Գլխավոր տեղեկություն
Номер
N 1627-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.10.2022-18.11.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.10.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.10.2022
Дата вступления в силу
21.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2022 թվականի N 1627-Ա

 

«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 12-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն):

2. Սահմանել, որ՝

1) ընկերությունը հանդիսանալու է կազմակերպության իրավահաջորդը, և վերջինիս իրավունքներն ու պարտականությունները ընկերությանն են անցնում փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են կազմակերպության միջոցների հաշվին:

3. Կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կենտրոն, Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող անշարժ և շարժական գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել կազմակերպությունից, և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղ. Երևան, Կենտրոն, Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող անշարժ գույքը՝ 46335.7 քառ. մետր մարզամշակութային կենտրոն, 40.0 քառ. մետր և 50.0 քառ. մետր օժանդակ շինություններ, 2800.0 քառ. մետր ջրավազան և աստիճաններ, 3851.3 քառ. մետր ջրավազան և դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 9.457789 հա հողամաս (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N23092019-01-0009 վկայական) (այսուհետ՝ անշարժ գույք), ինչպես նաև շարժական գույքը՝ համաձայն N 2 հավելվածի, 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ընկերությանը։

4. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 500,000.0 հազ. դրամ, որը բաժանված է 25000 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 20.0 հազ. դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

5. Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում՝

ա. լուծել կազմակերպության հետ 2016 թվականի հուլիսի 20-ին կնքված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի զբոսայգի հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 74/0016 պայմանագիրը, 2016 թվականի նոյեմբերի 25-ին, 2020 թվականի նոյեմբերի 11-ին և 2021 թվականի ապրիլի 15-ին կնքված շարժական գույքի անհատույց օգտագործման համապատասխանաբար թիվ 122/0016, 03/2020 և 01/2021 պայմանագրերը՝ պայմանագրերի դադարեցման հետ կապված ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին,

բ. հաստատել վերակազմավորման կարգը և պայմանները, փոխանցման ակտը,

գ. հաստատել ընկերության կանոնադրությունը,

դ. ապահովել սույն որոշման 3-րդ կետով սահմանված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները,

ե. ապահովել ընկերության պետական գրանցումը,

զ. ապահովել կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը.

2) ընկերության ստեղծումից հետո 2-ամսյա ժամկետում ընկերության հետ կնքել անշարժ գույքի և սույն որոշման N 2 հավելվածի շարժական գույքի անհատույց օգտագործման տրամադրման պայմանագրեր, անշարժ գույքի տրամադրման պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:

7. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» և «է» կետերի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ընկերությանն օգտագործման իրավունքով հանձնված անշարժ գույքի վարձակալությունից մուտքագրված միջոցների 100 տոկոսը՝ եռամսյակային կտրվածքով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից որպես լրացուցիչ հատկացում տրամադրել ընկերությանը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 20-ի N 1627-Ա որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 20-ի N 1627-Ա որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.09.2024, N 1440-Ա 13.09.2024, N 1627-Ա
17.11.2023, N 1996-Ա 18.11.2023, N 1627-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան