Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-111-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.2006-29.10.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.11.03/59(358) Հոդ.1214
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.09.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.10.2004
Дата вступления в силу
03.05.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի սեպտեմբերի 28-ին

 

ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ինկասացիոն գործունեության և ինկասացիոն կազմակերպության հասկացությունները, ինկասացիոն գործունեության իրականացման կարգը, ինչպես նաև սահմանում է այդ գործունեության ընթացքում ինկասացիոն կազմակերպությունների կողմից օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցները:

(մասն ուժը կորցրել է 31.05.06 ՀՕ-101-Ն)

(1-ին հոդվածը փոփ. 31.05.06 ՀՕ-101-Ն)

 

Հոդված 2. ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ինկասացիոն գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավական այլ ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ինկասացիոն կազմակերպություն` սույն օրենքով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա ունեցող առևտրային իրավաբանական անձ.

կանխիկ դրամ` շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հետ կանչված և հանված, սակայն փոխանակման ենթակա Հայաստանի Հանրապետության դրամը, ինչպես նաև կանխիկ արտարժույթ, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ.

այլ արժեքներ` արժեթղթեր, վճարահաշվարկային փաստաթղթեր, ինչպես նաև այլ գույք, որը պատվիրատուն ցանկանում է փոխադրել.

բանկ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ, բանկի գլխամաս, բանկի տարածքային ստորաբաժանումներ.

վարկային կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություն, վարկային կազմակերպության գլխամաս, վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանումներ.

 հաճախորդ` բանկերի, վարկային կազմակերպությունների ծառայություններից օգտվող անձ.

պատվիրատու` անձ, որն ինկասացիոն կազմակերպության հետ կնքել է կանխիկ դրամի և (կամ) այլ արժեքների ինկասացիայի մասին պայմանագիր:

 

Հոդված 4. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ինկասացիոն գործունեություն է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացվող կանխիկ դրամի ընդունումը, փոխադրումը (տեղափոխումը) և հանձնումը (ինկասացիա):

Ինկասացիոն կազմակերպությունները կարող են իրականացնել նաև կանխիկ դրամի ժամանակավոր պահպանություն:

2. Ինկասացիոն գործունեություն կարող են իրականացնել միայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա ունեցող առևտրային իրավաբանական անձինք, որոնց կանոնադրական կապիտալը կազմում է առնվազն 20 միլիոն դրամ:

3. Ինկասացիոն կազմակերպությունները և նրանց մասնագիտացված աշխատակիցներն իրենց գործառնական պարտականությունները կատարելու համար իրավունք ունեն օգտագործելու քաղաքացիական և ծառայողական զենք, իսկ առանձին դեպքերում` ոստիկանության կողմից ժամանակավոր օգտագործման համար հատկացված մարտական զենքի առանձին տեսակներ: Ինկասացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը սահմանում է կառավարությունը:

4. Ինկասացիոն կազմակերպությունը պետք է ունենա առնվազն մեկ միավոր զրահապատ ավտոտրանսպորտային միջոց: Այն պետք է ունենա գունային տարբերակում, սարքավորված լինի ռադիոկապով, ինչպես նաև հատուկ ձայնային և լուսնասպիտակ առկայծող փարոսիկների տեսքով լուսային ազդանշաններով:

5. Ինկասացիոն կազմակերպությունն իրավունք չունի իրականացնելու այլ գործունեություն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

6. Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները, դրանց իրականացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(4-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 31.05.06 ՀՕ-101-Ն)

 

Հոդված 5. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ և ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ և ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ

 

1. Ինկասացիոն կազմակերպության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կառավարության սահմանած կարգով:

2. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը սահմանվում է «Լիցենզավորման մասին», «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության սահմանած լիցենզավորման կարգով, որը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) հետ:

3. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականը տրվում է երեք տարի ժամկետով և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված յուրաքանչյուր ստուգումից հետո երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:

4. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցներն անցնում են նաև հատուկ պատրաստության ստուգումներ, որոնց անցկացման կարգը և պայմանները սահմանվում են «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 6. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիայի պահանջների կամ պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կառավարության լիազորած մարմինը` «Զենքի մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՆԿԱՍԱՑԻԱ

 

Հոդված 7. ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ և ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

1. Կենտրոնական բանկի` իր կողմից լիցենզավորվող կազմակերպությունների համար սահմանած առավելագույն սահմանաքանակը գերազանցող կանխիկ դրամի ինկասացիան պարտադիր իրականացնում են ինկասացիոն կազմակերպությունները:

2. Այլ արժեքների փոխադրումը կարող է իրականացվել ազատ` ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից:

 

Հոդված 8. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ և ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ և ՀԱՆՁՆՄԱՆ ՁևԵՐԸ

 

1. Ինկասացիոն կազմակերպությունների և նրանց մասնագիտացված աշխատակիցների կողմից կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման, փոխադրման (տեղափոխման), հանձնման և պահպանման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

2. (մասն ուժը կորցրել է 31.05.06 ՀՕ-101-Ն)

(8-րդ հոդվածը խմբ., փոփ. 31.05.06 ՀՕ-101-Ն)

 

Հոդված 9. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ և ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ և ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄԸ

 

Ինկասացիոն կազմակերպությունը պարտավոր է իր հաշվին ապահովագրել իր կողմից փոխադրվող կանխիկ դրամը, ինչպես նաև ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների կյանքը և առողջությունը: Կանխիկ դրամի տարբեր խմբաքանակների պարբերաբար ապահովագրությունն ապահովագրողի հետ որոշակի ժամանակահատվածի ընթացքում և միանման պայմաններով կարող է ապահովագրողի և ինկասացիոն կազմակերպության համաձայնությամբ իրականացվել մեկ ապահովագրության պայմանագրի` գլխավոր պոլիսի միջոցով:

Այլ արժեքների ապահովագրումը կատարվում է պատվիրատուի ցանկությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 10. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Ինկասացիոն կազմակերպության նկատմամբ կարող են կիրառվել պատասխանատվության հետևյալ միջոցները`

ա) նախազգուշացում և խախտումը վերացնելու հանձնարարական.

բ) լիցենզիայի գործողության կասեցում.

գ) լիցենզիայի գործողության դադարեցում:

 

Հոդված 11. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

Ինկասացիոն կազմակերպության նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները, եթե`

ա) ինկասացիոն կազմակերպության կանոնադրական կապիտալի չափը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի չափին.

բ) ինկասացիոն կազմակերպությունն իրականացրել է սույն օրենքով չնախատեսված գործունեություն.

գ) խախտվել են ինկասացիոն կազմակերպության անձնակազմի պատրաստվածության և տեխնիկական միջոցների պահանջվող վիճակն ապահովելու միջոցառումների կատարման վերաբերյալ պետական լիազորված մարմնի սահմանած պահանջները.

դ) ինկասացիոն կազմակերպությունը պետական լիազորված մարմնի սահմանած ժամկետում չի կատարել պետական լիազորված մարմնի` սույն օրենքով սահմանված խախտումները վերացնելու հանձնարարականը.

ե) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված են այլ դեպքեր:

 

Հոդված 12. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ

 

1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը և այդ մասին տեղեկացվում է ինկասացիոն կազմակերպությանը:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը պետական լիազորված մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:

3. Նախազգուշացումը, որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել, եթե տվյալ իրավախախտման համար սույն օրենքով լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում նախատեսված չէ:

Սույն օրենքով նախատեսված իրավախախտման մեկ տեսակի համար կարող է կիրառվել պատասխանատվության մեկ միջոց:

 

Հոդված 13. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

Ինկասացիոն գործունեության լիցենզիան կարող է կասեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզիայի գործողության կասեցման դեպքերում, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված դեպքում:

 

Հոդված 14. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Ինկասացիոն կազմակերպության ինկասացիոն գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզիայի գործողության դադարեցման դեպքերում, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված դեպքում:

Ինկասացիոն կազմակերպության ինկասացիոն գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետով թույլ տված խախտումը վերացնելու մասին պետական լիազորված մարմնի հանձնարարականը չկատարելու դեպքում:

2. Ինկասացիոն կազմակերպության լիցենզիայի գործողությունը դադարեցվում է նաև ինկասացիոն կազմակերպության կողմից լիցենզիա ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, գործունեություն չիրականացնելու դեպքում:

3. Ինկասացիոն կազմակերպության ինկասացիոն գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 15. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց վեց ամիս հետո:

2. Սահմանել, որ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված և լիցենզավորվող ինկասացիոն կազմակերպությունները պարտավոր են վեցամսյա ժամկետում իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

3. Սահմանել, որ պետական լիազորված մարմինը և Կենտրոնական բանկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում ընդունում են սույն օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերը:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հոկտեմբերի 21
Երևան
ՀՕ-111-Ն