Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-250
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.11.2000-30.11.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.10.16/26(59)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.09.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
14.10.1998
Дата вступления в силу
16.10.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

16 սեպտեմբերի 1998 թ.

 

ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների զինվորական հաշվառումը, զինվորական ծառայության նախապատրաստությունը, զորակոչը, զինվորական ծառայությունը, պահեստազորում պատրաստությունը կազմակերպելու և անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Զինապարտության մասին օրենսդրությունը

 

Զինապարտության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

 

Հոդված 3. Զինապարտությունը

 

1. Զինապարտությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու` քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է:

Զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:

2. Քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է`

զինվորական հաշվառումը.

զինվորական ծառայության նախապատրաստությունը.

զորակոչը և զինվորական ծառայությունը.

պահեստազորում գտնվելը:

 

Հոդված 4. Զինապարտության կատարման ապահովումը

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) ժամանակին և սահմանված ձևով համապատասխան զինվորական կոմիսարիատ ներկայացնել հաշվառման ենթակա անձանց ցուցակները, ինչպես նաև տրամադրել նրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ.

բ) համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին.

գ) զինապարտներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` զինվորական ծառայության համար անհրաժեշտ ժամանակով:

2. Ներքին գործերի մարմինները պարտավոր են`

ա) զինապարտներին անձնագիր տալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառելու և հաշվառումից հանելու գործողությունները կատարել` նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում.

բ) զինվորական կոմիսարիատներին աջակցել զինապարտներին զորակոչելու, վարժական հավաքի կանչելու և հաշվառելու գործում:

3. Բժշկական-աշխատանքային փորձաքննական հանձնաժողովները մեկշաբաթյա ժամկետում պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել հաշմանդամ ճանաչված բոլոր զինապարտների մասին` անկախ հաշմանդամության խմբից:

4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաև նրանց մահվան գրանցման մասին տվյալները:

5. Հետաքննության և նախաքննության մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել այն զորակոչիկների մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել, իսկ դատարանները` նշված անձանց վերաբերյալ` օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և վերջնական որոշումների մասին:

Ազատազրկման, կալանքի և ազատության սահմանափակման դատապարտված զորակոչիկների հաշվառման վկայականները, զինծառայողների և պահեստազորայինների զինվորական գրքույկները դատարաններն ուղարկում են համապատասխան զինվորական կոմիսարիատ` դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

6. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները պարտավոր են`

ա) զինվորական հաշվառման կանգնած զինապարտներին հայտնել զինվորական կոմիսարիատ կանչելու մասին.

բ) աջակցել զորակոչիկների հանրապետություն ժամանմանը և այդ մասին հայտնել համապատասխան զինվորական կոմիսարիատ:

7. Պաշտոնատար անձանց կողմից զինապարտության կատարման ապահովմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 5. Քաղաքացիների զինվորական հաշվառումը

 

1. Զինվորական հաշվառումը նախազորակոչիկների (16-18 տարեկան), զորակոչիկների (18-27 տարեկան) և պահեստազորում գտնվող քաղաքացիների հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային և զորահավաքային ռեսուրսների վերլուծության պետական համակարգն է:

Զինվորական հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը:

2. Զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են նրանց բնակության վայրի զինվորական կոմիսարիատները:

Արտասահմանում բնակվող (մեկ ամսից ավելի) զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են դիվանագիտական և հյուպատոսական մարմինները:

Աշխատող և սովորող զինապարտների զինվորական հաշվառումը կատարվում է նաև ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում:

3. Նախազորակոչիկների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում: Կցագրման ենթակա են 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիները:

Կցագրումը կատարում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովները` ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած 16-27 տարեկան արական սեռի զինապարտների կցագրումը կատարվում է սույն կետով սահմանված կարգով:

 

Հոդված 6. Քաղաքացիների պարտականությունները` կապված զինվորական հաշվառման հետ

 

1. Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման համար ներկայանալ իրենց բնակության վայրի զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ):

2. Զինվորական ծառայությունից պահեստ արձակված քաղաքացիները պարտավոր են յոթնօրյա ժամկետում ներկայանալ բնակության վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման համար:

3. Բնակության վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ)` զինվորական հաշվառումից դուրս գալուց և բնակության նոր վայր ժամանելուց հետո` եռօրյա ժամկետում:

4. Զինապարտներն իրենց ընտանեկան դրության, բնակության վայրի, կրթության, աշխատավայրի և պաշտոնի փոփոխությունների մասին պարտավոր են յոթնօրյա ժամկետում հայտնել բնակության վայրի զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ):

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7. Բժշկական քննությունը և հետազոտումը

 

1. Բժշկական քննությունը պարտադիր անցկացնում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովների բժիշկ մասնագետները` զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ: Եթե տեղում հնարավոր չէ ստանալ քաղաքացու` զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին բժշկական եզրակացություն, ապա տեղական զորակոչային հանձնաժողովը պարտավոր է նրան ուղարկել համապատասխան բժշկական հիմնարկ` բուժհետազոտում անցկացնելու համար: Այդ բժշկական հիմնարկների ցանկը հաստատում է կառավարությունը:

2. Սույն հոդվածում նշված դեպքերում զինապարտների բժշկական քննությունը և հետազոտումը կատարվում է առաջնահերթ և անվճար:

 

Հոդված 8. Նախազորակոչային պատրաստությունը

 

Հանրակրթական դպրոցներում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում կազմակերպվում և անցկացվում է նախազորակոչային պատրաստություն` կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 9. Ուսուցումը պաշտպանական բնույթի մարզատեխնիկական կազմակերպություններում

 

Նախազորակոչիկները զինվորական մասնագիտությունների ծրագրով զինվորական ծառայության նախնական պատրաստություն են անցնում պաշտպանական բնույթի մարզատեխնիկական կազմակերպություններում` զինվորական կոմիսարիատի ընտրությամբ և ուղեգրով:

 

Հոդված 10. Ուսուցումը ռազմաուսումնական հաստատություններում

 

1. Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է կառավարությունը:

Ժամկետային զինվորական ծառայություն անցած կամ անցնող քաղաքացիները ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել մինչև 23 տարին լրանալը:

2. Ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիները համարվում են պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներ, օգտվում են օրենսդրությամբ նրանց համար սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում պարտականություններ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այդ հաստատություններից ազատված և հեռացված անձինք փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը և զորակոչվում (ուղարկվում) են պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով: Զինվորական ծառայության ժամկետում տվյալ դեպքում հաշվարկվում է միայն առողջական վիճակի պատճառով ազատված անձանց ուսման և զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների նախկինում ծառայած ժամանակաշրջանը:

(10-րդ հոդվածը լրաց. 25.10.00 ՀՕ-104)

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԶՈՐԱԿՈՉԸ

 

Հոդված 11. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը

 

1. Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները և առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում:

2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն) կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար և ազատազրկման վայրում պատիժը կրել են 3 տարուց ոչ պակաս, ինչպես նաև, եթե կատարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն:

3. Շարքային կազմի զորակոչը և զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով` տարին երկու անգամ` ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

4. Պահեստազորի սպաների զորակոչը և զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում: Զորակոչից տարկետում ստացող սպաների կատեգորիաների ցանկը հաստատում է կառավարությունը:

5. Զորակոչի ենթակա շարքային կազմի և պահեստազորի սպաների թվաքանակը սահմանում է կառավարությունը:

6. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները, ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիքի զորակոչիկները` սույն օրենքի 14 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում, պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:

(11-րդ հոդվածը լրաց. 03.05.00 ՀՕ-57, 25.10.00 ՀՕ-104)

 

Հոդված 12. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը

 

1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`

ա) հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից.

բ) այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.

գ) քաղաքացին` կառավարության որոշմամբ.

դ) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն օտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին.

ե) գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:

2. Պահեստազորի սպաները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում են սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերի հիմքերով:

(12-րդ հոդվածը լրաց. 11.10.00 ՀՕ-93)

 

Հոդված 13. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում ստանալը

 

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն ունի`

ա) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ:

Անաշխատունակ ծնողներ են`

- ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը և մայրը,

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը և մայրը.

- դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը.

բ) առանց մոր մեծացող երեխա.

գ) երկու և ավելի երեխա.

դ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.

ե) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ:

2. Եթե քաղաքացին մինչև զորակոչային տարիքի հասնելն առնվազն 5 տարի եղել է որդեգրված, կամ ծնողներն ամուսնալուծվել են առնվազն 5 տարի առաջ, և կա սույն հոդվածով նախատեսված պայմաններից որևէ մեկը, ապա նա օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:

3. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սույն օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերումով տարկետում տալու մասին որոշումն ընդունում է պաշտպանության նախարարը` հանրապետական զորակոչային հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում զորակոչիկին տարկետում տրվում է մինչև նրա 27 տարեկան դառնալը: Եթե մինչև 27 տարեկան դառնալը նա չի կորցնում տարկետում ստանալու իրավունքը, ապա խաղաղ ժամանակ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվում պահեստազորում, բացառությամբ սույն օրենքի 14 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի:

(13-րդ հոդվածը լրաց. 03.05.00 ՀՕ-57)

 

Հոդված 14. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալը

 

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է`

ա) կառավարության հաստատած ցանկում ընդգրկված պետական բարձրագույն (այդ թվում` օրդինատուրա, ինտերնատուրա և մագիստրատուրա) կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին.

բ) պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում սովորողներին.

գ) պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին:

2. Ասպիրանտուրա և մագիստրատուրա ընդունվելու կարգն ու պայմանները հաստատվում են կառավարության որոշմամբ:

3. Անբավարար առաջադիմության կամ անկարգապահության համար բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններից հեռացված կամ երկրորդ անգամ նույն կուրսում մնացած 18 տարին լրացած անձինք, ինչպես նաև սույն օրենքի 13 կամ 15 հոդվածներով չնախատեսված հիմքերով ուսման տարկետում ստացած անձինք կորցնում են կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքը:

4. Կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչև 27 տարեկան դառնալը: Պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում պետական պատվերով սովորողները, եթե նրանք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ասպիրանտուրան ավարտելուց հետո:

(14-րդ հոդվածը խմբ. 06.03.00 ՀՕ-42, լրաց. 03.05.00 ՀՕ-57)

 

Հոդված 15. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում ստանալը

 

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է մինչև մեկ տարի ժամանակով կամ 2 անգամ` 3 տարով այն անձանց, ովքեր հիվանդության պատճառով զինվորական ծառայության համար ճանաչվել են ժամանակավորապես ոչ պիտանի:

2. Առողջական վիճակի պատճառով զորակոչից տարկետում կարող է տրվել 2 անգամ` 3 տարով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին կամ զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի` խաղաղ պայմաններում և հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հանվում զինվորական հաշվառումից:

3. Առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանիության և այդ կապակցությամբ բուժման նպատակով մինչև մեկ տարի ժամանակով տարկետում տալու, ինչպես նաև զինվորական ծառայության համար խաղաղ պայմաններում ոչ պիտանիության մասին որոշումներն ընդունում է հանրապետական զորակոչային հանձնաժողովը` կառավարության ստեղծած կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

 

Հոդված 16. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից այլ հիմքերով տարկետում ստանալը

 

1. Ազգային ժողովի պատգամավորներին, իրենց լիազորությունների ողջ ժամկետում, տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք:

2. Առանձին դեպքերում կառավարությունը որոշում է քաղաքացիների կատեգորիաները և առանձին քաղաքացիներին, որոնց տարկետում է տրվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

 

Հոդված 17. Տեղական և մարզային զորակոչային հանձնաժողովները

 

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչն անցկացնելու համար կառավարության սահմանած կարգով ստեղծվում են զորակոչային հանձնաժողովներ` ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների` տեղական, և ըստ մարզերի` մարզային (Երևանի քաղաքային):

2. Տեղական զորակոչային հանձնաժողովների կազմը հաստատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը)` համապատասխան զինվորական կոմիսարի ներկայացմամբ:

Հանձնաժողովի նախագահ է համարվում զինվորական կոմիսարը:

Տեղական զորակոչային հանձնաժողովները`

- կազմակերպում են զորակոչիկների բժշկական քննությունը,

- որոշումներ են ընդունում զորակոչի և զորակոչիկներին` ըստ զորատեսակների զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության ուղարկելու մասին, որոշում են ընդունում և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի հաստատմանն են ներկայացնում զորակոչիկներին` ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու վերաբերյալ փաստաթղթերը,

- նախապատրաստում և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով են ներկայացնում սույն օրենքով չնախատեսված դեպքերում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով տարկետում տալու վերաբերյալ փաստաթղթերը,

- նախապատրաստում և կենտրոնական բժշկական հանձնաժողով են ներկայացնում զորակոչիկներին բժշկական քննության արդյունքներով տարկետում տալու և պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ փաստաթղթերը` եզրակացության համար,

- քննարկում են ռազմատնտեսական հաստատություններ ընդունելու մասին դիմումները և կայացնում որոշում:

3. Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովները կազմում է կառավարությունը: Հանձնաժողովի նախագահ է համարվում համապատասխան մարզպետը (Երևանի քաղաքապետը):

Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովները`

- համակարգում են տեղական զորակոչային հանձնաժողովների գործունեությունը,

- հաստատում են զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու մասին տեղական զորակոչային հանձնաժողովների որոշումները,

- որոշում են ընդունում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով սույն օրենքով չնախատեսված դեպքերում տարկետում տալու վերաբերյալ և դա ներկայացնում հանրապետական զորակոչային հանձնաժողով:

4. Տեղական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 18. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը

 

1. Զորակոչի ժամանակաշրջանում տեղական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու և գործունեությունը վերահսկելու համար կառավարությունն ստեղծում է հանրապետական զորակոչային հանձնաժողով:

2. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը`

- քննարկում է տեղական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ գանգատները,

- որոշում է ընդունում առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, բուժման համար մինչև մեկ տարի ժամանակով և առողջական վիճակի հետ կապված` 2 անգամ` 3 տարով տարկետում տալու մասին,

- եզրակացություն է տալիս ընտանեկան դրության բերումով` սույն օրենքով չնախատեսված դեպքերում տարկետում տալու մասին մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ և ներկայացնում պաշտպանության նախարարին:

3. Տեղական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի որոշման վերաբերյալ զորակոչիկի կամ այլ անձանց գանգատը, մինչև դրա վերանայումը, չի կասեցնում որոշման կատարումը:

Գանգատների վերաբերյալ որոշումները հանրապետական զորակոչային հանձնաժողովն ընդունում է մեկամսյա ժամկետում` ձայների պարզ մեծամասնությամբ:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշումները, դրանց ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում, կարող են գանգատարկվել դատարան` օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 19. Զինվորական ծառայությունը

 

1. Զինվորական ծառայությունը զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայության հատուկ տեսակ է:

2. Զինծառայող են համարվում զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայություն անցնող քաղաքացիներն ու ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները:

 

Հոդված 20. Զինվորական ծառայության տեսակները

 

1. Հայաստանի Հանրապետության զինվորական ծառայությունը բաղկացած է ժամկետային և պահեստազորային զինվորական ծառայությունից:

Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պահեստազորային զինվորական ծառայությունից:

2. Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերի և այլ զորքեր զորակոչված շարքային ու սպայական կազմերի, ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների զինվորական ծառայությունը:

3. Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում` ռազմաուսումնական հաստատություններ ավարտած) և կանանց զինվորական ծառայությունը:

Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում են գրավոր պայմանագիր:

Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունը պարտադիր է: Հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողները պաշտպանության նախարարությանը փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը` պայմանագրով սահմանված կարգով և չափով:

4. Օտարերկրյա պետությունների զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում կարգավորվում են միջպետական պայմանագրերով:

(20-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.10.00 ՀՕ-104)

 

Հոդված 21. Զինվորական ծառայության ժամկետները

 

1. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է`

ա) շարքային կազմի համար` 24 ամիս.

բ) առաջին խմբի պահեստազորի սպաների համար` մինչև 3 տարի.

գ) («գ» ենթակետը հանվել է  25.10.00 ՀՕ-104)

2. Պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է`

ա) սպաների համար` մինչև տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած ժամկետով, բայց առաջին պայմանագիրը` ոչ պակաս 3-5 տարուց.

բ) ենթասպաների համար` 3-5 տարի.

գ) ավագների, սերժանտների և շարքայինների համար` 3 տարի:

Ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների հետ կնքվող պայմանագրի ընդհանուր ժամկետը սահմանվում է 20 տարի (ներառյալ ուսման ժամկետը` որպես պարտադիր զինվորական ծառայություն):

3. Պարտադիր զինվորական ծառայության սկիզբ է համարվում ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը, իսկ ավարտ` զորամասի անձնակազմի ցուցակներից հանվելու օրը:

4. Անհրաժեշտության դեպքում կառավարության որոշմամբ ժամկետային զինվորական ծառայությունը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով:

Առանձին զինծառայողների և նրանց խմբերի (կազմերի) ժամկետային զինվորական ծառայությունը պաշտպանության նախարարը կարող է երկարաձգել մինչև մեկ ամիս ժամկետով:

(21-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.10.00 ՀՕ-104)

 

Հոդված 22. Զինվորական ծառայության անցնելը

 

1. Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության անցնելու կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Առաջին անգամ զինվորական ծառայության անցնող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և զորամասի մարտական դրոշի առջև տալիս են հավատարմության երդում: Երդման տեքստը հաստատվում է օրենքով:

 

Հոդված 23. Զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակելը

 

1. Զինծառայողներին զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակում է զորամասի հրամանատարը` սույն օրենքի 21 հոդվածում նշված ժամկետներում և պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով:

2. Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները ժամկետից շուտ արձակվում են, եթե նրանք կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հետագա զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի` առողջական վիճակի պատճառով:

Այն զինծառայողները, ովքեր ծառայության ժամանակաշրջանում սույն օրենքի 12 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի և 13 հոդվածի հիմքերով ձեռք են բերել զինվորական ծառայությունից ազատվելու և զորակոչից տարկետում ստանալու իրավունք, արձակվում և հաշվառվում են որպես պահեստազորայիններ` մեկամսյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված զինծառայողներին արձակելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:

4. Սույն օրենքի 13 հոդվածի հիմքերով պահեստ արձակված անձինք կարող են ժամկետային զինծառայության զորակոչվել մինչև 27 տարեկան դառնալը, եթե տարկետում ստանալու հիմքերը վերացել են, և նրանց չծառայած ժամկետը գերազանցում է 16 ամիսը:

5. Կարգապահական գումարտակում և ազատազրկման վայրերում պատիժը կրած անձինք (բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի) ուղարկվում են պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու` օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող, վարժական հավաքներ անցած և սահմանված ստուգարքները հաջող հանձնած զինվորներին և սերժանտներին ժամկետային զինվորական ծառայության ավարտից առաջ պահեստազոր տեղափոխելիս շնորհվում է սպայի կամ ենթասպայի կոչում: Պահեստազոր տեղափոխվելիս սպայի կամ ենթասպայի կոչում չստացած անձինք կարող են ներգրավվել պահեստազորի սպաների և ենթասպաների պատրաստման համար կազմակերպվող զինապարտների վարժական հավաքներին:

Ստուգարքների հանձնման ժամկետները և կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:

(23-րդ հոդվածը խմբ. 25.10.00 ՀՕ-104)

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԸ

 

Հոդված 24. Պահեստազորը

 

1. Պահեստազորում ընդգրկվում և հաշվառվում են`

- ժամկետային զինվորական ծառայություն անցած և պահեստ արձակված քաղաքացիները,

- բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոններ ավարտած քաղաքացիները,

- օրենքով սահմանված հիմքերով մինչև 27 տարին լրանալը զինված ուժեր կամ այլ զորքեր չզորակոչված քաղաքացիները,

- իգական սեռի զինապարտները,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած զինապարտները:

2. Պահեստազորում հաշվառված քաղաքացիները կոչվում են պահեստազորայիններ և բաժանվում են պահեստազորի շարքային, ենթասպայական և սպայական կազմերի:

 

Հոդված 25. Պահեստազորի շարքային կազմը

 

1. Պահեստազորի շարքային կազմը բաժանվում է երկու կարգի:

Առաջին կարգի պահեստազորի թվին են պատկանում այն պահեստազորայինները, ովքեր ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց ոչ պակաս, իսկ պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները` անկախ ծառայության ժամկետից:

Երկրորդ կարգի պահեստազորի թվին են պատկանում այն պահեստազորայինները, ովքեր ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց պակաս, ինչպես նաև այն անձինք, ովքեր տարբեր պատճառներով չեն զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:

2. Երկրորդ կարգի պահեստազորում գտնվող անձինք մեկ տարուց ոչ պակաս ընդհանուր տևողությամբ վարժական հավաքներ անցնելուց հետո փոխադրվում են առաջին կարգի պահեստազորի շարքը:

3. Զինվորական հաշվառման մեջ գտնվող կանայք պատկանում են երկրորդ կարգի պահեստազորի թվին:

4. Առաջին և երկրորդ կարգի պահեստազորը բաժանվում է տարիքային երեք խմբի`

- առաջին խումբ` մինչև 35 տարեկան,

- երկրորդ խումբ` 35-ից մինչև 45 տարեկան,

- երրորդ խումբ` 45-ից մինչև 50 տարեկան:

 

Հոդված 26. Պահեստազորի շարքային կազմի վարժական հավաքներ անցնելը

 

1. Առաջին կարգի պահեստազորի առաջին խմբում հաշվառված անձինք առաջին խմբի պահեստազորում գտնված ժամանակ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս` մեկ տարվա ընթացքում: Ընդ որում, նշված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել պահեստ արձակվելուց հետո` մեկ տարուց ոչ շուտ:

2. Երկրորդ կարգի պահեստազորի առաջին խմբում հաշվառված անձինք առաջին խմբի պահեստազորում գտնված ժամանակ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև վեց անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս` մեկ տարվա ընթացքում:

3. Առաջին խմբի պահեստազորի զինվորները, սերժանտները և ենթասպաները, որոնք պատրաստվում են սպայական պաշտոնի համար, վարժական հավաքների են կանչվում երեք ամիս ժամկետով:

4. Երկրորդ խմբի պահեստազորում հաշվառված անձինք վարժական հավաքների կարող են կանչվել 1-2 անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երկու ամիս ժամկետով:

5. Երրորդ խմբի պահեստազորում հաշվառված անձինք վարժական հավաքների չեն կանչվում:

6. Վարժական հավաքների անցկացման ժամկետները որոշում է պաշտպանության նախարարը: Նա իրավունք ունի անհրաժեշտության դեպքում պահեստազորայիններին պահել վարժական հավաքներում` սույն օրենքով սահմանված ժամկետից մինչև երկու ամիս ավելի, ինչպես նաև ավելացնել պահեստազորի առաջին կամ երկրորդ խմբի պահեստազորի շարքային կազմի վարժական հավաքների քանակը` չգերազանցելով հավաքներում գտնվելու` սույն հոդվածի 1-3-րդ կետերով սահմանված ընդհանուր ժամկետները:

 

Հոդված 27. Պահեստազորի ենթասպայական կազմը

 

1. Զինված ուժերում և այլ զորքերում` որպես ենթասպաներ, զինվորական ծառայության են անցնում սպայական կոչում չունեցող պահեստազորայինները:

2. Զինված ուժերի և այլ զորքերի ենթասպաների կողմից զինվորական ծառայության անցնելու կարգը սահմանվում է օրենսդրությամբ:

3. Ենթասպաները կարող են գտնվել զինվորական ծառայության մեջ մինչև 45 տարեկան դառնալը: Նրանց համաձայնությամբ` այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարով:

Զինվորական ծառայությունից արձակված ենթասպաները զինված ուժերի և այլ զորքերի պահեստազորում գտնվում են մինչև 55 տարեկան դառնալը:

 

Հոդված 28. Պահեստազորի սպայական կազմը

 

1. Պահեստազորի սպայական կազմը բաղկացած է`

- ժամկետային զինվորական ծառայությունից արձակված և պահեստազորում հաշվառված սպաներից, գեներալներից,

- բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող սերժանտներից և ենթասպաներից, որոնք անցել են ժամկետային զինվորական ծառայություն և սահմանված կարգով ստացել են սպայական կոչում,

- բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոններ ավարտած անձանցից, որոնց սպայական կոչում է շնորհվել սահմանված քննությունները հանձնելուց հետո,

- զինվորներից, սերժանտներից և ենթասպաներից, որոնց սպայական կոչում է շնորհվել բարձրագույն և միջնակարգ մասնագիտական քաղաքացիական կրթության հիման վրա:

2. Սպայական կազմը զինված ուժերի և այլ զորքերի ժամկետային զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվում է մինչև հետևյալ սահմանային տարիքը`

 

Սահմանային տարիքը

Սպայական կոչումը

Ժամկետային
զինվորական
ծառայություն

1-ին խմբի
պահեստազոր

2-րդ խմբի
պահեստազոր

3-րդ խմբի
պահեստազոր

Կրտսեր սպայական կազմը        
կրտսեր լեյտենանտ,
լեյտենանտ, ավագ
լեյտենանտ, կապիտան
48 50 55 58
Ավագ սպայական կազմը        
մայոր, փոխգնդապետ

50

55

58

60

գնդապետ

55

58

-

60

Բարձրագույն սպայական կազմը        
գեներալ-մայոր,        
գեներալ-լեյտենանտ

60

65

-

68

գեներալ-գնդապետ,        
բանակի գեներալ

65

-

-

70

 

Առանձնահատուկ դեպքերում սահմանային տարիքի հասած սպայական կազմի ժամկետային զինվորական ծառայության և պահեստազորում գտնվելու ժամկետները կառավարության սահմանած կարգով կարող են երկարաձգվել մինչև 5 տարի ժամկետով:

3. Զինվորական հաշվառման մեջ գտնվող սպա կանայք, իրենց մասնագիտությանը համապատասխան, անկախ զինվորական կոչումից, հաշվառվում են երրորդ խմբի պահեստազորում:

4. Պահեստազորում սահմանային տարիքի հասած կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված սպաները հանվում են զինվորական հաշվառումից:

 

Հոդված 29. Պահեստազորի սպայական կազմի վարժական հավաքներ անցնելը և զինվորական ծառայության կանչելու կարգը

 

1. Պահեստազորի սպաները անցնում են վարժական հավաքներ: Առաջին խմբի պահեստազորում գտնվողները կարող են կանչվել մեկ հավաքի` մինչև երեք ամիս ժամկետով, երկրորդ խմբի պահեստազորում գտնվողները` մեկ հավաքի` մինչև երկու ամիս ժամկետով, երրորդ խմբի պահեստազորում գտնվողները` մեկ հավաքի` մինչև մեկ ամիս ժամկետով:

Առաջին խմբի պահեստազորի օդաչուական անձնակազմը, բացի սույն կետով նախատեսված վարժական հավաքն անցնելուց, առաջին խմբի պահեստազորում գտնվելիս կանչվում է նաև վարժական հավաքների` թռիչքային վարժություններ կատարելու համար, մինչև հինգ անգամ` յուրաքանչյուր դեպքում երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու ամիս` մեկ տարվա ընթացքում:

2. Պաշտպանության նախարարն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում մինչև մեկ ամսով երկարաձգել պահեստազորի սպաների վարժական հավաքների ժամկետները, ինչպես նաև քանակը` չգերազանցելով սույն հոդվածի առաջին մասում սահմանված ընդհանուր ժամկետները:

3. Պահեստազորի սպաները խաղաղ ժամանակ կարող են կանչվել`

ա) զորակոչի միջոցով մինչև 3 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության` կառավարության կողմից որոշվող մասնագիտությունների գծով և քանակով.

բ) պայմանագրային զինվորական ծառայության` անձնական ցանկությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 30. Զինծառայողների և զինապարտների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը

 

1. Զինծառայողների և զինապարտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու ընթացքում մշտական աշխատանքի վայրում պահպանվում է քաղաքացիների աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը:

3. Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից, վարժական հավաքից, զորահավաքից և զինվորական հաշվառումից խուսափելու, ինչպես նաև զինվորական հանցագործություններ, զինվորական հաշվառման բնագավառում իրավախախտումներ կատարելու համար զինծառայողները և զինապարտները պատասխանատվության են ենթարկվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Զինվորական ծառայություն չանցած զինապարտները, բացի սույն օրենքի 12 հոդվածով, 13 հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, 15 հոդվածի 2-րդ կետով և 16 հոդվածով նախատեսված դեպքերից, չեն կարող նշանակվել պետական պաշտոնների: Այդ պաշտոնների ցանկը հաստատում է կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 31. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1991 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով: 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
14 հոկտեմբերի 1998 թ.
ՀՕ-250

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան