ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է անասնաբուծության ինտենսիվացման, տոհմանյութի ստացման, գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի ստեղծման, վերարտադրության, օգտագործման, անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի պահպանման հետ կապված հարաբերությունները:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
տոհմային անասնաբուծություն` սելեկցիայի նպատակով տոհմային կենդանիների բուծում, տոհմանյութի արտադրություն և օգտագործում.
տոհմանյութ` տոհմային կենդանի, սերմնահեղուկ (սպերմա), սաղմ, ձվաբջիջ, ձու, մեղվի մայրապտուկ, ձկնկիթ.
տոհմային կենդանի` փաստաթղթով ծագումը վավերացված, վերարտադրության համար օգտագործվող և սահմանված կարգով գրանցված որևէ ցեղի բարձրարժեք գյուղատնտեսական կենդանի.
տոհմային արժեք` տոհմային կենդանու գենետիկական ներուժի մակարդակը և դրա ազդեցությունը սերնդի տնտեսական օգտակար հատկությունների վրա.
բոնիտավորում` հետագա օգտագործման նպատակով գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկությունների, ինչպես նաև տոհմանյութի գնահատում և դասակարգում.
հավաստագիր (վկայական)` տոհմային կենդանու ծագումը, մթերատվությունը և այլ որակական ցուցանիշները, ինչպես նաև սաղմի կամ սերմնահեղուկի որակը հավաստիացնող փաստաթուղթ.
նշադրում` տոհմային կենդանու նշադրում, հաշվեպիտակի ամրացում, դաջում, խարանում, որոնք ապահովում են տոհմային կենդանու ճշգրիտ զանազանումը և հաշվառումը.
տոհմային գրանցում` տոհմային արժեք ներկայացնող կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների և գյուղատնտեսական կենդանիների ցեղերի ու նրանց խմբերի տոհմային կարգավիճակի ամրագրում.
տոհմային անասնաբուծությամբ զբաղվող անձ` սելեկցիոն նպատակով տոհմային կենդանիների բուծում և տոհմանյութ արտադրող ու օգտագործող, ինչպես նաև տոհմային անասնաբուծության բնագավառում տոհմային ծառայություն մատուցող իրավաբանական և ֆիզիկական անձ.
տոհմային կենդանիների մթերատվություն` տոհմային կենդանիների տնտեսական օգտակար հատկությունների և նրանցից ստացվող արտադրանքի քանակական ու որակական ցուցանիշների ամբողջություն.
մաքրացեղ բուծում` միևնույն ցեղին պատկանող կենդանիների բուծում` այդ ցեղին յուրահատուկ հատկությունների կայունացման նպատակով.
տրամախաչում` տարբեր ցեղերի պատկանող կենդանիների զուգավորում.
տոհմային կենդանիների պետական գրանցում` տոհմային կենդանիների ծագման, անհատական մթերատու հատկանիշների, սերնդի որակի տվյալների գրանցում` «պետական տոհմային գրքում».
գյուղատնտեսական կենդանիների պետական տոհմային գիրք` որևէ ցեղի բարձր մթերատու տոհմային կենդանիների կամ հոտերի, նախիրների և երամակների տվյալների հավաքածու.
գենոֆոնդային փոքրաթիվ ցեղ` գենետիկասելեկցիոն առանձնահատկություններով օժտված հազվադեպ հանդիպող և անհետացման վտանգի տակ գտնվող որևէ ցեղի կենդանիների խումբ:
Հոդված 2. | Տոհմային անասնաբուծության ոլորտի գործունեության հիմնական սկզբունքները |
Տոհմային անասնաբուծության ոլորտում գործունեությունը հիմնվում է հետևյալ հիմնական սկզբունքների վրա`
ա) գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ցեղերի կատարելագործում, արհեստական սերմնավորման կիրառում, նախիրների, հոտերի, երամակների վերարտադրության ապահովում.
բ) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի և ցեղախմբերի գենոֆոնդի պահպանում ու հարստացում:
Հոդված 3. | Տոհմային անասնաբուծությունը կարգավորող օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության բնագավառի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
Գ Լ ՈՒ Խ 2
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 4. | Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները |
Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) իրավասություններն են`
ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման, օգտագործման, անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության պետական ծրագրերի հաստատումը.
բ) տոհմանյութի հավաստագրման կարգի սահմանումը.
գ) տոհմանյութի արտադրության և օգտագործման կարգի սահմանումը.
դ) տոհմանյութի ներկրման և արտահանման կարգի հաստատումը.
ե) պետական տոհմային գրքերի, ինչպես նաև տոհմային կենդանիների. նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի վարման կանոնակարգումը.
զ) տոհմային անասնաբուծության դիտարկումների (մոնիտորինգի) կազմակերպման և իրականացման կարգի սահմանումը.
է) տոհմային անասնաբուծության զարգացման տնտեսական խթանումը.
ը) տոհմային անասնաբուծության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.
թ) տոհմային կենդանիների բոնիտավորման և նրանց ըստ սերնդի որակի գնահատման պայմանների հաստատումը.
ժ) օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:
Հոդված 5. | Կառավարության լիազորած պետական մարմնի իրավասությունները |
Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման նպատակով կառավարության լիազորած պետական մարմնի իրավասություններն են`
ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման, օգտագործման և անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության ծրագրերի և տոհմային անասնաբուծության զարգացման այլ միջոցառումների մշակումը և իրականացումը.
բ) տոհմային անասնաբուծության համակարգված դիտարկումների (մոնիտորինգի) և գիտատեխնիկական խնդիրների լուծման կազմակերպումը և իրականացումը.
գ) տոհմանյութի ճանաչման համար անհրաժեշտ տոհմային, մթերատու և այլ ցուցանիշների ու դրանց հաշվառման պայմանների և կարգի հաստատումը.
դ) (կետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-118-Ն)
ե) (կետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-118-Ն)
զ) տոհմային կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների կադաստրի և տոհմային գրքերի վարման կարգի կազմակերպումը.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
(5-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-118-Ն)
Հոդված 6. | Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորմանը ներկայացվող պահանջները |
(6-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-118-Ն)
Հոդված 7. | Տոհմային անասնաբուծության զարգացման խթանումը |
Տոհմային անասնաբուծության արդյունավետությունը բարձրացնելու և նրա շարունակական գործընթացն ապահովելու նպատակով պետությունը կիրառում է տնտեսական խթանման միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 3
ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ՆՐԱ ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 8. | Ցեղի վերարտադրության նպատակով տոհմային կենդանու օգտագործման պայմանները |
Ցեղի վերարտադրության նպատակով տոհմային կենդանին օգտագործվում է, եթե օժտված է բարձր տոհմամթերատու հատկություններով, նշադրված է, գրանցված և ունի տոհմային վկայական:
Հոդված 9. | Տոհմային կենդանիների բոնիտավորումը |
Տոհմային կենդանիների բոնիտավորում անցկացվում է ամեն տարի բոլոր այն կազմակերպություններում, որոնք արտադրում են տոհմանյութ։
Հոդված 10. | Տոհմային կենդանիների գնահատումը |
Ցեղի վերարտադրության համար ընտրված տոհմային արու և էգ կենդանիները ենթակա են հետազոտման ու գնահատման` ըստ սերնդի որակի և մթերատվության:
Տոհմային կենդանիների հետազոտումն անցկացվում է այն տոհմային նախիրներում, հոտերում և երամակներում, որտեղ առկա է գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձր մակարդակ:
Տոհմային կենդանիները գնահատվում և հետազոտվում են կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 11. | Սույն օրենքի պահանջները խախտելը |
Սույն օրենքի պահանջները խախտելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 12. | Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական և արտասահմանյան գենոֆոնդերի օգտագործման ընթացքում ծագած վեճերի լուծումը |
Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական և արտասահմանյան գենոֆոնդերի օգտագործման ընթացքում տոհմային անասնաբուծական սուբյեկտների միջև ծագած վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:
Գ Լ ՈՒ Խ 5
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. | Տոհմային անասնաբուծության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը |
Տոհմային անասնաբուծության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Գ Լ ՈՒ Խ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 14. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|