Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.09.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.09.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
26.09.2022
Дата вступления в силу
26.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3478/02/20

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3478/02/20

Նախագահող դատավոր՝

 Ն. Մարգարյան (ունի հատուկ կարծիք)

Դատավորներ՝

 Կ. Համբարձումյան

 Հ. Ենոքյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի սեպտեմբերի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արթուր Ղամբարյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ)` որոշումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2022 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ Պալատի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արթուր Ղամբարյանը պահանջել է անվավեր ճանաչել Պալատի խորհրդի 06.02.2019 թվականի թիվ 3/4-Ա որոշման 4-րդ կետը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան)  (այսուհետ` Դատարան) 25.06.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.01.2022 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/3478/02/20 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԴ/21085/02/19 կամ թիվ ԵԴ/21389/02/18 քաղաքացիական գործերով եզրափակիչ դատական ակտ կայացնելը (դատավոր Ն. Մարգարյանը սույն գործով հայտնել է հատուկ կարծիք):

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պալատը (ներկայացուցիչ Գարիկ Հախնազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, նույն Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 382-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանում քննարկման առարկա պետք է դառնար արտոնագրի վերականգնման դեպքում փաստաբանին լրացուցիչ վերապատրաստման դասերից ազատելու հարցը՝ հաշվի առնելով, որ հայցվորը դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, իսկ Վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/21085/02/19 և ԵԴ/21389/02/18 քաղաքացիական գործերով քննարկման առարկա են փաստաբանի և Պալատի միջև վեճի վերաբերյալ գործի ենթակայության հարցը, հետևաբար Վերաքննիչ դատարանի որևէ պատճառաբանությամբ չի կարող հիմնավորվել սույն գործի քննության անհնարինությունը՝ առանց թիվ ԵԴ/21085/02/19 քաղաքացիական գործով եզրափակիչ ակտի կայացման:

Վերաքննիչ դատարանը, չբացահայտելով, թե Վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/21085/02/19 քաղաքացիական գործով հատկապես որ փաստն է, որ էական նշանակություն ունի սույն գործի քննության համար և կարող է հաստատվել միայն այդ գործով կայացվելիք դատական ակտով կամ որ իրավահարաբերությունն է անհնար պարզել, առանց կայացվելիք այդ դատական ակտի, առանց որևէ պատճառաբանության կասեցրել է սույն գործի քննությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.01.2022 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 382-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը: Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով սահմանված կարգով:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մի շարք որոշումներում մեկնաբանելով Նախկին օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը, արձանագրել է, որ նշված նորմով նախատեսված գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, դրանք են՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարությունների կարգով քննվող այլ գործի առկայությունը և տվյալ գործի քննության անհնարինությունը մինչև նշված դատավարությունների կարգով քննվող գործով կամ հարցով որոշում կայացնելը: Դա պայմանավորված է այն հանգամանքներով, որ այլ՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով փաստերը տվյալ գործի լուծման համար ունեն նշանակություն, և տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում (տե՛ս, Գայանե Ասլանյանն ընդդեմ Սահակ, Կարեն, Տաթևիկ, Թամարա Ասլանյանների և Մարիամ Ստեփանյանի թիվ  ԵԱՔԴ/0169/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 11.05.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի վարույթի կասեցման հիմքը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության, արգելակում է գործի հետագա ընթացքը: (...) Գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է (տե՛ս, Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի պարտականությունն է կասեցնել գործի վարույթը, եթե դրա քննությունն  անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների: Ընդ որում, Նախկին օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս, Վերա Ազիզյանն ընդդեմ Նունե Սարգսյանի թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.01.2010 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արդեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ և 380-րդ հոդվածներով ամրագրված դրույթների համադրված վերլուծության արդյունքում գտել է, որ և՛ առաջին ատյանի դատարանում, և՛ վերաքննիչ դատարանում գործի վարույթի կասեցումն օժտված է որոշակի առանձնահատկությամբ: Նշված առանձնահատկությունը հանգում է նրան, որ առաջին ատյանի դատարանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածում ամրագրված են գործի վարույթը կասեցնելու պարտադիր և հայեցողական հիմքեր, որոնց առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը կամ պարտավոր է կասեցնել գործի վարույթը կամ իրավունք ունի կասեցնել գործի վարույթը: Մինչդեռ նույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված է «կարող է կասեցնել գործի վարույթը» ձևակերպումը, ինչը ենթադրում է, որ վերաքննիչ դատարանը գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում օժտված է հայեցողական լիազորությամբ և տվյալ գործի կոնկրետ հանգամանքների համատեքստում վերաքննիչ դատարանն է որոշում, թե արդյո՞ք վերաքննիչ վարույթում ի հայտ եկած տվյալ հանգամանքը խոչընդոտում է վերաքննիչ բողոքի քննության հետագա ընթացքին, թե՝ ոչ: Նման իրավակարգավորումը թույլ է տալիս վերաքննիչ դատարանին ստուգել և գնահատել կոնկրետ գործի հանգամանքների համակցությունը` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կասեցման անհրաժեշտության և նպատակահարմարության հարցը լուծելիս (տե´ս, Դվին Գոմցյանն ընդդեմ «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ի իրավահաջորդ «Արարատբանկ» ԲԲԸ-ի և մյուսների թիվ ԵԿԴ/2174/02/15 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 24.09.2020 թվականի որոշումը):

Միաժամանակ նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարույթը կասեցնելու հարցը լուծելիս մի կողմից պետք է առաջնորդվել գործի վարույթի կասեցման ինստիտուտի կիրառմամբ հետապնդվող վերոնշյալ իրավաչափ նպատակով, իսկ մյուս կողմից՝ դատավարության մյուս մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջև ողջամիտ համաչափություն ապահովելու անհրաժեշտությամբ: Գործի վարույթի կասեցման հանգամանքը կարող է խոչընդոտել գործին մասնակցող շահագրգիռ անձանց իրավունքների իրացմանը, մասնավորապես` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով կայացվող միջանկյալ դատական ակտը պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով կայացվող միջանկյալ դատական ակտը պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները, այսինքն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն նաև հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ (տե´ս, Տիգրան Աթանեսյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի թիվ ԵԴ/20364/02/18 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 22.06.2022 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արթուր Ղամբարյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պալատի՝ պահանջելով անվավեր ճանաչել Պալատի խորհրդի 06.02.2019 թվականի թիվ 3/4-Ա որոշման 4-րդ կետը, որով սահմանվել է, որ փաստաբան Արթուր Ղամբարյանը պարտավոր է 32 ամսվա ընթացքում իր հաշվին լրացուցիչ անցնել վերապատրաստման դասընթացներ՝ 104 ակադեմիական ժամ ժամաքանակով (․․․) (հատոր 1-ին, գ.թ. 61-64):

Դատարանի 25.06.2021 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 72-88): Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Արթուր Ղամբարյանը, որը Վերաքննիչ դատարանի 15.10.2021 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 2-րդ, գ.թ. 119):

Վերաքննիչ դատարանի 17.01.2022 թվականի որոշմամբ սույն՝ թիվ ԵԴ/3478/02/20 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԴ/21085/02/19 կամ թիվ ԵԴ/21389/02/18 քաղաքացիական գործերով եզրափակիչ դատական ակտ կայացնելը` այն պատճառաբանությամբ, որ «Տվյալ դեպքում գործի վարույթի կարճումը վերը բերված իրավական հիմնավորումների ներքո անհամատեղելի կլինի ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և 79-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների հետապնդած նպատակների և տրամաբանության հետ, ինչը Վերաքննիչ դատարանին ստիպում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դիսպոզիցիայում ներառված «անհնար է» եզրույթը ավելի լայն մեկնաբանման ենթարկել, ՀՀ սահմանադրության վերոհիշյալ նորմերով ամրագրված անձի հիմնական իրավունքների սահմանափակումից զերծ մնալու համար։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված քաղաքացիական գործերով Վճռաբեկ դատարանի կողմից կայացվելիք վերջնական դատական ակտերով կարող է լուծվել փաստաբանների կողմից փաստաբանների պալատի դեմ ներկայացվող հայցադիմումների ընդդատության հարցը և/կամ փաստաբանների արդար դատաքննության (դատարանների մատչելիության) ապահովման վերաբերյալ առաջացած իրավական վեճը: Ավելորդ չէ նշել նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի վարույթի կարճման պարագայում նշված որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվելու դեպքում լրացուցիչ կծանրաբեռնվի Վճռաբեկ դատարանը, ինչը չի բխում նաև դատական խնայողության սկզբունքից: Բացի այդ, տվյալ դեպքում դատական ակտի կասեցումը բխում է արդարադատության շահերից և օրենքի միատեսակ կիրառելիություն ապահովելու անհրաժեշտության տեսանկյունից» (հատոր 3-րդ, գ.թ. 47-48):

Հիմք ընդունելով վերը նշված իրավական վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման մեջ որպես հիմնավորումներ, որոնցով վերջինս հանգել է հետևությունների, նշվածները որևէ կերպ չեն կարող անհնարին դարձնել սույն քաղաքացիական գործի քննությունը, քանի որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի որոշման մեջ վկայակոչված գործերով փաստերը տվյալ գործի լուծման համար չունեն նշանակություն: Ավելին՝ վկայակոչված գործերով առկա չէ սույն քաղաքացիական գործի հետագա ընթացքն արգելակող կամ վերաքննիչ բողոքի քննության հետագա ընթացքին խոչընդոտող որևէ հանգամանք:

Մինչդեռ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով գործի վարույթը կասեցնելու մասին, չի ապահովել մի կողմից գործի վարույթի կասեցման ինստիտուտի կիրառման իրավաչափ նպատակի և մյուս կողմից` բողոք բերած անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ողջամիտ հավասարակշռությունը, ինչի արդյունքում նաև խախտել է Պալատի` վերաքննության կարգով իրավական պաշտպանություն հայցելու իրավունքը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 382-րդ հոդվածի 1-ին մասը, ոչ իրավաչափորեն է կասեցրել սույն քաղաքացիական գործի վարույթը` միաժամանակ սահմանափակելով Պալատի` ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 17.01.2021 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2021 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: