Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 127
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.11.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
20.10.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
20.10.2020
Дата вступления в силу
22.11.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 127

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԵՌՆԱՍՐԱՀՆԵՐԻ (ՀԱՏՎԱԾԱՄԱՍԵՐԻ) ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԴՐՎԱԾ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Մաքսային մարմինների կողմից որպես նույնականացման միջոցներ ճանաչվելու նպատակով՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից տրանսպորտային միջոցների բեռնասրահների (հատվածամասերի) կամ դրանց մասերի վրա դրված կապարակնիքներին ներկայացվող պահանջները։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ.՝

Վ. Նազարենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի հոկտեմբերի 20-ի

թիվ 127 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Մաքսային մարմինների կողմից որպես նույնականացման միջոցներ ճանաչվելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների բեռնասրահների (հատվածամասերի) կամ դրանց մասերի վրա լիազորված տնտեսական օպերատորի կողմից դրված կապարակնիքներին ներկայացվող

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն պահանջները մշակվել են առաջին և (կամ) երրորդ տիպի վկայականների տրմամբ՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառված լիազորված տնտեսական օպերատորի կողմից տրանսպորտային միջոցների բեռնասրահների (հատվածամասերի) կամ դրանց մասերի վրա դրված կապարակնիքները Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ որպես նույնականացման միջոցներ ճանաչվելու նպատակով։

2. Միության անդամ պետությունների մաքսային մարմինները՝ որպես նույնականացման միջոցներ, ճանաչում են այնպիսի կապարակնիքները, որոնք իրենց գործառական նշանակությամբ փակիչ-կապարակնիքային սարքվածքներ կոչվող ուժային կապարակնիքային սարքվածքներ են (այսուհետ՝ մեխանիկական կապարակնիքներ) և իրենց արտաքին կառուցվածքային հատկանիշներով դասվում են ճոպանայինների (մետաղաճոպանայինների) տիպին՝ սույն պահանջներին դրանց համապատասխանության դեպքում։

 

II. Մեխանիկական կապարակնիքներին ներկայացվող կառուցողական պահանջները

 

3. Մեխանիկական կապարակնիքները պետք է ապահովեն տրանսպորտային միջոցների բեռնասրահներում (հատվածամասերում) կամ դրանց մասերում գտնվող ապրանքներին չթույլատրված հասանելիությունից պաշտպանությունը՝ տրանսպորտային միջոցների նշված բեռնասրահների (հատվածամասերի) կամ դրանց մասերի կողպվող սարքվածքների միջոցով արգելափակելով այդ սարքվածքները և վերահսկելով նշված ապրանքներին հասանելիությունը։

4. Մեխանիկական կապարակնիքների կառուցվածքը պետք է խոչընդոտի դրանց՝ տրանսպորտային միջոցների բեռնասրահներից (հատվածամասերից) կամ դրանց մասերից հանումն առանց կառուցվածքի ամբողջականությունը խախտելու կամ ներգործության այնպիսի հետքեր թողնելու, որոնք կարելի է արձանագրել ինչպես տեսանելիորեն, այնպես էլ սարքերի ու հետազոտության հատուկ մեթոդների կիրառմամբ։

5. Մեխանիկական կապարակնիքները պետք է լինեն մեկանգամյա օգտագործման։ Մեխանիկական կապարակնիքների կառուցվածքը պետք է՝

ա) բացառի այդպիսի կապարակնիքների և (կամ) դրանց բաղկացուցիչ մասերի կրկնակի օգտագործման հնարավորությունը՝ հանելուց հետո.

բ) ապահովի դրանք հանելու հնարավորությունը միայն տվյալ գործողության կատարման համար նախատեսված կծաքցան-աքցանների կամ ճոպանակտրիչների օգնությամբ։

6. Մեխանիկական կապարակնիքների կորպուսները պետք է ունենան առավելագույնը 50 գ զանգված և 30 х 30 х 10 մմ առավելագույն եզրաչափեր։ Թույլատրվում է մեխանիկական կապարակնիքի կորպուսի զանգվածի շեղում՝ առավելագույնը 5 տոկոսի չափով։

7. Մեխանիկական կապարակնիքի կառուցվածքի մեջ որպես ճկուն արգելափակող տարր պետք է օգտագործվի պողպատե բազմաջղավոր մետաղաճոպանը, որի անվանական տրամագիծը պետք է լինի 1,5 մմ-ից ոչ պակաս։ Այդպիսի մետաղաճոպանի երկարությունը պետք է լինի 300-400 մմ։

Մեխանիկական կապարակնիքների կորպուսները պետք է ամրանավորված լինեն մետաղով, պատված պլաստիկով և ունենան մեկ կամ մի քանի կողպող մեխանիզմ, որով կբացառվի պողպատե բազմաջղավոր մետաղաճոպանի հակառակ ուղղությամբ շարժումը՝ մետաղական կապարակնիքը փակելուց հետո։

 

III. Մեխանիկական կապարակնիքներին ներկայացվող էրգոնոմիկական պահանջները

 

8. Մեխանիկական կապարակնիքների կառուցվածքը պետք է ապահովի՝

ա) մեխանիկական կապարակնիքների՝ ձեռքով տեղադրումը (փակումը) և մետաղական կապարակնիքների փակ վիճակի ստուգման հնարավորությունը՝ առանց օժանդակ գործիքների, դրանք ձեռքով բացելու ստուգիչ փորձի հաշվին.

բ) սահուն, առանց խափանումների փակում՝ 30 Ն (կգու)-ն չգերազանցող ջանք գործադրելով։

 

IV. Մեխանիկական կապարակնիքների շահագործմանը, փոխադրմանը և պահմանը ներկայացվող պահանջները

 

9. Մեխանիկական կապարակնիքները պետք է պահպանվեն աշխատունակ վիճակում՝ առանց քանդվելու՝ հետևյալ ներգործության դեպքում՝

ա) սահմանային թույլատրելի ձգման ջանք՝ 1.5 կՆ (150 կգու)-ից ոչ պակաս: Ընդ որում, փակ մեխանիկական կապարակնիքի ճկուն պողպատե բազմաջղավոր մետաղաճոպանով ձևավորված հանգույցի առավելագույն չափի գումարային ավելացումը՝ սահմանային թույլատրելի ձգման ջանքի ներգործությունը չպետք է գերազանցի 20 մմ-ը.

բ) բազմակի և միանգամյա հարվածներ, սինուսոիդային թրթռում՝ հաճախականությունների ընդգրկույթում, որոնք սահմանված են մեխանիկական կապարակնիքների վերաբերյալ՝ դրանց շահագործման պայմանները որոշող տեխնիկական փաստաթղթերով։

10. Մեխանիկական կապարակնիքները պետք է պահպանվեն աշխատունակ վիճակում՝ շրջակա միջավայրի՝ մինուս 65°С-ից մինչև պլյուս 55°С ջերմաստիճանի, մինչև 100 տոկոս օդի հարաբերական խոնավության պայմաններում։

Մեխանիկական կապարակնիքները պետք է դիմակայուն լինեն աղային (ծովային) մառախուղի և ծովի ջրի նկատմամբ (կարող են կիրառվել ծովային կլիմայի՝ մինչև մինուս 40 °С բացօթյա պայմաններում), ինչպես նաև եղյամի թափվելու նկատմամբ (կարող են կիրառվել բարեխառն ցուրտ կլիմայի՝ մինչև մինուս 60 °С բացօթյա պայմաններում)։

11. Մեխանիկական կապարակնիքների փաթեթվածքը և տրանսպորտային տարան պետք է ապահովեն դրանց հատկանիշների ու բնութագրերի պահպանվածությունը՝ մեխանիկական կապարակնիքների՝ ցանկացած տեսակի տրանսպորտով դրանց փոխադրման և շահագործման ժամկետի ընթացքում պահման ժամանակ։

Մեխանիկական կապարակնիքների շահագործման ժամկետը դրանց պատրաստման օրվանից պետք է կազմի առնվազն 5 տարի։

 

V. Մեխանիկական կապարակնիքների պաշտպանիչ հատկանիշների կայունությանը և չթույլատրված «առանց քանդելու» բացման դիմակայունությանը ներկայացվող պահանջները

 

12. Մեխանիկական կապարակնիքների կառուցվածքով և դրանց կորպուսի վրա զետեղվող տեղեկատվությամբ պետք է բացառվեն կեղծ սարքվածքների և (կամ) դրանց բաղկացուցիչ մասերի՝ ոչ գործարանային պայմաններում պատրաստման հնարավորությունը (ապրանքների բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) վայրերում, տրանսպորտային միջոցների ընթացուղում)։

13. Մեխանիկական կապարակնիքների պաշտպանիչ հատկանիշները, կախված մեխանիկական կապարակնիքների անհատական նույնականացման հատկությունների քանակից, տեսակից և հսկողության մեթոդներից, պետք է պաշտպանության մասով կայուն լինեն փոխարինումից կամ կեղծումից։

Մեխանիկական կապարակնիքների՝ տեսանելիորեն վերահսկելի անհատական նույնականացման հատկությունների քանակը պետք է լինի 6-ից ավելի, իսկ սարքերի օգնության վերահսկելիներինը՝ 2-3։ Այդպիսի հատկություններ կարող են լինել, օրինակ՝ մեխանիկական կապարակնիքների կորպուսների վրա զետեղվող մակնշումը և դրա զետեղման եղանակները, մեխանիկական կապարակնիքների կամ դրանց բաղկացուցիչ մասերի երկրաչափական չափսերը, զանգվածը, գույնը, մեխանիկական կապարակնիքների կամ դրանց բաղկացուցիչ մասերի պատրաստման համար օգտագործվող նյութերն ու պաշտպանիչ պատվածքները, մեխանիկական կապարակնիքների կամ դրանց բաղկացուցիչ մասերի արտաքին մակերևույթների մշակման մաքրությունը։

14. Մեխանիկական կապարակնիքները պետք է խիստ դիմակայուն լինեն չթույլատրված «առանց քանդելու» բացման (բացման (մանիպուլյացիաների, հատուկ միջոցներով ու մեթոդներով ներգործության))՝ առանց դրանց բաղկացուցիչ մասերը քանդելու, ինչպես նաև մեխանիկական կապարակնիքների կառուցվածքի մասնակի քանդմամբ՝ բացման հետքերի հետագա քողարկման և տրանսպորտային միջոցների բեռնասրահների (հատվածամասերի) կամ դրանց մասերի վրա մեխանիկական կապարակնիքների կրկնակի տեղադրման) նկատմամբ։ Այդպիսի դիմակայունության ցուցանիշը կազմում է 60-ից 100 նորմո-րոպեն ներառյալ։

 

VI. Մեխանիկական կապարակնիքների պատվածքներին ներկայացվող պահանջները

 

15. Մեխանիկական կապարակնիքների գալվանական ու լաքաներկային պատվածքները պետք է ապահովեն պաշտպանությունը (այդ թվում՝ հակակոռոզիոն) արտաքին միջավայրի կլիմայական գործոնների ներգործությունից և ծովային կլիմայի՝ մինչև մինուս 40 °С բացօթյա պայմաններում կամ բարեխառն ցուրտ կլիմայի՝ մինչև մինուս 60 °С բացօթյա պայմաններում դրանց օգտագործման հնարավորությունը։

16. Մեխանիկական կապարակնիքների տարրերի գալվանական ու լաքաներկային պատվածքները պետք է կայուն լինեն փոշու, նստվածքների (այդ թվում՝ ձյան) հղկամաշիչ ներգործության նկատմամբ։

 

VII. Մեխանիկական կապարակնիքների ներկմանը և մակնշմանը ներկայացվող պահանջները

 

17. Մեխանիկական կապարակնիքների կորպուսների արտաքին մակերևույթները պետք է ներկված լինեն վառ ցայտուն գույներով, որոնց շնորհիվ մեխանիկական կապարակնիքները կառանձնանան տրանսպորտային միջոցների բեռնասրահների (հատվածամասերի) կամ դրանց մասերի կողպվող սարքվածքների ֆոնին և որոնք չեն ծածկի դրանց վրա զետեղված մակնշումը։

18. Մակնշումը պետք է զետեղվի մեխանիկական կապարակնիքների կորպուսների դիմային և, անհրաժեշտության դեպքում, հետևի կողմերին և պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

«ԼՏՕ» հապավումը.

մեխանիկական կապարակնիքներն արտադրողի (պատրաստողի) ապրանքային նշանը (լոգոտիպը).

մեխանիկական կապարակնիքի նույնականացման համարը (անհատական ստուգիչ 7-կարգանի տառաթվային ծածկագիրը).

մեխանիկական կապարակնիքի բացթողման ամսաթիվը (մեխանիկական կապարակնիքի պատրաստման տարեթվի վերջին 2 թվերը)։

Մեխանիկական կապարակնիքների կորպուսի վրա լրացուցիչ զետեղվում է տրանսպորտային միջոցների բեռնասրահներում (հատվածամասերում) կամ դրանց մասերում գտնվող ապրանքների՝ բեռն ուղարկողի (բեռն ստացողի) մատրիցային կամ ստվերագծային ծածկագիրը։

19. Մեխանիկական կապարակնիքների մակնշումը պետք է կատարվի դրա վրա չթույլատրված ներգործության հետքերի, դրա կեղծման հետքերի հայտնաբերումն ապահովող եղանակով և պետք է պահպանվի մեխանիկական կապարակնիքների շահագործման սահմանված ժամկետի ընթացքում, այդ թվում՝ դրանց այն կորպուսների պաշտպանիչ պատվածքների մասնակի վնասման դեպքում, որոնց վրա զետեղված է մակնշումը։

20. Մեխանիկական կապարակնիքների մակնշումը պետք է լինի հստակ, պարզ, ընթեռնելի (դյուրընթեռնելի), ճանաչելի։

21. Մեխանիկական կապարակնիքների նույնականացման համարները պետք է ընթեռնելի լինեն 1 մ հեռավորությունից՝ բնական ու արհեստական՝ առնվազն 50 լք լուսավորության պայմաններում։

22. Մեխանիկական կապարակնիքների կիրառումը միանման, ինչպես նաև ոչ հստակորեն զետեղված և (կամ) ոչ ամբողջական (7 կարգից պակաս) նույնականացման համարներով չի թույլատրվում։

23. Մեխանիկական կապարակնիքների մակնշման ցանկացած փոփոխություն պետք է դրսևորվի դրանց բացահայտ անդառնալի ֆիզիկական, քիմիական, ջերմային կամ այլ վնասվածքներով կամ քանդմամբ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: