Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.06.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
24.06.2022
Дата вступления в силу
24.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28368/02/18

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28368/02/18

Նախագահող դատավոր՝  Հ Ենոքյան

Դատավորներ՝

 Ա Մկրտչյան

 Գ Խանդանյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ինգո Արմենիա» ԱՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 0411.2019 թվականի լրացուցիչ որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Արթուր Մնացականյանի` 1.353.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Արթուր Մնացականյանից բռնագանձել 1.353.000 ՀՀ դրամ, որից 1.025.000 ՀՀ դրամ` որպես պարտավորության գումար, 1.025.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ` սկսած հայցադիմումը դատարան մուտք լինելու օրվանից մինչև պարտավորության կատարման օրը, 20.500 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար, 307.500 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 28032019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2019 թվականի որոշմամբ Արթուր Մնացականյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 28032019 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.11.2019 թվականի որոշմամբ Արթուր Մնացականյանի միջնորդությունը՝ լրացուցիչ որոշում կայացնելու մասին, բավարարվել է։ Ընկերությունից հօգուտ Արթուր Մնացականյանի բռնագանձվել է 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Ռոբերտ Դավթյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ, 94-րդ, 95-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն Ընկերությանը զրկել է դատական նիստին մասնակցելու իրավունքից, չի հետաձգել դատական նիստը, չի քննարկել Ընկերության կողմից ներկայացված դիրքորոշումը և ավարտել է գործի քննությունը՝ հնարավորություն չտալով Ընկերությանը մասնակցել դատական նիստին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը ծանուցումն ուղարկել է Ընկերության հասցեով, այլ ոչ թե վերաքննիչ բողոքի պատասխանում նշված ծանուցման հասցեով։ Ավելին, Ընկերությունը դատական նիստի մասին ծանուցվել է դատական նիստի օրը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրը դատարանների վրա դրել է իմպերատիվ պահանջ, այն է՝ կողմերը պետք է ծանուցվեն այն հաշվարկով, որ վերջիններս մինչև կայանալիք դատական նիստն ունենան առնվազն երեք օր ժամանակ։

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է. «Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/28368/02/18 քաղաքացիական գործով 04.11.2019թ. լրացուցիչ որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության ամբողջ ծավալով»:

 

3Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերությունը ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանում որպես ծանուցման հասցե նշել է. «ք. Երևան, Արգիշտի 11/3 շ., 207 տ.» (հատոր 2-րդ գ.թ. 47-54):

2) Արթուր Մնացականյանը 18.10.2019 թվականին Վերաքննիչ դատարան է ներկայացրել միջնորդություն՝ լրացուցիչ որոշում կայացնելու մասին, որով պահանջել է Ընկերությունից բռնագանձել 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար (հատոր 2-րդ, գ.թ. 97-100):

3) Դատական նիստ նշանակելու մասին որոշումն Ընկերությանն ուղարկվել է 01.11.2019 թվականին՝ ք. Երևան, Հանրապետության 51, 53 տարածք հասցեով (հատոր 2-րդ, գ.թ. 107, 103):

4) Վերաքննիչ դատարանի 29.10.2019 թվականին դատական նիստ նշանակելու մասին որոշումն Ընկերության հասցեում ստացվել է 04.11.2019 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 104):

 

4 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորման առանձնահատկություններին՝ վերահաստատելով և զարգացնելով դատական ծանուցման վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները: 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`

1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.

2) հանձնվում է առձեռն. 

3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը, եթե չի կարող իրականացվել տվյալ նիստում` դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու պատճառով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը): 

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը): 

ՀՀ վճռաբեկ դատարանը Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների գործով կայացրած որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված` դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցման հարցին, արձանագրել է, որ դատարանների վրա դրվել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված կարգավորումներով ևս, ըստ էության սահմանվել է, որ անկախ ծանուցման եղանակից` ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված պահանջները հավասարապես վերաբերում են նաև վերաքննիչ դատարանին, ուստի վերջինս ևս, վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում, կրում է բողոք բերած անձին և գործին մասնակցող մյուս անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն (տես, «Գարանտ Ըքաունթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մանջիարե» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/4088/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2020 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը՝ ծանուցումն իրականացնելու այնպես, որ դրա հասցեատերն առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիք է: Նշված կանոնն ամրագրելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել սահմանելու այնպիսի կառուցակարգ, որը դատավարության մասնակիցներին հնարավորություն կտա մինչև դատական նիստը առավելագույնս պատրաստվել իրենց իրավունքների պաշտպանությանը: Միաժամանակ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարաններում գործին մասնակցող անձանց ծանուցումը պետք է իրականացվի այնպես, որ հասցեատերը դատական նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանուցված լինի կայացվելիք դատական նիստի մասին: Հակառակ պարագայում, եթե ծանուցման ժամկետը պակաս է երեք աշխատանքային օրից, անձը չի կարող համարվել պատշաճ ծանուցված (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Հունան Ղազարյանի թիվ ԵԴ/21995/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանում որպես ծանուցման հասցե նշել է ք. Երևան Արգիշտի 11/3 շենք տուն 207 հասցեն:

Արթուր Մնացականյանը 18.10.2019 թվականին Վերաքննիչ դատարան է ներկայացրել միջնորդություն՝ լրացուցիչ որոշում կայացնելու մասին, որով պահանջել է Ընկերությունից բռնագանձել 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Դատական նիստ նշանակելու մասին Վերաքննիչ դատարանի 29.10.2019 թվականի որոշումը, համաձայն որի՝ դատական նիստը նշանակվել է 04.11.2019 թվականին, Ընկերությանն ուղարկվել է 01.11.2019 թվականին՝ ք. Երևան, Հանրապետության 51, 53 տարածք հասցեով և նշված հասցեում ստացվել է 04.11.2019 թվականին:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի դատավարական գործողությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում խախտվել է Ընկերության արդար դատաքննության իրավունքը, քանի որ նախ՝ ծանուցում չի կատարվել իրավաբանական անձի ծանուցման հասցեում, ինչպես նաև Ընկերությունն առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանուցված չի եղել կայացվելիք դատական նիստի մասին: Ուստի գործի վերաքննության փուլում գործին մասնակցող անձի պատշաճ ծանուցումն ապահովված չլինելու պայմաններում գործի քննությունը չէր կարող իրականացվել տվյալ նիստում, հետևաբար առկա է եղել դատական նիստը հետաձգելու հիմք, իսկ այդ պարագայում դատական նիստ անցկացնելը խախտել է Ընկերության արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ընկերության` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2019 թվականի լրացուցիչ որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական: