ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2022 թվականի N 1699-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) որոշակի բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր օթևանի տեսակները, կացարանով ապահովելու կարգը, պայմանները և չափորոշիչները՝ համաձայն N 4 հավելվածի».
2) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1699-Ն որոշման |
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման |
ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով կարգավորվում են որոշակի բնակության վայր չունեցող անձանց (այսուհետ` անօթևան անձ) ժամանակավոր օթևանի տարբեր տեսակներում՝ ընդհանուր տիպի օթևանում, hատուկ (մասնագիտացված) օթևանում, ընդունիչ-ախտորոշիչ կենտրոնում, ճգնաժամային կենտրոնում կացարանով ապահովման և սոցիալական այլ ծառայություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները։
2. Սույն հավելվածի իմաստով շահառու է համարվում այն անձը, ով՝
1) չունի բնակվելու վայր կամ ընտանիքում առկա միջանձնային հարաբերությունների հետևանքով առաջացած անհաղթահարելի խոչընդոտների պատճառով ի վիճակի չէ բնակվել իր մշտական բնակության վայրում կամ ձեռք բերել բնակարան կամ սոցիալապես ու հոգեբանորեն մեկուսացված է, կարիք ունի կացարանի և այլ սոցիալական ծառայությունների.
2) ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով կամ արտակարգ իրավիճակներում օթևանից զրկվել ու անօգնական վիճակում է հայտնվել, ունի կացարանով ապահովման, հրատապ ու անհետաձգելի սոցիալական աջակցության կարիք:
3. Ընդհանուր տիպի օթևանը նախատեսված է 18 տարին լրացած մշտական կամ մշտական կամ փաստացի բնակության վայր չունեցող, հոգեկան առողջության ակնհայտ խնդիրներ չունեցող անօթևան անձանց համար՝ սույն հավելվածի 26-րդ կետով սահմանված դեպքերում նաև՝ 18 տարին չլրացած անձանց հետ (առկայության դեպքում)՝ սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական կարիքների բավարարման և բնականոն կենսագործունեության ապահովման համար, միտված է անօթևան անձի կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը, իսկ հայտնվելու պարագայում՝ նրա սոցիալական ներառմանը։
4. Հատուկ (մասնագիտացված) օթևանը նախատեսված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անօթևան անձանց համար, որոնց բժշկական ախտորոշումներն օրենսդրությամբ սահմանված կարգով համարվում են հակացուցումներ ընդհանուր տիպի օթևան ընդունվելու համար։
5. Ընդունիչ-ախտորոշիչ կենտրոնը սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված օթևանների տեսակների միջև միջանկյալ օղակ է՝ նախատեսված անձի ինքնությունը չպարզված անօթևան անձանց անհետաձգելի սոցիալական աջակցություն տրամադրելու՝ կացարանով, ախտորոշիչ ծառայություններով և կենսական անհրաժեշտ օգնությամբ ապահովելու, հոգեկան առողջության և սոցիալական կարիքները գնահատելու, կարգավիճակը ճշտելու և սոցիալական համապատասխան ծառայություն ուղղորդելու համար։
6. Ճգնաժամային կենտրոնը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով կամ արտակարգ իրավիճակներում օթևանից զրկվելու հետևանքով հայտնվել են անօգնական վիճակում, կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում, երբ պահանջվում է արագ արձագանք և անհետաձգելի սոցիալական աջակցության տրամադրում։ Ճգնաժամային կենտրոնում ապահովում են կացարանով, տրամադրում խնամք և սոցիալական այլ ծառայություններ։
7. Ժամանակավոր օթևանը կարող է ստեղծվել տարբեր համայնքներում՝ անօթևան անձանց քանակով պայմանավորված։
8. Շահառուներին սույն հավելվածով նախատեսված ծառայությունները կարող են տրամադրվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև վերջիններիս ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիր կնքած, ինչպես նաև՝ պայմանագիր չկնքած կազմակերպությունների կողմից՝ օրենսդրությամբ, սույն հավելվածով, այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:
9. Ժամանակավոր օթևանում սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով տվյալ գործունեությունը լիազորված պետական մարմնում հավաստագրած կազմակերպությունները: Ընդ որում, հատուկ (մասնագիտացված) օթևանում կացարանով ապահովող կազմակերպությունը պետք է ունենա նաև գործունեության տվյալ տեսակի վերաբերյալ բժշկական օգնություն տրամադրելու լիցենզիա։
10. Ժամանակավոր օթևանում սոցիալական ծառայություններով ապահովելու նպատակը շահառուին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը կանխարգելելու, կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կացարան, հրատապ սոցիալական, բնաիրային և բժշկական օգնություն տրամադրելը։
11. Կացարանով ապահովվում են՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձը՝ սույն հավելվածով:
12. Ժամանակավոր օթևանում կացարանով ապահովում են հետևյալ ժամկետով՝
1) ընդհանուր տիպի օթևանում՝ մինչև 90 օրացուցային օր.
2) hատուկ (մասնագիտացված) օթևանում՝ մինչև 180 օրացուցային օր.
3) ընդունիչ-ախտորոշիչ կենտրոնում՝ մինչև 30 օրացուցային օր.
4) ճգնաժամային կենտրոնում՝ մինչև 180 օրացուցային օր։
13. Կացարանով ապահովում իրականացվում է անօթևան անձի կամ նրա ներկայացուցչի համաձայնությամբ՝ բացառությամբ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, երբ անօթևան անձին կացարանով ապահովում են առանց տվյալ անձի կամ նրա ներկայացուցչի համաձայնության:
2. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
14. Ժամանակավոր օթևանը պետք է ապահովված լինի օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով:
15. Ժամանակավոր օթևանը պետք է հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար:
16. Կացարանով ապահովող կազմակերպությունը պետք է ունենա ներքին կարգապահական կամ համակեցության կանոններ (այսուհետ՝ կանոններ)՝ հաստատված կազմակերպության համապատասխան լիազորություններով օժտված մարմնի (կամ պաշտոնատար անձի) կողմից:
17. Կազմակերպությունը պետք է ունենա շուրջօրյա գործող հեռախոսակապ` թեժ գիծ, որի համարը, ինչպես նաև ժամանակավոր օթևանի հասցեն պետք է փակցված լինեն հասարակական վայրերում, միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ) տարածքային կենտրոններում, ոստիկանության բաժանմունքներում, սահմանային անցակետերում և, մասնավորապես, այն վայրերում, որտեղ հիմնականում գիշերում են անօթևան անձինք: Կազմակերպությունը, անհրաժեշտության դեպքում, պետք է սեփական տրանսպորտային միջոցով կամ պատվիրակմամբ կազմակերպի անօթևան անձին ժամանակավոր օթևան կամ ժամանակավոր օթևանում բնակվող շահառուին ստացիոնար բժշկական կազմակերպություն տեղափոխումը։
18. Ժամանակավոր օթևանի պահպանությունը կարող է իրականացվել գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ծառայությունը ոստիկանությանը պատվիրակելու միջոցով:
19. Կազմակերպությունը համագործակցում է ոստիկանության, ՄՍԾ, բժշկական (այդ թվում` հոգեբուժական) խնամքի հաստատությունների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունների հետ:
3. ԱՆՕԹԵՎԱՆ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
20. Ժամանակավոր օթևանում կացարանով ապահովում իրականացվում է՝
1) անձի կամ իր ներկայացուցչի (գրավոր լիազորագրի առկայությամբ՝ առանց նոտարական վավերացման), կամ դատարանի կողմից անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝ իր խնամակալի ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա (համաձայն N 1 ձևի).
2) ոստիկանության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, խնամակալության ու հոգաբարձության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր ու բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների և այլ աղբյուրների հիման վրա.
3) կազմակերպության նախաձեռնությամբ.
4) ՄՍԾ տարածքային կենտրոնի ուղղորդմամբ։
21. Կազմակերպությունն անօթևան անձի մասին տեղեկություն կարող է ստանալ տվյալ անձից, ՄՍԾ տարածքային կենտրոններից, ոստիկանությունից, խնամակալության ու հոգաբարձության մարմիններից, պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմիններից, իրավաբանական ու ֆիզիկական այլ անձանցից, զանգվածային լրատվության միջոցներից և այլ աղբյուրներից:
22. Այն դեպքում, երբ անօթևան անձի վերաբերյալ ստացվում է տեղեկություն սույն հավելվածի 20-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աղբյուրներից, ինչպես նաև առկա է հավաստի տեղեկություն, որ անօթևան անձն ի վիճակի չէ ինքնուրույն գալ ժամանակավոր օթևան, ապա կազմակերպությունը ոչ ուշ, քան համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում իրականացնում է իրավիճակի ուսումնասիրություն՝ տեղեկությամբ հայտնի դարձած վայրում անօթևան անձի հայտնաբերման, անհրաժեշտ օգնության տրամադրման և ժամանակավոր օթևան տեղափոխելու համար:
23. Այն դեպքում, երբ անօթևան անձը (կամ նրա ներկայացուցիչը) կացարանով ապահովելու մասին գրավոր դիմումը ներկայացնում է ժամանակավոր օթևանի գտնվելու վայրից դուրս տեղակայված՝ կազմակերպության մշտական գործող մարմնի գտնվելու վայր, ապա կազմակերպությունն իրականացնում է անձի տեղափոխումը:
24. Անհրաժեշտության դեպքում, կազմակերպության և ՄՍԾ տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողներն օգնում են անօթևան անձին լրացնել դիմումում պահանջվող տվյալները: Եթե դիմումատուն, օրգանիզմի ֆունկցիաների սահմանափակման կամ մտավոր խնդիրներով պայմանավորված, կամ տառաճանաչ չլինելու, կամ այլ օբյեկտիվ պատճառներով, չի կարող անձամբ լրացնել դիմումը, ապա դիմումում պահանջվող տվյալները լրացվում են սույն կետում նշված մասնագետի կողմից, ինչի վերաբերյալ դիմումում կատարվում է հատուկ նշում:
25. Այն դեպքում, երբ հնարավոր չէ անօթևան անձի տեղափոխումը ժամանակավոր օթևան՝ դրանում միաժամանակյա բնակվողների առավելագույն թվով կամ սույն հավելվածով նախատեսված այլ հանգամանքներով պայմանավորված, կամ անօթևան անձը հրաժարվում է ժամանակավոր օթևան տեղափոխվելուց, ապա կազմակերպությունը դրա մասին ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում տեղեկացնում է ՄՍԾ տվյալ տարածքն սպասարկող տարածքային կենտրոն, ինչպես նաև սույն հավելվածի 20-րդ կետի 2-րդ ենթակետում նշված այն մարմիններին կամ անձանց, որոնցից ստացել էր տեղեկությունը տվյալ անօթևան անձի մասին, և անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես կանչում է շտապ բժշկական օգնություն:
26. Անօթևան չափահաս անձի հետ միասին կացարանով ապահովվում է նաև այն երեխան, ով տվյալ չափահաս անձի փաստացի խնամքի տակ է կամ, ում օրինական ներկայացուցիչը տվյալ չափահաս անձն է, եթե դա բխում է երեխայի շահերից, և ժամանակավոր օթևանը բավարարում է երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ սոցիալական նվազագույն չափորոշիչները, ունի ժամանակավոր օթևանում բնակվող այլ շահառուներից տվյալ երեխայի՝ առանձին բնակվելու համար անհրաժեշտ կոմունալ պայմաններ: Անօթևան երեխայի հետ միասին կացարանով ապահովվում է նաև այն չափահաս անձը, ով տվյալ երեխայի օրինական ներկայացուցիչն է կամ ում փաստացի խնամքի տակ է տվյալ երեխան, եթե դա բխում է երեխայի շահերից, և ժամանակավոր օթևանն ունի այնտեղ բնակվող այլ երեխաներից տվյալ չափահաս անձի՝ առանձին բնակվելու համար անհրաժեշտ կոմունալ պայմաններ:
27. Ժամանակավոր օթևան չի թույլատրվում բերել հրազեն, այն համալրող դետալներ, սառը զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, դյուրավառ կամ այրիչ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (բացառությամբ hատուկ (մասնագիտացված) օթևան ընդունվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անօթևան անձի մոտ առկա՝ հոգեբույժի կողմից նշանակված դեղերի), ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքեր: Սույն կետում նշված առարկաների կամ նյութերի հայտնաբերման դեպքում, կազմակերպության համապատասխան լիազորություններով օժտված աշխատակիցը դրա մասին անմիջապես իրազեկում է ոստիկանությանը:
28. Անօթևան անձին կացարանով ապահովումը կատարվում է շուրջօրյա:
29. Անօթևան անձի՝ ժամանակավոր օթևան տեղափոխվելուց անմիջապես հետո նրան զննում է կազմակերպության բժիշկը և տալիս եզրակացություն տվյալ անձին սանիտարահիգիենիկ միջոցառումներ իրականացնելու և հատուկ առանձնացված սենյակում տեղավորելու անհրաժեշտության (կամ բացակայության) վերաբերյալ: Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին ժամանակավոր օթևան տեղափոխվելու դեպքում անօթևան անձը տեղավորվում է հատուկ առանձնացված սենյակում՝ մինչև կազմակերպության բժշկի կամ բժշկական հաստատության կողմից նրա առողջական վիճակի մասին եզրակացության տրամադրումը:
30. Անօթևան անձին ընդհանուր տիպի օթևան ընդունելիս՝ զննման արդյունքում կամ համապատասխան բժշկական հաստատության կողմից տրամադրված եզրակացության համաձայն շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի կամ հայտնաբերման դեպքում (ներառյալ՝ բարձր ջերմությունը, հոգեկան և վարքային խանգարումները, անհայտ ծագման ցանը, իր կամ շրջապատի համար վտանգավոր շեղված վարքի դրսևորումները և (կամ) ակնհայտ հոգեկան խանգարումը), ընդհանուր տիպի օթևանի բժիշկը կամ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ՝ օրվա հերթապահը) անմիջապես կանչում է շտապ բժշկական օգնություն՝ տվյալ անձին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու համար, և դրա մասին անհրաժեշտության դեպքում անմիջապես իրազեկում է խնամակալության և հոգաբարձության մարմնին, ինչպես նաև տվյալ անձի օրինական ներկայացուցչին (առկայության դեպքում):
31. Անօթևան անձի ընդունելությունը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի հրամանով՝
1) ընդհանուր տիպի օթևանում՝ սույն հավելվածի 30-րդ կետի համաձայն՝ համապատասխան բժշկական հաստատություն ուղղորդելու և դրա կողմից «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 30-րդ հոդվածով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների բացակայության մասին նրա առողջական վիճակի մասին եզրակացությունն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան տվյալ եզրակացությունն ստանալու օրվա ավարտը.
2) հատուկ (մասնագիտացված) օթևանում՝ սույն հավելվածի 30-րդ կետի համաձայն՝ համապատասխան բժշկական հաստատություն ուղղորդելու և դրա կողմից տվյալ մասնագիտացված օթևանի ուղղվածությանը համապատասխան բժշկական ախտորոշում ունենալու վերաբերյալ համապատասխան բժշկական հաստատության կողմից նրա առողջական վիճակի մասին եզրակացության առկայության դեպքում.
3) ընդունիչ-ախտորոշիչ և ճգնաժամային կենտրոններում՝ մեկ աշխատանքային օրում։
32. Անօթևան անձին ընդունելիս կազմակերպության համապատասխան լիազորություններով օժտված աշխատակիցը կատարում է սույն հավելվածի 29-րդ կետից բացի նաև այլ միջոցառումներ՝ վերցնում է նրա հագուստը և անձնական իրերը՝ ախտահանման նպատակով և նրան տալիս մաքուր հագուստ և սպիտակեղեն:
33. Շահառուի՝ կացարանով ապահովումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, անկախ սույն հավելվածի 31-րդ կետում նշված հրամանի ընդունումից կամ կացարանով ապահովումը մերժելու հանգամանքից, կազմակերպությունը դրա մասին իրազեկում է ոստիկանության տարածքային մարմնին՝ սույն հավելվածի 49-րդ կետի համաձայն։
34. Կազմակերպությունն իր միջոցների հաշվին իրականացնում է շահառուի՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում: Եթե ժամանակավոր օթևան տեղափոխված անձի հետ ընդունվում է նաև իր խնամքին հանձնված երեխան, ապա կազմակերպությունը սույն կետով սահմանված ժամկետում դրա մասին տեղեկացնում է կազմակերպության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:
35. Անձին կացարանով ապահովելու մասին 31-րդ կետում նշված հրամանի ընդունումից անմիջապես հետո կազմակերպության համապատասխան լիազորություններով օժտված աշխատակիցը շահառուի տվյալները գրանցում է տեղեկատվական համակարգում: Անօթևան անձին ժամանակավոր օթևան կրկին ընդունելու (դուրս գրելու) դեպքում դրա մասին այդ տեղեկատվական համակարգում կատարվում է համապատասխան գրառում։
36. Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում՝ շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, տարիքը, սեռը, հաշվառման մասին տվյալները գրանցվում են շահառուի բանավոր հայտարարության կամ իր մասին տեղեկություն տրամադրած մարմնի (անձի) հայտարարության հիման վրա: Այդ դեպքում, աշխատակցի անձնական դիտարկման արդյունքի հիման վրա, գրանցվում են նաև շահառուի մազերի ու աչքերի գույնը, հասակը և այլ անհատականացման նշաններ, ինչպես նաև նշվում է շահառուի անձնական տվյալների տրամադրման աղբյուրը:
37. Անձի կողմից իր մասին սույն հավելվածի 35-րդ կետում նշված տվյալները չհայտնելու կամ դրա անհնարինության, կամ անձնական տվյալների մասին այլ տեղեկության բացակայության դեպքերում, աշխատակցի կողմից գրանցվում են իր սեփական դիտարկումները՝ սեռի և մոտավոր տարիքի մասին՝ նշելով, որ դա իր դիտարկման արդյունք է:
38. Ժամանակավոր օթևան ընդունված յուրաքանչյուր անձի համար կազմվում է անձնական գործ, որում ներառվում են նրա դիմումը, անձը հաստատող և այլ փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում), տվյալ անձի վերաբերյալ հարցումների և պատասխանների պատճենները, տվյալ անձին վերաբերող այլ փաստաթղթեր (դրանց պատճենները), իսկ ընդհանուր տիպի օթևանում բնակվող շահառուի պարագայում նաև սույն հավելվածի 48-րդ կետում նշված վերասոցիալականացման համաձայնագիրը: Նշված բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները պահպանվում են անօթևան անձանց հաշվառման տեղեկատվական շտեմարանում:
39. Անօթևան անձը չի կարող ընդունվել ժամանակավոր օթևան, եթե՝
1) հրաժարվում է սույն հավելվածի 29-րդ և (կամ) 32-րդ կետերում նշված միջոցառումների իրականացումից.
2) ընդհանուր տիպի օթևանի պարագայում նաև՝ եթե համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացությամբ անօթևան անձի մոտ ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, որի բուժումը հնարավոր է միայն հատուկ մասնագիտացված բժշկական հաստատություններում:
4. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
40. Շահառուին ընդհանուր տիպի օթևանում տրամադրվում են`
1) բնաիրային օգնություն՝ սննդի (օրական երկու անգամ՝ սույն հավելվածի 61-րդ կետի համաձայն), հիգիենայի միջոցների (սույն հավելվածի 60-րդ կետի համաձայն), հագուստի, կոշիկի ձևով.
2) բժշկական օգնություն և սպասարկում.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն.
4) խորհրդատվական օգնություն.
5) այլ սոցիալական ծառայություններ՝ որպես աջակցություն՝ սույն հավելվածի 41-րդ կետի համաձայն։
41. Ընդհանուր տիպի օթևանն աջակցում է շահառուին հետևյալ հարցերում՝
1) անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում դրանց ստացման գործընթաց.
2) ընտանիքի հետ սոցիալական կապերի վերականգնում և նրա` ընտանիք վերադարձ.
3) աշխատանքային հմտությունների ձեռքբերում, վերապատրաստման և վերամասնագիտացման դասընթացներ, զբաղվածության ապահովում և հարմար աշխատանքի տեղավորում՝ լիազորած մարմնի զբաղվածության ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների հետ համագործակցությամբ.
4) օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների ստացում, բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերում և ներկայացում, հաշմանդամության հետ կապված այլ խնդիրների լուծում, ինչպես նաև անհրաժեշտ աջակցող միջոցներով ապահովում.
5) ստացիոնար բժշկական կազմակերպություն տեղափոխում.
6) խնամքի կարիք ունեցող տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունվելու համար փաստաթղթերի ձևակերպում և ներկայացում.
7) օրենսդրությամբ, սույն հավելվածով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ հարցերում։
42. Հատուկ (մասնագիտացված) օթևանում սույն հավելվածի 40-րդ կետում նշված ծառայություններից բացի տրամադրվում են՝
1) հոգեբույժի մասնագիտական օգնություն և խորհրդատվություն.
2) առողջական վիճակի և սոցիալական կարիքի գնահատում առնվազն եռամսյակը մեկ անգամ.
3) համագործակցություն համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների հետ, ներառյալ՝ դիսպանսեր հսկողության կազմակերպում.
4) հավելյալ երկանգամյա սննդի տրամադրում.
5) աշխատանքային և արտթերապիա.
6) այլ սոցիալական ծառայություններ։
43. Ընդունիչ-ախտորոշիչ կենտրոնում սույն հավելվածի 40-րդ կետում նշված ծառայություններից բացի տրամադրվում են նաև հետևյալ ծառայությունները՝
1) բժշկական հետազոտության իրականացման կազմակերպում.
2) սոցիալական կարիքի գնահատում, կարգավիճակի ճշտում.
3) գնահատված սոցիալական կարիքի, կարգավիճակի և բժշկական ախտորոշման հիման վրա համապատասխան առողջապահական, խնամքի կամ այլ սոցիալական ծառայություն ուղղորդման կազմակերպում և աջակցություն համապատասխան փաստաթղթերի նախապատրաստման գործում:
44. Շահառուն, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, ընդունիչ-ախտորոշիչ կենտրոնից կարող է՝
1) վերադառնալ ընտանիք.
2) ընդունվել շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի կամ հատուկ (մասնագիտացված) կենտրոն կամ փոքր տուն.
3) տեղափոխվել ընդհանուր տիպի կամ hատուկ (մասնագիտացված) օթևան.
4) ընդունվել մասնագիտացված բժշկական (հոգեբուժական) ստացիոնար կազմակերպություն.
5) ընդունվել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարան։
45. Ճգնաժամային կենտրոնում, բացի սույն հավելվածի 40-րդ, 42-րդ և 43-րդ կետերում նշված ծառայություններից, տրամադրվում են նաև՝
1) կարգավիճակի հստակեցում, սոցիալական խնդիրների վերհանում.
2) ճգնաժամային իրավիճակի հաղթահարումից հետո՝ իր նախկին բնակության վայր ու բնականոն ապրելակերպին վերադառնալու հարցում աջակցություն, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ուղղորդում համապատասխան ծառայություններից օգտվելու, տեղափոխում այլ կազմակերպություն, սոցիալական կապերի վերականգնում ու ընտանիքի անդամների հետ միավորում (հնարավորության և (կամ) առկայության դեպքում) և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում:
46. Կազմակերպությունն իրականացնում է ժամանակավոր օթևանում ամբողջ ժամանակահատվածում բնակվող շահառուների բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը՝ կացարանի գտնվելու վայրի համապատասխան բժշկական հաստատության և կազմակերպության բժշկի միջոցով: Անհրաժեշտության դեպքում, կազմակերպությունն իրականացնում է համապատասխան բժշկական հաստատություններ ուղեգրման գործընթացը:
47. Ընդհանուր տիպի օթևանում բնակվող շահառուի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի դեպքում կազմակերպության բժիշկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության տարածքային մարմնին, ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ ժամանակավոր օթևանում բնակվող` այլ շահառուների հետ տվյալ շահառուի անմիջական շփումը բացառելու համար և, ըստ անհրաժեշտության, ապահովում է նրա տեղափոխումը մասնագիտացված բժշկական հաստատություն:
48. Կազմակերպության սոցիալական աշխատողը, շահառուի ընդհանուր տիպի օթևանում 31-րդ կետում նշված հրամանի ընդունումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, գնահատում է նրա սոցիալական կարիքները, իր իրավասության շրջանակում և տվյալ շահառուի սոցիալական կարիքներին համապատասխան, տրամադրում է խորհրդատվություն և աջակցում անհրաժեշտ այլ սոցիալական ծառայություններ ստանալու հարցում, յուրաքանչյուր շահառուի հետ N 2 ձևի, երկու օրինակից կնքում է վերասոցիալականացման համաձայնագիր, որը անձի սոցիալական ներառմանը նպաստելուն միտված միջոցառումների, փոխադարձ իրավունքների և պարտականությունների մասին համաձայնություն է:
49. Կազմակերպությունն իր գործառույթների իրականացման շրջանակներում համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային մակարդակում գործող աջակցող ցանցի անդամների, այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ:
5. ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ՄԱՔՐԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ, ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
50. Ժամանակավոր օթևանում շահառուների բնակելի մակերեսով ապահովվածությունը 1 անձի հաշվով չպետք է պակաս լինի 5 քառ. մետրից, ընդ որում՝ մեկ սենյակում բնակվող շահառուների քանակը չպետք է գերազանցի 4-ը։
51. Յուրաքանչյուր շահառու պետք է ապահովված լինի առանձին մահճակալով, փոքր պահարանով, իսկ յուրաքանչյուր ննջասենյակ՝ հանդերձապահարաններով (յուրաքանչյուր երկու անձի հաշվարկով՝ մեկ հատ)։
52. Ժամանակավոր օթևանը պետք է ունենա ճաշարան, այն հաշվով, որ շահառուները ճաշարանից օգտվեն ոչ ավելի, քան երկու հերթով։ Ճաշարանը կարող է ծառայել նաև որպես հանգստի սենյակ, ուստի պետք է ապահովված լինի բազմոցներով, բազկաթոռներով, հեռուստացույցով, սեղանի խաղերով։
53. Ժամանակավոր օթևանը պետք է ունենա լվացքատուն և լվացքը չորացնելու համար առանձին տարածք, լվացքի մեքենաներ՝ յուրաքանչյուր շահառուի հաշվարկով՝ 1 կգ հզորությամբ։
54. Ժամանակավոր օթևանը պետք է ունենա սանհանգույցներ՝ մեկ հատ՝ յուրաքանչյուր հինգ շահառուի հաշվարկով, և բաղնիքներ՝ յուրաքանչյուր տասը շահառուին մեկ ցնցուղի հաշվարկով։
55. Կազմակերպության անձնակազմի կառուցվածքային բաժանումները ներառում են աշխատանքների հետևյալ ուղղությունները`
1) բնաիրային օգնության տրամադրում՝ շահառուների սննդի տրամադրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի ստացում, դրանց պատրաստում, շահառուներին, այդ թվում՝ անկողնային հիվանդներին, անհրաժեշտ քանակի և որակի երկանգամյա սննդի տրամադրում՝ ընդհանուր տիպի օթևանի և ընդունիչ-ախտորոշիչ կենտրոնի դեպքում՝ սույն հավելվածի 61-րդ կետի համաձայն, իսկ հատուկ (մասնագիտացված) օթևանի և ճգնաժամային կենտրոնի դեպքում՝ չորսանգամյա սննդի տրամադրում ՝ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի իրականացման համար կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչների, հիգիենայի միջոցների տրամադրում՝ սույն հավելվածի 60-րդ կետին համապատասխան, հագուստի, կոշիկի տրամադրում, կահույքի տրամադրում, շահագործվող սարքավորումների ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում, կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում, շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում, բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում, շենքում պահակային ծառայության իրականացում.
2) բժշկական օգնություն և սպասարկում՝ առաջին օգնության տրամադրում, բժշկական զննություն` համաձայն սահմանված կարգի և պարբերականության, բուժքրոջ կողմից բժշկի նշանակումների կատարում (ներարկում, դեղերի տրամադրում և այլն), սպասարկող պոլիկլինիկա այցելության կազմակերպում կամ այլ բժշկական հաստատություններ ուղղորդում և ուղեկցում, ստացիոնար բուժման նպատակով հաստատություններ ընդունվելու գործում աջակցության ցուցաբերում, աջակցում դրանցում խնամքի իրականացմանը, աջակցություն և ուղեկցման ծառայություն՝ դեղերի և բժշկական նշանակության նյութերի ստացման գործում, բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպում, ըստ անհրաժեշտության՝ խնամքի, բնակության վայրի մաքրության, անձնական հիգիենայի պահպանման, լոգանքի, հագուստի և սպիտակեղենի ընդունման, լվացման և չորացման, արդուկման և տրամադրման հարցերում, նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, պահեստային աշխատանքների իրականացում.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն՝ շահառուի սոցիալական կարիքի գնահատում տարեկան առնվազն երկու անգամ, ուղղորդում, ուղեկցում և համապատասխան աջակցության ցուցաբերում, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում, շահառուի նախասիրությունների բացահայտում, հոգեբանի ծառայություն անհատական վերապատրաստումների միջոցով.
4) խորհրդատվական օգնություն՝ շահառուի իրավունքների ու շահերի պաշտպանություն և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անհրաժեշտ սոցիալական աջակցության կազմակերպում և աջակցություն սոցիալական խնդիրների լուծմանը՝ տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում.
5) այլ համարժեք սոցիալական ծառայություններ՝ սույն հավելվածի 41-րդ կարգի համաձայն։
56. Սույն հավելվածի 55-րդ կետում ներկայացված աշխատանքների համար յուրաքանչյուր կազմակերպությունում նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները՝
Ընդհանուր տիպի օթևան՝ 80-100 շահառուի հաշվարկով՝ |
Հատուկ (մասնագիտացված) օթևան՝ 40-50 շահառուի հաշվարկով |
Ընդունիչ-ախտորոշիչ և ճգնաժամային կենտրոն՝ 20 շահառուի հաշվարկով | ||
1. |
տնօրեն և (կամ) տնօրենի տեղակալ |
1,0 |
1,0 |
1,0 |
2. |
գլխավոր հաշվապահ |
1,0 |
1,0 |
1,0 |
3. |
հաշվապահ |
1,0 |
1,0 |
1,0 |
4. |
գործավար-կադրերի տեսուչ |
1,0 |
1,0 |
1,0 |
5. |
իրավախորհրդատու |
1,0 |
0,5 |
- |
6. |
սոցիալական աշխատող |
1,0 |
1,0 |
0,5 |
7. |
հոգեբան |
1,0 |
1,0 |
0,5 |
8. |
ավագ բուժաշխատող (բժիշկ-թերապևտ) |
1,0 |
1,0 |
- |
9. |
ավագ բուժաշխատող (հոգեբույժ) |
- |
0,5 |
- |
10. |
միջին բուժաշխատող (բուժքույր) |
1 շուրջօրյա հերթապահություն (5,1) |
1 շուրջօրյա հերթապահություն (5,4) |
- |
0,5 |
0,7 |
1,0 | ||
11. |
կրտսեր բուժաշխատող (սանիտար) |
1 շուրջօրյա հերթապահություն (5,1) |
1 շուրջօրյա հերթապահություն (5,4) |
- |
1,0 |
1,0 |
2,0 | ||
12. |
լվացող-արդուկող |
1,0 |
0,5 |
0,5 |
13. |
խոհարար |
1,0 |
0,5 |
- |
14. |
խոհանոցի աշխատող |
1,5 |
1,0 |
1,0 |
15. |
տնտեսվար- պահեստապետ |
1,0 |
0,5 |
0,5 |
16. |
տնտեսուհի |
1,0 |
0,5 |
0,5 |
17. |
էլեկտրիկ- փականագործ |
2,0 |
1,0 |
0,5 |
18. |
բանվոր |
1,0 |
1,0 |
- |
18. |
վարորդ |
1,0՝ տրանսպորտային միջոցի դեպքում, բայց ոչ ավելի, քան 2 | ||
19. |
հավաքարար |
1,0 |
0,5 |
- |
20. |
պահակ |
1 շուրջօրյա հերթապահություն (3,8) |
- |
- |
57. Սույն հավելվածի 56-րդ կետում սահմանված տնօրենի, ինչպես նաև գլխավոր հաշվապահի հաստիքի առկայությունը պայմանավորված է ծառայության՝ առանձին կազմակերպության կողմից տրամադրվելու հանգամանքով։ Տնօրենի տեղակալի մեկ հաստիքային միավոր նախատեսվում է, եթե շուրջօրյա խնամքի կենտրոնն իրականացնում է կացարանով ապահովում, կամ կազմակերպությունն ունի ժամանակավոր օթևանի երկու կամ ավելի տեսակ, իսկ գլխավոր հաշվապահի փոխարեն այս դեպքերում հաստիքային միավոր չի նախատեսվում։
58. Սույն հավելվածի 56-րդ կետով սահմանված մասնագետների հաստիքային միավորները վերաբերելի են կազմակերպության՝ միայն իր կողմից կազմակերպվելու պարագայում։ Ելնելով սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, սույն կետում նշված որոշ ծառայությունները մասամբ կամ ամբողջությամբ կարող են նաև պատվիրակվել։ Ըստ այդմ, սույն հավելվածով սահմանված մասնագետների քանակական կարգավորումը նախատեսվում է այն մասով, որքանով տրամադրվում է կազմակերպության կողմից։
59. Սույն հավելվածի 56-րդ կետով սահմանված մասնագետների հաստիքային միավորները, միևնույն կազմակերպության կողմից ծառայություն տրամադրելու դեպքում, գումարվում են՝ բացառությամբ 2-րդ, 4-րդ, 8-րդ, 15-րդ, 16-րդ և 19-րդ ենթակետերի։
60. Սույն հավելվածի 55-րդ կետի 1-ին ենթակետում նշված բնաիրային օգնության տրամադրման համար տարեկան մեկ շահառուի հաշվարկով պահանջվում է՝
Չափի միավորը |
Քանակը | ||
1. |
Ատամի խոզանակ |
հատ |
4 |
2. |
Ատամի մածուկ |
կգ |
4 |
3. |
Օճառ լվացվելու |
հատ |
12 |
4. |
Շամպուն |
լիտր |
1 |
5. |
Սանր |
հատ |
4 |
6. |
Զուգարանի թուղթ |
հատ |
24 |
7. |
Սպունգ աման լվանալու |
հատ |
2.5 |
8. |
Սպունգի սպիրալ |
հատ |
0.5 |
9. |
Ռետինե ձեռնոց |
զույգ |
0.5 |
10. |
Աման լվացող հեղուկ |
լիտր |
2.5 |
11. |
Անձեռոցիկ |
տուփ |
12 |
12. |
Մաքրող փոշի |
կգ |
0.5 |
13. |
Սպիտակեցնող հեղուկ (ժավել) |
լիտր |
5 |
14. |
Լվացքի փոշի |
կգ |
10 |
15. |
Սանհանգույցի մաքրման հեղուկ |
լիտր |
0.5 |
16. |
Քլորամին կամ այլ ախտահանիչ նյութեր |
կգ |
1.5 |
17. |
Հատակի խոզանակ |
հատ |
0.1 |
18. |
Ավել սենյակի |
հատ |
0.3 |
19. |
Հոտազերծիչ |
հատ |
1 |
20. |
Սանհանգույց մաքրող խոզանակ |
հատ |
0.1 |
21. |
Խողովակներ և կոյուղի մաքրող միջոց |
լիտր |
0.1 |
Մեկ տղամարդու հաշվարկով | |||
22. |
Սափրվելու ածելի |
հատ |
48 |
23. |
Սափրվելու մածուկ կամ փրփուր |
հատ |
6 |
Մեկ կնոջ հաշվարկով | |||
24. |
Կանացի միջադիր |
տուփ |
24 |
61. Սույն հավելվածի 55-րդ կետի 1-ին ենթակետում նշված բնաիրային օգնության տրամադրման համար ընդհանուր տիպի օթևանում և ընդունիչ-ախտորոշիչ կենտրոնում 1 շահառուի հաշվարկով պահանջվում է՝
Սննդամթերքի անվանումը |
Չափի միավորը (զուտ քաշ) |
Էներգետիկ արժեքը 100 գրամում (կկալ) |
Օրական չափաբաժինը (գրամներով) | |
1. |
Հացամթերք |
գրամ |
280 |
350 |
1.1. |
hաց ցորենի |
գրամ |
265 |
190 |
1.2. |
hաց ցորենի |
գրամ |
210 |
130 |
1.3. |
ալյուր |
գրամ |
364 |
30 |
2. |
Հատիկաընդեղեն |
գրամ |
280 |
90 |
2.1. |
բլղուր |
գրամ |
342 |
3 |
2.2. |
բրինձ |
գրամ |
111 |
15 |
2.3. |
հաճար |
գրամ |
337 |
3 |
2.4. |
հնդկաձավար |
գրամ |
343 |
15 |
2.5. |
մակարոն |
գրամ |
158 |
15 |
2.6. |
ոլոռ |
գրամ |
311 |
3 |
2.7. |
ոսպ |
գրամ |
116 |
3 |
2.8. |
սպիտակաձավար |
գրամ |
360 |
10 |
2.9. |
վարսակի փաթիլներ |
գրամ |
342 |
10 |
2.10. |
վերմիշել |
գրամ |
331 |
10 |
2.11. |
ցորենաձավար |
գրամ |
329 |
3 |
3. |
Բանջարեղեն և կանաչեղեն |
գրամ |
36 |
400 |
3.1. |
բադրիջան |
գրամ |
25 |
5 |
3.2. |
բազուկ |
գրամ |
43 |
13 |
3.3. |
բազուկի տերև |
գրամ |
27 |
5 |
3.4. |
գազար |
գրամ |
41 |
13 |
3.5. |
դդմիկ |
գրամ |
24 |
5 |
3.6. |
դդում |
գրամ |
26 |
5 |
3.7. |
լոլիկ |
գրամ |
15 |
13 |
3.8. |
ծաղկակաղամբ |
գրամ |
25 |
10 |
3.9. |
կաղամբ |
գրամ |
25 |
70 |
3.10. |
կանաչի՝ խառը |
գրամ |
22 |
1 |
3.11. |
կարտոֆիլ |
գրամ |
77 |
215 |
3.12. |
պղպեղ |
գրամ |
27 |
10 |
3.14. |
սխտոր |
գրամ |
149 |
1 |
3.15. |
սոխ |
գրամ |
40 |
20 |
3.16. |
վարունգ |
գրամ |
14 |
14 |
4. |
Մսամթերք և ձկնեղեն |
գրամ |
260 |
140 |
4.1. |
երշիկ կամ նրբերշիկ |
գրամ |
266 |
25 |
4.2. |
հավի բուդ |
գրամ |
185 |
40 |
4.3. |
ձուկ |
գրամ |
275 |
30 |
4.4. |
միս՝ խոզի, ոսկրոտ |
գրամ |
242 |
15 |
4.5. |
միս՝ տավարի, ոսկրոտ |
գրամ |
333 |
30 |
5. |
Կաթնամթերք |
գրամ |
343 |
160 |
5.1. |
թթվասեր |
գրամ |
198 |
30 |
5.2. |
պանիր |
գրամ |
321 |
20 |
5.3. |
կաթ |
գրամ |
42 |
30 |
5.4. |
կաթնաշոռ |
գրամ |
178 |
30 |
5.5. |
կարագ՝ ոչ սպրեդ |
գրամ |
717 |
10 |
5.6. |
յուղ |
գրամ |
892 |
10 |
5.7. |
մածուն |
գրամ |
54 |
30 |
6. |
Ձու |
հատ |
155 |
0.33 |
7. |
Համեմունքներ |
գրամ |
157 |
40 |
7.1. |
աղ՝ կերակրի |
գրամ |
0 |
5 |
7.2. |
համեմունքներ |
գրամ |
314 |
0.5 |
7.3. |
շաքարավազ |
գրամ |
387 |
33 |
7.4. |
սոդա՝ կերակրի |
գրամ |
0 |
0.5 |
7.5. |
տոմատի մածուկ |
գրամ |
82 |
1 |
8. |
Խմիչքներ և այլ հեղուկներ |
գրամ |
249 |
90 |
8.1. |
թեյ |
գրամ |
83 |
2 |
8.2. |
կակաո |
գրամ |
228 |
2 |
8.3. |
հյութ՝ մրգերի, կոմպոտ |
գրամ |
52 |
69 |
8.4. |
ձեթ |
գրամ |
884 |
15 |
8.5. |
սուրճ |
գրամ |
0 |
2 |
9. |
Միրգ |
գրամ |
165 |
180 |
9.1. |
տեղական մրգեր |
գրամ |
45 |
175 |
9.2. |
կիտրոն |
գրամ |
290 |
5 |
10. |
Քաղցրավենիք |
գրամ |
422 |
50 |
10.1. |
շոկոլադ կամ մեղր |
գրամ |
546 |
20 |
10.2. |
թխվածքաբլիթ |
գրամ |
417 |
30 |
62. Սույն հավելվածի 61-րդ կետում նշված սննդի տրամադրումն իրականացնելու համար հատուկ (մասնագիտացված) օթևանում և ճգնաժամային կենտրոնում կիրառվում են տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի իրականացման համար կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները։
6. ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆԻՑ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ
63. Ժամանակավոր օթևանից անձի դուրսգրումը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի հրամանով:
64. Ժամանակավոր օթևանից անձի դուրսգրման հիմքերն են՝
1) տվյալ անձի գրավոր դիմումը՝ ապագա բնակավայրի հասցեի պարտադիր նշումով.
2) ժամանակավոր օթևանում մնալու՝ սույն հավելվածի 12-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը.
3) ժամանակավոր օթևան ընդունվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի վերանալը.
4) շուրջօրյա խնամքի կենտրոն կամ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարան ընդունվելը.
5) աշխատանքի տեղավորվելը՝ այլ կացարանով ապահովվելու պայմանով.
6) ընտանիքի անդամի գրավոր դիմումը՝ անձին ընտանիք վերադարձնելու իր պատրաստակամության և անձի գրավոր համաձայնության դեպքում.
7) երկու և ավելի անգամ ալկոհոլ կամ թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելը, կամ կանոնները երկու անգամից ավել խախտելը.
8) քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված լինելը, եթե նրա նկատմամբ դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց, նշանակված է կալանք.
9) ստացիոնար բժշկական կազմակերպություն տեղափոխվելը.
10) օրենսդրությամբ սահմանված՝ խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը՝ դրա մասին մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության հիման վրա.
11) երեխայի հետագա խնամքը կազմակերպելու մասին իրավասու մարմնի տված եզրակացության հիման վրա՝
ա. ընտանիք վերադառնալը,
բ. խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, գ. խնամատար ընտանիքում տեղավորելը,
դ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելը.
12) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով լրիվ գործունակ ճանաչված (էմանսիպացիա) երեխայի դիմումը.
13) տվյալ անձի մահը, անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելը.
14) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքեր:
65. Ժամանակավոր օթևանից անձի դուրսգրումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպությունը դրա մասին տեղեկացնում է ոստիկանության տարածքային մարմնին, ՄՍԾ, ինչպես նաև համապատասխանաբար՝ առողջապահության և սոցիալական աջակցության բնագավառներում լիազորած պետական մարմիններ:
7. ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
66. Կազմակերպությունը վարում է իր ենթակայության կացարաններում բնակվող շահառուների հաշվառման տեղեկատվական շտեմարան: Շահառուի ցանկությամբ, հաշվառումը կարող է կատարվել անանուն: Այդ դեպքում դրվում է որևէ պայմանանշան, կամ նշվում են շահառուի անվան, ազգանվան առաջին տառերը:
67. Կազմակերպությունը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով, լիազորած պետական մարմին է ներկայացնում շահառուներին կացարանով ապահովելու մասին տեղեկություն:
Ձև N 1
______________________________ -ի
(կազմակերպության անվանումը)
ղեկավար պարոն/տիկին _______________________________ին
(անունը, ազգանունը)
Դիմում
Խնդրում եմ ապահովել կացարանով՝ ընդհանուր տիպի օթևանում, hատուկ (մասնագիտացված) օթևանում, ընդունիչ-ախտորոշիչ կենտրոնում, ճգնաժամային կենտրոնում (անհրաժեշտն ընդգծել)
__________________________________________________________________________________________ ին
(որոշակի բնակության վայր չունեցող անօթևան անձի անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________________________________________
(անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված (առկայության դեպքում)
__________________________________________________________________________________________
անձնագիր առկա չէ □ (ընդգծել)
__________________________________________________________________________________________
(հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում)
առկա չէ նշվածներից և ոչ մեկը □ (ընդգծել)
ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ____ _________ ______ թ.
սեռը՝ արական □, իգական □ (նշել)
քաղաքացիությունը _______________________________________________________
__________________________________________________________________________________________
Հաշվառման հասցեն ________________________________________________________________________
հաշվառման մեջ չգտնվելու դեպքում՝ վերջին կամ նախկին հաշվառման հասցեն,
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածք ունենալու կամ չունենալու հանգամանքը, դրա առկայության դեպքում՝ հասցեն և այնտեղ չբնակվելու պատճառը,
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
դիմումը ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը,
__________________________________________________________________________________________
ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված (առկայության դեպքում),
__________________________________________________________________________________________
ներկայացուցչի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում)
Դիմող` ____________________________________________________________________________________
(որոշակի բնակության վայր չունեցող անձի կամ նրա ներկայացուցչի ստորագրությունը, անունը, ազգանունը)
____ ________ 202 թ.
Լրացվում է դիմումատուի կողմից դիմումն անձամբ (կամ ներկայացուցչի կողմից) չլրացվելու դեպքում Դիմումատուն ________________________________________________________________ պատճառով(նշվում է պատճառը) |
Ձև N 2
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
___ _______ 202 թ. |
________________ | |
(կնքման վայրը) |
__________________________________________________________________________________
(կացարանով ապահովող կազմակերպության անվանումը)
(այսուհետ՝ կազմակերպություն), ի դեմս _______________________________________________
__________________________________________________________________________________,
(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
ով գործում է ______________________________________________________________________ հիման վրա, մի կողմից, և
(կանոնադրության կամ լիազորագրի)
__________________________________________________________________________________ ը
(կացարանով ապահովված շահառուի անունը, հայրանունը, ազգանունը)
(այսուհետ՝ շահառու) _______________________________________________________________
(անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը, ում կողմից և երբ է տրված (առկայության դեպքում)
__________________________________________________________________________________
հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում)
մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
I. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ, ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Կազմակերպությունը, օրենսդրությանը համապատասխան, շահառուին ապահովում է կացարանով և տրամադրում անհրաժեշտ այլ սոցիալական ծառայություններ, իսկ շահառուն պարտավորվում է ժամանակավոր օթևանում բնակվելու ամբողջ ժամանակահատվածում պահպանել կազմակերպության ներքին կարգապահական (համակեցության) և հակահրդեհային անվտանգության կանոնները, բարեխիղճ և պատշաճ կերպով իրականացնել սույն համաձայնագրի 4-րդ կետով նախատեսված պարտավորությունները:
2. Կազմակերպությունը պարտավորվում է շահառուին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման 4-րդ հավելվածով սահմանված ծառայությունները:
3. Կազմակերպությունն իրավունք ունի՝
1) շահառուից պահանջելու՝ կատարել սույն համաձայնագրի 4-րդ կետով նախատեսված պարտավորությունները.
2) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով շահառուին դուրս գրելու ժամանակավոր օթևանից (դադարեցնելու կացարանով ապահովումը), այդ թվում, եթե՝
ա. լրացել է կացարանով ապահովելու` օրենսդրությամբ սահմանված ժամկետը,
բ. շահառուն ընդունվել է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն,
գ. շահառուն տեղավորվել է «Զբաղվածության մասին» օրենքով սահմանված հարմար աշխատանքի (այսուհետ՝ հարմար աշխատանք) և ձեռք է բերել ինքնուրույն, առանց կողմնակի օժանդակության, հասարակություն ինտեգրվելու հնարավորություն,
դ. օգտագործել է ալկոհոլ կամ թմրամիջոցներ, կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, կամ կրկին խախտել է ժամանակավոր օթևանի այլ կանոնները,
ե. քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ,
զ. տեղավորվել է ստացիոնար բժշկական հաստատությունում,
է. մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության համաձայն՝ հիվանդացել է Կառավարության որոշմամբ հաստատված` խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
3) իրականացնելու օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:
4. Շահառուն պարտավոր է՝
1) պահպանել ժամանակավոր օթևանի ներքին կարգապահական (համակեցության) և հակահրդեհային անվտանգության կանոնները.
2) ժամանակավոր օթևանում բնակվելու ամբողջ ժամանակահատվածում չօգտագործել ալկոհոլային խմիչք, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր.
3) ծխել միայն դրա համար նախատեսված հատուկ վայրերում.
4) անցնել բժշկական համապատասխան ստուգում, բժշկական համապատասխան հաստատություններում, ըստ անհրաժեշտության, ենթարկվել կլինիկալաբորատոր հետազոտությունների.
5) ժամանակավոր օթևանում բնակվելու ամբողջ ժամանակահատվածում կատարել կազմակերպության աշխատակազմի հանձնարարականները՝ կապված իր անձնական խնդիրների լուծման, սոցիալականացման, փաստաթղթերը ձևակերպելու, ներկայացնելու, ձեռք բերելու, օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ ստանալու, բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպման, հաշմանդամությամբ պայմանավորված այլ խնդիրների հետ.
6) հնարավորության դեպքում՝ ինքնուրույն կամ կազմակերպության աշխատակազմի աջակցությամբ տեղավորվել հարմար աշխատանքի.
7) աշխատանքի տեղավորվելուց հետո մեկամսյա ժամկետում ինքնուրույն կամ կազմակերպության աջակցությամբ, իր միջոցների հաշվին վարձակալել բնակելի տարածք.
8) իր մասին կազմակերպությանը տրամադրել հավաստի տեղեկություններ.
9) կազմակերպությանը տեղեկացնել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված լինելու, դիտավորությամբ կատարված հանցագործության համար օրենսդրությամբ սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն ունենալու մասին.
10) դուրս գրվել ժամանակավոր օթևանից, եթե լրացել է դրանում բնակվելու՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետը կամ, եթե կան շուրջօրյա խնամքի կենտրոն կամ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարան ընդունվելու համար բավարար հիմքեր:
5. Շահառուն իրավունք ունի՝
1) ստանալու օրենսդրությամբ և սույն համաձայնագրով նախատեսված՝ ժամանակավոր օթևանում տրամադրվող սոցիալական ծառայությունները.
2) ստանալու տեղեկություն կազմակերպության կողմից իրականացվող՝ իր վերասոցիալականացմանն ուղղված գործողությունների մասին.
3) իր գրավոր դիմումի համաձայն դուրս գրվելու ժամանակավոր օթևանից.
4) իրականացնելու օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:
II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ___ ______ 202_ թ.:
7. Սույն համաձայնագիրը, մինչև դրա գործողության ժամկետը լրանալը, կարող է վաղաժամկետ լուծվել՝
1) կազմակերպության և շահառուի համաձայնությամբ՝ ժամանակավոր օթևանից անձի դուրսգրման դեպքում.
2) կազմակերպության կողմից միակողմանի կերպով՝ սույն համաձայնագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ», «ե», «զ» և «է» պարբերություններով սահմանված դեպքերում:
8. Սույն համաձայնագիրը կազմված է հայերենով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
III. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
_____________________________ |
_____________________ (շահառուի անունը, ազգանունը) | |
_____________________________ (հասցեն) |
_____________________ (ստորագրությունը) | |
_____________________________ պետական գրանցման համարը |
||
_____________________________ (համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, անունը, ազգանունը) |
||
_____________________________ (ստորագրությունը) »։ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|