Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 70
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
08.08.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
08.08.2019
Дата вступления в силу
23.08.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի

թիվ 70

քաղ. Չոլպոն-Աթա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »  -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձԵՎավորման հայեցակարգի մասին

 

Ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով և 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և ազգային (կենտրոնական) բանկերին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված հայեցակարգի իրագործումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 Եվրասիական տնտեսական

 բարձրագույն խորհրդի

2019 թվականի    ի

 թիվ     որոշմամբ

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

Սույն հայեցակարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 6 կարգադրության իրագործման նպատակով և սահմանում է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ընդհանուր ֆինանսական շուկա) ձևավորման նպատակները, սկզբունքները, փուլերը, չափորոշիչները և հիմնական ուղղությունները:

Ընդհանուր ֆինանսական շուկան Միության անդամ պետությունների ֆինանսական շուկա է (այսուհետ՝ անդամ պետություններ), որը ֆինանսական շուկայի սուբյեկտներին տալիս է միմյանց շուկաներ հեշտացված և ոչ խտրական մուտքի հնարավորություն: Ընդհանուր ֆինանսական շուկան ներառում է յուրաքանչյուր անդամ պետության բանկային հատվածը, արժեթղթերի շուկայի հատվածը և ապահովագրական հատվածը, ինչպես նաև ֆինանսական շուկաների հատվածների միջև փոխգործակցությունը կարգավորող հարաբերությունների ամբողջությունը:

Ընդհանուր ֆինանսական շուկան եվրասիական ինտեգրման անբաժանելի մասն է և Միության հիմնական նպատակների իրագործումն ապահովող պայմանը:

Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման գործընթացը կապված է թվային էկոնոմիկայի ձևավորման գործընթացի հետ և նախատեսում է ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման ու ֆինանսական շուկաներում նորարարությունների պահպանման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք, այդ թվում, ուղղված են ֆինանսական կազմակերպությունների համար ծախքերի նվազեցմանը, ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, արժեքի նվազեցմանը և սպառողների համար ֆինանսական ծառայությունների կիբերանվտանգության ապահովմանը, ինչպես նաև ռիսկերի նվազեցմանը:

Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում կարգավորիչ արբիտրաժի համար հնարավորությունների նվազեցմանը և ֆինանսական կայունության ռիսկերի կենտրոնացմանը՝ ինչպես առանձին երկրների մակարդակով, այնպես էլ, ընդհանուր առմամբ՝ ընդհանուր ֆինանսական շուկայում: Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման չափորոշիչներից մեկը ֆինանսական ծառայությունների սպառողների և ներդրողների իրավունքների պաշտպանության մակարդակի պահպանումն ու բարելավումն է:

Անդամ պետությունները ձգտում են իրականացնել ֆինանսական կազմակերպությունների կապիտալի ծագման թափանցիկությունը ձևավորելու ուղղությամբ համաձայնեցված քաղաքականություն:

Սույն հայեցակարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Պայմանագրով և Միության իրավունքի մաս կազմող ակտերով սահմանված իմաստներով:

 

II. Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման նպատակները

 

Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հիմնական նպատակներն են՝

անդամ պետությունների ընկերությունների և քաղաքացիների համար ֆինանսական ծառայությունների հասանելիության, որակի և կազմի մակարդակի բարձրացումը.

անդամ պետությունների ֆինանսական հատվածի աճի ապահովումը և արդյունավետության բարձրացումը, այդ շուկայում մրցակցության զարգացումը:

Այդ նպատակներին հասնելը թույլ կտա ներդրում կատարել Միության ստեղծման այնպիսի ընդհանուր նպատակների լուծման հարցում, ինչպիսիք են՝

անդամ պետությունների տնտեսության ամրապնդումը և դրանց կայուն ու համահունչ զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերից ելնելով՝ մերձեցման ապահովումը, ինչպես նաև գործարար ակտիվության կայուն աճի, հավասարակշռված առևտրի և բարեխիղճ մրցակցության երաշխավորումը.

Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկա ձևավորելու ձգտումը.

անդամ պետությունների առջև ծառացած՝ կայուն տնտեսական զարգացման, բազմակողմանի արդիականացման, կոոպերացիայի և գլոբալ տնտեսության շրջանակներում ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման հարցում ընդհանուր խնդիրների լուծումը.

այլ երկրների, ինչպես նաև միջազգային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ տնտեսական փոխշահավետ և իրավահավասար համագործակցության ամրապնդումը:

Սույն հայեցակարգում շարադրված են ֆինանսական շուկայի երեք հատվածների (բանկային հատված, արժեթղթերի շուկա և ապահովագրական շուկա) մասով ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ուղղությունները, որոնց իրագործումը նախատեսվում է իրականացնել ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման և գործունեության երկու ժամանակաշրջանների ընթացքում (մինչև 2025 թվականը և 2025 թվականից հետո):

 

III. Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման և գործունեության իրավական հիմքը

 

Պայմանագրում ամրագրված՝ ֆինանսական ոլորտում ինտեգրման առաջնահերթ նպատակներից մեկն ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումն է: Այդ նպատակի իրագործման համար անդամ պետությունները սահմանում են՝

ֆինանսական շուկաներում ռիսկերի կարգավորման մոտեցումները. ընդհանուր ֆինանսական շուկայում գործունեության նկատմամբ պահանջները.

ֆինանսական շուկայի մասնակիցների գործունեության նկատմամբ կարգավորման և վերահսկողության իրականացման կարգը.

անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման անցկացման միջոցով ֆինանսական շուկայում լիցենզիաների փոխադարձ ճանաչման պայմանները.

ազգային վճարային համակարգերի անկախության սկզբունքների հիման վրա՝ ընդհանուր վճարային տարածքի զարգացման պայմանները.

ընդհանուր ֆինանսական շուկայի կարգավորման մասով վերազգային մարմնի գործունեության պայմանները.

ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման պայմանները:

Սույն հայեցակարգը զարգացնում և մանրամասնում է Պայմանագրի այս դրույթները, սահմանում է ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման չափորոշիչները, փուլայնությունը, սկզբունքներն ու ուղղությունները:

Սույն հայեցակարգը ամրագրում է անդամ պետությունների՝ ֆինանսական ոլորտում ինտեգրման խորացման գործընթացի ուղղության և դինամիկայի ընդհանուր ընկալումը: Անդամ պետությունների իրավունքներն ու պարտականությունները կսահմանվեն սույն հայեցակարգի զարգացումից բխող միջազգային պայմանագրերով:

Ընդհանուր ֆինանսական շուկայի իրավական հիմքը ընդհանուր ֆինանսական շուկան կարգավորող նորմատիվ իրավական ակտերի համակարգն է և կազմված է անդամ պետությունների օրենսդրությունից, Պայմանագրից, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերից և Միության մարմինների ակտերից:

 

IV. Ընդհանուր ֆինանսական շուկայի զարգացման փուլերը

 

Մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում անդամ պետությունները կսահմանեն բանկային և ապահովագրական հատվածում իրավաբանական անձ հիմնադրելու նպատակով ստանդարտացված լիցենզիայի մեխանիզմի իրագործման ճանապարհով լիցենզիաների փոխադարձ ճանաչման, ինչպես նաև ընդհանուր ֆինանսական շուկայի շրջանակներում արժեթղթերի հատվածում ֆինանսական ծառայությունների անդրսահմանային մատակարարման համաձայնեցված մոտեցումները:

Ստանդարտացված լիցենզիայի մեխանիզմն արտացոլված է սույն հայեցակարգի V բաժնի 3-րդ ենթաբաժնում, այն ֆինանսական շուկաներ փոխադարձ մուտքի տրամադրման սկզբնական փուլն է և կապված է անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի իրականացման հետ:

Նշված ժամանակահատվածում մուտքն անդամ պետությունների ֆինանսական շուկաներ, ֆինանսական շուկաներում կարգավորումն ու վերահսկողությունը, ինչպես և նախկինում, իրականացվելու են ազգային կարգավորիչների կողմից:

Բացի այդ, անդամ պետությունները կիրականացնեն բանկային, ապահովագրական շուկայի և արժեթղթերի շուկայի ոլորտում կարգավորման մասնակի ներդաշնակեցում՝ կարգավորիչ արբիտրաժի նվազեցման նպատակով, ինչպես նաև ընդհանուր ֆինանսական շուկայի առանձին տարրերի մասնակի ներդաշնակեցում՝ ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման պլանին համապատասխան (այսուհետ՝ ներդաշնակեցման պլան):

Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման գործընթացն արտացոլված է սույն հայեցակարգի V բաժնի 2-րդ ենթակետում:

2025 թվականից հետո անդամ պետությունները կշարունակեն ներդաշնակեցման, ինչպես նաև ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման աշխատանքը՝ Պայմանագրով նախատեսված չափորոշիչներին համապատասխան, այդ թվում՝ կսահմանեն առանց լրացուցիչ հիմնադրման (լիցենզավորման) որպես իրավաբանական անձ ֆինանսական ծառայությունների տրամադրման մասով գործունեության իրականացման մասով համաձայնեցված մոտեցումները, որոնց կիրարկումը կիրականացվի ֆինանսական ինտեգրման խորացմանը և ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ավելի առաջադեմ փուլերին անցնելուն, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը զուգահեռ:

Սույն հայեցակարգի դրույթների փուլային իրագործումը թույլ կտա լուծել անդամ պետությունների ֆինանսական շուկաների ինտեգրումը խորացնելու, մրցակցության աճի հաշվին դրանց արդյունավետության բարձրացման, ֆինանսական ծառայությունների հասանելիության ավելացման, որակի և բազմազանության հետ կապված խնդիրները: Ընդ որում, ֆինանսական շուկաների՝ ինտեգրման նոր փուլին անցումը նպաստում է ֆինանսական կայունության համար ռիսկերի նվազեցմանը՝ կարգավորիչ արբիտրաժի նվազեցման, ֆինանսական կարգավորիչների փոխգործակցության կատարելագործման և տեղեկատվության փոխանակման հաշվին:

Ֆինանսական շուկաներ փոխադարձ մուտքի հետևողական ազատականացմանը, ինչպես նաև կարգավորման և վերահսկողության ազգային համակարգերի ներդաշնակեցմանն ուղղված միջոցառումների իրագործման ժամանակ պետք է հաշվի առնել տեղեկատվական ֆինանսական տեխնոլոգիաների ինտենսիվ զարգացումը: Անդամ պետություններն այդ նպատակներով համաձայնեցնում են ֆինանսական տեխնոլոգիաների կարգավորման և զարգացման մասով մոտեցումները:

 

V. Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հիմնական ուղղությունները

 

1. Ընդհանուր ֆինանսական շուկայի կարգավորումը

 

Ընդհանուր ֆինանսական շուկայի կարգավորման խնդիրներից է ֆինանսական կայունության նպատակով Միության շրջանակներում դրա արդյունավետ գործունեության ապահովումը, կարգավորիչ արբիտրաժի և ռիսկերի նվազեցումը: Սույն հայեցակարգի նպատակների համար կարգավորիչ արբիտրաժ ասելով հասկանում ենք գործունեության ոչ հավասար պայմաններ, որոնք հնարավոր մրցակցային առավելություններ են ստեղծում անդամ պետություններից մեկի ֆինանսական շուկայի սուբյեկտների համար՝ տարբեր ազգային իրավազորություններում նորմատիվային կարգավորման տարբերության հաշվին:

Կարգավորումն իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան.

կարգավորման և վերահսկողության ընդհանուր կանոնների հասկանալի լինելը և հասանելիությունը.

ֆինանսական շուկայի կարգավորիչների և մասնակիցների գործունեության թափանցիկության ապահովումը.

կարգավորման և վերահսկողության ներդաշնակեցումը՝ միջազգային սկզբունքներին և ընդհանուր սկզբունքներին (առաջարկություններին) համապատասխան:

Ընդհանուր ֆինանսական շուկայի կարգավորման մարմիններն են՝

անդամ պետությունների ազգային կարգավորիչները, որոնք լիազորված են իրականացնելու ֆինանսական շուկաների կարգավորման ոլորտում ազգային քաղաքականության իրագործումը.

Միության մարմինները՝ Պայմանագրով և Միության շրջանակներում այլ միջազգային պայմանագրերով սահմանված լիազորությունների շրջանակներում.

ընդհանուր ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմինը՝ այն իրավասության շրջանակներում, որը կսահմանվի Միության շրջանակներում միջազգային պայմանագրով:

Ընդհանուր ֆինանսական շուկայի կարգավորման համար առաջարկությունների մշակման նպատակով կարող են ստեղծվել խորհրդատվական-խորհրդակցական մարմիններ և աշխատանքային խմբեր:

Անդամ պետությունները Միության շրջանակներում միջազգային պայմանագիր կկնքեն ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմնի լիազորությունների և գործառույթների մասին: Ընդ որում, պետական գրանցման, լիցենզավորման, գործունեության կարգավորման և վերահսկողական արձագանքման միջոցների կիրառման գործառույթները կմնան ազգային մարմինների իրավասությունների շրջանակներում:

Անդամ պետությունները կիրառում են մակրոպրուդենցիալ կարգավորման գործիքները, որոնք տարբերվում են՝ կախված համակարգային ռիսկերի ազգային առանձնահատկություններից, և այդ պատճառով ենթակա չեն ներդաշնակեցման:

 

2. Ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը

 

Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման խնդիրն ընդհանուր ֆինանսական շուկայի իրավական կարգավորման նման (համադրելի) կանոնների սահմանումն է՝ պայմանով, որ պահպանվող տարբերությունները չեն խոչընդոտի ընդհանուր ֆինանսական շուկայի արդյունավետ գործունեությունը:

Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումն իրականացվում է Պայմանագրով, «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» 2018 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրով (այսուհետ՝ Ներդաշնակեցման մասին համաձայնագիր) և ներդաշնակեցման պլանով սահմանված ուղղություններով:

Ներդաշնակեցումն իրականացվում է հիմնական փուլերի բաշխմամբ՝ երեք հատվածներով միաժամանակ (զուգահեռ), սակայն տարբեր արագություններով, որով հաշվի են առնվում անդամ պետությունների ֆինանսական շուկաների իրավական կարգավորման մոդելներն ու առանձնահատկությունները և միջազգային ստանդարտների ու լավագույն գործելակերպերի կիրարկման աստիճանը, ինչպես նաև հաշվի առնելով ազգային շուկաների և ընդհանուր ֆինանսական շուկայի ֆինանսական կայունության համար ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը:

Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը կարող է իրականացվել նաև ֆինանսական ոլորտի և հարակից ոլորտների այլ ուղղություններով, որոնք տվյալ պահին սահմանված չեն, սակայն անդամ պետությունների միջև համաձայնեցմամբ կարող են պահանջված դառնալ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հետագա աշխատանքի շրջանակներում:

Օրենսդրության ներդաշնակեցման ընթացքում անդամ պետությունները ղեկավարվում են Ներդաշնակեցման մասին համաձայնագրով սահմանված միջազգային սկզբունքներով և ստանդարտներով:

Ներդաշնակեցման բավարար լինելու չափորոշիչներն են՝

ներդաշնակեցման այն մակարդակին հասնելը, որը բավարար է անդամ պետությունների՝ իրենց ներքին շուկաներ ֆինանսական շուկաների մասնակիցների փոխադարձ մուտքի պարտավորություններն ստանձնելու համար.

ֆինանսական շուկաների մասնակիցների համար ընդհանուր ֆինանսական շուկայում կարգավորիչ արբիտրաժի նվազեցումը.

իրացվելիության կամ վճարունակության խնդիրների հետ բախված ֆինանսական ինստիտուտների առողջացման կամ լուծարման ներդաշնակեցված գործիքների առկայությունը.

ազգային իրավական ռեժիմների ներդաշնակեցման մակարդակին հասնելը, կարգավորման այնպիսի միջազգային սկզբունքների պահպանման մասով, որոնք անդամ պետությունների վերահսկող մարմինների կողմից դիտարկվում են որպես կրիտիկական՝ ինչպես ազգային ֆինանսական շուկաների, այնպես էլ ընդհանուր ֆինանսական շուկայի կայունության և ֆինանսական ծառայությունների սպառողների կողմից ֆինանսական կազմակերպություններին վստահելու տեսանկյունից:

 

3. Անդամ պետությունների ֆինանսական շուկաների մասնակիցների փոխադարձ մուտքի ապահովումը

 

Անդամ պետությունների ֆինանսական շուկաների փոխադարձ մուտքի նպատակն է մեկ անդամ պետության ռեզիդենտների կողմից այլ անդամ պետությունների տարածքներում ֆինանսական ծառայություններ մատուցելու հնարավորության ապահովումը (անդամ պետությունների կողմից կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխան)՝

դուստր կազմակերպության հիմնադրման միջոցով,

անդրսահմանային մասնաճյուղի բացման միջոցով,

առանց անդամ պետության տարածքում առևտրային ներկայության՝ ֆինանսական ծառայություններ մատուցելու միջոցով (ծառայությունների անդրսահմանային մատուցում):

 

Մուտքը՝ դուստր կազմակերպությունների հիմնադրման միջոցով

 

Ֆինանսական ծառայությունների մատակարարների դուստր կազմակերպությունների՝ բանկերի և ապահովագրական ընկերությունների ձևով փոխադարձ մուտքի ապահովման (առևտրային ներկայության) համար ներմուծվում է ստանդարտացված լիցենզիայի մեխանիզմը:

Ստանդարտացված լիցենզիան հատուկ թույլտվություն (լիցենզիա) է, որը տրամադրվում է մայր կազմակերպության ծագման երկրի կարգավորչի կողմից: Այդպիսի լիցենզիայի տրամադրմանը ներկայացվող պահանջները միասնական են բոլոր անդամ պետությունների համար և սահմանվում են անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա՝ ելնելով անդամ պետություններում գործող առավելագույն պահանջներից:

Ստանդարտացված լիցենզիայի տրամադրման և հետկանչման (կասեցման) կարգն ու պայմանները, ստանդարտացված լիցենզիայի հայցորդին ներկայացվող պահանջները և դրանց վերանայման կարգը, դուստր կազմակերպությունների մուտքի պարզեցման մասով մոտեցումները կսահմանվեն Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրում:

Ստանդարտացված լիցենզիայի մեխանիզմի ներդրման ժամկետը կախված է նշված միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց, սակայն ոչ շուտ, քան 2025 թվականի հունվարի 1-ից, և սահմանվում է անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը զուգահեռ՝ Ներդաշնակեցման մասին համաձայնագրին համապատասխան:

Ստանդարտացված լիցենզիայի տրամադրման մասին որոշումն ընդունվում է մայր կազմակերպության ծագման երկրի ազգային կարգավորչի կողմից՝ բոլոր անդամ պետությունների ստանդարտացված լիցենզիաների հայցորդների համար պարտադիր պահանջներին համապատասխան:

Ստանդարտացված լիցենզիայի հայցորդին (տիրապետողին) ներկայացվող քանակական պահանջները սահմանվում են անդամ պետություններում գործող առավելագույն պահանջներից ելնելով և առաջադրվում են ստանդարտացված լիցենզիայի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում:

Ստանդարտացված լիցենզիայի հայցորդին՝ բանկին և ապահովագրական ընկերությանը, ներկայացվում են հետևյալ միասնական քանակական պահանջները.

բանկի նորմատիվային կապիտալի (սեփական միջոցների) չափը՝ 60 մլն ԱՄՆ դոլարից ոչ պակաս գումարին համարժեք (Ղրղզստանի Հանրապետության համար՝ 50 մլն ԱՄՆ դոլարից ոչ պակաս գումարին համարժեք՝ անցումային շրջանի ընթացքում և պայմաններով).

ապահովագրական ընկերության նորմատիվային կապիտալի (սեփական միջոցների) չափը՝ 10,4 մլն ԱՄՆ դոլարից ոչ պակաս գումարին համարժեք «կյանք»/«ոչ կյանք» ապահովագրատեսակների կատեգորիաների համար (Ղրղզստանի Հանրապետության համար՝ 5 մլն ԱՄՆ դոլարից ոչ պակաս գումարին համարժեք՝ անցումային շրջանի ընթացքում և պայմաններով).

բանկի կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն արժեքը՝ 12,5 տոկոսից ոչ պակաս.

ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքության նորմատիվի (վճարունակության մարժայի) նվազագույն արժեքը՝ 1,2-ից ոչ պակաս:

Անհրաժեշտության դեպքում ստանդարտացված լիցենզիայի հայցորդին (տիրապետողին) ներկայացվող քանակական պահանջների չափանիշները կարող են վերանայվել Միության շրջանակներում միջազգային պայմանագրով սահմանված կարգով:

Ստանդարտացված լիցենզիայի հայցորդի (տիրապետողի) գործարար համբավին ներկայացվող պահանջների սահմանման ժամանակ կիրառվում են բոլոր անդամ պետություններում գործող պահանջների առավելագույն մակարդակները և լավագույն միջազգային գործելակերպը:

Ստանդարտացված լիցենզիայի հայցորդի (տիրապետողի) հիմնական պաշտոններով գործառույթներ իրականացնող անձանց, նշված պաշտոնների թեկնածուներին, ինչպես նաև այլ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գործարար համբավին ներկայացվող պահանջները, որոնք իրավունք ունեն ինքնուրույն կամ ցուցումներ տալու իրավունք ունեցող անձանց խմբի կազմում և (կամ) այլ ձևով սահմանելու ստանդարտացված լիցենզիայի հայցորդի (տիրապետողի) որոշումները, ներառյալ բաժնետերերը (մասնակիցները), որոնք տիրապետում են ստանդարտացված լիցենզիայի հայցորդի (տիրապետողի) բաժնետոմսերի (փայերի) ավելի քան 10 տոկոս բաժնետոմսերին, և այդպիսի բաժնետերերի (մասնակիցների) նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց գործարար համբավին ներկայացվող պահանջները սահմանվում են Միության շրջանակներում միջազգային պայմանագրով (ներառյալ անձանց կազմը և պահանջների ցանկը) և պահպանվում են ստանդարտացված լիցենզիայի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում:

Ստանդարտացված լիցենզիայի հայցորդի ծագման երկրի կարգավորիչը միակողմանի կարգով կարող է նախատեսել ստանդարտացված լիցենզիայի հայցորդին ներկայացվող լրացուցիչ պահանջների առաջադրումը՝ հաշվի առնելով ֆինանսական կայունության և հնարավոր հետևանքների համար պոտենցիալ ռիսկերի գնահատականը:

Մայր կազմակերպության մոտ ստանդարտացված լիցենզիայի առկայության դեպքում այլ անդամ պետությունների ֆինանսական շուկաներ դրա մուտքն իրականացվում է պարզեցված ընթացակարգով:

Ստանդարտացված լիցենզիայի մեխանիզմի շրջանակներում պարզեցված մուտքի պայման է դուստր իրավաբանական անձի հիմնադրումը՝ մայր կազմակերպության 100-տոկոսանոց մասնակցությամբ, իսկ ձեռքբերման դեպքում՝ 75 տոկոս + 1 բաժնետոմս:

Ստանդարտացված լիցենզիայի առկայությունը կամ բացակայությունը չի սահմանափակում անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ազգային շուկայում իրավաբանական անձի գործունեությունը, ինչպես նաև մուտքն այլ անդամ պետության շուկա՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Ստանդարտացված լիցենզիայի մեխանիզմի կիրառման հետ կապված՝ Ղրղզստանի Հանրապետության համար անցումային շրջանը սահմանվում է Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան, գործում է ստանդարտացված լիցենզիայի մեխանիզմի ներդրման ամսաթվից և չի տարածվում՝

անցումային շրջանի գործողության մեկնարկից հետո Ղրղզստանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող վարկային (ապահովագրական) կազմակերպությունների վրա այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում այլ անդամ պետությունների ստանդարտացված լիցենզիայի հայցորդի (տիրապետողի) համար սահմանված պահանջներին.

անցումային շրջանի գործողության մեկնարկից հետո Ղրղզստանի Հանրապետության տարածքում գործող այն վարկային (ապահովագրական) կազմակերպությունների վրա, որոնք նշված ժամանակահատվածի ընթացքում հայտով դիմել են ստանդարտացված լիցենզիա ստանալու համար, եթե հայցորդի բիզնես պլանով չի նախատեսվում պահանջների ապահովումը Միության շրջանակներում միջազգային պայմանագրով սահմանված ժամկետներում:

Ընդ որում, ստանդարտացված լիցենզիայի հայցորդը Ղրղզստանի Հանրապետության կարգավորչին պետք է ներկայացնի գրավոր պարտավորություն՝ սահմանված անցումային շրջանի ավարտից ոչ ուշ՝ ստանդարտացված լիցենզիայի մեխանիզմի շրջանակներում մինչև սահմանված նորմատիվային (սեփական) կապիտալի չափը նորմատիվային (սեփական) կապիտալն ավելացնելու վերաբերյալ:

Անցումային շրջանի շրջանակներում կարգավորիչ արբիտրաժի ռիսկի նվազեցման նպատակով Ղրղզստանի Հանրապետության կարգավորիչները խորհրդատվություններ են անցկացնում անդամ պետությունների կարգավորիչների հետ՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրին համապատասխան:

Անցումային շրջանի շրջանակներում Ղրղզստանի Հանրապետության համար ստանդարտացված լիցենզիայի հայցորդ բանկի նորմատիվային կապիտալի (սեփական միջոցների) չափին, «կյանք»/«ոչ կյանք» ապահովագրատեսակի կատեգորիաների համար ստանդարտացված լիցենզիայի հայցորդ ապահովագրական ընկերության նորմատիվային կապիտալի (սեփական միջոցների) չափին ներկայացվող նվազագույն պահանջներին հասնելը նախատեսվում է 2030 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ:

Ստանդարտացված լիցենզիայի տիրապետող բանկի կամ ապահովագրական ընկերության դուստր կազմակերպություն հիմնադրելիս (լիցենզավորելիս) կամ գործող բանկի (գործող ապահովագրական ընկերության) բաժնետոմսերի (փայերի) 75 տոկոսից ավելի ձեռքբերման գործարք (գործարքներ) կնքելիս, կամ գործող բանկի (գործող ապահովագրական ընկերության) բաժնետոմսերի (փայերի) ավելի քան 75 տոկոսին տիրապետող բանկի (ապահովագրական ընկերության) բաժնետերերի (մասնակիցների) նկատմամբ հսկողություն սահմանելու գործարք (գործարքներ) կնքելիս (այսուհետ՝ հիմնադրում և (կամ) ձեռքբերում) կիրառվում են պարզեցման հետևյալ տեսակները.

չեն կիրառվում այն անդամ պետության տարածքում, որտեղ իրականացվում են հիմնադրումը և (կամ) ձեռքբերումը, բանկային և (կամ) ապահովագրական գործունեության կարգավորման ոլորտում անդամ պետության օրենսդրությամբ սահմանված հետևյալ սահմանափակումները.

բանկերի համախառն կանոնադրական կապիտալում և (կամ) ապահովագրական ընկերությունների համախառն կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտների մասնակցությունը.

բանկի և (կամ) ապահովագրական ընկերության կառավարման մարմիններում անդամ պետությունների քաղաքացիների մասնակցությունը.

բանկում և (կամ) ապահովագրական ընկերությունում անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքը.

կիրառվում են փաստաթղթերի ուսումնասիրության ժամկետներ, որոնք սահմանված են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում իրականացվում է հիմնադրումը և (կամ) ձեռքբերումը, սակայն դրանք չեն գերազանցում 3 ամիսը՝ բանկի համար, և 30 օրացուցային օրը՝ ապահովագրական ընկերության համար.

կիրառվում են առգրավումներ ըստ այն փաստաթղթերի կազմի, որոնք ներկայացվում են հիմնադրման և (կամ) ձեռքբերման, ինչպես նաև այդպիսի հիմնադրման և (կամ) ձեռքբերման համաձայնեցման վերաբերյալ միջնորդությամբ, հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու մասով՝

ստանդարտացված լիցենզիայի տիրապետող բանկի (ապահովագրական ընկերության) ֆինանսական դրության և սեփականության կառուցվածքի թափանցիկության վերաբերյալ փաստաթղթեր, ստանդարտացված լիցենզիայի տիրապետող բանկի (ապահովագրական ընկերության) ավելի քան 10 տոկոս բաժնետոմսերի (փայերի) տիրապետող հիմնադիրների (բաժնետերերի, մասնակիցների), այդպիսի հիմնադիրների (բաժնետերերի, մասնակիցների) նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձանց և մայր կազմակերպության անձնակազմից որպես դուստր բանկի (ապահովագրական ընկերության) կառավարման մարմիններ, ինչպես նաև այլ պաշտոնների համար ընտրվող այն պաշտոնատար անձանց ֆինանսական դրության և գործարար համբավի վերաբերյալ փաստաթղթեր, որոնց պահանջներ են ներկայացվում գործարար համբավի մասով, եթե քննարկմանը ներկայացված փաստաթղթերի կազմում ընդգրկված է ծագման երկրի կարգավորչի կողմից՝ իր մոտ առկա արդիական, ճշգրիտ և իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերի վերաբերյալ գրավոր հաստատումը, որը գտնվելու երկրի ազգային կարգավորչին թույլ կտա միանշանակ եզրահանգում անել նշված անձանց բավարար ֆինանսական դրության և գործարար համբավի, միջնորդագրով դիմած բանկի (ապահովագրական ընկերության) բավարար ֆինանսական դրության և սեփականության կառուցվածքի թափանցիկության վերաբերյալ (այսուհետ՝ ծագման երկրի ազգային կարգավորչի գրավոր հաստատում): Նշված փաստաթղթերը ծագման երկրի կարգավորչի կողմից ներկայացվում են գտնվելու երկրի ազգային կարգավորչին.

տեղեկություններ, տեղեկատվություն ստանդարտացված լիցենզիայի տիրապետող բանկի (ապահովագրական ընկերության) հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ, եթե քննարկմանը ներկայացված փաստաթղթերի կազմում առկա է ծագման երկրի ազգային կարգավորչի գրավոր հաստատումը:

Օֆշորային երկրներում (տարածքներում) գրանցված անձանց մասնակցությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների ստեղծման նկատմամբ կիրառվում է անդամ պետությունների օրենսդրությունը: Ստանդարտացված լիցենզիայի մեխանիզմի շրջանակներում առգրավումներ չեն կիրառվում:

 

Մուտքը՝ անդրսահմանային մասնաճյուղերի բացման միջոցով

 

Մասնաճյուղերի մուտքն իրականացվում է անդամ պետությունների՝ ԱՀԿ-ի շրջանակներում պարտավորություններին համապատասխան:

 

Մուտքը՝ առանց անդամ պետության տարածքում առևտրային ներկայության ֆինանսական ծառայությունների մատուցման միջոցով (ծառայությունների անդրսահմանային մատուցում)

 

Ընդհանուր ֆինանսական շուկայի պատշաճ գործունեության ապահովման նպատակով, այդ թվում՝ ֆինանսական ծառայությունների անդրսահմանային մատակարարման ճանապարհով փոխադարձ մուտքի մասով, անդամ պետությունները կսահմանեն առանց անդամ պետության տարածքում առևտրային ներկայության ֆինանսական ծառայությունների մատուցման կարգի և պայմանների մասով համաձայնեցված մոտեցումները, որոնք ամրագրվում են Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ հետևյալ հարցերով՝

սպառողների իրավունքների պաշտպանություն,

անդրսահմանային վեճերի կարգավորում,

անձնական տվյալների անդրսահմանային փոխանցում և պաշտպանություն:

Առանց անդամ պետության տարածքում առևտրային ներկայության ֆինանսական ծառայությունների մատուցման (ծառայությունների անդրսահմանային մատուցում) միջոցով մուտքի տրամադրման նպատակով անդամ պետությունները Միության շրջանակներում մշակում և կնքում են այդպիսի մուտքի չափանիշները սահմանող համապատասխան միջազգային պայմանագրեր:

Արժեթղթերի շուկայում գործունեության անդրսահմանային իրականացման մասով անդամ պետությունները համաձայնվել են որպես ինտեգրման առաջնային փուլ դիտարկել արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներին (բրոքերներին, դիլերներին, հավատարմագրային կառավարիչներին (արժեթղթերի կառավարիչներին՝ բացառությամբ կոլեկտիվ ներդրումների և կենսաթոշակային հիմնադրամների)) կազմակերպված շուկաներ փոխադարձ մուտքի տրամադրումը՝ առկա ազգային լիցենզիաների, վերահսկողության, հսկողության մեխանիզմների և կարգավորիչների փոխգործակցության շրջանակներում: Տվյալ փուլում արժեթղթերի շուկայում միջոցներ ձեռնարկելու նպատակով անդամ պետությունները կկնքեն Միության շրջանակներում համապատասխան միջազգային պայմանագիր: Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը զուգահեռ կմշակվեն արժեթղթերի շուկայում ինտեգրման ձևերի ընդլայնման մեխանիզմները:

 

4. Ընդհանուր ֆինանսական շուկայի մասնակիցների գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

Ստանդարտացված լիցենզիա ունեցող մայր կազմակերպության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է դրա ծագման երկրի կարգավորչի կողմից:

Դուստր կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է դրանց գտնվելու երկրի կարգավորչի կողմից:

Մասնաճյուղերի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է դրանց գտնվելու երկրի օրենսդրությանը համապատասխան:

Ծառայությունների անդրսահմանային մատակարարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ֆինանսական ծառայության մատակարարի ծագման երկրի կարգավորչի կողմից:

Գտնվելու երկրի կարգավորիչն աջակցություն է ցուցաբերում ծագման երկրի կարգավորչին՝ վերջինիս կողմից համախմբված հիմքով վերահսկողություն իրականացնելու նպատակով տեղեկատվություն ստանալու մասով:

Ծագման երկրի և գտնվելու երկրի կարգավորիչները հաստատում են համագործակցության անհրաժեշտությունը՝ ընդհանուր ֆինանսական շուկայի մասնակիցների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու նպատակով:

Վերահսկողության մեխանիզմը և համագործակցության ձևերը (վերահսկիչ կոլեգիաների ստեղծում, համապատասխան տեղեկատվության փոխանակում, համագործակցության մասին միջազգային պայմանագրերի կնքում և այլ ձևեր) սահմանվում են Միության շրջանակներում առանձին միջազգային պայմանագրով:

Վերահսկիչ կոլեգիա ասելով հասկանում ենք խորհրդատվական մարմին, որն օժտված չէ ինքնուրույն վերահսկողական լիազորություններով:

Ընդհանուր ֆինանսական շուկայի մասնակիցների գործունեության վերահսկողությունը զարգացնելու նպատակով անդամ պետությունները՝

կներդաշնակեցնեն իրենց օրենսդրությունը՝ սույն հայեցակարգի V բաժնի 2-րդ ենթաբաժնին համապատասխան.

կստեղծեն անդամ պետությունների վերահսկիչ մարմինների փոխգործակցության մեխանիզմ՝ ներառելով ֆինանսական ոլորտում վարչական համագործակցությունը և տեղեկատվության (ներառյալ գաղտնի տեղեկատվության) փոխանակումը.

կձևավորեն ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու անդրսահմանային մեխանիզմ:

Առանձին ուղղություններով կարող են պահպանվել անդամ պետությունների ֆինանսական շուկայի կարգավորման և վերահսկողության ազգային պահանջները:

 

5. Ընդհանուր ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի զարգացումը

 

Ընդհանուր ֆինանսական շուկայի ենթակառուցվածքը դրա գործունեությունն ապահովող ֆինանսական ինստիտուտների ամբողջությունն է:

Ընդհանուր ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի զարգացման նպատակն է այն միջավայրի ձևավորումը, որն ապահովում է ֆինանսական ծառայությունների տրամադրումը և նպաստում է ֆինանսական ծառայությունների մատուցման հետ կապված՝ ֆինանսական շուկայի մասնակիցների ռիսկերի նվազեցմանը:

Ընդհանուր ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի զարգացումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը.

ֆինանսական ծառայությունների մատուցման անխափանության ապահովում.

ֆինանսական շուկայի մասնակիցների համար ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացում.

ընդհանուր ֆինանսական շուկայի մասնակիցների ռիսկերի նվազեցում, որոնք կապված են ֆինանսական ծառայությունների մատուցման հետ, ինչպես նաև ընդհանուր առմամբ ընդհանուր ֆինանսական շուկայում համակարգային ռիսկերի նվազեցում.

ֆինանսական ծառայությունների մատուցման մասով լավագույն միջազգային գործելակերպերի իրագործում, այդ թվում՝ ֆինանսական ծառայությունների տրամադրումն ապահովող թվային տեխնոլոգիական հարթակների կատարելագործման նպատակով.

դրամական միջոցների և ֆինանսական գործիքների նկատմամբ սեփականության իրավունքների երաշխավորում:

 

6. Ընդհանուր բորսային տարածքի ձևավորումը

 

Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից իրականացվող՝ ընդհանուր բորսային տարածքի շրջանակներում կարգավորման և վերահսկողության կարգը սահմանվում է անդամ պետությունների կողմից՝ կոնսենսուսի հիման վրա, և կարող է ամրագրվել Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրում:

Ընդհանուր բորսային տարածք կառուցելու համար անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մշակում են միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»):

Անդամ պետությունները համաձայնվել են մեկ անդամ պետության բրոքերներին և դիլերներին այլ անդամ պետությունների (առևտրի կազմակերպիչների) բորսաներում կազմակերպված սակարկություններին մասնակցելու փոխադարձ, այդ թվում՝ անդրսահմանային մուտքի տրամադրման նպատակահարմարության հետ: Կազմակերպված սակարկություններին փոխադարձ մուտքը կտրամադրվի նաև արժեթղթերի կառավարիչներին, բացառությամբ կոլեկտիվ ներդրումների և կենսաթոշակային ֆոնդերի՝ այն անդամ պետությունների կողմից, որոնց մոտ այդպիսի մուտքը տրամադրվոմ է օրենսդրությանը համապատասխան՝ հետևյալ պահանջների միաժամանակյա պահպանման դեպքում.

կառավարիչն իրավունք ունի մասնակցելու կազմակերպված սակարկություններին՝ իր ծագման երկրի օրենսդրությանը համապատասխան.

կառավարչին փաստացի թույլ է տրված մուտքն իր ծագման երկրի բորսա՝ որպես սակարկությունների մասնակից՝ այդ բորսայի կանոններին համապատասխան:

Մինչև 2025 թվականը և ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի ավարտը՝ բրոքերների և արժեթղթերի կառավարիչների մուտքը, բացառությամբ կոլեկտիվ ներդրումների և կենսաթոշակային ֆոնդերի, կտրամադրվի միայն իր ազգային հաճախորդների և Միության անդամներ չհանդիսացող պետություններից հաճախորդների հետ աշխատելու համար:

Ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի ավարտից հետո անդամ պետությունները կքննարկեն ազգային ռեժիմի կիրառման նպատակահարմարությունը, որն այդ թվում նախատեսում է բորսայի գրանցման երկրում գրանցված հաճախորդների հետ աշխատանքի հնարավորություն, ինչպես նաև մուտքի այլ ձևեր, որոնք թույլ են տալիս շուկայի մասնակիցներին գործարքներ իրականացնել՝ առանց առևտրային ներկայության և բորսայի գտնվելու երկրի կարգավորչի կողմից լրացուցիչ լիցենզավորման:

 

7. Ընդհանուր ֆինանսական շուկայում ներդրողների և ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունը

 

Ներդրողների և ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մեխանիզմի ստեղծումը պլանավորվում է իրականացնել հետևյալ ուղղություններով.

այն ֆինանսական ծառայությունների ցանկի սահմանումը և ձևավորումը, որոնց նկատմամբ անդամ պետությունների կողմից կիրականացվի սպառողների և ներդրողների իրավունքների պաշտպանության կարգավորման քաղաքականության համակարգումը.

ֆինանսական ծառայությունների սպառողների և մատակարարների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը՝

ֆինանսական ծառայությունների տրամադրման, հիմնադրման և գործունեության մասով պետական կարգավորման առանձնահատկությունների վերաբերյալ.

ընդհանուր ֆինանսական շուկայի հնարավորությունների և դրա կարգավորման կարգի վերաբերյալ.

ընդհանուր ֆինանսական շուկայի շրջանակներում ներդրումային պրոդուկտների վերաբերյալ.

իրենց իրավունքների և շահերի պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ.

անդամ պետությունների ազգային կարգավորիչների, բիզնես համայնքների և ֆինանսական օմբուդսմենների փոխգործակցությունը, այդ թվում՝ սպառողների, ներդրողների հետ աշխատանքի մասով գործելակերպի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության ու վեճերի լուծման միջոցով (ներառյալ անդամ պետություններում վեճերի մինչդատական կարգավորման ինստիտուտները, այդ թվում՝ ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտի միջոցով).

ընդհանուր ֆինանսական շուկայի սուբյեկտների վերաբերյալ.

ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը և կատարելագործումը.

անդամ պետությունների ֆինանսական ծառայությունների սպառողների ֆինանսական գրագիտության բարձրացումը.

ֆինանսական խարդախության տարբեր ձևերի, այդ թվում՝ «ֆինանսական բուրգերի» դեմ պայքարին ուղղված համաձայնեցված մոտեցումների մշակումը՝ ազգային կարգավորիչների լիազորությունների շրջանակներում.

ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության բացահայտմանն ուղղված համաձայնեցված մոտեցումների մշակումը:

Անդամ պետություններին առաջարկվում է ղեկավարվել ընդհանուր ֆինանսական շուկայում ներդրողների և ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանության մեխանիզմի հետևյալ հիմնական տարրերով.

անդամ պետությունների ֆինանսական շուկաների թափանցիկության բարձրացումը և տեղեկատվական հասանելիության ապահովումը.

անդամ պետությունների՝ ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության մասով իրենց օրենսդրության խախտումների վերաբերյալ ժամանակին և պատշաճ վերահսկողական արձագանքման իրականացումը.

ֆինանսական ծառայությունների սպառողների դիմումների (բողոքների) քննարկման մոտեցումների ներդաշնակեցումը.

ֆինանսական ծառայությունների սպառողների և մատակարարների վեճերի արտադատական կարգավորման մեխանիզմների առկայությունը.

ֆինանսական ծառայությունների հասանելիության ապահովման քաղաքականության և մեխանիզմների համակարգումն ու անդամ պետությունների՝ ֆինանսական ծառայությունների սպառողների ֆինանսական գրագիտության բարձրացումը:

Ընդհանուր ֆինանսական շուկայի կառուցման աշխատանքի ընթացքին զուգահեռ՝ պետք է մշակվեն անդամ պետությունների ֆինանսական կարգավորիչների միջև վերահսկողական համագործակցության մեխանիզմները:

Անդամ պետությունները կդիտարկեն լավագույն միջազգային գործելակերպերի վրա հիմնված վարքագծային վերահսկողության համակարգի ստեղծման հնարավորությունը: Վարքագծային վերահսկողությունը ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում կիրառվող վերահսկողության ոլորտ է, որը ենթադրում է ֆինանսական ծառայությունների մատակարարների և վաճառողների՝ իրենց հաճախորդների նկատմամբ վարքագծի կանոնների մշակում և այդ կանոնների կատարման նկատմամբ վերահսկողություն:

Ընդհանուր ֆինանսական շուկայում ներդրողների և ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանության ոլորտում ներդաշնակեցման ենթակա նորմերի և պահանջների (ուղղությունների) ցանկը սահմանվում է Միության շրջանակներում առանձին միջազգային պայմանագրով:

 

8. Կիբերանվտանգության ապահովումը

 

Կիբերանվտանգության ապահովման խնդիրներն են՝

ընդհանուր ֆինանսական շուկայում ֆինանսական տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության և հասանելիության ապահովումը.

ընդհանուր ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի կայուն և անխափան գործունեության ապահովումը.

ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխավորված և արդյունավետ համակարգի ապահովումը՝ այդ ծառայությունները տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ստանալու դեպքում.

վստահության միջավայրի ստեղծումը՝ ընդհանուր ֆինանսական շուկայի շրջանակներում փոխանցվող տեղեկատվության ամբողջականության հսկողության և հավաստիության հաստատման նպատակներով:

Կիբերանվտանգության ապահովման սկզբունքներն են՝

ընդհանուր ֆինանսական շուկայի կիբերանվտանգության ապահովման ստանդարտացված մոտեցումների կիրառումը և դրա կառավարումը, այդ թվում՝ տվյալ ոլորտում միջազգային ստանդարտների հիման վրա.

կիբերանվտանգության և կիբերկայունության ապահովման ոլորտում ընդհանուր կանոնների առկայությունը և ազգային կարգավորիչների ու ընդհանուր ֆինանսական շուկայի մասնակիցների գործունեության թափանցիկությունը.

կիբերհարձակումների հաջող իրականացման դեպքում ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության համակարգի ստեղծումը.

ազգային կարգավորիչների և ընդհանուր ֆինանսական շուկայի մասնակիցների գործունեության ինտեգրման և համակարգման խորացումը՝ ուղղված կիբերհարձակումների դեմ պայքարին, ինչպես նաև միջադեպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մեխանիզմների ստեղծմանը՝ կանխարգելիչ միջոցների մշակման նպատակով:

Անդամ պետությունները ձգտում են կիբերանվտանգության ապահովմանը հետևյալ հիմնական ուղղություններով.

կարգավորիչների և ընդհանուր ֆինանսական շուկայի մասնակիցների օպերատիվ փոխգործակցության կազմակերպման կազմակերպատեխնիկական պայմանների ձևավորում՝ կիբերվտանգների վերլուծության և կիբերանվտանգության միջադեպերի առաջացման ժամանակ արձագանքման մասով.

թվային տրանսֆորմացիայի պայմաններում ընդհանուր ֆինանսական շուկայում անվտանգ էլեկտրոնային փոխգործակցության համար պայմանների ձևավորում.

կիբերանվտանգության, կիբերկայունության և համապատասխան ռիսկերի նկատմամբ վերահսկողության ապահովման հարցերի նկատմամբ միասնական ստանդարտացված մոտեցումների ձևավորում.

ֆինանսական գործառնությունների և դրամական միջոցների փոխանցումների իրականացման ժամանակ հաճախորդների խիստ նույնականացման քաղաքականության համակարգում և ապահովման մեխանիզմների միասնականացում.

ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտում քաղաքականության համակարգում՝ կիբերհարձակումների արդյունքում չարտոնված ֆինանսական գործառնություններ և դրամական միջոցների փոխանցումներ կատարելու դեպքում.

ֆինանսական ծառայությունների սպառողների գրագիտության բարձրացում.

տեղեկատվական ոլորտում հիմնական վտանգներից ֆիզիկական անձանց ինքնապաշտպանության եղանակների և մեթոդների ուսուցման կազմակերպում:

 

9. Ընդհանուր վճարային տարածքի զարգացումը

 

Ընդհանուր վճարային տարածքի զարգացման հիմնական նպատակն է ֆինանսական ոլորտում ծառայությունների հասանելիության, որակի, անվտանգության և վստահելիության բարձրացումը, ծախքերի նվազեցումը, ինտեգրացիոն գործընթացներին աջակցությունը:

Ընդհանուր վճարային տարածքի զարգացման հարցերով համագործակցությունը հիմնվում է ազգային անվտանգության սկզբունքների, ազգային վճարային համակարգերի անկախության և հավասարության վրա:

Ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների օգտագործմամբ ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածքի (ընդհանուր վճարային տարածքի) ստեղծումը թույլ կտա բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային վճարային համակարգերի կայունության մակարդակը՝ ապահովելով տնտեսական ինքնիշխանության աճը։

Անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերն ինքնուրույն կարգավորում են ազգային վճարային համակարգերը՝ ապահովելով անդրսահմանային վճարումների և հաշվարկների իրականացման հարցերով աշխատանքների համակարգումը, այդ թվում՝ ընդհանուր վճարային տարածքի զարգացման շրջանակներում:

Ընդհանուր վճարային տարածքի զարգացումն իրականացվում է ազգային վճարային համակարգերի զարգացման համակարգման հարցերով աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում, որը ձևավորվել է անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հետևյալ ուղղություններով.

վճարային քարտերի ազգային համակարգերի փոխգործակցություն.

ֆինանսական հաղորդագրությունների և հաշվարկների փոխանցման համակարգերի փոխգործակցություն.

ֆինանսական հաղորդագրությունների ISO 20022 միջազգային ստանդարտի ներդրում.

արագ վճարումների համակարգերի փոխգործակցություն.

թվային ակրեդիտիվների և գրավագրերի իրացման հարցերով փոխգործակցություն.

ֆինանսական տեխնոլոգիաների զարգացում, այդ թվում՝ բաշխված ռեեստրների, թվային նույնականացման, ներառյալ բիոմետրիկ, բաց API-երի տեխնոլոգիայի կիրառման ոլորտում, ինչպես նաև այլ հեռանկարային ուղղություններում.

կիբերանվտանգության ապահովում.

անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի կողմից սահմանված նպատակներին հասնելու համար այլ ուղղություններ:

 

VI. Վարչական համագործակցությունն ու տեղեկատվական փոխգործակցությունը

 

Անդամ պետությունների լիազորված մարմինների գործողությունների համակարգումն իրականացվում է հետևյալ ուղղություններով.

ֆինանսական շուկաներում լիցենզավորման, կարգավորման, զարգացման, հսկողության և վերահսկողության հարցերով փոխգործակցություն՝ ներառյալ անդամ պետությունների օրենսդրության կատարելագործումը, ֆինանսական գործառնությունների իրականացման ընթացքում անդամ պետությունների օրենսդրության խախտումների կանխարգելման, բացահայտման և կանխման մասով իրավակիրառ պրակտիկայի և մեխանիզմի կատարելագործումը, ինչպես նաև ընթացիկ և հնարավոր խնդիրների լուծումը.

հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում փոխգործակցությունը՝ ներառյալ անդամ պետությունների վերահսկողական մարմինների միջև համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը երկկողմ համաձայնագրերի (փոխըմբռնման հուշագրերի) և «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտի տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի հիման վրա.

ֆինանսական ծառայությունների սպառողների և ներդրողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության հարցերով փոխգործակցությունը.

կիբերանվտանգության ոլորտում փոխգործակցությունը.

ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման հարցերով փոխգործակցությունը:

Տեղեկատվական փոխգործակցության սկզբունքներն են՝

տեղեկատվության գաղտնիությունը, ամբողջականությունը և հասանելիությունը.

տեղեկատվության փոխանակման յուրաժամանակությունը (օպերատիվությունը).

տեղեկատվության արդիականությունը, լիարժեքությունը, համարժեքությունը, արժանահավատությունը և թափանցիկությունը (տեղեկատվական թափանցիկությունը).

տարածքի տեղեկատվայնացումը (միասնականացված ձևաչափեր և տեղեկատվության փոխանցման՝ փոխադարձ ճանաչվող ուղիներ).

տեղեկատվության պաշտպանության համարժեքությունը (փոխգործակցության ուղիների, պահպանման համակարգերի և տեղեկատվության մշակման պաշտպանվածությունը).

տեղեկատվությունը փոխանցող և ընդունող կողմերի՝ դրա ամբողջականության, համապատասխանության, պահպանվածության և չտարածման մասով պատասխանատվությունը:

Անդամ պետությունների լիազորված մարմինների միջև վարչական համագործակցությունն ապահովելու համար, ինչպես նաև փոխգործակցելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ, անդամ պետությունները մշակում են Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերն ու ակտերը:

 

VII. Ընդհանուր ֆինանսական շուկայի կարգավորման մասով վերազգային մարմնի խնդիրներն ու լիազորությունները

 

Պայմանագրին համապատասխան պետք է ձևավորվի ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմինը (այսուհետ՝ վերազգային մարմին):

Վերազգային մարմնի ստեղծումը չի ենթադրում անդամ պետությունների ֆինանսական շուկայի կարգավորիչների և անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի դերի նվազեցում: Անդամ պետությունների ֆինանսական շուկայի կարգավորիչների մանդատը և դրանց անկախությունը անդամ պետությունների դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության ապահովման, ֆինանսական շուկայի մասնակիցների մուտքի, ֆինանսական շուկայի սուբյեկտների նկատմամբ վերահսկողության հարցերում պահպանվում են:

Վերազգային մարմինը ֆինանսական շուկաների կարգավորման լիազորությունները և իրեն վերապահված մյուս լիազորություններն իրականացնում է Միության մյուս մարմիններից և անդամ պետությունների պետական մարմիններից անկախ:

Վերազգային մարմինը հաշվետու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին:

Վերազգային մարմնի կոնկրետ լիազորություններն ու գործառույթները, դրա ֆինանսավորման մասով մոտեցումները, քվոտավորման մեխանիզմը, վերազգային մարմնի կողմից որոշումներ ընդունելու ընթացակարգերը, կազմակերպական կառուցվածքը, ինչպես նաև դրա աշխատակիցների անհրաժեշտ որակավորումը և վերազգային մարմնի գործունեության այլ հարցեր սահմանվում են Միության շրջանակներում առանձին միջազգային պայմանագրով:

Վերազգային մարմնի հիմնական խնդիրն է ընդհանուր ֆինանսական շուկայի զարգացման և անդամ պետությունների ֆինանսական շուկաներ ոչ խտրական մուտքի ապահովման նպատակով անդամ պետությունների տնտեսական ինտեգրման խորացումը:

Վերազգային մարմինն օժտված է հետևյալ լիազորություններով՝

ֆինանսական հատվածի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության վերլուծություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության մասով.

ֆինանսական շուկայի ոլորտում միջազգային ստանդարտների և սկզբունքների ներդրման մասով առաջարկությունների մշակում, այդ թվում՝ ֆինանսական ոլորտում անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով, և դրանց կիրարկման մոնիթորինգ.

համագործակցություն միջազգային կազմակերպությունների և ֆինանսական շուկայի կարգավորիչների հետ.

միջազգային հարթակներում ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների շահերի ներկայացում՝ անդամ պետությունների ֆինանսական շուկայի կարգավորիչների մոտ պահպանելով միջազգային կազմակերպությունների և ֆինանսական շուկայի այլ կարգավորիչների հետ համագործակցության իրականացման լիազորությունները.

անդամ պետությունների ֆինանսական շուկաների ընթացիկ իրավիճակի վերլուծություն.

անդամ պետությունների ֆինանսական շուկայի կարգավորիչներից ստացված տեղեկությունների հիման վրա ընդհանուր ֆինանսական շուկայի սուբյեկտների (բանկային և ապահովագրական կազմակերպությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների և անդամ պետությունների այլ ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում՝ ստանդարտացված լիցենզիայի տիրապետող ֆինանսական կազմակերպությունների) միասնական տեղեկատվական ռեեստրի վարում:

Հեռանկարում՝ ֆինանսական ինտեգրման խորացմանը և ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ավելի առաջադեմ փուլերին անցնելուն զուգահեռ՝ անդամ պետությունները կքննարկեն վերազգային մարմնի լիազորությունների շրջանակի ընդլայնման հարցը:

 

VIII. Եզրափակիչ դրույթներ

 

Սույն հայեցակարգի իրագործումը կիրականացվի ընդհանուր ֆինանսական շուկայի գործունեությունը կարգավորող՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին, ինչպես նաև կարգավորիչների միջև կնքված այլ ակտերին և համաձայնագրերին համապատասխան:

Նախանշված կողմնորոշիչներին հասնելու և ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հիմնական ուղղությունների իրագործման համար կարող են Պայմանագրում կատարվել փոփոխություններ և Միության շրջանակներում կնքվել միջազգային պայմանագրեր, ինչպես նաև ընդունվել կարգավորիչների միջև կնքվող այլ ակտեր և համաձայնագրեր:

Սույն հայեցակարգի, ինչպես նաև ընդհանուր ֆինանսական շուկայի կառուցման շրջանակներում համաձայնագրերի դրույթները չեն տարածվում ֆինանսական շուկայի ոլորտում հատուկ իրավական ռեժիմով անդամ պետությունների իրավազորությունների (տարածքների) վրա:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: