Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-89-Ո-Կ-22
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2022
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
03.11.2022
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ
Дата подписания
03.11.2022
Дата вступления в силу
03.11.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-89-Ո-Կ-22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԵ ՄԻՍԱԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

նախագահությամբ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ

   

մասնակցությամբ՝ անդամներ

Դ. Խաչատուրյանի

 

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

 

Մ. Մակյանի

 

Ա. Մխիթարյանի

 

Վ. Քոչարյանի

Ս. Չիչոյանի

   

Արդարադատության նախարարի տեղակալ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

   

Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ

Ա. Բադալյանի

Հ. ՍԱՆՈՅԱՆԻ

 

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Վ. ՄԻՍԱԿՅԱՆԻ

   

քարտուղարությամբ՝

Թ. Ղուկասյանի

 

2022 թվականի նոյեմբերի 3-ին  ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 6-ի N 76-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 2022 թվականի ապրիլի 5-ին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Վահե Միսակյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարի 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 60-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության Նախարարի պարտականությունները կատարող Ե. Թումանյանցի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի N 76-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի նախագահ, սույն կարգապահական վարույթը նախագահող Կ. Անդրեասյանը և Խորհրդի անդամ Ե. Թումանյանցը 2022 թվականի հոկտեմբերի 20-ին նշանակված նիստին սույն կարգապահական վարույթով Խորհրդի քննարկմանն են ներկայացրել ինքնաբացարկի միջնորդություններ, որոնք Խորհրդի նույն օրվա արձանագրային որոշմամբ բավարարվել են:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցող մարմինը ներկայացրած միջնորդությամբ հայտնել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի1 369-րդ հոդվածի 1-ին մասի, 373-րդ հոդվածի 1-ին մասի, 375-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական գործի հետ կապված համապատասխան հարցերը լուծելուց հետո դատարանը ձեռնամուխ է լինում տվյալ գործով դատավճռի կազմմանը, որից հետո՝ երկշաբաթյա ժամկետում այն հրապարակում է դատական նիստերի դահլիճում: Այնուհետև՝ դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին: Միաժամանակ օրենսդիրը, դատավճռի պատճենի հանձնման համար նախատեսելով խիստ սահմանափակ՝ 5-օրյա ժամկետ, չի ամրագրել որևէ բացառություն այն երկարաձգելու կամ ավելի ուշ ուղարկելու համար:

Սահմանադրական դատարանն իր՝ 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշմամբ անդրադարձ է կատարել վերոգրյալ կարգավորումներին՝ դատական ակտի բողոքարկման ժամկետների տեսանկյունից: Նշված որոշմամբ արձանագրվել է, որ դատավճռի պատճենը հանձնելու համար որոշակի ժամկետ սահմանող դատավարական նորմը դատարանին հնարավորություն է տալիս առավել արդյունավետությամբ իրականացնել իր պարտականությունները, մասնավորապես այնպիսի պատասխանատու և վճռորոշ փաստաթուղթ կազմելիս, ինչպիսին է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատավճիռը, որն ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության հարցն է լուծում:

Վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի2 7-րդ հոդվածի 1-2-րդ մասերը, 19-րդ հոդվածի 2-րդ մասը, 75-րդ և 118-րդ հոդվածները՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ քննարկվող դեպքում Դատարանի կողմից 2021 թվականի փետրվարի 17-ին կազմվել և հրապարակվել է թիվ ԵԴ/1067/01/19 քրեական գործով (այսուհետ նաև՝ Գործ) դատավճիռը (այսուհետ նաև՝ Դատավճիռ), որով Ամբաստանյալն արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում, ճանաչվել և հռչակվել է վերջինիս անմեղությունը հանցակազմի բացակայության հիմքով: Արդյունքում, ըստ վերը ներկայացված իրավակարգավորումների, Դատարանը Դատավճռի պատճենը պետք է հանձներ մեղադրողին ոչ ուշ քան մինչև 2021 թվականի փետրվարի 22-ը ներառյալ, սակայն Դատարանն այն մեղադրողին է ուղարկել ոչ թե 5 օրում, այլ՝ 2022 թվականի մարտի 9-ին, այսինքն՝ 1 տարի 15 օր անց:

ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածով ամրագրված պահանջների խախտում, ինչի հետևանքով դատախազը չի կարողացել ժամանակին և պատշաճ իրականացնել օրենքով սահմանված իր լիազորությունները, զրկվել է այն ժամանակին բողոքարկելու հնարավորությունից և դատական ակտն ուշ ուղարկվելու արդյունքում՝ 2021 թվականի մայիսի 19-ին, անցել է տվյալ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը:

Վարույթ հարուցող մարմինը վկայակոչել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ կետը, 6.5-րդ կետը:

Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականություններն արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում: Դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումներով պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը: Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները: Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումները առանց ոչ խելամիտ հետաձգումների:3

Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ:

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, հանդիսանալով արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրատարրերից մեկը, իր ամրագրումն է ստացել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում (այսուհետ՝ Կոնվենցիա)։ Մասնավորապես, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (…) դատարանի կողմից ողջամիտ ժամկետում (…) դատաքննության իրավունք: «Ողջամիտ ժամկետում» գործերի քննությանն իր մի շարք որոշումներով անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան)4, Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 16-ի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 2020 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4, 2021 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27 որոշումներով:

Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա:

Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից:

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացումը համարվում է ապահովված այն ժամանակ, երբ քննության արդյունքում կայացվող դատական ակտն օրենքով նախատեսված եղանակներով համապատասխան ժամկետում հասանելի է դառնում դատավարության մասնակիցներին: Դատավճիռը հրապարակվելուց հետո դրա պատճենը կողմին հանձնելու համար նախատեսված ժամկետի սահմանումն ինքնանպատակ չէ: Այն հնարավորություն է տալիս դատական ակտը, տվյալ դեպքում՝ Դատավճիռն ստացած կողմին անհամաձայնության դեպքում բողոքարկելու և իրացնելու արդար դատաքննության իրավունքը մինչև քրեական պատասխանատվության համար սահմանված վաղեմության ժամկետներն անցնելը: Միաժամանակ դատարանի կողմից ընդունված դատական ակտի հիմքում ընկած եզրահանգումները, մոտեցումները, ապացույցների և փաստերի գնահատումը, իրավանորմերի մեկնաբանությունը դատավարության մասնակիցներին հայտնի է դառնում միայն դատական ակտի ամբողջական տարբերակին ծանոթանալուց հետո, որի բովանդակությամբ պայմանավորված՝ վերջիններիս մոտ առաջացած անհամաձայնությունն արտահայտվում է վերադաս դատական ատյանին ուղղված բողոքում:

Քննարկվող դեպքում, դատավարական ժամկետները չպահպանելով և Դատավճռի պատճենը մեղադրողին 1 տարի 15 օր անց ուղարկելու արդյունքում, խախտվել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնները, ինչը նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության և դրա արդյունավետության նկատմամբ և այդպիսով հեղինակազրկում դատական իշխանությունը:

Վարույթ հարուցող մարմինը, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 4-րդ և 5-րդ մասերը, նշել է, որ վերը ներկայացված իրավական վերլուծությունների շրջանակներում արդեն իսկ հիմնավորվել է Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների խախտումներ թույլ տալու փաստը:

Միաժամանակ Գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են մեղավորությամբ, որը տվյալ դեպքում դրսևորվել է կոպիտ անփութությամբ, այսինքն՝ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Ինչ վերաբերվում է Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, որ եթե նույնիսկ 2021 թվականի փետրվարի 17-ին կայացված դատավճիռը կողմերին ուղարկվեր 5-օրյա ժամկետում՝ մինչև 2021 թվականի փետրվարի 22-ը, դրա դեմ ներկայացվեր վերաքննիչ բողոք, բողոքարկման համար սահմանված մեկամսյա ժամկետն անցնելուց հետո՝ 2021 թվականի մարտի 23-ին, Դատարանը Գործն ուղարկեր Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ Գործը ստանալուց և մակագրվելուց հետո պայմանականորեն նույն ժամանակահատվածում՝ մեկից երկու ամսվա ընթացքում, քննվեր և արդյունքում նույնաբնույթ որոշում կայացվեր, ապա այդ դեպքում Գործի քննության ընթացքում կամ որոշում կայացնելիս անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը ևս անցնելու էր՝ չհաշված, որ դեռևս առկա էր վճռաբեկ բողոք բերելու հնարավորություն, վարույթ հարուցող մարմինը նշել է, որ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն առաջին հերթին անցել է Դատավորի կողմից դրսևորված անգործության հետևանքով, քանի որ եթե 2021 թվականի մարտի 23-ին Դատարանը Գործն ուղարկեր Վերաքննիչ քրեական դատարան, հնարավոր է՝ նշված հանգամանքի հաշվառմամբ, Վերաքննիչ քրեական դատարանում 2 ամսվա ընթացքում քրեական գործը քննության առնվեր և համապատասխան որոշում կայացվեր: Բացի այդ, Գործը 2019 թվականի դեկտեմբերի 16-ին մակագրվել է Դատավորին և Դատարանը մոտ երկու տարի քննել է: Հետևաբար Դատարանը Գործի քննության և լուծման ընթացքը պարտավոր էր այնպես կառավարել, որ իր անմիջական գործողությունների հետևանքով չանցներ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը: Դրանից բացի, սույն կարգապահական վարույթի շրջանակներում քննարկման առարկա են դարձվում Դատավորի կողմից և նրա անմիջական գործողությունների արդյունքում թույլ տրված խախտումները և բացասական հետևանքները, իսկ վերադաս ատյանի կողմից երկամսյա ժամկետում Գործի քննության իրականացման բացառման վերաբերյալ հետևությունը կրում է ենթադրական բնույթ:

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, որ դատական ակտը մեղադրողին ուշ է ուղարկվել ծանրաբեռնվածության պատճառով, ապա այն պայմաններում, երբ Դատարանի կողմից իրապես 2021 թվականի փետրվարի 17-ին կազմվել և հրապարակվել է Դատավճիռը՝ հիմնավոր չէ Դատարանի այն մոտեցումը, որ ծանրաբեռնվածության պատճառով կազմված դատական ակտի պատճենը կարող էր կողմին ուղարկվել մեկ տարի անց:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Արդարադատության նախարարին ներկայացրած բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը:

Այսպես, Դատավորը նշել է, որ 2021 թվականի փետրվարի 17-ին կայացված Դատավճիռը մեղադրողին ուշ է ուղարկել ծանրաբեռնվածության պատճառով, նաև նշել է, որ 2021 թվականի հոկտեմբեր ամսին ընտանիքում ունեցել է ծանր կորուստ, որի պատճառով որոշ ժամանակահատված չի կարողացել ապահովել աշխատանքի բարձր արդյունավետությունը:

Հավելել է, որ Դատավճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ քրեական դատարանում Գործն ստացվել է 2021 թվականի մարտի 31-ին և նույն օրը մակագրվել է: Վերաքննիչ քրեական դատարանը Գործի քննության արդյունքում 2022 թվականի մայիսի 25-ին որոշում է կայացրել բավարարել դատախազի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատավճիռը՝ ամբաստանյալին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքը կատարելու մեջ նրան ազատելով պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Վերաքննիչ քրեական դատարանում Գործի քննությունը տևել է շուրջ 1 ամիս 25 օր: Դատավորը նշել է, որ եթե նույնիսկ Դատավճիռը կողմերին ուղարկվեր 5-օրյա ժամկետում՝ մինչև 2021 թվականի փետրվարի 22-ը, դրա դեմ ներկայացվեր վերաքննիչ բողոք, բողոքարկման համար սահմանված մեկամսյա ժամկետն անցնելուց հետո՝ 2021 թվականի մարտի 23-ին, Դատարանը Գործն ուղարկեր Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ Գործն ստանալուց և մակագրվելուց հետո պայմանականորեն նույն ժամանակահատվածում՝ մեկից երկու ամսվա ընթացքում, քննվեր և արդյունքում նույնաբնույթ որոշում կայացվեր, ապա այդ դեպքում Գործի քննության ընթացքում կամ որոշում կայացնելիս անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ ևս անցնելու էր՝ չհաշված, որ դեռևս առկա էր վճռաբեկ բողոք բերելու հնարավորություն: Այդ պայմաններում արդեն իսկ ակնհայտ է, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու դեպքում անցնելու էին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները:

Դատավորը հայտնել է, որ թեև դատական ակտը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված 5-օրյա ժամկետում դատավարության կողմերին չուղարկելը կարող է դիտարկվել որպես թերացում, սակայն այն չի կատարվել մեղավորությամբ, և չէր կարող առաջացնել իրավական հետևանքներ:

Խորհրդին ներկայացրած պատասխանով Դատավորը խնդրել է հիմք ընդունել Արդարադատության նախարարին ներկայացրած բացատրությամբ արտահայտած դիրքորոշումը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

4.1. 2019 թվականի հունիսի 13-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցվել է թիվ 10196019 քրեական գործը: 2019 թվականի օգոստոսի 7-ին Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, այն բանի համար, որ նա 2019 թվականի մայիսի 16-ին ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 41Ա հասցեում գտնվող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության «Հեքիաթային» սենյակում, որդու՝ Ալեքսանդր Ավանէսիի հետ հերթական անգամ տեսակցության ժամանակ վերջինիս հետ գնացել է նշված սենյակում գտնվող սանհանգույց, ինչից հետո սանհանգույցի մուտքի դռանն է մոտեցել նախկին կինը՝ Թամի Ավանսին, ով գտնվել է սանհանգույցի մուտքի դռան և դռան շրջանակի միջնամասում, դա նկատելով Ա. Ավանէսին՝ դիտավորությամբ սանհանգույցի դուռը փակելու եղանակով երեք անգամ հարվածել է նրան՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են ձախ ազդրի ս/3-ի դրսային մակերեսի, ձախ քունքակողմնային մազածածկ հատվածի արյունազեղումների ձևով:

4.2. 2019 թվականի դեկտեմբերի 16-ին թիվ 10196019 քրեական գործն ուղարկվել է Դատարան և մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին, գործին տրվել է ԵԴ/1067/01/19 համարը: Նշված Գործով 2021 թվականի փետրվարի 17-ին Դատավորի կողմից կայացված դատավճռով Ամբաստանյալն ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում արդարացվել է, ճանաչվել և հռչակվել է վերջինիս անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից բազմիցս հեռախոսակապի միջոցով դատարանից պահանջվել է Դատավճռի օրինակը, բացի այդ 2021 թվականի դեկտեմբերի 8-ին գրություն է հասցեագրվել Դատավորին՝ Դատավճռի օրինակը հնարավորինս սեղմ ժամկետում ուղարկելու խնդրանքով: 2022 թվականի մարտի 9-ին Դատավճռի օրինակն ստացվել է Երևան քաղաքի դատախազությունում:

4.3. Հաղորդում ներկայացնող պաշտոնատար անձի համոզմամբ՝ Դատարանը 2021 թվականի փետրվարի 17-ի Դատավճիռը կազմել և հրապարակել է 2021 թվականի փետրվարի 17-ին կայացված դատական նիստում, ուստի Դատավճիռը պետք է կողմերին ուղարկվեր ոչ ուշ քան 2021 թվականի փետրվարի 22-ը, սակայն այն ուղարկվել է հրապարակվելուց 1 տարի 15 օր անց՝ 2022 թվականի մարտի 4-ին թիվ ԴԴ-9.1-Ե-50538 գրությամբ, որը Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է 2022 թվականի մարտի 9-ին: Միաժամանակ հայտնվել է, որ Ամբաստանյալին մեղսագրվող հանցավոր արարքի համար նախատեսվող քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետներն անցել են 2021 թվականի մայիսի 16-ին: Դատավճռի օրինակը 1 տարի 15 օր անց մեղադրողին ուղարկելու արդյունքում դատախազությունը զրկվել է այն ժամանակին բողոքարկելու հնարավորությունից, որը հանգեցրել է ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի և ՀՀ քրեական դատավարության օրենսդրության խնդիրների ոտնահարման: Դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի առնվազն կոպիտ անփութությամբ խախտումներ, որոնք հեղինակազրկում են դատական իշխանությունը և հիմք են Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

4.4. Հիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից, որի քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը 2022 թվականի մայիսի 25-ին որոշում է կայացրել դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին՝ բեկանելով դատական ակտը, Ամբաստանյալին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքը կատարելու մեջ և նրան ազատել է պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով՝ դադարեցնելով քրեական հետապնդումը:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.

Հաշվի առնելով Նախարարի պարտականությունները կատարողի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1 արդյո՞ք թիվ ԵԴ/1067/01/19 քրեական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում,

5.2. եթե այո, ապա արդյո՞ք թիվ ԵԴ/1067/01/19 քրեական գործով կատարված խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

5.3 արդյո՞ք թիվ ԵԴ/1067/01/19 քրեական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի (կանոնների) խախտման, որոնք կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

 

6. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի պարտականությունները կատարողի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի տեղակալի և ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ Նախարարի պարտականությունները կատարողի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի պարտականությունները կատարողի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Խորհուրդը, հանդիսանալով դատավորների և դատական իշխանության անկախության սահմանադրաիրավական երաշխավորը, որին վերապահված է նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը, պարտավոր է այդ լիազորությունն իրականացնել այնպես, որպեսզի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը որևէ կերպ չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը, ինչպես նաև՝ ապահովվի դատավորի կողմից բացառապես իր լիազորությունների շրջանակներում գործելու օրենսդրական պահանջը, միաժամանակ երաշխավորելով դատավորի անձեռնմխելիությունը կարգապահական պատասխանատվությունից՝ դատարանի օրենքով վերապահված լիազորությունները բարեխղճորեն մեկնաբանելու դեպքում:

Խորհուրդն արձանագրում է, որ ներկայացած միջնորդությամբ, որպես Դատավորի կողմից թույլ տրված խախտման հիմքեր ներկայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածում ամրագրված պահանջների, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտումները։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Դատավճռի պատճենը հանձնելը դատապարտվածին կամ արդարացվածին» վերտառությամբ 375-րդ հոդվածի համաձայն՝ դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին: Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբ:

Հիշյալ հոդվածի համակարգային վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ այն պարտավորեցնում է դատարանին որոշակի ժամկետում իրականացնել դատաքննության ավարտին կայացված դատավճռի պատճենի հանձնումը դատավարության մասնակիցներին։ Այդ նորմից հետևում է, որ 5-օրյա ժամկետում դատավճռի պատճենի հանձնումը դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին պարտադիր է, ինչը երաշխիք է ինչպես դատապարտվածի բողոքարկման իրավունքի իրացման, այնպես էլ այլ քաղաքացիաիրավական գործառույթների իրականացման համար։ Դատավարության մյուս մասնակիցներին նույն ժամկետում դատավճռի պատճենը կարող է հանձնվել միայն նրանց միջնորդությամբ։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի իրավակարգավորումը դիտարկելով քրեադատավարական օրենսգրքի մյուս դրույթների հետ համակարգային փոխկապվածության մեջ՝ Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անհրաժեշտ բոլոր հարցերը լուծելուց հետո դատարանն անցնում է դատավճիռ կազմելուն: Այն կազմվում և հրապարակվում է երկշաբաթյա ժամկետում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավճիռն ստորագրելուց անմիջապես հետո այն հրապարակվում է, իսկ 375-րդ հոդվածին համապատասխան դատավճռի պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին՝ հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում:

Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ Դատավճռի պատճենը հանձնելու համար որոշակի ժամկետ սահմանող դատավարական նորմը դատարանին հնարավորություն է տալիս առավել արդյունավետությամբ իրականացնել իր պարտականությունները, մասնավորապես այնպիսի պատասխանատու և վճռորոշ փաստաթուղթ կայացնելիս, ինչպիսին է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատավճիռը, որն ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության հարցն է լուծում:

Խորհուրդը միաժամանակ արձանագրում է նաև, որ դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում դրա պատճենը դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին հանձնելը ենթադրում է, որ հնարավորության դեպքում դատարանը պետք է ձգտի, որ դատավճռի պատճենը հանձնվի ավելի կարճ ժամանակահատվածում, որպեսզի դատապարտվածը կամ արդարացվածը հնարավորություն ունենա ծանոթանալու իր նկատմամբ կայացված դատական ակտին և անհրաժեշտության դեպքում նախապատրաստվի դրա բողոքարկմանը:

Վերոգրյալի հաշվառմամբ, Խորհուրդն անհրաժեշտ է համարում նշել, որ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն ընդգրկում է նաև անձի իր՝ իրավունքների և ազատությունների պաշտպանության համար դատարան դիմելու և կայացված դատական ակտն ստանալու և բողոքարկելու հնարավորությունը (դատարանի մատչելիություն), դատարանի որոշումների հիմնավորվածությունը և վերջնական բնույթը, ինչպես նաև վերջնական դատավճիռների ժամանակին ի կատար ածելը։

Խորհուրդն արձանագրում է, որ դատավարության մասնակիցների՝ դատավճռի պատճենն ստանալու իրավունքի օրենսդրական երաշխավորումը հետապնդում է երկու իրավաչափ նպատակ, այն է՝ ապահովել, որպեսզի դատավարության մասնակիցը տեղեկացվի դատավճռի հիմնավորումներին և կողմնորոշվի, թե որքանով է դատավճիռն անմիջականորեն սահմանափակում իր իրավունքները և ազատությունները կամ այլ կերպ անմիջականորեն առնչվում իր շահերին, ինչպես նաև հնարավորություն ունենա իրացնել դատավճռի բողոքարկման իր իրավունքը, եթե գտնում է, որ այն խախտում է իր իրավունքները և օրինական շահերը:

Խորհուրդն անհրաժեշտ է համարում փաստել, որ սույն վարույթով քննարկման առարկա թիվ ԵԴ/1067/01/19 քրեական գործով Դատարանի կողմից 2021 թվականի փետրվարի 17-ին կազմվել և հրապարակվել է Դատավճիռը, որով ամբաստանյալն արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում, ճանաչվել և հռչակվել է վերջինիս անմեղությունը հանցակազմի բացակայության հիմքով: Արդյունքում, ըստ Խորհրդի կողմից սույն որոշմամբ արձանագրված իրավակարգավորումների, Դատարանը Դատավճռի պատճենը պետք է հանձներ մեղադրողին ոչ ուշ քան մինչև 2021 թվականի փետրվարի 22-ը ներառյալ, սակայն Դատարանն այն մեղադրողին է ուղարկել ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածով սահմանված 5-օրյա ժամկետում, այլ՝ 2022 թվականի մարտի 09-ին, այսինքն՝ 1 տարի 15 օր անց և դրանով պայմանավորված դատախազը չի կարողացել պատշաճ իրականացնել քրեադատավարական օրենսգրքով սահմանված իր լիազորությունները:

Ավելին, Խորհուրդը կարևոր է համարում փաստել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար օրենսդիրն իրավանորմի սանկցիայում սահմանել է կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, ինչից հետևում է, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն, և դատական ակտն ուշ ուղարկվելու արդյունքում՝ 2021 թվականի մայիսի 19-ին, անցել է տվյալ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը:

Վերոնշյալ իրավական վերլուծություններից Խորհուրդը եզրահանգում է, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտում՝ զրկելով դատավարության մասնակիցներին ժամանակին և պատշաճ իրականացնել օրենքով սահմանված իրենց լիազորությունները:

Խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի, այն է՝ գործերի քննության ժամկետի խախտումը և Դատավճիռը կողմերին օրենքով սահմանված ժամկետից ուշ ուղարկելը, հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես վերջինս թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց) և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտում:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել, այնքանով, որքանով չեն հիմնավորել քրեադատավարական նորմով սահմանված ժամկետի խախտումները՝ որևէ իրավաչափ նպատակով: Դատարանի նման վարքագծի դրսևորումը կասկած է հարուցում նաև Դատարանի անկախության ու անաչառության նկատմամբ, դրանով իսկ նվազեցնում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկներին, որ 2021 թվականի փետրվարի 17-ին կայացված Դատավճիռը մեղադրողին ուշ ուղարկելը պայմանավորված է եղել ծանրաբեռնվածության պատճառով, ապա Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դա չի կարող դիտվել որպես հիմնավոր բացատրություն, ուստի Դատավորի վերը նշված փաստարկն անհիմն է:

Վերջապես, Խորհուրդն անհրաժեշտ է համարում նշել, որ համաձայն չէ Դատավորի կողմից՝ Խորհրդի նիստում մի քանի անգամ արտահայտված այն դիրքորոշման հետ, որ ենթադրյալ խախտման փաստն ունի նվազագույն կարևորություն, քանի որ դատախազի կողմից դատավճիռը բողոքարկելու դեպքում նրա բողոքի քննությունը կորցնում է իր կարևորությունը՝ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում որոշում կայացվելու պահին արարքի համար օրենքով սահմանված քրեական հետապնդման վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով: Խորհուրդը գտնում է, որ դատախազի կողմից իր դատավարական իրավունքներից օգտվելու օրենքով սահմանված եղանակը, տվյալ դեպքում՝ վերաքննիչ բողոքը ոչ արդյունավետ դարձնելը, պետք է համարել ոչ թե ենթադրյալ խախտումը նվազ կարևոր դարձնող, այլ հակառակը՝ Դատավորի մեղավորության աստիճանը ծանրացնող հանգամանք:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով ստվերում են դատարանի անկախությունն և անաչառությունը, հանրության մոտ առաջացնում են անվստահություն Սահմանադրությամբ և Օրենսգրքով ամրագրված դատական իշխանության անկախության և անաչառության կարևորագույն սկզբունքների նկատմամբ։

Միևնույն ժամանակ տույժի տեսակը որոշելիս Խորհուրդը հաշվի է առնում նաև այն, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը.

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին հայտարարել նկատողություն:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

____________________

1 Ընդունվել է 01.07.1998 թվականին, ուժի մեջ է մտել 12.01.1999 թվականին, ուժը կորցրել է 01.07.2022 թվականին, բացառությամբ 30.06.21 ՀՕ-306-Ն օրենսգրքի 483-րդ հոդվածում նշված դրույթների:

2 Ընդունվել է 18.04.2003 թվականին, ուժի մեջ մտել 01.08.2003 թվականին և ուժը կորցրել 01.07.2022 թվականին:

3 Տե՛ս, Դատավորի վարքագծի բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, կետ 207, 209, https://www.unodc.org/documents/nigeria/publications/Otherpublications/Commentry_on_the_Bangalore_principles_of_Judicial_Conduct.pdf

4 Տե՛ս, Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994, Stögmüller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը, H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը

 

Բարձրագույն դատական խորհրդի

անդամ


Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

անդամներ`


Դ
. Խաչատուրյան

 

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Մ. Մակյան

 

Ա. Մխիթարյան

Վ. Քոչարյան
Ս. Չիչոյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2022 թվական: