Գլխավոր տեղեկություն
Номер
N 700-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.07.01/40(1129) Հոդ.556
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.06.2015
Дата вступления в силу
02.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2015 թվականի N 700-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1081-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 01.07.21 N 1094-Ն)

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 01.07.21 N 1094-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի ձևն ու կրման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 01.07.21 N 1094-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի «Բուսասանիտարիայի պետական տեսուչի համազգեստը կրելու կարգը և ձևը սահմանելու մասին» N 1081-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 29
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունիսի 25-ի N 700-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը խմբ. 01.07.21 N 1094-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց (այսուհետ՝ պետական վերահսկողություն իրականացնող անձ) համազգեստի (այսուհետ՝ համազգեստ) ձևի և կրման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Համազգեստը կրում են պետական վերահսկողություն իրականացնող անձինք՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:

3. Համազգեստը պետք է համապատասխանի սույն կարգի պահանջներին և պահվի անթերի վիճակում:

4․ Պետական վերահսկողություն իրականացնող անձանց մեղքով սահմանված ժամկետներից շուտ օգտագործման համար ոչ պիտանի դարձած համազգեստը փոխարինվում է նորով՝ պետական վերահսկողություն իրականացնող անձի միջոցների հաշվին:

 

2. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

5. Պետական վերահսկողություն իրականացնող անձանց համազգեստը կազմված է՝

1) վերնաշապիկ՝ երկարաթև՝ մուգ մոխրագույն կտորից։ Վերնաշապիկի հետևամասը և առաջամասը բաղկացած են 2 կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` 3 կոճակներով կոճկվող կափույրով, հետևամասը` վերին կտրվածքով, թևքերը` երկար, 2 կոճակներով կոճկվող թեզանիքներով: Վերնաշապիկի պարանոցից ներքև մշակվում է վրադիր կտոր, որի վրա մշակվում են 3 օղակներ և կարվում 3 կոճակներ՝ 10 մմ տրամագծով: Կրծքամասում՝ աջ և ձախ կողմերում, կարվում են տեսչական մարմնի տարբերանշանները։ Ներքևում՝ կարագծերում, անցկացված է էլաստիկ ժապավեն: Վերնաշապիկի աջ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5)։ Պետական վերահսկողություն իրականացնող անձին յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկուական երկարաթև վերնաշապիկ.

2) կիսավերարկու ձմեռային` մուգ մոխրագույն անջրանցիկ (անջրաթափանց) կտորից։ Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, հետ ծալվող օձիքից: Կիսավերարկուն մինչև գոտկատեղը ձգվող գոտիով և տաք ներդիրով է, բաճկոնին կոճկվում է հանովի արհեստական մորթե օձիք, որը կոճկվում է 7 օղակներով և բաճկոնի օձիքին կարված են 7 հատ 15 մմ տրամագծով պլաստմասսայե կոճակներ: Կիսավերարկուն կոճկվում է 60-65 սմ երկարությամբ շղթայով։ Գոտու կողային մասերն ունեն 14-20 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Թիկնամասը և լանջափեշերը՝ կրծքամասում կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված են 16 սմ բացվածքով գրպաններ։ Առջևի 2 լանջափեշերի վերևամասում՝ կափույրի տակ, ներկարվում են 15 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպաններ, ձախ կողմում՝ ծոցագրպան: Թևքերը երկկարանի են: Ներքևում՝ կարագծերում, անցկացված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուի աջ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5)։ Պետական վերահսկողություն իրականացնող անձը կիսավերարկուն կրում է երեք տարի ժամկետով.

2․1) կիսավերարկու աշնանային՝ մուգ մոխրագույն անջրանցիկ (անջրաթափանց) կտորից։ Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, հետ ծալվող օձիքից: Կիսավերարկուն մինչև գոտկատեղը ձգվող գոտիով է։ Կիսավերարկուն կոճկվում է 60-65 սմ երկարությամբ շղթայով։ Գոտու կողային մասերն ունեն 14-20 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Թիկնամասը և լանջափեշերը՝ կրծքամասում կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված են 16 սմ բացվածքով գրպաններ։ Առջևի 2 լանջափեշերի վերևամասում՝ կափույրի տակ, ներկարվում են 15 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպաններ, ձախ կողմում՝ ծոցագրպան: Թևքերը երկկարանի են: Ներքևում՝ կարագծերում, անցկացված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուի աջ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5)։ Պետական վերահսկողություն իրականացնող անձը կիսավերարկուն կրում է երկու տարի ժամկետով.

3) տաբատ` մուգ մոխրագույն կտորից: Գոտին՝ 10 մմ լայնությամբ 5 գոտեմակողերով, գոտեփոկի անցկացման համար կամրջակներից մեկը պետք է գտնվի գոտկատեղի հետնամասի միացման կարի վրա: Կոճկվում է 15 մմ տրամագծով կոճակով, 16 սմ երկարությամբ շղթայով: Կողային գրպանները թեք են՝ 16 սմ բացվածքով: Հետևամասի աջ կողմում ներկարված գրպան՝ 13-14 սմ բացվածքով (նկար 1)։ Պետական վերահսկողություն իրականացնող անձին յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկուական տաբատ.

4) տեսչական մարմնի խորհրդանշան` շրջանաձև, երկարությունը՝ 97 մմ, լայնությունը՝ 85 մմ, խորհրդանշանը՝ ոսկեգույն գավազան, որի վրա ոլորաձև պատկերված է կանաչ օձ: Գավազանի ներքևի մասում՝ երկու կողմերում V-աձև տեղադրված է ոսկեգույն ցորենի մեկական հասկ: Ձախ ցորենի հասկի ստորին մասում ոսկեգույն տառերով գրված է տեսչական մարմնի «ИОБПП РА»՝ ռուսերեն հապավումը, իսկ աջ ցորենի հասկի ստորին մասում՝ «FSIB of RA»՝ անգլերեն հապավումը: Արտաքին կանաչ շրջանագծում ոսկեգույն տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» բառերը (նկար 7, 8)։ Կարվում է կիսավերարկուի, շապիկի և վերնաշապիկի ձախ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև։ Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա.

5) կիսաշրջազգեստ` կազմված առաջամասից, հետևամասից և ներկարված գոտուց՝ մուգ մոխրագույն կտորից, ուղիղ կտրվածքով, մինչ ծունկը ծածկող երկարության։ Հետևամասի ներքևում 9 սմ բացվածքով, հետևից վերնամասը կոճկվում է 16 սմ երկարությամբ շղթայով, որը գոտու վրա կոճկվում է 14 մմ երկարությամբ 1 կոճակ օղակով (նկար 3)։ Պետական վերահսկողություն իրականացնող անձին յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկուական կիսաշրջազգեստ.

6) տեսչական մարմնի տարբերանշան՝ ուղղանկյուն, 10x2 սմ չափսերով, վրան ասեղնագործվում է համապատասխան ստորաբաժանման անվանման հապավումը, իսկ աջ կողմում՝ կրողի անվան առաջին տառը, ազգանունը (նկար 9, 10): Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա.

7) թևքանշան՝ շրջանաձև, 8 սմ շառավղով, կենտրոնում Հայաստանի Հանրապետության դրոշի եռագույնն է պատկերված, իսկ շրջանագիծն իրենից ներկայացնում է «Հայաստան» գրվածքը՝ հայերեն և անգլերեն լեզուներով (նկարներ 5, 6)։ Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա.

8) գլխարկ՝ մուգ մոխրագույն գլխարկ (կեպի), բամբակ 100%, հետնամասում ամրանում է ճարմանդով: Ջրադիմացկուն, բարձրորակ, խիտ գործվածք է: Առաջնամասում ասեղնագործվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 1, 2, 3, 4)։ Պետական վերահսկողություն իրականացնող անձը մեկ գլխարկը կրում է մեկ տարի ժամկետով.

9) շապիկ՝ կարճաթև՝ մոխրագույն կտորից: Շապիկի հետևամասը և առաջամասը բաղկացած են 2 կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` 3 կոճակներով՝ 11 սմ տրամագծով կոճկվող կափույրով, թևքերը` կարճ, երկակի կարով (նկար 4)։ Պետական վերահսկողություն իրականացնող անձին յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկուական կարճաթև շապիկ։

(5-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 08.09.22 N 1392-Ն)

 

3. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Պետական վերահսկողություն իրականացնող անձանց համազգեստի առանձին մասերը կրելու առանձնահատկություններն են՝

1) գլխարկ կրելու կարգը` գլխարկը կրում են ուղիղ և ազատ ոճով.

2) համազգեստը կրելու կարգը`

ա. վերնազգեստը և տաբատը պետք է կրել մաքուր, հարդարված և արդուկված վիճակում,

բ. վերնազգեստի գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն,

գ. վերնաշապիկը բաճկոնի հետ կրելու դեպքում վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է լինի բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0,5 սմ-ից ոչ ավելի բարձրությամբ։

7․ Պետական վերահսկողություն իրականացնող կին պաշտոնատար անձի ցանկության դեպքում տարեկան երկու կիսաշրջազգեստի փոխարեն կարող է տրամադրվել տարեկան երկու տաբատ կամ մեկ կիսաշրջազգեստ և մեկ տաբատ։

(7-րդ կետը լրաց. 08.09.22 N 1392-Ն)

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏՆԵՐԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_21300

(հավելվածը փոփ., խմբ. 14.01.21 N 47-Ն, խմբ. 01.07.21 N 1094-Ն, խմբ., լրաց., փոփ. 08.09.22 N 1392-Ն)