Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
06.06.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
06.06.2022
Дата вступления в силу
06.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0992/02/14

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0992/02/14

Նախագահող դատավոր՝

 Ս. Միքայելյան

Դատավորներ՝

 Ն. Բարսեղյան

 Մ. Հարթենյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

 

2022 թվականի հունիսի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նելլի Միքայելյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Նելլի Միքայելյանի ընդդեմ Անահիտ Եղիազարյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, երրորդ անձ Վաղինակ Վերմիշյանի` 26.07.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4249 և 26.07.2013 թվականին տրված թիվ 4248 սեփականության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, Նելլի Միքայելյանի կողմից ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգման հիմքով` Նելլի Միքայելյանին ժառանգ ճանաչելու ու Վալերի Միքայելյանին պատկանող ողջ անշարժ և շարժական գույքի նկատմամբ Նելլի Միքայելյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2015 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Նելլի Միքայելյանը պահանջել է անվավեր ճանաչել 26.07.2013 թվականի սեփականության իրավունքի թիվ 4248 և 26.07.2013 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4249 վկայագրերը, հարգելի համարել ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը և ժառանգման հիմքով ճանաչել ժառանգ, ինչպես նաև ճանաչել իր սեփականության իրավունքը Վալերի Միքայելյանին պատկանող ողջ անշարժ և շարժական գույքի նկատմամբ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 22.07.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.11.2015 թվականի որոշմամբ Նելլի Միքայելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.07.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2016 թվականի որոշմամբ Նելլի Միքայելյանի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նելլի Միքայելյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր հանգամանք վկայակոչել է թիվ ԵԿԴ/1176/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 12.12.2019 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը: Տվյալ վճռով անվավեր է ճանաչվել 25.06.2013 թվականին Համբուրգ քաղաքում Անահիտ Եղիազարյանի կողմից Աննման Միքաելյանին տրված լիազորագիրը: Նշված լիազորագրի հիման վրա Աննման Միքաելյանը, որպես Անահիտ Եղիազարյանի ներկայացուցիչ, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակին 23.07.2013 թվականին դիմում է ներկայացրել Վալերի Միքայելյանի մահից հետո մնացած անշարժ գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին: ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 26.07.2013 թվականին տրված թիվ 4248 սեփականության իրավունքի վկայագրով Անահիտ Եղիազարյանը ճանաչվել է Երևան քաղաքի Սեբաստիա 30-րդ շենքի թիվ 76 բնակարանի 1/2 մասի սեփականատեր, իսկ թիվ 4249 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով՝ Վալերի Միքայելյանի ժառանգական գույքի՝ նույն բնակարանի 1/2 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Նույն՝ անվավեր ճանաչված լիազորագրով 16.01.2014 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով Աննման Միքաելյանը Երևանի Սեբաստիա 30-րդ շենքի թիվ 76 բնակարանը վաճառել է Վաղինակ Վերմիշյանին, Լուսինե Մկրտչյանին։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 06.11.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Վալերի Վաղարշակի Միքայելյանը (ծնված՝ 24.01.1939 թվականին) մահացել է 05.02.2002 թվականին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Համբուրգ քաղաքում (հատոր 1-ին, գ.թ. 23),

2. Համաձայն թիվ 0980553 ծննդյան վկայականի՝ Նելլի Վալերիի Միքայելյանը ծնվել է 13.11.1968 թվականին Երևան քաղաքում, հայրը՝ Միքայելյան Վալերի Վաղարշակի, մայրը՝ Միքայելյան Սուսան Դավթի (հատոր 1-ին, գ.թ. 24),

3. Համաձայն թիվ 289087 ամուսնության վկայականի՝ Վալերի Միքայելյանի և Անահիտ Եղիազարյանի ամուսնությունը գրանցվել է 18.02.1969 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 87),

4. ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից 08.08.2003 թվականին տրված անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի թիվ 1589470 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Սեբաստիա 30-րդ շենքի թիվ 76 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ գրանցվել է Վալերի Միքայելյանի սեփականության իրավունքը, հիմք՝ Երքաղխորհրդի գործկոմի 04.09.1991 թվականի որոշում (հատոր 1-ին, գ.թ. 19-21),

5. Համաձայն «Լիազորագիր» վերտառությամբ փաստաթղթի՝ «ք. Համբուրգ, 25.06.2013 թվականին, (ամսաթիվը ձեռագիր ուղղումով), Անահիտ Եղիազարյանը (լիազորագրում նշվել է ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթուղթը, բնակության վայրը՝ Սուրենկամպ 40, 22335 ք. Համբուրգ), լիազորել է Աննման Միքաելյանին Երևան քաղաքի Սեբաստիա 30, բնակարան 76 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ իր հանգուցյալ ամուսնու՝ 2002 թվականին Գերմանիայում մահացած Վալերի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող ժառանգական բաժնեմասի նկատմամբ իր կողմից ժառանգության ընդունման հետ կապված բոլոր հարցերը կարգավորելու նպատակով իր անունից հանդես գալու և իր ներկայացուցիչը լինելու ՀՀ նոտարական գրասենյակներում, ներկայացնելու դիմումներ, անելու հայտարարություններ, ձևակերպելու ժառանգությունը, ստանալու ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, իր անունից նոտարական գրասենյակում կնքելու նշված բնակարանի հետ կապված ցանկացած գործարքներ, ստանալու վաճառքի գումարը, իր անունից հանդես գալու և իր ներկայացուցիչը լինելու ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, իր անունից ներկայացնելու դիմումներ, սեփականության իրավունքի պետական գրանցման համար ստանալու Երևանի Սեբաստիա 30-րդ շենքի թիվ 76 բնակարանի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք, դիմել պետական գրանցում կատարելու համար և ստանալ սեփականության իրավունքի գրանցման վկայական, իր անունից հանդես գալու և իր ներկայացուցիչը լինելու ՀՀ դատական բոլոր ատյաններում, ներկայացնելու դիմումներ, հայցադիմումներ, ստանալու դատական ակտեր, բողոքարկելու դատական ակտերը վերադաս դատական ատյաններում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածում թվարկված բոլոր լիազորություններով կատարելու անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ կապված սույն հանձնարարության հետ, իր անունից հանդես գալու և իր ներկայացուցիչը լինելու ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում, բնակչության հաշվառման ռեգիստրի մարմիններում, Երևանի քաղաքապետարանում, քաղաքի վարչական շրջանների աշխատակազմերում, համատիրություններում՝ այդ մարմիններում իր անունից դիմումներ ներկայացնելու, անհրաժեշտ տեղեկանքներ ստանալու, անհրաժեշտության դեպքում բողոքարկելու վարչական մարմինների՝ օրենքին հակասող գործողությունները կամ անգործությունը ՀՀ վարչական դատավարության կարգով: Իր անունից կատարել վճարումներ, ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, ստորագրել իր փոխարեն, կատարել բոլոր գործողությունները կապված սույն հանձնարարության հետ: Վկայում է, որ գործունակության մեջ սահմանափակված չէ, իր նկատմամբ չկա սահմանված խնամակալություն և հոգաբարձություն: Լիազորագիրը տրված է իր կողմից կամավոր: Լիազորագիրը տրված է երեք տարի ժամկետով» (հատոր 1-ին գ.թ. 28),

6. ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակին 23.07.2013 թվականին դիմում է ներկայացվել Անահիտ Եղիազարյանի անունից լիազորագրով հանդես եկող Աննման Միքաելյանի կողմից՝ Անահիտ Եղիազարյանի հանգուցյալ ամուսնու՝ Վալերի Միքայելյանի մահից հետո մնացած անշարժ գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին (հատոր 1-ին, գ.թ. 27),

7. ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 26.07.2013 թվականին տրված թիվ 4248 սեփականության իրավունքի վկայագրի համաձայն՝ Անահիտ Եղիազարյանը հանդիսանում է Երևան քաղաքի, Սեբաստիա 30-րդ շենքի թիվ 76 բնակարանի 1/2 մասի սեփականատեր (հատոր 1-ին, գ.թ. 16),

8. ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 26.07.2013 թվականին տրված թիվ 4249 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Վալերի Վաղարշակի Միքայելյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում կինը՝ Անահիտ Եղիազարյանը: Ժառանգական գույքը բաղկացած է Երևան քաղաքի, Սեբաստիա փողոց 30-րդ շենքի թիվ 76 բնակարանի 1/2 բաժնեմասից (հատոր 1-ին, գ.թ. 17),

9. ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի 15.01.2014 թվականի գրությամբ Նելլի Միքայելյանին հայտնվել է, որ Երևան քաղաքի, Սեբաստիա 30 շենքի թիվ 76 բնակարանի նկատմամբ 31.07.2013 թվականին գրանցվել է Անահիտ Եղիազարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 18),

10. Անշարժ գույքի առուվաճառքի 16.01.2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ Աննման Միքաելյանը, հանդես գալով նույն՝ 25.06.2013 թվականի լիազորագրով, Երևան քաղաքի, Սեբաստիա 30-րդ շենքի թիվ 76 բնակարանը վաճառել է Վաղինակ Վերմիշյանին, Լուսինե Մկրտչյանին (հատոր 1-ին, գ.թ. 48),

11. Համաձայն 21.01.2014 թվականին տրված՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21012014-01-0080 վկայականի` Երևան քաղաքի, Սեբաստիա փողոց 30-րդ շենքի թիվ 76 բնակարանը սեփականության իրավունքով գրանցվել է Վաղինակ Վերմիշյանի, Լուսինե Մկրտչյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 49),

12. Դիմելով դատարան՝ Նելլի Միքայելյանը պահանջել է անվավեր ճանաչել 26.07.2013 թվականի սեփականության իրավունքի թիվ 4248 և 26.07.2013 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4249 վկայագրերը, հարգելի համարել ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը և ժառանգման հիմքով ճանաչել ժառանգ, ինչպես նաև ճանաչել իր սեփականության իրավունքը Վալերի Միքայելյանին պատկանող ողջ անշարժ և շարժական գույքի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 2-11),

13. Դատարանի 22.07.2015 թվականի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորը որևէ ապացույց չի ներկայացրել, որևէ կերպ չի հիմնավորել իր պահանջների հիմքում ընկած հանգամանքները, մասնավորապես՝ չի հիմնավորել այն, որ չի իմացել Վալերի Միքայելյանի ինչպես մահվան, այնպես էլ ժառանգության գոյության մասին և պարտավոր չէր իմանալ (հատոր 2-րդ, գ.թ. 124-140),

14. Դատարանի 22.07.2015 թվականի վճռի դեմ Նելլի Միքայելյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ կից ներկայացնելով միջնորդություն՝ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին՝ Անահիտ Եղիազարյանի կողմից 25.06.2013 թվականին (ամսաթիվը ձեռագիր ուղղումով) Աննման Միքաելյանին տրված լիազորագրի իսկությունը ճշտելու նպատակով (հատոր 3-րդ, գ.թ. 8-21),

15. Վերաքննիչ դատարանը 06.11.2015 թվականի որոշմամբ Նելլի Միքայելյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 22.07.2015 թվականի վճիռը թողել է անփոփոխ, արձանագրելով, որ «հայցվորը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, չի ապացուցել իր կողմից վկայակոչված փաստն այն մասին, որ չգիտեր և պարտավոր էլ չէր իմանալու հոր ժառանգության բացման մասին, որի ապացուցման պարտականությունը կրել է վերջինս»: Անդրադառնալով դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հստակ ամրագրված են Վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակները, որից ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանն օժտված չէ փորձաքննություն նշանակելու իրավասությամբ (հատոր 3-րդ գ.թ. 129-134),

 

16. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2016 թվականի որոշմամբ Նելլի Միքայելյանի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության (հատոր 4-րդ գ.թ. 89-92),

17. Թիվ ԵԿԴ/1176/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2019 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով՝ անվավեր է ճանաչվել Անահիտ Եղիազարյանի կողմից 25.06.2013 թվականին Համբուրգ քաղաքում կազմված և Աննման Միքաելյանին տրված լիազորագիրն՝ իր անունից հանդես գալու, իր ներկայացուցիչը լինելու մասին: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.05.2020 թվականի որոշմամբ նշված վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Նելլի Միքայելյանը որոշումը ստացել է 21.10.2020 թվականին (վճռաբեկ բողոքին կից ներկայացված փաստաթղթեր):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ սահմանադրական դատարանը 15.07.2011 թվականի թիվ ՍԴՈ-984 որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտերի վերանայման արդյունավետ ինստիտուտի գոյությունը պետք է հիմնվի այն տրամաբանության վրա, որ պետությունը պետք է ապահովի խախտված իրավունքների վերականգնումը, քանզի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտավորությունը ենթադրում է, որ պետությունն ինքն է պատասխանատու դատական ակտերով խախտված իրավունքների վերականգնման համար: Պետության նման պարտավորության կատարումն ապահովելու բավականին արդյունավետ միջոց է դատական ակտերի վերանայումն իրավունքի ուժով:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր է ճանաչվել ժառանգության վկայագիրը կամ այն գործարքը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտը կայացնելու համար, (...):

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում՝ դատարանի համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից։

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, նոր հանգամանքի հիմքով բողոք ներկայացվելու դեպքում, ենթակա է վերանայման, եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր է ճանաչվել ժառանգության վկայագիրը կամ այն գործարքը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտը կայացնելու համար: Ընդ որում, օրենսդիրը նշված դեպքում նոր հանգամանքի հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու համար սահմանել է եռամսյա ժամկետ, որի հաշվարկը սկսվում է դատարանի համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

Այսպիսով, վերոգրյալ իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ,

- դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր է ճանաչվել ժառանգության վկայագիրը կամ այն գործարքը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտը կայացնելու համար,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց (դատարանի համապատասխան վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից) հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու դրությամբ եռամսյա ժամկետը չի լրացել:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի հիման վրա հարուցված վարույթի քննության առանձնահատկություններին: Այսպես.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 426-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտի վերանայման բողոքի քննության ընթացքում դատարանը հետազոտում է գործում առկա ապացույցները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտի վերանայման բողոքի հիմքի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով դատարանը գնահատում է հետազոտված ապացույցները և կարող է հաստատված համարել նոր փաստ, եթե հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի վերանայման բողոքի քննության ընթացքում դատարանը հետազոտում և գնահատում է գործում առկա ապացույցները՝ պարզելու համար դատական ակտի վերանայման բողոքի հիմքի առկայությունը կամ բացակայությունը: Նշվածից հետևում է, որ դատարանը պարզում է, թե արդյոք դատական ակտի վերանայման բողոքի հիմք առկա է, թե՝ ոչ: Այսինքն՝ բողոքում առկա նոր հանգամանքով դատական ակտը բողոքարկելու հիմքից բացի, բողոքում այլ հիմքերի առկայության դեպքում դատարանը չպետք է անդրադառնա բողոքի այդ հիմքերին, քանի որ օրենսդիրը, նոր հանգամանքի վարույթի բացառիկությունից ելնելով, համապատասխան դատարանին օժտել է միայն նոր հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը պարզելու իրավազորությամբ:

 

Նման մոտեցումը հիմնավորվում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներով հայտնած այն դիրքորոշմամբ, որ նոր հանգամանքի ինստիտուտի նպատակն է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum), ինչը ենթադրում է բողոքարկվող դատական ակտի բացակայության պայմաններում առկա իրավիճակի վերականգնում, իսկ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի բեկանման դեպքում բողոքի այլ հիմքերին անդրադառնալու անհրաժեշտությունը վերանում է՝ նկատի ունենալով, որ բողոքաբերի իրավունքները վերականգնվում են նոր հանգամանքի ինստիտուտի միջոցով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Նելլի Միքայելյանի հայցադիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել 26.07.2013 թվականի սեփականության իրավունքի թիվ 4248 և 26.07.2013 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4249 վկայագրերը, հարգելի համարել ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը և ժառանգման հիմքով ճանաչել ժառանգ, ինչպես նաև ճանաչել իր սեփականության իրավունքը Վալերի Միքայելյանին պատկանող ողջ անշարժ և շարժական գույքի նկատմամբ:

Դատարանի 22.07.2015 թվականի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորը որևէ ապացույց չի ներկայացրել, որևէ կերպ չի հիմնավորել իր պահանջների հիմքում ընկած հանգամանքները, մասնավորապես՝ չի հիմնավորել այն, որ չի իմացել Վալերի Միքայելյանի ինչպես մահվան, այնպես էլ ժառանգության գոյության մասին և պարտավոր չէր իմանալ:

Դատարանի 22.07.2015 թվականի վճռի դեմ Նելլի Միքայելյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ կից ներկայացնելով միջնորդություն՝ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին՝ Անահիտ Եղիազարյանի կողմից 25.06.2013 թվականին (ամսաթիվը ձեռագիր ուղղումով) Աննման Միքաելյանին տրված լիազորագրի իսկությունը ճշտելու նպատակով:

Վերաքննիչ դատարանը 06.11.2015 թվականի որոշմամբ Նելլի Միքայելյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 22.07.2015 թվականի վճիռը թողել է անփոփոխ, արձանագրելով, որ «հայցվորը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, չի ապացուցել իր կողմից վկայակոչված փաստն այն մասին, որ չգիտեր և պարտավոր էլ չէր իմանալու հոր ժառանգության բացման մասին, որի ապացուցման պարտականությունը կրել է վերջինս»: Անդրադառնալով դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հստակ ամրագրված են Վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակները, որից ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանն օժտված չէ փորձաքննություն նշանակելու իրավասությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2016 թվականի որոշմամբ Նելլի Միքայելյանի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Թիվ ԵԿԴ/1176/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2019 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով՝ անվավեր է ճանաչվել Անահիտ Եղիազարյանի կողմից 25.06.2013 թվականին Համբուրգ քաղաքում կազմված և Աննման Միքաելյանին տրված լիազորագիրը՝ իր անունից հանդես գալու, իր ներկայացուցիչը լինելու մասին:

Վերը նշված վճռով դատարանը հաստատված է համարել, որ «(…) լիազորագիրը կազմված է ջնջումներով, վավերացված չէ օրենքով սահմանված կարգով, սահմանված կարգով չի վավերացվել Հայաստանի Հանրապետության հյուպատոսական մարմինների կողմից, հետևաբար այն հակասում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ուստի և ենթակա է անվավեր ճանաչման (…):

Սույն գործով ներկայացված՝ դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքում որպես նոր հանգամանք վկայակոչված՝ թիվ ԵԿԴ/1176/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2019 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի և սույն գործի փաստական հանգամանքների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար: Ներկայացվողը ներկայացուցչի կողմից գործարքներ կնքելու համար գրավոր լիազորություն կարող է անմիջականորեն տալ համապատասխան երրորդ անձին:

Նախկին որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ըստ էության հանդիսանալով միակողմանի գործարք` լիազորագիրը լիազորվողի (պարտապանի) մոտ առաջացնում է միայն որոշակի պարտավորություններ, նախ` լիազորագրողի անունից հանդես գալ երրորդ անձանց առջև, երկրորդ` կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունը, իսկ լիազորագրողի (պարտատիրոջ) համար սահմանում է միայն որոշակի իրավունք` լիազորվողից պահանջել կատարելու լիազորագրով ստանձնած հանձնարարությունը (պարտավորությունը) (տե՛ս, Վարդուշ Ղազարյանն ընդդեմ Գևորգ Ղազարյանի թիվ ԼԴ/0423/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ լիազորվողն օգտվում է լիազորագրի շրջանակներում լիազորագրողի կողմից իրեն վերապահված գործողություններ կատարելու իրավունքից, որը հստակ ձևակերպվում է լիազորագրի բովանդակությունում և երրորդ անձանց հնարավորություն է տալիս հստակ եզրակացնել, թե լիազոր ներկայացուցիչն ինչպիսի իրավազորությամբ է օժտված (տե՛ս, «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ն ընդդեմ Մարինա Հայրապետյանի, Կարեն, Վարդգես, Ինա Եղիազարյանների և Ամալյա Բագրատունու թիվ ԵԿԴ/1769/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը)։

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորագիրը միակողմանի գործարք է, որով սահմանվում են ներկայացուցչի իրավունքները, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև լիազորագրողի անունից երրորդ անձանց հետ հարաբերությունների մեջ մտնելու այլ պայմանները:

 

Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/1176/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2019 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով՝ անվավեր է ճանաչվել Անահիտ Եղիազարյանի կողմից 25.06.2013 թվականին Համբուրգ քաղաքում կազմված և Աննման Միքաելյանին տրված լիազորագիրը՝ իր անունից հանդես գալու, իր ներկայացուցիչը լինելու մասին:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոհիշյալ վճռով անվավեր ճանաչված լիազորագրով ժառանգություն ընդունելու մասին նոտարին դիմում է ներկայացրել սույն գործով պատասխանող Անահիտ Եղիազարյանի ներկայացուցիչ Աննման Միքայելյանը, ում միջոցով էլ Անահիտ Եղիազարյանն ընդունել էր իր ամուսնու՝ Վալերի Միքաելյանի ժառանգությունը, որին հավակնում է սույն գործով հայցվոր Նելլի Միքայելյանը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող՝ 26.07.2013 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4249 վկայագիրը տրվել է թիվ ԵԿԴ/1176/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2019 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր ճանաչված լիազորագրով ներկայացված դիմումի հիման վրա, ինչից բխում է, որ լիազորագիրն անվավեր ճանաչված լինելու պայմաններում Աննման Միքաելյանը Անահիտ Եղիազարյանի անունից նոտարին ժառանգություն ընդունելու մասին դիմում ներկայացնելու իրավասություն չի ունեցել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով պատասխանող Անահիտ Եղիազարյանը, ըստ էության, չի ընդունել իր ամուսնու՝ Վալերի Միքայելյանի ժառանգությունը, ինչից էլ հետևում է, որ Անահիտ Եղիազարյանը սույն գործով չէր կարող հանդիսանալ պատշաճ պատասխանող և իրավունք չուներ առարկելու հայցի դեմ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորը գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ հայցվորը և պատասխանողը քաղաքացիական գործը հարուցելու պահից վիճելի իրավահարաբերության կողմեր են, ովքեր օժտված են հակադիր շահերով: Այլ կերպ ասած՝ հայցվորը դատարան է դիմում իր (օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ անձի) իրավունքների պաշտպանության նպատակով, իսկ պատասխանողը հանդիսանում է հայցվորի` խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջով՝ հակադիր շահերով օժտված կողմ: Հայցվորի դատարան ներկայացրած նյութաիրավական պահանջն ուղղված է պատասխանողին, ինչից ակնհայտ է, որ պատասխանողը պետք է հայցի դեմ առարկելու իրավունք ունենա՝ պայմանավորված նյութաիրավական վեճի հակառակ կողմ հանդիսանալու հանգամանքով: Մինչդեռ այն դեպքում, երբ հայցվորի դատարան ներկայացված պահանջով պատասխանողը չի հանդիսանում հակադիր շահով օժտված անձ, ապա առաջանում է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու հարցը քննարկելու անհրաժեշտություն:

Տվյալ դեպքում Նելլի Միքայելյանը դատարան է դիմել իր ժառանգական իրավունքների պաշտպանության նպատակով՝ պահանջն ուղղելով Անահիտ Եղիազարյանին՝ որպես Վալերի Միքայելյանի ժառանգությունն ընդունած ժառանգի: Մինչդեռ թիվ ԵԿԴ/1176/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2019 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով՝ Անահիտ Եղիազարյանի կողմից Աննման Միքաելյանին տրված լիազորագիրն անվավեր ճանաչվելու հանգամանքը թույլ է տալիս գալու այն եզրահանգման, որ Անահիտ Եղիազարյանը չի հանդիսանում Վալերի Միքայելյանի ժառանգությունն ընդունած ժառանգ, ինչից էլ բխում է, որ Անահիտ Եղիազարյանը Նելլի Միքայելյանի նյութաիրավական պահանջով չի հանդիսանում հակադիր շահերով օժտված կողմ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ/1176/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2019 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը սույն գործով հանդիսանում է նոր հանգամանք, որի ուժով Նելլի Միքայելյանի՝ Անահիտ Եղիազարյանի դեմ ուղղված հայցը մերժելու մասին սույն գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ենթակա է վերանայման:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա չէ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով նախատեսված նոր հանգամանք՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու համար:

 

Միաժամանակ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի 06.11.2015 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 06.11.2015 թվականի որոշումը բեկանելու ու գործը նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել և բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2015 թվականի որոշումը, գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական: