Գլխավոր տեղեկություն
Номер
N 1544-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.10.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 06.10.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2022
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Дата подписания
06.10.2022
Дата вступления в силу
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2022 թվականի N 1544-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

 

06.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1544-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումն ուղղված է հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակի ստեղծմանը և պահպանմանը։

2. Աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է կենդանիների, այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ (զոոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը։

3. Հայաստանի Հանրապետությունը 1997 թվականից Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) լիիրավ անդամ-երկիր է:

4. ԿԱՀԿ-ն միջկառավարական կազմակերպություն է, որը պատասխանատու է աշխարհում կենդանիների առողջության բարելավման և համաշխարհային մակարդակում կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի համար։

5. Ելնելով հարևան երկրներում արձանագրված կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների անասնահամաճարակային իրավիճակից և հանրապետության առանձին մարզերում արձանագրված կենդանիների վարակիչ հիվանդությունների անասնահամաճարակային իրավիճակից, ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով՝ յուրաքանչյուր տարի իրականացվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ։

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Ծրագրի իրականացման խնդիրներն են՝

1) անասնաբուժական դեղամիջոցների ձեռքբերման գործընթացի ձախողումը՝ պայմանավորված գնման գործընթացով կամ արտակարգ իրավիճակների առաջացման հետևանքով.

2) համայնքներում միջոցառման իրականացման նպատակով անասնաբույժ մասնագետների համալրումը.

3) «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով ամրագրված դրույթների չկատարումն անասնատերերի կողմից.

4) անասնաբույժների կողմից իրականացված միջոցառումների համար նախատեսված մեկ պայմանական գլխի համար նախատեսված վճարը.

5) հանրապետությունում համարակալման և հաշվառման գործընթացի բացակայությունը։

7. Ծրագրի շրջանակներում, յուրաքանչյուր տարի միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը միտված է մի շարք վարակիչ հիվանդությունների՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզի, խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզի, լեյկոզի, ձիերի խլնախտի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և ձիերի սիբիրախտի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղի, խոշոր եղջերավոր կենդանիների խշխշան պալարի, հանգուցավոր մաշկաբորբի, պաստերելյոզի, խոզերի դասական ժանտախտի, թռչունների կեղծ ժանտախտի նկատմամբ պատվաստված անասնագլխաքանակի կայուն վարակամերժության ֆոնի ապահովմանը։

8. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության այսուհետ՝ նախարարություն) կողմից յուրաքանչյուր տարի մշակվում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին այսուհետ՝ տեսչական մարմին)՝ համաձայնեցման։

9. Ծրագրում ներառված վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները յուրաքանչյուր տարի կարող են փոփոխվել՝ ելնելով հարևան երկրներում, ինչպես նաև հանրապետության առանձին մարզերում արձանագրված դեպքերից։

10. Հանրապետությունում, ինչպես նաև տարածաշրջանում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով կանխարգելիչ միջոցառումների ծրագիրն անհրաժեշտ է իրականացնել մշտական և շարունակական՝ ապահովելով պարենային անվտանգության ողջ արժեշղթան:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

11. Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման, հանրապետության տարածք օտարերկրյա պետություններից կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխարգելող միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտ չափաբաժիններով նախարարության կողմից ձեռք են բերվում անասնաբուժական պատվաստանյութեր, ախտորոշիչներ, ախտահանիչներ և անասնաբուժական պարագաներ:

12. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման շրջանակը ներառում է հանրապետության բոլոր համայնքների կենդանիներին:

13. Նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը այսուհետ՝ կազմակերպություն), համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման, վերապահված է ապահովել կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։

14. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար ըստ կենդանատեսակի ներդրվել է վարձատրության ձև՝ միջոցառման կատարման համար կիրառելով պայմանական գործակից մեկ միավոր գնի հաշվարկի համար։

15. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար ըստ կենդանատեսակի մեկ պայմանական գլխի հաշվարկման համար սահմանվում են հետևյալ գործակիցները`

1) խոշոր եղջերավոր կենդանիներ՝ 1,0 միավոր.

2) մանր եղջերավոր կենդանիներ՝ 0,6 միավոր.

3) խոզեր՝ 0,6 միավոր.

4) ձիեր՝ 0,6 միավոր.

5) թռչուններ՝ 0,6 միավոր։

16. Ծրագրի շրջանակներում համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից յուրաքանչյուր ամիս տարածաշրջանի համաճարակաբանին ներկայացվում է հաշվետվություն՝ իր կողմից ըստ կենդանատեսակների իրականացված անասնահակահամաճարակային միջոցառումների, անասնաբուժական դեղամիջոցների և պարագաների ծախսի վերաբերյալ, որն էլ համաճարակաբանի միջոցով ամփոփվում և ներկայացվում է կազմակերպությանը և տեսչական մարմնի համապատասխան մարզային կենտրոնին։

17. Կազմակերպությունը իրականացված միջոցառումների վերաբերյալ եռամսյակային և տարեկան աճողական հաշվետվությունները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը, իսկ ծրագրի ավարտից հետո` ամփոփ հաշվետվությունը ներկայացնում է նախարարություն։

18. Իրականացված միջոցառումների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը հրապարակվում է նախարարության կայքէջում։

19. Միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր են անասնագլխաքանակի շեղումներ, որը կարող է պայմանավորված լինել նոր կենդանիների ձեռքբերումով, սննդի համար նախատեսված կենդանիների մորթով, կենդանիների անկմամբ:

20. Ծրագրի շրջանակներում միջոցառումների իրականացմանն աջակցելը, որպես պետության պատվիրակած լիազորություն վերապահված է համայնքի ղեկավարին, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և քաղաքապետին՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի։

21. Ծրագրի իրականացումն անհրաժեշտ նախապայման է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագիրը, միջոցառումների կատարման ժամանակացույցը, նմուշների հավաքագրման տվյալների և լաբորատոր փորձաքննության արդյունքների ձևերը հաստատելու մասին» N 1939-Լ որոշման կատարումն ապահովելու համար։

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ

 

22. Ծրագրի իրականացման ռիսկերն են՝

1) անասնաբուժական դեղամիջոցների գների բարձրացումը, կապված անկանխատեսելի սղաճի հետ.

2) ֆինանսավորման դադարեցումը կամ նվազումը, որը կհանգեցնի անասնաբուժական դեղամիջոցների քանակական, անասնաբույժների մասնագետների համալրման նվազեցմանը.

3) անասնաբուժական դեղամիջոցների ձեռքբերման ժամանակահատվածի խախտումը։

23. Ծրագրի ռիսկերի հաղթահարման հնարավոր ուղիներն են՝

1) յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծրագրի գծով սահմանվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը, որը կխթանի անասնաբույժ մասնագետների համալրումը.

2) անասնաբուժական դեղամիջոցների ձեռքբերման ապահովումը՝ առաջնահերթությունից ելնելով գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի կազմակերպումը.

3) նախարարությունների միջև փոխհամաձայնեցված և համատեղ աշխատանքների իրականացումը։

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

24. Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին։

25. Ծրագրի ֆինանսական բաղադրիչներն են՝

1) անասնաբուժական դեղամիջոցների և պարագաների ձեռքբերումը.

2) միջոցառումների իրականացումը:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

26. Ծրագրի իրականացման նպատակն է`

1) ապահովել կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ պատվաստված վարակամերժ անասնագլխաքանակ.

2) հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման ռիսկերի կառավարում՝ բռնկման և տարածման կանխում.

3) կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից ազգաբնակչության պաշտպանվածության բարձր մակարդակ։

27. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է՝

1) հանրապետությունում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակի ապահովումը.

2) անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներկրման բարենպաստ պայմաններ.

3) համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշի բարելավում։

 

VII. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

28. Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է նախարարության և կազմակերպության կողմից։

29. Մոնիթորինգի հիմնական նպատակն է՝ միջոցառումների թերակատարումների հայտնաբերումը կամ բացառումը, անասնաբույժի կողմից գրանցամատյանում լրացված տվյալների անհամապատասխանությունների հայտնաբերումը կամ բացառումը, գյուղատնտեսական կենդանիների՝ ծնի, ներկրման և ելքերի՝ սպանդի, անկման, արտահանման ժամկետների ուսումնասիրումը, ինչպես նաև ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումը և այլն:

30. Նախարարությունն իրականացնում է մոնիթորինգ՝ ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով:

31. Մոնիթորինգի իրականացման ընթացքում բացահայտված թերացումների ու բացթողումների շտկման նպատակով կազմակերպությանը տրվում են ցուցումներ և առաջարկություններ:

32. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ` ուսումնասիրելով ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր և նյութեր:

33. Մոնիթորինգի իրականացման ընթացքում նախարարությունը կազմակերպությունից կարող է պահանջել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

34. Կազմակերպությունն ըստ եռամսյակների համայնքներում իրականացնում է մոնիթորինգ՝

1) ըստ կենդանատեսակների իրականացված միջոցառումների.

2) անասնաբուժական դեղամիջոցների, պարագաների բաշխման և մնացորդների վերաբերյալ:

35. Մոնիթորինգի իրականացման ընթացքում բացահայտված թերացումների ու բացթողումների շտկման նպատակով համայնքը սպասարկող անասնաբույժին, ինչպես նաև տարածաշրջանի համաճարակաբանին տրվում են ցուցումներ և առաջարկություններ:

36. Կազմակերպությունն իրականացնում է մոնիթորինգի տվյալների հավաքագրում, մշակում, ամփոփում և տեղեկատվությունը ներկայացնում է նախարարություն։

37. Մոնիթորինգի իրականացման ընթացքում բացահայտված բացթողումները շտկելու նպատակով կազմակերպությունը տեղեկատվություն է ներկայացնում նախարարություն, ինչպես նաև համայնքի (համայնքների) ղեկավարին (ղեկավարներին)։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

06.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1544-Լ որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

NN

ը/կ

Միջոցառումը

Պատասխանատու

կատարողները

Ժամկետները

1.

Բյուջետային հայտի կազմում և ներկայացում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

նախարարություն

յուրաքանչյուր տարի
1-ին և 2-րդ եռամսյակ

2.

Անասնաբուժական դեղամիջոցների ձեռքբերում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

նախարարություն

յուրաքանչյուր տարի
1-ին և 2-րդ եռամսյակ

3.

Անասնաբույժ մասնագետների քարտեզագրում և համալրում

«Գյուղատնտեսական ծառայությունների

կենտրոն» ՊՈԱԿ

յուրաքանչյուր տարի
1-ին եռամսյակ

4.

Միջոցառումների իրականացում

«Գյուղատնտեսական ծառայությունների

կենտրոն» ՊՈԱԿ

տարեկան

5.

Հաշվետվությունների ներկայացում

«Գյուղատնտեսական ծառայությունների

կենտրոն» ՊՈԱԿ

յուրաքանչյուր եռամսյակ

6.

Միջոցառման իրականացման նկատմամբ

վերահսկողություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական

մարմին

տարեկան

7.

Մոնիթորինգի իրականացում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն,

«Գյուղատնտեսական ծառայությունների

կենտրոն» ՊՈԱԿ

յուրաքանչյուր եռամսյակ

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

06.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան