Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-201
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.04.2001-06.01.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.03.14/6(39)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.02.1998
Подписан
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Дата подписания
07.03.1998
Дата вступления в силу
24.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
3 փետրվարի 1998թ.

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային գործունեության իրավական, տնտեսական և կազմակերպական հիմնադրույթները, այդ գործունեության մասնակիցների իրավասությունը և պատասխանատվությունը, ապահովում է նրանց օրինական շահերի պաշտպանությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները

 

Տրանսպորտ` պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մաս, որն ունի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային, երկաթուղային, էլեկտրատրանսպորտ, խողովակաշարային, ջրային, մետրոպոլիտեն, օդային:

Տրանսպորտային գործունեություն` փոխադրումներ իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցների, հաղորդակցության ուղիների օգտագործման, ինչպես նաև փոխադրումների ծառայությունների մատուցման հետ կապված գործունեություն:

Տրանսպորտային համակարգ` տրանսպորտային միջոցների և ուղիների տեխնոլոգիական շաղկապված համակարգ` անկախ սեփականության ձևից: Տրանսպորտային համակարգն ընդգրկում է օդանավակայանները, ճոպանուղիները, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարանները, ավտոկայանները, ենթակարգավարական կետերը, տրանսպորտային միջոցների հավաքակայանները, նավակայանները, կամուրջները, թունելները, նորոգման և օժանդակ այլ օբյեկտները, որոնք անհրաժեշտ են բեռնման-բեռնաթափման աշխատանքների, ուղևորների սպասարկման, տրանսպորտային միջոցների և հաղորդակցության ուղիների շահագործման համար:

Տրանսպորտային ծառայություն` վճարովի ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումներ, եթե բեռը չի պատկանում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ օգտագործողին:

Փոխադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց, որը մատուցում է ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրման ծառայություններ, իրականացնում` առաքման գործունեություն:

Պատվիրատու (բեռը ստացող, բեռնառաքող, ուղևոր)` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տրանսպորտն օգտագործում է փոխադրողի հետ կնքված պայմանագրի համաձայն:

(1-ին հոդվածը լրաց. 13.03.01 ՀՕ-153)

 

Հոդված 2.

Տրանսպորտի մասին օրենսդրությունը

 

1. Տրանսպորտային գործունեությանն առնչվող հարաբերությունները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Տրանսպորտային միջոցների շահագործման պայմանները, երթևեկության անվտանգության ապահովման, աշխատանքի պաշտպանության, հրդեհային անվտանգության ապահովման և սանիտարական նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

 

Հոդված 3.

Տրանսպորտային տարածքը

 

1. Տրանսպորտային տարածք են համարվում այն հողերը, որոնք օգտագործվում են`

ա) տրանսպորտային գործունեության կազմակերպման համար.

բ) ճանապարհների, հաղորդակցության ուղիների շինարարության, պահպանության և շահագործման համար:

2. Տրանսպորտային տարածքի օգտագործումը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային և քաղաքացիական օրենսդրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 4.

Տրանսպորտային գործունեության պետական կարգավորումը

 

1. Տրանսպորտային գործունեության պետական կարգավորումն իրականացվում է հետևյալ ձևերով` իրավական պաշտպանություն, լիցենզավորում, հարկում, ֆինանսավորում, սակագների ձևավորում, ներդրում, տրանսպորտային օրենսդրության կատարման վերահսկողություն:

2. Պետական մարմիններն իրավունք չունեն միջամտել տրանսպորտային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների տնտեսական գործունեությանը, օգտագործել դրանց շահագործող անձնակազմին` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

Հոդված 5.

Տրանսպորտային համակարգի պետական կառավարումը

 

1. Տրանսպորտային համակարգի պետական կառավարումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը:

2. Տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինն ունի հետևյալ հիմնական խնդիրները`

ա) տրանսպորտի ոլորտում միջպետական համագործակցություն.

բ) անկախ սեփականության ձևից` տրանսպորտի շահագործման տեխնիկական նորմերի և ստանդարտների մշակում.

գ) տրանսպորտի բոլոր տեսակների համար պետական ծրագրերի և հայեցակարգերի մշակում, տեխնիկական քաղաքականության մշակում և իրագործում, ուսուցում և կադրերի որակավորման բարձրացում.

դ) տեղեկատվության համակարգում, վերլուծություն և կանխատեսում.

ե) ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպում.

զ) սահմանված կարգով տրանսպորտի բոլոր տեսակների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ և տեխնիկական նորմատիվ ակտերի մշակում և հաստատում.

է) տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման վերահսկողության իրականացում.

ը) օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործունեության համակարգում:

 

Հոդված 6.

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները տրանսպորտի բնագավառում

 

Տրանսպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 7.

Տրանսպորտային գործունեության լիցենզավորումը

 

1. Տրանսպորտային գործունեության առանձին տեսակներ, որոնց ցանկը և լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իրականացվում են լիցենզիայի հիման վրա:

2. Լիցենզավորումը և այդ գործունեության հետ կապված վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 8.

Տնտեսական գործունեության հիմունքները

 

1. Կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմինների սահմանած սակագներով, անվճար, զեղչ գներով ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կրած վնասները փոխհատուցվում են համապատասխանաբար պետական կամ համայնքների բյուջեներից:

2. Հաղորդակցության ուղիների, կայարանների, օդանավակայանների, նավակայանների, կամուրջների, թունելների, ուղևորային հարթակների և այլ շինությունների շինարարությունն իրականացվում է պետական և համայնքային բյուջեների, նպատակային հիմնադրամների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց կամավոր մուծումների հաշվին:

 

Հոդված 9.

Ուղևորների, բեռների, ուղեբեռների փոխադրումը և բեռնառաքումը

 

1. Ուղևորների, բեռների, ուղեբեռների փոխադրումը և բեռնառաքումը կատարվում է փոխադրման պայմանագրի հիման վրա:

2. Ուղևորների, բեռների, ուղեբեռների փոխադրման և բեռնառաքման պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, փոխադրման պայմանագրով:

3. Ուղևորների փոխադրման պայմանագրի համաձայն` փոխադրողը պարտավոր է ուղևորին և ուղեբեռը փոխադրել նշանակման վայր, իսկ ուղևորը պարտավոր է վճարել ուղեվարձը և ուղեբեռի փոխադրման վճարը: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում պայմանագրին կցվում են տոմսը և ուղեբեռի հաշիվը:

4. Բեռների փոխադրման պայմանագրի համաձայն` փոխադրողը պարտավոր է բեռնառաքողից ստացած բեռը նշանակման վայր փոխադրել և հանձնել լիազորված անձին, իսկ բեռնառաքողը պարտավոր է վճարել պայմանագրով կամ սակագներով նախատեսված փոխադրավարձը: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում բեռների փոխադրման պայմանագրին կցվում են բեռնագիրը և բեռնառաքման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

5. Չարտերային փոխադրման պայմանագրի համաձայն` կողմերից մեկը մյուս կողմին է տրամադրում տրանսպորտային միջոցի տարողությունը կամ դրա մի մասը:

6. Կանոնավոր փոխադրումների անհրաժեշտության դեպքում կողմերը կարող են կնքել փոխադրումների կազմակերպման պայմանագիր, որի համաձայն` փոխադրողը պարտավոր է պարբերաբար ընդունել, իսկ բեռնառաքողը` փոխադրման ներկայացնել սահմանված քանակությամբ բեռ: Կանոնավոր փոխադրումների կազմակերպման մշտական պայմանագիրը պարունակում է փոխադրումների ծավալը, պարբերականությունը, փոխադրման որակը, տրանսպորտային միջոցների հատկացման և բեռների փոխադրման այլ պայմաններ, որոնք օրենքով նախատեսված չեն և օրենքին չեն հակասում:

7. Ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(9-րդ հոդվածը լրաց. 13.03.01 ՀՕ-153)

 

Հոդված 10.

Ուղիղ խառը փոխադրումները

 

Ուղիղ խառը փոխադրումները կարող են կատարվել տրանսպորտի մի քանի տեսակների մասնակցությամբ` փոխադրման մեկ միասնական փաստաթղթով: Փոխադրման պայմանները սահմանվում են տրանսպորտի տարբեր տեսակների փոխադրողների միջև կնքվող պայմանագրերով:

 

Հոդված 11.

Տրանսպորտային միջոց տրամադրելը, բեռներ մշակելը

 

1. Փոխադրողը, պայմանագրի համաձայն, պարտավոր է բեռնառաքողին տրամադրել սարքին տրանսպորտային միջոց, որը պետք է բավարարի նշված բեռնման-փոխադրման պահանջները: Բեռնառաքողն իրավունք ունի հրաժարվել տրամադրված տրանսպորտային միջոցից, եթե այն չի համապատասխանում բեռների փոխադրման պահանջներին:

2. Բեռի մշակումը կատարում է փոխադրողը կամ բեռնառաքողը` պահպանելով պայմանագրով սահմանված կարգը, ժամկետը, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները:

3. Փոխադրողը բեռի մշակումը կատարում է բեռնառաքողի հաշվին:

 

Հոդված 12.

Փոխադրավարձը

 

1. Ուղևորների, բեռների, ուղեբեռների, փոստի փոխադրման համար գանձվում է պայմանագրով սահմանված վարձ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Բեռի տիրոջ պահանջով` ծառայությունների և աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է սակագներով կամ կողմերի համաձայնությամբ:

3. Եթե բեռի տերը փոխադրավարձը չի վճարում, փոխադրողն իրավունք ունի պահել փոխադրման համար իրեն հանձնված բեռը` փոխադրավարձը և տրանսպորտային այլ ծախսերը ծածկելու համար, եթե դա նախատեսված է պայմանագրով:

4. Փոխադրամիջոցի խափանման պատճառով ուղևորին, բեռը, ուղեբեռը և փոստը նշանակման վայր հասցնելու լրացուցիչ ծախսերը կատարվում են փոխադրողի հաշվին:

 

Հոդված 13.

Ուղևորների, բեռների, ուղեբեռների և փոստի փոխադրման ժամկետները

 

Փոխադրողը պարտավոր է ուղևորներին, բեռը, ուղեբեռը և փոստը նշանակման վայր հասցնել պայմանագրով նախատեսված ժամկետներում: Եթե տեղ հասցնելու ժամկետները պայմանագրում նշված չեն, ապա այն պետք է իրականացվի հնարավոր ամենակարճ ժամանակամիջոցում, բայց ոչ ավելի, քան երթուղու գծակարգով (սխեմայով) սահմանված առավելագույն ժամանակում:

 

Հոդված 14.

Բեռնառաքողի` բեռը տնօրինելու լիազորությունները

 

1. Բեռնառաքողը կամ նրա լիազորած անձը կարող է պահանջել փոխադրողից` դադարեցնել փոխադրումը կամ վերադարձնել բեռը: Այդ դեպքում փոխադրողն իրավունք ունի պահանջել, որ հատուցվեն փաստացի կատարված ծախսերը:

2. Բեռնառաքողն այդ լիազորությունները կորցնում է բեռը նշանակման վայր հասցնելուց հետո` բեռը ստացողին հանձնելու պահից:

 

Հոդված 15.

Ուղևորների իրավունքները

 

Ուղևորն իրավունք ունի`

ա) ձեռք բերել տրանսպորտի ցանկացած տեսակի և ցանկացած երթուղու տոմս, եթե դրանք բաց են ուղևորափոխադրումների համար.

բ) տեղ զբաղեցնել ձեռք բերված տոմսին համապատասխան.

գ) տարիքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, առանց առանձին նստատեղերի հատկացման, անվճար իր հետ փոխադրել մինչև 7 տարեկան մեկ երեխա.

դ) իր հետ անվճար փոխադրել սահմանված չափի ձեռքի ծանրոց.

ե) սահմանված սակագներով փոխադրման հանձնել ուղեբեռ.

զ) փոխադրման ընթացքում երկարացնել տոմսի գործողության ժամկետը.

է) մինչև փոխադրումն սկսվելը վերադարձնել տոմսը և փոխադրողի ցանկացած տոմսարկղում հետ ստանալ վճարված գումարը` վճարելով տոմսի ձևակերպման հետ կապված ծախսերը.

ը) պահանջել փոխադրողի պատճառով հասցված վնասի հատուցում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Հոդված 16.

Տրանսպորտային միջոցին ներկայացվող պահանջները

 

1. Տրանսպորտային միջոցը պետք է ունենա սերտիֆիկատ և համապատասխանի անվտանգության, բժշկասանիտարական պահանջներին, աշխատանքի պաշտպանության նորմերին, բնապահպանական անվտանգության միջազգային և պետական ստանդարտներին:

2. Չգրանցված տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է:

3. Սերտիֆիկացման պահանջները սահմանվում են օրենքով և իրավական այլ ակտերով:

4. Սերտիֆիկացումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը:

 

Հոդված 17.

Տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը

 

1. Տրանսպորտային միջոցը վարելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր ունեն անհրաժեշտ որակավորում, անցել են բժշկական քննություն և ունեն սահմանված նմուշի հաստատված փաստաթուղթ:

2. Տրանսպորտային միջոցը վարելու որակավորման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3. Անձնակազմի առողջական վիճակի գնահատման չափանիշները սահմանվում են առողջապահության համակարգի պետական լիազորված մարմնի սահմանած կարգով:

 

Հոդված 18.

Փոխադրողի պատասխանատվությունը

 

1. Փոխադրման հետ կապված պարտականությունները չկատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև կողմերի միջև կնքված պայմանագրով: Ուղևորի, բեռնառաքողի և փոխադրողի միջև կնքված այն պայմանագրերը, որոնք սահմանափակում են օրենքով սահմանված նրանց իրավունքները և պարտականությունները, առ ոչինչ են:

2. Ուղևորային փոխադրման պայմանագրի համաձայն` փոխադրողը պարտավոր է ապահովել ուղևորի անվտանգությունը, ստեղծել սպասարկման անհրաժեշտ հարմարություններ և պայմաններ, իսկ ուղեբեռի առկայության դեպքում` ապահովել ժամանակին դրա փոխադրումը և պահպանությունը: Եթե փոխադրողը հրաժարվում է շարունակել փոխադրումը, ապա պարտավոր է իր հաշվին ուղևորին փոխադրել նշանակման վայր կամ հատուցել պայմանագրի խախտման պատճառով ուղևորի կրած վնասը:

3. Փոխադրողը պարտավոր է ուղևորին, բեռը, ուղեբեռը կամ փոստը նշանակման վայր հասցնել որոշակի ժամանակի ընթացքում, որը կարգավորվում է տրանսպորտի տվյալ տեսակի մասին օրենքով կամ փոխադրման կանոններով: Եթե ժամկետներն օրենքով կարգավորված չեն, ապա կողմերն իրավունք ունեն դրանք սահմանել պայմանագրով:

4. Փոխադրողը երաշխավորում է բեռի, ուղեբեռի և փոստի պահպանման անվտանգությունը` փոխադրման համար ընդունելու պահից մինչև ստացողին հանձնելը:

5. Փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի, ուղեբեռի և փոստի կորստի համար, իսկ վնասվելու դեպքում, հատուցում է իր մեղքով հասցված վնասը` տվյալ տեսակի տրանսպորտի մասին` օրենքից բխող կանոնների և փոխադրման պայմանագրի համաձայն, բայց միջազգային նորմերով սահմանված չափերից ոչ ավելի:

6. Փոխադրողն իր գույքով պատասխանատու է փոխադրման ընթացքում ուղևորի առողջությանը հասցված վնասի համար: Վնասի հատուցման կարգը սահմանվում է օրենքով, փոխադրման և ապահովագրության պայմանագրերով:

 

Հոդված 19.

Փոխադրողի պատասխանատվությունը տրանսպորտային միջոց չտրամադրելու և բեռնառաքողի պատասխանատվությունը տրամադրված տրանսպորտային միջոցը չօգտագործելու դեպքերում

 

1. Պայմանագրով նախատեսված հայտի համաձայն` բեռներ փոխադրելու համար տրանսպորտային միջոց չտրամադրելու, բեռը չներկայացնելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցն այլ պատճառով չօգտագործելու դեպքում տրանսպորտային ծառայություն կատարողը և բեռնառաքողը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմանագրի համաձայն:

2. Փոխադրողը և բեռնառաքողն ազատվում են տրանսպորտային միջոց չտրամադրելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցը չօգտագործելու պատասխանատվությունից, եթե դրանք առաջացել են`

ա) անհաղթահարելի հանգամանքների հետևանքով (ֆորս-մաժոր).

բ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

 

Հոդված 20.

Փոխադրողի պատասխանատվությունն ուղերթը (փոխադրումը) ուշացնելու դեպքում

 

1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղերթն ուշացնելու, ինչպես նաև նշանակման վայր ուշ հասցնելու դեպքերում, եթե ուշացումը տեղի է ունեցել փոխադրողի պատճառով, և չի հիմնավորվում, որ ուղերթի ուշացումը կամ ուշ հասնելն անհաղթահարելի հանգամանքների (ֆորս-մաժոր), ուղևորների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի վերացման կամ փոխադրումն անհնարին դարձնող այլ հանգամանքների հետևանք է:

 2. Եթե պատվիրատուն տրանսպորտային ծառայությունից հրաժարվում է ուղերթն ուշանալու պատճառով, ապա փոխադրողը պարտավոր է հատուցել նրա վճարած փոխադրավարձն ամբողջությամբ:

3. Եթե ուղերթն ուշանում է երկար ժամանակով, որի հետևանքով գիշերելու անհրաժեշտություն է առաջանում, ապա փոխադրողը պարտավոր է ուղևորների համար ապահովել պատշաճ օթևան և սնունդ:

4. Պատվիրատուի պահանջով նրան պետք է տրվի պաշտոնական փաստաթուղթ, կամ տոմսի վրա նշում կատարվի ուղերթն ուշանալու կամ փոխելու մասին:

 

Հոդված 21.

Նախապահանջները և հայցերը

 

1. Հայց ներկայացնելուց առաջ կողմերը կարող են ներկայացնել նախապահանջ` օրենքով սահմանված կարգով:

2. Բեռների փոխադրումներով նախապահանջների ներկայացման ժամկետները սահմանվում են օրենքով:

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ուղևորների և ուղեբեռների փոխադրման հետ կապված պահանջների վրա:

 

Հոդված 22.

Փոխադրողի պատասխանատվությունն ուղևորի առողջությանը վնաս հասցնելու կամ մահվան դեպքում

 

Ուղևորի առողջությանը հասցված վնասի կամ նրա մահվան դեպքում փոխադրողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 23.

Տրանսպորտային օբյեկտների և բեռների անվտանգությունը

 

1. Տրանսպորտային օբյեկտների և բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու, տրանսպորտում հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և հրդեհների ու վթարների հետևանքները վերացնելու համար տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի ենթակայության տակ ստեղծվում է անվտանգության հատուկ ծառայություն:

2. Անվտանգության հատուկ ծառայությունը պետք է ունենա օբյեկտների և բեռների պահպանության, հակահրդեհային անհրաժեշտ հատուկ միջոցներ, որոնց օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով:

3. Անվտանգության հատուկ ծառայության կանոնադրությունը, համազգեստի և տարբերանշանների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 24.

Տրանսպորտում անվտանգության և բնապահպանական նորմերի ապահովումը

 

1. Փոխադրողները պարտավոր են ապահովել քաղաքացիների (անձանց) կյանքն ու առողջությունը, թռիչքների, նավագնացության և երթևեկության անվտանգությունը, շրջակա միջավայրի պահպանությունը:

2. Կայարանները, օդանավակայանները, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի օբյեկտները, ինչպես նաև ջրային ուղիները համարվում են առավել վտանգավոր գոտիներ: Այդպիսի գոտիներում աշխատանքների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված կարգը չպահպանելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Պայթունավտանգ, արագ բռնկվող, ռադիոակտիվ, թունավոր և այլ վտանգավոր բեռների փոխադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պայթունավտանգ, արագ բռնկվող, ռադիոակտիվ, թունավոր և այլ վտանգավոր բեռներ փոխադրողը պարտավոր է փոխադրման անվտանգությունն ապահովել պատվիրատուի հաշվին` փոխադրման ընթացքում վթարային վիճակների առաջացումը կանխելու, իսկ վթարների դեպքում դրանց հետևանքները վերացնելու նպատակով, եթե օրենսդրությամբ այլ կարգ սահմանված չէ:

4. Փոխադրամիջոցը, փոխադրման երթուղին, ինչպես նաև տրանսպորտի գործունեությունն ապահովող տեխնիկական միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության պահանջներին:

5. Փոխադրողը պարտավոր է շրջակա միջավայրի պահպանության համար ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները: Շրջակա միջավայրին հասցված վնասի համար փոխադրողը պատասխանատվություն է կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Արգելվում է բնական պաշարների հանքավայրերի տարածքում տրանսպորտային օբյեկտներ կառուցելը: Բացառիկ դեպքերում նման թույլտվություն կարող է տալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 25.

Տրանսպորտային ապահովագրությունը

 

1. Տրանսպորտային ապահովագրության պայմանագրի համաձայն` ապահովադիրը պարտավորվում է վճարել ապահովագրական գումարը, իսկ ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ այն անձին, ում անունով կնքված է պայմանագիրը, վճարել ապահովագրական հատուցումը` պայմանագրով նախատեսված կարգով:

2. Ապահովագրության պայմանները սահմանվում են օրենքով և ապահովագրության պայմանագրով:

 

Հոդված 26.

Ուղևորների և ուղեբեռի ապահովագրությունը

 

1. Օդային, երկաթուղային, ջրային միջպետական փոխադրումների դեպքում ուղևորները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են պարտադիր ապահովագրության:

2. Միջպետական փոխադրումների ապահովագրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

 

Հոդված 27.

Բեռների կամավոր ապահովագրությունը

 

Բեռների կամավոր ապահովագրությունը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, որը չպետք է հակասի ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 28.

Տրանսպորտային օրենսդրության կատարման վերահսկողությունը

 

 1. Տրանսպորտային գործունեության մասնակիցների կողմից տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը` իր իրավասության սահմաններում համագործակցելով օրենսդրությամբ լիազորված պետական այլ մարմինների հետ:

2. Տրանսպորտային միջոցի զննում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

 

Հոդված 29.

Միջազգային պայմանագրերը

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնակատար,
Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան


Երևան
 7 մարտի 1998 թ.
ՀՕ-201