Գլխավոր տեղեկություն
Номер
N 1665-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.10.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.10.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.10.2022
Дата вступления в силу
28.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2022 թվականի N 1665-Ն

 

ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՐՏԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը, իսկ 2022/2023 ուսումնական տարվա շրջանակներում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10-օրյա ժամկետում, ապահովել տվյալ ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով օտարերկրյա պետությունների սահմանապահ զորքերի ռազմաուսումնական հաստատություններ ընդունված ու որպես կուրսանտ գրանցված՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմինների զինծառայողների քանակական և ուսումնառության ժամկետների ավարտի վերաբերյալ տվյալների ներկայացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել պատրաստի բնակարանների գնման գործընթացների կազմակերպումը և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախատեսումը՝ այն հաշվարկով, որ յուրաքանչյուր տարվա համար նախատեսվող համապատասխան քանակով պատրաստի բնակարանները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնվեն մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1665-Ն որոշման

 

ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՐՏԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով և պայմաններով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին (այսուհետ՝ զինծառայող) անհատույց օգտագործման իրավունքով բնակարան (այսուհետ՝ ծառայողական բնակարան) հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Զինծառայողին ծառայողական բնակարան հատկացվում է Երևան քաղաքում, հատկացվող ծառայողական բնակարանները պետք է լինեն 75-ից մինչև 80 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, տիպային ձևով վերանորոգված և կահավորված վիճակում (այսուհետ՝ պատրաստի բնակարան): Սույն կետով սահմանված պայմաններին համապատասխանող պատրաստի բնակարանների ձեռքբերումն իրականացվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Գնման հրավերի հիմնական պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Ծառայողական բնակարանը զինծառայողին հատկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով՝ զինծառայողին սպայական պաշտոնի նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանի ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում: Զինծառայողին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակելու մասին հրամանի քաղվածքը հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

4. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն՝ ծառայողական բնակարանների հատկացումն ապահովելու համար անցկացվում է վիճակահանություն, վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զինծառայողների թվին համապատասխանող թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրում նշվում է մեկ բնակարանի հասցեն, բնակարանի հարկը և համարը: Վիճակահանության թերթիկները նախապես կնքվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կնիքով և վիճակահանության թմբուկում դրվում են ծալված վիճակում` այնպես, որ դրանում առկա նշումները տեսանելի չլինեն: Վիճակահանությանը մասնակցող յուրաքանչյուր զինծառայող առանձին մոտենում է վիճակահանության թմբուկին, անձամբ հանում մեկ թերթիկ, բացում է թերթիկը և բարձրաձայն կարդում թերթիկում նշված ծառայողական բնակարանի հասցեն, հարկը և համարը, որն արձանագրվում է արձանագրության մատյանում՝ համաձայն N 1 ձևի, և զինծառայողը ստորագրում է իր մասով վիճակահանության արդյունքի արձանագրման դիմաց:

5. Զինծառայողին ծառայողական բնակարանի հատկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի և զինծառայողի միջև անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման միջոցով՝ պայմանագրի նոտարական կարգով հաստատման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին: Զինծառայողի հետ կնքվող պայմանագրում պարտադիր ենթակա են ներառման «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասում սահմանված պայմանները՝ ներառյալ ծառայողական բնակարանը զինծառայողի կողմից վարձակալության հանձնելու իրավունքի և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված՝ կնքված վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծման պայմանները: Պայմանագրի կնքման հիման վրա զինծառայողին տրամադրվում է ծառայողական օրդեր՝ համաձայն N 2 ձևի:

6. Հատկացված ծառայողական բնակարանի նկատմամբ զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքի դադարման՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասի հինգերորդ նախադասությունում նախատեսված որևէ պայմանի ծագման դեպքում՝ ծագման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում զինծառայողին գրավոր տեղեկացվում է անհատույց օգտագործման պայմանագրի միակողմանի լուծման մասին և առաջարկվում է 30-օրյա, իսկ ծառայողական բնակարանը զինծառայողի կողմից վարձակալությամբ տրամադրված լինելու դեպքում՝ 40-օրյա ժամկետում ազատել ծառայողական բնակարանը՝ հետ վերադարձնելով ծառայողական օրդերը: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողի մասով ծառայողական բնակարանի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքի դադարման պայմանի ծագման դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պայմանի ծագման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը: Սույն մասի ապահովման նպատակով՝ զինծառայողի կողմից կնքվող ծառայողական բնակարանը վարձակալությամբ տրամադրելու պայմանագրում վարձակալության պայմանագրի լուծման հիմքերի շարքում պարտադիր ենթակա է նախատեսման նաև 40-օրյա ժամկետում վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծման պայմանը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինծառայողի միջև կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի միակողմանի լուծման օրվանից:

 

Ձև N 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

 

NN ը/կ

 

Սպայի կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը

Բնակարանի հասցեն, բնակարանի հարկը և համարը

Բնակարանի հատկացման օրը, ամիսը և տարին

Սպայի ստորագրությունը

         

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_22345

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան