Գլխավոր տեղեկություն
Номер
N 1343-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (26.08.2022-20.05.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.08.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.08.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.08.2022
Дата вступления в силу
26.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2022 թվականի N 1343-Ն

 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 3.8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

24.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման

 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում մասնավոր ներդրումները խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն) ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը (այսուհետ՝ շահառու) տրամադրում է օժանդակություն ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքն անհրաժեշտ ենթակառուցվածքով ապահովման ճանապարհով (այսուհետ՝ օժանդակություն)։

2. Սույն միջոցառման իմաստով ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման (այդ թվում՝ ոռոգման նպատակով), ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։

3. Կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը ենթակառուցվածքի կառուցումն է։ Ընդ որում, ենթակառուցվածքի սեփականության, տնօրինման և տիրապետման իրավունքը պատկանում է կառավարությանը։

4. Սույն միջոցառման իմաստով ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքը ներառում է ներդրումային ծրագրով նախատեսված՝ սույն միջոցառման 6-րդ կետին համապատասխան գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ անշարժ գույքի կառուցման և հիմնական միջոցների ձեռքբերման (այդ թվում՝ տեղափոխման և տեղադրման) համար իրականացված ծախսերի հանրագումարը (ներառյալ՝ հարկերը)։

 

2. «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Շահառուի կողմից ներդրումային ծրագիրը պետք է իրականացվի Երևան քաղաքի առաջին և երկրորդ կադաստրային գոտուց դուրս տարածքում։

6. Ներդրումային ծրագիրը պետք է ուղղված լինի գյուղատնտեսության (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թ. սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ՝ ՏԳՏԴ) A խումբ), մշակող արտադրության (ՏԳՏԴ C խումբ) կամ ծառայությունների մատուցման (ՏԳՏԴ H 52, I, J, K, L, M 73, P, Q, R խմբեր) կազմակերպմանը։

7. Ներդրումային ծրագրի իրականացման համար տարածքի նկատմամբ շահառուն պետք է ունենա գրանցված սեփականության իրավունք:

8. Շահառուն օժանդակություն ստանալու նպատակով հայտի ներկայացման պահի դրությամբ չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ:

9. Շահառուն տրամադրում է համապատասխան բանկային երաշխիք (այսուհետ՝ երաշխիք) ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի չափով։ Երաշխիքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 24-րդ գլխի 5-րդ բաժնով։

10. Կառավարության կողմից կառուցվող ենթակառուցվածքի արժեքը չի կարող գերազանցել՝

1) մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 10 տոկոսը.

2) 500 մլն դրամ և ավելի ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 տոկոսը։

 

3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

11. Օժանդակություն ստանալու համար շահառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է հայտ թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ համաձայն N 1 ձևի։

12. Հայտին կից շահառուն ներկայացնում է՝

1) ներդրումային ծրագրի ամփոփ նկարագիրը՝ համաձայն N 2 ձևի.

2) օժանդակություն ստանալու նպատակով ակնկալվող ենթակառուցվածքների մանրամասն նկարագրությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքի ծրագիծը, այդ թվում՝ քարտեզի վրա, հողամասերի ցանկը, ներառյալ՝ կադաստրային ծածկագրերն ու սեփականատերերի մասին տեղեկատվություն, կառուցման համար անհրաժեշտ ծախսերի գնահատումը, ներառյալ՝ անհրաժեշտ հողերի ձեռքբերման և նախագծման ծախսերը.

3) տեղեկատվություն հողի/տարածքի նկատմամբ սեփականության իրավունքների վերաբերյալ, հավաստող փաստաթղթերով.

4) բանկային երաշխիք։

13. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և թերությունների բացակայության դեպքում մշակում կառավարության համապատասխան որոշման նախագիծ (այսուհետ՝ նախագիծ) և այն օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Արդարադատության նախարարություն, Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե, Կադաստրի կոմիտե, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ շահագրգիռ պետական մարմիններ (այսուհետ՝ գերատեսչություններ)՝ կարծիքի, իսկ հայտում թերությունների առկայության դեպքում վերադարձնում է շահառուին։

14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գերատեսչություններից կարծիքներն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է դրանք և նախագիծը սահմանված կարգով ներկայացնում կառավարության քննարկմանը։

15. Նախագծի քննարկման արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը եռօրյա ժամկետում տեղեկացնում է շահառուին։

16. Կառավարության քննարկմանը ներկայացված նախագիծը (այսուհետ՝ որոշում) պետք է ներառի դրույթներ ներդրումային ծրագրին հավանություն տալու, ենթակառուցվածքի ապահովման գործընթացը կազմակերպելու, ենթակառուցվածքի կառուցման ժամանակացույցի, ենթակառուցվածքի կառուցման պատասխանատու պետական մարմնի (այսուհետ՝ պատասխանատու մարմին) նշանակման, ենթակառուցվածքի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսավորման չափի և աղբյուրի մասին։

17. Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով օժանդակության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պատասխանատու մարմնի և շահառուի միջև կնքված պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր), որը պետք է ներառի սույն միջոցառմամբ նախատեսված պահանջները, պայմանները, ինչպես նաև ներդրումների և նախատեսվող աշխատանքների ժամանակացույց։

18. Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պատասխանատու մարմինը շահառուի հետ կնքում է պայմանագիր։

19. Ենթակառուցվածքի կառուցումն իրականացվում է որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան, սակայն ոչ շուտ, քան ներդրումային ծրագրի իրականացման մեկնարկը։

20. Ներդրումային ծրագրի իրականացման մեկնարկ է համարվում ներդրումային ծրագրի իրականացման համար օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ թույլտվությունների առկայության պարագայում պատասխանատու մարմնի և շահառուի կողմից համատեղ հաստատված ժամկետը։

21. Շահառուի կողմից ներդրումային ծրագրի չիրականացման արդյունքում վերջինս փոխհատուցում է կառավարության կողմից ենթակառուցվածքի կառուցման նպատակով տվյալ պահի դրությամբ կատարված ծախսերը և ենթակառուցվածքի կառուցման հետևանքով պատճառված վնասները։ Փոխհատուցման արդյունքում ենթակառուցվածքի մասով սեփականության փոփոխություն տեղի չի ունենում։

22. Ներդրումային ծրագրի իրականացման ավարտ է համարվելու ներդրումային ծրագրով նախատեսված՝ սույն միջոցառման 6-րդ կետին համապատասխան գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ անշարժ գույքի կառուցման և հիմնական միջոցների ձեռքբերման (այդ թվում՝ տեղափոխման և տեղադրման) աշխատանքների ամբողջ ծավալով իրականացումը, որը հաստատվում է պատասխանատու մարմնի և շահառուի կողմից համատեղ կնքված արձանագրությամբ։

23. Երաշխիքը դադարում է ներդրումային ծրագրի ավարտից հետո հնգօրյա ժամկետում։

 

Ձև N 1

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

ՊՐՆ __________________

 

Հ Ա Յ Տ

 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1. Հայտատուն

______________________________________________________________________________

(հայտատուի լրիվ անվանումը և գտնվելու վայրը)

 

ի դեմս

______________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

որը գործում է __________________________________________________________ հիման վրա և նախատեսում է իրականացնել _______________________ներդրումային ծրագիրը, խնդրում է ստանալ օժանդակություն ՀՀ կառավարության 2022 թվականի _______ __-ի N __ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում, մասնավորապես՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման նպատակով։

 

2. Հայտատուի տվյալները՝

Գտնվելու վայրը ________________________________________________________________

Հեռախոսահամարը ____________________

Էլ. փոստը _________________________

Պետռեգիստրում գրանցման համարը ______________

 

3. Պատասխանատու կոնտակտային անձ

Ա. Ա. Հ. ______________________________________________________________________

Պաշտոնը ____________________________________________________________________

Հեռախոսահամարը ___________________

Փոստային հասցեն __________

Էլ. փոստի հասցեն ____________________

 

4. Կցված փաստաթղթերի ցանկը

_____________________________________________

 

Հայտարարություն

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազոր մարմնին:

 

Ստորագրությունը _____________________

 

 

Ամսաթիվը ______________________

(օրը/ամիսը/տարեթիվը)

 

Ձև N 2

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1.

Հայտատուի (կազմակերպության) անվանումը և կազմակերպաիրավական ձևը, հիմնադրման տարեթիվը

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

Կազմակերպության բաժնետերերը

 

Կոնտակտային տվյալները`

Անուն, հայրանուն, ազգանուն

 

Իրավաբանական հասցեն

 

Տնտեսական գործունեության դասակարգիչը

 

Հեռախոսահամարը

 

Էլ. փոստը

 

2.

Ներդրումային ծրագրի իրականացման վայրը/հասցե (ներառյալ՝ կադաստրային գոտին)

 

3.

Ներդրումային ծրագրի համառոտ նկարագրությունը (ծրագրի նպատակը, իրականացվելիք աշխատանքները, մրցակցային առավելությունները, արտահանման ուղղությունները և քաղաքականությունը, ծրագրով նախատեսված գործունեության տեսակի հստակ նկարագրությունը` նշելով տնտեսական գործունեության դասակարգիչը, ստեղծվելիք աշխատատեղերը, միջին աշխատավարձը և այլն)

 

4.

Ներդրումային ծրագրի իրականացման, մասնավորապես՝ անշարժ գույքի կառուցման և հիմնական միջոցների ձեռքբերման (այդ թվում` տեղափոխման և տեղադրման) ժամանակացույցը (ժամանակացույցը կազմվում է մեկնարկի պահից սկսված) և նկարագրությունը

 

5.

Նախատեսվող ներդրումների չափի և ուղղությունների նկարագրությունը (անշարժ գույքի կառուցում, հիմնական միջոցներ)

 

6.

Անհրաժեշտ ենթակառուցվածքի նկարագրությունը և դրա անհրաժեշտության հիմնավորումը

 

7.

Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (հայտատուի հայեցողությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

24.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.12.2023, N 2144-Ն 12.12.2023, N 1343-Ն
18.05.2023, N 777-Ն 20.05.2023, N 1343-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան