Գլխավոր տեղեկություն
Номер
N 138-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.10.2022-18.11.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.12/14(249) Հոդ.233
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.02.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.02.2003
Дата вступления в силу
13.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 30.01.20 N 79-Ն)

6 փետրվարի 2003 թվականի N 138-Ն

«ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 30.01.20 N 79-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 290.210.03025) վերանվանել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(1-ին կետը փոփ. 05.03.20 N 249-Ն)

2. Հաստատել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 05.03.20 N 249-Ն)

3. Թույլատրել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող ու այլ հողօգտագործողների հողատեսքերում ագրոքիմիական հետազոտությունների կատարում և հրահանգների կազմում.

2) բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշում ու որակի գնահատում.

3) պարարտանյութերի քիմիական հետազոտությունների կատարում և որակի գնահատում.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված՝ իր լաբորատորիայի միջոցով իրականացնել ներկրվող և տեղում արտադրվող պարարտանյութերի որակական ցուցանիշների որոշմանն ուղղված փորձաքննություն և տվյալների հիման վրա կազմել ու տալ փորձաքննության արձանագրություն.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան՝ գյուղատնտեսական նշանակության հողերի առուվաճառքի, փոխանակման և միավորման գործարքի կնքում, գործարքի փաստաթղթերի նախապատրաստում և կողմերի ներկայացուցչության ապահովում` համապատասխան լիազորագրերի հիման վրա:

(3-րդ կետը փոփ. 05.03.20 N 249-Ն, լրաց. 20.10.22 N 1636-Ն)

4. «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 05.03.20 N 249-Ն)

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը։ Կազմակերպության գրանցման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:

(5-րդ կետը փոփ. 05.03.20 N 249-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

փետրվարի 6-ի N 138-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշմամբ։

3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:

4. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, սահմանված կարգով բացված բանկային հաշիվներ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ (հայերեն, ռուսերեն, անգլերեն) կլոր կնիք ու դրոշմակնիք:

5. Կազմակերպությունն ունի իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:

7. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփական գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

9. Կազմակերպության անվանումն է՝

հայերեն լրիվ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

հայերեն կրճատ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ.

ռուսերեն լրիվ՝ Государственная некоммерческая организация «Центр по оказанию услуг в области сельского хозяйства».

ռուսերեն կրճատ՝ ГНКО «Центр по оказанию услуг в области сельского хозяйства».

անգլերեն լրիվ՝ «Centre of the Agricultural Services» State Non-Commercial Organization.

անգլերեն կրճատ՝ «Centre of the Agricultural Services» SNCO:

10. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Էրեբունի 12:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

11. Կազմակերպության գործունեության առարկան է՝

1) կայուն անասնահամաճարակային վիճակն ապահովելը, ինչպես նաև մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչությանը զերծ պահելը.

2) վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների նպատակաուղղվածությունը և արդյունավետությունը բարձրացնելը.

3) բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշումն ու որակի ցուցանիշների գնահատումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացում՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կոնսոլիդացման, առուվաճառքի, փոխանակման և միջնորդության միջոցով:

(11-րդ կետը լրաց. 20.10.22 N 1636-Ն)

12. Կազմակերպության գործունեության նպատակն է՝

1) անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության ապահովումը, կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատումը, արտահանման և ներկրման գործընթացի խթանումը.

2) հետազոտությունների, մշտադիտարկումների միջոցով հանրապետությունում բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերումը, հաշվառումը, տարածման արեալի և վնասակարության տնտեսական շեմերի ճշտումը, տարածման կանխարգելումն ու այդ աշխատանքներին մասնագիտական աջակցության ցուցաբերումը.

3) գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր և առողջ բերքի ստացումը, ինչպես նաև պարարտանյութերի և կենսախթանիչների լաբորատոր հետազոտությունների իրականացումն ու դրանց որակի ցուցանիշների գնահատումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան՝ գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման մակարդակի կրճատում, մասնատվածության մակարդակի նվազեցում, օգտագործման արդյունավետության բարձրացում և հողերի շուկայի զարգացում:

(12-րդ կետը լրաց. 20.10.22 N 1636-Ն)

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Կազմակերպությունը՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական պատվերի ծրագրի շրջանակներում ապահովում է կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների իրականացումը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, օրենքով սահմանված կարգով, կնքում է անասնաբուժական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր՝ հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման նպատակով.

3) անասնաբուժական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր կնքած՝ հակաանասնահամաճարակային միջոցառումներ իրականացնող համայնքը(ները) սպասարկող անասնաբույժներն օրենքով սահմանված կարգով տրամադրում են անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր.

4) ապահովում է կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և վարակիչ օջախների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքները.

5) կազմակերպում է օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների իրականացման աշխատանքները.

6) իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և անձնագրավորման աշխատանքներ.

7) իրականացնում է բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիր.

8) իրականացնում է դաշտերում, այգիներում և պահուuտային ֆոնդի հողահանդակներում, բույuերի, բուuական արտադրանքի, գյուղատնտեuական մշակաբույuերի արտադրության, պահպանման ու իրացման վայրերում և այլն (անկախ uեփականության ձևից) հետազոտություններ (մոնիթորինգ)՝ բույuերի կարանտին oրգանիզմների հայտնաբերման, դրանց տարածման արեալի ճշտման, oջախների մեկուuացման և կարանտին միջոցառումների իրականացման նպատակով.

9) իրականացնում է բուսասանիտարական դիտարկումներ՝ հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի բուսասանիտարական վիճակի գնահատում.

10) իրականացնում է բույսերի վնասակար օրգանիզմների` մկնանման կրծողների, մորեխների (ընդհանուր ծավալի 75-80 տոկոսը), ինչպես նաև բազմամյա տնկարկների հիմնական վնասատուների ու հիվանդությունների (լվիճներ, տզեր, վահանակիրներ, պտղակերներ, տերևակերներ, քոս, ծակոտկեն բծավորություն, գանգրոտություն, մոնիլիոզ, միլդիու, օիդիու, ողկուզակեր, ոստայնատիզ), բանջարաբոստանային (լվիճներ, տզեր, կեղծ ու իսկական ալրացող, թառամումներ) և հացահատիկային (քարամրիկ, փոշեմրիկ, գաճաճային մրիկ, ժանգեր) մշակաբույսերի հիմնական վնասատուների ու հիվանդությունների հայտնաբերում, հաշվառում, տարածման արեալների և վնասակարության տնտեսական շեմերի ճշտում, պայքարի ճիշտ ժամկետների մասին ահազանգման, տարածման կանխարգելման աշխատանքներ.

11) հետազոտում և գնահատում է գյուղատնտեսական նշանակության հողերի ագրոքիմիական վիճակը, անհրաժեշտության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և հողօգտագործողներին իրազեկում հողերում սննդատարրերի քանակի և դրանց պակասի համալրման միջոցառումների մասին.

12) մասնակցում է գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության պահպանման ու անընդմեջ վերարտադրության ապահովման միջոցառումների ծրագրերի մշակման աշխատանքներին և իրականացնում է ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցառումները.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված՝ իր լաբորատորիայի փորձաքննության տվյալների հիման վրա վերահսկող մարմիններին և գործարարներին տալիս է եզրակացություն՝ ներկրվող և տեղում արտադրվող պարարտանյութերի որակական ցուցանիշների վերաբերյալ.

13․1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան՝ հողերի առուվաճառքի, փոխանակման և միջնորդության միջոցով իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) ծրագրեր, այդ ծրագրերի շրջանակներում իր կողմից ձեռք բերված հողերի բարելավման աշխատանքներ, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքում է հողերի նկատմամբ գործարքների (առուվաճառքի, փոխանակման, միավորման) կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման վճարովի մատուցման պայմանագրեր.

14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ։

(13-րդ կետը լրաց. 20.10.22 N 1636-Ն)

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են՝

1) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող ու այլ հողօգտագործողների հողատեսքերի ագրոքիմիական հետազոտությունների կատարումը և հրահանգների կազմումը.

2) բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշումն ու որակի գնահատումը.

3) պարարտանյութերի քիմիական հետազոտությունների կատարումը և որակի գնահատումը.

4) որակյալ ագրոքիմիական քարտեզների և տվյալ հողատեսքերում, կախված սննդատարրերով ապահովվածության մակարդակից, ըստ մշակաբույսերի պարարտանյութերի կիրառման չափաքանակների՝ գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերի տրամադրում.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված՝ իր լաբորատորիայի միջոցով իրականացնում է ներկրվող և տեղում արտադրվող պարարտանյութերի որակական ցուցանիշների որոշմանն ուղղված փորձաքննություն և տվյալների հիման վրա կազմում և տալիս է փորձաքննության արձանագրություն.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան՝ գյուղատնտեսական նշանակության հողերի առուվաճառքի, փոխանակման և միավորման գործարքի կնքում, գործարքի փաստաթղթերի նախապատրաստում և կողմերի ներկայացուցչության ապահովում` համապատասխան լիազորագրերի հիման վրա:

(14-րդ կետը լրաց. 20.10.22 N 1636-Ն)

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Կազմակերպության կառավարման մարմիններն են՝

1) հիմնադիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.

3) գործադիր մարմինը (տնօրենը)։

16. Կազմակերպության հիմնադիրն իրավունք ունի վերջնական լուծում տալու կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նրա բացառիկ լիազորություններն են՝

1) կազմակերպության ստեղծումը, կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.

2) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

4) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:

17. Լիազորված պետական մարմինը՝

1) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմը.

2) իրականացնում է կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

3) իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում դրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

4) ձևավորում է կազմակերպության կառավարման մարմինները, վաղաժամկետ դադարեցնում նրանց լիազորությունները.

5) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության գործունեության նկատմամբ.

6) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, կարգադրությունները և ցուցումները.

7) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրա գործունեության վերստուգման արդյունքները.

8) վերահսկողություն է իրականացնում պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

9) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, ինչպես նաև օրենքով, հիմնադրի որոշմամբ համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

10) հաստատում է կազմակերպության տարեկան նախահաշիվները, հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

18. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

19. Կազմակերպության տնօրենն իրեն վերապահված լիազորության սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։

20. Լիազորված պետական մարմնի ղեկավարը հիմնադրի անունից կազմակերպության տնօրենի գործառույթներ իրականացնող անձի հետ կնքում է պայմանագրեր:

21. Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

22. Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:

23. Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու և պարտականությունները չկատարելու համար:

24. Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել վերադաս կառավարման մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանք չկատարելու համար չի կարող ենթարկվել պատասխանատվության։

25. Կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում, նրան պաշտոնում նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

26. Կազմակերպության տնօրենը պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:

27. Կազմակերպության տնօրենը՝

1) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

5) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

6) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

7) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է պետական կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

8) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման մարմիններին չվերապահված մյուս լիազորությունները.

10) հաստատում է կազմակերպության մասնաճյուղերի կանոնադրությունները.

11) նշանակում է մասնաճյուղերի ղեկավարներին և տալիս համապատասխան լիազորագրեր:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

28. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող և իր գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:

29. Կազմակերպությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենքներին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

29․1. Սույն կանոնադրության 13-րդ կետի 13․1-ին ենթակետով նախատեսված գործառույթի իրականացման արդյունքում ձեռք բերված գյուղատնտեսական նշանակության հողերը և դրանց վաճառքից ստացված գումարները կազմակերպությունն իրավունք ունի տիրապետել, տնօրինել և օգտագործել միայն հիմնադրի կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերի պահանջներին համապատասխան:

(29.1-ին կետը լրաց. 20.10.22 N 1636-Ն)

30. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

31. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

32. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում՝ միայն դատական կարգով:

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

33. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ և անհատույց ամրացվում է գույք:

34. Կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և անհատույց օգտագործման հանձնելու:

35. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից վարձակալության հանձնելու:

36. Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

37. Ամրացված գույքի վարձակալության արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են:

38. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են:

39. Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

40. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության կողմից օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

41. Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:

42. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության կողմից օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

VIII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

43. Կազմակերպության շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար հետևյալ ուղղություններով՝

1) կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.

2) կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում՝ հիմնական միջոցների ձեռքբերում.

3) կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում և նշված դասընթացներին աշխատողների մասնակցության ապահովում.

4) հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ նպատակներով։

 

IX. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

44. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

45. Կազմակերպությունը պարտավոր է իր պաշտոնական կայքէջում հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

 

X. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

46. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

47. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

48. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաև սնանկության հետևանքով:

49. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

50. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

(հավելվածը լրաց. 20.10.22 N 1636-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան