալիս տեսչական մարմնին առհասարակ օրենքով իրեն վերապահված ցանկացած գործառույթ իրականացնելիս, ինչպես նաև տեղեկատվություն ստանալիս կատարել հսկիչ գնում, ինչը, կարծում ենք, խնդրահարույց է և գործնականում չարաշահումների տեղիք կարող է տալ: Վերոգրյալից զատ, հարկ է նշել, որ օրենքով հսկիչ գնում իրականացնելու կոնկրետ դեպքեր չեն սահմանվում, նույնը վերաբերում է նաև հսկիչ գնում իրականացնելու կարգին, մասնավորապես՝ նախագծով կառավարությունն է լիազորվում սահմանելու հսկիչ գնում իրականացնելու կարգ, ուստի նախագծով սահմանվող ձևակերպումը վերանայման կարիք ունի՝ իրավական որոշակիությունն ապահովելու նպատակով: Խնդրահարույց է նաև տեսչական մարմնի կողմից նախկինում իրականացված վերահսկողության արդյունքների տվյալների հիման վրա իրականացված վերլուծությունների արդյունքում հսկիչ գնում իրականացնելու հնարավորության սահմանումը, քանի որ սահմանվող կարգավորման արդյունքում վերլուծության ցանկացած արդյունք կարող է հիմք հանդիսանալ հսկիչ գնում իրականացնելու համար, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին:

Միաժամանակ՝ սահմանվող կարգավորումների արդյունքում ստացվում է, որ տեսչական մարմինն իրականացվող ստուգման արդյունքում կարող է իրականացնել հսկիչ գնում, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտի մոտ բացահայտված խախտումները կարող են հիմք հանդիսանալ ևս մեկ անգամ ստուգում իրականացնելու համար, ինչը հակասում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված սկզբունքներին, որոնցով արդեն իսկ հստակ նախատեսված են ստուգման հիմքերը, հաճախականությունը, ինչպես նաև օրենսդրի կողմից սահմանված են կրկնակի ստուգում և վերստուգում իրականացնելու դեպքերը:

Ամփոփելով վերոգրյալը՝ իրավական որոշակիությունն ապահովելու, գործնականում հնարավոր տարընթերցումներից և չարաշահումներից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք նախագծով սահմանել հսկիչ գնում իրականացնելու հստակ դեպքեր և հիմքեր՝ նվազագույնի հասցնելով տեսչական մարմնի կողմից հայեցողական որոշումներ կայացնելու հնարավորությունը:

Այնուամենայնիվ, նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 29․1-ին հոդվածի`

1) ամբողջ տեքստում «առողջապահության ոլորտում» բառերն առաջարկում ենք փոխարինել «դեղերի շրջանառության ոլորտում» բառերով.

2) 1-ին մասում «օրենքով սահմանված դեպքերում և կարգով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով։

4. Նախագծի 4-րդ հոդվածով օրենքի 24-րդ հոդվածում լրացվող 15-րդ մասով նախատեսվում է, որ դեղերի մեծածախ իրացման լիցենզիաները, բացի «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերի, կասեցվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 23-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված պահանջները մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում՝ երկամսյա ժամկետով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎՕ) 23-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ վարչական իրավախախտումներ կատարելու համար, ի թիվս այլնի, կարող է կիրառվել նաև «տնտեսական գործունեության կասեցում» վարչական տույժը: ՎԻՎՕ-ի 24-րդ հոդվածի համաձայն՝ տուգանային միավորը, առարկաները հատուցմամբ վերցնելը և բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրև հիմնական, այնպես էլ իբրև լրացուցիչ վարչական տույժեր. սույն օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասում թվարկված մյուս վարչական տույժերը կարող են կիրառվել միայն որպես հիմնական տույժեր: Մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ: ՎԻՎՕ-ի 47.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է ՎԻՎՕ-ի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված «տուգանք» հիմնական վարչական տույժը կիրառել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու կամ արտադրելու կամ պահպանելու կամ բաշխելու կամ իրացնելու կամ կիրառելու համար:

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ նախագծով նախատեսված կարգավորման պարագայում տնտեսավարողի նկատմամբ կիրառվելու են միաժամանակ ՎԻՎՕ-ի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմնական վարչական տույժերը, այսինքն՝ անձը նույն արարքի համար կրելու է կրկնակի պատասխանատվություն, ինչը չի բխում ՎԻՎՕ-ի 24-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներից: ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»: Այս՝ «ne bis in idem» սկզբունքն ամրագրված է ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետով և «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածով, ընդ որում՝ լինելով ինքնավար տերմին, «դատվել» եզրույթը մեկնաբանվում է ոչ միայն քրեական, այլև որպես ցանկացած տեսակի պատասխանատվություն: Ի թիվս այլնի՝ նշված սկզբունքը հստակ ամրագրվել է նաև սահմանադրական արդարադատության շրջանակներում (ՍԴՈ-1139) և ՄԻԵԴ նախադեպային իրավունքում: Նման մեկնաբանումը բխում է նաև ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասից, որի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»: Հենց այս հոդվածի և դրա մեկնաբանման լույսի ներքո էլ ՎԻՎՕ-ի 24-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծի 4-րդ հոդվածով օրենքի 24-րդ հոդվածում լրացվող 15-րդ մասը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասի և ՎԻՎՕ-ի 24-րդ հոդվածի 2-րդ պարբերության տեսանկյունից, ուստի առաջարկվող կարգավորումը վերանայման կարիք ունի: Վերոգրյալը վերաբերում է նաև նախագծի 4-րդ հոդվածով օրենքի 24-րդ հոդվածում լրացվող 16-րդ մասին և նախագծի 5-րդ հոդվածին:

5. Նկատի ունենալով, որ նախագծի ընդունմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանալու ընդունել նաև այլ ենթաօրենսդրական ակտեր, ուստի անհրաժեշտ է նախագծում նախատեսել անցումային դրույթներ՝ դրանցում նախատեսելով համապատասխան մարմնի կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջներից:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «բացառությամբ» բառը՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում (նախադասության սկզբում) արդեն իսկ «բացառությամբ» բառը նշված է և նախադասության մեջ կրկին անգամ նշելը կարող է առաջացնել տարընթերցման խնդիր: