Գլխավոր տեղեկություն
Номер
N 1808-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2023-01.07.2023)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 24.11.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.11.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.11.2022
Дата вступления в силу
01.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2022 թվականի N 1808-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆԴԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՆԴԻԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է սույն որոշման 6-րդ կետի համաձայն)

 

Ղեկավարվելով «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-5-րդ կետերի, 47-րդ հոդվածի, N 7 հավելվածի 50-րդ և 51-րդ կետերի, «Սնդիկի մասին» օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Սահմանել Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան ապահովել վերահսկողություն սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգերով նախատեսված արգելքների և սահմանափակումների պահպանման նկատմամբ։

4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգերով նախատեսված արգելքները և սահմանափակումները տարածվում են Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2805 40 100 0 և 2805 40 900 0 ծածկագրերին դասվող սնդիկի վրա։

5. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման ընդունման մասին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1808-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆԴԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ երկրների տարածք ներքին փոխադրման կարգի հետ կապված հարաբերությունները։

2. «Սնդիկի մասին» օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքից սնդիկի արտահանումը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածք ներքին փոխադրումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից տրամադրված սնդիկի արտահանման համաձայնության առկայության դեպքում։

4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված համաձայնությունն ստանալու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ հայտատու) լիազոր մարմին են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով ձևավորված էլեկտրոնային հայտը և «PDF» ձևաչափով թվայնացված հետևյալ փաստաթղթերը՝

1) սնդիկի արտահանման նպատակը ներկայացնող տեղեկանք.

2) առևտրային փաստաթղթեր (պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր).

3) բեռնափոխադրման պայմանագիր.

4) ապրանքի ծագման սերտիֆիկատ.

5) «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի կողմ (այսուհետ՝ կոնվենցիայի կողմ) հանդիսացող երկիր արտահանման դեպքում կողմ հանդիսացող երկրի լիազոր մարմնի գրավոր համաձայնությունն առ այն, որ սնդիկն օգտագործվելու է կոնվենցիայով ներմուծող կողմին թույլատրված եղանակով կամ էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով.

6) կոնվենցիայի կողմ չհանդիսացող երկիր արտահանման դեպքում ներմուծող երկրի գրավոր համաձայնությունը, ինչպես նաև հավաստագիր առ այն, որ ձեռնարկվել են միջոցներ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար և ներմուծվող սնդիկն օգտագործվելու է միայն այն եղանակով, որը կոնվենցիայով թույլատրված է կողմ հանդիսացող երկրներին կամ ներմուծվելու է էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով.

7) ավտոմոբիլային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում տրանսպորտի բնագավառի քաղաքականությունը մշակող մարմնի կողմից «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվությունը.

8) երկաթուղային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում բեռնառաքիչ (բեռնափոխադրող) կազմակերպության ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի N 892-Ն որոշմամբ սահմանված կարգով ստորագրված և հաստատված վտանգավոր բեռի բնութագիրը.

9) օդային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում տրանսպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակման համար լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշմամբ սահմանված կարգով վտանգավոր բեռների և դրանց օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին տրված թույլտվությունը։

5. Լիազոր մարմինը սնդիկի արտահանման վերաբերյալ համաձայնությունը կամ մերժումը կամ փաստաթղթերի փաթեթի լրակազմման, հայտի ու փաստաթղթերի տվյալների ճշգրտման առաջարկը տրամադրում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված հայտը և փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի միջոցով։

6. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերի և տվյալների թերի կամ ոչ արժանահավատ լինելու դեպքում լիազոր մարմինը, նշելով հայտում և հայտին կից ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները, հայտատուին առաջարկում է 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը կամ ճշգրտված տվյալները։

7. Ֆիզիկական անձանց (բացառությամբ սնդիկի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող, սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից սնդիկի արտահանումը, այդ թվում՝ փոխադրումը ԵԱՏՄ անդամ պետության տարածք, արգելվում է։

8. Ֆիզիկական անձանց կողմից սնդիկի արտահանման համար ներկայացված հայտը մերժվում է լիազոր մարմնի կողմից սույն կարգի 7-րդ կետով սահմանված հիմքով։

9. Սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը կամ ճշգրտված տվյալները լիազոր մարմին չներկայացնելու դեպքում հայտատուն կարող է ներկայացնել նոր հայտ՝ սույն կարգի 4-րդ կետով սահմանված դրույթներին համապատասխան։

10. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով սահմանված համաձայնությունը հայտատուին տրամադրելուց կամ մերժելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

24.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1808-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՆԴԻԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքից ներքին փոխադրման կարգի հետ կապված հարաբերությունները։

2. «Սնդիկի մասին» օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Հայաստանի Հանրապետության տարածք սնդիկի ներմուծումը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքից փոխադրումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի կողմից տրամադրված սնդիկի ներմուծման միանգամյա (մեկանգամյա) լիցենզիայի առկայության դեպքում։

4. Միանգամյա լիցենզիա ստանալու համար սնդիկ ներմուծող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիազոր մարմին են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով ձևավորված էլեկտրոնային հայտ:

5. Սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիայի ձևակերպման համար, բացի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածի 12-րդ կետով և 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերից և տեղեկություններից, հայտատուն «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով ձևավորված հայտին կից լիազոր մարմին է ներկայացնում «PDF» ձևաչափով թվայնացված հետևյալ փաստաթղթերը՝

1) կոնվենցիայի կողմ չհանդիսացող երկրի հավաստող գրությունն առ այն, որ ներմուծվող սնդիկը չի հանդիսանում կոնվենցիայով անթույլատրելի ճանաչված աղբյուրներից՝ սնդիկի հիմնական արդյունահանումից կամ քլոր-ալկալիական արտադրության կայանքների ապամոնտաժումից առաջացած սնդիկ.

2) ավտոմոբիլային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում տրանսպորտի բնագավառի քաղաքականությունը մշակող մարմնի կողմից «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվությունը.

3) երկաթուղային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում բեռնառաքիչ (բեռնափոխադրող) կազմակերպության ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի N 892-Ն որոշմամբ սահմանված կարգով ստորագրված և հաստատված վտանգավոր բեռի բնութագիրը.

4) օդային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում տրանսպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակման համար լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշմամբ սահմանված կարգով վտանգավոր բեռների և դրանց օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին տրված թույլտվությունը։

6. Սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթուղթը կամ փաստաթղթերն ստանալու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը գրավոր դիմում են արտահանող երկրի արդյունաբերության (հանքարդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն) և թափոնների կառավարման ոլորտներում լիազորված մարմիններին մինչև տվյալ երկրից սնդիկի արտահանման գործընթաց սկսելը։

7. Սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված դրույթներին համապատասխան։

8. Սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիան ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման N 9 հավելվածի Ձև N 9 և Ձև N 10 ձևանմուշներին համապատասխան։

9. Ֆիզիկական անձանց (բացառությամբ սնդիկի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող, սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի) կողմից Հայաստանի Հանրապետության տարածք սնդիկի ներմուծումը, այդ թվում՝ փոխադրումը ԵԱՏՄ անդամ պետության տարածքից, արգելվում է։

10. Լիազոր մարմինը սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժում է միանգամյա լիցենզիա ստանալու հայտը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածի 14-րդ և սույն կարգի 9-րդ կետերով սահմանված հիմքերով։

11. Սնդիկի նկատմամբ չեն կիրառվում «Հրաժարում՝ հօգուտ պետության», «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «Մաքսային պահեստ», «Անմաքս առևտուր», «Ոչնչացում» մաքսային ընթացակարգերը։

12. Լիազոր մարմինը սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիա տրամադրելուց կամ մերժելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

24.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան