ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 165-րդ հոդվածում՝
ա) «փողային» բառը ամբողջ տեքստում փոխարինել «դրամական (փողային) բառերով.
բ) սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում:».
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մաս՝
«Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում:».
դ) սանկցիայից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝
«Սույն հոդվածով նախատեսված իրավախախտում չի համարվում պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասությունների սահմաններում վերահսկողական նպատակներով իրականացվող՝ սույն հոդվածով նախատեսված գործողության կամ գործողությունների կատարումը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 169-րդ հոդվածում՝
ա) առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն` առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի պետական լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեությամբ զբաղվելը կամ պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ ապօրինի զբաղվելը՝».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ մասեր՝
«Առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կատարվել է կրկին անգամ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|