Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.05.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
13.05.2022
Дата вступления в силу
13.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0024/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0024/02/19

Նախագահող դատավոր՝  Ա. Խառատյան

Դատավորներ՝

 Ս. Թորոսյան

 Ն. Բարսեղյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

 

2022 թվականի մայիսի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2019 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Հաշտարարի, երրորդ անձ Հովսեփ Սահակյանի` Հաշտարարի 07.11.2018 թվականի թիվ 15-3685/18 որոշումը չեղյալ ճանաչելու մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Հովսեփ Սահակյանի` Բանկի դեմ ուղղված 01.08.2018 թվականի թիվ 07-210/18 պահանջը բավարարելու մասին Հաշտարարի 07.11.2018 թվականի թիվ 15-3685/18 որոշումը ճանաչել չեղյալ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 22.02.2019 թվականի որոշմամբ Բանկի դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.05.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է` վերացվել է Դատարանի 22.02.2019 թվականի որոշումը և կայացվել է նոր դատական ակտ` Բանկի դիմումը բավարարվել է` չեղյալ է ճանաչվել Հաշտարարի 07.11.2018 թվականի թիվ 15-3685/18 որոշումը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.08.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ Վերաքննիչ դատարանի 24.05.2019 թվականի որոշման դեմ Հովսեփ Սահակյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ, 337-րդ, 338-րդ և 339-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հաշտարարն իր կողմից վկայակոչված փաստերը ապացուցելու պարտականություն երբեք չի կրում: Հաշտարարի գրասենյակին նիստին մասնակցելու հնարավորություն տալը, նրանից պահանջի քննության հետ կապված նյութերը պահանջելը նպատակ ունի դատարանին իրազեկ դարձնել այն բոլոր հանգամանքների մասին, որոնք առկա են եղել Հաշտարարի կողմից պահանջի քննության ընթացքում: Վարույթի այս տեսակն իրենից չի ենթադրում հակադիր շահերով օժտված կողմերի առկայություն, մրցակցային դատավարություն, որի շրջանակներում կողմերից յուրաքանչյուրն ապացուցման կանոններին համապատասխան ունեն իրենց ապացուցման բեռը, այլ դիմումի հիման վրա դատարանը պետք է պարզի որոշման չեղյալ ճանաչելու «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերի առկայության կամ բացակայության հարցը, որին կարող է օժանդակել Հաշտարարի գրասենյակը` իր կողմից ներկայացված նյութերով (եթե դատարանը պահանջի) և պարզաբանումներով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ վարույթի շրջանակներում դատական նիստ չի հրավիրվել և Հաշտարարի գրասենյակից Դատարանի կողմից չեն պահանջվել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը չէր կարող քննարկման առարկա դարձնել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումն էլեկտրոնային տիրույթում տեղադրված լինելու փաստը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկն էլեկտրոնային տիրույթով ծանուցումներ ստանալու համար դիմում չի ներկայացրել Հաշտարարի գրասենյակ:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու գործերով Հաշտարարի դատավարական կարգավիճակին, այդ վարույթի առանձնահատկություններին, ինչի արդյունքում հանգել է սխալ եզրակացության` Հաշտարարի վրա դնելով ապացուցման պարտականություն` առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ ստորադաս դատարանը Հաշտարարից որևէ ապացույց կամ գործի քննության համար անհրաժեշտ այլ նյութեր չի պահանջել:

Արդյունքում` Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության սխալ լուծող դատական ակտ:

Միաժամանակ, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած վերոնշյալ դատավարական, ինչպես նաև նյութական իրավունքի նորմերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Մասնավորապես` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վարույթի վերաբերյալ Հաշտարարի դատավարական կարգավիճակի, նրա իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ առկա չէ միասնական դատական պրակտիկա:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.05.2019 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 22.02.2019 թվականի որոշմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և Հովսեփ Սահակյանի միջև 04.05.2017 թվականին կնքվել է թիվ TP17/46945 պարտքի տարաժամկետ մարման ժամկետով պայմանագիրը:

Պայմանագրի 2.2.2 կետի համաձայն` Բանկը պարտավորվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած, պայմանագրի գործողության ընթացքում, երեսնօրյա պարբերականությամբ պարտապանին ներկայացնել պայմանագրից բխող պարտապանի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն:

Պայմանագրի 2.2.3 կետի համաձայն` Բանկը պարտավորվում է պայմանագրի 2.2.2 ենթակետով սահմանված տեղեկատվությունը պարտապանին տրամադրել` փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստի միջոցով, Բանկի տարածքում առձեռն:

Պայմանագրի 2.2.4 կետի համաձայն` Բանկը պարտավորվում է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 28.07.2009 թվականին ընդունված թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի 15-րդ կետով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը պարտապանին տրամադրել` փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստի միջոցով (հատոր 1-ին, գ.թ. 19-23):

2) Բանկի և Հովիկ Սահակյանի միջև 08.06.2017 թվականին կնքված բանկային ծառայությունների տրամադրման թիվ RR17/08211 դիմում/պայմանագրով Հովսեփ Սահակյանն իր կամահայտնությունն է հայտնել բոլոր հաշիվների քաղվածքներն էլեկտրոնային փոստով ստանալու վերաբերյալ, այն է` քաղվածքներն ուղարկել դիմում պայմանագրով հաճախորդի տրամադրած էլեկտրոնային հասցեին (հատոր 1-ին, գ.թ. 29-32):

3) Ըստ Բանկի ներկայացրած փաստաթղթի` հաճախորդի ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին` 08.07.2017 թվականին, 09.08.2017 թվականին, 02.09.2017 թվականին, 02.10.2017 թվականին, 03.11.2017 թվականին, 02.12.2017 թվականին, 02.01.2018 թվականին, 02.02.2018 թվականին, 02.03.2018 թվականին, 12.04.2018 թվականին, 03.05.2018 թվականին, 03.06.2018 թվականին, 13.07.2018 թվականին, 03.08.2018 թվականին, 02.09.2018 թվականին և 19.10.2018 թվականին, ուղարկվել են համապատասխան քաղվածքները (հատոր 1-ին, գ.թ. 33):

4) Հովսեփ Սահակյանը 06.07.2018 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել ընդդեմ Բանկի` պահանջելով իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ` պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածք չտրամադրելու համար (հատոր 1-ին, գ.թ. 34-36):

5) Հովսեփ Սահակյանը 06.07.2018 թվականին կրկին բողոք-պահանջ է ներկայացրել ընդդեմ Բանկի` պահանջելով իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ` պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածք չտրամադրելու համար (հատոր 1-ին, գ.թ. 37-38):

6) Բանկի կողմից 10.08.2018 թվականին Հովսեփ Սահակյանին ուղղված գրությամբ մերժվել են վերջինիս կողմից 06.07.2018 թվականին ներկայացրած` 600.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ բողոք-պահանջները` դրանք անհիմն լինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 39):

7) Հովսեփ Սահակյանը 08.07.2018 թվականին դիմում է ներկայացրել Հաշտարարին` խնդրելով կայացնել որոշում` Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքի խախտման համար իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ: Դիմումը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ է մուտքագրվել 01.08.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 40-43):

8) Հաշտարարի 07.11.2018 թվականին կայացված թիվ 15-3685/18 որոշման համաձայն` բավարարվել է Հովսեփ Սահակյանի` Բանկի դեմ ուղղված 01.08.2018 թվականի թիվ 07-210/18 պահանջը` 300.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 12-18):

9) Հաշտարարի կողմից 27.11.2018 թվականին Բանկ մուտքագրված գրությամբ Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանին տեղեկացվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի 07.11.2018 թվականի թիվ 15-3685/18 որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 44):

10) Դատարանի 22.02.2019 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում, ի թիվս այլնի, որպես «վերաքննիչ բողոքի իրավական հիմք և հիմնավորում» Բանկը վկայակոչել է նաև այն հանգամանքը, որ ֆինանսական համակարգի հաշտարարը Բանկին չի ուղարկել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, եթե այդպիսին եղել է, ինչը հանդիսանում է ընթացակարգային պահանջների խախտում, ինչն էլ իր հերթին բավարար իրավական հիմք է հաշտարարի վիճարկվող որոշումը չեղյալ ճանաչելու համար (հատոր 2-րդ գ.թ. 3-7):

11) Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ, հիմք ընդունելով Բանկի այն փաստարկը, որ վերջինս չի ստացել պահանջի քննության ժամկետը ևս տասնչորսօրյա ժամկետով երկարաձգելու մասին որոշումը, և Հաշտարարի վկայակոչումը` Բանկին կայացված որոշման մասին ծանուցելու վերաբերյալ, մնացել է վիճելի, հետևաբար` Հաշտարարը չի ապացուցել այդ մասով ընթացակարգային նորմի խախտում թույլ տված չլինելու հանգամանքը, որպիսի փաստն անտեսվել է Դատարանի կողմից, գտել է, որ այդ մասով Բանկը փաստարկները հիմնավոր են և բավարարման ենթակա (հատոր 2-րդ գ.թ. 67-72):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ մասի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքում վկայակոչված իրավանորմերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ինչպիսի՞ դատավարական կարգավիճակ ունի Հաշտարարը` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում` վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև այն իրավական հարցադրմանը, թե Հաշտարարն արդյոք կրում է վիճարկվող որոշման վերաբերյալ որևէ փաստ ապացուցելու կամ համապատասխան նյութեր ներկայացնելու իրավունք այն դեպքում, երբ դատարանը չի պահանջում ներկայացնել դրանք:

 

Սույն վեճին իրավաչափ լուծում տալու տեսանկյունից Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առաջին հերթին անդրադառնալ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում Հաշտարարի դատավարական կարգավիճակին: Այսպես.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարևորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր` հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):

Մասնավորապես` Սահմանադրական դատարանն իր` 28.11.2007թ. ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ (…)»:

Միաժամանակ, դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(…) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն` դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում` առանց դատական նիստ հրավիրելու:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են կողմերը և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում` դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Դատարանի որոշումը կողմերին և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում (...):

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը Կողմերին իրավունք է վերապահել, օրենքով սահմանված ժամկետում, դատական կարգով վիճարկելու Հաշտարարի որոշումը` տվյալ որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

ՀՀ Սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ մասնավորապես արձանագրվել է, որ «(...) օրենսդրի կողմից կատարված փոփոխության արդյունքում ներկայիս գործող կարգավորումը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չեն Սահմանադրական դատարանի 09.10.2012թ. ՍԴՈ-1051 որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել էր, որ Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման արգելափակմանը, որի արդյունքում և Օրենսդիրը պետք է կարգավորումը ձևակերպեր այնպես, որ Կազմակերպությանն ընձեռեր Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու հնարավորություն, քանի որ ՍԴՈ-1051 որոշման ամբողջ էությունը հանդիսացել է տվյալ պահին գործող կարգավորմամբ առկա ոչ իրավաչափ սահմանափակման վերացումը:

Միևնույն ժամանակ, վերոգրյալով չի բացառվում վեճերի լուծման այլընտրանքային միջոցների կիրառմամբ դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման և/կամ այլ իրավաչափ նպատակ հետապնդող նկատառումներից ելնելով տարբեր արտադատական ինստիտուտների և ընթացակարգերի ներդրումը վեճերի լուծման ներպետական համակարգում: Այդուհանդերձ, դա պետք է իրականացվի դատարանի մատչելիության և արդար դատաքննության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումներն այն աստիճանի չսահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը»։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության վարույթը լինելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված առանձին վարույթի տեսակ, ենթակա է քննության դատավարական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ և պահպանմամբ:

Մասնավորապես, ի տարբերության այլ վարույթների (օրինակ` հայցային, հատուկ և այլն), նշված վարույթով դիմումի քննությունը, որպես կանոն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դատարանը հանգում է այն հետևության կամ գտնում է, որ անհրաժեշտ է ստանալ պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ: Այս դեպքում գործի քննությունը իրականացվում է դատական նիստի միջոցով, որի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են ինչպես կողմերը, այնպես էլ Հաշտարարը, իսկ տվյալ գործով կայացված եզրափակիչ դատական ակտն ուղարկվում է նաև Հաշտարարի գրասենյակ: Այսինքն, օրենսդիրը նախատեսել է Հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու վերաբերյալ դատական գործերին նաև Հաշտարարի մասնակցությունը։ Ուստի, եթե Հաշտարարը կարող է մասնակցել դատական նիստին, ապա պետք է ունենա դատավարական կարգավիճակ։ Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ Հաշտարարի դատավարական կարգավիճակին` վերջինիս դատական նիստին մասնակցելու համար իր որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` (…) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` դիմողն այն անձն է, որ ներկայացրել է սույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:

Ելնելով նշված իրավական նորմերի վերլուծությունից` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով բողոքաբերի շահագրգռվածության հարցը:

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՐԴ/4208/02/16 գործով 17.09.2018 թվականի որոշմամբ նշել է, որ հատուկ վարույթի գործերին բնորոշ է ոչ թե ընդհանրապես վեճի բացակայությունը, այլ նյութաիրավական վեճի բացակայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, բացի դիմողներից, կարող են ներգրավվել նաև այն անձինք, որոնք ուղղակիորեն շահագրգիռ են տվյալ գործով համապատասխան դիմումի քննության (փաստի հաստատման) ելքով: Նշվածն ամրագրված է նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որն ուղղակիորեն սահմանում է, որ գործին մասնակցող անձինք են դիմողները և դիմումի ելքով շահագրգռված այլ անձինք՝ նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

Այլ կերպ ասած` հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, այդ թվում նաև իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով շահագրգիռ են այն անձինք,

Ներմուծեք նկարագրությունը_19954որոնք ունեն ուղղակի նյութաիրավական շահագրգռվածություն տվյալ գործով,

Ներմուծեք նկարագրությունը_19954որոնց վրա օրենքով սահմանված կարգով դրված է համապատասխան իրավունքի իրականացումը, որը հաստատվել է տվյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստով (օրինակ` այդպիսիք կարող են լինել կենսաթոշակային ապահովության մարմինները, քաղաքացիական կացության գրանցման մարմինները, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի գործակալությունը և այլն):

Վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հաշտարարը դատարանի կողմից դատական նիստին ներգրավվում է գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Այսինքն, Հաշտարարին գործի քննությանը ներգրավվելը դառնում է պարտադիր, եթե առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով Հաշտարարը կարող է հավասարեցվել դիմումի քննության ելքով շահագրգռված անձի կարգավիճակ ունեցող անձին: Վերոնշյալից բխում է, որ Հաշտարարը կարող է իրականացնել իր դատավարական իրավունքները, մասնավորապես` բողոքարկել տվյալ գործով դատական ակտերը(տե՛ս, ըստ «Յունիբանկ» ԲԲԸ-ի դիմումի թիվ ԼԴ/3539/02/20 քաղաքացիական գործով կայացված ՀՀ վճռաբեկ դատարանի 18.11.2021 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով երկրորդ հարցադրմանը, հարկ է համարում հավելել հետևյալը.

Քաղաքացիական դատավարությունում Հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության համար օրենսդիրը նախատեսել է ընդհանուր կանոններից տարբերվող կանոններ: Ըստ այդմ, դատարանը ներկայացված դիմումի հիման վրա քննում է Հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու հիմքերի առկայությունը կամ դրանց բացակայությունը, որի արդյունքում կայացնում է որոշում: Միաժամանակ, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասով Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումների քննության համար նախատեսել է մեկամսյա ժամկետ, որի ընթացքում, ըստ նույն հոդվածի 2-րդ մասի, դատարանին հնարավորություն է ընձեռվել հրավիրել դատական նիստ, եթե անհրաժեշտություն է առաջացել գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալ: Միաժամանակ, նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է Հաշտարարի գրասենյակից պահանջել վիճարկվող որոշման վերաբերյալ գործի նյութերը: Այսինքն` այն դեպքում, երբ դատարանի մոտ առաջանում են որոշակի հարցեր` կապված վիճարկվող որոշման հետ, ապա օրենսդիրը վերջինիս ընձեռել է Հաշտարարից համապատասխան նյութեր պահանջելու, Հաշտարարին դատական նիստին հրավիրելու, պարզաբանումներ ստանալու լիազորությամբ: Հաշտարարի վրա իր կողմից վկայակոչված փաստերն ապացուցելու պարտականություն, կապված վարույթի այս տեսակի առանձնահատկություններով, օրենսդիրը չի դրել: Մասնավորապես, Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության վարույթում առկա չեն հակադիր շահերով օժտված կողմեր, ինչը բացառում է մրցակցային դատավարությունը: Միաժամանակ, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում հայտնած դիրքորոշման, Հաշտարարը հավասարեցվել է դիմումի քննության ելքով շահագրգռված անձի կարգավիճակ ունեցող անձի, ուստի դատարանը, անհրաժեշտության դեպքում, կարող է նրանից միայն պահանջել համապատասխան պարզաբանումներ, ինչպես նաև վիճարկվող որոշմանն առնչվող գործի նյութերը:

 

Սույն գործի փաստերի համաձայն` 07.11.2018 թվականին Երևան քաղաքում Հաշտարարը կայացրել է թիվ 15-3685/18 որոշումը Հովսեփ Սահակյանի` Բանկի դեմ ուղղված 01.08.2018 թվականի թիվ 07-210/18 պահանջը բավարարելու մասին: Որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել համաձայն Հաշտարարի 23.11.2018 թվականի թիվ 01-07/14180 գրության, որը Բանկն ստացել է 27.11.2018 թվականին։

Հաշտարարի և Բանկի միջև կնքված Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն` «սույն Համաձայնագիրը տարածվում է միայն այն պահանջների վրա, որոնց գույքային պահանջի չափը չի գերազանցում 250.000 դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը»:

Դատարանի 22.02.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է: Սույն գործում առկա է Դատարանի 22.02.2019 թվականի որոշումը ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին ուղարկելու փաստը հավաստող թիվ Ե-2975/19 ուղեկցական գրությունը:

Վերաքննիչ դատարանի 24.05.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է` վերացվել է Դատարանի 22.02.2019 թվականի որոշումը և կայացրել է նոր դատական ակտ` Բանկի դիմումը բավարարվել է` ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի 07.11.2018 թվականի թիվ 15-3685/18 որոշումը:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «(...) Բանկը փաստարկել է, որ առհասարակ չի ստացել պահանջի քննության ժամկետը ևս տասնչորսօրյա ժամկետով երկարաձգելու մասին որոշումը: Այսինքն` Բանկը առաջ է քաշել ժխտողական փաստ, հետևաբար այն չէր կարող ապացուցվել Բանկի կողմից, քանի որ ժխտողական փաստերը չեն կարող ապացուցվել, օբյեկտիվորեն դրանց ապացուցելու հնարավորության բացակայությամբ պայմանավորված` ելնելով հասարակ ժխտման կանոնից, համաձայն որի չի ապացուցում նա, ով ժխտում է: Դրան հակառակ Հաշտարարը պնդել է, որ որոշման կայացման մասին ծանուցումն ուղարկվել է էլեկտրոնային եղանակով, ըստ վերոգրյալ կանոնների 20-րդ կետի գ) ենթակետի` միաժամանակ նշելով, որ ծանուցումը տվյալ պահին էլ տեղադրված է էլեկտրոնային տիրույթում, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ միայն նման վկայակոչումը բավարար չէ ծանուցումն ապահոված լինելու փաստը հաստատելու համար (...)»:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Թեև օրենսդիրը հստակ չի նախատեսել Հաշտարարի դատավարական կարգավիճակը` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում, այնուամենայնիվ, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հաշտարարը սույն գործով դիմումի քննության ելքով ունի իրավական շահագրգռվածություն, հանդիսանում է շահագրգիռ անձ, քանի որ Հաշտարարի գրասենյակը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ծանուցվում է դատական նիստի մասին, անհրաժեշտության դեպքում տալիս է պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, ստանում է տվյալ գործով կայացված եզրափակիչ դատական ակտը, այսինքն համարվում է դատավարության մասնակից, հետևաբար կարող է մասնակցել իր որոշումները չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերով դատական նիստերին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վիճարկվում է Հաշտարարի կողմից կայացված 07.11.2018 թվականի թիվ 15-3685/18 որոշումը, հետևաբար Հաշտարարը սույն գործով դիմումի քննության ելքով հանդիսանում է շահագրգիռ անձ և ունի դատավարության մասնակիցների համար օրենքով սահմանված իրավունքներ, մասնավորապես` վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու իրավունք:

Անդրադառնալով այն հարցադրմանը, թե արդյոք Հաշտարարը կրում է իր կողմից վկայակոչված փաստի, տվյալ դեպքում` պահանջի քննության ժամկետը ևս տասնչորս օրով երկարաձգելու մասին որոշման կայացման վերաբերյալ կողմին ծանուցած լինելու, ապացուցման բեռը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում Կազմակերպության բացատրություններն ստանալուց կամ նույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո` 24 աշխատանքային օրվա ընթացքում: Առանձնապես բարդ գործի պարագայում Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է սույն մասով նախատեսված քսանչորսօրյա ժամկետն իր որոշմամբ երկարաձգել ևս 14 աշխատանքային օրով:

Նույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Խորհուրդը Ֆինանսական համակարգի հաշտարարի ներկայացմամբ կարող է հաստատել պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոններ:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի 08.11.2017 թվականի թիվ 13/17-Լ որոշմամբ հաստատված Պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոնների (այսուհետ` Կանոններ) 20-րդ կետի գ) ենթակետի համաձայն` Հաշտարարի կողմից միայն էլեկտրոնային եղանակով են ծանուցվում հետևյալ գրությունները, տեղեկությունները և որոշումները. Կանոնների 63-րդ կետով նախատեսված պահանջի քննության ժամկետը ևս տասնչորսօրյա ժամկետով երկարաձգելու մասին որոշումը:

Նույն Կանոնների 63-րդ հոդվածի համաձայն` առանձնապես բարդ գործի պարագայում Հաշտարարը կարող է Կանոնների 62-րդ կետով նախատեսված տասնչորսօրյա ժամկետն իր որոշմամբ երկարաձգել ևս տասնչորս աշխատանքային օրով: Այդ դեպքում Հաշտարարը կայացնում է որոշում, որի մասին կողմերը ծանուցվում են միայն էլեկտրոնային եղանակով:

Կանոնների 17-րդ կետի համաձայն` էլեկտրոնային ծանուցումը համարվում է ստացված գրությունը, որոշումը և(կամ) տեղեկությունը տիրույթում տեղադրվելու հաջորդ օրը՝ անկախ այն հանգամանքից` կողմը ծանոթացել է դրան, թե՝ ոչ:

Վերոգրյալ իրավանորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ Հաշտարարը, առանձնապես բարդ գործերի քննության պարագայում, իրավասու է իր նախաձեռնությամբ ևս տասնչորսօրյա ժամկետով երկարաձգել օրենքով նախատեսված պահանջների քննության համար սահմանված քսանչորսօրյա ժամկետը: Ընդ որում, պահանջի քննության ժամկետը ևս տասնչորսօրյա ժամկետով երկարաձգելու մասին որոշման վերաբերյալ կողմերը Հաշտարարի կողմից ծանուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով: Նման պարագայում, անկախ այն հանգամանքից` կողմը ծանոթացել է որոշմանը, թե ոչ, էլեկտրոնային ծանուցումը համարվում է ստացած` համապատասխան որոշումը տիրույթում տեղադրվելու հաջորդ օրվանից: Միաժամանակ, հատկանշական է, որ օրենսդրի կողմից Հաշտարարի վրա չի դրվել իմպերատիվ պահանջ` համապատասխան որոշումը կողմերին թղթային տարբերակով ուղարկելու կամ այլ տարբերակով ծանուցելու վերաբերյալ: Բացառություն է կազմում միայն Կանոնների 16-րդ կետի իրավակարգավորումն այն մասին, որ ծանուցումներն էլեկտրոնային եղանակով ստանալու համար կողմերը ներկայացնում են դիմում: (...):

Սույն պարագայում Բանկի կողմից նման դիմում Հաշտարարի գրասենյակ մուտքագրելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից և չի դարձվել քննության առարկա: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե Բանկն էլեկտրոնային եղանակով ծանուցումներն ստանալու համար արդյոք դիմում ներկայացրել է Հաշտարարի գրասենյակ, այսինքն` օգտվել է իր իրավունքներից, թե ոչ: Միաժամանակ, առանց պարզելու նշված հանգամանքը, Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ միայն Հաշտարարի վկայակոչած փաստն այն մասին, որ երկարաձգման մասին որոշման ծանուցումը տեղադրվել է էլեկտրոնային տիրույթում, բավարար չէ հաստատված համարելու Բանկի ծանուցումն ապահոված լինելու փաստը:

Վճռաբեկ դատարանը, սակայն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը երկարաձգման որոշման ծանուցման փաստը քննության առնելու համար, հիմք ընդունելով դիմումի քննության կարգը սահմանող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի դրույթները, ղեկավարվելով նույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, պետք է բեկաներ Դատարանի որոշումը և գործն ուղարկեր նոր քննության: Միաժամանակ, որպես նոր քննության ծավալ, պետք է Դատարանին պարտավորեցներ հրավիրել դատական նիստ` գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև` պահանջել Հաշտարարի գրասենյակից վիճարկվող որոշման գործով նյութերը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտը և գործն ուղարկել նոր քննությանն` վերը նշված հանգամանքները պարզելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.08.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0024/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0024/02/19

Նախագահող դատավոր՝  Ա. Խառատյան

Դատավորներ՝

 Ս. Թորոսյան

 Ն. Բարսեղյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԼԴ2/0024/02/19 քաղաքացիական գործով 13.05.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

«13» մայիսի 202. ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 13.05.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2019 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ), (ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) և Հովսեփ Սահակյանի (այսուհետ` Հաճախորդ))՝ Հաշտարարի 07.11.2018 թվականի թիվ 15-3685/18 որոշումը չեղյալ ճանաչելու մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է մասնակիորեն բավարարել վճռաբեկ բողոքը՝ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.08.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ա. Մկրտչյանս, Ռ. Հակոբյանս, Գ. Հակոբյանս, Մ. Դրմեյանս և Ս. Միքայելյանս, համաձայն չլինելով 13.05.2022 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի, մասնավորապես՝ Հաշտարարի կողմից դատական ակտը բողոքարկելու իրավունք ունենալու կապակցությամբ արված պատճառաբանությունների հետ, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Որոշման մեջ անդրադառնալով Հաշտարարի կողմից սույն գործով դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրականացման իրավական հարցին՝ Վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ «(...) Հաշտարարին գործի քննությանը ներգրավվելը դառնում է պարտադիր, եթե առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով Հաշտարարը կարող է հավասարեցվել դիմումի քննության ելքով շահագրգռված անձի կարգավիճակ ունեցող անձին: Վերոնշյալից բխում է, որ Հաշտարարը կարող է իրականացնել իր դատավարական իրավունքները, մասնավորապես` բողոքարկել տվյալ գործով դատական ակտերը»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:

Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և սույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝

1) գործին մասնակցող անձինք,

2) դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում,

3) գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ,

4) այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք՝ դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:

Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք՝ նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

Օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն՝ դիմողն այն անձն է, որ ներկայացրել է նույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:

Շարադրված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը, սահմանելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից գործերի քննության իրականացման համապատասխան կարգ՝ այդ թվում նաև առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց սպառիչ ցանկ, հստակ ընդգծել է այն մոտեցումը, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վարույթ ընդունվելու և քննության են ենթակա միայն այն բողոքները, որոնք ներկայացվել են Օրենսգրքով սահմանված անձանց կողմից և նույն օրենսգրքով սահմանված կարգով: Այս մեկնաբանության հաստատմանն է ծառայում նաև Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու հիմք է համարում նաև այն դեպքը, երբ բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի: Տվյալ դեպքում նախատեսելով առաջին ատյանի դատարանի՝ Օրենսգրքով սահմանված դատական ակտերը բողոքարկելու իրավունք, օրենսդիրը նեղացրել է բողոքարկման իրավունքի հասցեատերերի շրջանակը: Այդկերպ մի կողմից ապահովվել է դատական սխալները բացահայտելու և արդարադատության նպատակների գործնական իրականացմանը նպաստելու՝ բողոքարկման ինստիտուտի նշանակությունը, մյուս կողմից՝ բացառվել է դատական գործընթացներին անհաղորդ կամ դատական ակտով որևէ շահագրգռվածություն չունեցող այլ անձանց կողմից դատական ակտերը կամայական բողոքարկելու, դատական ակտի կատարումը ձգձգելու և ողջամիտ ժամկետում արդարադատություն իրականացնելու սկզբունքի խախտմանը հանգեցնող այլ հետևանքներ առաջանալու ռիսկերը: Այս տեսանկյունից հարկ է նկատել, որ բողոքարկման ինստիտուտի գործնական արդյունավետությունն ապահովվելու տեսանկյունից օրենսդիրը վերաքննիչ բողոք ներկայացնելու անձանց ցանկում առանձին ներառել է գործին մասնակից չդարձված անձանց, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բայց տարբեր պատճառներով դատավարական գործընթացին մասնակից չեն դարձվել:

Օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

Օրենսգրքի 337-րդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

Օրենսգրքի 50-րդ գլխով վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակի առումով հատուկ կանոն նախատեսված չլինելու պայմաններում նշված հատուկ վարույթը ևս ենթակա է իրականացման նույն օրենսգրքով նախատեսված՝ գործի քննության վերը նշված ընդհանուր կանոնների համաձայն։

Օրենսգրքի 337-րդ հոդվածում օգտագործված «կողմեր» եզրույթը պետք է մեկնաբանել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են այդ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Նշված հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է կողմերի հիմնական հասկացությունը, ըստ որի՝ կողմեր են ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդը և կազմակերպությունը, որի դեմ ներկայացվել է պահանջը:

Շարադրվածը համադրելով Օրենսգրքի 50-րդ գլխի կարգավորումների հետ և հաշվի առնելով իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, կարելի է արձանագրել, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վարույթի կողմերն են ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդը և կազմակերպությունը:

Այս տեսանկյունից կարևորվում է նաև այն հանգամանքը, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումից իրավունքներ և պարտականություններ կարող են ծագել միայն հաճախորդի և կազմակերպության համար: Այդ մասին է վկայում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ծանուցելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր: Հաճախորդի կողմից որոշման հետ համաձայնելու մասին գրությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ չհամաձայնելու դեպքում՝ 30 աշխատանքային օրը լրանալուց հետո Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին և համապատասխանաբար՝ որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին:

Նշված նորմի բովանդակությունից պարզ է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաճախորդի պահանջի քննության արդյունքով որևէ որոշում կայացնելուց հետո նշված որոշումը պարտադիր, այսինքն՝ կատարման ենթակա է դառնում միայն կողմերի՝ հաճախորդի և կազմակերպության համար: Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ հաճախորդի պահանջը քննելու գործառույթն ըստ էության ավարտվում է իր կայացրած որոշման կապակցությամբ հաճախորդի գրությունը ստանալուց հետո՝ որոշակի ժամկետներում, կազմակերպությանն այդ որոշման կարգավիճակի վերաբերյալ ծանուցումն ուղարկելու գործողությամբ:

Այս պատճառաբանությունների հիման վրա էլ՝ ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդին և կազմակերպությանն է վերապահված նախ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի հիման վրա վիճարկելու, իսկ դրա հիման վրա Օրենսգրքի 50-րդ գլխի կանոններով կայացված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը՝ որպես Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված «գործին մասնակցող անձինք»:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի 24.05.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը, ով վերը նշված իրավական կարգավորումների համաձայն՝ գործին մասնակցող անձ չէ, քանի որ ո՛չ կողմ է՝ Օրենսգրքի և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի իմաստով, ո՛չ երրորդ անձ և ո՛չ էլ դիմող կամ Օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով դիմումի քննության ելքով շահագրգռված անձ:

Հաշտարարը ո՛չ Օրենսգրքով և ո՛չ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով ֆինանսական կազմակերպությունների դեմ հաճախորդների ներկայացրած մասնավոր իրավահարաբերություններից բխող պահանջների քննության գործերով դիմումի քննության ելքով շահագրգռված անձ չէ: Հաշտարարը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով վերապահված լիազորություններն իրացնելու միջոցով հաճախորդների կողմից Կազմակերպությունների դեմ ներկայացված պահանջները քննող և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունող ֆիզիկական անձ է («Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ): Վերջինս Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իմաստով առնվազն կարող է հանդիսանալ իրավասու անձի (մարմնի) կարգավիճակով քաղաքացիական դատավարությանը մասնակցելու իրավունք ունեցող անձ, որպիսի իրավունքը նրան տրամադրվել է Օրենսգրքի 50-րդ գլխով:

Ելնելով նշված հանգամանքից՝ օրենսդիրը դիմողի համար նախատեսել է դիմումը և դրան կից փաստաթղթերը դատավարության մասնակից ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը դիմումին կցելու պարտականություն, դատարանին էլ՝ դատական նիստ հրավիրելու դեպքում դրա վայրի և ժամանակի մասին ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին ծանուցելու և վերջինիս նաև դատարանի որոշումն ուղարկելու պարտականություն:

Ֆինանսական համակարգի հաշտարարը տվյալ վարույթի կողմ չէ՝ հակառակ պարագայում օրենսդիրը «կողմ», «ֆինանսական համակարգի հաշտարար» և «ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» եզրույթներն առանձին-առանձին չէր օգտագործի: Ֆինանսական համակարգի հաշտարարը հանդիսանում է իր քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդի և կազմակերպության միջև վեճը լուծած մարմին, ում որոշումն ազդում է միայն նրանց վրա և սույն գործով դարձել է դատական վերահսկողության օբյեկտ:

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Հաշտարարն իրավասու չէր Վերաքննիչ դատարանի 24.05.2019 թվականի որոշման դեմ ներկայացնելու վճռաբեկ բողոք, և նրա վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման վերևում շարադրված պատճառաբանություններով:

 

Դատավորներ`

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ռ. Հակոբյան

Գ. Հակոբյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական: