Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 103-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 20.07.2022
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
15.07.2022
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
15.07.2022
Дата вступления в силу
16.07.2022

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 15 հուլիսի 2022 թվականի

ք. Երևան

թիվ 103-Ա

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                 

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022 թվականի մարտի 24-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)՝ մեկ սլոթի քանակով։

Մրցույթին մասնակցելու հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամանակահատվածում (25․04․2022թ-ից մինչև 16․05․2022թ-ը ներառյալ) ներկայացվել է 4 հայտ՝ 2022 թվականի մայիսի 13-ին՝ «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը, մայիսի 16-ին՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ, «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ և «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությունները (միասին այսուհետ՝ Ընկերություններ)։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 16-րդ կետի համաձայն յուրաքանչյուր հայտին կից ներկայացվել է.

1. փաստաթուղթ՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,

2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,

3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,

4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,

5. էթիկայի կանոնագիր,

6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,

7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:

 2022 թվականի մայիսի 20-ին Հանձնաժողովի դռնբաց նիստում հրապարակվել են ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը՝ Ընկերությունները մինչև 30 րոպե տևողությամբ ներկայացրել են դրանց բովանդակությունը։

Հայտերը և կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Ներկայացված հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը.

Ընկերությունների կողմից նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ փաստաթղթերում ներկայացվել են Ընկերությունների ծրագրերի հիմնական տեսլականն՝ անդրադառնալով գնահատման չափանիշներին՝ սեփական արտադրության հաղորդումներին, հայերեն հաղորդումներին, բազմակարծությանը, տեխնիկական և ֆինանսական հնարավորություններին, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությանը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներին, իսկ գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողների դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին, մասնավորապես՝

 «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի նպատակն է ստեղծել գիտակրթական ծրագիր, որի առաքելությունն է հեռարձակել գիտությանը, արվեստին և մշակույթին նվիրված հայալեզու բովանդակություն, օժանդակել Հայաստանում գիտական մտքի շրջանառությանը, ներկայացնել մասնագիտական դիրքորոշումներ, խթանել կրթությունը, բազմակարծությունը։ Խմբագրական սկզբունքներն են՝ ստեղծել գիտակրթական զարգացնող բովանդակություն, տարածել փաստերի վրա հիմնված բովանդակություն, չլուսաբանել առօրյա քաղաքական իրադարձությունները, այլ դրանց անդրադառնալ վերլուծական դիտանկյունից։

«:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի «։Բուն TV» ծրագրի թեմատիկ ուղղվածությունը լինելու է՝ հանրային-հասարակագիտական, գիտակրթական, երաժշտական, մշակութային, երիտասարդական, փորձարարական, ժամանցային և մանկական, իսկ հաղորդումների ձևաչափերը՝ դասախոսություն, բանախոսություն, հարցազրույցներ, վիդեո-փոդքաստ, ընթերցումներ, ֆիլմեր, հեղինակային և երաժշտական հաղորդաշարեր, վերլուծական հաղորդումներ և կարճ ճանաչողական նյութեր, նախատեսվում են նաև նոր հաղորդաշարեր։

«:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի հաղորդումների թեմատիկ ուղղվածության բաշխվածությունն օրական կտրվածքով կազմելու է՝ գիտակրթական՝ 25%, հանրային-հասարակագիտական՝ 20%, մշակութային՝ 20%, ֆիլմեր, համերգներ, օպերաներ՝ 15%, երիտասարդական, փորձարարական, ժամանցային՝ 10% և մանկական՝ 10%։

 Հայտում ներկայացվել են հիմնական հաղորդումների բնութագրերը, որոնք սեփական արտադրության են, ինչպես նաև նշվել է, որ հաղորդումները եթեր են հեռարձակվելու հայերեն լեզվով։

 «։Բուն TV» ծրագրում բազմակարծությունն ապահովելու ուղղությամբ նախատեսվում է ստեղծել հարթակներ՝ տարբեր հանրային-հասարակական խմբերի միջև փաստահենք երկխոսության ձևաչափերի ստեղծմամբ, խթանել տարբեր տեսակետների ներկայացումը՝ ապահովելով բազմակարծությունը։

 Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է առկա տեխնիկական միջոցների անվանական և քանակական ցանկը՝ սարքավորումների տեխնիկական բնութագրերը ներառող տվյալներով։ Մրցույթում հաղթելու դեպքում հիմնադրամը պարտավորվում է չորս տարվա ընթացքում տեխնիկական վերազինմանը տրամադրել 200 մլն ՀՀ դրամ։

 Ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ նշվել է, որ հիմնադրամի գործունեությունը հնարավոր է եղել տեղական և միջազգային մի շարք կառույցների ֆինանսական աջակցությամբ՝ ներկայացվել են դրամաշնորհների տրամադրման և ֆինանսական աջակցության երաշխավորագրեր։ Ներկայացվել է 2022 թվականի տարեկան նախատեսված ծախսային բյուջեն և ֆինանսական մուտքերը, ինչպես նաև նախատեսվում է տարեկան բյուջեն յուրաքանչյուր տարի ավելացնել առնվազն 5%-ով։

 Ներկայացվել է աշխատակազմի թվաքանակը՝ 29 մշտական աշխատակից և տեղեկատվություն նրանց մասնագիտական պատրաստվածության մասին։ Նշվել է նաև, որ մշտական անձնակազմից բացի «։Բուն TV» ծրագրի աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավելու են մասնագետներ։

 Ինչ վերաբերում է ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներին, նշվել է, որ «։Բուն TV» ծրագրի 2022 թվականի առաջին եթերաշրջանում մշակութային թեմատիկ ուղղվածության բաշխվածությունը մեկ օրվա կտրվածքով կազմելու է 20 %, բացի այդ՝ նոր հաղորդաշարերի շարքում ևս ներկայացված են մի շարք մշակութային ուղղվածության հաղորդումներ։

 «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության հիմնական նպատակն է՝ տեսաֆիլմերի արտադրություն, ծրագրերի և ֆիլմերի կրկնօրինակում, գովազդների, հայտարարությունների պատրաստում և հեռարձակում։ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի հիմնական ուղղվածությունը լինելու է՝ լրատվական, հասարակական-քաղաքական, գիտակրթական, սոցիալական, երիտասարդական, մշակութային, սպորտային և երաժշտական, որոնց միջոցով ապահովելու է բազմակարծությունը։

 «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության ռազմավարությունն է՝ խթանել բազմակարծությունը, ապահովել մատաղ սերնդի դաստիարակության և հասարակության լիարժեք տեղեկացվածության իրավունքը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների արտադրությունը։

Նշվել է նաև, որ եթերում բացառվելու է փաստերի խեղաթյուրված ներկայացում, գռեհկաբանություններ, ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններ, մատուցվելու են ճշմարիտ ու արժեքավոր տեղեկություններ, մաքուր, ճիշտ և օրինակելի խոսք։

 Հայտում ներկայացվել են սեփական արտադրության հաղորդումների բնութագրերը, որոնց ծավալը կազմելու է եթերի մոտ 85%-ը։ Հայերեն հաղորդումները գերակայելու են եթերում և դրանց ծավալը կազմելու է 100%։

Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է գործող տեխնիկական միջոցների ցանկը՝ անվանական, քանակական տվյալներով և տեխնիկական բնութագրերով և նշվել, որ տեխնիկական բոլոր միջոցները համապատասխանում են միջազգային գործող ստանդարտներին։

Ընկերությունը ֆինանսական հոսքերն ապահովելու է գովազդից, վճարովի եթերաժամանակի տրամադրումից, գործընկերությունից և հովանավորչությունից։ Ներկայացվել է տեղեկատվություն հիմնադրի և իր ընտանիքի կողմից կատարված ներդրումների մասին և նշվել, որ այն շարունակական է լինելու, ինչպես նաև հաշվապահական հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, գովազդային ծառայությունների մատուցման և համագործակցության պայմանագրեր:

 Ներկայացվել է աշխատակիցների թվաքանակը՝ 102 աշխատակից և տեղեկատվություն նրանց մասնագիտական պատրաստվածության մասին: Նշվել է, որ աշխատակիցների մեծ մասն ունի բարձրագույն կրթություն և բազմամյա աշխատանքային մասնագիտական փորձ։

 Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների ապահովման մասին նշվել է, որ արտադրվել և արտադրվելու են այնպիսի հաղորդումներ, որոնք հաշվի են առնելու հասարակության տարբեր շերտերի ազգային, կրոնական և քաղաքական առանձնահատկություններն ու նախասիրությունները, հեռուստադիտողին հաղորդակից են դարձնելու համաշխարհային մշակութային և համամարդկային արժեքներին, ազգային ավանդույթներին, հայոց պատմությանը, հասարակական կյանքին։

  «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նպատակն է՝ յոթ տարիների ընթացքում ստեղծել որակյալ բովանդակությամբ տարբերվող արտադրանք։ «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության «Յան Թիվի» ծրագիրն ունենալու է կրթական-ժամանցային ուղղվածություն։ Այս նոր ձևաչափի նպատակն է՝ կրթել ժամանցային բովանդակության միջոցով, որը համատեղելու է շոուները և կրթությունը։ Խմբագրական քաղաքականության անբաժանելի մասն է կազմելու կեղծ, չստուգված լուրերի տարածման բացառումը։ Ծրագրում կներառվեն լրատվական թողարկումներ, սպորտային հաղորդումներ, սոցիալական գովազդներ, ուսուցողական նպատակով կարտադրվեն վավերագրական ֆիլմեր՝ նվիրված Հայաստանին, ներքին տուրիզմին, ինչը կնպաստի Հայաստանի պատմական և մշակութային արժեքների ծանոթացմանը։ Ընկերությունն ունենալու է սեփական արտադրության մանկական հաղորդումներ՝ ճանաչողական և կրթական ծրագրերի տեսքով, երիտասարդների համար՝ երաժշտական, կրթական հաղորդումներ, ֆիլմեր և սերիալներ, ինչպես նաև օտարերկրյա ֆիլմեր և սերիալներ՝ բազմաձայնային տարբերակով թարգմանությամբ։

 Ընկերությունը նախատեսում է համագործակցություն ինչպես ՀՀ-ի, այնպես էլ օտարերկրյա արտադրողների և տարբեր երկրներում գտնվող հայկական ստուդիաների հետ՝ հաղորդումների բազմազանությունն ապահովելու նպատակով։

 Ընկերությունն առաջին տարում եթերում նախատեսում է 65% սեփական արտադրանք, որը տարիների ընթացքում կհասցվի 85%-ի։ Հաղորդումների հիմնական մասը լինելու է հայերեն լեզվով (սեփական արտադրության և թարգմանությամբ ստեղծված)՝ 90%-ից ավելի։

 Բազմակարծությունն ապահովելու է լրատվական հաղորդումներով, եթերում հնչելու են տարբեր թեմաների շուրջ կարծիքներ, դիրքորոշումներ՝ խթանելով բազմակարծությունը։

  Տեխնիկական միջոցների ցանկը ներկայացվել է անվանական, քանակական տվյալներով և տեխնիկական բնութագրերով, ներկայացվել են նաև ընկերության տեխնիկական լուծումները և ծրագրային հնարավորությունները։ Կիրառվելու են նորարարական տեխնոլոգիաներ, որոնց առավելությունը կայանում է նրանում, որ չեն պահանջվում մեծ ներդրումներ համակարգի կառուցման, արդիականացման կամ ընդլայնման համար, չի զբաղեցվում տարածքներ, հասանելի է աշխարհի գրեթե ցանկացած կետից։ Այս նպատակով ընկերությունը համագործակցելու է եվրոպական ընկերությունների հետ, որի արդյունքում ձեռք կբերվեն գերհզոր սերվերային համակարգեր։

 Ընկերությունը նախատեսում է իր ֆինանսական եկամուտները ձեռք բերել գովազդների հեռարձակումից, հովանավորչությունից, բաժանորդագրությունից և ներդրումներից։ Ներկայացվել են ֆինանսական հնարավորությունների մասին մի շարք փաստաթղթեր` ներդրումներ կատարելու պատրաստակամության, գովազդային, մարքեթինգային, տեխնիկական և հաղորդումների ստեղծման նպատակով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև բանկային հաշվի քաղվածքներ։

 Ներկայացվել է աշխատակազմի կառուցվածքը և թվաքանակը՝ 35 աշխատակից և նշվել, որ այս քանակը լիովին բավարար է ընկերության գործունեությունը բարձր որակով իրականացնելու համար, քանի որ նախատեսվող տեխնիկական լուծումները հնարավորություն են տալիս աշխատակիցներին կատարել իրենց պարտականություններն անկախ իրենց գտնվելու վայրից և ժամանակից, ինչպես նաև ցանկացած պահի ընդգրկել այլ աշխատակիցներ։ Նշվել է նաև, որ ընկերության հիմնադիրները հեռուստատեսության ոլորտում ունեն ավելի քան 25 տարվա փորձ, իսկ աշխատակազմը բաղկացած է մասնագիտական կրթություն ստացած բարձր որակավորում ունեցող մասնագետներից։

 Ծրագրում ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումները կունենան իրենց ուրույն տեղը՝ տարբեր կրթական, մշակութային հաղորդումների և վավերագրական ֆիլմերի տեսքով։ Նախատեսվում են Հայաստանի պատմական և մշակութային արժեքների ծանոթացմանն ուղղված վավերագրական ֆիլմեր, հեղինակային հաղորդումներ։

 «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերության խմբագրական քաղաքականությունն է՝ ներկայացնել անաչառ և պատասխանատու տեղեկատվություն, զերծ մնալ թեժ լուրերից, չհրապարակել չճշգրտված տեղեկատվություն, լրատվական տեղեկատվությունը ներկայացնել նվազագույն խմբագրական միջամտությամբ՝ հիմնված առավելապես պաշտոնական լրահոսի վրա, մատուցել բազմակողմանի ուսումնասիրված և ճշգրտված լրահոս։ «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերության «Թիվ 1» ծրագրի թեմատիկ ուղղվածությունը լինելու է՝ քաղաքական, սոցիալական, մշակութային-ժամանցային, նախատեսվում են նաև կրթական, դաստիարակչական բնույթի նախագծեր, Հայաստանի մասին պատմող փաստագրական հաղորդումներ՝ միջազգային լեզուներով։

 Մշակութային բարձրարժեք ժառանգության պահպանման, ներկայացման, մշակութային իրադարձությունների կազմակերպման նպատակով կնքվել են հուշագրեր և համագործակցության արդյունքում ստեղծվել նոր նախագծեր։ Եթերում նախատեսվում են նաև մշակութային ուղղվածության հաղորդումներ։

Ընկերությունը ստանձնում է եթերում բարձրացնել հանրօգուտ բովանդակության ծավալը, նպաստել հաղորդումների բազմազանությանը, էթիկական նորմերի պահպանմանը։ Հաղորդումների մոտ 80 %-ը լինելու են սեփական արտադրության և ամբողջությամբ հայալեզու։

Ներկայացվել է տեխնիկական միջոցների ցանկը՝ սարքավորումների բնութագրերով և քանակական տվյալներով։ Ընկերության տեխնիկական միջոցները գոյանալու են տարիների ընթացքում կուտակված նյութատեխնիկական բազայից, ինչպես նաև սեփականատիրոջ ներդրումներից և փոխառություններից։ Նախատեսվում է տեխնիկական վերազինում մինչև 20 մլն դրամի չափով։

 Ներկայացվել է ֆինանսական հնարավորությունների մասին գովազդային ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչպես նաև գովազդատուների ցանկն ըստ նախնական պայմանավորվածությունների։

 Ներկայացվել են 13 աշխատակիցների կրթությունը և զբաղեցրած պաշտոնը ներառող անվանական տվյալներ։

    

Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.

                

 Այսպիսով, Հանձնաժողովը ղեկավարվելով օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքներով, Ընկերությունների հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրության, համադրման և գնահատման արդյունքում ամրագրում է հետևյալը․

  «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի «։Բուն TV» ծրագրում գերակայելու են սեփական արտադրության, հայերեն լեզվով բազմաբովանդակ հաղորդումները, ինչպես նաև ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումները, որոնք նպատակ ունեն հեռուստադիտողին ծանոթացնելու մշակութային գործիչների և արվեստագետների մշակութային ժառանգությանը, ձևավորելու մշակութային մտածողություն, գիտելիքներ, գեղագիտական ճաշակ։ «։Բուն TV» ծրագրում տեղ են գտնելու նաև հանրօգուտ բովանդակության կրթական, մանկական, ինչպես նաև մշակութային թեմատիկ ուղղվածության հաղորդումներ։

 Այս առումով Հանձնաժողովը կարևոր է համարում տեսալսողական արտադրանքի նկատմամբ «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի որդեգրած խմբագրական քաղաքականությունը՝ ստեղծել գիտությանը, արվեստին և մշակույթին նվիրված հայալեզու բովանդակություն, օժանդակել Հայաստանում գիտական մտքի շրջանառությանը, ստեղծել գիտությունն ու արվեստը խրախուսող հարթակներ, ինչպես նաև բազմակարծությունը խթանելու կարողությունը և հաղորդումների բազմազանությունն ապահովելու հնարավորությունը։

 Հարկ է նշել, որ «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը գործունեություն է ծավալում համացանցում, օրական մեկ ժամ հեռարձակվում է Հանրային հեռարձակողի «Իմ ռադիո» ծրագրի եթերում։ «։Բուն TV» ծրագիրը հեռարձակվում է նաև ցանցային օպերատորների միջոցով և «։Բուն TV» ծրագրի բովանդակության ուսումնասիրության արդյունքում կարող ենք փաստել, որ ծրագրի թեմատիկ ուղղվածությունը, խմբագրական քաղաքականությունը համապատասխանում են մրցութային հայտով ներկայացված տեսլականին։

 Հանձնաժողովը կարևոր է համարում հիմնադրամի գործունեությունը՝ որակյալ և տարբերվող գիտակրթական հանրօգուտ բովանդակություն ստեղծելու ուղղությամբ։

 «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրում գերակայելու են սեփական արտադրության և հայերեն լեզվով հաղորդումները։

  Ընկերությունը բազմակարծությունն ապահովելու է լրատվական, հասարակական-քաղաքական, գիտակրթական, սոցիալական, երիտասարդական, մշակութային, սպորտային և երաժշտական հաղորդումների, գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի միջոցով։ Ծրագրում ներառվելու են բավարար չափով ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներ։ Այս առումով կարևոր ենք համարում նշել, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված չափանիշների գնահատման առումով ոչ միայն կարևոր են զուտ խոստումներն, այլ նաև այն, թե որքանով են իրագործվել դրանք:

 Հարկ է նշել, որ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիրը հեռարձակվում է գրեթե բոլոր ցանցային օպերատորների միջոցով և 2022 թվականի ընթացքում իրականացված ծրագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թեև ընկերությունը հայտում նշել է, որ իր ռազմավարությունն է՝ խթանել բազմակարծությունը, ապահովել հասարակության լիարժեք տեղեկացվածության իրավունքը, բացառել եթերում գռեհկաբանություններ, ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններ և մատուցել մաքուր, ճիշտ և օրինակելի խոսք, ինչը «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրում չի պահպանվել, ոչ բոլոր հաղորդումներն են աչքի ընկել դաստիարակչական բաղադրիչներով, չի մատուցվել մաքուր, ճիշտ և օրինակելի խոսք, իսկ քաղաքական բովանդակության հաղորդումները կրել են միակողմանի բնույթ, որով չի ապահովել բազմակարծությունը: Ծրագրի ուսումնասիրությունից կարելի է փաստել նաև, որ հաղորդումները հիմնականում ժամանցային, լրատվական, հասարակական-քաղաքական-վերլուծական են, հեռարձակվում են նաև հոգևոր-մշակութային՝ «Հոգևոր անվտանգություն» հաղորդաշարի կրկնությունները: Այս համատեքստում «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի թեմատիկ ուղղվածությունը որոշ չափով համապատասխանում է մրցութային հայտով ներկայացված տեսլականին։

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի եթերում գերակշռում են արխիվային և նախկինում հեռարձակված սեփական արտադրության հաղորդումները, հեռարձակված հաղորդումների կրկնությունները և արխիվային հաղորդումները կազմել են օրվա եթերի 58.78%-ը, ժամանցային ուղղվածության հաղորդումները կազմել են եթերի 35%–ը, լրատվությունը՝ 10.6%, հոգևոր–մշակութային՝ 2.1%, այլ (ՀՀ օրհներգ, անոնս, գովազդ, ներդիր)՝ 15.8%, հասարակական-քաղաքական և տնտեսական-վերլուծական հաղորդումները՝ 36.5%, որից՝ 5.4%-ը բողոքի ակցիաների և 16.67%-ը՝ «Հայելի ակումբ» հաղորդումը:

 Հավելենք, որ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը միայն հեղինակազորված է, սակայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող կազմում և սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար։ Նշենք նաև, որ Հանձնաժողովը «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի էթիկական նորմերի խախտումների հետ կապված 2021-2022 թվականների ընթացքում բազմիցս դիմել է Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին, մասնավորապես՝ 2022 թվականին Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին դիմել է 7 անգամ՝ «Հայելի ակումբ» հաղորդման ընթացքում էթիկայի նորմերի խախտման հիմքով։ Միաժամանակ, Հանձնաժողովի կողմից 2021 թվականի ընթացքում տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող օրենսդրության խախտումներ արձանագրելու հիմքով ընկերության նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ, հատկանշական է նաև, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիրը միակն էր, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ 2022 թվականի ապրիլի 24-ին հեռարձակել էր գովազդ, որի համար ևս կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք։

Այսպիսով, վերոնշյալի համատեքստում ակնհայտ է, որ հեղինակազորման գործունեության ընթացքում «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը հիմնականում չի պահպանել իր խմբագրական քաղաքականության սկզբունքները։ Միաժամանակ, մրցութային հայտով հիմնականում անդրադարձել է անցած 20 տարիների ընթացքում հեռուստաընկերության գործունեությանը և պատրաստած հաղորդումներին։

«ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության «Յան Թիվի» ծրագրում գերակայելու են սեփական արտադրության և հայերեն լեզվով հաղորդումները։ «Յան Թիվի» ծրագրի հիմնական թեմատիկ ուղղվածությունը լինելու է՝ կրթական-ժամանցային, ծրագրում ներառվելու են նաև տարբեր ուղղվածության հաղորդումներ՝ խթանելով եթերում բազմազանությունն ու բազմակարծությունը, իսկ խմբագրական քաղաքականությունն ուղղված է լինելու որակյալ բովանդակության հեռարձակմանը, ինչպես նաև կեղծ, չստուգված լուրերի տարածման բացառմանը։ Հատկանշական է, որ «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը տեսալսողական մեդիայի ոլորտում առաջարկում է տարբերվող բովանդակության արտադրանք՝ համատեղելով կրթությունը և ժամանցը։ Այս նոր ձևաչափի ծրագրային քաղաքականության նպատակն է կրթել ժամանցային բովանդակության միջոցով, ինչն իրականացնելու է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների ապահովման նպատակով «Յան Թիվի» ծրագրում ներառված են լինելու տարբեր կրթական, մշակութային հաղորդումներ և վավերագրական ֆիլմեր, որոնք նպատակ ունեն հեռուստադիտողին ուսուցանելու և ծանոթացնելու Հայաստանի պատմական և մշակութային ժառանգությանը, ձևավորելու մշակութային գիտելիքներ, գեղագիտական ճաշակ։

Հանձնաժողովը «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսլականում կարևոր է համարում առաջարկվող նորարարական տեխնոլոգիաների կիրառումը և այս առումով պետք է փաստել, որ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, մասնավորապես դինամիկ զարգացող տեսալսողական մեդիայի ոլորտում հատկապես կարևորվում է նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, որն ընձեռելու է բազմաթիվ հնարավորություններ, ապահովելու է հեռարձակման ավելի բարձր որակ և ի վերջո դրականորեն է անդրադառնալու հեռարձակման ոլորտի վրա։ Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռելու որոնելու և ստանալու ավելի շատ տեղեկատվություն և գաղափարներ, ինչպես նաև հեռարձակողներին ընձեռելու հանրությանը տեղեկատվություն տրամադրելու լրացուցիչ հնարավորություններ:

Հարկ է նշել, որ «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը վերջերս է հեղինակազորվել և այս պահին հեռարձակում չի իրականացնում ցանցային օպերատորների միջոցով։ Հետևաբար, փաստացի եթերային բովանդակության ուսումնասիրություն հնարավոր չէ ներկայացնել։

 «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերության «Թիվ 1» ծրագրում գերակայելու են սեփական արտադրության և հայերեն լեզվով հաղորդումները։

«ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերության տեսլականում կարևոր է համարվում համագործակցությունը մշակութային կազմակերպությունների և հեռարձակողների հետ, որի արդյունքում ստեղծվելու են պատմական, մշակութային և գրական ուղղվածության նախագծեր և հաղորդումներ, ինչպես նաև ընկերության պատրաստակամությունը՝ եթերում կրթական, դաստիարակչական բնույթի նախագծեր ներառելու, շարունակելու ռազմահայրենասիրական և մշակութային բնույթ կրող արտադրանքի թողարկումը և եթերում ավելացնելու հանրօգուտ բովանդակության ծավալը, նպաստելու հեռուստահաղորդումների բազմազանությանը, էթիկական նորմերի պահպանմանը։

«ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերության տեսլականում որևէ անդրադարձ չկա բազմակարծության չափանիշի ապահովմանը, սակայն ներկայացված հաղորդումների մեջ դիտարկվել է մի քանի բանախոսների հետ քաղաքական կարևորագույն հարցերի շուրջ բանավեճ-քննարկում ձևաչափով հաղորդումը, որի նկարագրից կարելի է ենթադրել, որ այն միտված է բազմակարծության ապահովմանը։

Հարկ է նշել, որ «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությունը հեղինակազորված է, գործում է միայն առցանց տիրույթում։ Հետևաբար, փաստացի եթերային բովանդակության ուսումնասիրություն հնարավոր չէ ներկայացնել։

 Ընկերությունների կողմից ներկայացված տեխնիկական միջոցների և հնարավորությունների վերաբերյալ իրականացված վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել հետևյալը․

 «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի տեխնիկական միջոցների վերաբերյալ տեղեկատվությամբ տեխնիկական և համակարգչային միջոցները ներկայացված չեն ըստ ֆունկցիոնալ շահագործման, բացակայում են սարքավորումների ձեռքբերման տարեթվերը, ինչը թույլ չի տալիս պատկերացում կազմել դրանց շահագործման ժամկետների վերաբերյալ:

 «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը նախատեսում է պահպանել ավանդական հեռուստատեսության տեխնիկական բոլոր չափանիշները: Ընկերությունը 2018-2019 թվականներին իրականացրել է եթերային սերվերային տնտեսության մասնակի թարմացում՝ ձեռք բերելով նոր սերնդի տեխնիկական սարքավորումներ։ Ըստ ընկերության ներկայացրած ցանկի հեռուստատեսային և համակարգչային միջոցների մոտ 90%-ն ունի 10-15 տարվա վաղեմություն:

 «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը նախատեսում է իրականացնել հեռուստատեսության շահագործման նորարարական մոտեցում՝ օգտագործել հեռավար կարգաբերմամբ սերվերային համակարգեր՝ համարվելով հիմնական և պահուստային միմյանց համար։ Ընկերությունը հրաժարվում է ավանդական հեռուստատեսային մոտեցումներից՝ հեռուստատեսության շենքի սպասարկում, շահագործում, տաղավարների, թղթակցական կետերի, սերվերային սենյակների սպասարկում՝ ռեսուրսներն ուղղորդելով «i-cloud» համակարգեր:

 Ընկերությունը նախատեսում է աշխատել ոչ միայն «live broadcast» ռեժիմով, այլ նաև շահագործել «VOD-video on dimand» հեռուստատեսային ձևաչափը, որը հեռուստադիտողին հնարավորություն է տալիս օգտվել «catch-up» ծառայությունից առանց ցանցային որևէ օպերատորի օգնության՝ անսահմանափակ ծավալներով և առանց ժամանակի սահմանափակման:

 Ընկերության առաջադրած տեխնիկական լուծումները հեռահար են և նորամուծություն նաև ՀՀ-ում գործող հանրապետական և մայրաքաղաքային սփռում ապահովող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար, ինչը կարող է նոր հեռուստատեսային չափանիշ դառնալ վերջիններիս համար:

 «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեխնիկական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը թերի է, մասնավորապես՝ բացակայում են համակարգչային միջոցների տեխնիկական բնութագրերը, ձեռքբերման տարեթվերը, ինչը թույլ չի տալիս պատկերացում կազմել դրանց շահագործման ժամկետների վերաբերյալ:

 Ընկերությունների կողմից ներկայացվել են նաև ֆինանսական հնարավորությունները հիմնավորող փաստաթղթեր և պայմանագրեր, սակայն նշենք, որ ֆինանսական հնարավորությունները գնահատելիս Հանձնաժողովը հաշվի է առել ստանձնած ֆինանսական պարտավորությունների ծավալը և այդ պարտավորությունները հիմնավորող ֆինանսական փաստաթղթերի առկայությունը։

 «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի ֆինանսական միջոցներն ամբողջությամբ գոյանալու են դրամաշնորհներից՝ մի շարք կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։

  «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել են մի քանի պայմանագրեր և հիմնադրի կողմից ներդրում կատարելու պատրաստակամության մասին փաստաթուղթ, որում նշվում է, որ հիմնադիրը շարունակելու է իրականացնել անհրաժեշտ ներդրումներ, սակայն չի նշվել ներդրումների ծավալը հանրային մուլտիպլեքսում մայրաքաղաքային սփռման սլոթի օգտագործման լիցենզիա ստանալու դեպքում։

 «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ֆինանսական միջոցների և միջազգային ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ հիմնավորումները բավարար են տեսալսողական մեդիայի ոլորտում նախատեսված միջոցառումներն ու ծրագրերն իրականացնելու համար։

 «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերության ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ ներկայացված որոշ տվյալներ հիմնավոր չեն, քանի որ բացակայում են դրանք հիմնավորող փաստաթղթերը։

 Ընկերությունների կողմից աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության մասին ներկայացված տեղեկատվության ուսումնասիրության և համադրման արդյունքում փաստում ենք հետևյալը․

 «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունները ներկայացրել են բավարար չափով տեղեկություններ իրենց աշխատակազմի, նրանց մասնագիտական կարողությունների վերաբերյալ։

 «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերության աշխատակազմը փոքրաթիվ է և նրանց մասնագիտական կարողությունների մասին տվյալներ չեն ներկայացվել։

 Ինչ վերաբերում է «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությանը, ապա պետք է նշենք, որ իր կողմից առաջադրված տեխնիկական նորարարական լուծումները ենթադրում են հեռավար կարգով մասնագիտական գործառույթների իրականացում և աշխատակազմի համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, որի վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել։

 Անհրաժեշտ է ընդգծել, որ Հանձնաժողովի դիտարկմամբ սահմանափակ ռեսուրսի՝ հաճախականության օգտագործման միջոցով հեռարձակվող տեսալսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։

 Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է ունենան կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինեն անկախ ու վստահելի, ապահովեն հաղորդումների բարձր որակ, ինչպես նաև առանցքային դերակատարում ունենան ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։

 Օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի և Կարգի 29-րդ կետի համաձայն Հանձնաժողովի անդամները վարկանիշային փակ քվեարկության միջոցով կատարում են մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:

 Վարկանիշային փակ քվեարկություն ապահովելու նպատակով անցկացվել է վիճակահանություն, որի ժամանակ Հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով վերցրել են Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան վիճակահանության՝ թվագրում պարունակող թերթիկները և փոխանցել Հանձնաժողովի քարտուղարին, որը վիճակահանության թերթիկներում նշված թվագրումով գնահատման թերթիկները տրամադրել է Հանձնաժողովի անդամներին:

 Վարկանիշային քվեարկությունից առաջ Հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:

 Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի և Կարգի 37-րդ կետի համաձայն մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ Հանձնաժողովը հաշվի է առնում՝

1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,

2. հայերեն հաղորդումների գերակայությունը,

3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,

4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,

5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,

6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը,

7. գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

Օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով, որը 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանում է Հանձնաժողովը:

Կարգի 32-րդ կետի համաձայն սահմանվել է, որ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, սույն կարգի 37-րդ կետի չափանիշները հաշվի առնելով, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնահատում է գնահատման թերթիկում՝ ամբողջ թվով՝ 20 միավորային սանդղակով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման թերթիկին կից ներկայացնում է իր գնահատման հիմնավորումը։

 Գնահատման թերթիկի ձևը հաստատվել է Կարգի Ձև N 2-ով:

 Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը, Հանձնաժողովի անդամներն իրենց հիմնավորումներով, փակ վարկանիշային քվեարկությամբ Ընկերությունների հայտերը գնահատել են հետևյալ միավորներով.

  

հ/հ

 Մասնակցի
անվանումը

Գնահատման միավորը

Վարկանի-
շային
միավորը

Գնահատման թերթիկի համարը

1

2

3

4

5

6

1

«:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ

16

17

16

18

15

19

101

2

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ

11

11

11

10

16

14

73

3

«ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊԸ

12

15

10

15

16

16

84

4

«ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊԸ

10

12

9

12

13

13

69

Անցողիկ շեմը

40

            

Հանձնաժողովի անդամները գնահատման թերթիկին կից ներկայացրել են իրենց գնահատման հիմնավորումները, որոնք կցվում են սույն որոշմանը։

Կարգի 32-րդ կետի համաձայն՝ մրցույթում անցողիկ շեմ է համարվում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, իսկ վարկանիշային միավորը Կարգի 33-րդ կետի համաձայն որոշվում է գնահատման միավորների հանրագումարով։

Տվյալ մրցույթում անցողիկ շեմը 40 միավորն է։

 «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ, «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ և «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությունները վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթահարել են անցողիկ շեմը, սակայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2022 թվականի մարտի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ 2022 թվականի մարտի 24-ին հայտարարել էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ՝ մեկ սլոթի քանակով:

Կարգի 34-րդ կետի համաձայն՝ վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում անցողիկ շեմը հաղթահարած և առավելագույն վարկանիշային միավոր ստացած մասնակիցը, իսկ մեկ մասնակցի դեպքում՝ անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցը:

Այսպիսով, հաշվի առնելով, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրության, համադրման և վարկանիշային քվեարկության արդյունքում «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ, «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ և «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությունները վարկանիշային քվեարկության արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել են, հետևաբար մրցույթի հաղթող է ճանաչվում առավելագույն վարկանիշային միավոր ստացած մասնակիցը՝ «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը:

 Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

       

1. «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամին ճանաչել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող և տրամադրել Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

2. Սույն որոշման անբաժանելի մաս համարել Հանձնաժողովի անդամների գնահատման հիմնավորումները՝ համաձայն Հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերություններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

              

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀակոբՅԱՆ

 

2022 թ. հուլիսի 15

ք. Երևան

 

 

Հավելված

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի

2022 թվականի հուլիսի 15-ի թիվ 103-Ա որոշման

   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

   

2022 թվականի մարտի 24-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի գնահատման

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ ՏՀակոբյան

            

 1․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ

      

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը («h2» հեռուստածրագիր) մրցույթին ներկայացրել է ծավալով ամենամեծ ծրագիրը։ Սակայն ծրագրի ուսումնասիրությունն ու Հանձնաժողովի մասնագետների կազմած տեղեկանքները ինձ բերեցին այն եզրակացության, որ բազմահատորանոց ծավալով ծրագիրը կազմված է թերի՝ կաբելային ցանցերում հեռարձակվող հեռուստածրագրի ներկա բովանդակությունը խորը հակասության մեջ է ծրագրում շարադրված տեսլականի, պարտավորությունների, խոստումների հետ։

 Այսպես, տեխնիկական միջոցների, սարքավորումների և տեխնիկայի ցանկում նշված միջոցների մոտ 85%-ը ձեռք է բերված 10-18 տարի առաջ, բարոյապես և ֆիզիկապես մաշված են: Հայտում, մասնավորապես, նշված են նույնիսկ 2003-2004 թթ․ գնած համակարգչային լարեր, մոնիտորներ, անխափան սնուցման սարքեր, որոնց շահագործման ժամկետը տարիներ առաջ ավարտվել է։ Հայտում ոչ մի խոստում չկա լիցենզիա ստանալու դեպքում տեխնիկական միջոցների արդիականացման վերաբերյալ։ Այսպիսի տեխնիկական հագեցվածությամբ հնարավոր է ապահովել տեսալսողական պրոդուկտի ստեղծումն ու տարածումը, սակայն չի երաշխավորվում թե՛ հաղորդումների, թե՛ եթերի որակը, թե՛ աշխատանքների արդյունավետությունը և այլն։

 Ծրագրի ֆինանսական բաղադրիչը նույնպես բավականին ծավալուն է, փաստաթղթում թվարկված են անցյալում ներդրված գումարները, ներկայացված են ժամկետը լրացած պայմանագրեր։ Նշված չէ, թե ինչ ներդրումներ է պատրաստվում կատարել հիմնադիրը ընկերությանը լիցենզիա տրամադրելու դեպքում։ Հատկանշական է, որ ընկերությունը ներկայացրել է հարյուրից ավելի աշխատակիցների ցուցակ, և այդպիսի մեծ քանակը պահանջում է մեծ ֆինանսական հոսքեր։

 Ըստ ներկայացված փաստաթղթերի «h2» հեռուստածրագրի հիմնական տեսլականը ներառում է բազմաթիվ խոստումներ և պարտավորություններ, այդ թվում «բազմակարծության ապահովումը, լսարանի գեղագիտական ճաշակի ձևավորումը, մատաղ սերնդի դաստիարակությունը, հասարակության զարգացման համար անհրաժեշտ արժեհամակարգի ձևավորումը, փաստերի խեղաթյուրված ներկայացման բացառումը, ծրագրերի և ֆիլմերի կրկնօրինակումը» և այլն։

 Սակայն, թե մուլտիպլեքսում (2011-2021 թթ․), թե հետագայում կաբելային ցանցերում հեռարձակվելու ընթացքում եթերային բովանդակության մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ «h2» հեռուստածրագրի քաղաքական ուղղվածության հաղորդումները կրում են միակողմանի բնույթ, չեն ապահովում բազմակարծություն, եթերում գերակշռում են արխիվային հաղորդումները (հունիսին՝ 52-ից 58%): Հասարակական-քաղաքական հաղորդումները կազմել են եթերի 36.5%-ը, որից՝ 16.67%-ը՝ «Հայելի ակումբ» հաղորդումը։ Տվյալ հաղորդման վերաբերյալ միայն այս տարի Հանձնաժողովը 7 անգամ դիմել է Դիտորդ մարմին՝ էթիկայի նորմերի կոպիտ խախտման վերաբերյալ և բոլոր դեպքերում Դիտորդ մարմինն արձանագրել է էթիկայի նորմերի խախտում։ Այս ցուցանիշով «h2»-ը առաջատարն է հեղինակազորված և լիցենզավորված հեռարձակողների մեջ։ Ընկերությունը օրենսդրական բազմաթիվ խախտումների համար տուգանքի է ենթարկվել Հանձնաժողովի կողմից։

 Սահմանափակվեմ այսքանով, և եզրակացնեմ, որ Ընկերության ներկայացրած ծրագրի բավականին թույլ տեխնիկական և ֆինանսական բաղադրիչները, արձանագրված օրենսդրության և էթիկայի նորմերի բազմաթիվ խախտումները, նոր հաղորդումների բացակայությունը ներկայացված ծրագրում և բազմաթիվ այլ գործոններ ինձ համար հիմք են հանդիսանում ցածր գնահատել մրցույթին ներկայացված Ընկերության ծրագիրը։

    

 2«ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊԸ

              

Բավականին յուրահատուկ և տարբերվող ծրագիր է ներկայացրել «Յան ԹիՎի» ՍՊ ընկերությունը («Յան ԹիՎի» ծրագիր), որը հավակնում է նոր խաղացող դառնալ տեսալսողական մեդիա շուկայում: Ընկերության ծրագրի ամենաուշագրավ ու նորարար մասը հաղորդումների պատրաստման և հեռարձակման տեխնիկական լուծումներն են, որոնք գերժամանակակից են և հեռարձակվող տեսալսողական մեդիայի ոլորտում կարող են նոր ստանդարտներ թելադրել, որոնց կհետևեն ՀՀ-ում գործող հեռուստաընկերությունները: Օրինակ, Հանրային մուլտիպլեքսում Յան ԹիՎի-ն առաջարկելու է սպառողին նոր տեսակի ծառայություններ, այդ թվում catch up եւ VOD: Ընկերությունը հրաժարվում է ավանդական հեռուստատեսային մոտեցումներից, տեղեկատվական ռեսուրսներն ու արխիվը ուղղորդելով i-cloud համակարգեր և այլն։ Այս ամենը նոր խոսք կարող է լինել ֆորմատների պատրաստման և հեռուստահեռարձակման ոլորտում:

 Հիմնադրի կողմից հայտարարված ֆինանսական ներդրումների ծավալը բավարար է հեռուստատեսության անխափան աշխատանքներն ապահովելու համար։ Կարևոր է նաև, որ Ընկերությունը պատրաստվում է դիվերսիֆիկացնել եկամտի աղբյուրները՝ պատրաստվում է լայնածավալ գովազդային գործունեություն ծավալել (նաև ԱՄՆ-ում), ինչպես նաև եկամուտներ ստանալ հաղորդումների վաճառքից և այլն։

 Ապագա հեռուստածրագրի հիմնական տեսլականը ներառում է բազմաթիվ խոստումներ և պարտավորություններ, այդ թվում բազմակարծության ապահովում, լսարանի գեղագիտական ճաշակի ձևավորում, սեփական արտադրանքի և հայերեն լեզվով հաղորդումների գերակշիռ ծավալ և այլն։ Սակայն այստեղ պետք է հաշվի առնել, որ մրցույթին հայտ ներկայացրած բոլոր ընկերություններն այդպիսի խոստումներ են տալիս, բայց լիցենզիան ստանալուց հետո հաճախ չեն կատարում լիցենզիոն պայմանները։

 Ծրագրի բովանդակային հատվածի ամենակարևոր մասն, ըստ իս, հետևյալն է․ «ծրագրային քաղաքականության կարևորագույն բաղադրիչը կլինի կրթության և զվարճանքի միաձուլումը (Edutainment-ը) և այս նոր ձևաչափի նպատակն է կրթել ժամանցային բովանդակության միջոցով, որը համատեղում է շոուները և կրթությունը․․․ Յուրահատուկ դասընթացը, ուսումնական բաղադրիչը կօգտագործվի հեռուստասերիալներում, մյուզիքլներում, մանկական շոուներում, առողջության, արվեստի մասին հաղորդումներում»։

 Առաջին հերթին այս երեք չափորոշիչները՝ Edutainment-ը, նորարար տեխնիկական լուծումները, ֆինանսական ներդրումների ծավալը, թույլ են տալիս ինձ բավականին բարձր գնահատել «Յան ԹիՎի»-ի ծրագիրը։

                       

 3«ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊԸ

                  

Մրցույթին ներկայացրած «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020» ՍՊԸ («Թիվ 1») ծրագիրը չի պարունակում իր մեջ (ինչպես Յան ԹիՎի կամ Բուն հիմնադրամի ծրագրերը) նորարար մոտեցումներ, ուշադրության արժանի ստեղծագործական կամ տեխնիկական լուծումներ/առաջարկներ։ Տեխնիկական միջոցների ցանկը թերի է, այստեղ բացակայում են ներկայացված համակարգչային միջոցների տեխնիկական պարամետրերը: Ընկերության տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս պատրաստել առանձին տեսալսողական ֆորմատներ, բայց ոչ ամբողջական հեռուստածրագիր։ Ուստի դժվար է գնահատել ընկերության իրական հնարավորությունները 24 ժամ անխափան եթեր ապահովելու համար:

Թույլ են հեռուստատեսության անխափան աշխատանքներն ապահովելու ֆինանսական երաշխիքները: Չկա ներդրումների մասին հիմնադրի պատրաստակամության վերաբերյալ փաստաթուղթ։ Ներկայացվել է գովազդատուների ցանկն ըստ նախնական պայմանավորվածությունների, առանց հիմնավորող փաստաթղթերի և պայմանագրերի: Ներկայացվել է ընդամենը 13 աշխատողի ցանկ, և այդ քանակը չի կարող ապահովել թե սեփական հաղորդումների անհրաժեշտ ծավալը, թե բնականոն հեռարձակումը։ Նշված չի, թե լիցենզիա ստանալու դեպքում քանի աշխատող կունենա հեռուստաընկերությունը: Ընկերության կայքն ուսումնասիրելիս, չի ձևավորվում այն կարծիքը, որ (ինչպես գրված է ծրագրում) «․․․ընկերությունը ստեղծեց հարթակներ հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտների համար» և որ կայքի համար առաջնային է կրթական, մշակութային թեմաներով տեղեկատվությունը։ Կայքի «մշակույթ» բաժնում, օրինակ, 2022 թ. առաջին եռամսյակում տեղադրված է ընդամենը 4 տեղեկատվական նյութ, իսկ «գիտություն» բաժնում՝ 3:

Ամփոփեմ՝ ներկայացված է միջին որակի ծրագիր, ուստի ստանում է միջին գնահատական։

            

 4․ «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ

             

Հիմնադրամը արդեն մի քանի տարի է, ինչ կարևոր առաքելություն է կատարում, պատրաստելով կրթական, մշակութային, սոցիալական ուղղվածություն ունեցող տեսալսողական բովանդակություն։ «։Բուն TV»-ն առցանց, և ընդամենը մի քանի ամիս է, ինչ կաբելային հեռուստաալիքով հասանելի է դարձնում գիտությանը, արվեստին և մշակույթին նվիրված հայալեզու որակյալ բովանդակություն և մեծ ուշադրություն է դարձնում հայերեն գիտակրթական բովանդակության ստեղծմանը։ Այժմ հիմնադրամը («։Բուն TV» ծրագիր) հայտ է ներկայացրել հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու համար։ Հիմնադրամի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթի համաձայն՝ նպատակ ունի ստեղծել այլընտրանքային, հիմնական հոսանքից դուրս մեդիա նարատիվներ։ Գիտամասնագիտական մեդիայի առաքելությունն է նպաստելու գիտությունը և արվեստն արժևորող և քննադատական մտածողություն, հասարակության ձևավորմանը։

 Հիմնադրամի կողմից ներկայացված տեխնիկական և համակարգչային միջոցների ցանկում բացակայում են ձեռքբերման տարեթվերը, ինչը դժվարացնում է հասկանալ դրանց շահագործման ժամկետները: Ներկայացված ցանկում առանձնացված չեն տեխնիկական և համակարգչային միջոցներն ըստ ֆունկցիոնալ շահագործման: Ըստ ներկայացված տեխնիկական և համակարգչային միջոցների ցանկի, հիմնադրամի հիմնական ռեսուրսներն ուղղված են հաղորդումների ստեղծմանը, սակայն ցանկում բացակայում են եթերային սփռում ապահովող սարքավորումները:

 Ընկերության դրամային շրջանառությունը (ներկայացված են բոլոր պայմանագրերը և տարեկան բյուջեի ամբողջ ծավալը) բավարար է հեռուստատեսության անխափան աշխատանքն ապահովելու համար։ Նշեմ, որ հիմնադրամի ֆինանսական գրեթե բոլոր մուտքերը դրամաշնորհային բնույթ են կրում, ինչը ռիսկային է։ Քանի որ, ծրագրով նախատեսված չեն դիվերսիֆիկացված մուտքեր, ապա տարբեր պատճառներով դոնոր կազմակերպությունների կրճատումը կարող է բացասաբար անդրադառնալ ընկերության բնականոն աշխատանքի վրա։

Այնուամենայնիվ, ծրագրի հանրօգուտ բովանդակությունը հաշվի առնելով, Ընկերությունը արժանանում է բարձր գնահատականի։

          

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Վ Օհանյան

                  

Հաշվի առնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետով սահմանված գնահատման չափանիշները և մրցույթի չորս մասնակիցների՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ», «ՅԱՆ ԹԻՎԻ», «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությունների և «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները՝ արձանագրել եմ հետևյալը.

 Բոլոր մասնակիցներն էլ ծրագրել են եթերում ապահովել սեփական արտադրության հաղորդումների, ինչպես նաև հայերեն հաղորդումների գերակայություն, ներկայացրել են տեղեկություններ աշխատակազմի՝ քանակի, կրթության և նրանց մասնագիտության վերաբերյալ:

 «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» և «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերություններն իրենց ծրագրերում բազմակարծությունը ստանձնել են խթանել քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտներում հաղորդումների և հաղորդաշարերի միջոցով, իսկ «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությունը նախատեսում է հեռարձակել՝ «Բանավեճ-քննարկում» քաղաքական հաղորդում, որը մի քանի բանախոսների հետ քաղաքական կարևորագույն հարցերի շուրջ բանավեճ-քննարկում է ներկայացնում, որից կարելի է ենթադրել նաև, որ հաղորդումը միտված է բազմակարծության ապահովմանը։ Թեև «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը իր նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ փաստաթղթում նշել է, որ անցած ավելի քան 20 տարիների ընթացքում ապացուցել է իր բազմակարծությունը խթանելու կարողությունը, այդուհանդերձ ակնհայտ է, որ վերջին ամիսներին քաղաքական բովանդակության ամենամեծ ծավալը հատկացրել է ընդդիմության ակցիաների լուսաբանմանը, ինչպես նաև միակողմանի է լուսաբանել ներքաղաքական անցուդարձը: Հ2 հեռուստաընկերության ծրագրի զգալի մասը կազմում է նաև «Հայելի ակումբ» հաղորդումը, որի վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը բազմիցս դիմել է Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին՝ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտման հատկանիշներով: «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը թեպետ շատ է նշել ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների վերաբերյալ դրույթներ, սակայն հատկանշական է և կարելի է ասել, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիրը միակն էր, որ 2022 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հեռարձակել է գովազդ, որի համար տուգանվել է։

 Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողության ու ամրապնդման ապահովման նպատակով «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» և «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությունները ներկայացրել են իրենց կողմից հեռարձակվելիք հաղորդումները և պլանավորվող նախագծերը, տվել դրանց բնութագրերը։ «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը, վերոնշյալ չափանիշի ապահովման նպատակով նախատեսում է տարբեր կրթական, մշակութային հաղորդումներ և վավերագրական ֆիլմեր, Հայաստանի պատմական և մշակութային արժեքների ծանոթացմանն ուղղված վավերագրական ֆիլմեր, հեղինակային հաղորդումներ։

 Ինչ վերաբերում է տեխնիկական միջոցներին և հնարավորություններին, ապա «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեխնիկական և համակարգչային միջոցների վերաբերյալ տվյալները թերի է և որոշ տեխնիկական լուծումներ հստակ չի ներկայացված։ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության հեռուստատեսային և համակարգչային միջոցների մեծ մասն ունի 10-15 տարվա վաղեմություն: «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության առաջադրած տեխնիկական լուծումները նորամուծություն են, որը մեդիա դաշտում կարող է բարձրացնել մրցակցությունը, բերելով նոր տեխնոլոգիաների մուտք մեդիա ոլորտ, սակայն «ՅԱՆ ԹԻՎԻ»-ի ներկայացրած ծրագրային քաղաքականությունը համոզիչ չէ և փոքր տեղ է զբաղեցնում ընդհանուր հայտի մեջ: «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի կողմից ներկայացված տեխնիկական և համակարգչային միջոցների վերաբերյալ տվյալները չնայած թերի են, հստակ չեն տեխնիկական լուծումները, սակայն տեխնիկական զինման արդյունքում Հիմնադրամը կկարողանա մատուցել հայկական լսարանի պահանջներին համապատասխան մեդիաարտադրանք: Նշենք նաև, որ նրանք ունեն հետաքրքիր ծրագրային առաջարկ, ունեն նաև հաղորդումներ, որոնք եթեր են հեռարձակվում մի քանի հեռուստաընկերություններով և ռադիոներով:

 Ընկերությունների ներկայացրած ֆինանսական աղբյուրների հիմնավորող փաստաթղթերից կարելի է եզրակացնել, որ «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի նախատեսվող ֆինանսական միջոցները հիմնականում գոյանալու են դրամաշնորհներից, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը հիմնական ֆինանսական հոսքերն ապահովելու է հովանավորչությունից, գործընկերությունից, գովազդից, «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը՝ ներդրումներից, ինչպես նաև միջազգային մի շարք ընկերությունների հետ համագործակցությունից, «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությանը՝ գովազդից։

Հաշվի առնելով վերոշարադրյալը, համադրելով ներկայացված հայտերը, գտնում եմ, որ «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի ներկայացրած ծրագիրը արժանի է տեղ զբաղեցնել հանրային մուլտիպլեքսում:

         

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Գ. Մամիկոնյան

             

Առաջնորդվելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման (այսուհետ՝ Կարգ) 37-րդ կետով սահմանված գնահատման չափորոշիչներով, ուսումնասիրելով մրցույթի 4 մասնակիցների՝ «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության («h2» հեռուստածրագիր), «Յան ԹիՎի» ՍՊ ընկերության և «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020» ՍՊ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովի մասնագետների կողմից կազմված տեղեկանքները հայտերի տեխնիկական, ֆինանսական և բովանդակային բաղադրիչների վերաբերյալ, ներկայացնում եմ իմ գնահատումն ըստ նշված հերթականության։

Արձանագրում եմ, որ.

1․ մրցութային բոլոր հայտերը հիմնականում համապատասխանում են Կարգի 16-րդ կետով սահմանված պահանջներին,

2․ բացառությամբ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության՝ մյուս երեք հայտատուները նախկինում չեն հանդիսացել լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողներ։

             

1 «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ

                  

«:ԲՈՒՆ» գիտամշակութային hիմնադրամը կամ «։Բուն TV»-ն տարիներ շարունակ ինտերնետային տիրույթում, իսկ վերջին մի քանի ամիսներին նաև կաբելային հեռուստաալիքով հանրությանը հասանելի է դարձնում սեփական արտադրության գիտակրթական, մշակութային, սոցիալական բովանդակության հաղորդաշարեր և մեծ ուշադրություն է դարձնում հայերեն գիտակրթական, քաղաքական–վերլուծական բովանդակության ստեղծմանը։

Հաղորդաշարերը և հյուրերը ներկայացնում են տարբեր տեսակետներ, իրականացնում են փաստական, պատմական–վերլուծական աշխատանք՝ խթանելով բազմակարծությունն ու նպաստելով հասարակության շրջանում առողջ և քննադատական մտքի ձևավորմանը։

Ըստ ներկայացված տեխնիկական և համակարգչային միջոցների ցանկի՝ Հիմնադրամի հիմնական ռեսուրսներն ուղղված են հաղորդումների ստեղծմանը, այդուհանդերձ, բացակայում են տեխնիկական միջոցների ձեռքբերման տարեթվերը, ինչպես նաև ցանկում բացակայում են եթերային սփռում ապահովող սարքավորումները:

Հիմնադրամի դրամային շրջանառությունը (ներկայացված են բոլոր պայմանագրերը և տարեկան բյուջեի ամբողջ ծավալը) բավարար է հեռուստատեսության անխափան աշխատանքներն ապահովելու համար, սակայն ֆինանսական գրեթե բոլոր մուտքերը դրամաշնորհային բնույթ են կրում, ինչը կարող է ռիսկային լինել. տարբեր պատճառներով դրամաշնորհների կրճատումը կարող է բացասաբար անդրադառնալ աշխատանքի բնականոն կազմակերպման վրա։

Կաբելային հեռուստաալիքով հեռարձակումը, ինչպես նաև առցանց հարթակում տարիներ շարունակ իրականացված գործունեությունը թույլ է տալիս բարձր գնահատել ինչպես աշխատակազմի մասնագիտական կարողություններն ու փորձառությունը, այնպես էլ նրանց հանձնառությունը՝ ազգային և համամարդկային արժեքների ճանաչողությանն ու տարածմանն ուղղված հանրօգուտ ծրագրի իրականացմանը։

            

2 «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ

                   

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերությունը («h2» հեռուստածրագիր) նախկինում հանդիսացել է լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերություն, իսկ այժմ «h2» հեռուստածրագիրը եթեր է հեռարձակվում կաբելային ցանցերով, որը թույլ է տալիս գնահատել գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը: Իրականացված ծրագրերի, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունն ակնհայտ են դարձնում «Հ2 հեռուստածրագրի» ներկա բովանդակության և մրցութային հայտում ներկայացված տեսլականի միջև հակասությունները։

Ըստ ներկայացված մրցութային հայտի՝ «h2» հեռուստածրագիրը նախատեսում է ապահովել բազմակարծություն, զարգացնել լսարանի գեղագիտական ճաշակը, նպաստել մատաղ սերնդի դաստիարակությանը, ինչպես նաև հասարակության համար անհրաժեշտ արժեհամակարգերի ձևավորմանը, բացառել փաստերի խեղաթյուրված ներկայացումը և այլն։ Եթերային բովանդակության մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ «h2» հեռուստածրագրի քաղաքական ուղղվածության հաղորդումները կրում են միակողմանի բնույթ, չեն ապահովվում բազմակարծությունը, եթերում գերակշռում են արխիվային հաղորդումները (2022թ․ հունիսին՝ 52-58%):

Հասարակական-քաղաքական հաղորդումները կազմել են եթերի 36.5%, որից՝ 16.67%-ը՝ «Հայելի ակումբ» հաղորդումը։ Այդ հաղորդման վերաբերյալ միայն այս տարի Հանձնաժողովը 7 անգամ դիմել է Դիտորդ մարմին՝ էթիկայի նորմերի կոպիտ խախտման վերաբերյալ, և բոլոր դեպքերում Դիտորդ մարմինն արձանագրել է էթիկայի նորմերի խախտում։

Տեխնիկական միջոցների, սարքավորումների համակարգչային տեխնիկայի ցանկում նշված միջոցների մոտ 85%-ը ձեռք է բերված 10-18 տարի առաջ։ Հայտում ներկայացված չէ լիցենզիա ստանալու դեպքում տեխնիկական միջոցների արդիականացման հնարավորությունը: Նույնը կարող եմ ասել ֆինանսական փաստաթղթերի վերաբերյալ, որտեղ որևէ հիշատակում չկա հաջորդիվ ֆինանսական ներդրումների վերաբերյալ։

Հանրային մուլտիպլեքսում (2011-2021թթ), իսկ այժմ կաբելային ցանցերում հեռարձակվելու ընթացքում իրականացված գործունեությունը թույլ է տալիս բարձր գնահատել աշխատակազմի մասնագիտական կարողություններն ու ձեռք բերված փորձառությունը։ Կարևոր է նշել, որ ընկերությունը ներկայացրել է հարյուրից ավելի աշխատակիցների ցուցակ։

                

3 «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊԸ

            

«Յան ԹիՎի» ՍՊԸ-ն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հայտ ներկայացնում է առաջին անգամ։

Ընկերությունը հավակնում է նոր խաղացող դառնալ տեսալսողական մեդիայի ոլորտում, սակայն չունի այս ոլորտում ծավալած որևէ գործունեություն, և հայտի գնահատումն իրականացվում է բացառապես ներկայացված ծրագրային խոստումների և հանձնառությունների շրջանակներում։

Ընկերությունը ներկայացնում է հաղորդումների պատրաստման և հեռարձակման գերժամանակակից տեխնիկական միջոցներ, որոնք նորարարություն են Հայաստանի և տարածաշրջանի համար, և հեռարձակվող տեսալսողական մեդիայի ոլորտում կարող են նոր չափանիշներ թելադրել։

Ընկերությունը հրաժարվում է ավանդական հեռուստատեսային մոտեցումներից, տեղեկատվական ռեսուրսներն ու արխիվը ուղղորդում է i-cloud համակարգեր, հանրային մուլտիպլեքսում առաջարկում է սպառողին նոր տեսակի ծառայությունները (այդ թվում catch up և VOD):

Ընկերության կողմից հայտարարված ֆինանսական ներդրումների ծավալը բավարար է հեռուստատեսության անխափան աշխատանքներն ապահովելու համար։ Կարևոր է նաև, որ Ընկերությունը պատրաստվում է բազմազանեցնել եկամտի աղբյուրները։

Լսարանի բազմակարծության ապահովումը, գեղագիտական ճաշակի ձևավորումը, սեփական արտադրանքի և հայերեն լեզվով հաղորդումների գերակշիռ ծավալը կարող եմ գնահատել միայն որպես ծրագրային խոստում, քանի որ ներկայացված չէ որևէ հստակ ծրագիր, այլ նկարագրված է միայն որպես ուղղություն։

 Հեռուստատեսային ծրագրերի իրականացման ոլորտում Ընկերության հիմնադիրներն ունեն տեղական և միջազգային փորձառություն, սակայն բացակայում է հեռուստածրագրի անձնակազմի վերաբերյալ որևէ տեղեկություն։

          

4 «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊԸ

               

Ինչպես «Յան ԹիՎի» ՍՊԸ-ն, այնպես էլ «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020» ՍՊԸ-ն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հայտ ներկայացնում է առաջին անգամ։

Ընկերությունը գործունեություն է ծավալում առցանց տիրույթում, այդուհանդերձ դժվար է գնահատել ընկերության իրական հնարավորությունները 24-ժամյա անխափան եթեր ապահովելու տեսանկյունից՝ ինչպես տեխնիկական հնարավորությունների, այնպես էլ մարդկային ռեսուրսի ներգրավվածության։

Տեխնիկական միջոցների նկարագրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020» ՍՊԸ-ն հնարավորություն ունի պատրաստելու առանձին տեսալսողական ռեսուրսներ, բայց ոչ ամբողջական հեռուստածրագիր։ Հայտում առկա չէ ֆինանսական ներդրումների մասին հիմնադրի պատրաստակամության վերաբերյալ որևէ փաստաթուղթ։ Ներկայացվել է գովազդատուների ցանկն ըստ նախնական պայմանավորվածությունների, սակայն բացակայում են փաստաթղթեր և պայմանագրեր որպես հիմնավորում։

Որպես հավելում, Ընկերության պաշտոնական կայքի ուսումնասիրությունը թույլ է տալիս ձևավորել կարծիք, որ այն հնարավոր է կարողանա ապահովել քաղաքական հաղորդումների բազմազանություն և բազմակարծություն, բայց ոչ ավելին, քանի որ ամիսների կտրվածքով գրեթե բացակայում է կրթական, գիտական, մշակութային որևէ անդրադարձ, բացառությամբ մի քանիսի։

    

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հ Հակոբյան

    

«:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ

             

Համանուն հիմնադրամի արտադրանքն արդեն բավականին երկար ժամանակ մեզ ծանոթ է։ Այն առանձնանում է իր մշակութային և գիտական ուղղվածությամբ և այս առումով ինչ-որ չափով լրացնում է մեր հեռարձակման համայնապատկերի մի մեծ բաց․ բանն այն է, որ հանրային մուլտիպլեքսի մասնակիցները, այս կամ այն նկատառումներով, իրենց վերջին տարիների հեռարձակման հիմնական շեշտերը դրեցին այսպես ասած «թեթև», հանրամատչելի և զվարճանքային (շոու) ծրագրերի վրա (ինչը հեռուստատեսության ընդհանուր խնդիրների համար բնական է), և այս անգամ էլ մենք ընկանք հակառակ ծայրահեղության մեջ՝ մեր հասարակությանը հաղորդ չդարձնելով իր հասարակական-քաղաքական կյանքի հոգևոր-մշակութային ընկալմանը և, հետևաբար, չմտնելով դրա պատմական, բարոյական, իրավական և օրինական շերտերի մեջ, ինչի հետևանքով անգամ քաղաքականությունը վերածվեց կենցաղային հարաբերությունների կամ դրանցով մեկնաբանվող իրողության։ Անտեսվեց հանրությանը գիտակցության և ինքնագիտակցության բերող առողջ, գրագետ, մատչելի վերլուծությունը, ինչի հետևանքով անգամ ամենակարևոր պատմական, քաղաքական ու հոգևոր իրավիճակները մեկնաբանվեցին մակերեսային, երբեմն անձնական կամ խմբակային շահեր ներկայացնող ելակետերով։ «:Բուն» գիտամշակութային հիմնադրամի գործունեությունը ես տեսնում եմ հենց այդ առաքելությամբ։ Հիմնադրամի տեսալսողական արտադրանքը առավելապես միտված է մեր կյանքի, մեր սոցիումի և քաղաքական իրավիճակների վերլուծական մոտեցումներին, մտավոր ու հոգևոր կողմերի մասին խոսելուն, այդտեղ խոսակցություն, վեճ և բանավեճ հարուցելուն։ Մի խոսքով՝ մեր կյանքի և գոյության սոցիալական ու քաղաքական իրավիճակների մտավոր գիտակցմանն ու ինքնագիտակցություն արթնացնելուն։ Մեր մակերեսային ժամանակներում սա շատ կարևոր է․ կարևոր է, որ հասարակական չափորոշիչներին ընդառաջող հեռուստատեսության կողքին մենք ունենաք նաև հասարակությանը չափորոշիչներ առաջարկող, իսկ երբեմն էլ դրանց մղող, հասարակական ճաշակ ու գիտակցություն ձևավորող ալիք։

ՀՌ հանձնաժողովին հիմնադրամի ներկայացրած տեխնիկական միջոցները համեստ են, սակայն բավարար՝ նման խնդիր կատարելու համար։ Հուսով ենք, որ մնացածը ժամանակի ընթացքում կհամալրվի։ Ես ցանկացած տեխնիկական միջոցների մեջ ներառում եմ նաև սույն ընկերության ինտելեկտուալ և մարդկային կարողությունները, ինչն այստեղ կասկած չի հարուցում։

Ես «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի մուտքը մայրաքաղաքային սփռման սլոթ համարում եմ խիստ տեղին, այժմեական և կարևոր։

                  

2. «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊԸ

      

«Յան Թիվի» ՍՊ ընկերությունը կամ ծրագիրը հանդես է բերել հեռարձակման բավականին ինքնատիպ և համարձակ, գլխավորապես տեխնիկական մոտեցումների և լուծումների վրա հիմնված մոտեցում։ Այստեղ ակնհայտ են նորարար պատկերացումները, որոնք հայ հեռարձակման ոլորտում կարող են շատ շուտով ոճ ստեղծել և առաջնություն գրավել։ Եթե ես փորձեմ այս ընկերության զուտ տեխնիկական միջոցների առկայությամբ հեռարձակման փիլիսոփայությունը գնահատել, ապա առաջին արտահայտությունը, որը ծագում է իմ մտքում, հեռարձակման և սփռման մի տեսակ «գլոբալիզացումն» է․ այն շատ հրապուրիչ է և միաժամանակ մտահոգիչ։ Մտահոգիչ այն ասպեկտով, որ այն կարող է շատ շուտով տրվել իր տեխնիկական և հեռարձակումային հիշյալ «գլոբալ» հմայքներին և երկրորդ պլան մղել մեր իրականությունն ու հասարակական խնդիրները։ Ընկերությունն իր աշխատանքին նայում է նաև իբրև բիզնես-ծրագիր, ինչը, ինչ խոսք, նորմալ է, սակայն մտահոգում է, որ իր տեխնիկական հնարավորություններով և մանավանդ սփռման դիապազոնով նրա ֆինանսական աղբյուրների մեջ կարող է հայտնվել մեր խնդիրներին խորթ տարր։ Այս բոլոր մտահոգությունները չէին լինի, եթե ընկերությունն իր գործունեությամբ նախապես փորձեր ինչ-որ ժամանակ հասարակական վերաբերմունքի «փորձաքննություն» անցնել, որով հայ լսարանը գաղափար կկազմեր նրա գրավիչ խոստումների թե՛ իրականության և թե՛ ուղղվածությունների մասին։ Պարզ չէ նաև այս ընկերության «աշխատակազմային» տեխնիկան։ Այն ի՞նչ ուժերի վրա է հիմնվելու և հոգե-մտավոր ինչ շեշտադրություններ է ունենալու։ Ծրագրում նշվում է, որ ընկերությունը մտադիր է լայնորեն օգտագործել Edutainment-ը, սակայն նաև պարզ չէ, թե դա ինչ մակերես ու խորք է ունենալու։ Առաջին տպավորությամբ ենթադրվում է, որ դա լինելու է զանգվածային մշակույթի երևույթ, ինչը ո՛չ հայ մշակույթին է հատուկ, ո՛չ հայ հասարակությանը։

Ես «Յան Թիվի» ՍՊ ընկերության մուտքը մայրաքաղաքային սփռման սլոթ համարում եմ փորձարարական։ Իմ կարծիքով՝ լավ կլինի, որ այն իր գործունեությունն սկսելիս նախ մալուխային սփռման փորձաշրջան անցնի։

  

3. «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ

             

Այս ընկերության տեխնիկական հնարավորությունները հայտնի են․ դրանք բավականին հարուստ են, սակայն ցավոք նախ՝ հնացած, և ապա՝ ինչպես ինձ ցույց տվեց ծրագրերի ներկայացման ժամանակ իմ «ե՞րբ են վերջին անգամ համալրվել ձեր տեխնիկական միջոցները» հարցին հեռուստատեսության ներկայացուցչի տված պատասխանը (վերջին երկու-երեք տարիների ընթացքում դրանք չեն համալրվել), կապված են ոչ թե զարգացման ծրագրերի, այլ որոշակի մասնավոր հանգամանքների հետ։ Սրան ավելացնենք նաև հեռուստաընկերության առկա ծրագրերի միապաղաղ, կարծես նույն մեքենայով արտադրված ստանդարտ բնույթը, որը հաղորդումը հազիվ սկսած՝ գուշակելի է դարձնում նրա ողջ ընթացքը, բովանդակությունն ու ուղղվածությունը։ Գործելով այսպես կոչված ընդդիմության դաշտում՝ հասարակական և քաղաքական նշանակության հաղորդումների ընթացքում մենք ոչ թե ընդդիմադիր վերլուծական խոսք և մեկնաբանություններ ենք լսում (ինչի կարիքը ունի մեր հասարակությունը), այլ վաղօրոք կայացած «վերդիկտ»-վճիռներ (երբեմն համեմված հայհոյախոսություններով և գռեհկություններով), որոնք չեն նպաստում մեր պետության ու հասարակության կայացման այս բարդ ժամանակաշրջանի արտացոլմանը։ Սա որոշակի միապաղաղություն է ստեղծում, որը հազվադեպ է խախտվում։

Ես «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի՝ մայրաքաղաքային սփռման սլոթ մուտք գործելու արժանիքները բարձր չեմ գնահատում։

   

4. «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊԸ

           

Այս ընկերության ներկայացրած ծրագիրը դուրս չի գալիս մեդիայի ամենասովորական պատկերացումներից։ Այն կարծես կոչված չէ հայ հեռուստահանդիսատեսի պատկերացումների համալրմանը, ո՛չ իր ծրագրերով, ո՛չ տեխնիկական հնարավորություններով։ Հավանաբար ծրագրային և տեխնիկական հնարավորությունների այդ ոչ ընդլայն պատկերացումն է, որը հուշել է նաև անձնակազմի սակավաթիվ և սահմանափակ քանակությունը․ տպավորությունն այնպիսին է, որ կարծես մի տասնյակից քիչ ավելի մի քանի մարդ փորձում են իրենց ուժերը փորձել այս ասպարեզում։ Դա վատ չէ, սակայն ես այն կարծիքին եմ, որ դրան հասարակական մուլտիպլեքսի հարթակ տրամադրելու անհրաժեշտություն տվյալ պահին, տվյալ ծրագրերով և տեխնիկական միջոցներով չկա։ «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020»-ի ծրագրերում չեն երևում հայ հասարակական կյանքի անդրադարձի հղացքները։ Անորոշ են նաև ընկերության ֆինանսական հնարավորությունների հավաստիքներն ու դրանց հետագա ընդլայնման հնարավորությունները։

Ես այս ընկերության մայրաքաղաքային սփռման սլոթ մուտք գործելու արժանիքները նույնպես բարձր չեմ գնահատում։

         

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Ա. Մանուկյան

Ծանոթանալով մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերին՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «Յան թիվի», «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020» ՍՊ ընկերությունների և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի, լսելով մասնագիտական վերլուծությունները, նրանց հետ մանրամասն քննարկելով մասնակիցների տեխնիկական, ֆինանսական հնարավորությունները, եկել եմ հետևյալ եզրակացության․

1. «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը («h2» հեռուստածրագիր) ներկայացրել է տեխնիկապես հարուստ, բազմանուն կարողություն, որոնք, մեր արագ փոխվող և զարգացող ժամանակների համար, կարելի է որակել արդեն հին, հնացած, շատ շուտով հին։ Ֆինանսավորման առումով ներկայացված են հին պայմանագրեր, հին ներդրումներ: Իր հետագա գործունեությունը ապահովելու է հովանավորչությամբ։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության հետագիծը, օնլայն հեռարձակումները, բերում են ինձ այս եզրակացության․ առցանց հեռարձակումների մեծ մասը լցված է հին հաղորդումներով, նորությունները միակողմանի են, բազմակարծություն ապահովված չէ, քաղաքական հաղորդումները էթիկայի նորմերի հետ խնդիրներ առաջացնող են, որի համար բազմիցս զգուշացվել է և տուգանվել։ Այս ամենը հաշվի առնելով՝ իմ կողմից կստանան ցածր գնահատական։

2. «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է տեխնիկական և տեխնոլոգիական այնպիսի լուծումներ, որոնք նորարար են, առաջադեմ, հուսալի և կարող են արդիական հեռարձակման նոր ձևերի, հնարավորությունների օրինակ լինել մեր երկրում։ Սա իհարկե գնահատելի է և բարձր թվանշանով։ «Յան թիվի» ՍՊ ընկերության ֆինանսավորումը միջազգային գործընկերների ներգրավվածության, հիմնադիրների ներդրումներից է բաղկացած։ Հեռուստաընկերության մոտեցումը հաղորդումների պատրաստմանը ևս նորամուծության տարրեր ունի։ Գիտական, կրթական, մշակութային սոցիալական ծրագրերը ներկայացնել ժամանցային բովանդակության միջոցով։ Սա նույնպես գնահատելի է։ Սակայն պետք է նշեմ, որ շատ հաճախ այն, ինչը ներկայացված է լինում թղթի վրա, հնարավոր չի լինում իրականացնել։ Հաղորդումների նկարագրությունը թույլ չի տալիս լիարժեք պատկերացում կազմել որակի, բովանդակության բազմազանության վերաբերյալ։ Յան թիվին կստանա բարձր գնահատական։

3. «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը իր հեռուստատեսային բովանդակությամբ շահեկանորեն տարբերվում է ոչ միայն մրցույթի մասնակիցներից, այլ նաև մեր երկրում գործող բոլոր հեռարձակողներից։ Իրենց, արդեն մի քանի տարվա գործունեությունը և հեռուստատեսային արտադրանքը նոր բովանդակային խոսք է մեր եթերում։ Այն ինչ նկարագրված է փաթեթում, կարող ենք արդեն տեսնել թե օնլայն հարթակում, թե տարբեր հեռուստաալիքների եթերներում։ Մշակույթի, կրթության, գիտության, արվեստի մասին իրենց մասնագիտական խորը վերլուծական հաղորդումները անհրաժեշտ խոսք է հանրային տարածքում։ Ինձ համար սա սպասված բովանդակություն է թե մշակութային, թե կրթական, գիտական և թե սոցիալական առումով։ «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը ունի բավարար տեխնիկական միջոցներ, իր գործունեությունը ապահովում է դրամաշնորհներով, և ներկայացված փաստաթղթերը վկայում են անխափան աշխատանքը կազմակերպելու մասին։

4. «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությունը ներկայացրել է թերի տեխնիկական միջոցների ցանկ։ Անհասկանալի է՝ ինչպես է ապահովելու անխափան եթեր։ Ֆինանսական միջոցների մասին պայմանագրերը նույնպես լիարժեք չեն, պատկերացում կազմելու համար, թե ինչպես են ապահովելու աշխատանքը։ Ծրագրերի նկարագրությունը և իրենց կայքի ուսումնասիրությունը թույլ են տալիս վստահ լինել քաղաքական հաղորդումների բազմակարծության ապահովմանը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Դ. Ամալյան

 Մրցույթին մասնակցում են չորս Հեռարձակողներ՝

 1․ «։ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ

 2․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ

 3․ «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊԸ

 4․ «ԹԻՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊԸ։

 Մեկնաբանությունս ուզում եմ սկսել չորս ընկերությունների գովելի և խոստումնալի ծրագրերից՝ թե՛ տեխնիկական, ֆինանսական և թե՛ ստեղծագործական առումով։

 Սկսենք «։ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամից, որի մասին ձևավորել եմ հետևյալ կարծիքը։

 Ի տարբերություն իր մրցակից երկու ընկերությունների՝ այս ընկերությունը ինչ-որ ժամանակահատված եթերում հայտնի է․․․ հայտնի է նաև իր տարբերվող հեռուստահաղորդումներով, որոնք իմ կողմից արժանի գնահատական են ստացել՝ հաշվի առնելով նաև տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների քննարկումները, որոնք մենք ունեցել ենք Հանձնաժողովի աշխատակազմի կոմպետենտ մասնագետների հետ և, որոնք «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ու «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունների համեմատ, այդ մասով չեն փայլում։ Ըստ անձնական հիմնավորման՝ ես ներկայացնում եմ իմ ընդհանուր որոշած գնահատականը։

 «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ն, ի տարբերություն իր մնացած մրցակիցների, տասնամյակներ շարունակ եղել է հանրային եթերում և բացի ներկայացված ծրագրերից, գործող եթերում ապացուցել է իր ստեղծագործական հնարավորությունները՝ բավականին սիրված սեփական հաղորդաշարերով, նախագծերով, ցավոք, նաև երբեմն որոշակի թերացումներով, որոնք իմ կարծիքով շտկելի են (հայերեն լեզվի տոկոսային բացակայություն, կրկնվող հաղորդումներ և այլն)։ Ըստ մասնագետների հետ քննարկումների՝ տեխնիկական մասով տվյալ ալիքը զիջում է միայն «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ին, ուստի՝ գնահատականս համարում եմ հիմնավորված․․․

«ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ն իր ներդրած տեխնիկական հնարավորություններով ոչ միայն մրցակից չունի մասնակից երեք ընկերությունների մեջ, այլև այսօր մեր մուլտիպլեքսում գործող բոլոր հեռուստաընկերություններում։ Հագեցած է գերժամանակակից տեխնիկայի լայն հնարավորություններով, որոնք կրկին փաստել են իմ և Հանձնաժողովի մնացած անդամների կողմից վստահված մասնագետները։ Ֆինանսական ակունքները, ի տարբերություն տեխնիկականի, մի փոքր անհամապատասխան են, ինչն, իմ կարծիքով, ակնարկում է օտար և չերևացող ներդրողների առկայություն․․․

 Ստեղծագործական մասով շատ են օգտագործված «Ժամանցային, կրթական շոուներ» կոչվող նախագծերը, որոնք ինձ՝ որպես ստեղծագործողի, մի փոքր անհանգստացնում են, առավել ևս, որ դեռ մեզ հայտնի չէ տվյալ հաղորդումներից որևէ տարբերակ․․․

 Ուստի՝ այս ընկերության վերաբերյալ էլ ես կներկայացնեմ իմ հիմնավորած գնահատականը․․․

«ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊԸ–ն՝ ըստ մեր մասնագետների, տեխնիկական մասով մրցակից չէ մնացած երեքին։ Ֆինանսական մասը՝ ըստ ներկայացրածի, բավականին թույլ է, իսկ ստեղծագործական մասով հիմա հանրային սոցցանցերում ունեն տեղադրված վերլուծական որոշ նախագծեր, որոնք ևս չեն կարող մրցակցել մրցակից երկու ընկերությունների ծրագրերի հետ թե՛ ասելիքով, թե՛ տեխնիկապես, իսկ ներկայացված հետագայում արվելիք նախագծերում, ըստ իս, բացակայում են ազգային և համամարդկային շատ ու շատ «չգրված օրենքներ»․․․ Այս ընկերությունն էլ կստանա իմ կողմից որոշված իր գնահատականը․․․․

 Գրածս հղում է, բայց ո՛չ պնդում, ուստի՝ պատրաստ եմ ցանկացած քննարկումի։

            

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան