Գլխավոր տեղեկություն
Номер
N 1388-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.09.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.09.2022
Дата вступления в силу
18.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2022 թվականի N 1388-Ն

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բժշկական գաղտնիք համարվող տվյալներն առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1388-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական գաղտնիք համարվող տվյալները (այսուհետև՝ տվյալներ) առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցելու հետ կապված հարաբերությունները:

2. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավասու մարմինների և անձանց կողմից հարցումների դեպքում տվյալները այդ մարմիններին և անձանց փոխանցվում են ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով կամ էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

3. Տվյալները էլեկտրոնային կամ թղթային եղանակով փոխանցում են բժշկական կազմակերպությունները՝ իրավասու մարմինների և անձանց կողմից հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Տվյալները բժշկական կազմակերպություններին և ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին փոխանցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, էլեկտրոնային առողջապահության հարթակի միջոցով։

5. Էլեկտրոնային առողջապահության հարթակի միջոցով կամ էլեկտրոնային առողջապահության համակարգից ներբեռնելու տարբերակով տվյալների փոխանցման մասին ամբողջական տեղեկությունը պահպանվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի, իսկ սույն կարգի 8-րդ կետում նկարագրված դեպքում՝ ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի իրադարձությունների մատյաններում:

6. Թղթային եղանակով տվյալների փոխանցման մասին տեղեկատվությունը ամրագրվում է պացիենտի բժշկական փաստաթղթում:

7. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց գործունեությունը կարգավորող իրավական ակտերում նախատեսված են այդ մարմիններին տվյալների փոխանցման իրավական կարգավորումներ, տվյալների տրամադրումն իրականացվում է համաձայն այդ կարգավորումների։

8. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք տվյալներին վերաբերող դեպքերը վարում են ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակին միանալու տեխնիկական ապահովվածություն ունեցող էլեկտրոնային համակարգերի միջոցով, տվյալները ստանում են ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ հաստատված կարգով։

9. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք չունեն սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նկարագրված տվյալների փոխանցման համապատասխանություն, և անգիտակից պացիենտի կոնտակտային անձին կամ ընտանիքի չափահաս անդամներին տվյալների փոխանցումն իրականացվում է հետևյալ կերպ.

1) տեղեկություն հայցողը տվյալներին տիրապետող բժշկական կազմակերպությանը ներկայացնում է գրավոր հարցում, որը պարունակում է հարցման սուբյեկտի վերաբերյալ որևէ անձնական տվյալ, հայցվող տվյալների նկարագրություն և հղում այն իրավական ակտերին, որոնք հավաստում են տեղեկությունը հայցողի` այդ տվյալները ստանալու կամ դրանց հասանելիություն ունենալու իրավունքը, կամ բանավոր հարցում, եթե անձը ներկայացնում է անգիտակից պացիենտի կոնտակտային անձի կամ ընտանիքի չափահաս անդամի կարգավիճակը հավաստող փաստաթղթերը.

2) հարցումը ստացող բժշկական կազմակերպությունը պատրաստում և տրամադրում է բժշկական կազմակերպության տնօրենի ստորագրությամբ և կնիքով հաստատված պատասխանը: Անհրաժեշտության դեպքում կցվում են նաև այլ բժշկական փաստաթղթերի պատճենները, որոնց վրա կատարվում է «իսկականի հետ ճիշտ է» գրառում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2022 թվական: