ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3644/02/16 2022 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3644/02/16 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հունիսի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Վահան Խաչատրյանի ընդդեմ Շիրակ Շահնազարյանի` նույն եղանակով` զանգվածային լրատվության միջոցներից որևէ մեկով, հայցի առարկայի հիմքում դրված ներողության և հերքման տեքստի բովանդակությամբ, Վահան Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ տարածելու համար Շիրակ Շահնազարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, ինչպես նաև իր կողմից տարածված զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12․02․2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Վահե Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վահան Խաչատրյանը պահանջել է պարտավորեցնել Շիրակ Շահնազարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրելու զանգվածային լրատվության միջոցներից որևէ մեկով, հայցի առարկայի հիմքում դրված ներողության և հերքման տեքստի բովանդակությամբ, Վահան Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ տարածելու համար, ինչպես նաև հերքել իր կողմից տարածված զրպարտություն պարունակող տեղեկությունները:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Բ. Մկրտչյան) 07.11.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «Շիրակ Շահնազարի Շահնազարյանին պարտավորեցնել ներողություն խնդրել 2016թ. օգոստոսի 29-ին «Փաստ» լրատվական կայքէջում հրապարակված «Նախկին ոստիկանապետը բացահայտում է ԳԱԼԱ-ի թեկնածու Վահան Խաչատրյանի անցյալը» վերտառությամբ նյութում իր կողմից Վահան Խաչատրյանի հասցեին արված վիրավորական արտահայտությունների համար, սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նույն կայքէջում հրապարակելով ներողության տեքստը` հետևյալ բովանդակությամբ. «Ես` Շիրակ Շահնազարյանս, ներողություն եմ խնդրում 2016թ. օգոստոսի 29-ին «Փաստ» լրատվական կայքէջում հրապարակված «Նախկին ոստիկանապետը բացահայտում է ԳԱԼԱ-ի թեկնածու Վահան Խաչատրյանի անցյալը» վերտառությամբ նյութում իմ կողմից տրված հարցազրույցի ընթացքում Վահան Խաչատրյանի հասցեին արված վիրավորական արտահայտությունների համար»: Հայցապահանջի մնացած մասը մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Հակոբյան, դատավորներ` Ա Հունանյան, Ա. Մկրտչյան) 20.03.2018 թվականի որոշմամբ Վահան Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.11.2017 թվականի վճիռը մասնակի` հայցը մերժելու, համապատասխան դատական ծախսերի մասերով բեկանվել է և գործն այդ մասերով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 08.10.2019 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.12.2019 թվականի որոշմամբ Վահան Խաչատրյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.10.2019 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12․02․2020 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 20․12․2019 թվականի որոշման դեմ Վահե Խաչատրյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահե Խաչատրյանը (ներկայացուցիչ Կարեն Թումանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Դատարանն արձանագրել է, որ հայցվոր Վահան Խաչատրյանը պատշաճ կարգով ծանուցվել է 11.10.2018 թվականին, 06.12.2018 թվականին, 07.03.2019 թվականին, 29.05.2019 թվականին, 19.09.2019 թվականին նշանակված հաջորդական դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստերից և ոչ մեկին չի ներկայացել: Դատարանը որևէ անգամ Կարեն Թումանյանին, որպես Վահան Խաչատրյանի ներկայացուցիչ չի ծանուցել որևէ դատական նիստին ժամանակի և վայրի մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ պատշաճ ծանուցված հայցվորը չի ներկայացել 29.05.2019 թվականին, այնուհետև՝ 19.09.2019 թվականին նշանակված դատական նիստերին, չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել, որպիսի պայմաններում Դատարանն իրավացիորեն հայցը թողել է առանց քննության:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքաբերի վկայակոչած այն փաստարկը, որ 19.09.2019 թվականի ծանուցագիրը չի ստորագրվել ոչ իր, և ոչ էլ իր հետ առնչություն ունեցող որևէ անձի կողմից, չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված չլինելու փաստը հաստատված համարելու համար:
Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ քանի դեռ բողոքաբերը չի ապացուցել իր բնակության (հաշվառման) հասցեում «Աթյան» ազգանվամբ անձի չբնակվելու փաստը, 19.09.2019 թվականին կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատական ծանուցագրի վրա առկա ստորագրության դիմաց «Աթյան» գրառումը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ փաստելու այն, որ դատական ծանուցագիրը չի հանձնվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգին համապատասխան:
Սույն գործով նոր հանգամանք է ՀՀ սահմանադրական դատարանի 02․02․2021 թվականի որոշումը՝ Վահան Խաչատրյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթի՝ սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 12․02․2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ և վճռաբեկության կարգով վերանայել Վերաքննիչ դատարանի 20․12․2019 թվականի որոշումը, ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07․11․2017 թվականի վճռով Վահան Խաչատրյանի հայցը բավարարվել է մասնակիորեն (հատոր 2-րդ, գ.թ. 32-49).
2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20․03․2018 թվականի որոշմամբ Վահան Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07․11․2017 թվականի վճիռը մասնակի՝ հայցը մերժելու, համապատասխանաբար դատական ծախսերի մասերով բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության (հատոր 2-րդ, գ.թ. 103-107).
3) Դատարանի 08․10․2019 թվականի որոշմամբ Վահան Խաչատրյանի հայցը թողնվել է առանց քննության (հատոր 3-րդ, գ.թ. 59).
4) Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի 08․10․2019 թվականի «Հայցադիմումն առանց քննության թողնելու մասին» որոշման դեմ Վահան Խաչատրյանի վերաքննիչ բողոքը, 20․12․2019 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին (հատոր 3-րդ, գ.թ. 159-162).
5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12․02․2020 թվականի որոշմամբ Վահան Խաչատրյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 4-րդ, գ.թ. 28-32).
6) Վահան Խաչատրյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին»՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 02․02․2021 թվականի թիվ ՍԴՈ-1574 որոշմամբ որոշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75-րդ հոդվածին հակասող (ՀՀ սահմանադրական դատարանի 02․02․2021 թվականի թիվ ՍԴՈ-1574 որոշումը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:
Սույն գործով Դատարանը Վահան Խաչատրյանի «Հայցադիմումն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ հայցվոր Վահան Խաչատրյանը պատշաճ կարգով ծանուցվել է 11.10.2018 թվականին, 06.12.2018 թվականին, 07.03.2019 թվականին, 29.05.2019 թվականին, 19.09.2019 թվականին նշանակված հաջորդական դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստերից և ոչ մեկին չի ներկայացել: Հայցվորը Դատարան չի ներկայացրել նաև միջնորդություն գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ, իսկ պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ: Նման պայմաններում հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանուցված հայցվոր Վահան Խաչատրյանը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, իսկ պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, ուստի Դատարանը գտել է, որ թիվ ՇԴ/3644/02/16 քաղաքացիական գործով հայցը պետք է թողնել առանց քննության:
Վահան Խաչատյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք և պատճառաբանելով, որ Դատարանի կողմից ուղարկված ծանուցագրերը Վահան Խաչատրյանը չի ստացել, դրանք ստացել է այլ անձ, ուստի Դատարանի գնահատականն ամբողջությամբ անհիմն է։ Դատական ծանուցագրերը ստանալու վերաբերյալ ստորագրել է այլ անձ, գրելով իր անունը, ով որևէ առնչություն չունի Վահան Խաչատրյանի հետ։ Դատական ծանուցագրեր չի ստացել նաև Վահան Խաչատրյանի ներկայացուցիչը, մինչդեռ Դատարանն առանց հայցվորին պատշաճ ծանուցելու գտել է, որ ծանուցումները պատշաճ են և կայացրել է որոշում հայցադիմումն առանց քննության թողնելու մասին։
Վերաքննիչ դատարանը, մերժելով Վահան Խաչատրյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ պատշաճ ծանուցված հայցվորը չի ներկայացել 29.05.2019 թվականին, այնուհետև՝ 19.09.2019 թվականին նշանակված դատական նիստերին, չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել, որպիսի պայմաններում Դատարանն իրավացիորեն հայցը թողել է առանց քննության: Վերոգրյալ փաստերից ելնելով Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Դատարանը դատական ակտի անվերապահ բեկանման հիմք առաջացնող դատական սխալ թույլ չի տվել, քանի որ օրենքով սահմանված կարգով ապահովել է հայցվորի ծանուցումը կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով 19.09.2019 թվականի դատական ծանուցագրի վրա առկա ստորագրությունը հայցվորի հետ որևէ առնչություն ունեցող անդամի կողմից կատարված չլինելու մասին բողոքաբերի փաստարկին, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ:
Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը թույլատրելի է համարել դատական ծանուցագրի հանձնումը ինչպես անձամբ հասցեատիրոջը, այնպես էլ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին: Տվյալ դեպքում բողոքաբերը փաստարկելով հայցվորի հետ առնչություն չունեցող անձի կողմից հայցվորին հասցեագրված ծանուցագիրը ստացած չլինելու փաստը, որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով չի հիմնավորել նշված փաստը` մասնավորապես չի բացահայտել իր բնակության վայրի հասցեում իր հետ համատեղ բնակվող անձանց տվյալները (անուն ազգանուն), որով կհաստատվեր բողոքաբերի պնդումը` 19.09.2019 թվականին կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատական ծանուցագրի վրա առկա ստորագրության դիմաց «Է.Աթյան» գրառումը հայցվորի հետ համատեղ բնակվող անձին (կամ անձանց) չպատկանելու վերաբերյալ:
Նշվածից հետևում է, որ քանի դեռ բողոքաբերը չի ապացուցել իր բնակության (հաշվառման) հասցեում «Աթյան» ազգանվամբ անձի չբնակվելու փաստը, 19.09.2019 թվականին կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատական ծանուցագրի վրա առկա ստորագրության դիմաց «Աթյան» գրառումն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ փաստելու այն, որ դատական ծանուցագիրը չի հանձնվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգին համապատասխան:
Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ Վահան Խաչատրյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը մերժվել է։
ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Վահան Խաչատրյանի դիմումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթը՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ, 02․02․2021 թվականի թիվ ՍԴՈ-1574 որոշմամբ ճանաչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75-րդ հոդվածին հակասող:
ՀՀ սահմանադրական դատարանը 02․02․2021 թվականի թիվ ՍԴՈ-1574 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթի՝ «հասցեատիրոջ (...) հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող (...) անձ» ձևակերպումը բավարար չափով որոշակի չէ և հնարավորություն չի ընձեռում իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին: Հետևաբար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթի հիշյալ ձևակերպումը համահունչ չէ իրավական որոշակիության սկզբունքին:
ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դատական նիստի վայրի և ժամանակի մասին դատավարության մասնակցին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովելու նրան լսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրացնել իր իրավունքները, իրականացնել դրանց պաշտպանությունը։ Հետևաբար՝ ծանուցման ձևը պետք է լինի այնպիսին, որ անձին հնարավորություն ընձեռվի ապահովել վերոհիշյալ պահանջները: Դատական գործընթացում անձն իր իրավունքների իրացումը և պաշտպանությունն ամբողջ ծավալով կարող է կազմակերպել այն դեպքում, երբ նրան ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն (գործի բանավոր քննության դեպքում), քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Վերոգրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այլ անձի՝ ծանուցագրի հասցեատիրոջ հետ տվյալ հասցեում համատեղ բնակվելու կամ տվյալ հասցեում աշխատելու հանգամանքը փոստային ծառայության աշխատակցի կողմից ստուգելու օրենսդրական կառուցակարգը բացակայում է:
Թեպետ օրենսդիրը վիճարկվող դրույթով հետապնդում է դատավարության մասնակիցներին դատարանի կողմից հնարավոր բոլոր միջոցներով իրազեկելու իրավաչափ նպատակ, ինչը բխում է դատավարական խնայողության, դատավարության կանխատեսելիության, օրինականության, գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքներից, սակայն նման իրավակարգավորումը չի երաշխավորում ծանուցման, արդյունքում՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրականացման արդյունավետ կառուցակարգ:
Ելնելով վերոգրյալից ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75-րդ հոդվածին հակասող:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 02․02․2021 թվականի թիվ ՍԴՈ-1574 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթը ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75-րդ հոդվածին հակասող ճանաչելը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12․02․2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վերանայման և Վերաքննիչ դատարանի 20․12․2019 թվականի որոշման բեկանման հիմք:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12․02․2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 20․12․2019 թվականի որոշումը բեկանելու ու գործը ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12․02․2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20․12․2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ս. Անտոնյան |
Ա. Բարսեղյան | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Ս. Միքայելյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական: