ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
28 ապրիլի 1999 թ.
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքերը` քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերում քաղաքացիների, հասարակության ու պետության շահերը պաշտպանելու, օրենսդրական ակտերի, ստանդարտների ու կանոնների պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
ա) աշխատանքներ իրականացնողներ` քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներական հետազննում, նախագծում, փորձաքննություն) և շինարարություն (շինարարական-մոնտաժային աշխատանքներ, շենքերի ու շինությունների տեխնիկական հետազոտում և որակի տեխնիկական հսկողություն) իրականացնող իրավաբանական անձինք, որոնք ունեն համապատասխան գործունեության լիցենզիա.
բ) փորձագիտական եզրակացություն` ընթացիկ կամ ավարտված նախագծային և շինարարական աշխատանքների համալիր գնահատական, որը տալիս է համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձը.
գ) հեղինակային հսկողություն` կառուցվող օբյեկտի ճարտարապետական հորինվածքի ու լուծումների` հաստատված նախագծին համապատասխանությունն ապահովելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծերի հեղինակների կամ նրանց լիազորած անձանց կողմից պայմանագրային հիմունքներով շինարարության նկատմամբ իրականացվող հսկողություն.
դ) որակի տեխնիկական հսկողություն` կառուցվող օբյեկտների շինարարական-մոնտաժային աշխատանքների, ինչպես նաև օգտագործվող շինանյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների` հաստատված նախագծին, գործող նորմերին ու ստանդարտներին համապատասխանությունն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով շինարարության նկատմամբ իրականացվող հսկողություն.
ե) ամրություն` շինանյութի, շինվածքի, կոնստրուկցիայի, դրանց հանգույցների, հիմքերի ու հիմնատակերի ունակություն, որը թույլ է տալիս առանց քայքայվելու կրել հաշվարկային բեռներ ու ազդեցություններ.
զ) կայունություն` շենքերի ու շինությունների ունակություն, որը թույլ է տալիս պահպանել կայուն հավասարակշռված վիճակ հաշվարկային բեռների ու ազդեցությունների ներգործության տակ.
է) հուսալիություն` շենքերի ու շինությունների կրող և պատող կոնստրուկցիաների, ինժեներական համակարգերի ունակություն, որը թույլ է տալիս կատարել նորմատիվային ցուցանիշներով սահմանված գործառույթներ.
ը) նախագծման տեխնիկական պայմաններ` համապատասխան տարածքում ինժեներական ենթակառուցվածքներն սպասարկող իրավասու կազմակերպությունների կողմից կառուցապատողին տրամադրվող տվյալների ու պայմանների համախումբ, որտեղ ամրագրվում են գոյություն ունեցող ինժեներական ենթակառուցվածքներին միանալու կամ ինքնավար սպասարկման հնարավոր լավագույն լուծումները:
Հոդված 3. |
Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքաշինական գործունեության բնագավառում աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձանց վրա:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձինք քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. |
Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը |
Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել`
ա) տուգանքի նշանակում.
բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում.
գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցում:
Սույն օրենքի սահմաններում տույժ նշանակելն իրավախախտում կատարած իրավաբանական անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարման համար նշանակվել է տույժ:
Եթե իրավաբանական անձը սույն օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության, ապա այդ նույն իրավախախտման համար ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության:
(4-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-437-Ն)
Հոդված 5. |
Տուգանքի նշանակումը |
Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար նշանակվող տուգանքը չի կարող լինել նվազագույն աշխատավարձի քսանապատիկից պակաս և չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափը:
Հոդված 6. |
Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցումը |
(6-րդ հոդվածն ուժը կորցրել է 23.10.02 ՀՕ-437-Ն)
Հոդված 7. |
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ |
(վերնագիրը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն)
Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
(7-րդ հոդվածը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն)
Հոդված 8. |
Իրավախախտումների համար տուգանքների նշանակման ժամկետները |
Քաղաքաշինության բնագավառում մինչև շինարարությունը և շինարարության ընթացքում թույլ տրված իրավախախտումների համար տույժերը նշանակվում են ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում` իրավախախտումները հայտնաբերելու օրվանից և երկու տարուց ոչ ուշ` իրավախախտում թույլ տալու օրվանից, բայց ոչ ուշ` օբյեկտի շինարարության ավարտական ակտի ձևակերպման օրվանից:
Հոդված 9. |
Պատասխանատվությունը սույն օրենքում սահմանված խախտումները մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում |
Սույն օրենքով նախատեսված տուգանքի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում նույն բնույթի խախտում կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ` սույն օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված տուգանքների կրկնակի չափով, բայց ոչ ավելի սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկի չափից:
(9-րդ հոդվածը փոփ. 23.10.02 ՀՕ-437-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ
Հոդված 10. |
Հայաստանի Հանրապետության քԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ և (ԿԱՄ) ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ՄՇԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎՈՐ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ ՏԱԼԸ |
(վերնագիրը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն)
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Նույն արարքը, որը պատճառ է դարձել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության նորմատիվային ցուցանիշների նվազեցման`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում:
Նույն արարքը, որը պատճառ է դարձել շինարարության ընթացքում տեխնիկական վթարների`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցում:
(10-րդ հոդվածը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն)
Հոդված 11. |
Շինարարության ընթացքում հեղինակային հսկողության պարտականությունը չկատարելը կամ խախտումներով կատարելը |
Շինարարության ընթացքում հեղինակային հսկողության պարտականությունը չկատարելը կամ խախտումներով կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հոդված 12. |
Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ստանդարտների, շինարարական արտադրության և ընդունման նորմերի, ինչպես նաև տեխնիկական հսկողության կարգի խախտումներ թույլ տալը |
Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ստանդարտների, շինարարական արտադրության և ընդունման նորմերի, ինչպես նաև տեխնիկական հսկողության կարգի խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության վրա, վտանգ չեն պարունակում մարդկանց և (կամ) շրջակա միջավայրի համար և կարող են վերացվել` առանց դադարեցնելու ընդհանուր շինարարական աշխատանքները`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության վրա, վտանգ են պարունակում մարդկանց և (կամ) շրջակա միջավայրի համար և չեն կարող վերացվել` առանց դադարեցնելու ընդհանուր շինարարական աշխատանքները`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցում:
Հոդված 13. |
Շինարարությունում տեխնիկական վթարների մասին տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինական պետական տեսչությանը քառասունութ ժամվա ընթացքում տեղյակ չպահելը |
Շինարարությունում տեխնիկական վթարների մասին տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինական պետական տեսչությանը քառասունութ ժամվա ընթացքում լիազորված մարմնի սահմանած կարգով տեղյակ չպահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 14. |
Սույն օրենքի վերաբերյալ գործերի ենթակայությունը |
Սույն օրենքով նախատեսված խախտումներն արձանագրում և տուգանքներ է նշանակում քաղաքաշինական պետական տեսչությունը: Խախտման վերաբերյալ արձանագրությունները քննում են և տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն ընդունում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերը` ըստ դրանց կատարման վայրի:
Տույժ նշանակելու վերաբերյալ որոշումները հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության պետը:
(մասն ուժը կորցրել է 23.10.02 ՀՕ-437-Ն)
(14-րդ հոդվածը փոփ. 23.10.02 ՀՕ-437-Ն)
Հոդված 15. |
Խախտման վերաբերյալ արձանագրությունը և դրա բովանդակությունը |
Խախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը կազմում են քաղաքաշինական պետական տեսուչները` երեք օրինակից:
Խախտման վերաբերյալ արձանագրությունում նշվում են`
- արձանագրությունը կազմելու ամիսը, ամսաթիվը և տեղը.
- արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
- տեղեկություններ` խախտում թույլ տված իրավաբանական անձի մասին (հասցեն, անվանումը, ղեկավարի կամ նրա լիազորած անձի անունը, ազգանունը).
- խախտումը կատարելու տեղը, ժամանակը և բնույթը.
- գործի քննության ժամկետները.
- խախտման վերաբերյալ իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա լիազորած անձի բացատրությունը.
- գործի քննության համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Արձանագրությունն ստորագրում են այն կազմող անձը և խախտում կատարած իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա լիազորած անձը, որին ստորագրությամբ հանձնվում է արձանագրության մեկ օրինակը:
Եթե խախտում կատարած իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա լիազորած անձը չեն ստորագրում արձանագրությունը, ապա այդ մասին արձանագրությունում նշում է կատարում այն կազմող անձը:
Խախտում կատարած իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա լիազորած անձն իրավունք ունի ներկայացնել արձանագրությանը կից լրացուցիչ բացատրություններ և դիտողություններ, ինչպես նաև շարադրել արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու իր շարժառիթները:
Արձանագրությունն ստորագրելուց և այն ստանալուց հրաժարվելն իրավաբանական անձին չի ազատում սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից:
Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում այն իրավաբանական անձին ուղարկվում է փոստով:
Հոդված 16. |
Խախտման համար պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձի իրավունքները |
Պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա լիազորած անձն իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին, բացատրություններ տալ և ապացույցներ ներկայացնել:
Խախտման մասին գործը քննվում է պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա լիազորած անձի մասնակցությամբ: Նրանց չներկայանալու դեպքում գործը քննում և որոշում է ընդունում քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետը:
Հոդված 17. |
Խախտումների վերաբերյալ գործերի քննության ժամկետները |
Խախտումների վերաբերյալ գործերը քննվում են խախտման մասին արձանագրությունը կազմելու օրվանից ոչ ուշ, քան տասն օր հետո` հնգօրյա ժամկետում:
Հոդված 18. |
Խախտման վերաբերյալ որոշումը |
Քննելով խախտման վերաբերյալ գործը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետն ընդունում է որոշում:
Որոշման մեջ պետք է նշվեն`
- որոշումն ընդունած մարմնի անվանումը.
- գործը քննող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
- խախտում կատարած իրավաբանական անձի անվանումը.
- գործի քննության ամիսը, ամսաթիվը, տեղը.
- գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը.
- տվյալ խախտման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը.
- գործի վերաբերյալ եզրահանգումը:
Որոշումն ստորագրում է գործը քննող պաշտոնատար անձը, և հաստատում է քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը:
Հոդված 19. |
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ (ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ |
(վերնագիրը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն)
Օրենքով սահմանված դեպքերում քաղաքաշինական պետական տեսչության պետը խախտում կատարած իրավաբանական անձի լիցենզիայի գործողությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում լիցենզավորող մարմին` խախտումների համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը հաստատելու օրվանից հնգօրյա ժամկետում:
Լիցենզավորող մարմինը միջնորդագրին ընթացք է տալիս օրենքով սահմանված կարգով:
(19-րդ հոդվածը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն)
Հոդված 20. |
Գործի վերաբերյալ որոշման հանձնումը |
Գործի վերաբերյալ որոշումը երեք օրվա ընթացքում հանձնվում կամ ուղարկվում է իրավաբանական անձի ղեկավարին (պատասխանատու անձին): Որոշումը հանձնվում է ստորագրությամբ: Եթե որոշումն ուղարկվում է, ապա այդ մասին համապատասխան նշում է կատարվում գրանցման մատյանում:
Հոդված 21. |
Որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը |
Տուգանք նշանակելու մասին որոշումը ճիշտ և ժամանակին կատարելու համար վերահսկողությունը դրվում է որոշումն ընդունած մարմնի վրա` մինչև սահմանված կարգով դատարան դիմելը:
Հոդված 22. |
Տուգանք նշանակելու մասին որոշման կատարումը |
Տուգանքը վճարած իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչություն կամ տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանում է ներկայացնում տուգանքի վճարման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, որը կցվում է որոշմանը:
Հոդված 23. |
Տուգանքների վճարման համար պատասխանատվությունը |
Նշանակված տուգանքներն իրավաբանական անձանց կողմից մեկամսյա ժամկետում չվճարելու դեպքում տուգանքների գանձումն իրականացվում է դատական կարգով:
Հոդված 24. |
Քաղաքաշինական պետական տեսչության կողմից նշանակվող տուգանքների բաշխման կարգը |
(24-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.03.00 ՀՕ-45)
Հոդված 25. |
Տուգանք նշանակելու մասին որոշումների բողոքարկումը |
Սույն օրենքով տուգանք նշանակելու մասին որոշումները բողոքարկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Դատարանի կողմից տուգանքի գանձումն անհիմն ճանաչելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան իրավաբանական անձին է վերադարձնում պետական բյուջե վճարված տուգանքի գումարը` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|