ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ Տ-2280 |
Նախագահող դատավոր՝ | Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
Ս. Սարգսյանի | ||
Է. Հայրիյանի | ||
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի |
2006 թվականի նոյեմբերի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 05.09.2006 թվականի վճռի դեմ՝ ըստ դիմումի «Իզի Ստարտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Ծառայության Շենգավիթի հարկային տեսչության (այսուհետ՝ Հարկային տեսչություն)՝ 20.07.2006 թվականի թիվ 2305600 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերությանը պատկանող շինանյութի խանութում իրականացված հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց շահագործման կանոնների ճշտության ստուգման արդյունքում Հարկային տեսչության կողմից կազմված 20.07.2006 թվականի թիվ 2305600 ակտը։
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.09.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը։
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝
1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը և 6-րդ հոդվածի 2-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն արձանագրել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 6-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման փաստի առկայությունը, պատճառաբանելով, որ Հարկային տեսչության պետի հանձնարարագրի 2-րդ օրինակը չի տրվել Ընկերության տնօրենին, նա չի ստորագրել մեկ օրինակի վրա, իսկ ստուգողները կատարել են իրականությանը չհամապատասխանող գրառում՝ «տնօրենը հրաժարվեց հանձնարարագիրը ստորագրելուց», մինչդեռ տնօրենը ներկա չի գտնվել ստուգմանը։ Նման եզրակացությունը ճիշտ չէ, քանի որ տնօրենն ուղղակի չի ցանկացել գալ խանութ և մասնակցել ստուգմանը։ Դրանից հետո ստուգողները հանձնարարագիրը ներկայացրել են խանութի վաճառողին, որը հրաժարվել է այն ստանալ։
2) Դատարանը չի կիրառել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ կառավարության 26.08.2004 թվականի թիվ 1325-Ն որոշումը, որոնք պետք է կիրառեր։
Վճռաբեկ բողոքում չկան սույն հիմքին վերաբերող հիմնավորումներ։
3) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով։
Դատարանն անտեսել է, որ ըստ էության ճիշտ ակտը չի կարող անվավեր ճանաչվել միայն ձևական նկատառումներով։
Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.09.2006 թվականի վճիռը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Հարկային տեսչության պետի 13.07.2006 թվականի թիվ 2305600 հանձնարարագրի հիման վրա՝ 20.07.2006 թվականին Հարկային տեսչության ավագ տեսուչներ Ս.Ղազարյանը և Ս.Մինասյանն Աբովյան քաղաքի 4-րդ միկրո հասցեի Շուկայի տարածքում գործող Ընկերությանը պատկանող շինանյութի խանութում իրականացրել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությանն ուղղված ստուգում։
2) Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ 20.07.2006 թվականի ժամը 1250-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրո հասցեի Շուկայի տարածքում գտնվող Ընկերությանը պատկանող շինանյութի խանութում գնված 300 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքի արժեքը հսկիչ-դրամարկղային մեքենա չի մուտքագրվել և գնորդին կտրոն չի տրամադրվել։
3) 20.07.2006 թվականին կազմվել է ստուգման թիվ 2305600 ակտը, որով Ընկերությանն առաջադրվել է 75 000 ՀՀ դրամի տուգանք։
4) Նշված ակտին կից 20.07.2006 թվականի արձանագրության և նույն օրը տրված Մկրտիչ Սիմոնյանի հայտարարության համաձայն` խանութի աշխատակցուհին հեռախոսով կապնվել է տնօրենի հետ, սակայն վերջինս հրաժարվել է ներկայանալուց և ստուգման հանձնարարագրին ու ակտին ծանոթանալուց։
5) Ստուգման մասին հանձնարարագիրը և ակտը ներկայացվել է խանութի վաճառողուհուն։
6) Ընկերության աշխատակցուհին հրաժարվել է ստանալ հանձնարարագիրը և ստորագրել ակտը։
7) Նշված ստուգման ակտը տնտեսավարող սուբյեկտին առաքվել է փոստով։
8) Մինչև ակտը դատական կարգով վիճարկելը Ընկերությունը ստացել է նշված ակտը (ակտը վիճարկելու մասին դիմումը 15.08.2006 թվականին ներկայացվել է Դատարան)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգումն իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման նպատակը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների։
Այսինքն, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությանն ուղղված ստուգման դեպքում պետական մարմնի ղեկավարի ստուգում իրականացնելու մասին հրամանի կամ հանձնարարագրի օրինակը ստուգումն սկսելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ փոխարինող պաշտոնատար անձին չի հանձնվում, այն հանձնվում է ստուգումն իրականացնելուց հետո։ Հետևաբար, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությանն ուղղված ստուգումն իրականացվում է առանց տնտեսավարող սուբյեկտին նախապես տեղեկացնելու։
Սույն գործով դատարանը թույլ է տվել սխալ. գտել է, որ Ընկերությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությանն ուղղված ստուգում իրականացնող անձինք պարտավոր էին «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ստուգում իրականացնելու մասին հրամանի կամ հանձնարարագրի 2-րդ օրինակը հանձնել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին։
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ կազմված ակտն ստուգում իրականացնող անձինք երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնեն տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին։ Կազմված ակտն ստորագրում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը։ Տարաձայնությունների դեպքում կողմերի կարծիքներն արձանագրվում են ակտում։ Ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին ակտում կատարվում է համապատասխան գրառում։ Տնտեսավարող սուբյեկտի կողմից ակտն ստորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել երեք աշխատանքային օրը։ Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին։
Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման դեպքերում, երբ ստուգման ակտը, կազմելուց հետո օբյեկտիվ պատճառներով անհնարին է եղել այն հանձնել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին և Ծառայությունը բավարար միջոցներ ձեռնարկել է նման հանձնումը ապահովելու համար, Ծառայության կողմից ստուգման ակտը փոստի միջոցով ուղարկելն իրավաչափ է և չի կարող վարչական ակտի անվավերության հիմք հանդիսանալ։
Ավելին, սույն գործով հաստատված փաստերի հիման վրա ստուգմանը (ակտի կազմմանը) մասնակից է դարձվել Ընկերության աշխատակիցը, ստուգման մասին տեղյակ է եղել Ընկերության տնօրենը, հետևաբար Ընկերությունը զրկված չէր օրենքով սահմանված իր իրավունքները լիարժեք իրացնելու հնարավորությունից։
Վերը նշված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը և 6-րդ հոդվածի 2-րդ մասը։
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանի պալատը վերանայում է դատարանների վճիռները և որոշումները` վճռաբեկ բողոքում նշված հիմքերի uահմաններում։ Այս հոդվածի իմաստով, ելնելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի պահանջից («Գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները»), բողոքի հիմք հասկացության մեջ ներառված են նաև բողոքի հիմնավորումները։ Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում նման հիմնավորումների բացակայությունն ինքնին անհիմն է դարձնում բողոքի տվյալ հիմքը, և ՀՀ տնտեսական դատարանի կողմից նյութական իրավունքի կիրառման օրինականության ստուգման հիմքը բացակայում է։
3) բողոքն երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու հիմքերը սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածով, որի համաձայն՝ պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու համար հիմք են նշված ակտն օրենքին հակասելը և դիմողի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը։
Նշված նորմը սահմանում է վարչական ակտի՝ դատարանի կողմից անվավեր ճանաչման հնարավորություն՝ բացառապես այն դեպքերում, երբ միաժամանակ առկա են երկու հիմքեր (պայմաններ)։ Այդ հիմքերն են՝
1. ակտի հակասելը օրենքին,
2. դիմողի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտումը։
Յուրաքանչյուր դեպքում վարչական ակտի իրավաչափությունը վերը նշված հիմքերի սահմաններում որոշելիս դատարանը պետք է ստուգի՝
1. ակտն ընդունած մարմնի (դրա պաշտոնատար անձի) նման ակտ ընդունելու իրավասությունը,,
2. տվյալ ակտի նյութական իրավաչափությունը։
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ակտի նյութական իրավաչափությունը գնահատելիս դատարանը պետք է ստուգի գործի փաստերը (այդ թվում նաև՝ վարչական ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստերը) և գնահատի յուրաքանչյուր փաստի իրավական հետևանքները։
Վարչական ակտերի իրավաչափության դատական ստուգման վերը շարադրված կանոններում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանել է առանձնահատկություն։ Նշված օրինադրույթը սահմանում է, որ ըստ էության ճիշտ ակտը չի կարող անվավեր ճանաչվել միայն ձևական նկատառումներով։
Հետևաբար, վարչական ակտի անվավերության հարցի քննարկման ժամանակ դատարանը պարտավոր է ստուգել նաև հետևյալ իրավական հարցը. արդյոք ակտի անվավերության հիշատակված հիմքը «ձևական նկատառում» է, թե՞ ոչ։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածը` սահմանելով վարչական ակտի անվավերության հիմքերը, որպես նման հիմք է դիտում մասնավորապես, այնպիսի հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումը, որոնք իրենց էությամբ երաշխիքային են և որոնց խախտումը ստեղծում է անձի օրինական շահերի խախտման իրական վտանգ։
Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 7-րդ մասի իմաստով «ձևական նկատառում» չեն կարող հանդիսանալ, մասնավորապես այն խախտումները, երբ՝
1. վարչական ակտի համար հիմք են հանդիսացել, օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները,
2. խախտվել է անձի որևէ հիմնարար իրավունք կամ ազատություն,
3. խախտման արդյունքում անձը զրկվել է վարչական մարմնի հետ հարաբերությունում արդյունավետ պաշտպանության հնարավորությունից։
Սույն գործով ստուգման ակտը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ նրան փոխարինող անձին) հանձնելու՝ օրենքով սահմանված ժամկետի խախտումն առաջացրել է Ընկերության կողմից իրեն վերագրվող վարչական ակտին տեղեկանալու իրավունքի խախտում։
Անձի՝ վարչական ակտին տեղեկանալու իրավունքի խախտումը պաշտպանված է (երաշխավորված է) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքային նորմերով։ Դրանց համաձայն` այդ իրավունքի խախտման հետևանք է վարչական ակտն այն ստանալու հաջորդող օրը ուժի մեջ մտնելը։
Այս դեպքում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը չկատարելու հետևանքով վարչական մարմինը կրում է վարչական ակտի ուշ ուժի մեջ մտնելու արդյունքում առաջացող իրավական հետևանքի ռիսկը։
Միևնույն ժամանակ վարչական ակտի ուշ ուժի մեջ մտնելով չի խախտվում անձի որևէ երաշխավորված իրավունք, քանի որ այդ ակտով սահմանված, փոփոխված, վերացված կամ ճանաչված իրավունքների և պարտականությունների ծագման հիմք է հանդիսանում վարչական ակտի ուժի մեջ մտնելը։ Այդ պահից սկսած էլ առաջանում է անձի` օրենքով երաշխավորված իրավական պաշտպանության միջոցներից օգտվելու իրավական հնարավորությունը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի այս հիմքում հիշատակված խախտումն (վարչական ակտի ուշ ստացում) իր էությամբ չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ և 162-րդ հոդվածի 7-րդ մասի համակցությամբ որպես վարչական ակտի անվավերության հիմք բնութագրվող խախտմանը և հետևաբար չի կարող հիմք հանդիսանալ նման ճանաչման համար։
Այսպիսով, սույն բողոքի առաջին և երրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 05.09.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ | |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան | |
Ս. Սարգսյան | ||
Է. Հայրիյան | ||
|
Ս. Անտոնյան | |
|
Վ. Աբելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|