Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-326
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.01.2007-31.12.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.06.05/17(192)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.04.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.05.2002
Дата вступления в силу
05.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի ապրիլի 16-ին

 

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Գյումրի քաղաքի վերականգնման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները:

 

Հոդված 2. ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գյումրի քաղաքի վերականգնման նպատակով պետությունն ապահովում է`

ա) պետական ներդրումային ծրագրերի իրականացման առաջնայնությունը.

բ) սոցիալական զարգացման ծրագրերի նպատակաուղղումն առավելագույն զբաղվածության ապահովմանը.

գ) Գյումրի քաղաքի վերականգնման ծրագրերի առանձնացումը.

դ) տնտեսական գործունեության ակտիվացման նպատակով հարկային բարենպաստ քաղաքականության իրականացումը.

ե) Գյումրի քաղաքում տնտեսական գործունեության խթանման նպատակով համայնքի ավագանու իրավասությունների ընդարձակումը:

 

Հոդված 3. ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Գյումրի քաղաքի առանձին կարիքները հաշվի են առնվելու ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման և սոցիալական աջակցության ծրագրերի մասին պետական ծրագրերի ընտրության հարցում:

2. Պետական ներդրումային ծրագրերի ընտրություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարությունն այլ հավասար պայմաններում նախապատվություն է տալիս Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովող ներդրումային ծրագրերին:

 

Հոդված 4. ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՈՒՄՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձնացնում է Գյումրի քաղաքի բնակչության զբաղվածության ամենամյա պետական ծրագրերը, որոնք մասնավորապես բովանդակում են` նպաստ աշխատանքի դիմաց, գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագրեր, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով գործազուրկներին տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրեր, գործատուների մոտ հաշմանդամների համար մասնագիտացված ձեռնարկությունների հիմնման և հաշմանդամների մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրեր:

 

Հոդված 5. ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրերից առանձնացնում է Գյումրի քաղաքի վերականգնման ծրագրերը, որոնք մասնավորապես բովանդակում են`

ա) բնակարանաշինության ծրագրերը.

բ) կրթական և մշակութային օբյեկտների շինարարական ծրագրերը.

գ) տեղի առանձնահատկություններին համապատասխան` տնտեսության ավանդական ճյուղերի զարգացմանն աջակցությունը.

դ) տնտեսության գերակայություններից բխող ներդրումային ծրագրերը.

ե) ծրագրի ֆինանսավորման աղբյուրները.

զ) ծրագրի իրականացման միջոցառումներն ըստ պատասխանատուների և ժամկետների.

է) ծրագրի իրականացման վերահսկողության մեխանիզմները:

 

Հոդված 6. ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Գյումրի քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Գյումրի քաղաքում գտնվող շենքերի, շինությունների, փոխանցվող հարմարանքների, հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի և Գյումրի քաղաքում տեղակայված այլ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի Գյումրի քաղաքում գտնվելու (տեղակայվելու) ժամանակաշրջանում: Եթե Գյումրի քաղաքում գտնվող (տեղակայված) հիմնական միջոցների նկատմամբ կիրառվել են նշված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները, և այդ հիմնական միջոցները տեղափոխվել են Գյումրի քաղաքից դուրս (առանց այլ անձանց օտարման), ապա հարկատուն պետք է վճարի արագացված ամորտիզացիայից օգտված լինելու հետևանքով պակաս վճարված շահութահարկը և շահութահարկը (այդ թվում` կանխավճարները) ուշ վճարելու համար սահմանված տույժերը:»:

2. Գյումրու քաղաքապետի կողմից հաստատված ցանկում ընդգրկված` Գյումրի քաղաքի վարչական տարածքում իրականացված արտադրական և բնակարանային նշանակության օբյեկտների շինարարական աշխատանքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից (ավելացված արժեքի հարկը չի հաշվարկվում):

Նախկինում կնքված պայմանագրերի համաձայն Գյումրի քաղաքի վարչական տարածքում իրականացված բնակարանային շինարարական այն աշխատանքների կամ դրանց փուլերի նկատմամբ, որոնք հանձնվում են պատվիրատուին սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո, սույն կետի առաջին մասով սահմանված արտոնությունը կիրառվում է բնակարանային շինարարական աշխատանքների (փուլերի) ԱԱՀ-ով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ընդհանուր գումարի և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված /կամ ներմուծված/ ապրանքների և ստացված ծառայությունների) գծով մատակարարումների հարկային հաշիվներում, մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարի միջև առաջացող դրական տարբերության չափով:

Ցանկը վերանայվում է եռամսյակը մեկ անգամ:

3. Սույն հոդվածի նախորդ կետերի կիրառումը տվյալ հարկ վճարողի համար դադարում է նրա մոտ երեք ամսից ավելի ժամկետով 2 միլիոն դրամը գերազանցող հարկային կամ պարտադիր այլ վճարների գծով ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում:

 

Հոդված 7. ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գյումրի քաղաքի տարածքում հարկ վճարողներն արտադրական, հասարակական (բացի կրպակներից), նոր օբյեկտների կառուցապատման ժամանակ ավագանու որոշմամբ ազատվում են հողի հարկի և գույքահարկի վճարումներից` սույն օրենքի գործողության ժամկետով:

 

Հոդված 8. ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Անհատական բնակարանային շինարարության նպատակով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով տրամադրվում են հողամասեր և բնակչությանը տրվում են հիպոտեկային երկարաժամկետ վարկեր` բյուջեում նախատեսված գումարի սահմաններում, առաջնայնությունը տալով տնակներում բնակվող այն ընտանիքներին, որոնք ընդգրկված են օրենքով սահմանված բնակարանների ստացման ցուցակների 1-30-րդ կետերում:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրում ընդգրկված Գյումրի քաղաքի տարածքում գտնվող օբյեկտների մասնավորեցման ժամանակ`

ա) կառավարությունն ավելի մեծ տեղ է տալիս մրցույթներին` մրցույթի հիմնական պայման դարձնելով ներդրումներն ու աշխատատեղերը.

բ) Գյումրի քաղաքում պետական գույքի մասնավորեցման մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են այդ նպատակով դիմել տեղական լիազորված մարմին.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկամսյա ժամկետում սահմանում է Գյումրի քաղաքում մասնավորեցման ենթակա օբյեկտների մասնավորեցման արագացված ընթացակարգը:

3. Գյումրի քաղաքի արգելոց-թանգարանում գտնվող համայնքային սեփականությունը, անշարժ գույքը, շինությունները համայնքի ավագանու որոշմամբ մրցութային կարգով կարող են հատկացվել այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք ներկայացնում են վերականգնման ծրագիր և կնքում համապատասխան պայմանագիր սեփականատիրոջ հետ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո` եռամսյա ժամկետում, հաստատում է Գյումրի քաղաքի վերականգնման ծրագիրը, իսկ տարեկան ծրագիրն ընդգրկվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծում:

 

Հոդված 9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքը գործում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

(9-րդ հոդվածը փոփ. 06.12.06 ՀՕ-257-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
15 մայիսի 2002 թ.
ՀՕ-326