Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 99
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
08.08.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
08.08.2019
Дата вступления в силу
17.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի

թիվ 99

քաղ. Չոլպոն-Աթա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՅԴ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ՝ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ 12-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ կետին, 254-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 6-րդ և 62 կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ հատուկ մաքսային ընթացակարգը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և բացառապես Առևտրի համաշխարհային կազմակերպության նախարարական 12-րդ համաժողովը կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների նկատմամբ:

2. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և Առևտրի համաշխարհային կազմակերպության նախարարական 12-րդ համաժողովը կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելն իրականացվում է պայմաններին և կարգին համապատասխան՝ հավելվածի համաձայն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և գործում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի օգոստոսի 8-ի

թիվ 99 որոշման

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և Առևտրի համաշխարհային կազմակերպության նախարարական 12-րդ համաժողովը կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն ու այդ ապրանքների նկատմամբ այն կիրառելու կարգը

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և Առևտրի համաշխարհային կազմակերպության նախարարական 12-րդ համաժողովը կազմակերպելու և անցկացնելու համար (այդ թվում՝ ինքնին միջոցառումները և հարակից միջոցառումները՝ կապված կազմակերպիչների կողմից կազմակերպված կամ հավանության արժանացած միջոցառումների կազմակերպման, անցկացման, զանգվածային լրատվամիջոցներում լուսաբանման, բացման, փակման և արդյունքների ամփոփման հետ) նախատեսված օտարերկրյա ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները և այդ ապրանքների նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգ կիրառելու կարգը (այսուհետ համապատասխանաբար՝ միջոցառումներ, ապրանքներ):

2. Հատուկ մաքսային ընթացակարգը չի կիրառվում՝

ա) ակցիզներով (ակցիզային հարկով կամ ակցիզային տուրքով) հարկվող ապրանքների նկատմամբ՝ Միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները.

բ) այն ապրանքների նկատմամբ, որոնք արգելված են ներմուծման համար Միության մաքսային տարածք և (կամ) այն անդամ պետության տարածք, որտեղ անցկացվում են միջոցառումները.

գ) այն ապրանքների նկատմամբ, որոնց մասով սահմանված է Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման 2-րդ հավելվածով նախատեսված ցանկին համապատասխան՝ բացառությամբ ապրանքների նշված ցանկի հետևյալ բաժիններում ընդգրկված ապրանքների՝

2.16 (ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքավորումներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող).

2.19 (ծածկագրման (գաղտնագրման) միջոցներ)։

3. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը:

4. Ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝

ա) այն անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի (կազմակերպության)՝ ապրանքների նպատակային նշանակության գրավոր հաստատումն այդ անդամ պետության այն մաքսային մարմին (այսուհետ՝ մաքսային մարմին) ներկայացնելը, որի իրավասությանն են վերապահված միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը՝ նշելով այն միջոցառումների անվանումները և անցկացման վայրը, որոնց կազմակերպման և անցկացման համար դրանք նախատեսվել են, ապրանքների անվանումները և քանակը, տեղեկություններ ապրանքները տեղափոխող անձի մասին, տեղեկություններ ապրանքների հայտարարատուի մասին, ինչպես նաև ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ դրանք նույնականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները.

բ) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածին համապատասխան՝ բացառությամբ այն փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման, որոնցով հաստատվում է ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը:

5. Չի թույլատրվում բացթողման համար ապրանքների հայտագրումը՝ մինչև հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները հայտարարագրման ներկայացնելը:

6. Հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքներն օգտագործելու պայմաններն են՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգի՝ սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան, մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետի պահպանումը.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տիրապետման և օգտագործման հետ կապված՝ սույն փաստաթղթի 8-րդ կետով սահմանված սահմանափակումների պահպանումը:

7. Ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս մաքսային մարմինը, հիմք ընդունելով Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելու նպատակներից և հանգամանքներից ելնելով հայտարարատուի կողմից հայտագրված ժամկետը, սահմանում է այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը, որը չի կարող գերազանցել միջոցառումներն ավարտվելու օրվանից 6 ամիսը՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը:

Այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, դրանում սահմանված դեպքերի համար կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետ, որը չի կարող գերազանցել այն միջոցառումներն ավարտվելու օրվանից 12 ամիսը, որոնց կազմակերպման և անցկացման համար նախատեսված են ապրանքները:

Մաքսային մարմնի կողմից սահմանված հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել՝ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետի սահմաններում կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետի սահմաններում, որի տարածքում անցկացվում են միջոցառումները:

8. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման ներքո, բացառությամբ այն դեպքերի երբ թույլատրվում է դրանց օգտագործումը (հանձնումը)՝ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, դրանց փոխանցումն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը՝ սույն կետի երրորդ պարբերությանը համապատասխան, կամ իրացումը՝ սույն կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան:

Ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն այն անդամ պետությունում, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կատարելու ընթացիկ գործառնություններ՝ կապված այդպիսի ապրանքների պահպանության, դրանց պահպանվածությունն ապահովելու, միջոցառումների կազմակերպման և անցկացման համար դրանք նախապատրաստելու հետ, ինչպես նաև օգտագործել այդպիսի ապրանքները միջոցառումների կազմակերպման և անցկացման համար, այդ թվում՝ այդպիսի օգտագործման ընթացքում ամբողջությամբ կամ մասնակիորեն գործածել (սպառել) կամ հանձնել միջոցառման մասնակիցներին՝ որպես հուշանվերային ատրիբուտներ:

Թույլատրվում է ապրանքների հայտարարատուի կողմից՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխանցումն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը՝ այդ ապրանքների տեխնիկական սպասարկման, պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման) նպատակներով, ինչպես նաև թաղման, վնասազերծման, օգտահանման կամ այլ եղանակով ոչնչացման համար՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, եթե այդ ապրանքները կորցրել են իրենց սպառողական հատկությունները և ճանաչվել են ոչ պիտանի՝ այն նպատակներով հետագա օգտագործման համար, որոնց համար դրանք նախատեսված էին:

Չի թույլատրվում հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը որևէ առևտրային գործունեության համար՝ ներառյալ այդ ապրանքների իրացումը կամ այլ եղանակով օտարումը, դրանց՝ վարձակալության տրամադրումը և այդ ապրանքների օգտագործմամբ վճարովի ծառայությունների մատուցումը (բացառությամբ սույն կետի հինգերորդ պարբերության մեջ նշված դեպքի), ինչպես նաև այդ ապրանքների արտահանումն այլ անդամ պետությունների տարածքներ։

Թույլատրվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության պաշտոնական արտադրատեսակ, միջոցառումների շրջանակներում Միության մաքսային տարածք ներմուծված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության հուշանվերային արտադրանք համարվող ապրանքների իրացումը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այն լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից, որի իրավասությանն են վերապահված միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը, ազատ ձևով տրամադրված այնպիսի գրավոր թույլտվության առկայության դեպքում, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

ապրանքների անվանումները, դրանց ծածկագրերը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան, քանակը և արժեքը՝ առևտրային փաստաթղթերին համապատասխան.

թույլտվություն տրամադրելու նպատակը:

Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխանցումն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը, ինչպես նաև այդ ապրանքների կորուստը չեն ազատում այդ ապրանքների հայտարարատուին հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման՝ սույն կետով սահմանված այլ պայմաններ պահպանելուց, սույն փաստաթղթի 9-րդ կետին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելուց, ինչպես նաև չեն կասեցնում և չեն երկարաձգում այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը:

9. Մինչև մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը, այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ Օրենսգրքով նախատեսված կարգով և պայմաններով օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ հաշվի առնելով սույն փաստաթղթի 11-րդ կետը: Ընդ որում, այդ ապրանքները մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել մեկ կամ մի քանի խմբաքանակներով.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ Միության մաքսային տարածքից արտահանելու դեպքում, եթե Միության մաքսային տարածքից այդ ապրանքների մեկնման վայրն այն անդամ պետությունում է, որի տարածքում անցկացվում են միջոցառումները.

գ) այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, մաքսային մարմնի կողմից՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչվելու դեպքում.

դ) այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, մաքսային մարմնի կողմից՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ օգտագործման ընթացքում դրանց գործածման (սպառման) փաստը կամ միջոցառման մասնակիցներին, սույն փաստաթղթի 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, որպես հուշանվերային ատրիբուտներ հանձնման փաստը ճանաչվելու դեպքում.

ե) այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, մաքսային մարմնի կողմից՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, սույն փաստաթղթի 8-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան, իրացման փաստը ճանաչվելու դեպքում.

զ) այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, մաքսային մարմնի կողմից՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ իրենց սպառողական հատկությունները կորցրած և այն նպատակներով հետագա օգտագործման համար, որոնց համար դրանք նախատեսված էին, ոչ պիտանի ճանաչված ապրանքները, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, թաղման, վնասազերծման, օգտահանման կամ այլ եղանակով ոչնչացման փաստը ճանաչվելու դեպքում:

10. Հատուկ մաքսային ընթացակարգի գործողության՝ մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետը լրանալուն պես այդ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվում է:

11. Հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով ավարտվելու դեպքում՝

ա) այդ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, մաքսային արժեքը և (կամ) բնաիրային արտահայտությամբ դրանց ֆիզիկական հատկանիշները (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ) սահմանվում են մաքսային մարմնի կողմից՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ.

բ) այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող արգելքները և սահմանափակումները՝ հաշվի առնելով այդ ապրանքների փաստացի վիճակն ապրանքների հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ:

12. Սույն փաստաթղթի 9-րդ կետի «բ» - «զ» ենթակետերին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը, ինչպես նաև սույն փաստաթղթի 9-րդ կետի «բ» - «զ» ենթակետերին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգն ավարտելու համար հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները:

13. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որոնք հանձնվել են միջոցառումների մասնակիցներին՝ որպես հուշանվերային ատրիբուտներ, կամ իրացվել են՝ սույն փաստաթղթի 8-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան, ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ և համարվում են մաքսային հսկողության ներքո չգտնվող՝ մաքսային մարմնի կողմից դրանց՝ համապատասխանաբար հանձնման փաստը կամ իրացման փաստը ճանաչվելու օրվանից:

14. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքները, որոնք կորցրել են իրենց սպառողական հատկությունները և ճանաչվել են ոչ պիտանի` այն նպատակներով հետագա օգտագործման համար, որոնց համար դրանք նախատեսված էին, համարվում են մաքսային հսկողության ներքո չգտնվող՝ մաքսային մարմնի կողմից՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, թաղման, վնասազերծման, օգտահանման կամ այլ եղանակով ոչնչացման փաստը ճանաչվելու օրվանից:

15. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու հայտարարատուի պարտավորությունն առաջանում է մաքսային մարմնի կողմից այն ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահից, որին համապատասխան ապրանքները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով:

16. Հայտարարատուի՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքներից մեկն ի հայտ գալու դեպքում՝

ա) ապրանքների բացթողումը մերժելը՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.

բ) Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ապրանքների հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղարկելը՝ ապրանքների հայտարարագիրը գրանցելու ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.

գ) սույն փաստաթղթի 9-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելը՝ մինչև մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը, այդ թվում՝ սույն փաստաթղթի 17-րդ կետի «ա» - «գ» ենթակետերում նշված հանգամանքներն ի հայտ գալուց հետո.

դ) այն ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելը, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է՝ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան.

ե) այն ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելը, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է՝ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան.

զ) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելը և (կամ) դրանք գանձելը՝ սույն փաստաթղթի 18-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.

է) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչվելը՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը՝ վրա է հասել այդ ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.

ը) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները բռնագրավելը կամ այն անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը, որի տարածքում անցկացվում են միջոցառումները՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

թ) սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները մաքսային մարմնի կողմից արգելանքի վերցնելը:

17. Ներքոնշյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ մինչև հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը ոչ սույն փաստաթղթի 1-ին կետում նշված նպատակներով օգտագործման դեպքում՝ այդպիսի օգտագործման առաջին օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ այդ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը սույն փաստաթղթի 8-րդ կետի պահանջների խախտմամբ այլ անձի (անձանց) փոխանցելու և (կամ) այդ ապրանքներն օգտագործելու դեպքում՝ այդ ապրանքները փոխանցելու և (կամ) օգտագործելու օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ այդ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.

գ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կորստի օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.

դ) սույն փաստաթղթի 9-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտվելու դեպքում՝ մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալու օրը:

18. Սույն փաստաթղթի 17-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի սակագնային առանձնաշնորհումների և վճարման արտոնությունների կիրառման:

Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ գործող ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը:

Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ, ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա:

Հետագայում ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ սահմանելիս ապրանքների մաքսային արժեքը որոշվում է՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, և իրականացվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում՝ Օրենսգրքի 10-րդ ու 11-րդ գլուխներին և 76-րդ ու 77-րդ հոդվածներին համապատասխան:

19. Հատուկ մաքսային ընթացակարգի՝ սույն փաստաթղթի 10-րդ հոդվածին համապատասխան գործողությունը դադարելու կամ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու, կամ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ այդ ապրանքներն օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, կամ Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան մաքսային մարմինների կողմից այդ ապրանքներն արգելանքի վերցվելու (արգելապահվելու) դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելուց և (կամ) դրանք բռնագանձելուց հետո (ամբողջությամբ կամ մասնակի)՝ սույն փաստաթղթին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան:

20. Հատուկ մաքսային ընթացակարգը կիրառելու հետ կապված այլ հարցեր՝ ներառյալ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը կասեցնելու կամ վերսկսելու հետ կապված հարցերը, կարգավորվում են Օրենսգրքի 19-րդ գլխին համապատասխան:

21. Ապրանքների նկատմամբ պետական սանիտարահամաճարակային վերահսկողությունը (հսկողությունը), անասնաբուժական և կարանտինային ֆիտոսանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Միության մաքսային տարածքում և Միության մաքսային սահմանին՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերին, ինչպես նաև այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: