Գլխավոր տեղեկություն
Номер
N 1181-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 23.08.2019
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.08.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.08.2019
Дата вступления в силу
24.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2019 թվականի N 1181-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 26.04.22 N 430-Լ)

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`

Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

(պարբերությունը փոփ. 26.04.22 N 430-Լ)

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 23

Երևան

    

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

օգոստոսի 23-ի N 1181-Լ

որոշման

      

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ

(վերնագիրը փոփ. 26.04.22 N 430-Լ)

  

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի (այսուհետ՝ ներկայացուցիչ) գրասենյակը (այսուհետ` ներկայացուցչի գրասենյակ) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, որն ապահովում է «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներկայացուցչին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը:

(1-ին կետը փոփ. 26.04.22 N 430-Լ)

2. Ներկայացուցչի գրասենյակը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

3. Ներկայացուցչի գրասենյակի գործունեության ֆինանսական, փաստաթղթային, անձնակազմի կառավարման, նյութատեխնիկական ապահովումը և սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը:

4. Ներկայացուցչի գրասենյակի անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ.

2) ռուսերեն` Офис Представителя по международно-правовым вопросам Аппарата Премьер-министра Республики Армения.

3) անգլերեն` Office of the Representative on International Legal Matters of the Office of the Prime Minister of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն` Bureau du Représentant sur les Affaires Juridiques Internationales du Personnel de Premier Ministre de la Republique d'Armenie:

(4-րդ կետը փոփ. 26.04.22 N 430-Լ)

5. Ներկայացուցչի գրասենյակն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն և այլ լեզուներով կլոր կնիք ու ձևաթղթեր: Ներկայացուցչի գրասենյակը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Ներկայացուցչի գրասենյակը կազմված է գրասենյակի ղեկավարի, գրասենյակի ղեկավարի տեղակալների պաշտոններից և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանում): Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, ովքեր պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Ներկայացուցչի գրասենյակի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

  

II. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

   

8. Ներկայացուցչի գրասենյակի նպատակն է ապահովել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներկայացուցչին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը:

(8-րդ կետը փոփ. 26.04.22 N 430-Լ)

9. Ներկայացուցչի գրասենյակի խնդիրներն են`

1) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ եվրոպական դատարան) Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելուն օժանդակելը.

2) եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանն օժանդակելը.

3) Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրմանն աջակցելը.

4) Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելուն, վճիռների և որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանն օժանդակելը.

5) միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, արբիտրաժային կամ օտարերկրյա դատարանների վճիռների և որոշումների ճանաչման և կատարման, ինչպես նաև դրանց բողոքարկման գործընթացի կազմակերպմանն աջակցելը.

6) հաշտարարության կարգով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճի լուծմանն օժանդակելը։

(9-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 26.04.22 N 430-Լ)

  

III. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

   

10. Ներկայացուցչի գրասենյակն իր նպատակի և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) Հայաստանի Հանրապետության դեմ եվրոպական դատարան ներկայացված գանգատի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման, հաշտության համաձայնագրի, ինչպես նաև միակողմանի հայտարարության նախագծման աշխատանքների իրականացում.

2) նախքան եվրոպական դատարանի կողմից վճռի կայացումը` բարեկամական կարգավորման ձևով խնդրի լուծման նպատակով՝ գանգատ ներկայացրած կողմի հետ բանակցությունների ռազմավարության մշակում.

3) եվրոպական դատարանում գործի քննության մեջ Հայաստանի Հանրապետությունը որպես երրորդ կողմ ներգրավելու աշխատանքների իրականացում.

4) եվրոպական դատարանի կողմից առանձին գանգատի առնչությամբ կիրառված միջանկյալ միջոցի պայմանների կատարման աշխատանքների իրականացում.

4.1) ՀՀ կառավարության կողմից եվրոպական դատարան ներկայացվող միջանկյալ միջոցի պահանջի նախագծմանն ուղղված աշխատանքներ.

5) եվրոպական դատարանի պալատի վճիռը եվրոպական դատարանի մեծ պալատի քննությանը հանձնելու միջնորդության նախագծման աշխատանքների իրականացում.

6) Հայաստանի Հանրապետության անունից միջպետական գանգատ ներկայացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա գանգատի նախագծի մշակման աշխատանքների իրականացում.

7) եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման աշխատանքների ծրագրում և իրականացում.

8) եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման գործողությունների ծրագրերի ու հաշվետվությունների նախագծերի մշակում.

9) եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի վճարման աշխատանքների կազմակերպում.

10) ներկայացուցչին եվրոպական դատարանի վճիռների և որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև նոր իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ առաջարկներ կամ նախագծեր ներկայացնելը.

11) եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարման շրջանակներում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեից ստացված հարցումների կատարման, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մշակման աշխատանքների իրականացում.

12) Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության, Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ իր գործառույթների շրջանակներում համագործակցում.

13) ֆիզիկական անձանցից, ինչպես նաև հասարակական և այլ կազմակերպություններից ստացված հարցումներին իր գործառույթների շրջանակներում պատասխանելը.

14) համագործակցելով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև որոշումների հայերեն թարգմանության աշխատանքների կազմակերպում.

15) համագործակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ՝ եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև որոշումների հայերեն թարգմանության հրապարակման աշխատանքների կազմակերպում.

16) եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության պաշտոնական կայքի կառավարում.

17) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիայով երաշխավորված իրավունքների հավանական խախտումները հետագայում կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոմունիկացված գանգատներով բարձրացված իրավական խնդիրների վերլուծություն և գնահատում.

18) եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային ու եվրոպական իրավական չափանիշներին վերաբերող այլ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրում և վերլուծություն.

19) իր գործառույթների շրջանակներում, ինքնուրույն կամ համագործակցելով միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ կառույցների հետ, Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրմանը միտված ծրագրերի իրականացում, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկագրերի, ուղեցույցների և տեղեկատվական թերթիկների կազմում և հրապարակում.

20) համագործակցելով իրավասու մարմինների հետ՝ ներպետական օրենսդրության, համապատասխան ոլորտների պրակտիկայի ուսումնասիրում և վերլուծություն.

21) սույն կանոնադրության 10-րդ կետի 17-րդ, 18-րդ և 20-րդ ենթակետերում նշված վերլուծությունների հիման վրա ներկայացուցչին Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու պրակտիկայի բարելավման և մարդու իրավունքների միջազգային ու եվրոպական իրավական չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

22) ներկայացուցչի գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված և եվրոպական դատարան, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե ներկայացման ենթակա փաստաթղթերի փոխանցման ապահովում.

 23) մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ գրավոր կարծիքի նախագծերի մշակում.

24) միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա և միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության նպատակով պետության դիրքորոշման և մարտավարության մշակմանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.1) միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա և միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննության ենթակա կամ քննվող վեճի արտադատական կարգով, այդ թվում՝ բանակցությունների և հաշտարարության եղանակով, լուծմանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.2) միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա և միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով ներգրավված միջազգային իրավախորհրդատուների և (կամ) իրավաբանական գրասենյակների, փորձագետների և (կամ) փորձագիտական ընկերությունների հետ աշխատանքների իրականացում.

24.3) միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա և միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննության ենթակա կամ քննվող վեճի հիմքում ընկած փաստական հանգամանքների ու իրավական փաստարկների հավաքագրմանը, ուսումնասիրությանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.4) միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա և միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով ներկայացվող դիմումների, գրությունների, առարկությունների և այլ փաստաթղթերի մշակմանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.5) միջազգային արբիտրաժային տրիբունալներում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող վեճի շրջանակներում արբիտրաժային տրիբունալի կազմավորմանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.6) օտարերկրյա դատարանների վարույթում գտնվող գործի քննությանը որպես երրորդ կողմ ներգրավվելու վերաբերյալ դիրքորոշման մշակմանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.7) միջազգային արբիտրաժային տրիբունալներում օտարերկրյա և միջազգային դատարանների կողմից կայացված որոշումների և վճիռների ճանաչմանն ու կատարմանը, անհրաժեշտության դեպքում դրանց վիճարկմանն ու չեղյալ ճանաչմանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.8) Հայաստանի Հանրապետության անունից կնքվող երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի նախագծերի, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքվող միջազգային արբիտրաժը որպես վեճի լուծման մեխանիզմ սահմանող պայմանագրերի նախագծերի ուսումնասիրություն և դրանց վերաբերյալ դիրքորոշման մշակմանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.9) ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվող արբիտրների հաշտարարների թեկնածու առաջադրելու նպատակով ուսումնասիրության և վերլուծության իրականացում.

24.10) միջազգային կազմակերպություններում շրջանառելու նպատակով իրավասու մարմինների հետ համատեղ իրավական փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացում.

25) ներկայացուցչի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվության նախագծի մշակում.

26) «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացուցչին վերապահված լիազորության իրականացման ապահովում.

27) իր իրավասությանը վերաբերող հարցերով դատարանում որպես հայցվոր կամ պատասխանող հանդես գալը.

28) ներկայացուցչի լիազորություններից բխող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:

(10-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 26.04.22 N 430-Լ, լրաց. 09.08.22 N 913-Լ)

   

IV. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

    

11. Ներկայացուցչի գրասենյակը կառավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

12. Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատում է ներկայացուցչի գրասենյակի կանոնադրությունը, կառուցվածքը և դրանց փոփոխությունները:

13. Ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը համակարգում և վերահսկում է ներկայացուցիչը: Ներկայացուցչի գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է ներկայացուցիչը։ Այս լիազորությունները ներկայացուցչի որոշմամբ կարող են պատվիրակվել ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին, ինչպես նաև ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալներին՝ իրենց համակարգմանը վերապահված բնագավառներում:

14. Ներկայացուցչի գրասենյակը ղեկավարում է ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը, ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

15. Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն ի պաշտոնե ներկայացուցչի տեղակալն է:

16. Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և ներկայացուցչին:

17. Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն ունի տեղակալներ:

18. Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալներն անմիջականորեն ենթակա և հաշվետու են ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին:

19. Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը`

1) ղեկավարում և ապահովում է ներկայացուցչի գրասենյակի ընթացիկ գործունեությունը, մասնավորապես`

ա. պատասխանատու է ներկայացուցչի գրասենյակի առջև դրված նպատակի, խնդիրների ու գործառույթների իրականացման համար,

բ. իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ,

գ. ներկայացուցչի գրասենյակի աշխատանքների կազմակերպման շրջանակներում ընդունում է որոշումներ, տալիս ցուցումներ, հանձնարարականներ,

դ. ներկայացուցչին ներկայացնում է առաջարկություններ ներկայացուցչի գրասենյակի նպատակի, խնդիրների և գործառույթների վերաբերյալ,

ե. առանց լիազորագրի հանդես է գալիս ներկայացուցչի գրասենյակի անունից, ինչպես նաև տալիս է ներկայացուցչի գրասենյակի անունից հանդես գալու լիազորագրեր,

զ. իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ ներկայացուցչի գրասենյակի քաղաքացիական ծառայողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ,

է. ապահովում է ներկայացուցչի որոշումների և ցուցումների, ինչպես նաև առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է նրան,

ը. լսում է ներկայացուցչի գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և տեղեկանում դրանց արդյունքների մասին,

թ. եռամսյա պարբերականությամբ ներկայացուցչին ներկայացնում է տեղեկատվություն ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

2) սահմանում է իր տեղակալների կողմից համակարգվող բնագավառները.

3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների հանձնարարականները.

4) ներկայացուցչի որոշմամբ ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է ներկայացուցչի գրասենյակի գործառույթների իրականացման արդյունքում ստեղծված փաստաթղթերը.

5) իր իրավասության սահմաններում ընդունում է արտաքին ներգործության ակտեր.

6) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում ներկայացուցչի գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների նախագծերը.

7) ներկայացուցչի պաշտոնը թափուր մնալու, ինչպես նաև ներկայացուցչի բացակայության կամ կոնկրետ գործով շահերի բախման դեպքերում փոխարինում է ներկայացուցչին.

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

20. Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի բացակայության դեպքում, ղեկավարի որոշմամբ, նրան փոխարինում է տեղակալներից մեկը:

21. Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալը`

1) համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառներում և կատարում ներկայացուցչի, ինչպես նաև ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի հանձնարարականները.

2) ներկայացուցչի գրասենյակի` իր համակարգման բնագավառում գտնվող ստորաբաժանումներին փոխանցում է ներկայացուցչի, ինչպես նաև ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի հանձնարարականները, տալիս է հանձնարարականներ ու առաջադրանքներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.

3) եռամսյա պարբերականությամբ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում աշխատանքների իրականացման ընթացքի և արդյունքների մասին.

4) իր համակարգման լիազորությունների սահմաններում համագործակցում է համապատասխան մարմինների և այլ կազմակերպությունների հետ.

5) ներկայացուցչի որոշմամբ՝ ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է ներկայացուցչի գրասենյակի գործառույթների իրականացման արդյունքում ստեղծված փաստաթղթերը.

6) իրականացնում է ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի հանձնարարությամբ տրված և քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով նախատեսված այլ գործառույթներ:

   

V. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

   

22. Ներկայացուցչի գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչություն.

2) միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչություն.

3) վճիռների և որոշումների կատարման վարչություն.

4) հետազոտությունների և զարգացման վարչություն.

5) միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչություն:

(22-րդ կետը փոփ., լրաց. 26.04.22 N 430-Լ, խմբ. 09.08.22 N 913-Լ)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 26.04.22 N 430-Լ, լրաց., խմբ. 09.08.22 N 913-Լ)

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.08.2022, N 913-Լ 11.08.2022, N 1181-Լ
26.04.2022, N 430-Լ 29.04.2022, N 1181-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան