Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.08.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
08.04.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
08.04.2022
Дата вступления в силу
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/2179/04/20 

2022 թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/2179/04/20

Նախագահող դատավոր՝  Ա. Պետրոսյան

Դատավորներ՝

 Ն. Բարսեղյան

 Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Հ. Բեդևյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով՝ ըստ դիմումի «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի՝ «Տուկասա» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վահագն Խաչատրյանի և Գևորգ Աբրահամյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման պետական տուրքի գումարը չվճարելու և պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` «Էվոկաբանկ» ՓԲԸ-ն պահանջել է «Տուկասա» ՍՊԸ-ին սնանկ ճանաչել։

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ս Թադևոսյան) 29.12.2020 վճռով «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի դիմումը բավարարվել է։

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ս Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 10052021 թվականի «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողով։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնվել է, իսկ Վահագն Խաչատրյանի և Գևորգ Աբրահամյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վահագն Խաչատրյանը և Գևորգ Աբրահամյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի  9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Եթե Վերաքննիչ դատարանի 01.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված առաջին հիմքով՝ բողոքը պարտատերերին ու պարտապանին չուղարկելու մասով, Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ որոշում, ապա պետական տուրքի գումարը չվճարելու և պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելով՝ Վերաքննիչ դատարանը բողոքաբերների վրա դրել է այնպիսի ոչ իրավաչափ պարտականություն, որը չի բխում օրենքից և խաթարում է արդարադատության բուն էությունը:

Վերաքննիչ դատարանի տրամաբանությամբ ստացվում է, որ բողոքաբերները և գործով գրանցված մյուս պարտատերերը սնանկության գործի շրջանակներում պահանջ ներկայացնելիս պետք է վճարեն պետական տուրք՝ պահանջը նախնական ցուցակում ընդգրկելու համար, և ներկայումս էլ՝ վերջնական ցուցակի հետ համաձայն չլինելու համար, ինչը չի բխում ո՛չ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, ո՛չ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և ո՛չ էլ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը՝ պետական տուրքի գումարը չվճարելու և պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ի՞նչ տեսակի դատական ակտ է հանդիսանում պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը և արդյո՞ք վերջինիս բողոքարկման պարագայում գանձվում է պետական տուրք:

 

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի ընթացքում կայացվող որոշման դեմ բերված բողոքը քննվում և որոշում է կայացվում միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (…) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտեր:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտեր են՝

1) առաջին ատյանի դատարանի կայացրած`

ա. վճիռը և օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությունը,

բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները.

2) վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումները.

3) Վճռաբեկ դատարանի՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտեր են սույն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձևով կամ արձանագրային որոշմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի՝ պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտերի, վճարման կարգադրությունների և միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննվում և դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են միանձնյա, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ ներկայացված բողոքների, որոնք վերաքննիչ դատարանը քննում է կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերի կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված բողոքները՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ անհրաժեշտ է սնանկության վարույթում կայացվող դատական ակտերը տարանջատելիս հիմք ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատական ակտերի տեսակները՝ բացառելու համար երկու փոխկապակցված իրավական ակտերի միջև եզրութաբանության օտարացվածությունը:

Հիմք ընդունելով արդեն իսկ 09.04.2018 թվականից գործող քաղաքացիական դատավարության նոր օրենսդրության եզրութաբանությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ սնանկության վարույթում կայացվող դատական ակտերը ևս պետք է տարանջատել եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի (տե՛ս՝ Հակոբ Մեհրաբյանի ընդդեմ Արտակ Ղուկասյանի թիվ ԿԴ/0023/04/17 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը):

Նկատի ունենալով, որ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրությունը եզրափակիչ դատական ակտերը սահմանել է սպառիչ ցանկով, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքն այդ մասով հատուկ կարգավորում չունի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին որոշումը պետք է համարել միջանկյալ դատական ակտ՝ հաշվի առնելով, որ վերջինս քաղաքացիական դատավարության օրենսդրության համապատասխան նորմերով թվարկված չէ եզրափակիչ դատական ակտերի ցանկում:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական և արդյունավետ» (տե՛ս՝ Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 23805/94, Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, § 38): Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե՛ս՝ Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 23805/94, Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, § 36, Nunes Dias-ն ընդդեմ Պորտուգալիայի, application no. 69829/01, 2672/03, Եվրոպական դատարանի 10.04.2003 թվականի որոշում):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին, գտել է, որ պետական տուրքի հաշվարկման հիմքն այն գույքային կամ ոչ գույքային պահանջն է, որով անձը դիմել է դատարան` իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով` արդյունքում ակնկալելով ներկայացված պահանջի ըստ էության քննություն և լուծում: Այսինքն` գործող իրավակարգավորման պայմաններում պետական տուրքի գանձում իրականացվում է ոչ թե դատարանի ցանկացած գործողության, այլ այն գործողությունների համար, որոնց արդյունքում վերջնական դատական ակտի կայացմամբ քննարկվում և լուծվում է ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջը: Հետևաբար, այն դեպքում, երբ դատարան դիմած անձը հայցում է դատարանի որևէ գործողության իրականացում, որն անմիջականորեն պայմանավորված չէ ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ, այլ ուղղված է վարույթի կանոնավոր ընթացքն ապահովելուն, թեկուզև այդ գործողության հայցումն իրականացվում է բողոքարկման ընթացակարգի միջոցով, այնուամենայնիվ, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը, օրինակ` միջանկյալ դատական ակտերի բողոքարկման պարագայում (տե´ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Այսպիսով, միջանկյալ դատական ակտերի բողոքարկման պարագայում կողմերն ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից:

 

Տվյալ դեպքում, Դատարանի 10052021 թվականի «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողով (հավելված, գթ 22-30):

Վերաքննիչ դատարանի 01.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնվել է, իսկ Վահագն Խաչատրյանի և Գևորգ Աբրահամյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, ի թիվս այլնի, այն հիմնավորմամբ, որ «(...) բողոք բերողները չեն վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը և բողոքին կից չեն ներկայացրել պետական տուրքի գծով արտոնություններ կիրառելու մասին միջնորդություն, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման:» (հավելված, գթ 42-43):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը, ի թիվս այլնի, վերադարձնելով այն հիմքով, որ բողոք բերողները չեն վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը և բողոքին կից չեն ներկայացրել պետական տուրքի գծով արտոնություններ կիրառելու մասին միջնորդություն, անտեսել է այն հանգամանքը, որ 10052021 թվականի «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշումը հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, որի պարագայում կողմերն ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության իրավունքի ապահովման սկզբունքով և ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ պետական տուրք չվճարելու հիմքով ոչ իրավաչափորեն վերադարձնելով Վահագն Խաչատրյանի և Գևորգ Աբրահամյանի վերաքննիչ բողոքը՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Վահագն Խաչատրյանի և Գևորգ Աբրահամյանի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 01.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը բողոքարկված մասով վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.  Վճռաբեկ բողոքը բավարարել։ Մասնակիորեն՝ պետական տուրքի մասով, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Հ. Բեդևյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2022 թվական: